Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և «ընդհանուր սահմանը որոշող համապատասխան պայմանագրերի» մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և «ընդհանուր սահմանը որոշող համապատասխան պայմանագրերի» մասին

Արա Պապյան

Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ քննարկումների շրջանակում մամուլում մի քանի անգամ հնչել է այն միտքը, թե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրում է սահմանների ճանաչում կամ մինչևիսկ դրանց ամրագրում: Միանգամայն սխալ և միջազգային իրավունքի մեջ հիմքեր չունեցող պնդում:

Միջազգային հարաբերությունների արդի փուլում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարգավորող և դրանց ընթացքը կանոնակարգող փաստաթուղթը Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան է (1961թ.): Սույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը թվարկում է այն 5 գործառույթները, որոնք վերապահված են դիվանագիտական առաքելությանը: Դրանց մեջ ճանաչման, առավել ևս սահմանների ճանաչման գործառույթ չկա: Նշյալ կոնվենցիայի մեջ սահման բառն ընդհանրապես չկա:

Քանի որ հայաստանյան հասարակական մտքի մեջ լուրջ խառնաշփոթ կա պետությունների կամ կառավարությունների ճանաչման և, այսպես կոչված, սահմանների ճանաչման հարցի շուրջ, նպատակահարմար եմ համարում համառոտակի անդրադառնալ դրան: Իրենց խորքում, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների հստակեցումը կամ ամրագրումը երկու տարբեր իրավական գործողություններ են: Նույն Թուրքիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահին սահմանային վեճեր է ունեցել, իսկ որոշ երկրների հետ մինչև հիմա էլ ունի. Հունաստան, Սիրիա, Իրաք և Իրան: Նման իրավիճակը չի խանգարել և չի խանգարում Թուրքիային բնականոն հարաբերություններ ունենալ այդ երկրների հետ:

Եթե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրեր սահմանների ճանաչում, ապա այսօր աշխարհում սահմանային/տարածքային վեճ գրեթե պիտի չլիներ: Սահմանների վերաբերյալ ամենահեղինակավոր հրատարակության[1] տվյալներով 1990-ական թվականների կեսերին աշխարհում առկա էր տարածքային/սահմանային 314 վեճ, որոնք վերաբերում էին 112 երկրների: Եւ սա այն պարագայում, երբ այս երկրների ճնշող մեծամասնության միջև առկա են դիվանագիտական հարաբերություններ:

Ի դեպ, նշեմ նաև, որ պետությունների ու կառավարությունների փոխադարձ ճանաչումն անգամ իր մեջ չունի սահմանները ճանաչելու իրավական հետևանք: Ըստ միջազգային հանրային իրավունքի՝ ճանաչում նշանակում է միմիայն պետության կամ կառավարության ճանաչում (statehood or government): Սահմանների որոշման հարցը, ինչպես նշել էի, առանձին հարց է և ընկած է սահմանակից երկրների բացառիկ իրավասության ոլորտում[2] և ունի այլ գործընթաց: Ըստ այդմ, սահմանները ճանաչվում են սահմանակից երկրների միջև կնքված միջպետական (երկկողմ կամ բազմակողմ) համապատասխան պայմանագրով, որն անպայմանորեն պիտի պարունակի սահմանագծի նկարագրությունը կամ պիտի հղում կատարի այդ նկարագրությունը պարունակող մեկ այլ օրինական փաստաթղթին:

Այսօր մեր պարագայում, մենք գրեթե ունենք երկրորդ տարբերակը, երբ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության 5-րդ կետով փորձ է արվում սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածն ամրագրել որպես Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահման: Գրում եմ գրեթե ունենք, որովհետև, թեև նշյալ կետով վկայակոչվում են միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերը, որոնք որոշել են (define), այդ սահմանը, սակայն այդպիսիք բնավ չկան: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սահմանը որոշվել է ոչ թե պայմանագրով, այլ իրավարար վճռով, 22 նոյեմբերի, 1920թ. (arbitral award):

Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր սահմանն իբր որոշող, այսինքն՝ սահմանի նկարագրական մասը պարունակող և «պայմանագիր» անունն ունեցող 3 փաստաթուղթ կա՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը (03.12.1920թ.), Մոսկվայի պայմանագիրը (16.03.1921թ.) և Կարսի պայմանագիրը (13.10.1921թ.): Թեև այս 3 փաստաթղթերն էլ ունեն «պայմանագիր» անվանումը, այսուհանդերձ նրանցից և ոչ մեկը միջազգային իրավունքի տեսանկյունից պայմանագիր չէ: Նշյալ բոլոր պայմանագրերը կնքած կողմերից և ոչ մեկը կնքելու պահին չի ունեցել նման լիազորություն, այսինքն՝ չի եղել միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ: Նշյալ պայմանագրերից և ոչ մեկը չի կնքվել Թուրքիայի կողմից, այլ կնքվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարության կողմից, որը 1920-21թթ. ընդամենը ապստամբական շարժման գործադիր մարմին է եղել: Միջազգային իրավունքի և գործող սահմանադրության տեսանկյունից այդ ժամանակ երկրի սուվերենն ու օրինական իշխանությունը սուլթան-խալիֆն էր: Նա երկիրը լքել է միայն 1922թ. նոյեմբերին, ի դեպ՝ առանց գահից հրաժարվելու, իսկ Թուրքիայի Հանրապետությունը հռչակվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին: Հետևաբար, քեմալականների օրինական իշխանության մասին կարելի է խոսել միայն ամենաշուտը 1922-1923թթ. հետո:

Ուզում եմ անդրադառնալ նաև Կարսի պայմանագրին: Չգիտեմ, թե արձանագրության մեջ հիշատակվող սահմանը որոշող համապատասխան պայմանագրեր (ուշադրություն դարձրեք հոգնակի թվին) ասելով հայկական կողմն ի՞նչ նկատի ունի, սակայն ոչ հայկական կողմերը, շեշտում եմ կողմերը, առաջին հերթին նկատի ունեն Կարսի պայմանագիրը: Դրա մասին ես տեղեկություն ունեմ նաև ոչ հայկական դիվանագիտական աղբյուրներից:

Կարսի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որը մի կողմից ստորագրվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարության, մյուս կողմից՝ Հայկական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ միջև, ՌՍՖՍՀ մասնակցությամբ (Այս վերջին ձևակերպումը մինչև հիմա ինձ համար անհասկանալի է): Թուրքական կողմի կարգավիճակի, ավելի ճիշտ՝ կարգավիճակի բացակայության մասին, արդեն խոսեցինք:

Անդրադառնանք սովետական հանրապետությունների՝ մասնավորապես Հայկական ՍՍՀ կարգավիճակին: Ըստ միջազգային իրավունքի մասնագետների[3] (չշփոթել սովետական քարոզիչների հետ)՝ սովետական հանրապետությունները երբևէ չեն ունեցել միջազգային ինքնություն (international personality), չեն հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար իրավասու չեն եղել կնքելու միջպետական պայմանագրեր: Մասնավորապես ԱՄՆ Սենատը 1924թ. հունիսի 3-ին ընդունել է №245 բանաձևը, որում հստակորեն նշել է, որ Հայկական պետությունը կործանվել է Սովետական Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ գործունեության արդյունքում (Turkey joined with Soviet Russia in the destruction of the Armenian State):[4] ԱՄՆ բազմիցս պաշտոնապես վերահաստատել է իր այս դիրքորոշումը: Եթե 1921թ. չի եղել հայոց պետություն, ինչպե՞ս էր այն կարող պայմանագիր կնքել:

Այսպիսով, ակնհայտ է, որ 1921թ. հոկտեմբերին ստորագրված Կարսի պայմանագիրը, ինչպես նաև դրան նախորդած Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերը, կնքվել են միջազգային իրավունքի անբեկանելի հիմնարար մի շարք սկզբունքների՝ jus cogens-ների կոպիտ խախտումով: Հետևաբար կնքման պահից դրանք անվավեր են, քանի որ Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի՝ 1969թ. կոնվենցիայի 53-րդ հոդվածը (Vienna Convention on Law of Treaties, Vienna, 1969), միանշանակորեն ամրագրում է, որ «պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի որևէ անբեկանելի հիմնադրույթի» (այսինքն՝ jus cogens-ի):[5]

Անօրինական փաստաթղթերը չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ:


Հղումներ և ծանոթագրություն[խմբագրել]

  1. The Encyclopedia of International Boundaries (ed. Biger G. in collab. with The International Boundaries Research Unit), University of Durham, England, 1995.
  2. Bothe M. Boundaries. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 448.
  3. Hazard J.N. Soviet Republics in International Law. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 2000, v. IV, p. 525-9.
  4. The Armenian Review, vol. 30, No. 3-119, 1977, p. 286.
  5. Aust A. Modern Treaty Law and Practice. Cambridge, 2000, p. 382.


03 սեպտեմբերի, 2009թ.