Հայկական ճարտարապետություն (Թորոս Թորամանյան, հատոր 2)/Կրոնական տաճարներու զանազանությունները սկզբեն մինչև քրիստոնեություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նախնադարյան ժամանակներ Կրոնական տաճարներու զանազանությունները սկզբեն մինչև քրիստոնեություն

Թորոս Թորամանյան

Ակնարկ մը ճարտարապետական ոճերու ծագման և բաժանման վրա
[ 25 ]
գ. ԿՐՈՆԱԿԱՆ ՏԱՃԱՐՆԵՐՈՒ ԶԱՆԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԶԲԵՆ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ[1]

Հայ ճարտարապետության ծագումը և դարերու հոսանքին մեջ անոր կրած փոփոխություններն ու զարգացումը հետազոտելե առաջ, կարելի է ընդհանուր ակնարկ մը նետել բոլոր կրոնական հաստատություններու հատակագծային բաժանումներու վրա, սկսյալ պատմական ամենահին ժամանակներե մինչև մեր օրերս, ասոնք թեև ճարտարապետության հետ զուգընթաց, սակայն անկեց բոլորովին անկախ ենթարկվեցան այլազանություններու և ուրույն զարգացման։

Ամեն տեսակ հասարակական և անհատական մեծ ու փոքր շինանյութերու մեջ ճարտարապետին սեփական ճաշակով դասավորվեցան հատակագծային բաժանումները՝ ձևվելով տեղին, դիրքին և պետքերուն վրա։ Կրոնական հաստատությանց հատակագծերու մեջ, ճարտարապետներ միշտ ենթարկված մնացին ծեսերու և ավանդությանց պահանջներուն. կղերն էր անոր հեղինակը, ճարտարապետը առ առավելն, կարողացավ այդ արված ծրագրին ներդաշնակ իրագործումը տալ։

Բայց որովհետև ի սկզբանե անտի կրոնական հաստատություններն եղան գեղարվեստի զարգացման և ճոխացման գլխավոր ազդակները, անոր համար ալ անոնք միշտ կապված մնացին գեղարվեստի հետ։ Հատակագծերը թեև կրոնական, սակայն նրան ծածկող շինությունը լիովին արվեստին կպատկաներ, այլևս ճարտարապետին կմնար աստվածային փառաց արժանի շքեղազարդ կոթողներ կանգնեցնել ժողովուրդի այդ անմահության խարիսխներուն վրա, մինչ պետական և հասարակական գանձարաններ լիովին տրամադրված էին վատնելու իր հանճարի արտացոլմանց համար։

Անհետացող և մնացող բոլոր ազգերը համեմատաբար ավելի մեծ հետքեր թողեր են կրոնական հսկա ու մեծածախս տաճարներու, քան պալատներու և ուրիշ քաղաքային շինությանց։ Որովհետև լիովին ենթարկված կրոնի ազդեցության, հրաժարելով աշխարհային վայելչություններե, իրենց ամբողջ կյանքը զոհաբերեր են միմիայն հավիտենական փրկության։ Թագավորներ, իշխաններ իրենց ճոխ գանձարաններով, հասարակ ժողովուրդն իր ֆիզիկական տանջանքներու գերագույն համբերատարությամբ գերին եղած էին առասպելական նախապաշարումներու:

Հանդերձյալ կյանքի երանավետ վայելչությանը տենչով հափշտակված ժողովուրդի մը համար աշխարհային կյանքի պետքերե շատ ավելի անխուսափելի էր փառազարդ տաճարներու գոյությունը, տաճարներ՝ որոնք պիտի ըլլային այս ունայն աշխարհեն դեպի հանդերձյալի հեշտալի դրախտը տանող կամուրջները:

Որչափ ատեն համոզված էին, թե այս աշխարհը նախագավիթն էր հավիտենականին, երազը աներևակայելի վայելչությանց, և որչափ ատեն հավատացած էին, թե այդ անմահության դրախտի դռները պիտի բացվեին իրենց խունկով ու աղոթքով, այնչափ կավելանար հետզհետե շքեղությամբ զիրար գերազանցող տաճարներ ու դամբարաններ ունենալու մարմաջը։

Ազգեր կային, որոնց համար նույնքան կարևոր էին դամբարանները, որչափ տաճարները. տաճարը միակ դուռն էր հավիտենականին, ուրկե կանցնվեր դեպի անմահություն, իսկ դամբարանը հանդերձյալի բնակարանը, պալատն էր, ուր պիտի ապրեին ու անվերջ վայելին աշխարհային կյանքի մեջ իրենց սիրտն ու հոգին հափշտակող երջանկության հեռանկարի իրականությունը։ Ուստի դամբարանները ոչ միայն արտաքինով, այլև ներքինով ալ կզարդարվեին թանկագին կահկարասիներով և սպասներով։

Հայերն ալ ոչ նվազ հափշտակվեցան երկնային արքայության անդիմադրելի հրապույրեն. քանի-քանի թագավորներ, թագուհիներ, իշխանազուններ, թողած իրենց երբեմնի աշխարհասասան գահն ու վայելչությունները, մենաստաններու խոնարհ ստրուկները դարձան։ Տասն և վեց դարու երկար շրջանի մը մեջ հազիվ թողին քանի մը աննշան պալատներու ու բերդերու հետքեր, մինչդեռ ամբողջ հայ աշխարհը ողողվեցին իրենց գեղարվեստի անվիճելի տաղանդով պճնազարդված տաճարներով։

Հազիվ կարելի ըլլա ըսել, թե վերջին երեք դարու ժողովուրդն է, որ ազատված կրոնի և նախապաշարմանց [ 26 ] ճնշող ազդեցութենեն, սկսել է փիլիսոփայորեն մտածել ներկա ու ապագա կյանքի վրա, և այս հայացքի փոփոխության անմիջական ազդեցության տակ ընկան ամբողջ աշխարհի գեղարվեստները և կամաց կամաց մոռացվեցան տաճարներն ու դամբարանները։ Հասարակական ու հանրօգուտ շինություններ իրենց հաղթական հպարտ գլուխը բարձրացուցին անոնց առջև և լոկ վայելչության համար պճնազարդվեցան այն սրբազան տարազներով, որոնք մի ժամանակ հասարակ մահկանացուի մը համար ոչ միայն անհպելի էին, այլ և աչքով տեսնելն ալ սրբապղծություն էր։

Պատրանք մը ըլլալու վրա է այլևս անցյալը, ներկան հանրային և անհատական բնակարաններ ու արտակարգ ճոխությանց մրցման շրջանն է: Անցյալը մեզի հսկա տաճարներ և շքեղ դամբարաններ տվավ, իսկ ներկան պիտի տա ապագային՝ այս աշխարհի մեջ իրագործված դրախտի մանրանկարը— հասարակական և անհատական բնակարաններ:

Եգիպտացիք ինչպես արվեստներու, նույնպես ալ կրոնի և տաճարներու նախահայրերը եղած ըլլալ կը կարծվին։

Եգիպտոսի ժողովուրդին ծագումը և անոր գործունյա կյանքի սկիզբը ժամանակի անհունության մեջ կորած է։ Գիտնականներ հազիվ կարողացան անոնց կյանքի հորիզոնի վրա երևնալեն ասդին մինչև օտար տիրապետությունների վերջնականապես ենթարկվիլը՝ տոհմային հարստությունների կամ տիրապետությունների զանազան շրջաններու բաժանել: Այդ շրջաններու սկզբեն մինչև 18-րդ հարստության շրջանը, բնավ որոշ թվական չկա. 18-են սկսյալ, կարողացան ճշտել պատմական դեպքեր ու ժամանակներն ու թվականները։

Ահա այդ շրջանին մեջ, մեր թվականեն տասն և հինգ դար առաջ, երբ ուրիշ ազգեր քաղաքակրթության հազիվ նախօրյակին մեջ էին, Գարնաքը մեզի կուտա աստվածային պաշտամանց հատկացյալ տաճարի հատակագծային բաժանման այնպիսի ծրագիր մը, որ մինչև մեր օրերու տաճարներուն նախատիպը եղավ, և ժամանակը չկարողացավ այդ ծրագիրը զգայի փոփոխության ենթարկել:

Ինչ է այդ ծրագիրը, շատ պարզ բան. շենքը մը, որ պիտի ծառայեր իբրև երկնավոր բնակարան իրենց աստծուն, ուր ժողովուրդին խունկն ու աղոթքը պիտի մատուցվեր անոնց սրբազան գահին:

Աստվածները նյութական կարիքներ չունեին, անոնց միակ կարիքն էր հավատացելոց երկրպագությունը, ուստի հարկ չէր որ աստվածային բնակարանը ծանրաբեռնվեր զանազան տեսակ բաժանումներով, բավական էր անոր համար միմիայն երեք գլխավոր բաժանում. 1) սրբարանը, ուր պիտի զետեղվեր պաշտելույն գահը կամ անոր արձանը, 2) ժողովուրդի ու աստուծո միջնորդը՝ նվիրյալ քահանայից դասը, 3) աղոթքի սրահը:

Այս երեք բաժանումներեն դուրս եղած բոլոր բաժանումներ, ավելի քան նվազ չափով եթե կային, անոնք ալ կամ առանձին տաճարներ էին կամ ուրիշ ոչ-կրոնական պետքերու հատուկ էին։

Գարնաքեն առաջ, 12-րդ հարստության ժամանակ, բոլորովին պարզ էին մեհյանները, գրեթե չորս պատի մեջ պարփակված էին այս երեք բաժանումներն առանց միջնորմներու և հաղորդակցության դռներու. հարթ գետնի վրա գծված սահմանով մը կորոշվեր յուրաքանչյուր բաժինը: Հետզհետե որչափ բազմացան ծիսական օրենքներ, այնքան ավելի որոշ դիրքեր տրվեցան այս բաժանումներուն առանց անոնց խորհրդավոր սահմանը փոխելու։

Շինության խորը սրբարանին տեղն էր, անոր անմիջապես կհետևեր քահանայից բաժինը, և հետո հավատացելոց բազմության հատկացած սրահը։

18-րդ հարստության ժամանակ երեվեցավ աստծո բնակարանը վերածված առանձին մի սենյակի՝ արձանին համեմատական մեծությամբ։ Այս աստվածային սենյակին երկու քովերը, մինչև հանդիպակաց աջ ու ձախ պատերը, կամ բաց թողուցին և կամ սրբազան սենյակի ճակատին ուղղությամբ ծածկեցին, ներսը այլ և այլ կրոնական պիտոյից գործածության հատկացնելով։

Նույնպես քահանայից բաժինը պատով մը ծածկվեցավ տաճարի ամբողջ լայնությամբ, թողվելով միայն հաղորդակցության դուռ մը հավատացելոց բաժնին վրա, ինչպես արձանին սենյակեն ալ դուռ մը քահանայից բաժնին վրա։

Հավատացելոց բաժինը միշտ ամենեն ընդարձակ բաժինը կգրավեր շինության մեջ, և սյունազարդ, երբեմն աջ ու ձախ կողմերեն երկու կարգ, և երբեմն ամբողջ սրահը սյունազարդված էր։ (Տես նկ. № 1, հատակագիծ Ա)։

Ահավասիկ հատակագիծ մը, որ մեր թվականեն տասն և հինգ դար առաջ նվիրված էր աստվածային պաշտաման:

ա. Սրբարան, ուր կդրվեր արձանը, և բոլորովին անմատչելի հասարակության։

բ. Քահանայից կամ քրմաց բաժին, նույնպես անմատչելի էր հասարակության։

գ. Հավատացելոց բաժին։

դ. Սրբազան անոթներու և սպասարկությանց հատուկ խցիկներ։

Այսօրվան Եգիպտոսի մեջ երեվեցած բազմաթիվ բաժանումներով հին մեհյանական հատակագծերը ոչ այլ ինչ են, եթե ոչ շատ մը մեծ ու փոքր տաճարներու, դամբարաններու, գավիթներու և կրոնի պաշտոնեից բնակարաններու հավաքական խումբեր զանազան ժամանակ իրարու վրա ավելացված, որոնց մեկ օրինակը մենք ունինք այսօր, ի միջի այլոց, Հոռոմոսի վանքի մեջ, ուր մոտավորապես չորս դար շարունակ իրարմե անկախ շինություններ շինված են մի փոքր սահմանի մեջ իրարու կցված։

Մինչև վերջն առանց բացառության չմնաց այս ձևը, պարբերաբար եղան փոփոխություններ առանց բաժանումներու խորհրդավոր ձևն ավրելու. երբեմն սրբարանը մեծցուցին, երբեմն փոքրացուցին, երբեմն քահանայից բաժինը երկու մասի վերածեցին, կամ սյունազարդեցին, բայց ասոնք զգալի փոփոխություններ չէին, եղավ մի գլխավոր փոփոխություն, որ ոչ միայն Եգիպտոսի մեջ տեվեց մինչև վերջը, այլև անցավ ուրիշ ազգերու ալ։

Հավատացելոց սրահը, որ որմնափակ էր ամեն կողմեն և ուներ միմիայն մտից դուռ մը, Թեբեի շրջանին վերջին ժամանակները փոխվեցավ պարզ սյունազարդի [ 28 ] մը առանց շրջորմի պատերուն փոխարինեցին սյուներու շարքեր, որոնց վրա կար միմիայն ծածկույթի մը տանիքը։ Այս փոփոխության պատճառը Եգիպտոսի կլիման եղավ գուցե: Այդ երկրին արտակարգ ջերմության մեջ անտանելի պիտի ըլլար խուռն բազմությամբ հավաքվիլ հարկի մը տակ, որ դռնեն զատ գրեթե տեղ չուներ օդը փոխվելու։ Եգիպտոսի մեջ, քանի որ անձրևի և ցուրտի երկյուղ չկար, այլևս ավելորդ էին արտաքին պատերը. բավական միայն տանիքի հովանին՝ արեգական կիզիչ ազդեցությունեն ժողովուրդը պահպանելու համար։ Ըստ ամենայնի հաճելի էր այս ձևը. միակ անտեղությունը, որ կար, այն ալ տաճարին դուրսի հետ այժմ հաղորդակցած ըլլալն էր, որ հաճախ առիթ կուտար սրբապղծությանը. այդ անտեղությունն ալ վերցնելու համար տաճարը շրջապատեցին ամուր և բարձր պատերով թողելով անոր շուրջն ընդարձակ բացօթյա բակ. նաև ժամանակ-ժամանակ այս պատերուն կցեցին զանազան շինություններ և ընդարձակ գավիթներ:

Այստեղ դրված նկ. № 1 Բ հատակագիծը (էջ 11) ցույց կուտա արտաքին պատերը սյունազարդի փոխված օրինակը։

ա. Սրբարանը։

բ. Քահանայից սրահ։

գ. Ժողովրդյան սրահ:

դ. Սրբազան սպասներու և անոթներու պահարաններ:

Ահա գրեթե այս ձևն էր, որ անփոփոխ անցավ հրեից, ինչպես նախ հունաց։

Հունաստանն ալ ունեցավ իր նախապատմական շրջանը. այս այն ժամանակ է, երբ պելասգները գաղթելով Փոքր-Ասիայեն անցան Եգեյան ծովը և տիրեցին այդ երկրին։

Հունաստանի նախապատմական շրջանը թեև Եգիպտոսինին պես բոլորովին անստույգ չէ, սակայն շատ առասպելախառն է, այդ շրջանին մեջ երկիրը կկառավարվեր դյուցազունների ձեռքով, ինչպես Եգիպտոս իր նախապատմական շրջանին մեջ կկառավարվեր աստվածներու ձեռքով։ Ստույգ պատմությունը կսկսի հազիվ 12 դար Ք.ա.։

Թե՛ պատմական աղբյուրներու և թե՛ գիտական խուզարկություններու շնորհիվ ի լույս հանված փաստեր ցույց կուտան, որ Փոքր Ասիայեն համրաբար անցնող այս ժողովուրդը որոշ չափով քաղաքակրթված վիճակի մեջ գրաված էր այդ երկիրը։ Անցնելով այնտեղ տնկեց ապագա հունական քաղաքակրթության կորիզը և մշակեց, և երբ հունական զանազան ցեղեր լիովին տիրապետեցին, արդեն պատրաստ վիճակի մեջ էր ծաղկելու և բարգավաճելու:

Այս բարգավաճմանը ոչ նվազ նպաստեցին փյունիկեցիք, որպես թափառաշրջիկ վաճառական ժողովուրդ, մշտական հարաբերության մեջ դրին Արևելքն Արևմուտքի հետ, հաստատեցին նավագնացություններ, գաղթականություններ, անընդհատ փոխադրեցին նոր բարք ու սովորություններ, կրոն, գիտություն և արվեստ՝ մասնավորապես Եգիպտոսեն, որ այն ժամանակ միակ երկիրն էր քաղաքակրթության ամենաբարձր աստիճանի վրա կանգնած, այնպես որ Ք.ա. 7-րդ դարուն Հունաստան իր որոշ տեղն ուներ մեծ ազգերուն շարքին մեջ։

Դեռ պելասգների ժամանակի հիշատակարաններու վրա, որոնք դուրս եկան հրաբխային լավաներու տակ կատարված խուզարկությանց շնորհիվ, պարզ կերեվեր փյունիկեցիներու միջոցով փոխադրված եգիպտական արվեստագործությանց նմուշներ: Եգիպտական ոճով և ձևերով նույն բաները կգտնվեին Փոքր-Ասիայի մասնավորապես Փյունիկեի շրջանին մեջ կատարված պեղումներե։

Պատմությունը կավանդե նաև, որ շատ հին ժամանակ փյունիկեցիներու գաղթականության մեջ խառնված էին հունական ցեղեր Եգիպտոսի դելտային վրա. ծանոթ իբրև նավարկող ժողովուրդ, որոնք հետզհետե բազմանալով ստվար թիվ կկազմեին պտղոմեական շրջանին մեջ:

Հունական ամենահին աստվածը Զևսը Եգիպտացոց Ռան էր։ Եգիպտական Ամմոնը երկար ատեն պաշտվեցավ Հունաստանի մեջ իր իսկական անունով։ Նմանապես կային ուրիշ շատ աստվածություններ, որոնք թե՛ հատկությամբ և թե՛ գործերով նույնն էին եգիպտականներու հետ։ Ուստի անվիճելի կմնա, որ Հունաստանի քաղաքակրթության գլխավոր աղբյուրն էր Եգիպտոս. հետևաբար արվեստով, գիտությունով, նաև կրոնով անկից օգտվող ժողովուրդ մը բնականաբար պիտի ազդվեր նաև կրոնական տաճարներու ձևերեն ալ։

Պելասգների ժամանակի մեհենիկներ կան, որոնք մեծ նմանություն կբերեն եգիպտականներու: Կրետե կղզիին մեջ կար ստորերկրյա մեհյան մը, որ ճշգրիտ ընդօրինակությունն էր եգիպտական տաճարի մը։ Հունաստանի ամենահին մեհյանը կհամարվի Տրովադայի մեջ՝ Պոսիդոնի նվիրված տաճար մը որուն ճակատը քանդակված էին եգիպտական, ասորական սֆինքսներ և հուշկապարիկներ։

Հին շրջանի հիշատակարաններ պարզ ու ծանր երևույթ ունեին, տաճարներ հիմնված էին ընդհանրապես փոքր տարածության վրա և գրեթե միշտ ստորերկրյա, կբաղկանային քառակուսի սրահե մը և նրբանցքե մը։ Ասոնք թեև տաճարներ էին, ունեին իրենց աստվածները, տոներն ու պաշտամունքները, բայց կկրեին պահարան կամ գանձարան անունը, որովհետև այնտեղ կպահվեին բացի կրոնական խորհրդանշաններե, անոթներե նաև դյուցազնությամբ անմահացողներու հիշատակով նվիրագործված իրեղեններ, ինչպես զենքեր, զրահներ. ասոնցմե զատ ժողովուրդն ալ այնտեղ կբերեր պահելու իր թանկագին առարկաները տաճարին աստծու հովանավորության տակ։

Այս փոքրիկ տաճարներուն մեջ, բացի քառակուսին, կային բոլորովին բոլորակ ձևով շինված տաճարներ առջևնին քառակուսի նախագավիթով կամ նրբանցքով մը: Ասոնք ընդօրինակությունն ըլլալ կկարծվին ավելի կանուխ Փոքր-Ասիայի մեջ ընդհանրացած բոլորակ դամբարաններու, որոնց հետնագույն օրինակներեն մեկը դեռ մասամբ գոյություն ունի իր վիթխարի երեվույթով. ատիկա Կրեսոսի հոր՝ Ալայաթի դամբարանն է 400 մետր տրամագծով:

Ք. ա. 4-րդ դարուն Հոնիայի մեջ և 6-րդ դարուն Դորիայի մեջ ծաղկող արվեստները վերջ դրին այս նախնական պարզ ու անշուք ստորերկրյա տաճարներուն, [ 29 ] հունական ստեղծագործական հանճարը խառնված անոր գեղեցկագիտական ճաշակին հետ՝ այնպիսի շքեղ կատարելության հասցուց տաճարները, որոնց վրա մեզմե հետո ալ դեռ շատ դարեր պիտի հիանան։

Զգալի կերպով բազմացած են 6-րդ դարուն հունական տաճարները ոչ միայն բուն Հունաստանի մեջ, այլ և Իտալիայի զանազան մասերուն վրա, ուր մեծամեծ հունական գաղթականություններ հաստատված էին։

Նկար № 1-ի հատակագիծ Գ.-ը կներկայացնե 6-րդ դարու սկիզբը շինված տաճարի մը օրինակը Սելինոնթի մեջ, որ նեղ ու երկար քառակուսի որմափակ մը է, շրջապատված սյունազարդ սրահով մը, և կբաղկանա երեք գլխավոր բաժանմունքներե։

ա. Սրբարանը, որուն խորը զետեղված էր պաշտելիին արձանը։

բ. Փոքր գավիթ քահանայից։

գ. Բաժանումը հատուկ էր պահարանի, որպես գանձարան կրոնական և ժողովրդային հարստությանց, որ հետզհետե սովորություն դարձավ վերջերը՝ փոխանակ առանձին շինելու՝ զետեղել տաճարին խորը, նույն տեղ պաշտվող աստծուն անմիջական հսկողության տակ։

դ. Սյունազարդ սրահ հավատացելոց բազմության համար, միշտ առանց շրջորմի, ինչպես տեսանք Եգիպտոսի մեհյաններուն մեջ։

Նույն դարուն միևնույն տեղին վրա քիչ հետո երևեցավ մի ուրիշ տաճար, որ առանց փոխելու անոր հատակագծային խորհրդավոր սահմանը, ենթարկված է փոփոխության՝ տարածությանց համեմատական չափերուն մեջ։

Ա. Սրբարանը, որ առաջ նեղ ու երկար քառակուսի էր, այժմ սկսած է լայննալ. և նույն համեմատությամբ նեղցած է գ. ժողովրդի հատուկ սյունազարդ սրահը: Քահանայից փոքր բ. գավիթը, փոխանակ դրսի հետ դռնով մը հաղորդակցելու, փոխված է նաև սյունաշարի: Նկ. № 1 Դ բաժանումը եղած է միմիայն շենքին երկու կողմերուն վրա ներդաշնակ համաչափություն պահելու համար։

Ինչ որ ավելի ուշագրավ է այս ձևին մեջ, ներսի կողմեն դեպի երկարության երկու կարգ սյուներու շարքն է, որոնք թերևս իբրև նախագաղափար ծառայեցին հռոմեական ապագա բազիլիքներու:

Հատակագիծ Ե (տես՝ նկ. 1, հատակագիծ Ե) կուգա նույնպես Սիցիլիայեն 6-րդ դարու վերջերը կանգնած հանուն Օլիմպիական Զևս աստծուն։ Այստեղ ավելի շեշտված է սրբարանը լայնցնելու ճիգը, քան իր նախորդները, և բացի ներքին կողմի երկու կարգ սյունաշարեն խորը բաժնված է երեք փոքրիկ խցիկներու, որոնց մեջտեղի ա. բաժանումը համեմատաբար ավելի լայն է, և անպայման այնտեղ դրված էր Զեվսի արձանը։ Երկու քովերու գ. զ. փոքրիկ բաժանումները սրբազան անոթներու և այլ կրոնական հարստությանց պահարաններ էին կամ հար և նման ժամանակակից փյունիկյան մեհյաններու, առանձին աստվածներու հատկացված սրբարաններ էին։ Այս տաճարին մեջ թեև որոշակի հասկցված չէ այս խցիկներու իսկական պաշտոնը, սակայն ասոնցմե հետո շինված նույնանման տաճարներ կան, որոնց վրա լիովին ստուգված է, թե այդ բաժանումները զատ-զատ սրբարաններ էին։ 5-րդ դարուն Ք.ա., արդեն կան բազմաթիվ օրինակներ մեկե ավելի աստվածներու նվիրված տաճարներու, ինչպես Ֆիկալիի մեջ Ապոզոնի նվիրված տաճար մը, որուն խորը թեև արձանին հատուկ էր, բայց սրբարանին երկարության երկու պատերուն վրա կային ութ զանազան արձաններու հատուկ խցիկներ։ Գրեթե նույն ձևով և նույն մեծությամբ մի ուրիշ օրինակ կար՝ Հերաումի մեջ, նույնպես բացի տաճարին գլխավոր աստվածութենեն, այնտեղ տեղ ունեին ութ զանազան աստվածություններ կողմնակի պատերուն կցված խցիկներու մեջ։ Աթենքի Էրենքթեոնը նվիրված էր երկու գլխավոր աստվածությանց՝ Նեփչունի և Միներվի:

Մեկե ավելի աստվածներու նվիրված տաճարները հետզհետե այնքան սովորական դարձան, որ ամենեն հետո հռովմեացիք շինեցին բոլոր աստվածներու նվիրված հսկա տաճար մը՝ Հռովմի Պանթեոնը։

Աթենքի Ակրոպոլի մեջ, 5-րդ դարու կեսին, Պարթենոնի սրբարանի հատակագծի վրա համաչափության փոփոխությունը կատարյալ է։ (Տես նկ. № 1, հատակագիծ Զ)։ Սրբարանի սրահը բոլորովին ընդարձակված է, և կողմնակի արտաքին սյունաշարերը չափազանց նեղցած են, այլևս հնարավորություն չկա այնտեղ հավատացելոց բազմության համար ապաստարան գտնել, ոչ կրոնական պաշտամանց ժամանակ և ոչ ալ հասարակական գործերու համար ժողովներ կազմելու վաղեմի սովորության համեմատ։ Առաջ տաճարը միայն կրոնական շինություն չէր, պաշտամանց ժամանակեն դուրս ուրիշ ատեն սյունազարդ սրահները կծառայեին իբր ժողովատեղի, ուր կվճռեին կրոնական և հանրային մեծամեծ խնդիրներ։ Այժմ Պարթենոնը զուտ կրոնական շինության է և կպատկանի միմիայն աստծո և անոր սիրանվեր պաշտոնեությանց, ժողովուրդը քշված է բոլորովին դուրս հեռուեն մեհյանը շրջապատող պարսպեն գոյացած բացօթյա բակին մեջ։ բ. Զուտ քահանայից բաժին և գ. գանձարան։

Պարթենոնեն քանի մը տարի հետո, Ակրիժանթի մեջ երեվեցավ հսկա տաճար մը Օլիմպիական Զեվսի նվիրված, որուն վրա, Պարթենոնի մեջ երեվեցած սյունասրահի կողմնակի նեղ անցքերն ալ վերցված են և սյուները կիսասյուներու փոխվելով ուղղակի պատին կպած են. սյուներուն խարսխին անմիջապես կհաջորդեն ամեն տաճարներու մեջ միշտ պարտավորիչ աստիճանները շուրջանակի։

Ընդհանրապես սրբարանի համար ընդունված քառակուսի ձևերեն դուրս շեղումներ նկատվեցան 4-րդ դարուն։ Տելոսի մեջ շինվեցավ մեհյան մը (տես նկ. № 1, հատակագիծ Է) գանձարան անվան տակ, որուն խորքը կվերջանար կիսաբոլորակով մը, և մեջտեղին շարված կարգ մը սյուներ սրբարանը կբաժանեին երկու բ. բ. թևերու երկու աստվածներու հատուկ, ա. պահարան կամ գանձարան։

Էլլադայի մեջ հունական տիրապետությունեն ի վեր կիսաբոլորակ վերջավորությամբ տաճարի առաջին օրինակն է. այս նախապատմական տաճարը, սակայն ոչ սկիզբը։ Շատ հին ժամանակ կելտերն ունեցան դրույիտներու պաշտմանը հատուկ ընդարձակ և բոլորովին բացօթյա տաճարներ՝ մեջտեղին ցած պատերով մինչև տասը թևերու բաժանված, որոնք միշտ կիսաբոլորակ կվերջանային, ուր կգտնվեր բուն սրբարանը։ [ 30 ] Այս պատճառներուն մեկ օրինակը մեծ մասամբ գոյություն ունի մինչև այսօր Գարնաքի[2] մեջ։

Ոլիմպիայի մեջ քանի մը տաճարներ բոլորովին բոլորակ ձևով շինվեցան, որոնց նախատիպը աեսնվեցավ պելասգյանը մեջ: Այս տաճարներեն մեկը Տելոսի մեջ, որ Ֆիլիրիում անունը կկրեր, կբաղկանար ա. սրբարանե մը և բ. քահանայից սյունազարդ սրահե մը։ (Տես նկ․ № 1 , հատակագիծ Ը)։ Այս բոլորակ ձևը ամենեն ավելի հաճելի եղավ հռովմեացոց, որոնք ոչ միայն անօրինակ վայելչությամբ ճոխացուցին տաճարներու վրա և տվին մեզի ճարտարապետական մի հրաշալիք՝ Պանթեոնը, այլ և ընդհանրացուցին և պատշաճեցուցին հասարակաց ու անհատական շինություններու վրա ալ։

Ավելորդ է առանձնապես զբաղվիլ հռովմեական տաճարներու հատակագծերով, որոնք հունական տաճարներն բնավ տարբերություն չունեցան։ Հռովմեացիք ինչպես իրենց աստվածները, նույնպես ալ տաճարներու ձևերը առին Հունաստանեն, և որովհետև հռովմեացիք հունաց նման զուտ կրոնական ժողովուրդ չեղան, ասոր համար ալ հռովմեացվոց շրջանը եղավ գիտությունների և գեղարվեստի կատարյալ զարգացման շրջան։

Այս ժողովուրդն ինչպես կրոնը, նույնպես ալ արվեստը հույներեն փոխ առավ. միայն տարբերությունն այս եղավ, որ հռովմեացիք ավելի շատ հասարակական շինություններ տվին և ունեցան գեղարվեստի անկման ու զարգացման շրջաններ։ Այդ զարգացման շրջանի արդյունքն է Պանթեոնը։

Երկու խոսք ալ զոհարաններու մասին։

Ինչպես կերևի, բացի եբրայական տաճարներն, ուրիշ ազգաց մեջ զոհարանները որոշ տեղ չունեցան։ Հունական և հռովմեական շատ մը տաճարներու մեջ զոհարանի հետքեր չերեվցան։ Զոհարանը տաճարին անհրաժեշտ մասը չէր կազմեր, և անոր պատշաճ տեղը որոշելը կղերին բացարձակ կամքեն կախված էր. երբեմն տաճարին կից էին, երբեմն հեռու։ Պոմպեի ավերակներուն մեջ, տաճարի մը պատին վրա երեվցավ նկարված զոհի սեղան մը՝ տաճարեն շատ հեռու հրապարակի մը վրա, շուրջը խռնված ամբոխը, իսկ քահանաները կեցած էին տաճարին դռան առջև սյունազարդ սրահի ծածկույթին տակ։

Նույնպես ավելորդ է զբաղիլ ասորական, քաղդեական և փյունիկյան տաճարներու ձևերով, որոնք նույնն են գրեթե եգիպտական և հունական տաճարներու հետ աննշան տարբերություններով։ Բացառություն են քաղդեական աստղագիտական դիտարանները, որոնք երկհարկանի և երբեմն ալ բազմահարկ էին և միևնույն ատեն թե՛ դիտարաններ և թե՛ մեհյաններ էին։

Պարսկական կրակապաշտական մեհյաններն ալ քառակուսի ձևով սրահներ էին, որոնց կենտրոնը կդրվեր սրբազան հուրի սեղանը (աթաղկիյա) և շուրջանակի կերկրպագեր ժողովուրդը։

Նախքան քրիստոնեական եկեղեցիները, կարևոր է հետազոտել եբրայական տաճարները, որոնք համեմատաբար ավելի մեծ ներգործություն ունեցան քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևին վրա ս. գրոց մեջ ավանդված ծեսերու և պաշտամունքներու միջոցով:

* * *

Եբրայական[3] կրոնի հիմնադիրը, Մովսես, հրեա ընտանիքի զավակ, ծնած է Եգիպտոսի մեջ և ստացած զուտ եգիպտական կրթության։ Պողոս առաքյալ գովելով անոր բարձր կրթությունը մասամբ կբացատրե անոր նոր կրոնը քարոզելու պատճառները։

Հրեաները, Մովսեսի ծնունդեն շատ առաջ, մեծ գաղթականություն մը կազմած էին Եգիպտոսի մեջ բայց անոնք, հակառակ Եգիպտոսի բարգավաճ վիճակին, քաղաքական կյանքի մեջ միանգամայն իրավազուրկ և իրենց սեմական ցեղի զարգացման ցածր մակարդակի պատճառով ստորին ծառայություններով միայն կպարապեին։ Գլխավոր արհեստնին էր առհասարակ աղյուսաշինություձը։ Չնայելով իրենց ստորին դրության, եգիպտական կառավարության առջև ալ, իբրև անհանգիստ ժողովուրդ կասկածելի դարձած էին, նաև զզվելի՝ իրենց մեջ մեծ չափով տարածված բորոտության ախտին պատճառով։ Ուստի քշված հանկույս Նեղոսի՝ ենթարկված էին թե՛ հսկողության և թե՛ խիստ ճնշումներու։

Այս հալածանքներն ու ճնշումները կամաց կամաց ապստամբության մոտեցող խլրտումներու ծնունդ տվին։ Եգիպտական կրոնին հակառակ, միաստվածության կամ Էհովվայի աստվածության նոր վարդապետություն մը երևան եկավ, որուն քարոզիչն էր Մովսես։

Եբրայեցոց խլրտումներուն ուժ կուտային նույն ժամանակ ստորին Եգիպտոսի մեկ մասին տիրապետող հեքսոսները, որոնք նույնպես սեմական ցեղին կպատկանեին, որոնք երկար ժամանակե ի վեր կազմած մի մեծ գաղթականություն՝ կերազեին օր մը տիրանալ ամբողջ Եգիպտոսին։

Եգիպտական կառավարությունը երկրին խաղաղության լուրջ վտանգ սպառնացող այս շարժումը միանգամայն արմատախիլ ընելու համար, ամենակարճ և կտրուկ միջոցի դիմեց, որոշելով զանոնք բոլորովին երկրին սահմաններեն դուրս արտաքսել։ Բայց այս արտաքսումը շատ դյուրավ չհաջողեցավ, երկար տարիներ տևեց անոր իրագործվելը. վերջապես Եգիպտոսի թագավորներեն մեկը, որ ըստ Մովսեսի և Պողոսի չէր ճանչնար Հովսեփը, այդ ծանր գործը գլուխ հանեց, ոչ միայն նորաղանդ հրեաներն իրենց պարագլուխ Մովսեսով միասին վերջնականապես երկրին սահմաններեն դուրս քշեց այլ և հեքսոսներն ալ։

Այս համայնական արտաքսումը հրեաներու ծայրահեղ թշվառության պատճառ դարձավ, որուն անմիջական հետևանքն եղավ լուրջ երկպառակություններ և սպառնալից գանգատներ Մովսեսի դեմ։ Բացի գաղթականության պատճառած ֆիզիկական և տնտեսական [ 31 ] տագնապներեն, արտաքսվող հրեաների մեծ մասին անհաճո նոր վարդապետության քարոզները ևս կգրգռեին ամբոխին վրեժխնդրությունն իրենց թշվառության պատճառ դարձող Մովսեսի դեմ և անոր կյանքին լուրջ վտանգ կսպառնային։

Մովսեսի համար անկարելի էր վերադարձնել ժողովուրդը, իսկ առաջ տանել՝ շատ դժվար, բայց դարձյալ մի կերպ պետք էր թե՛ առաջ տանել ժողովուրդը և թե՛ գրգռված ամբոխին բարկության կրակը մարել, ուստի գաղթական բանակին անմիջապես հայտարարեց Էհովվայի հայտնությունները և պատգամները հրեա ժողովուրդին համար, որը կխոստանար օգնել ոչ միայն մինչև ավետյաց երկիր հասնելու, ամբողջ ճանապարհորդության միջոցին օգնել և առաջնորդել, այլև տալ անոնց իրենց հայրերուն խոստացված ընդարձակ ու բարեբեր երկիրները, ուր պիտի հարստանային, երկնքի աստղերու չափ պիտի բազմանային և սերունդե սերունդ երջանիկ պիտի ըլլային, եթե միայն հնազանդ ըլլային Էհովվային և անոր պատգամներուն միջնորդ ու թարգման Մովսեսին։

Այս հայտարարությունը առժամանակ մեղմացուց ժողովուրդին հուզումը, որովհետև իրենց հայրերուն մշտնջենական երջանկություն խոստացող Էհովվան ի բնե իրենց ծանոթ էր Եգիպտոսի մեջ Էոա կամ Էոհ անվամբ, ուստի օգտվելով Մովսես այս առժամանակյա խաղաղութենեն, անմիջապես սկսեց թե՛ խաղաղությունը հարատև պահելու և թե նոր վարդապետության ժողովուրդը ընտելացնելու համար օրենքներ ծրագրել և գործադրել գաղթական բանակին մեջ:

Միայն Էոհ կամ Էհովվայի անունը բավական չեղավ ժողովրդի սրտեն միանգամից արմատախիլ ընելու դարերե ի վեր անոնց սրտին մեջ արմատացած բազմաստվածության նախապաշարումներն ու ավանդությունները, ուստի Մովսես, ստիպված տեղի տվավ անոնց զգացումներուն առջև և շատ բաներու մեջ հետևեցավ կրկին եգիպտական կրոնի ծեսերուն, ավանդություններուն, պահելով միայն միաստվածությունը։ Ընդունեց կենդանիների սրբագործությունը, անջատելով միայն արժանավորները, զոհաբերության արժանի սուրբ կենդանի համարվեցան ոչխար, եզ, կով և այլն և այլն։ Ամմոնի խորհրդանշան օձը պղնձե շինել տալով կանգնեց բանակին մեջ, որուն նայողը փրկություն կգտներ։ Այս օձը, ըստ Հովհաննես ավետարանչի եղավ կանխագուշակություն Քրիստոսի խաչելության, թեև Եզեկյա որպես հեթանոսական կուռք զայն փշրել և ոչնչացնել տվավ։

Քանի կզիջեր Մովսես, հին հավատքի ավանդություններեն երբեմն անվնաս համարված ծեսեր հաստատելու հետզհետե ավելի խստապահանջ կդառնար ժողովուրդը, և բոլորովին վերահաստատված տեսնել կցանկանար հին կրոնը։ Ուստի, օր մը, օգտվելով Մովսեսի բացակայութենեն, ամբոխը հարձակվեցավ Մովսեսի եղբոր Ահարոնի վրա, բռնի ձուլել տալով ոսկեղեն հորթը (եգիպտացվոց Ապիսը) մեծահանդես տոն կատարեց անոր առջև։

Ինչպես կերևի, գաղթականությունը քանի կհեռանար Եգիպտոսի սահմաններեն և վերադարձը անկարելի կդառնար, հետզհետե կավելնար Մովսեսի ինքնավստահությունը և կուսակիցներու թիվը։ Սկզբին, որ կբավականանար կռապաշտության դեմ խիստ օրենքներ հայտարարելով և պատիժ սպառնալով, ոսկի հորթին պաշտպան ժամանակ նա աներկյուղ հրամայեց անխնա կոտորել դավանափոխներին, չխնայելով նույնիսկ իրենց ծնողաց, եղբոր կամ քրոջ, որով նույն օրը ավելի քան երեք հազար մարդ սպանվեցան անապատին մեջ (Ելից 32 գլ. 28 հ.)։

Զարհուրելի աղետեն սարսափած ժողովուրդը ակամա հնազանդություն ցույց տվավ, եթե ոչ հայտնի, գոնե սկսեցին գաղտնի շարունակել շատեր նախկին կռապաշտությունը․ Փյունիկեցվոց և Փղշտացվոց Մողոքը գլխավոր պաշտելի աստվածն էր և գաղտնի զոհ կկատարեին, որուն համար հատկապես Մովսես պարբերաբար խիստ ու սպառնալից օրենքներ կհայտարարեր (Ղևտական 19 գլ․)։

Մովսեսի վարդապետության մեջ տեղ չունեցավ հոգվո անմահությունը, նա չխոստացավ հավիտենական կյանք կամ երկնից արքայություն։ Իրեն հետևողներ և Էհովվային կամքը կատարողներ սերունդե սերունդ այս աշխարհին մեջ պիտի ստանային լիառատ վարձատրություն։ Այս վարդապետության հետևանոք այնքան զարգացավ ագահությունը և ընչաքաղցությունը հրեից մեջ, որ մինչև քրիստոնեության ժամանակ Պաղեստինը՝ սեփականության կռիվներու պատճառով մեծ արյունահեղությանց ասպարեզ դարձավ։ Ոչ արվեստ և ոչ գիտություն չզարգացան այնտեղ, այնպես որ Սողոմոն երբ իր հռչակավոր տաճարին շինության ձեռնարկեց, ստիպվեցավ Փյունիկիայեն բերել տալ թե՛ ճարտարապետ և թե՛ արհեստավորներ։

Ընչաքաղցության, ագահության դեմ կռվելու համար Քրիստոս վերահաստատեց հոգվո անմահության գաղափարը, և երկնից արքայության դուռը փակեց հարուստին առջև, Մալուխին ասեղին ծակեն անցնելուն չափ անհնար ցոյց տալով անոր երկնից արքայություն մտնիլը։

Տասն պատվիրանաց հայտարարութենեն հետո Մովսեսի առաջին գործն եղավ, շարժական տաճար մը շինել Էհովվայի պաշտաման համար։ Դիմելով ժողովրդական նվիրատվությանց շինեց տապանակ ուխտին և զոհի սեղանը։

Ս. գրոց նկարագրութենեն շատ պարզ կհասկացվի այս շարժական տաճար-տաղավարին ձևը. երկայն քառակուսի սրահ մը էր, երկու մասի բաժանված, խորը գտնվող բաժանման մեջ, որ թանձր վարագույրով մը ծածկված էր, դրվեցավ տապանակ ուխտին− Էհովվայի աներևույթ ներկայությունը և անոր հաջորդող մասին մեջ պաշտանմանց հատուկ նվիրական սպասներ։ Այս երկրորդ բաժանման անմիջապես կհաջորդեր քահանայից բաժինը փոքր տարածության վրա․ նախորդ սրահներուն շուրջը և վրան ծածկված էր կտավով, իսկ այս վերջինին վրան միայն կտավե ծածկույթներ հաստատված էին գետինը տնկված փայտյա ցիցերու վրա հատկապես շինված օղակներու միջոցավ։ Ասոր շուրջը սահմանվեցավ աղոթող ժողովուրդին ուր առանձին գավիթ մը կձևանար նույնպես ցիցերու վրա կտավապատ, որոշ հեռավորության վրա դրված առանձին շրջափակով մը։

Ոչ միայն հատակագծի ձևով նմանեցավ եգիպտական տաճարներու, այլև պաշտամանց խորհրդանշան [ 32 ] տապանակ ուխտիով նմանությունը կատարյալ եղավ կռապաշտական մեհյանի, և ծառայեց իբրև նախագաղափար ապագա Սողոմոնի տաճարին:

Մովսեսի տապանակը խորանարդ սնդուկ մը էր վրան ոսկեզօծ շրջանակավոր կափարիչով, կափարիչին վրա հաստատված էին երկու թևատարած ձուլածո քերովբեներ։ Սնդուկին երկու կողմին վրա ամրացած են օղակներ, ձողեր անցնելու հատուկ, որպեսզի փոխադրության ժամանակ այդ ձողերու միջոցով վերցվի տապանակը։ Նույն ձևը կտեսնվի եգիպտական սրբազան նավակին վրա, միմիայն նավակը քերովբեներու է փոխված Մովսեսի շինած տապանակին վրա:

Մոտ հինգ դար, եբրայեցիք Մովսեսի շինած տապանակով և անոր կազմած շարժական տաղավարով բավականացան։ Անընդհատ կրոնափոխության և պառակտումներու ենթակա եղած, երբեք փույթ չունեցան հաստատուն տաճար մը ունենալու։

Դավիթ առաջին անգամ հղացավ շքեղ տաճար մը շինելու գաղափարը, սակայն արգելվեցավ Նաթան մարգարեի կողմից, իր բազմաթիվ պատերազմներու և արյունհեղությանց պատճառավ, որպես անարժան մարդ Տիրոջ անվան սրբության տաճար կանգնելու համար, ուստի կտակեց իր որդուն` Սողոմոնին, որը հիմնարկության ձեռնարկեց 1011-12 թվականին (Ք. ա.)։

Սողոմոն ճարտարապետ, արհեստավոր և մեծ քանակությամբ գործավորներ Տյուրոսեն բերել տալեն զատ, տաճարի համար պետք եղած բոլոր շինվածանյութերը նույնպես բերել տվավ այնտեղեն։ Լիբանանի անտառներեն կտրվեցան փայտեր և նույն տեղի քարահանքերուն մեջ տաշվելով քարերը, բերվեցան Երուսաղեմ:

Սողոմոնի տաճարին օրինակը մեզի չէ հասած, որովհետև մինչև քրիստոնեության ժամանակ երեք անգամ ավերվելով վերաշինված է, բայց ամեն անգամ նորոգության մեջ, ըստ ս. գրոց ավանդության, Սողոմոնի տաճարին հատակագծի ձևը նույնությամբ պահված է, միայն թե հետագայները կրկնապատիկ և ավելի ընդարձակ էին քան նախորդները։

Գիտական խուզարկուներ, լի հետաքրքրությամբ, վերակազմեցին այս համբավավոր տաճարը, հիմնվելով ս. գրոց նկարագրությանց վրա, որոնց մեջ կտեսնվի, որ բուն սրբարանի մասերը լիովին նման են միմյանց, սակայն սրբարանեն դուրս գավիթներու և սրահներու բաժանմունքներով բավականաչափ կզանազանին իրարմե, որովհետև այդ մասերուն նկարագրություններ ս. գրոց մեջ շատ թերի են։

Կներկայացնենք ըստ ս. գրոց, Սողոմոնի տաճարին հատակագիծը, որ սրբարանի մասերով ըստ ամենայնի համապատասխան և ուղիղ է ս. գրոց նկարագրության հետ, սակայն գավիթներու մասերը ամենեն հավանական ենթադրվածն է։

Տաճարին հատակագիծը կբաղկանար հետևյալ գլխավոր բաժանումներեն․

Ա. Սրբություն սրբոց. շինության խորը եղող բաժանումը, ուր պահվեցավ Մովսեսի տապանակ ուխտին։

Բ. Սրբարան, Սրբություն սրբոցի անմիջապես հաջորդող բաժինը, ուր սրբազան անոթներու, կրոնական սպասարկությանց հատուկ էր և քահանայից միայն մատչելի էր։

Նկ․ 2. Սողոմոնի տաճարի հատակաձևերն ըստ սուրբ գրոց

Գ. Քահանայից գավիթ. Սրբարանին հաջորդող փոքր սրահը, ուր քահանայք կկենային պաշտաման ժամանակ։

Դ. Զոհի սեղանը. Բացօթյա սահմանավորյալ բաժին մը քահանայից սրահին անմիջապես հաջորդող։ Ժողովրդյան մատչելի այն ատեն միայն, երբ հարկ էր զոհի վրա ձեռք դնել։

Ե. Իսրայելի գավիթ․ Բացօթյա ընդարձակ գավիթ, ուր կկենար ժողովուրդը աղոթքի ժամանակ։

Զ. Կանանց գավիթ. Նույնպես բացօթյա և որմնափակ, անջատ Իսրայելի գավիթեն, հատկապես կանանց իբրև աղոթատեղի սահմանված։

Այս տաճարին մեջ, բաղդատմամբ հունական և եգիպտական տաճարներու զարտուղություն կկազմե ա. զոհի սեղանը, որուն տեղը որոշ է քահանայի գավթին ճիշտ առջևը. մինչդեռ մյուսներուն մեջ որոշ տեղ չուներ զոհարանը, քահանայից կամքեն կախված էր որոշել անոր պատշաճ տեղը։ բ. Կանանց գավիթը, որ տաճարին մեջ երկու սեռին անջատման առաջին օրինակը կներկայացնե, ուրիշ հեթանոսական տաճարներու մեջ որոշված չէ կանանց տեղը և դիրքը: գ. Հեթանոսաց գավիթը, ուր կկենային օտարականներ, հեթանոսներ, մեկ խոսքով Էհովվայի տաճարը մտնելու անարժան համարվողներ։

Մինչև այստեղ մենք տեսանք և փոքր ի շատե գաղափար կազմեցինք նախաքրիստոնեական տաճարներու հատակագծային խորհրդավոր բաժանմանց վրա, այժմ [ 33 ] անցնենք քրիստոնեական տաճարներուն և քննենք թե ի՞նչ կերպով սկսեցին անոնք և ի՞նչ փոփոխություններու ենթարվեցան մինչև մեզի հասնելը:

* * *

Քրիստոսի քարոզած նոր կրոնն ալ անշուշտ պետք պիտի ունենար տաճարներու, սակայն ի սկզբան, երբ վարդապետությունը նոր էր, և հետևողներ շատ քիչ էին, բնականաբար չէր կարելի մտածել ո՛չ տաճարներու շինության և ո՛չ ալ անոնց ձևերուն վրա: Առաքելոց ժամանակ Երուսաղեմի մեջ, ուր սկիզբն առավ քրիստոնեությունը, տաճարներ կանգնել անհնար էր, ոչ միայն հավատացյալներու քիչության համար, այլ և ուրիշ քանի մը զորեղ պատճառներով ալ։

Նախ սաստիկ հալածանքը, որ անդադար կմղվեր նոր աղանդին դեմ, երկրորդ՝ անոր գլխավոր քարոզիչ ղեկավարները հավատացելոց թիվը բազմացնելու վրա կմտածեին։ Անոնց գործունեության միակ նպատակն էր ամբողջ հրեա ժողովուրդին հոգվույն տիրապետել. երբ կհաջողեին իրենց այս նպատակին մեջ, այն ատեն փոխանակ նոր տաճար շինելու, արդեն պատրաստ կունենային իրենց տրամադրության տակ Սողոմոնի հռչակավոր տաճարը և ուրիշ եբրայական ժողովարաններ։ Նոր վարդապետության ոգուն հակառակ հակասության մեջ պիտի ընկնեին առաքյալներ, եթե տաճարի նոր ձև ստեղծելու հետամտեին և կամ նոր կրոնին հերձվածի մը երևույթը տային, քանի որ նոր վարդապետությունը հնին շարունակությունը և կամ անոր բարեկարգությունն էր: Հին դարերու մեջ մարգարեից բերնով Իսրայելի ժողովուրդին հատկապես խոստացված փրկիչն էր նոր վարդապետը և հրապարակավ կհայտարարեր թե «ոչ եկի լուծանել այլ լնուլ»: Ուստի կմնար միայն ջնջել մոլորությունները, մաքրել տաճարը ապականություններե և դարձնել իսկական տուն աստուծո, որ վերջը եղած էր «այրս աւազակաց»։ Այս իսկ սկզբունքով ալ Էհովվայի կողմանե իր սիրելի ժողովուրդին փրկության համար ուղարկված մեծ բարեկարգիչը իր հոր տունը եբրայական տաճարը ընտրեց քարոզելու և սովորեցնելու համ՛ար։

Առաքյալներ ալ չշեղվեցան իրենց վարդապետին ուղղութենեն. հակառակ հաճախ տաճարեն նախատինքով դուրս վռնտվելուն, միշտ շարունակեցին տաճարին մեջ քարոզելու երթալը. շատ մը պարագաներու մեջ հարգանք ու ակնածանք ցույց տվին եբրայական հնավանդ ծեսերուն. մասնավորապես Պողոս վերին աստիճան հեռատես նրբամտությամբ տոնի оրերուն ածելված, մաքրված և ըստ ամենայնի հրեից սովորության համեմատ պատրաստված կմտներ տաճար ապացուցանելու համար, թե իրենք ճշմարիտ հավատացողներ և երկրպագուներ էին էհովվային և անոր առաջին մարգարե Մովսեսի բոլոր ավանդությանց:

Այս հեռատես քաղաքագիտությամբ Պողոս ոչ միայն հրեից մեջ բորբոքված մոլեռանդության բոցը կմեղմացներ, այլ և Հունաստանի մեջ իսկ հաջողեցավ իրեն դեմ մոլեգնած ամբոխը հանդարտեցնել և լի ակնածանոք խորին ուշադրություն հրավիրել իր վրա «ձեր անծանոթ աստվածը պիտի սովորեցնեմ» ըսելով։ Ուստի այս ուղղությամբ առաքյալներ ոչ միայն հույս պիտի ունենային եբրայական տաճարները քրիստոնեական սրբարաններու վերածելու, այլ և հեթանոսական տաճարներն ալ, որը թեև իսկապես իրականացավ, սակայն առաքյալներ իրենք չվայելեցին այդ սուր հեռատեսության պտուղը։

Առաքյալներ եթե իրենց կենդանության ժամանակ, ծանոթ և անծանոթ աստվածներու տաճարներ չկրցան քրիստոնեից տրամադրության տակ ունենալ, սակայն շնորհիվ իրենց ճարտար ղեկավարության ունեցան բազմաթիվ հետևողներ և անընկճելի կազմակերպված ուժ ոչ միայն հրեից դեմ, այլ և տիրապետող հռոմեական ահեղ կայսրության դեմ, որուն հալածանքներն ու տանջանքները քրիստոնեության ծավալումը արգելել չկարողանալեն զատ, ինքն ալ ամբողջությամբ բռնվեցավ կայսրության ամեն կողմը ճարպկորեն հյուսվող ցանցին մեջ։

Քրիստոնեությունը իր վսեմ ծրագրով այնպիսի հարմար ժամանակ հայտնվեր էր, որ բնականաբար ոչ մի ուժ բավական պիտի չըլլար անոր համաճարակ ընթացքը կասեցնելու։ Մեկ կողմանե Մովսեսի երկրավոր վարձատրության խոստումներու հետևանոք ընչաքաղցությամբ ապականած, հրեա ազնվականության ձեռք գերի եղած էր ստորին հասարակությունը Պաղեստինի մեջ, մյուս կողմանե հեշտամոլության և գազանային կիրքերու ու հաճույքներու գերի հռովմեական կայսրներու ճնշող, հարստահարող կառավարությունը պատրաստ հող էր ստեղծած նորածին վարդապետության սերմերն արադապես աճեցնելու համորեն կայսրության մեջ։

Քրիստոնեությունը ոչ միայն դեռ իր խանձարուրին մեջ, սեր, խաղաղություն, հավասարություն ու եղբայրություն կքարոզեր, այլ և երկնային անվախճան երանության դոները կբանար հավատացյալին առջև։ Լոկ խոսք չէին անոնց քարոզները, գործնականապես կապացուցանեին։ Սեփականությունը գոյություն չուներ անոնց մեջ, ամեն բան հասարակաց էր և ամեն ոք հավասար։ Հարուստը աղքատին, զորավորը տկարին, խելացին տգետին պարտական էր միշտ այս նորաբողբոջ հասարակության մեջ, և ով որ այս օրենքին դեմ կմեղանչեր, կպատժվեր… Տիրոջ կողմանե։

Ասկեց ավելի ինչ կարող էր գտնել տառապած և ստրկության ամրակուռ շղթաներու տակ շնչասպառ ահագին ամբոխ մը, որուն գլխուն ոչ միայն անմահության պսակ կհյուսվեր երկնից արքայության մեջ, այլ և այս աշխարհի մեջ ալ կմեղմանային իր թշվառության ցավերը և կլեցվեին կարոտությունները։ Ուստի բնական էր, որ զրկվածներու, ճնշվածներու ահագին հեղեղ մը, պիտի ստեղծվեր, որոնք պիտի գային անընդհատ ապաստարան և կյանք փնտրելու այս սփոփարար երկնային վարդապետության հովանավորության տակ։

Դեռ քրիստոնեության առաջին գարուն, հռովմեական կայսրության մեջ, քրիստոնյաներ այնքան պատկառելի թիվ կազմեցին, որ տակավ առ տակավ պետության իսկ մտահոգութուն պատճառել սկսավ։ Բացի հասարակ ամբոխեն, ազնվականներ, գիտուններ ալ սկսեր էին վարակվիլ Միխայիլ Ասորիի Պատմության մի հատվածը շատ պարզ ցուց կուտա այս համաճարակի որոշ աստիճանը: «Յայսմ ժամանակի յաւուրս Դոմետիանոսի (81-96 թ. թ.) աճեաց քրիստոնէութիւնն և [ 34 ] եհարց Պատրուբուլոս զվարդապետն իւր Րոսինոս, թէ ի՞նչ նշանակէ այսքան բազմութեան հաւատալ ի խաչեալ այր մի, որ և Թէոդորոս իմաստապետն Աթենացւոց և Ափրիկանոս Աղեքսանդրացի և Մարտինոս Իբաթու (Հիպատոա) հաւատացին ի նա, թողեալ զվայելչութիւն աշխարհիս։ Ետ պատասխանի և ասէ․ «մի զարմանար ընդ այդ, զի կարծեմ թէ և աստուածք հնազանդին նմա»։ Եւ նա ասէ. «ո՞րպէս» և ասէ ցնա. «Զի անախտութիւն և անմեղութիւն և անընչութիւն է քարոզութիւն նորա․ յայտ է զի ի վեր է քան զամենեցուն քարոզդ այդ»։[4]

Հաջողության ճանապարհը ուղիղ էր և հունձքը անսպասելի կերպով առատ։ Առաքյալներ ցրված արևելք և արևմուտք, եռանդուն կերպով կգործեին, քաղաքե քաղաք, գյուղե գյուղ կքարոզեին, թղթակցություններ կգրեին հավատացելոց քաջալերության համար։

Առհասարակ նորահավատները գոհ էին նոր կրոնին մատակարարած բարիքներեն, միայն տրտունջներ կլսվեին վարչական ձևերու մասին, լավ չէին բաշխվեր նյութական օժանդակությունները, զրկվողներ և մոռացվողներ շատ կային անոնց մեջ, հարկ էր այլևս որոշ կանոններ և հաստատուն կազմակերպություն, որոնց միջոցավ կարելի ըլլար առատությամբ և հավասարությամբ մխիթարել բոլոր կարոտյալները, և վերջ տալ լուրջ հետևանքներ սպառնացող տրտունջներուն։ Ուստի ահա այստեղ, առաքյալներ ժողով գումարեցին, պաշտոնյաներ ձեռնադրեցին և անոնց յուրաքանչյուրին գործն ու պաշտոնը որոշեցին, և հիմք դրին այն մեծ կազմակերպության, արուն վրա թեև ի սկզբան անտարբեր հեգնությամբ վերաբերվեցան տիրող պետությունն ու ժողովուրդը, սակայն կոչված էր նա մեկ երկու դար հետո իրական սպառնալիք մը դառնալու երկար դարերե ի վեր նվիրագործված հեթանոսական անսասան հաստատություններուն։

Օր ըստ օրե բազմացող և հեթանոսոթյան մեջ ծեսերու և արարողություններու սովոր նորադարձ ժողովուրդին անախորժ երևցավ քրիստոնեական կրոնի բոլորովին պարզությունը, բնական հակում զգաց դեպի տաճարները և անոնց մեջ կատարվող բազմամբոխ տոները, բավական չեղավ իրենց կենդանի տաճար աստուծո ըլլալը։ Նյութական տաճարի կարիքն անխուսափելի դարձավ նույնիսկ առաքելոց ժամանակեն մեկե ավելի պատճառներով, տաճարը պիտի ըլլար այն շրջանակը, որուն մեջ պիտի հավաքվեր նորահավատ ժողովուրդը, տաճարը պիտի միացներ համորեն քրիստոնեից սիրտն ու հոգին, տաճարին մեջ պիտի լսեին փրկարար վարդապետության քարոզները, մեկնությունները։ Մանավանդ, ամենակարևոր ծես մը կար կատարվելիք նոր կրոնի մեծ վարդապետի վերջին կտակով նվիրագործված, որուն համար տեղ և բնակարան հարկավոր էր, պետք էր հաց կտրել և գինի խմել, և հավերժացնել «արարէք զայս առ իմոյ յիշատակի» պատվերը, որուն գործադրությունը պիտի ըլլար թե՛ ապագա բազմատեսակ ծեսերու և թե՛ քրիստոնեական տաճարներու հատակագծային բաժանման ոճին։

Մեկ կողմանե աղքատ հասարակությունը կերակրելու համար մեծաքանակ գումարներու անհրաժեշտ պետքը, մյուս կողմանե քրիստոնեից դեմ հարուցված խիստ հալածանքները, առաջին դարու մեջ մեծ արգելք էին տաճարներու շինության, ուստի առաքյալներ բավական համարեցին ոևէ ընդարձակ սրահի մը մեջ և այնտեղ քարոզել, աղոթել, հաց կտրել ըստ փրկչավանդ կտակի և խոսել ու խորհրդակցել հասարակաց բարօրության ու վարչական կանոններու վրա։

Ինչպես կերևի առաքելոց թուղթերեն, քրիստոնեական այս նախնական աղոթատեղիները և անոնց հաց կտրելու արարողությունը ավելի ընտանեկան ժողովի մը երևույթը ուներ, քան թե կրոնական պաշտաման սրբավայրի, որովհետև հաց կտրելու սեղանին շուրջը հավաքվողներու երբեմնի անպատշաճ վարմունքը առաքելոց դժգոհության առիթ տվին և խստիվ հանդիմանվեցան. փոխանակ համեստությամբ պատառ մը հացով և բաժակ մը գինով սիրո և եղբայրակցության ուխտը կատարելու, սկսեր էին զվարճության սեղանի մը նման ուտել, խմել, հարբել ու անվայել արարքների մեջ գտնվիլ․ այս պատճառով ալ հարկ եղավ միջոցներ ձեռք առնել սույն անպատշաճությունները չկրկնվելու համար։

Անշուշտ պաշտաման ժամանակ հավատացյալներու վարքի մասին հետզհետե կանոններ սահմանվեցան, սակայն աղոթասրահներու ձևերուն մասին ոչ մի կանոն կամ օրենք չեն երևիր առաջին դարուն մեջ։ Աղոթասրահին տեղը, դիրքը, ձևը ոչինչ նշանակություն չուներ, բավական էր որ հավատացյալներու երկսեռ բազմությունը պարունակելու չափ ընդարձակ ըլլար, ուր կարելի ըլլար հանգստությամբ կատարել այն ժամանակվան կարճ ու պարզ ծեսերը։ Կանանց անջատ կամ խառն աղոթելուն մասին ոչինչ օրենք չի նշմարվեր, նայելով եբրայական օրենքի տրամադրության, պետք էր որ կանայք առանձին տեղ գրաված ըլլային. կանանց համար բացառիկ օրենք միմիայն գլուխնին ծածկված աղոթքի ներկայանալն է։ Իսկ երբ ի նկատի ունենանք Պողոս առաքյալի բողոքը առաքելոց կիներու հետ շրջագայելը բամբասողներու դեմ, կարելի է ենթադրել որ ի սկզբանե այդ խտրությունն ալ չէ եղած։

Երուսաղեմեն դուրս գալ, Փոքր Ասիո և Հունաստանի զանազան կողմերը հետզհետե բազմացող քրիստոնյաներն ալ ի սկզբան ասկեց տարբեր սովորություններ չէին կարող ունենալ, սակայն բնական էր, որ ըստ միջավայրի և ճաշակի, հետզհետե հասարակ բնակարանե մը տարբեր, պատկառելի սրբավայրի մը երևույթը տալու պիտի ջանային, տակավ առ տակավ կահավորելով, ճոխացնելով և գիշերային ժողովներու ժամանակ սովորականեն ավելի լուսավորությամբ պայծառացնելով։

Առաջին դարուն մեջ, առաքյալներ եկեղեցվո ձևի մասին, եթե ոչ մի օրենք չավանդեցին, հայտնի կերևի որ ժողովուրդն ալ չզբաղվեցավ այդ խնդրով. քանի որ բազմապիսի սովորություններ և ծեսեր չկային, որպես զի ըստ ծիսական պահանջմանց որոշ հատակագիծ հարկ ըլլար։ Բացի հաց կտրելու արարողությունը, որուն համար սրահ մը և սեղան մը անհրաժեշտ էր, կարելի էր ամեն տեղ աղոթել, քարոզել այնտեղ, ուր բազմություն կար մեկտեղ, ուր որ ջուր կար, իսկ ձեռնադրել [ 35 ] այնտեղ, ուր կարելի ըլլար երկու-երեք ձեռք դնելու իրավասուներ գտնել:

Առաքելոց հայացքով քրիստոնեական եկեղեցին զարդ կամ վայելչություն չէր պահանջեր։ Քրիստոսի եկեղեցվույն զարդը ժողովրդյան առաքինությունը, սերն ու բարեպաշտությունն էր, սակայն հակառակ առաքելոց անընդհատ սիրո և համերաշխության քարոզներուն, իրենց ձեռքով ձեռնադրված զանազան երկիրներու մեջ քարոզող եպիսկոպոսներ դեռ առաջին դարու մեջ սկսեցին դավանաբանական սուր վեճերու և ծնունդ տվին կուսակցություններու, այնպես որ շատ անգամ հարկ եղավ առաքելոց զորեղ միջամտության։ Ահա այն ժամանակ սկսած կուսակցություններն էին, որ ոչ միայն բազմատեսակ ծեսերու, արարողություներու և քրիստոնեական տաճարներու զանազանություններ պիտի ստեղծեին, այլ և պատճառ պիտի դառնային օր մը եղբայրասպան սոսկալի արյունահեղությանդց։

Երկրորդ դարուն մեջ քրիստոնեից թիվը թեև անհամեմատ ստվարացավ քան առաջին դարը, սակայն, պարբերաբար հալածանքներու դադարումը հակառակ ներգործություն կունենար քրիստոնեից բարոյական կազմակերպության վրա. երթալով կավելանային ոչ միայն կուսակցությունները և կուսակցական խոշոր կռիվները, այլև զանազան տեղերու մեջ համայն քրիստոնեից վրա ինքնագլուխ տիրապետելու կամ հովվապետելու տենչը կավելանար առաջնորդներու կամ եպիսկոպոսներու սրտին մեջ։ Այս դարուն մեջ սկսեցին եկեղեցական օրենքներ, մեկնություններ, աստվածաբանական խոշոր վիճաբանություններ, ժողովներ և նզովքներ։ Այս դարուն մեջ եղավ առաջին ժողով մը Նիկիո մեջ, ուր նզովվեցան Վաղենտիանոս և Սաբել Լիբիացին։

Հետզհետե աճող և երկրին խաղաղության սպառնացող այս վեճերը տիրող պետության ալ անհանգստություն և մտահոգություն պատճառել սկսեցին։ Տրայանոս կայսրը այս նոր աղանդները, կառավարության մեջ կազմված նոր կառավարություն մը համարելով, խիստ օրենքներ հրատարակեց անոնց դեմ, իսկ Տրայոնոսեն հետո Ադրիանոս և Մարկոս Ավրելիանոս լուրջ հալածանքներ սկսեցին, նույնիսկ պետական կազմին համար վտանգավոր համարելով։ Սակայն արդեն ժամանակն անցած էր, մեկ կողմանե քրիստոնյաներ հայտնի կամ գաղտնի անընկճելի ուժ կազմող քանակության հասած էին, մյուս կողմանե գտնվելով այդ կազմին մեջ, աշխարհական կամ կղերական հեղինակավոր անձինք, որոնք մեծամեծ շահերու միջոց դարձուցած էին կրոնը իրենց ձեռքին մեջ, ոչ մի միջոցի առջև կանգ չէին առներ այլևս իրենց նյութական շահերը պաշտպանելու համար, շատ անգամ անոնք կարողացան պետական շահերու վրա ալ ազդել, որով կայսերք ստիպված հաճախ տեղի կուտային այս կրոնեն մեծ շահույթներ ունեցողներու առջև։

Երրորդ դարու մի պատմագիր Կիպրիանոս, իր դարուն մեջ քրիստոնեության անվան տակ տեղի ունեցող զզվելի շահատակություններու մասին հետևյալ վճիտ նկարագիրը կուտա հալածանքը ազատութենեն ավելի նախապատիվ համարելով։

«Վերջին տարիներու փորձությունները ցույց տվին որ,− կսեր,− համաշխարհային բարուց ապականությունները հավասարապես քաշ կուտային քրիստոնյաներն ալ որովհետև հասարակության և անոր գլխավորներու այլասերումը այնպիսի կետի մը հասած էր, որ ամենախիստ միջոցները կարող էին ամբողջական բարոյական անկումե մը հետ կասեցնել։ Ամեն ոք իր անձնական հարստությունը ավելցնելու վրա կմտածեր։ Միահամուռ մոռցած առաքելոց ժամանակի հավատացելոց գործերը, կամ ինչ որ կպարտավորեին ընել միշտ, անհագ, անտարբեր են։ Ընդհակառակը կջանան անհագ ընչաքաղցությամբ իրենց հարստությունը ավելցնել։ Ոչ մի կղեր ցույց չէր տար ավանդական խոնարհությունը և ոչ մի պաշտոնյա կատարյալ հավատք, գթությունը այլևս գոյություն չուներ, համեստությունը անհետացած էր, մարդիկ իրենց մորուքներուն հետ կըխաղային, կանայք կշպարվեին և կնրբանային իրենց պճնասիրության մեջ, մազերնին և հոնքերնին արվեստով կներկեին։ Պարզամիտներուն սիրտը խաբելու համար ընտրեցին ամենահաջող խաբեբայություններ, և իրենց եղբայրներուն սիրտը մոլորեցնելու համար նենգավոր խրատներ։ Հեթանոսաց հետ ամուսնությամբ կկապվեին և անհավատներուն հետ զոհ կմատուցանեին քրիստոնյա հասարակության անդամներ։ Անվերջ հայհոյություններով չէին բավականանար, այլև երդմնազանց կըլլային։ Առաջնորդաց մեծագույն մասը, որ պարտավոր էր խրախույս և օրինակ այլոց հանդիսանալ, կարհամարհեր իրեն պարտկանությունները, հոգվով ապականված աշխարհային գործերու միջնորդ դարձավ նա. թափուր կթողներ իրեն աթոռը, ժողովուրդը լքված կթողներ իրեն ճակատագրին և կթափառեր ուրիշ գավառներ շահաբեր գործեր փնտրելով. երբեք օգնության չէր հասներ իրեն կարոտ եղբարց, միայն կբաղձար ոսկիի դեզեր ունենալ, կուզեր ստացվածքներ շորթել կեղծավորյալ խարդավանքներով և հարստանալ ծայրահեղ հափշտակությամբ»։

Իրաց այս վիճակին մեջ ստույգ է, որ քրիստոնյաներ 3-րդ դարուն շրջանին մեջ, թեև տակավին անհաստատ և պարբերաբար հալածված, ունեցան եկեղեցական ներքին որոշ կազմակերպություններ, ունեցան տաճարներ, թեև ոչ շքեղ և ամրակուռ, բայց որոշ ձևի տակ, ուր կկատարվեին մինչև այն ատեն սահմանվող ծեսեր, աղոթքներ և երգեցողություններ։ Քահանան և ժողովուրդը իրենց պատշաճ տեղը գրաված էին աղոթատեղիին մեջ, կրոնի նվիրված պաշտոնյայք զգեստավոր էին զիրենք հասարակ ժողովրդեն զանազանող տարազով։ Հիմա արդեն սրբավայրի մը պատկառելի երևույթը ստացեր էին եկեղեցիները։ Բայց տակավին ճշտիվ ծրագրված չէին հատակագծային բաժանումները, թեև նախնական բոլորովին անորոշ և կամայական դրութենեն անցած մի կերպ սահմանի տակ դրված էին, սակայն այնպես չէին ինչպես 6-8-րդ դարերուն մեջ եղած վերջնական տիպարները։

Առաքելոց վերնատունեն և կամ անոնց օրով եղած նման սրահներեն հետո առաջին և երկրորդ դարերուն մեջ ամենախիստ հալածանքներու ժամանակ, երբ անհնար էր արտոնություն ստանալ եկեղեցիներ կանգնելու, արևմտյան քրիստոնեից առաջին եկեղեցիները կամ աղոթարանները ստորերկրյա քարայրները եղան երկար ժամանակ։ Այս քարայրներեն շատերը բախտի բերմամբ իրենց ձեռքը կանցնեին, որովհետև անոնք [ 36 ] նախաքրիստոնեական շրջանի մեջ ալ գոյություն ունեին Հռոմի և իր շրջակայից մեջ, կկարծվի թե հանքերու համար փորվածքներ էին, ուրկեց հալածված քրիստոնյաներ օգտվել գիտցան թե՛ ժողովներու և աղոթքներու համար և թե՛ ննջեցելոց թաղման համար որպես դամբարան։ Քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևի այս նախագծին մեջ եթե մի որոշ հատկություն կա, որ բուն իսկ քրիստոնեից ձեռքով հավելվածներ են, այն ալ այրին խորը բոլորակ ձևով առանձին փորված փոքր սենյակներն են, որոնք հատկացված էին մասնավորապես մարտիրոսներու մարմինները ամփոփելու, ուր քահանան՝ աղոթքի ժողովեն հետո, կմտներ այնտեղ և առանձին հոգեհանգիստի սաղմոսը կկարդար հանգուցելույն վրա։

Արևելյան քրիստոնեից համար այս մասին կարծիքներ կտարբերեին, առհասարակ սկսյալ Կեսարիայի շրջանեն, Փոքր Ասիայի հարավային կողմերը, Ասորիք, Հայաստան, Պարսկաստան տարածվող քրիստոնեից վրա համեմատաբար հալածանքը քիչ ըլլալուն համար, անոնք ունեցան քիչ թե շատ բաց օդին մեջ կանգնված եկեղեցիներ, սակայն այդ շինություններն այնքան խեղճ ու հասարակ էին, որ ոչ մեկը չհասավ գոնե պատմության ծանոթ շրջանին, մեկ մասը ինքնին փլավ կարճ ժամանակի մեջ և ոչնչացավ, մնացյալներն ալ քրիստոնեության պետական կրոն հռչակվելեն հետո, վար առնվեցան և անոնց տեղին վրա նորեր շինվեցան. այս շրջանին մեջ է, որ կհիշատակվի եկեղեցի մը, որ իբր անհաստատության պատճառով հեղեղեն քշվեցավ: Երրորդ դարուն վերջերը, երբ քրիստոնյայք բյուզանդական կայսրության թագը խաչին առջև խոնարհեցնելու չափ ուժ ու ազդեցություն ձեռք բերած և թվական գերակշռություն ունեցած էին, այլևս կասկած չէր մնար որ թե բավականին ազատ շունչ քաշելով քրիստոնյաներ տաճարներ շինած էին և թե անոր ձևերուն վրա որոշ կանոններ և օրենքներ հաստատած էին։ Այս դարուն մեջ ըստ ծիսական պահանջման եկեղեցիի մեջ, սեղանը իր տեղը ուներ, քահանայք և դպիրք իրենց տեղը և երկսեռ հավատացյալք իրենց հատուկ բաժինը, միայն այս բաժանումներուն մասին զանազան տեղերուն վրա տարբեր համոզումներ և հակառակ ուղղություններ կային։ Առայժմ գլխավորաբար երկու կերպ բաժանում հայտնի է, որ իրարու դեմ մրցեր են մինչև 7-րդ դար։ Առաջինը այն է, որ սրահին խորը կգտնվեր պատարագի սեղանը, անոր առջև քահանայից դասը, որուն անմիջապես կհաջորդեր ժողովրդին բաժինը և երևի ավելի ընդհանրացած և ընդունված ձևն այս էր, որ երբ Կոստանդիանոս քրիստոնեությունն ընդունեց, իր շինած բոլոր եկեղեցիներով, հատակագծերն այս ձևին պատշաճեցուց։ Երկրորդ ձևն այն էր, որ փոխանակ սեղանը խորը դրվելու կզետեղվեր կեդրոնին վրա, սեղանին շուրջը կկենային քահանայք և դպիրք և մնացյալ տարածությունը կգրավեր ժողովուրդը։ Այս տիպի եկեղեցիներ առ հասարակ բոլորակ կամ անկյունավոր բոլորշի ձև ունեցած են։

Անշուշտ այս զանազանությունները առաջ կուգային այլ և այլ տեղերու մեջ դավանաբանական վարդապետություներու և ս. գրոց տարբեր մեկնություններու պատճառավ։ Միլիոններու հասնող ժողովրդյան մը վրա միահեծան իշխելու տենչեն բռնված քարոզիչներ, եպիսկոպոսներ այնքան չափազանցության տարին քրիստոնեական վարդապետության պատրվակին տակ իրենց կուսակցական վեճերը, որ քայքայման վտանգ կսպառնար քրիստոնեության ամբողջական կազմին։

Թերևս քաղաքագիտական հեռատեսությամբ Կոստանդիանոս ևս քրիստոնեից հոգվույն վրա տիրապետելու տենչեն բռնված, նախքան իր դավանափոխ ըլլալը մեծամեծ պաշտպանություն և ապահովություն ցույց տվավ քրիստոնեից, իսկ իր քրիստոնեություն ընդունելեն հետո ալ, անմիջապես ձեռնարկեց իր հովանավորության տակ տիեզերական ժողով գումարելու, որպեսզի վերջ տա անախորժ երկպառակությանց և տարբեր տարբեր հատվածներ ի մի ձուլելով, անոնց վրա թե հոգևոր և թե մարմնավոր գերիշխանություն ձեռք բերե։

Քրիստոնեությունը ընդունելով, Կոստանդիանոս, ոչ միայն իր նոր հիմնարկած մայրաքաղաքը կշենցներ ու կհարստացներ, որը հին Հռովմը պիտի գերազանցեր, այլև արևմտյան կայսրության և համայն Եվրոպային սպառնացող բարբարոսաց աւրշավանքներուն դեմ կապահովեր ամբողջ երկիրը։ Երեք դար անընդհատ հավատո պաշտպանության անունով աներևակայելի հաստատամտությամբ և քաջությամբ հռովմեական ահեղ կայսրության ներքին ուժերը ջլատելու չափ կռվող քրիստոնյա հասարակությունը, երբ տեսավ իրեն գլուխ կանգնած քրիստոնյա թագակիրներ, ոչ միայն ավելի եռանդով և ոգևորությամբ պաշտպանեց երկիրը արտաքին հարձակումներու դեմ և ապահովեց կայսրության գոյությունը մինչև տասը դար ևս, այլև նյութական առասպելական հարստությամբ ողողեց թե՛ եկեղեցին և թե՛ կայսերաց պալատներն ու գանձարանները։

Ինչ որ ալ ըլլա Կոստանդիանոսի դավանափոխության նպատակը, վերջապես վերջնականապես դադար առավ քրիստոնեության դեմ եղած հալածանքը և փոխադարձ բուռն թափով անդրադարձավ հեթանոսներու դեմ։

Այս ժամանակը ոչ այնքան քրիստոնեական բարեկարգության, այլև գեղարվեստի վերածնության դար ալ եղավ։ Արվեստ և գիտություն նոր կրոնին հետ ձեռք ձեռքի տված հանկարծական փայլով մը զարգացուցին երկիրը, նոր կյանքի և նոր գործունեության շրջան մը սկսվեցավ. անթիվ եկեղեցիներ հիմնարկվեցան թե՛ մայրաքաղաքի և թե՛ կայսրության բոլոր նահանգներու մեջ. կսվի թե, Կոստանդիանոսի օրով ավելի քան 800 ճարտարապետներ զբաղված էին երկրին ամեն կողմը եկեղեցիներ, մատուռներ և վանքեր շինելով։ Պատմական ավանդություն կա, որ Կոստանդիանոսեն մինչև Հուստինիանոս 190 տարվան մեջ 18000 եկեղեցիներ հիմնարկեցին միայն Արևելյան կայսրության մեջ։

Քրիստոնեության պաշտոնապես ազատության սկզբնական շրջանին մեջ երբ բավարար թվով եկեղեցիներ չկային և անմիջական պահանջ կար մեծ քանակությամբ եկեղեցիներու, և նոր եկեղեցիներ կառուցելը երկար ժամանակի կարոտ էր, այդ անխուսափելի պահանջին շուտով բավարարություն տալու համար, Կոստանդիանոսի հրամանով քրիսաոնեից տրամադրության տակ դրվեցան բոլոր հեթանոսական տաճարներն ու քաղաքային շինություններեն մեծ մասը․ գլխավորաբար բազիլիք ըսված շինությունները, որոնք անխտիր [ 37 ] եկեղեցիներու փոխարկվեցան թեթև փոփոխություններով և նորոգություններով։ Արևելադրության սկզբունքը տակավին քրիստոնեից մեջ վերջնականապես մուտ գտած չըլլալը մեծապես օգնեց հեթանոսական շինությունները քրիստոնեական եկեղեցիներու փոխարկվելուն. դեռ 6-րդ դարու Այա-Սոֆիան ուղիղ արևելադրված չէ, իսկ ներքին բաժանման մեջ կռապաշտական տաճարներե ունեցած տարբերությունն այն էր, որ Զևսի գահուն վրա պիտի բազմեր հաղթական Էհովվան, և միածին Միներվի տեղը պիտի գրավեր Էհովվայի միածին Քրիստոսը։ Շատ քիչ ժամանակ էր հարկավոր, որ հեթանոսական բազմաթիվ երկրորդական աստվածներու թափուր մնացած աթոռներուն վրա ևս գային բազմելու քրիստոնեից բազմաթիվ սուրբերը միևնույն ավանդական և առասպելական նվիրագործումներով։ Իսկ մնացյալ մասերը, որոնք աստվածային, պաշտոնեությանց և ջերմեռանդ հասարակության կվերաբերեին, գրեթե անփոփոխ մնացին։

Քրիստոնեության պետական կրոն հայտարարվելեն առաջ, քրիստոնեության դարձող հեթանոսներ եթե կամավ կամ համոզումով հրաժարած էին կռապաշտական առասպելական ավանդություններե, քրիստոնյա պետության մը հալածանքներու տակ բոնի դավանափոխ եղողներ բնականաբար դյուրավ չպիտի հրաժարվեին իրենց սրտին մեջ արմատացած դարավոր հավատալիքներեն և ավանդություններեն, պայքարը նույնքան երկար և ահեղ պիտի ըլլար, ինչպես քրիստոնեության պայքարը հեթանոսության դեմ, եթե 4-րդ դարու եկեղեցվո քրիստոնյա քարոզիչներ հետևելով իրենց նախորդներու, Մովսեսի և Պողոսի խորագետ քաղաքագիտության, չվերանորոգեին հին ավանդությունները և սովորությունները, քրիստոնեական ծեսերու տակ մի կերպ սրբագործելով։ Ուստի այդ սկզբունքով ալ ոչ միայն խոտելի չեղան կռռց տաճարներու հատակագծային բաժանումները քրիստոնեից համար, այլև անոնց վերագրված սրբազան անուններն ալ օծումով և պաշտամունքով սրրագործվեցան, գրեթե միևնույն անուններով։ Հեթանոսական կույս Միներվի մեհյանը քրիստոնեական ս․ կույսի տաճար եղավ, Արևի մեհյանը ս. Հեղիի և բոլոր աստվածներու տաճար՝ Բանթեոնը— ամենայն սրբոց տաճարներու փոխարկվեցան։ Նույն բանը եղավ նաև հայոց մեջ, որուն մասին հետո պիտի տեսնինք։

Այժմ քննենք, թե ինչ խորհրդավոր ձև և բաժանում էր հարկավոր քրիստոնեական տաճարներու, որոնք պահելով իրենց մեջ եբրայական հին ուխտի տաճարներուն բոլոր բնորոշ գծերը, նաև պատշաճություն տրված ըլլար նոր ուխտի տաճարներու գլխավոր վարդապետությանց պահանջներուն, միևնույն ատեն հնարավորություն լիներ հեթանոսական տաճարներու և բազիլիքներու քրիստոնեական եկեղեցիներ փոխանակելուն։

Նոր կտակարանի տեսակետով հին ուխտը նորին ստվերն էր, կամ ավելի պարզ հին կտակարանի հին մովսեսավանդ ծեսերը, ավանդությունները. ապագա քրիստոնեության նախագիծ պատկերներն էին, որոնք ժամանակավորապես ծածկված պիտի մնային խորհրդավոր քողի տակ մինչև Մեսիային հայտնագործությունը. և անկեց հետո՝ հին սովորությունները նորին մեջ պիտի ունենային դարձյալ իրենց հատուկ պատշաճ տեղը, ավելի պարզված, մեկնված, և իրականության փոխված այն ամենը, որոնք ի հնումն լոկ մարգարեություններ էին միայն։

Այստեղ համեմատենք եբրայական տաճարի պաշտաման և սպասարկությանց հատուկ մանրամասնությունները քրիստոնեական տաճարի մանրամասնությանց հետ և տեսնենք թե ինչո՞վ տարբերվեցավ վերջինը առաջինեն.

Եբրայական տաճարի մանրամասնությունները

1) Սրբարան

2) Սրբություն սրբոց

3) Տապանակ ուխտի

4) Տապանակին մեջ դրված քարե տախտակ տասն պատվիրանաց, օրինաց թուղթ և մանանա

5) Զոհի սեղան

6) Աշտանակ յոթը թևով

7) Բուրվառ կամ խնկաման

8) Վարագույր սրբարանի

9) Քահանայից և դպրաց դաս

10) Հավատացելոց դաս կամ Իսրայելի գավիթ

11) Հեթանոսաց գավիթ

Քրիստոնեական տաճարի մանրամասնությունները

— Խորան

— Խաչը, սրբատուփը

— Խաչկալ

— Ավետարան և հաղորդություն

— Պատարագի սեղան

— Աշտանակ յոթը թևով (հունաց մեջ մինչև այսօր գործածական)

— Բուրվառ և խնկաման

— Վարագույր խորանի

— Քահանայից և դպրաց դաս

— Հավատացելոց և կամ մկրտված քրիստոնյաներու աղոթքի դաս

— Երեխայից կամ ապաշխարողաց գավիթ


Ինչպես կերևի այս համեմատությունեն, հինին և նորին հատկությունները գրեթե միևնույնն են, շատ մասնավոր փոփոխություններով և կամ հավելումներով, հետևաբար նախկին երեք դարերու քրիստոնեության վարդապետները պիտի մշակեին այս ձևը լիովին ծիսական պետքերու մեջ բավարարություն գտնելու համար և այդպես ալ եղավ արդեն։ Թեև բացի եբրայական տաճարի մանրամասնութենեն մտավ նաև քրիստոնեական եկեղեցիներու մեջ հեթանոսական տաճարներեն ալ բաժիններ նույն հատկություններով և նույն անուններով, սակայն այդ մասերը թե՛ քիչ ուշ մտան և թե՛ այնքան ալ պարտավորիչ չեղան երկար ժամանակ. պարբերաբար միայն պահանջ զգացվեցավ անոնց։

Եգիպտացոց, հունաց և այլ հին ազգաց տաճարները քննելով մենք տեսանք, անոնք եբրայական տաճարներե [ 38 ] տարբերություն չունենալեն զատ, եբրայական տաճարը կետ առ կետ ձևված էր անոնց վրա, արդ, երբ հեթանոսական տաճարը կպատշաճի եբրայական տաճարին, բնական էր, որ դյուրավ պիտի պատշաճեր նաև քրիստոնեական տաճարին, բացի հետզհետե ավելացած մեկ-երկու հերձվածական պահանջներեն և արևելադրության սկզբունքեն։

Կմնա քննել բազիլիք ըսված շինությունները, թե ինչ էին անոնք և ինչ հատկություններով պատշաճություն տվին եկեղեցիներուն և իբրև նախատիպ ծառայեցին ապագա բազմաթիվ եկեղեցիներու, մասնավորապես Արևմուտքի մեջ։

Բազիլիքները, քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկը և երբեմն մինչև եռապատիկը երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով երեք կամ հինգ մասերու կբաժանվեին, միշտ մեջտեղի սյունամիջոցները համեմատաբար լայն քան կողմնակիները. երկարության խորը կվերջանար կիսաբոլորակ աբսիդով մը։ Աբսիդին մոտ երկու կողմերուն վրա անոնք հաճախ կունենային երկու փոքր սենյակներ, որանք Chaicidique կանվանվեին: Այս ձևին հռովմեացիք ծանոթացան Հունաստանի մեջ մակեդոնական պատերազմի ժամանակ նախքան 231 թվականը Քրիստոսե առաջ։ Հռովմի մեջ 204 թվին Ք. ա. առաջին օրինակը շինեց PorciuS Caton, որը Porcia կոչվեցավ. երկրորդ օրինակը Marcos fuilvius Nobilius և այսպես հաջորդաբար շարունակվեցան մինչև քրիստոնեության օրերը, որոնց մեջ գտնվեցան երբեմն մեծամեծ ու նշանավոր բազիլիքներ ինչպես Տրայանոսի, Յուլբիայի և այլն և այլն, և անոնցմե շատերն ալ քրիստոնեական եկեղեցիներու փոխարկվելով պահվեցան մինչև 7-8-րդ դար։

Բազիլիքներու ձևերուն և հատկություններուն վրա կատարյալ գաղափար կազմելու համար ընտրանոք կդնեմ այստեղ կատարելագործյալ շրջանի երկու բազիլիքներու հատակագծեր, որոնցմե առաջինը կվերաբերի Տրայանոս կայսեր Basilique Trajan անվամբ և երկրորդը baslqliue d’Herculanum:

Նկ․ 3. Նախաքրիստոնեական բազիլիքներու հատակաձևեր

Այս շինությունները հատուկ էին մեծամեծ ժողովներու, ուր կհավաքվեին երբեմն կայսեր նախագահությամբ երկրին մեծամեծ իշխանները, դատավորները և օրենսգետները, ժողովրդյան ներկայությամբ հասարակական և ազգային մեծամեծ խնդիրներու վրա խորհրդակցելու համար։ Կիսաբոլորակ աբսիդը հատուկ էր թագավորին, ուրկեց առած է յուր բազիլիք անունը հունարեն վասիլիոս բառեն առնելով, իսկ ի բացակայության թագավորին փոխանորդող նախագահը պիտի նստեր այնտեղ։ Երբ աբսիդը մեծ էր, ամբողջ կիսաբոլորակ շրջանակին հավասար կարգով կնստեին մյուս պաշտոնյաները կամ խորհրդականները, սյունազարդ ընդարձակ սրահը հատուկ էր ունկնդիր ժողովրդյան բազմության, կողմնակի փոքր սենյակները հատուկ էին խորհրրդակցության, արխիվի և այլ զանազան երկրորդական պետքերու:

Այս ձևը ոչ միայն իր ընդարձակությամբ և խորը գտնված կիսաբոլորակով վերին աստիճան պատշաճ էր քրիստոնեական հանդիսավոր թափորներու և արարողություններու, այլև ոմանց երկու կողմին վրա եղած փոքր սենյակներուն պատճառով խաչաձևի մոտեցող հատկությունը իբրև նախագաղափար պիտի ծառայեր ապագա քրիստոնեական եկեղեցիներու խաչաձև հատակագծերուն[5]. ուստի խորը գտնված կիսաբոլորակ աբսիդը սրբարանի վերածելով՝ պատարագի սեղանը զետեղեցին անոր կենտրոնական մասին վրա բոլորովին անջատ կերպով, ճշտությամբ իրագործելու համար թե՛ մովսեսական զոհի սեղանի դիրքը և թե՛ Դավթի «լուացից [ 39 ] զձեռս իմ սրբութեամբ և շուրջ եղից զսեղանով քով» խոսքը։

Սեղանին դրված տեղը, այսինքն աբսիդին հատակը ավելի բարձր շինեցին հասարակության տեղեն զանազանելու համար, ըստ որում սա սրբարանին փոխանցումն էր։ Խաչկալը, որ եբրայական Տապանակ ուխտին տեղը բռնեց, պատշաճապես հորինվելեն հետո, վրան զետեղեցին խաչը, որը Քրիստոսի աներևույթ ներկայությունը կհիշեցներ ինչպես Տապանակին մեջ Էհովվայի աներևույթ ներկայությունը կհիշեցներ սրբություն սրբոցը, Տապանակին մեջ դրված տասն պատվիրանաց քարե տախտակին և օրինաց գրքին փոխարինեց ս. գիրքը, մանանային տեղը հաղորդությունը՝ գոյափոխյալ Մարմին տյառն սրբատուփով կամ սկիհով։ Եբրայական տաճարի սրբարանին վարագույրը նույնությամբ ընդունվեցավ քրիստոնեից մեջ նույնպես նաև պաշտաման հատուկ շատ մը սպասներ, ինչպես յոթը ճյուղերով աշտանակ, բուրվառ, խնկաման։ Ծիսակատար կղերականներու հագուստներ ևս անփոփոխ նույնն են քրիստոնեից մեջ, ինչ ձևով որ Մովսես շինել տվավ դեռ անապատին մեջ, շատ թեթև քրիստոնեական խորհրդանշաններու հավելումներով։ Գլխավոր տարբերություն մը եթե կար եբրայականին և քրիստոնեականին սկզբնական շրջանին մեջ, այն ալ եպիսկոպոսական աթոռը աբսիդի խորը դրվելով՝ մնացյալ հոգևորականներու աբսիդին համահավասար ուղղությամբ շարվելն էր․ այս կերպ զետեղման պատճառ տվին բազիլիքները, եպիսկոպոսը իբրև եկեղեցվո պետ այնտեղ պատշաճ համարեց, ուր որ բազիլիքի մեջ թագավորը կնստեր իբրև աշխարհական պետ, սակայն այս կերպ կարգադրթյունն ալ բոլորովին կամայական կերպով չեղավ, կղերը հիմք գտավ այս ձևին պատշաճության Հովհաննու Հայտնության Ե գլուխին մեջ, ինչպես նաև ուրիշ քանի մը արարողություններու։ Ինչպես կերևի, եպիսկոպոսական աթոռին և քահանայից ու դպրաց դասին աբսիդին մեջ տեղ բռնելու սովորությունը ընդհանրապես չընդունվեցավ, գլխավորաբար հունաց եկեղեցին էր, որ երկար ատեն պահեց այդ ձևը. մինդեռ արևելյան եկեղեցիներեն մեկ քանին կամ շատ շուտով փոխեցին այդ ձևը և կամ բնավ չընդունեցին և քահանայից դասուն հատկացուցին խորանին անմիջապես հաջորդող մասին վրա, որ կգտնվեր ժողովրդյան բաժնին և սեղանին մեջ տեղ. ասով թե՛ նմանություն տվին հին ուխտի ծիսական ձևին և թե՛ խորհրդավորություն մը քահանայից պաշտոնին որպես միջնորդ աստծու և ժողովրդյան մեջ։

Բտզիլիքներու մեջ եղած սյունաշարերը, դյուրացուցին հին օրենքեն քրիստոնեության անփոփոխ կերպով անցնող կանանց գավթի բաժանման խնդիրը, մեկ սյունեն մյուսը ձգված երկաթե ձողերու միջոցով կախված վարագույրներով զատեցին սրահին մեկ թևը և հատկացուցին կանանց, իսկ մյուս թևը մինչև առանձին հեթանոսաց գավիթ շինվելը կծառայեին իբր հեթանոսաց գավիթ, կամ երեխայից և ապաշխարողաց բաժին, կեդրոնական մեծ թևին մեջ բռնեցին ճշմարիտ քրիստոնյաները հանդեպ խորանին, ուրկից համարձակ կտեսնեին եկեղեցական բոլոր արարողությունները և կլսեին ընթերցմունք կամ սաղմոսերգություններ։

Ուրեմն այս կարգադրությամբ Քրիստոսի եկեղեցին ալ ունեցավ հետևյալ գլխավոր հատակագծային բաժանումները, գրեթե նման նախընթաց դարերու զանազան դավանությանց պատկանող ազգերու կրոնական տաճարներուն.

1․ Աստվածային աներևույթ ներկայության գահը.

2. Քահանայից բաժինը.

3. Ժողովրդյան սրահ.

4. Հեթանոսաց գավիթ։

գ․ ԱԿՆԱՐԿ ՄԸ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃԵՐՈԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԲԱԺԱՆՄԱՆ ՎՐԱ[6]
I

Պետքը ստեղծեց բնակարանները, իսկ ճաշակը անոնց զանազան զարդարանքները։

Նախնադարյան ժամանակներու մեջ բնակարանները սկսվեցան ստորերկրյա նկուղներե և քարայրներե․ ու մարդկության զարգացման համընթաց զարգանալով փոխվեցան մեր օրերու մարմարյա և բյուրեղյա հրաշագեղ պալատներուն։

Այս շինություններու արվեստը եղավ ճարտարապետության և անոնց ձևերը եղան ոճ:

Շենք մը իր ընդհանուր ձևին մեջ ունեցավ ոճերու երեք գլխավոր ստորաբաժանումներ, որոնք են ներքին բաժանում, շինության կերպ և զարդարանքներ, ասոնք ալ եղան ոճեր և գործածվեցան շատ անգամ իրարմե անկախ։

Այս ոճերը, ամեն երկրի մեջ, ըստ միջավայրի տարրական պահանջներու, իրարմե տարբեր ուղղություն ստացան, որով ծագում են մինչև մեր օրերը անհամար ճյուղերու բաժանվեցան, այնպես որ ոչ միայն երկրե երկիր, այլ նաև քաղաքե քաղաք նորանոր ոճերու ծնունդ տվին։

Ներքին բաժանումները ծնվեցան յուրաքանչյուր երկրի ընտանեկան և տնտեսական պահանջներու համաձայն. շինության կերպը զանազանվեցավ նույն երկրներու արտադրած շինվածանյութերու տեսակին և կլիմային համեմատ, իսկ զարդարանքներու մեջ դեր խաղացին միջավայրի բնական դիրքերը, զիրենք շրջապատող բնությունը և անոնց ազդեցության տակ զարգացող ժողովուրդին ստեղծագործական ոգին ու նրբացած ճաշակը։

Մի քանի երկրներու մեջ կրոնքը ոչ նվազ նշանակություն ունեցավ գեղարվեստի ծաղկման և անհամեմատ արագ զարգացման վրա։ Ըստ ամենայնի ճոխ ու հսկա շինություն մը շինելու համար, նախաքրիստոնեական դարերու մեջ այնքան յուրահատուկ ձևեր և հարամասունքներ ստեղծվեցան, որ հետագա սերունդներու մեջ, նախապես պատրաստված բազմաթիվ նյութերու տարբեր-տարբեր դասավորությունները եղան ոճեր։

Հետագա սերունդներն ալ անպտուղ չմնացին, անոնք ալ ըստ իրենց միջավայրի և ճաշակի զարգացման աստիճանի, բազմաթիվ ճյուղեր պատվաստեցին այդ բազմադարյան ուռճացած հաստ բունի վրա։ Հին ձևերը կոկեցին, նրբացուցին և խառնելով ճաշակի ու

  1. Այս հոդվածը արտատպում ենք «Հուշարար» ամսագրի 1907 թվականի 3-րդ և 6-րդ համարներից − էջք 39-42 և 90-93. Կազմող
  2. Պետք չէ շփոթել Եգիպտոսի Գարնաքի հետ. այս Գարնաքը կգտնվեր հին Եվոպայի մեջ՝ այժմյան Ֆրանսիայի սահմաններուն մեջ։
  3. Այստեղից սկսած մի այլ անտիպ հոդված ենք միացնում իբրև նախորդի շարունակություն։ Կազմող
  4. Ժամանակագրութիւն տեառն Միխայէլի Ասորւոյ Պատրիարքի, Երուսաղեմ, 1871 թ․, էջ 113-114։
  5. Այստեղ պատշաճ կհամարեմ ասել, որ իմ կարծիքով սխալ է այն ըմբռնումը, երբ երկար քառակուսի շինություն մը, որը սյունաշարերու միջոցով թևերու բաժանված է, զայն բազիլիք անվանել կամ բազիլիքի առանձնահատկությունը այս ձևին մեջ տեսնել։ Այս ձևով շինություններ բազիլիք անունը ստանալե շատ առաջ գոյություն ունեին Հունաստանի ամեն կողմը, Եգիպտոսի մեջ: Ինչպես Հունաստանի և Եգիպտոսի մեհյանները ամենն ալ երկար քառակուսիներ են, հաճախ սյունաշարերով թևերու բաժանված։ Բազիլիքի միակ հատկությունը, որով կզանազանվի ուրիշ բազմատեսակ շինություններե, խորը գտնված կիսաբոլորակ աբսիդն է. այդ աբսիդավոր շինություններն էին միայն, որոնք բազիլիք անունը ստացան սկսյալ այն թվականեն, երբ երևցան անոնք (աբսիդը)։ Բազիլիք անունը, որ հունարեն վասիլիոս բառեն կուգա, պարզապես ցույց կուտա, որ այդ շինությունները եթե ոչ թագավորաշեն, գոնե անպայման իր մեջ թագավորի հատուկ բաժին մը ուներ, և այդ բաժինը աբսիդն է: Երևցան շատ զանազան տեսակ բազիլիքներ աբսիդներու չափով և ձևով զգայի կերպով իրարմե զանազանվող։ Ոմանց աբսիդը այնքան փոքր էր, որ թագավորին հատուկ աթոռը միայն կտեղավորվեր, իսկ խորհրդականաց աթոռները կդրվեին նույն տեղի մեջ հատկացված բաժինի մը վրա, որուն հատակը կամ բարձր էր հասարակության հատկացուցած տեղի հատակեն և կամ վանդակապատով կամ սյունաշարերով անջատված էր։ Երբեմն պատահեցան մեկե ավելի աբսիդներով միևնույն պատին վրա բնականաբար փոքր չափով, իսկ անոնցմե ոմանք ալ փոխանակ կիսաբոլորակի քառակուսի ձևով շինվեցան, թեև այս վերջինս համեմատաբար շատ հազվադեպ էր։ Աբսիդին հաջորդող խորհրդականաց այդ բաժինն է, որ այսօր Արևմտյան եկեղեցիներու մեջ transcpi անունը ստացավ։
  6. Արտատպվում է «Հուշարարի» 1907 թ. № 1-ից (էջ 9-10)։ Կազմող