Հայկական ճարտարապետություն (Թորոս Թորամանյան, հատոր 2)/Ճարտարապետության ծագումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճարտարապետության ծագումը

Թորոս Թորամանյան

Նախնադարյան ժամանակներ
ա․ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ[1]

Գիտական բազմաթիվ լուրջ հետազոտություններ ապացուցեցին, որ մարդկային ցեղը ունեցեր է իր նախնական վիճակը, երբ միանգամայն զուրկ է եղեր այսօրվան քաղաքակրթության պարգևած առավելություններեն։

Նախնադարյան մարդկային համայնքն իր ֆիզիկական բացառիկ առավելություններու շնորհիվ սկսավ քայլ առ քայլ առաջ երթալ, անզգալի կերպով առաջ տարավ իր տնտեսական զարգացումը, համրաբար քակվեցան լեզվի կապերը՝ սուր ճիչերը, բացականչությունները հետզհետե բառերու և խոսքերու փոխվեցան, և այսպես դարե ի դար լեզուն զարգանալով, ճոխանալով հասավ մինչև մեր օրերու ամենակատարյալ նրբություններուն:

Մարդկային ցեղի նախնական ներկայացուցիչները ոչ միայն լեզվով ու բառերով աղքատ էին, այլև թվով ալ շատ քիչ: Անսահման ժամանակը գոյություն տվավ այսօրվան բազմամիլիոն մարդկության։ Քանի բազմացան մարդիկ, այնքան տարածվեցան երկրագունդի զանազան կողմերը և յուրաքանչյուր աշխարհամասի տեղական պայմաններու համեմատ, անոնք ստացան իրարմե տարբեր նկարագիր, բարք, սովորություն և լեզու։

Մարդկային լեզուները դարուս գիտնականներուն ուսումնասիրության այնպիսի անսպառ նյութ մատակարարեցին, որոնք այսօր խորասուզված գրքերու, արձանագրություններու և այլ հիշատակարաններու անհունության մեջ, անդադար կփնտրեն յուրաքանչյուր բառի ծագման պատճառը, ծննդավայրը և գաղթավայրերը:

Թե որչա՞փ հաջողեցան գտնել այսօրվան բազմազան լեզուներ ու նախատիպը, այդ մասին իհարկե դեռ վճռական ոչինչ չկա. ճշմարտութենե շատ ավելի են ենթադրությունները, որովհետև շատ դժվար է մեկեն ի մեկ թափանցել մարդկային ցեղի հեռավոր անցյալի աղջամուղջային խավարի մեջ, երբ ոչ գիտություն կար, ո՛չ գրականություն, ո՛չ քաղաքակրթություն և ո՛չ ալ ապագա սերունդներին որևէ հիշատակություն թողնելու գաղափարը: Ուստի գիտությունը հասավ մինչև այն որոշ սահմանը, ուր մարդիկ գեթ դիպվածական կերպով թողեր էին իրենց գոյության և կյանքի շոշափելի հետքերը: Այդ սահմանը քաղաքակրթության խանձարուրն էր: Այդ շրջանին ապրող մարդկային ցեղի թողած իր գոյության ապացույցներուն վրա, խելքի, իմացականության, դատողության և գործնական կյանքի հազիվ աղոտ նմուշներ միայն կերևային, ուստի բնականորեն պիտի հետևեր, որ ավելի հնագույն ժամանակներու մեջ մարդկային ցեղը կատարյալ վայրենության շրջան մը անցնելեն հետո կամաց կամաց մտավ քաղաքակրթության սահմանին մեջ, և հասավ այսօրվան նախանձելի բարձրության:

Ճիշտ այսպես ալ սկսավ արվեստներու ծագումն ու զարգացումը: Երբ մարդկային ցեղի անասնական բնազդները թուլանալով, խմբովին, ընկերական կյանքով ապրելու տրամադրություն ստեղծվեցավ անոնց մեջ, երբ իրենց նախնական օրրանը, կենսական անհրաժեշտ պիտույքներու համար նեղ զգալով, արգավանդ ու բերրի տեղեր փոխադրվեցան, պետք զգացին նաև ցեղական արյունռուշտ կռիվներն և վայրի գազաններու հարձակումներն ինքզինքնին պաշտպանելու համար ապահով ու անմատչելի բնակարաններու։

Այն ցեղերը, որ իրենց գաղթավայր էին ընտրել մշտադալար լեռնալանջեր և պատսպարվել էին լերանց խորշերու և բնական քարայրներու մեջ, ստիպվեցան ապրել որսորդությունով և անասնապահությամբ, իսկ այն ցեղերը, որոնք իրենց գաղթավայր էին ընտրել ընդարձակ, ջրառատ դաշտավայրեր, անտառոտ տեղեր, պարապեցան արմտիքներ հավաքելով և հողի կամավորապես պարգևած պտուղներով սնանալու, և փոփոխական կլիմայի ազդեցություններեն ու վայրի գազաններու անակնկալ հարձակումներեն ինքզինքնին պաշտպանելու համար եղեգներն ու ծառի ճյուղերե խուղեր հյուսեցին, խրճիթներ շինեցին և անոնց մեջ բնակություն հաստատեցին:

Շատ անգամ դաշտավայր տեղերու մեջ իբրև ապահով ամրոց, գործածեցին փոքր լիճերը, որոնց մեջ ցիցերու վրա շինեցին իրենց բնակարանները՝ ցամաքի հետ շարժական կամուրջներով կապելով: Գիշերները կվերցնեին այդ շարժական կամուրջները, և բոլորովին կղզիացած կանցընեին մինչև առավոտ։

Անոնք, որ հարմարավոր լճակներ չգտան, մեծամեծ ծառերու վրա շինեցին խրճիթներ, ու կբարձրանային շարժական սանդուղներով, և գիշերները սանդուղներն ալ կքաշեին վերև ապահովությամբ գիշերելու համար:

Կիսավայրենի մարդկային ցեղերը անհամեմատ ավելի շատ և շուտ աճեցան, այս արագ աճման հետ նաև բազմացան բնական պետքերը, այլևս բավական չեղան բնության կամավորապես տված պտուղներն ու արմտիքը, կամաց-կամաց ծնավ մշակությամբ ձեռք բերելու գաղափարը և զարթեցավ մշակությունը բեղմնավորելու հանճարը:

Բնակարաններ կառուցելու, հողը մշակելու և ուրիշ առօրյա բազմազան պետքերը արվեստական միջոցներով ձեռք բերելու համար պետք զգացին գործիքներու, ուստի դիմեցին քարերու և փայտերու օգնության՝ քանի դեռ մետաղները ծանոթ չէին:

Կարծր քարերե շինեցին ամեն տեսակ գործիքներ, ուրագ, կացին, դանակ, բրիչ, նույնիսկ խոփեր՝ հողը հերկելու համար։ Մարդկային աշխատանքներու օժանդակության կոչեցին նաև անասունները, նախապես հանելով զանոնք իրենց վայրենի վիճակեն: Կենդանիները ընտելացնելով, ո՛չ միայն օդտվեցան անոնց կաթեն, մսեն ու մորթեն, այլև ուժեն:

Փոփոխական կլիմայի տակ մարդկային ցեղը քաղաքակրթության առաջին քայլեն, սնունդի անհրաժեշտ պետքերուն հետ զուգընթացաբար կարիք զգաց նաև հագնվելու։ Սկզբում պարզ մորթով մը ծածկվելու սովորությունը աստիճանաբար փոխվեցավ չափված, ձևված ու կարված հագուստներու, որոնց համար նաև մարդկային հանճարը չուշացավ բուրդն ու բամբակը արհեստական միջոցներով մանելու և հյուսելու հնարները ստեղծել։

Բարեկեցության և հարստության սերը ստիպեցին մարդուն որոնել այնպիսի աշխարհամասեր, ուր հողը և կլիման ընդունակ լիներ առատ արդյունաբերության: Հողագնդին վրա պակաս չէին այսօրինակ արգավանդ տեղեր, թեև հեռու, այնուամենայնիվ մարդիկ դադար չառին, համայնական կամ ցեղային մեծամեծ խումբերով գաղթեցին ու տարածվեցան երկրագնդի ամեն կողմը, և երբ գտան այնպիսի տեղեր, ուր ջրառատ և բարեխառն կլիմայով օժտված, արվեստական մշակութենե կույս հողը լիովին բավականություն կուտար համայնքին, այնտեղ հիմնավորապես մնացին բաժանելով հողը և սահմանելով վարչական ու տնտեսական կարգեր ու օրենքներ:

Մարդկային ցեղի վայրենութենե դեպի քաղաքակրթություն թևակոխած առաջին շրջանին մեջ իսկ քակվեցավ ճարտարապետական արվեստի խանձարուրը։

Երբ գաղթական խումբերն իրենց հարմար բնակավայրեր գտնելով, հիմնական բնակիչներ դարձան և երբ բավականին ապահովեցին իրենց կյանքն ու ապրուստը, բնականաբար այդ ապահովությունը պիտի ծներ նաև բարեկեցության և վայելչության տենչը, ցուրտեն ու տաքեն մարմինը պաշտպանելու համար ստեղծված նախնական կաշիե հագուստները անհաճո երևեցան հետզհետե զարգացող վայելչասիրական ճաշակին, ակնհաճո կերպով պճնազարդվելու տենչը մղեց մարդկությանը դեպի ճարտարապետություն և դեպի արվեստներու ստեղծագործությու, միայն բուրդը չէր, որ մանելով կտավ գործեցին, այլև բնության ուրիշ արտադրություններն ալ շահագործելով պատրաստեցին բազմատեսակ դիպակներ, կերպասներ և այլն և այլն, որոնք մեր օրերուն բնական պետքն ավելի պճնամոլության անդիմադրելի պահանջներ դարձան։

Մարդկային ճաշակի զարգացման այս բուռն հոսանքեն բնականաբար ազատ չպիտի մնար նաև բնակարաններու բարեձևության և վայելչության գաղափարը։ Ինչպես հագուստի և սնունդի, նույնպես ալ բնակարաններու համար ջանացին բնության արտադրություններեն օգտվիլ, ընդարձակ, լուսավոր, վայելուչ և ժամանակի պահանջներու համապատասխան գործածության հարմար բնակարաններ ունենալու համար։ Տարակույս չկա, որ մեկ կողմեն ալ մարդիկ հետզհետե սկսեցին ճանչնալ բնությունը և անոր մարդկային ցեղի վրա ունեցած ազդեցությունը, թե ի՞նչպես լույսը, օդը, ջուրը բարերար ազդեցության կարող են ունենալ մարդուս ֆիզիկական կազմության վրա, եթե անոնք լինեն մաքուր, առատ և ախորժելի։

Իր մարմինը պճնազարդել սովորող մարդուն հետզհետե անախորժ թվեցավ իր բնակարանի պարզությունը, զուգընթացաբար աճեցավ նաև ակնհաճո և փարթամ տեսարաններով շրջապատվելու մարմաջը, ուզեց իր հագուստի և մարմնական զարդարանքներու համապատասխան ներդաշնակությամբ զարդարված տեսնել բնակարաններու ներսը և դուրսը։

Ապրուստի համար և բնության քմահաճույքներուն դեմ որոշ չափով կռվելու գիտությունը ձեռք բերած մարդկային ցեղին համար կմնար այժմ ակնահաճո ներդաշնակությամբ և մեծափարթամ ու հոյակապ բնակարաններ ունենալու մշտնջենական մրցումը։ Հասարակական ու անհատական շենքերը, ներքուստ ու արտաքուստ շարժական ու անշարժ զարդաքանդակներով պճնելու մեջ մեկզմեկ ու գերազանցելու ձգտումը այնքան առաջ գնաց, որ շատ քիչերուն հաջողեցավ վառ երևակայությամբ, ընդհանուրի աչքին ու ճաշակին հաճելի շինարարական գեղեցկություններ ու մեծագործություններ ստեղծելու թռիչքը ունենալ, որոնց արդյունքը եղան աշխարհի վրա այսօրվան ճարտարապետական հրաշալիքներ համարվող չքնաղ հանճարներու կերտած հավիտենական կոթողները։ Ուստի նախնական խուղերու և խրճիթներու հետ դեմ դիմաց հոգեզմայլ վսեմ ներդաշնակությամբ շենքեր կանգնեցնելու արվեստը գեղարվեստի կարգը դասվելով ճարտարապետություն անունը և ստեղծագործող հազվագյուտ հանճարի տերը ճարտարապետ տիտղոսը ստացավ։

Բայց շատ մը պատճառներով, մարդկային ցեղը քաղաքակրթության մեջ հավասարապես չզարգացավ երկրագնդի ամեն մասերուն վրա, այդ պատճառով ալ մենք այսօր քաղաքակրթության գագաթնակետին հասած ազգերի հետ քով քովի կտեսնենք նախամարդու իսկական ներկայացուցիչ ցեղեր։

Անշուշտ տարօրինակ է, որ բյուրեղյա պալատներ ստեղծելու կարող ցեղին հետ և անոնց անմիջապես քովիկը կգտնվեն նույն ցեղին պատկանող հասարակություններ, որոնք ոչ նվազ կհիշեցնեն ու կպատկերացնեն նախամարդու հոգեկան ու բարոյական իսկական նկարագիրը։ Մենք շատ ունենք այսօր արտաքո կարգի շքեղությամբ փայլող մեծ մայրաքաղաքներու անմիջապես կողքին, ստորերկրյա այրերու և ողորմելի խրճիթներու մեջ ապրող բնակչություն մը։

Այստեղ, տնտեսական պայմաններու անհավասար զարգացումն է պատճառ, որ միևնույն շրջանակի մեջ ծաղկող քաղաքակրթության բարիքները հավասարապես չեն կարող վայելել համորեն բնակչությունը։ Թեև մյուս կողմանե, ճշմարտություն է, որ «ազնվացած» համարված դասակարգի մը մեջ ալ պահված են վայրենի հակումներ ու զորեղ գծեր, որուն պատճառով, առանց իրապես ազնվանալու սեփականությամբ ու առատության մեջ լիովին հղփացած դասակարգը չի քաշվեր զրկելն, հարստահարելն, և անասնական անտարբերությամբ կդիտե թշվառության զոհեր ու աղեկտուր գալարումները։

Իսկապես կրթված ու ճշմարտասեր ազնվացած մարդկային որոշ խմբավորումներ, բնականաբար չէին կարող անտարբեր հանդիսատես լինել այս հակամարդկայինն երևույթներուն և չստեղծել թշվառությունները վերացնելու միջոցներ: Ուստի այդ ճշմարտապես ազնվացած և սրտի ու մտքի կատարյալ դաստիարակությամբ օժտված խմբավորումներու ձեռքով հիմնվեցան քաղաքական, կրթական և բարեգործական հաստատություններ և անխոնջ աշխատանքով մեկ կողմանե կջանան քաղաքակրթութենե ետ մնացող դասակարգի կենցաղը բարելավել և դասակարգային նկարագիրը բարձրացնել, մյուս կողմանե նորահաս սերունդին հոգվույն մեջեն չքացնելով տիրող խավի ստրկացնող դաստիարակության արմատները, ազնիվ դաստիարակությամբ օժտված քաղաքացիներ պատրաստել։

Սակայն նախնական մարդկության դեպի քաղաքակրթություն ունեցած աստիճանական զարգացումը չի կարելի այս երևույթով բացատրել և համեմատել ներկա ժամանակի զարգացման ուղղության հետ։ Մեր ժամանակակից կիսավայրենի ցեղերը կկրթվին ու կազնվանան գործնական օրինակներու առջև և կամա թե ակամա կմղվին առաջ՝ ընդհանուր հոսանքեն ետ չմնալու համար, և կամ քաղաքակիրթ աշխարհը բռնի կխառնե յուր քաղաքակրթության հոսանքին և կտանի դեպի իրական մարդկային կյանք։

Նախամարդը չուներ իր առջև իրական օրինակներ կամ փորձված առաջնորդներ, օրեօր իրեն առջև պարզվող կյանքի և զգացումներու անդիմադրելի պահանջներն էին անոր առաջնորդները, որոնց գոհացում տալու համար, ամբողջ դարաշրջաններու մեջ բազմաթիվ սերունդներ մաշվեցան, մինչև որ բավարար չափով ստեղծվեցավ մարդկային թշվառությունները մեղմելու, կյանքի ու ապրելու միջոցները դյուրացնելու չափ գիտություն և արվեստներ։ Սակայն այդ մաշվող ու տառապող սերունդը մեզմե տասնյակ դարեր առաջ այնպիսի փայլուն քաղաքակրթություն մը ստեղծեց և հետագա սերունդներուն ժառանգություն թողեց, որ մեր այժմյան սերունդը, առհասարակ ընդօրինակողի և կամ հինը մշակողի դերն ունեցավ։ Մեր դարերն ալ ունեն իրենց սեփական ստեղծագործությունները, անոնք ալ նախապես սերունդե սերունդ մշակված ու պատրաստված ուղեղներու շնորհիվ էր որ առանց քաղաքակրթված նախնիքներու սերունդ լինելու, անհնար էր ստեղծագործել վերջին դարերու գիտության ու արվեստների նորությունները։

Բայց թե գիտությանը և արվեստներու ստեղծագործությունից մինչև բավարար աստիճանի մը հասնելը, մարդիկ ի՞նչ պարբերական ազդեցություններե անցան, ի՞նչ հոգեբանական տրամադրություններ զիրենք մղեցին դեպի ստեղծագործություն, աշխարհագրական ի՞նչ դիրքեր, պատմական ի՞նչ հեղաշրջումներ ներգործեցին մարդկային հանճարի վրա, քանի՞ հազարավոր սերունդներ մաշվեցան, և յուրաքանչյուր դարաշրջանի մեջ քանի՞ քայլ մոտեցան մեզ պատմությամբ և հնագույն հիշատակարաններով ծանոթ բարձրագույն զարգացման հեռավոր շրջանին, որ մեզմե հազարավոր տարիներ առաջ փայլեցավ երկրագունդի քանի մը կետերուն վրա։

Ահա այս հարցերն են, որոնք տակավին իրենց մեջ կբովանդակեն մեծամեծ գաղտնիքներ։ Ներկա գիտությունը կձգտի ճշտությամբ գծել այն ուղին, որով մարդկությունը առաջացավ մինչև մեր օրերը։ Պետք է հավատալ սակայն, որ օր մը ապագա սերունդին առջև պարզված պիտի լինին այժմ անլուծելի համարված գաղտնիքները՝ գիտության անխոնջ աշխատավորներու ջանքերով։

Հետզհետե կմտնեն անոնք երկրի անթափանցելի խավարին մեջ, կբանան անհիշատակ ժամանակներու մեջ ապրող քաղաքակրթության գերեզմանները և քարացած լավաներու մեջեն դուրս կբերեն նախնադարի մարդուն թողած հիշատակությունները և ձեռարվեստի նմուշները մինչև հետին դարերը։

Հին հիշատակարանները զիրենք կերտող ժողովուրդի արժանավորությանց իսկական պատկերներն են։ Անոնց յուրաքանչյուր բեկորին վրա ներկա գիտությունը հաջողությամբ կկարդա նույն ժամանակի հասարակական և անհատական արժանավորություններն ու թերությունները։ Հիշատակարաններով կազմվեցան շատ մը ծանոթ ու անծանոթ ազգերու անցյալի ստույգ պատմությունը։

Նույնպես հիշատակարաններով պիտի կազմվի մեր ժողովրդի՝ հայության ալ իսկական պատմությունը։

  1. Այս հատվածը տպագրում ենք հեղինակի անտիպ աշխատությունից, որին կցել ենք նաև այլ անավարտ աշխատությունների մասեր։ Կազմող