Հայոց հին գրականության պատմություն (հատոր 2)/Առաջաբան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայոց հին գրականության պատմություն

Մանուկ Աբեղյան

Կյանքի և աշխարհայեցության փոփոխություն

ԱՌԱՋԱԲԱՆ

1940 թվականի աշնանը Մանուկ Աբեղյանը իր համաձայնությունը տվեց ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի Գրականության և Լեզվի Ինստիտուտին գրելու Հայ հին գրականության պատմությունը:

Այս աշխատության առաջին հատորը, որտեղ հայ գրականության պատմությունը հասնում է մինչև Գրիգոր Նարեկացին, այսինքն 1Օ-րդ դարը, հանգուցյալ գիտնականը ավարտել է — ինչպես այդ երևում է հատորի առաջաբանի թվագրումից — 1942 թ. ապրիլին:

Նույն թվականի կեսերից Աբեղյանը սկսեց աշխատել երկրորդ հատորի վրա, որ պիտի ընդգրկեր հայ գրականության պատմությունը 11-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին տասնամյակների գրաբար գրականությունը: Երկրորդ հատորի վրա Աբեղյանը աշխատեց՝ կարճատև ընդմիջումներով՝ մինչև իր մահը, բայց ցավոք չավարտեց այն, կարողացավ մշակել միայն մինչև 14-րդ դարի վերջը, այն է՝ Առաքել Սյունեցին:

Սկզբնական շրջանում Ինստիտուտը ենթադրում էր՝ օգտագործելով «Արարատ» ամսագրում Աբեղյանի հրատարակված հոդվածները 19-րդ դարի գրաբար գրականության մասին, եղած բացը (15—18-րդ դարեր) լրացնել այլ հեղինակի շարադրանքով:

Սակայն, ժամանակի ընթացքում պարզվեց, որ Աբեղյանի արխիվում պահպանվել են Գևորգյան ճեմարանում նրա կարդացած՝ հայ հին գրականության պատմության հենց այդ պակասող շրջանին վերաբերող դասախոսությունների սևագրությունները: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ սևագրությունները իրենց շարադրանքով ու արծարծած տեսակետներով՝ կարող են մշակված մասի թեկուզ համառոտ շարունակությունը հանդիսանալ, որով և ապահովվում էր հատորի հեղինակային միասնությունը:

Այսպիոով, Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» տվյալ հատորը բաղկացած է հետևյալ երեք հիմնական մասերից․ ա) մշակված մաս, որ ամենից ընդարձակն է և ընդգրկում է, ինչպես ասվեց, 11-14-րդ դարերը, բ) սևագիր մաս, որ ընդգրկում է 15—18-րդ դարերը, և գ) տպագրված մաս («Արարատում»), որ ընդգրկում է 19-րդ դարի առաջին տասնամյակները: Վերջին երկու մասերը հատորում անվանված են «Լրացում» — տարբերելու համար առաջին մասից:

Մի քանի խոսք այս բաղադրիչ մասերից յուրաքանչյուրի վերաբերյալ:

ԱՌԱՋԻՆ՝ ՄՇԱԿՎԱԾ ՄԱՍ

1. Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի մշակված մասի ձեռագիրը պարփակված է 19 տետրակի մեջ, որոնք համարակալված են — բացառությամբ 18֊րդ տետրակի — իր իսկ Աբեղյանի ձեռքով: Մ. Աբեղյանը համարակալել է նաև էջերը, ըստ որում իր ձեռքով համարակալումը նա հասցնում է մինչև 16-րդ տետրակի վերջը, այն է՝ 1051-րդ էջը. 17 և 18֊րդ տետրակների էջերը համարակալված են արդեն Մ. Աբեղյանի որդու, նկարիչ Մհեր Աբեղյանի ձեռքով, ինչպես և վերջինիս ձեռքով է համարակալված վերը հիշված 18-րդ տետրակը։ Այս երկու տետրակները պարփակում են ձեռագրի 1058—1188 էջերը։ Ինչ վերաբերում է 19-րդ տետրակին, ապա նրա համարակալումը նորից արված է Մ. Աբեղյանի ձեռքով, բայց ոչ իբրև 18-րդ, այլ 18-րդ տետրակի շարունակություն և ընդգրկում է 1052—1060 էջերը․ այս երևույթի բացատրությունը կտրվի սույն առաջաբանի երրորդ կետում։

Մ. Աբեղյանի ձեռագիր տետրակները սովորական աշակերտական տետրակներ են, որոնց մի քանի հատի միացումից ստացվում էր ստվար մի տետրակ։

Այս հատորը նախորդի պես ունի «Հավելվածներ» բաժին: Առաջին չորս հավելվածը նշված են իբրե հավելվածներ Մ. Աբեղյանի կողմից և մտնում են սույն մշակված մասի մեջ։

2. Իր ձեռագրի 19֊րդ տետրակում — որը, ինչպես հայտնի կդառնա քիչ հետո, գրված է 16-րդ տետրակից անմիջապես հետո — Մ. Աբեղյանը 1059֊րդ թերթի երկրորդ էջի վրա ունի հետևյալ նշումը իր անելիքի մասին.

Գրելիք (14—17֊րդ դարեր)

I. Եկեղեցական գրականության վերջալույսն և արևմուտը։ Հովհան Որոտնեցի, Առաքել Բաղիշեցի, Առաքել Սյունեցի և այլն։

II. Վիպական գրականություն։

III. Քնարերգուներ, Մկրտիչ Նաղաշ, Թլկուրանցի, Աղթամարցի և ուրիշները։

IV. Գուսանական երգեր — հայրեններ։

Չորրորդ շրջան – գրականության նորոգումը 17—18-րդ դարերում:

Հետագայում, երբ Աբեղյանը ավարտում է սույն «գրելիքի» առաջին կետը՝ բացառությամբ Բաղիշեցու, 18-րդ տետրակի վերջին, 1183-րդ թերթի երկրորդ էջի վրա նա նորից նշում է իր անելիքը.

Շարունակություն — Առաքել Բաղիշեցի.
Ֆուրման Մանուկի սիրավեպը
Տաղասացութուն

  1. Մկրտիչ Նաղաշ
  2. Թլկուրանցի
  3. Գր. Աղթամարցի
  4. Անանուններ

Գուսանական տաղեր:

Այդ երկու նշումներից կարելի է եզրակացնել, որ Մ. Աբեղյանը հստակ պատկերացում ուներ իր անելիքների մասին. նշումների առանձին կետերը տեղ-տեղ տարբերվում էին իրարից միմիայն ձևակերպումով, բայց ոչ բովանդակությամբ"

Սակայն, այդ «գրելիքը», ինչպես հայտնի է, հիմնականում գրելիք էլ մնաց. 1183-րդ էջով ավարտվող Առաքել Սյունեցին Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի վերջին, հեղինակի կողմից մշակված թեման էր:

«Գրելիք»-ից կարելի է եզրակացնել, որ Առաքել Սյունեցուն պիտի հետևեր Առաքել Բաղիշեցին, որը մեզ հայտնի 19֊րդ տետրակում բացակայում է:

Բարեբախտաբար, Մ. Աբեղյանի թղթերի մեջ գտնվեց մի ձեռագիր տետրակ, որի առաջին 8 էջը ունի «Անանուն տաղեր» վերնագիրը, իսկ դրանց հետևող 6 էջը՝ «Առաքել Բաղիշեցին»։ Տետրակի ընդհանուր վերնագիրն է՝ «Նյութեր հայոց հին գրականաության», որ և դրոշմված է շապիկի վրա։ Թե՛ տետրակից և թե՛ գրության բովանդակությաւնից ու ձևից կարելի է հաստատապես ասել, որ դա Մ. Աբեղյանի վերջին շրջանի գրածներից է և որ այն բաղադրիչ մի մասը պիտի դառնար «Առաքել Բաղիշեցի» գլխի:

Նկատի ունենալով այն, որ Առաքել Բաղիշեցին Հայոց հին գրականության պատմության կարևոր օղակներից մեկն է, առանց որի պակասավոր կլիներ այդ պատմության շարադրանքը, նպատակահարմար համարվեց հիշյալ հատվածը — թեև այն չի ընդգրկում Բաղիշեցու ամբողջական դիմանկարը — տեղավորել ընդհանուր հյուսվածքի մեջ:

3. Կոստանդին Երզնկացու բառինք, բաղկացած 15 պարագրաֆից ու մի հավելվածից («Շահնամայի ձևական ազդեցությունը») ավարտվում է 16֊րդ տետրակում, նրա վերջին, 1051-րդ էջի վրա, ըստ որում հավելվածը մտցված է հետագայում. հակառակ Աբեղյանի սովորության՝ տետրակների շապիկները դեն նետել կամ էլ կենտրոնացնել նրանց վերջում՝ հավելվածը մնացել է պարփակված իր շապկում:

«Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի 19֊րդ տետրակը բովանդակում է միայն մի պարագրաֆ, որի վերնագիրն է՝ «Վերածնության գրականության առաջին էտապը», թիվ 16, որ հետագայում մատիտով ջնջված է ու դարձված 1:

Թե այս՝ 16 թվից և թե պարագրաֆի ամփոփող բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ այն, ըստ սկզբնական հղացման, պետք է լիներ Կոստանդին Երզնկացու ստեղծագործությունը քննարկող գլխի (որը, ինչպես մեզ արդեն հայտնի է՝ համաձայն վերջնական ձևավորման՝ 15 պարագրաֆից էր բաղկացած) վերջին, հավելվածին նախորդող 16֊րդ պարագրաֆը:

Փոխելով իր միտքը, Մ. Աբեղյանը հանել է այս 16 պարագրաֆը 16-րդ տետրակից, նրա փոխարեն գրել հավելվածը, էջերը համարակալել, ապա շարունակել համարակալումը 16֊րդ պարագրաֆի էջերի վրա՝ հասցնելով այն 1052֊ից՝ 1060֊ի:

Այդպիսով, դուրս է գալիս, որ 16֊րդ տետրակի անմիջական շարունակությունն 19-րդ տետրակը։ Ապա ո՞ւր մնացին այդ դեպքում 17 և 18-րդ տետրակները:

16-րդ պարագրաֆը, այսինքն՝ «Վերածնության գրականության առաջին էտապը» ավարտվում է հետևյալ պարբերությամբ. «Բարեբախտաբար գրի առնված մնացել են գուսանական «Հայրենները», որոնք մեր քնարերգության գոհար վարդերն են: Սրանց մասին էլ կտեսնենք այս գործի շարունակության մեջ»:

Հետագայում Մ. Աբեղյանը մատիտով երկու խաչ է դրել այս պարբերության վերջին, ու նախորդ թերթի (1059) երկրորդ էջում, կրկնելով երկու խաչը, նույնպես մատիտով ավելացրել. «բայց նախ քան այդ, մի հայացք ձգենք մեր եկեղեցական գրականության վրա»։

17 և 18֊րդ տետրակները պարփակում են հենց եկեղեցական գրականության այդ տեսությունը: Ինչպես մեզ հայտնի է, 18-րդ տետրակի համարը Աբեղյանի ձեռքով չի գրված, բայց դրա փոխարեն նախորդ տետրակի հռոմեական XVII֊ը դրոշմված է Աբեղյանի իսկ ձեռքով: Պարզ է, ուրեմն, որ Մ. Աբեղյանը երկրորդ անգամ փոխել է իր մտադրությունը «Վերածնության գրականության առաջին էտապը» հատվածի տեղի նկատմամբ ու որոշել չդնել այն ոչ միայն «Կոստանդին Երզնկացի» գլխում, այլև նրանից անմիջապես հետո, այսինքն՝ նրա և եկեղեցական գրականության տեսության արանքում:

Արդ՝ ո՞ւր դնել այդ պարագրաֆը։ Աբեղյանը 16 թիվը փոխելով մատիտով 1-ի, ապա նույնպես մատիտով ընդհանուր վերնագիր «Տաղասացություն» (շապկի վրա՝ «Տաղասացներ») և ենթավերնագիր՝ «Ընդհանուր տեսություն» տալով, պարզ է, որ մտադրություն ուներ լրացնելու այդ նորաստեղծ գլուխը նոր պարագրաֆներով, բայց թե ուր պիտի զետեղեր այս ամենը՝ չէր որոշել ու իր տարակուսանքները նա նշել է — դարձյալ մատիտով — հենց վերնագրին կից հետևյալ բառերով. «դնել վիպական քերթվածներից առաջ?? հետո?»:

Այդ տարակուսանքները Մ. Աբեղյանը, որքան մեզ հայտնի է, չլուծեց: Վիպական քերթվածների մասին, որ ըստ նրա հղացման պիտի հետևեր եկեղեցական գրականությանը, նա չգրեց։ «Տաղասացություն» գլուխն էլ մնաց նույնությամբ՝ լոկ մեզ հայտնի «Վերածնության գրականության առաջին էտապը» պարագրաֆով:

Ելնելով այս ամենից, այլև նկատի ունենալով, որ նշված պարագրաֆը տեղի տեսակետից միանգամայն համապատասխանում է Մ. Աբեղյանի սկզբնական մտադրությանը՝ Ինստիտուտը որոշեց թողնել այն «Կոստանդին Երզնկացի» գլխում իբրև այդ գլուխը և նրան նախորդող գլուխները եզրափակող հատված:

Հիշված 16-րդ պարագրաֆը ներկա հատորի մեջ նշված է 17֊րդ համարով, որովհետև Մ. Աբեղյանը հետագայում՝ այդ պարագրաֆը գրելուց հետո, 15֊րդ պարագրաֆի վերջին հատվածը առանձնացրել ու դարձրել է 16-րդ պարագրաֆ հետևյալ վերնագրով՝ «Պարսկական բանաստեղծության ձևական ազղեցությունը և չափածո բանաստեղծության կատարումը»։ Այս նոր վերնագրի տակ մատիտով Աբեղյանը նշել է՝ «միացնել տաղասացության», դնելով կողքին երկու հարցական, որով և արտահայաել է իր տարակուսանքը այս հատվածի տեղադրության առթիվ:

4. Ներկա հատորի Ա. գլուխը, որ կրում է «Վերածնության գրականություն» ընդհանուր վերնագիրը ու «Կյանքի ու աշխարհայեցության փոփոխություն» ենթավերնագիրը, իբրև դասախոսություն, 1943 թ. հունվարի 18-ին, «Կյանքի և աշխարհայեցության փոփոխությունը 10-րդ դարի վերջերում և 11-րդ դարի սկզբներում իբրև հիմք հայոց գրականության վերածնության շրջանի» խորագրի տակ, կարդացված է ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալում:

Նույնը, առանց դասախոսության ժամանակ արված սակավաթիվ բացատրությունների և հավելումների, տպագրված է ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի «Տեղեկագրի» մեջ (1943, N 1, էջ 39—52):

Նկատի ունենալով, որ հատորի համար գրվածի և «Տեղեկագրում» տպվածի մեջ էական փոփոխություններ չկան, տալիս ենք առաջինը:

5. Ներկա հատորի «Հովհաննես Սարկավագ վարդապետ» գլուխը, որ բաղկացուցիչ մասն է «Նոր մտավոր հոսանքի առաջին փուլերը գրականության մեջ» բաժնի, իբրև առանձին հատված տպված է Հայկ, Գիտ. Ակադեմիայի «Տեղեկագրի» մեջ (1944, N 1—2, էջ 31—60):

Հիշյալ գլուխը Մ. Աբեղյանը, «Տեղեկագրին» տպագրության հանձնելուց առաջ, ենթարկել է զգալի փոփոխության թե՛ ըստ բովանդակության և թե՛ ըստ կառուցվածքի: Նա հարստացրել է իր գործը մի շարք նոր և կարևոր նյութերով, խմբագրել ու ընդլայնել է եզրակացություն֊ընդհանրացումները, փոխել մի երկու հատվածի վերնագրերն ու կառուցվածքը, վերջից ավելացրել մի նոր հատված՝ «Ձգտում դեպի բնություն և ռացիոնալիզմ և դրա աղդեցությունը գրականության մեջ» և այլն:

Այս ամենի հետևանքով աշխատանքն ընդհանրապես դարձել է ավելի մշակուն ու կատարյալ:

Նկատի ունենալով հիշյալ հանգամանքը, Ինստիտուտը նպատակահարմար գտավ ներկա հատորում տալ ոչ թե այս հատորի համար Աբեղյանի կողմից նախապես գրված «Հովհաննես Սարկավագ վարդապետ» գլուխը՝ Սարկավագ վարդապետի կենսագրության շուրջը» վերտառությամբ հավելվածով, այլ վերջինիս հիմնովին վերամշակված վարիանտը իր նույնանուն հավելվածով՝ տպված «Տեղեկագրի» մեջ:

Կարևոր ենք համարում հիշելու նաև, որ այստեղ իբրև բնագիր օգտագործվում է՝ մեզ զբաղեցնող աշխատության «Տեղեկագրից» կատարված այդ արտատպության հեղինակի գրադարանում պահպանված այն օրինակը, որի վրա նրա ձեռքով կատարված են մի շարք նոր, ուշագրավ լրացումներ և ուղղումներ:

6. «Գրելիքի» երկրորդ կետը «Վիպական գրականություն» բաժինն է, որը նույն «գրելիքի» երկրորդ վարիանտում կոչված է «Ֆարման Մանուկի սիրավեպը» (տե՛ս երկրորդ կետը):

Մահը խանգարեց հեղինակին ի թիվս մի շարք այլ բաժինների գրելու նաև Ֆարման Մանուկի սիրավեպի մասին:

Ֆարմանի վեպի արձակ և չափածո տարբերակները կարելի է գտնել միջնադարյան մի շարք հայ գրչագրերում: Այդ վեպի ընտիր վարիանտներից մեկը (չափածո) «Պատմություն Ֆարմանի Ասմանի» վերնագրի տակ, հանդերձ ֆրանսերեն թարգմանությամբ, հրատարակված է Փարիզի «Անահիտ» ամսագրում (1904, NN 3—11 և 1905, NN 2, 4—9) եվրոպացի հայագետ Ֆր. Մաքլերի կողմից:[1]

Մ. Աբեղյանի կարծիքով, որ նա արտահայտել է Ինստիտուտի և Մատենադարանի մի քանի աշխատակիցների, Ֆարմանի վեպը ծագումով հայկական չլինելով հանդերձ (դա հավանորեն ընդհանուր արևելան մի սյուժետ է), ստեղծագործական արմատական մշակման է ենթարկվել հայ իրականության մեջ: Նա գտնում էր, որ հիշյալ վեպը իր գեղարվեստական արժանիքների շնորհիվ հանդիսանում է միջնադարյան հայ գրականության ուշագրավ հուշարձաններից մեկը, որը հատկապես աչքի է ընկնում իր կենդանի պատմվածքով, ժողովրդական պարզ լեզվով ու ոճով, սահուն-երաժշտական ոտանավորով:

Այս նկատառումով էլ, ահա, Աբեղյանը անհրաժեշա էր համարում՝ Ֆարմանի վեպը մտցնել հայոց գրականության պատմության մեջ:


ԵՐԿՐՈՐԴ՝ ՍԵՎԱԳԻՐ ՄԱՍ


7. Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պաամության» երկրորդ հատորի այս մասը կազմված է հեղինակի՝ Գևորգյան ճեմարանում 1898–1900 թվականներին և հետագայում կարդացած դասախոսությունների շարադրանքից (տես՝ «Արարատ», 1908, էջ 890 և ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի «Տեղեկագիր», 1941, N 5—6, էջ 85):

Օգտագործված ձեռագիրը ամփոփված է երկու տարբեր շապիկների մեջ, ըստ որում առաջին շապկի մեջ գտնվում են հատորիս «Տաղասացություն» բաժնի նյութերը, երկրորդի մեջ՝ «Պատմագրություն» և «Երգիչներ» (Սայաթ֊Նովա) բաժինների նյութերը:

Առաջին շապիկն ունի 68 համարակալված և մեկ չհամարակալված սովորական տետրակի չափի թերթեր, երկրորդը 48+23 թերթեր, ըստ որում վերջինը սկսվում է 8-րդ թերթից (որի առաջին էջը ջնջված է ու ներկայացնում է շարունակություն այլ շարադրանքի) և վերջանում 31-ով։

Առաջին շապիկը ունի «Բանաստեղծներ․ աշխարհիկ հոսանք. 15—18-րդ դար» վերնագիրը և մի շարք նշումներ կատարվելիք անհրաժեշտ լրացումների վերաբերյալ (հեղինակների անուններ, գրքերի վերնագրեր և էջեր): Երկրորդը վերնագրված է՝ «Առաքել պատմագիր. Զաքարիա սարկավագ. Աբրահամ Կրետացի»։

Հրատարակության պատրաստելով նշված նյութերը, Ինստիտուտը կատարել է հետևյալը.

ա. Հանված կամ կրճատված են անմշակ մասերը և բնագիրը ծանրաբեռնող մեջբերումները, առանձնապես Հովհաննես Թլկուրանցու, Զաքարիա Սարկավագի և Սայաթ-Նովայի բաժիններում։

բ. Համապատասխան սկզբնաղբյուրների հիման վրա՝ ստուգված և ճշտված են հեղինակի կողմից արված բոլոր մեջբերումները։

գ. Տեքստը լրացված է մի շարք մեջբերումներով (գլխավորապես «Առաքել Դավրիժեցի» գլխում), որոնց էջերը ցույց են տրված Աբեղյանի կողմից:

դ. Ձեռագրի լուսանցքներում եղած կարևոր նշումները՝ վերնագրեր, դիտողություններ, բառեր, անուններ և այլն տրված են տողատակի ծանոթությունների մեջ։

ե. Մոռացությամբ կամ գրչի վրիպմամբ բաց թողնված բառերը վերականգնված են քառակուսի փակագծերի մեջ. նույնպիսի փակագծերի մեջ են տրված աղճատ տեքստը հասկանալի դարձնելու համար արված սակավաթիվ խմբագրական լրացումները։

3. Հայոց հին գրականության 4-րդ շրջանի բովանդակությունն ու վերջինիս համապատասխան վերնագրումը եղել է Մ. Աբեղյանի մտորումների առարկան երկար ժամանակահատվածում, շարունակ ենթակա լինելով վերափոխման և խմբագրման։

Իր ճեմարանական դասախոսություների ձեռագիր տետրակներում այն անվանված է «Վերածնություն և նոր գրաբար մատենագրություն», որ հետագայում մատիտով խմբագրվել է՝ «Հին լեզվի, ոգու վերածնություն և նոր գրաբար մատենագրություն»՝ լուսանցքում տրված հետևյալ ծանոթությամբ․ «Վերածնություն ոչ եվրոպական գրականության իմաստով, այլ վերակենդանացում» (սևագիր մասի առաջին տետրակ, էջ 1)։

Տարիներ անց իր «Համառոտություն հայ ժողուվրդական վեպի և հին գրականության պատմության» ապակետիպ աշխատության մեջ (Երևան, 1923), որ նույնությամբ արտատպվել է ՍՍՌՄ Գիտ. Ակադեմիայի Հայկական ֆիլիալի «Տեղեկագրի» 1941 թ. N 5—6 «Վերածնությունը հայոց հին գրականության մեջ» վերնագրի տակ, Աբեղյանը նույն շրջանը անվանել է «Հնի, կրոնա-եկեղեցականի վերածնություն և նոր գրաբար գրականություն» («Տեղեկագիր», էջ 106)։

Նշված հոդվածի ներածական մասում, որ գրված է նոր, արտատպու­թյան կապակցությամբ, Աբեղյանը տալիս է հետևյալ ձևակերպումը. «Եկեղեցական գրականության վերածնություն, նոր գրաբար և աշխարհիկ գրականություններ» (ն. տ., էջ 86)։

Վերջապես, իր «գրելիք»-ում (1943—44 թ․ թ.) Աբեղյանը տվյալ շրջանը կոչում է «Գրականության նորոգումը 17—19-րդ դարերում» («17—19-րդ դարեր» ասելով Աբեղյանը հասկացել է 1600—1830 ժա­մանակահատվածը, ինչպես այդ նշված է մի քանի տեղ սևագրում)։

Ինստիտուտը գերադասեց պահել վերջին ձևակերպումը։

Այս շրջանի սկզբնական մասի «Ներածություն» վերնագիրը տրված է մեր կողմից։

9. «Գրելիքի» երկրորդ վարիանտում «Տաղասացություն» բաժնում իբրև չորրորդ գլուխ նշված է «Անանուններ» թեման:

Ինչպես ասված է առաջաբանիս երկրորդ կետում, Աբեղյանի թղթերի մեջ գտվեց մի ձեռագիր տետրակ, որի առաջին մասը ունի «Անանուն տաղեր» վերնագիրը, իսկ երկրորդը՝ «Առաքել Բաղիշեցի»:

Քանի որ տվյալ նյութը ավարտված և վերջնական մշակման ենթարկված չէ հեղինակի կողմից, այն տրված է հավելվածների բաժնում (5-րդ հավելված):

10. «Գրելիքի» մեջ հաստատուն և «Վիպական գրականություն» ու «Քնարերգուներ» բաժիններին միանգամայն հավասար տեղ է գրավում «Գուսանական երգեր-հայրեններ» բաժինը:

Գուսանական երգերի մասին, ինչպես հայտնի է, Մ. Աբեղյանը ունի ընդարձակ մի հետազոտություն, որ տպագրվել է «ՀՍԽՀ Պետական Համալսարանի գիտական տեղեկագրում» (NN 2-3, 4 և 6, 1927-30 թ. թ.) ապա հրապարակվել առանձին (1931):

Իր այս հետազոտության մեջ Մ. Աբեղյանը ժխտում է Քուչակ Նահապետի հեղինակ լինելը նրան՝ Տևկանցի («Հայերգ», Թիֆլիս, 1882) ու հետագայում մի շաք այլ բանասերների կողմից վերագրված սիրո երգերի նկատմամբ և ընդունում այդ երգերը իբրև գուսանական ժողովրդական, անանուն երգեր: Միաժամանակ Մ. Աբեղյանը ասում է, որ 16-րդ դարի սկզբին իսկապես, գոյություն է ունեցել Քուչակ Նահապետ անունով աշուղ, որին, սակայն, պատկանել են միանգամայն այլ տիպի ու բովանդակության երգեր:

Իր հետազոտության ամփոփումը, իբրև «Ներածություն», Մ. Աբեղյանը հետագայում զետեղել է 1940 թ. ՍՍՌՄ-ի Գիտությունների Ակադեմիայի Հայկական Ֆիլիալի Գրականության և Լեզվի Ինստիտուտի հրատարակությամբ լույս տեած իր «Գուսանական ժողովրդական տաղեր» ժողովածուի մեջ: Մի տարի անց, 1941 թ. «Վերածնությունը հայոց հին գրականության մեջ» հոդվածում Մ. Աբեղյանը կրկնեց իր այդ տեսակետը («Տեղեկագիր ՍՍՌՄ Գիտ. Ակադեմիայի Հայկական ֆիլիալի», 1941, N 5-6, էջ 103, ծանոթություն):

Մ. Աբեղյանը մինչև կյանքի վերջը չփոխեց իր տեսակետը Քուչակ Նահապետի մասին: Պարզ է միանգամայն, որ եթե նրան վիճակվեր իրագործել իր միտքը՝ «Հայոց հին գրականության պատմության» 2-րդ հատորում հատուկ գլուխ նվիրել գուսանական տաղերին, ապա այս նա պիտի աներ միանգամայն հավատարիմ իր 1931 թ. հրատարակած հետազոտության սկզբունքներին:

Այդ իսկ պատճառով, Ինստիտուտը, ցանկանալով գաղափար տալ ընթերցողին հիշյալ չգրված գլխի մասին, բարվոք համարեց հավելվածներում զետեղել՝ որոշ հապավումներով՝ վերև հիշված «Ներածությունը» (6-րդ հավելված):

Ինչ վերաբերում է այս հատորի մեջ զետեղված «Քուչակ Նահապետ» գլխին (որ մտնում է Մ. Աբեղյանի 1899—1900 թ. թ. կարդացած դասախոսությունների ցիկլի մեջ), ապա դեռ այստեղ առաջադրված են՝ լրիվ կամ սաղմնային վիճակում՝ այն բոլոր թեզիսները, որ բնորոշ են 1931 թ․ հեղինակի հրատարակած «Հին գուսանական ժողովրդական երգեր» հետազոտության համար:

Եվ իսկապես․ իր դասախոսությունների մեջ Մ. Աբեղյանը՝

ա. Նշում է Քուչակի և Ակնա ժողովրդական երգերի, հետևապես՝ հայրենների և անտունիների առնչությունը.

բ. Պնդում է, որ հայրենների առանձնահատկությունը պետք է որոնել նրանց տաղաչափական առանձնահատկության, հատկապես հայկական լինելու մեջ.

գ. Հայտարարելով մի կողմից, որ հայրենների ամբողջության մեջ պակասում է անհատական բնույթը և որ, մյուս կողմից, նրանց ոչ թե մի հեղինակի, այլ մի քանի հեղինակների վերամշակամներ են — Մ. Աբեղյանը դրանով իսկ սկսում է ժխտել այդ երգերի պատկանելիությունը Քուչակ Նահապետին:

Քուչակի մասին՝ Մ. Աբեղյանի ունեցած տեսակետի կազմավորման սույն սկզբնական էտապի համար հետաքրքրական է այն, որ նա իր դասախոսություներում մի տեղ հայրենները դեռ իսկական ժողովրդական երգեր չի համարում, այլ «ժողովրդական՝ մշակություն կրած գրագետների կողմից»:

Հետագայում այս մտքին Մ. Աբեղյանը անդրադառնում է միայն հարևանցիորեն, 1923 թ. ձեառգրի իրավունքով հրատարակած «Համառոտություն հայ ժողովրդական վեպի և հին գրականության պատմության» աշխատանքի մեջ ասելով, որ «դրանք [հայրենները] ժողովրդական երգեր են, միայն առանձնապես մշակություն կրած» (էջ 63): Նույնը նա կրկնում է հայկական վերածնության մասին 1941 թ. հրատարակած մեզ հայտնի իր հոդվածում (էջ 103), որ հիմնականում արտատպություն է «Համառոտություն»-ից:

Իսկ «Հին գուսանական ժողովրդական երգեր»-ում նա վճռականապես հայտարարում է, որ հայրենները «բերանացի ավանդված տաղեր են եղել և մեկ ժամանակի ու մեկ անհատի ստեղծագործություն չեն, այլ, ընդհակառակն, դրանց վրա աշխատել են բազմաթիվ սերունդներ, և դրանց փոփոխություն, վերամշակություն ու զարգացում կրել են բնականաբար, երգիչների բերանին, երգելու ժամանակ, այն էլ դարերի ընթացքում» (էջ 115, տե՛ս նաև էջ 62):

11. ՍՍՌՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական ֆիլիալի «Տեղեկագրի» 1941 թ. N 5-6-ում (էջ 85—106) զետեղված է Մ. Աբեղյանի «Վերածնությունը հայոց հին գրականության մեջ» հոդվածը:

Այս հոդվածում Աբեղյանը նախ համառոտ խոսում է հայ գրականության պերիոդիզացիայի և վերածնության մասին ընդհանրապես, ապա բերում է երկու ընդարձակ հատված՝ «Գրիգոր Նարեկացի և ճգնավորական ողբերգությունը» և «Գրականության աշխարհականացումը 11-րդից 17-րդ դար» իր «Համառոտություն հայ ժողովրդական վեպի և հին գրականության պատմության» ապակետիպ աշխատանքից (Երևան, 1923) և «Գրիգոր Նարեկացի» ուսումնասիրությունից, տպված «Ազգագրական հանդես»-ում, 1916թ.:

Նկատի ունենալով, որ նախ՝ վերածնության խնդիրները հավասար մշակվածությամբ չեն ներկայացված տվյալ հատորում (մինչև 14-րդ դար և 14-րդ դարից հետո), և երկրորդ՝ այս հոդվածում միևնույն խնդիրները տրված են խտացած և ամփոփ, Ինստիտուտը որոշեց այն տալ հավելվածների բաժնում (7-րդ հավելված)՝ անհրաժեշտ հապավումներով:

ԵՐՐՈՐԴ՝ ՏՊԱԳՐՎԱԾ ՄԱՍ

12. Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» այս մասը կազմված է «Արարատ» ամսագրում հեղինակի տպագրած «Ուրվագծեր 19-րդ դարու հայոց գրականության պատմությունից» հոդվածաշարքից՝ 1908 թ., էջ 890—904 և 1103—1115, 1909 թ., էջ 257—270, 321–334, 417—438 և 721—733:

Հրատարակության պատրաստելով նշված հոդվածաշարքը, որ հատորում զետեղված է «19–րդ դարի սկզբի գրաբար գրականությունը» վերատպությամբ, Ինստիտուտը կատարել է հետևյալը.

ա. Հանված է «Հարություն Ալամդարյան» գլուխը, իբրև նոր գրականության վերաբերող թեմա։

բ. Հոդվածաշարքի «Մեր նոր գրականության սկիզբը» գլուխը գրված է իբրև ներածություն 4-րդ շրջանի:

գ. Հոդվածաշարքը բաժանված է համապատասխան գլուխների և ենթագլուխների, որոնց տրված են վերնագրեր:

Սույն հատորին վերաբերող բանասիրական բոլոր աշխատանքները կատարել են ընկ. ընկ. Խորեն Սարգսյանը և Արամ Ղանալանյանը։ Սևագիր մասի տեքստը արտագրել է ընկ. Արփիկ Խաչանյանը: Ամբողջ հատորի տեքստը համեմատել և ճշտել է ընկ. Ռուբեն Տոնյանը։

Հանգուցյալ գիտնականի ընտանիքը, հանձին նրա որդի Մհեր Աբեղյանի, թե՛ այս և թե՛ մասամբ նախորդ հատորի պատրաստման ու տպագրման ընթացքում ցույց է տվել անհրաժեշտ աջակցությունը, որի համար և Ինստիտուտը հայտնում է շնորհակալություն:

Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
  1. Վեպի համառոտ բովանդակությունը հետևյալն է: Ասորեստանի Զարմանազան թագավորը ծերության հասակում ունենում է արու զավակ, որին կնքում է Ֆարմանի Ասման անունով: Մեծանալով Ֆարմանն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, իմաստությամբ և քաջությամբ: Պարսից թագավորի դուստր Շահիշապնուրինը լսելով Ֆարմանի համբավը և տեսնելով նրան, սիրահարվում է և հորից գաղտնի, երկու անգամ ծպտյալ այցելում նրան: Պարսից նշանավոր փահլևան Հնդի Փոլադը փորձում է դավել Ֆարմանին, սակայն վերջինս սպանում է նրան: Այդ բանի համար Ֆարմանը բանտարկվում է պարսից թագավորի կողմից, բայց շուտով իր հավատարիմ ընկեր Փայփառի ջանքերով նա ազատ­վում է բանտից և սիրած Շահիշապնուրինի հետ հայրենիք վերադառնալով, ամուսնանում: Ժամանակ անց, մեռնում Է Ֆարմանի հայրը, և նա դառնում է Ասորեստանի թագավոր: Ֆարմանը կատաղի կռիվներ է մղում Շահիշապնուրինին վերադարձնելու եկած պարսից թագավորի հետ և պարտության մատնում նրան: Շուտով Ֆարմանն ունենում է մի արու զավակ (Շահիշիրինին), որը մեծանալով դառնում է հոր նման գեղեցիկ, իմաստուն և քաջ մարդ: Հաղթողի երջանիկ ուրախ կյանքով 60 տարի ապրելուց հետո մեռնում է Ֆարմանը: Նրա տեղը Ասորեստանի թագավոր է դառնում որդին՝ Շահիշիրինը: