Հայ զինւորի սկզբունքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Հայ զինուորի սկզբունքըից)
Հայ զինւորի սկզբունքը

աշուղ Ֆահրատ



ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ


     Մենք անկեղծ զինուոր ենք առանցի[1] վիճակ,
Պէտք է[2] սուրբ ծառայենք երկար ժամանակ,
Պարսկաստանի խորքից եկել է նամակ.
                    Գնում ենք բարով,
                    Կուշանանք տարով,
                    Արիւն, սուր ու թուր,
                    Պատերազմի դաշտ
                    Կը սպասէ մեզի:

     Դուշմանը տուեց մեզ ջանֆիտայ անուն,
Այդ անուան համաձայն` տեսաւ զօրութիւն,
Մենք չենք սիրել ազատ կեանքի բռնութիւն,
                    Ուխտել ենք կռուել,
                    Այդ սիրով մեռնել,
                    Համոզուած ենք որ
                    Միայն զէնքով կայ
                    Հային փրկութիւն:

     Բանկի պաշարումը, Յոյն պատերազմից[3],
Աւելի մեծ սարսափ թողեց սուլթանին,
Զէյթունը քաջ կերպով յաղթեց գազանին,
                    Կեցցէ Զէյթունը,
                    Խրոխտ Սասունը,
                    Կուսակցութիւններն
                    Անխտիրօրէն -
                    Պարծանք հայութեան:

     ստամբօլը[4] պէտք է լինի արեան ծով,
Ամեն կողմից կռիւ կը սկսուի շուտով,
Գօթուրից դէպի Վան անցնել շտապով,[5]
                    Աջից Վարդանը,
                    Ձախից Իշխանը[6],
                    Գրաւել Աղբակ,
                    Տարածել սարսափ,
                    Փառք դաշնակցութեան:

     Անհաւատ ժողովուրդ, հրաշք կսպասէք,
Գետ չէք տուել, ծովի չափ կը բամբասէք,
Դարձեալ հայ զինուորը չէ յուսահատուած.
                    Առանցի գանգատ,
                    Կռւում է ազատ,
                    Գործին հարազատ,
                    Երկաթի կամքով
                    Տանում ամեն բան:

     Մեր զարգացած խիղճը մեր սուրբ օրէնքն է,
Հաստատ համոզմունքը մեր անյաղթ զէնքն է,
Մարդասէր իդէալն մեր սկզբունքն է.
                    Կեցցէ հայրենիք,
                    Կեցցէ իղձ-փափագ,
                    Անյաղթ կմնայ
                    Անթիւ դարէդար
                    Աստուածահաճոյ մեր վեհ դրօշակ:



  1. Բնագրում գրուած է «առանցի» (Է.Է.-ն սոյն երգը խմբագրելիս անփոփոխ է թողել այս բառը. վերջինիս մասին աւելի մանրամասն տե՛ս «Քննարկում» էջը:) Առաջարկ կայ տուեալ "առանցի" բառը հասկանալ "առանձին": Մնացեալ փոփոխութիւններն աննշան են՝ յիմնականում ուղղագրական: - Ա.Ա.
  2. Բնագրում գրուած է «պէտքէ» (սրբագրումը իմն է - Է.Է.):
  3. Տարածուած է սոյն տողի այլ տարբերակ՝ աննշան փոփոխութիւններով. «Բաշկալա գաւառում՝ այն պատերազմին»: - Ա.Ա.
  4. Բնագրում գրուած է «Ստամբօլը» (սրբագրումը իմն է - Է.Է.):
  5. Կայ այս տողի հետեւեալ տարբերակը՝ «Կոտորենք Բաշկալա, անցնենք հեշտ կերպով»: - Ա.Ա.
  6. Բնագրում գրուած է «իշխանը» (սրբագրումը իմն է - Է.Է.):