Հանճարների և աստղերի ուղին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հանճարների և աստղերի ուղին

Եղիշե Չարենց


[էջ]
ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՍՏՂԵՐԻ ՈՒՂԻՆ
(Ալեքսեյ Պեշկովի հիշատակին)

«Լեգենդը»

Մեռավ Ալեքսեյ Պեշկովը, լեգենդական համբավ ունեցող այն մարդը, որ հայտնի էր ամբողջ աշխարհին Մաքսիմ Գորկի անունով, որպես ռուս հանճարեղ գրող։

«Մաքսիմ Գորկի»

Այս անունն անցյալ դարի վերջին տասնամյակում կայծակի արագությամբ սավառնեց ամբողջ աշխարհի վրա, երկրագնդի բոլոր մասերում, իբրև ցարական

[էջ]
Ռուսաստանի սոցիալական ամեհի օվկիանի հատակից ելած մի հրաշալի մարդու անուն, մի տարօրինակ դեմքով մարդու, որի հռչակավոր լուսանկարը տպվում էր աշխարհում գոյություն ունեցող բոլոր թերթերում ու ժուռնալներում, և ամենուր՝ նաիրյան Կարսում թե Սան Ֆրանցիսկոյում՝ այդ լուսանկարից նայում էր ռուսական լյումպենի կոպիտ դեմքով, բայց զարմանալի խոր, հմայիչ, խոհուն աչքերով բարձրահասակ մի մարդ՝ հագին ռուսական շապիկ, երկայնավիզ կոշիկներ և գլխին գավառական դերասանի լայնեզր գլխարկ․․․ Համաշխարհային լեգենդ դարձած «հանճարեղ բոսյակի» ռոմանտիկ կերպարանք էր դա, երիտասարդ Գորկու արտաքին կերպարանքը, որ կայծակի պես փայլատակեց մի օր մարդկային կյանքի մթին երկնքում և ընդմիշտ դրոշմված մնաց միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ, իբրև սոցիալական ծովի զարհուրելի խորքից իր հանճարի ուժով մինչև արևի լույսը բարձրացած մի հրաշալի կյանքի խորհրդանիշ, մի հմայիչ հույս՝ բոլոր «խորքերի բնակիչների» համար և ահեղ ազդանշան՝ «մակերեսի» կուշտ ու ինքնգոհ «տերերին»՝ սոցիալական օվկիանի խորքերում եռացող ուժի վիթխարի թափի մասին․․․

Բուրժուական «լուսավոր» ինտելիգենցիան ուժ չէր խնայում պատկերելու համար երիտասարդ Գորկուն, իբրև սոցիալական «հրաշք», իբրև սոցիալական ընդհատակից ելած մի աներևակայելի «վունդերկինդ»։

Երևակայո՞ւմ եք՝ «հա՜ն-ճա՜-րե՜ղ․․․ բոսյա՜կ․․․»։

Մյուս կողմից՝ այդ, իրոք, հանճարեղ մարդու անծայրածիր հայրենիքում, որ այն ժամանակ մի լայնածավալ
[էջ]
թիարան էր՝ տարածված Սառուցյալից մինչև արևադարձային Իրանի սահմանները, ժողովուրդների այդ անծայրածիր բանտում, համարյա ամենուր, անխտիր ազգությունից ու լեզվից, բոլոր քաղցածները և հալածվածները, գործազուրկներն ու թափառաշրջիկները այդ մարդու անունով էին կոչում երկաթուղային չորրորդ կարգի գնացքներն ու վագոնները, որ նույնպիսի երկաթուղային «լյումպեններ» էին, ինչպես դրանցով ճանապարհորդները․․․ «Մաքսիմկան» այն ժամանակ միակ դրոշմն էր, որ մեխվել էր սոցիալական ներքնախավի գիտակցության մեջ, իբրև նույն այդ խավից ելած մի հեքիաթային, բացառիկ համաշխարհահռչակ եղբայրակցի հեռավոր համբավի հեռավոր ցոլք․․․ Սակայն այդ հեռավոր ցոլքն անգամ վկայում էր այն անսահման ժողովրդականության մասին, որ ուներ Գորկին դեռ դարի առաջին տարիներում։ Դա միևնույն ժամանակ ժողովրդի մտքում դրոշմված յուրատեսակ արտացոլումն էր Գորկու գոյության այն վաղ շրջանի, երբ նրա պատկերը սավառնում էր աշխարհում իբրև սոցիալական հատակից ելած հանճարեղ մարդու մասին բուրժուական մամուլում ստեղծված մի սենտիմենտալ լեգենդ․․․


***
Գորկու գոյության այսպես ասած մանկական շրջանում ստեղծված և կայծակի արագությամբ ամբողջ աշխարհում տարածված այդ «լեգենդը», «հանճարեղ բոսյակի» շուրջը հյուսված այդ սենտիմենտալ հեքիաթը,
[էջ]
շատ էին սիրում տարածել և անգամ ընդմիշտ հավերժացնել թե՛ ռուս, թե՛ համաշխարհային բուրժուական լիբերալ պրոֆեսորներն ու գրական քննադատները։ Նրանք ջանք չէին խնայում մեխել մարդկության գիտակցության մեջ այդ «սոցիալական վունդերկինդի» պատկերը։ Եթե դուք այսօր կարդաք այն օրերի թեկուզ միայն ռուսական գրական քննադատությունը՝ որքա՜ն մեզ զարմանալի պիտի թվա այն, որ Գորկու վրա նայել են միմիայն «հովանավորողի» աչքերով։ Սոցիալական հռչակավոր երկերեսանուց՝ Միխայլովսկուց սկսած մինչև տխրահռչակ գրական ցինիկ, միստիկ Ռոզանովը կամ Մերեժկովսկին, ջանք չեն խնայել համոզելու թե՛ Գորկուն, թե՛ աշխարհին, որ Գորկին արժեքավոր է միմիայն իբրև «հանճարեղ բոսյակ» կամ «սոցիալական հատակի վունդերկինդ» և միմիայն այդ դեպքում իբրև մանեկեն, նրանց խորհուրդներով շարժվելու դեպքում, նա կդառնա մե՜ծ․․․ արվեստագե՜տ․․․ Որքա՜ն ջանք են թափել նրանք՝ Գորկուն— երևակայո՞ւմ եք Գորկուն— դարձնելու իրենց հասարակական սիմպատիաներն արտահայտող գրող ․․ Եվ․․․ իհարկե, անհաջող։ «Գորկին», որի անունը ժողովուրդը հպարտությամբ տվել էր երկաթուղային երթևեկության իր միակ միջոցին՝ «8 ձի և քառասուն մարդ» տանող վագոններից կազմված գնացքին, կարո՞ղ էր արդյոք այդ Գորկին դառնալ․․․ սոցիալական ներքնախավի վիթխարի զանգվածներին ճնշող, հալածող, ճորտացնող տերերի՝ արտոնյալների այդ հլու իդեոլոգների համար հարազատ երգասան։ Անհնարին էր այդ Գորկու համար։ Սակայն սոցիալական
[էջ]
հատակից դեռ նոր վեր բարձրանալու ճիգեր անող մի երիտասարդի, կիսաքաղց թափառաշրջիկի մեջ,— որ դեռ նոր պետք է դառնար գրող, կամ սուզվեր ընդմիշտ քաղցի և անհայտության զարհուրելի անդունդը,— որքա՜ն կամք, սոցիայական ինքնություն և ուժ պետք է լիներ այդ մարդու մեջ, որպեսզհ նա կարողանար դիմադրել իր ժամանակի գրական հրապարակի ամենազոր «պետերին», դիմադրել գրական ասպարեզի տեր ու տնօրեն հանդիսացող այդ հզորագույն «սինկլիտին», որին ենթարկվելն ամենահեշտ ճանապարհն էր հռչակվելու համար։ Որպիսի՜ հեգնանք է թվում այժմ Գորկու՝ հազիվ գրիչ վերցրած այդ երիտասարդի, այո՛, բոսյակի հանդեպ ռուսական բուրժուական գրականության այն ժամանակվա «հսկաների» և «առաջնորդների» թափած ճիգը՝ Գորկուն «հանճարեղ բոսյակի» դիրքում զմռսելու համար ․․ Եվ գուցե ռուս ժողովրդի ամենախոր «հատակից» բարձրացած այդ ներկարարի աշակերտի, խոհարարի «լակոտի», ծխախոտի ավելցուկ հավաքողի և ապա հանճարեղ գրող դարձած Այեքսեյ Պեշկովի կենսագրության մեջ ամեազարմանալին հենց այդ է, այդ գրանիտյա խլությունը, այդ հետո միայն գիտակցված գրանիտյա անհողդողդությունը իրեն «սոցիալական վունդերկինդի» սրբապատկեր դարձնելու բոլոր գրավիչ և շոյող փորձերի հանդեպ։ Կարծում էին, թե Գորկին, թեև հանճարեղ, սակայն, ըստ էության՝ մի սովորական «հրաշք» է, սոցիալական կյանքի մի սովորական քմայք, և նրան նույնքան հեշտ կլինի դնել իրենց կաղապարի մեջ, արդուկել, լիզել, դարձնել սովորական «ինքնուս հանճարի» մի նմուշ, ինչպես այդ
[էջ]
հեշտությամբ արել է բուրժուական հասարակությունը բոլոր նման դեպքերում․ Եվ երբ Գորկին, զարմանալի արագությամբ, հանճարեղ մարդու ներքին մղումով և սոցիալական ինքնագիտակցությամբ, շատ շուտով սկսեց ամեն ճիգ գործ դնել ազատագրվելու համար «հանճարեղ լյումպենի» ռոմանտիկ ամպլուայից,— և ահա, դեռ այն օրերին, երբ ըստ հին տրադիցիայի, բուրժուական մամուլը շարունակում էր ներկայացնել նրան իբրև «հանճարեղ ինքնուսի»— այդ, իրոք, որ հանհարեղ ինքնուսը (առանց չակերտների) հանկարծ ցույց տվեց մի այնպիսի դեմք, որ այն ժամանակվա ռուս գրականության «լուսավորյալ» կաճառը, բոլոր գրական-քննադատական «մեծերը» զարմանքից, ավելի շուտ՝ անհանգստությունից կատաղեցին։ Իր երիտասարդական օրերի ռոմանտիկայից զամանալի կամքով ազատագրվելով մի քանի տարում, Գորկին իր ֆենոմենալ աշխատասիրությամբ և ոգու հավասարակշռությամբ՝ շատ շուտով ոչ միայն հասկացավ ու մերժեց այդ սենտիմենտալ ամպլուան, որով ընդմիշտ սահամնափակել էին ուզում նրան ժամանակակից բուրժուական գրականության «պետերն ու օրենսդիրները», այլև, առասպելական արագությամբ տիրապետելով մարդկային մշակույթի բոլոր բնագավառներին, ինքը դարձավ «պետ» և «օրենսդիր» մի նոր գրականության ու հոգեբանության, որը բացարձակ բացասումն էր իրեն իբրև «լեգենդական լյումպենի» թմբկահարող և մեծարող «լուսավորյալ» կաճառի պետերի — Պլեխանովից մինչև Ռոզանով և Մերեժկովսկի— խորհուրդների․․․ «Լուսավորյալ ուսուցիչներն, ու հեղինակավոր
[էջ]
առաջնորդներն այն ժամանակվա ռուս գրականության և հասարակական կյանքի,— այսինքն՝ նրանք, որ հավիտենական կատեգորիա համարելով տիրող սոցիալական-կույտուրական ոեժիմը՝ ձգտում էին մի նույնպիսի հավիտենական կատեգորիա դարձնել Գորկու մասին ստեղծած իրենց լիբերալ լեգենդը՝ թե նա մի «սոցիալական հրաշք» է— այսինքն՝ մի աներևակայելի բացառություն, զարմանալի ֆենոմեն, որը — երևակայո՞ւմ եք՝ իր օրինակով կենդանի հերքումն է այն,— Օ՜, իհարկե,— կարծիքի, թե «ժողովրդի» ստորին խավերի ծոցից չեն կարող ելնել հոգևոր աշխատանքի ընդունակ «տիպեր» ո՞վ է ասում,— ապա այս «հանճարեղ» լյո՜ւմպենը։ Բայց որքա՜ն մեծ եղավ այդ «ժողովրդասեր», պարզապես տիրող դասակարգի կուշտ և արտոնյալ մտավորականության զայրույթը, երբ,— Օ՜, մարդկային անշնորհակալություն,— այդ «լյումպենը», որին իրենք նույնիսկ․․․ ողջունել ու մեծարել էին իբրև ժողովրդի ծոցից ելած հանճարի— հանկարծ ․ Այո՛։ Այն տարիներին ռուսական հասարակական մակերեսի վրա «փայլող» գրական-կուլտուրական ուժերի մեծ մասի համար ոչ միայն անսպասելի, այլև միանգամայն անսիրելի, տագնապային հանգամանք էր Գորկու ինքնաճանաչումն ու ինքնորոշումը՝ տիրապետել գրական-կուլտուրական հրապարակում։ Մինչ այդ ժողովրդի «ցածր խավից» ելած «վունդերկինդներին» իրենց մտքերի և ճաշակի հլու մանեկեններ դարձնելու տրադիցիային ընտելացած (Կոլցովից մինչև Կլուև ․․), նրանք— երևակայո՞ւմ եք— հանկարծ դեմ են առնում մի «բոսյակի», որը ոչ միայն չի ուզում
[էջ]
կրել «ինքնուս բոսյակի» «ռոմանտիկ» դիմակը, այլև ինքն է դառնում հոգևոր ինքնուրույն պետ և ուսուցիչ, զզվանքով հետ է հրում իրեն կպցրած «վունդերկինդային» համբավը,— և ահա ռուսական հասարակական կյանքում, իբրև մի նոր, անհայտ լեռ, իբրև մի նոր հոգևոր կենտրոն, հառնում է այդ զարմանալի «բոսյակի» նոր կերպարանքը ․ Որքան «ռոմանտիկ» էր Գորկի-«լյումպենի» կերպարանքը, այնքան խստաբարո և ահավոր էր բուրժուական ինքնագոհ, «ժողովրդասեր» ինտելիգենտի համար այս նոր, ինքնաբավ, սեփական սոցիալական ճշմարտության պատվիրաններ կրող Մաքսիմ Գորկու՝ արդեն ոչ միայն գրող, այլև հասարակական գործիչ և առաջնորդ դարձած

Գորկու քաղաքական դեմքը Որպիսի՜ ոռնոց էր, որ բարձրացավ ժամանակակից «լուսավորյալ» մամուլում և գրականության մեջ այդ նոր Գորկու շուրջը ․․

«Գորկին վերջացա՜վ», «Գորկու տաղանդի անհո՜ւյս անկում»,— այս էր լեյտմոտիվը բոլրժուական ողջ մամուլի— Սուվորովին—Ռոզանով—Մերեժկովսկուց— մինչև «լիբերալ» միլյուկովյան ճակատի քննադատներ Այխենվալդ և Իզմայիլով․․ Վերջացավ Գորկին՝ «լյումպենի» սենտիմենտալ լեգենդը,— իսկ թե ի՞նչ էր կուտակել իր մեջ, ի՞նչ ճշմարտության համառ և անհաշտ մարգարե դարձել այդ նախկին «հրաշալի լյումպենը»— այդ մասին ո՛չ մի բառ չէր գրում բուրժուական մամուլը Իսկ այն մամուլը, որը ոչ միայն գրում էր նոր Գորկու մասին, այլև հանձին այդ իսկական Գորկու ողջունում էր նոր աշխատավոր պրոլետարական մարդկության երգչին և այդ մարդկության գա իք անպարտելի հաղթանակների մարգարեին,
[էջ]
այդ այսինքն՝ հեղափոխակւսն, սոցիալիստական— և այն էլ՝ ձախագույն, բոլշևիկյան— մամուլն այն ժամանակ դեռ ընդհատակյա էր և անմատչելի լայն խավերին։ Սակայն չնայած դրան, Ռուսաստանի բանվորության հեղափոխական կազմակերպվածությանն ու կուլտուրական վերելքին աոընթեր արդեն անտեսանելի ճառագայթների նման տարածվում էր և՛ Ռուսաստանում, և՛ ողջ աշխարհում,— նոր ռուս հանճարեղ գրող, համաշխարհային մեծագույն քաղաքացի Մաքսիմ Գորկու համբավն ու վարկը,— և արդեն վաղ մանկության լեգենդ էր դառնում «Գորկի» անվան հետ կապված հանճարեղ «լյումպենի» ռոմանտիկ միֆը,— և աշխարհի բոլոր կողմերում լույս տեսնող մամուլի էջերում տպված լուսանկարներից արդեն նայում էր մարդկության նոր ճշմարտության ուղիներով ընթացող ինտելեկտուալ մեծագործության՝ մարգարեի հայացքով նայող՝ մի իմաստուն դեմք— խոհուն ճակատով և կարճ խուզած մազերով,— առանց նախկին լայնեզր գլխարկի, իսկ ինչ վերաբերում է հագուստին՝ առանց «ռուսական» մելանխոլիկ շապկի և երկայնավիզ կոշիկների․․․ Դա արդեն իսկական Գորկին էր, իսկական Ալեքսեյ Պեշկովը, որ պիտի անմահանար դարերում ոչ թե իբրև սոցիալական օվկիանոսի հատակից ելած մի ֆենոմեն, այլ իբրև ռուս հանճարեղ ժողովրդի ծոցից ծնած մի հանճարեղ գրող ու հանճարեղ քաղաքացի՝ իր գրական հանճարով սերած Պուշկինի և Տոլստոյի վսեմագույն զարմից՝ վերջին օրգանական օղակը ռուսական գրականության դասական շղթայի, և իբրև քաղաքացի՝ պիտի դառնար գալիք աշխատավոր մարդկության
[էջ]
համար մարտնչող մեծագույն ղեկավարների մեծագույն բարեկամն ու գաղափարակիցը․․․

Այս Գորկու մասին է ահա, որ ես ուզում եմ ասել իմ հարգանքի, սիրո և մեծարանքի խոսքը— ռուս հանճարեղ գրող Մաքսիմ Գորկու մասին, և նույնքան, եթե ոչ ավելի ևս հանճարեղ մարդու, քաղաքացու՝ Ալեքսեյ Պեշկովի մասին

(Շարունակելի)