Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԱՉԱՆԸ
Վախենում է շատ մոտենալ,
Հեռվից հեռու է նա հաչում.
Վեր է ցատկում անակնկալ,
Տեղնուտեղը նորից... սառչում։
Կեղծամ դնում բրդբրդոտ շան,
Վնգստում է, թաթը կրծում,
Բայց թուլա է մի աննշան,
Մի ոտքը՝ միշտ աղբանոցում։
Նա հիմնական տեր էլ չունի,
Մեկ այս, մեկ այն բակն է փախչում.
Փորի համար խեղճ Հաչունին
Ծակ «թավայի» կոթն է պաչում։
Երբ մռռում է նա ձեզ վրա,
Վատ բան երբեք մի՛ մտածեք...
Կեր է մուրում օրվա համար,
Դուք ձեր ճամփան հանգիստ անցեք։
Ուշք մի՛ դարձրեք... Ապրի թող նա
Թուլայական իր հին ոճով
Ու մեկ-մեկ էլ այնպես թվա,
Թե երկինքն է մաքրում... պոչով։
1999թ.
|
|