Հոգեծաղիկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Առանը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ

Վարդան Հակոբյան

Պըլը-Պուղու հեքիաթը

Երբ թագավորի տղան սիրում է մի աղջկա, երբեք չի թվում նրան, թե աղջիկը կարող է իրեն նաեւ չսիրել։ Երբ թագավորի տղան գեղեցիկ մի աղջկա նայում է տարված-հմայված, երբեք նրան չի թվում, թե աղջիկը կարող է նաեւ իրենով չհիանալ։ Երբ թագավորի տղան նիզակն առնում ու նշան է բռնում, երբեք նրան չի թվում, թե աղջիկը կարող է նաեւ խույս տալ այդ նետից։ Երբ թագավորի տղան հպարտ ու ինքնագոհ քայլում է փողոցներով, նրան երբեք չի թվում, թե կարելի է նաեւ տղա լինել՝ ոչ թագավորի։

Ժամանակով սիրեց թագավորի տղան մի աղջկա եւ ուղարկեց արքայական շքախումբը՝ նրան բերելու։ Աղջիկը չեկավ։ Զենք ու զորքով բերեցին։ Այդքան գեղեցիկ, այդքան գեղեցիկ աղջիկ ոչ վարդերի մեջ կարող էր գտնվել, ոչ աստղերի, ոչ... ինքն էր ու ինքը, անզուգական։ Դեմքից վարդ էր կաթում։ Եվ արքայական պալատ գալու հենց առաջին պահին էլ ժպիտը դեմքից թերթ առ թերթ ծորաց, ընկավ, անհետացավ վայրկյանի մեջ։

Թագավորի Եղիշ տղան չգիտեր՝ ինչ անել։ Եվ հանկարծ նկատեց, որ աղջկա՝ Անուշի, դեմքից կաթած-անհետացած ժպիտը պատուհանի գոգին՝ ճեղքելով քարն ու փայտը, դուրս եկել ու բուրում է որպես մի աննման, չքնաղագեղ վարդ։ Աղջիկն այդ վարդի անունը դրեց Հոգեծաղիկ, որովհետեւ ծաղիկը բացվելու պահից դարձել էր աղջկա հոգու հայելին, նրա հետ տխրում էր, նրա հետ թախծում, նրա հետ կանաչում, նրա հետ, դեռ կարգին չծլած, օր-օրի թառամում։ Ինչ անեն, ինչ չանեն, թագավորը հրավիրեց թե հարեւան երկրների, թե իր թագավորության իմաստուններին եւ խորհուրդ հարցրեց։ Եվ ահա թե ինչ ասաց ճերմակմորուս իմաստունը.

-Վարդի արմատը աղջկա սրտումն է... Վարդն ու աղջիկը մի հոգի են։ Երեք օր էլ թե անցնի ու նրանք չժպտան, թագավորությունում աղետ կլինի։

Աշխարհի ամենամաքուր աղբյուրի ջրով ջրեցին, սնուցեցին շարբաթով, ինչ արին, չարին, ոչ աղջիկը ժպտաց, ոչ ծաղիկը։ Թագավորի տղան էլ խռովկան տեսք ընդունած ու արժանապատվությունը վիրավորածի հպարտությամբ մի կողմ էր քաշվել ու չէր հասկանում՝ ինչումն է բանը։ Եվ երբ փորձեց բացատրություն պահանջել, Անուշն իր մասին խոսելու փոխարեն պատմեց Հոգեծաղկի մասին։

-Հոգեծաղիկը,- ասաց,- կախարդանք ունի։ Սիրում է ազատությունը, բաց երկինքն ու բաց հոգին, բաց դաշտն ու աշխարհը։

Եվ դեռ խոսքը չէր վերջացրել աղջիկը, երբ ծաղկի թերթերից սկսեց կրակ բարձրանալ։ Կրակից պալատում ինչ կար-չկար, սկսեցին հալվել մի վայրկյանում, ծխալ, անհետանալ։ Այնքան, որ պալատի կենտրոնական սրահում գտնվող Եղիշն ու Անուշը հայտնվեցին միանգամից բաց երկնքի տակ։

Թագավորը իմաց տվեց թե հարեւան երկրների, թե իր թագավորության իմաստուններին, որ հավաքվեն ու աղետի առաջն առնելու ելքը գտնեն։ Վերջապես խոսք վերցրեց նորից ճերմակմորուսը.

-Յոթ դեւերի թագավորությունում մի փոքրիկ թռչուն է ապրում, մինչեւ որ այդ թռչունը չերգի ծաղկի մոտ, ծաղիկը չի փթթելու, չի բուրելու։

Ով պիտի գնա, ով չպիտի գնա հավքը բերելու. երկար վիճեցին այս հարցի շուրջը, չկարողացան վճռել։ Վերջապես ճերմակմորուսն էլի խոսք առավ.

-Այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն Անուշը։

Թագավորի տղան մոտեցավ Անուշին։ Վերջինս այսպես խոսեց.

-Իմ սիրտը այդ հավքի մեջ է։ Եթե ուզում ես, որ քեզ սիրեմ, դու պիտի գնաս եւ հավքը բերես քո ձեռքով։

Տղան գնաց, գնաց, կռվեց, հաղթեց յոթ դեւերին՝ ինչպես լինում է հեքիաթներում եւ մի քանի օրվա մեջ բերեց այդ հավքին, որի նմանն անգամ հեքիաթներում չի լինում, այնքան սիրուն էր։ Հավքը, սակայն, չերգեց։

Թագավորը ստիպված եղավ կրկին հավաքել թե հարեւան երկրների, թե իր թագավորության իմաստուններին. ասաց՝ ինչումն է բանը, մի խորհուրդ տվեք՝ ինչ անենք, որ հավքը երգի։ Խոսք վերցրեց ճերմակմորուսը.

-Հավքին պիտի ազատ թողնել վարդի մոտ, մենակ, այն ժամանակ կսկսի երգել։

Այդպես էլ արեցին։ Հավքն սկսեց երգել, բայց երգի բառերն ու մեղեդին քար էին լացացնում, այնքան հուզիչ էին, մինչդեռ բառերը թագավորի տղան չէր հասկանում։ Եկավ սիրած աղջկա մոտ։ Անուշն ասաց.

-Հավքի երգը իմ սրտից է գալիս։ Միտքս սա է՝ եթե ինձ սիրում ես, պիտի հրաժարվես քո հոր թագավորությունից, պալատներից, ինձ ու վարդի հետ դաշտում մենակ մնաս անձրեւի տակ, արեւի տակ, իմ հոր եւ եղբայրների պես վար ու ցանք անես, արտ հնձես, կառուցես...

Տղան համաձայնեց։ Անուշին սիրում էր հոգով։ Ապարանքում բոլորը մթնեցին, հետները խոսել չէր լինում՝ ոնց թե, թագավորի միակ տղան թողնի թագավորությունը ու չոլերն ընկնի։

-Մարդը հոգին է, մնացածը դատարկ բաներ են։ Թե հարուստ ես լինում՝ հոգով, թե աղքատ ես լինում՝ էլի հոգով,- Անուշի խոսքն է։

Աղջիկը, թագավորի տղան, Հոգեծաղիկը եւ հավքը դուրս եկան ճանապարհ։ Եղիշը փորձեց համբուրել աղջկա դեմքին կրկին հայտնված Հոգեծաղկին, Անուշը չթողեց.

-Երբ դու ինձ սիրում ես, չի նշանակում, թե ես էլ քեզ եմ սիրում։

Տղան վիրավորվեց։ Խռովեց ու հեռացավ աղջկանից։ Աղջիկը մտածեց. «Եթե թագավորական պալատ գնա նորից, նշանակում է նրա համար իմ սերը պահի ազդեցություն է ու սուտ հրապուրանք, եթե... դեպի ազատ, բաց դաշտերը գնա, նշանակում է... գնում է իր հոգու միջով։ Իսկ եթե իր հոգու մեջ կամ ես, ուրեմն՝ կհանդիպենք»։

Ճամփաները բաժանվում են։

Երեք տարի է անցնում։ Աղջիկը գնում է գյուղ, տեսնում ի՞նչ... Թագավորի հրամանով ավերել են իրենց տունը, ծնողներին ու եղբայրներին արտաքսել երկրից։ Գյուղում մարդ չի մնացել, բոլորը վախից չվել են այլ ափեր։

Որոշում է գնալ հարազատներին փնտրելու։ Ուր ասես, որ չի լինում՝ մեկ այս քաղաքում, մեկ այս շենում, մեկ այս... Ի վերջո, ձեռնունայն գալիս է կրկին հայրենի գյուղ։

Եվ ի՞նչ է տեսնում։ Մի երիտասարդ որմնադիր, մուրճը ձեռքին, քթի տակ երգելով պատ էր շարում։

-Բարեւ... Ի՞նչ ես անում մենակ, օտարական։ Ո՞վ ես դու։

Եղիշն ու Անուշը իրար չեն ճանաչում։ Երեք տարում երկուսն էլ այնքան փոխվել են։ Զրկանքները, տխուր կյանքն իրենց հետքն էին թողել երկուսի վրա էլ։ Տղան գլխիկոր շարունակում է նորից իր գործն անել։ Աղջիկը կողքից նայում է, նայում ու տեսնում, որ այդ մարդն իր նման խորը վիշտ ունի, ասում է.

-Կարո՞ղ եմ օգնել քեզ։

Տղան ասում է.

-Այս գյուղն ընդամենը մի տարի առաջ շեն ու շքեղ էր։ Ես պիտի առաջին տունը կառուցեմ, հետո կձգեմ-կբերեմ երկնքի տակ ապրող բոլոր աղքատ ու արդար մարդկանց։ Ինչ մնում է քո օգնելուն, ապա, աղջիկը քնքուշ ու նուրբ հոգի է, ինչ կարող ես անել...

-Ինչ կիմացվի Աստծո բանը,- ասում է աղջիկը, ու նրա դեմքից մի վարդ կաթում է հենց ուղիղ տղայի ոտքերի մոտ։

Տղան մնում է արմանք-զարմանքի մեջ, նայում է աղջկա աչքերի մեջ։

-Հոգեծաղիկն է սա... Սպասիր... Այո՛, այո՛, դու Անուշն ես։

-Իսկ դու... Եղիշն ես...

Մինչ իրար հետ ողջագուրվում են, հավքը կանգնում է Հոգեծաղկի թփին ու երգում.

-Սիրո մեջ արքաներ չեն լինում։ Չի լինում թագավորի զավակ։ Բոլորը սիրո զավակներ են։ Սիրողը միաժամանակ եւ արքա է, եւ ստրուկ ու գերի, եւ... աշխարհի ամենահարուստ մարդը։

-Բա՞,- հեքիաթը եզրափակում է ճերմակմորուսը՝ երկնքից ընկած երեք խնձորը ձեռքում պահած,- վարդն ու սերը վանդակում չեն աճում, առավել եւս՝ անազատ հավքը չի կարող երգել՝ եթե անգամ մի աշխարհ ոսկի խոստանաս։ Միայն մաքուր, նվիրական սիրո մեջ է, որ աճում է լույսը։ Իսկ վանդակը վանդակ է՝ լինի պալատ շքեղ, թե անպատուհան մի խուց, թե...

Աշխարհը միանգամից լցվեց հոգեծաղիկներով, դարձավ սիրո բուրաստան։