Jump to content

Հոկտեմբեր 25 — 26 1917

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 72 ]

ՀՈԿՏԵՄԲԵՐ 25—26 1917
            (Ֆրագմենտ)

Где над возвышенным крыльцом,

С подятой лапой, как живые,
Стоят два льва сторожевые...

А. ПУШКИН

Երկինքը գորշ է։— Պղտոր Նևան
Դանդաղ՝ խփում է իր ափերին,
Եվ մառախուղը ծխանման
Իջել է թանձր։— Պալատների
5 Մութ ֆասադները մառախուղում
Կարծես ճոճում է մի անտես ձեռք.
Անծայրածիր մի, անսահման երթ
Տարուբերվում է քաղաքում հար.—
Ամենուրե՛ք, օ, ամենուրե՛ք
10 Եռում է երթը այդ անդադար։—

Երկինքը գորշ է։— Այնտեղ, հեռուն,
Ուր գորշ Նևան է տարուբերում
Իր լայն իրանը ալիք—ալիք,—
Նստել է ծանր ու անառիկ
15 «Ավրորա» նավը։— Ձմեռային
Անթով պալատն է ահա այնտեղ,
Որպես մի գամփռ, իր դեմ նստել։—
Աճում է ահը։— Սարսափն անդեմ
Դառնում է ծանր ու դժնադեմ
20 Ու թանձրանում է հետզհետե։—

[ 73 ]

Աճում է ահը։— Ձմեռային
Հին պալատից այս մի քիչ ներքև,
Ուր առյուծներն են այն ամեհի,
Որոնց պոետն է այն մեծ երգել
25 Երգով իր բարձր,— այնտեղ ահա
Թնդանոթներ են դրված մեկին,
Եվ, հրացանը ձեռքին պահած,
Թնդանոթներից մեկի կողքին
Ահա կանգնած է մի գունատ կին։
30 Երիտասարդ է։— Նրա դեմքին
Նստել է ահը։— Նրա բարակ
Մատներն հազիվ են պահում սառած
Ու ծանր կոթը հրացանի:
Ճնշում է ցուրտը։— Խոնավ քամին
35 Մինչև թոքերն է նրա մտնում,
Եվ նա նայում է ու թշնամուն,
Որ մոտենում է — նա չի գտնում։—
Աճում է ահը։—

Ինչու՞ է նա,

40 Գունատ այս կինը, կանգնած այստեղ.
Ինչու՞ է ահը այդպես նստել
Նրա նուրբ դեմքին ու աչքերին.
Այս անդառնալի րոպեներին
Այդ ո՞վ է նրան դրել այստեղ։—
45 Աճում է ահը։—

Թեկուզ անդին,

Իր կանգնած տեղից մի քիչ հեռու,
Ահա ցցված է Ալեքսանդրի
Ծանոթ հասակը,— իր սիրելու,
50 Իր մտերիմի՛, որին այնքան
Սիրում է ինքը, որ օրերով
Ահա կռվում է, որպես հերոս

[ 74 ]

Բոլշևիկների «hորդայի» դեմ»,—
Թեկուզ կանգնած է ահա այնտեղ
55 Իր տրուբադուրը,— սակայն կրկին
Ճնշում է ահը։— Հեռուներից
Անդեմ սարսափ է մի արշավում,
Եվ մառախուղը պալատներին
Դժկամությամբ է արդեն նայում։—
60 Աճում է ահը։—

Այս կինը, տե՛ս,

Որ սրթսրթում է ահից այդպես,
Որի պրոֆիլը նման է հին
Մի հախճապակե մեդալյոնի,—
65 Ահա՛ այս կինը զինվոր է մի
Այն ամազոնյան բատալյոնի,
Որ հրացանը հիմա ձեռքին
Արհավիրքներից պիտի փրկի
Այս պալատները, ուր տարիներ
70 Զվարճացել է Կատարինեն...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Աճում է ահը։— . . . . . ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ Այնտեղ, հեռուն,
Այս առյուծներից մի փոքր անդին,
75 Ուր մառախուղն է դանդաղ քերում
Ամեհի պատերը սենատի,—
Այն անծայրածիր հրապարակում,
Ուր, կարծես հենց նոր լեռից պոկած,
Ընկել է ծանր մի հսկա քար
80 Ու վերից իր ձեռն է տարածում
Դեպի հեռուներն արքան այն մեծ,—
Այնտեղ ամբոխներ են խռնվել
Եվ, սուր սվիններ կոշտ ձեռներին՝
Դժկամ՝ նայում են պալատներին։

[ 75 ]

85 Աճում է ահը, ինչպես փորձանք։—
Օ, դու՛, կարո՞ղ ես հիմա երգել
Այս մառախուղը թե՛ խոլ, թե՛ վեհ,
Այս լեռնացումը գահակործան...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
90 Աճում է ահը։ Մառախուղում
Վերջին վայրկյանն է արդեն դողում —
Եվ ծանրության տակ Պետրոս Մեծի
Արդեն ճոճվում է պղնձյա ձին...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
95 Աճում է ահը։— . . . . . ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․Այնտեղ, հեռուն,
Ուր գորշ Նևան է տարուբերում
Իր լայն իրանը ալիք—ալիք —
Կանգնել է, ծանր ու անառիկ,
100 Քարե այն տունը։— Այդտեղ առաջ
Մի մենաստան է եղել խաղաղ,
Ու սովորել են հետո այդտեղ
Այն նուրբ կույսերը սիրել, խանդել,
Երգել ռոմանսներ, պարել կադրիլ —
105 Ինչ երազել է ամեն պատրիկ
Իր հոմանուհու, կնոջ համար...
Գոռ ռազմավայր է այնտեղ հիմա։
Նեղ սենյակներում, վարը, բակում,
Այգում, փողոցում, հրապարակում
110 Անդուլ վխտում են, հագած շինել,
Մարդկային դժկամ բազմություններ։—
Ու թնդանոթներ, գնդացիրներ,
Ռումբաձիգ գնդեր կանգնած ահա,—
Այդտեղ իր բու՛յնն է հիմա դրել
115 Մի չտեսնված, մի նոր բանակ։—

[ 76 ]

Աճում է ահը:—

Վերը, այնտեղ,

Նեղ սենյակներից մեկում, հանդարտ
Նստած է փոքր, աշխույժ մի մարդ։
120 Հասակը կարճ է։— Աչքերի մեջ
Աննկատելի ժպիտ կա մի.
Ամբողջ մարմինը միանգամից
Շրջում է նա, երբ նայում է ե՛տ։—
Նա աշխատում է խորասուզված։—
125 Մեկ—մեկ մարդիկ են մտնում դռնից,
Որին հսկում են երկու կարմիր
Զինվորներ՝ հագած զգեստներ պարզ։
Նա աշխատում է խորասուզված,
Ինչ—որ թեզեր է գրում նա, երբ
130 Հնչում է զանգը հեռախոսի։
Իր աթոռի հետ նա միասին
Շրջվում, առնում է փողը, անշարժ
Մի պահ լսում է. դեմքի վրա
Նստում է հոգսը։— Հետո հանկարծ
135 Կարծես ցնցում է մի ձեռք նրան.—
«Ավրո՞րա... ի՞նչ... է՞... չե՞ն հանձնըվում․․․
Արդեն ուզում եք... ի՞նչ... կրակե՞լ...»—
Վայրկյանը դար է արդեն թվում։
Նա մտածում է: Ակնթարթ մի
140 Մնում է համր։— Հետո հանկարծ
Հպում է փողը շրթունքներին,
Շնչում է ծանր — ու կամացուկ
Հրամայում է.—

«Կրակեցե՛ք»:


145 ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Աճում է ահը։
1929. Լենինգրադ