Հունիսի 11
Նշանակած ժամին դպրոցումն էի, բայց քույր-Աննային տանը չգտա։ Ուսումնարանի աղախինն ասաց թե՝ նա հենց նոր օրիորդ Մանիշակի հետ իջավ փոքրիկ անտառակը, որ գտնվում է եկեղեցուց ներքև։ Ես ևս այն կողմն իջա, պտրեցի նրանց, բայց չկարողացա գտնել։ Մոտիկ հոսող առվակի ափին, հովանավոր լաստենու տակ, շինված էր մի տախտակե նստարան, որի վրա նստա և սպա- սեցի։ Ուր որ էլ լինեին, տուն վերադառնալու համար նրանք այդտեղից պիտի անցնեին։
Ամառային այն գեղեցիկ երեկոներից մինն էր, որ բնությունը միայն այս լեռներին է պարգևում։ Արևը թեպետ անցել էր անտառապատ սարերի ետևը, բայց նրա ճառագայթները դեռ վառում էին գյուղի հանդիպակաց լեռան գագաթը։ Միջանցուկ ձորը՝ յուր խիտ անտառներով՝ ստվերի մեջ էր և զովարար զեփյուռը գուրգուրում էր այդտեղ ծաղիկն ու խոտը, մացառն ու ծառը, փչելով մերթ թույլ, մերթ զորեղ շնչով։ Անտառային թռչունները երգում էին հատ ընդ հատ, մինչդեռ ճնճղուկները աղմկում օդը իրենց ճռվողյունով։ Կողքիս հոսող առվակը խոխոջում էր մեղմաձայն և վարսագեղ ափերը հանդարտ քերելով՝ սահում դեպի խորունկ ձորի լանջի վերը և աղմկում այնտեղ տիրող լռությունը։ Ես նստած սպասում էի և անտառի քաղցրաբույր հովը վայելում։
Եվ ահա քույր-Աննան երևաց ծառերի մեջ։ Նա առաջանում էր դեպի ինձ լուռ և մտախոհ։ Այդ վայրկենին նա այնքան էր վեհ ու գեղեցիկ, որ ես ակամա հայացքս սևեռելով՝ սկսա դիտել նրան անհագ հիացմունքով։ Հոյակապ հասակը, սիգաճեմ գնացքը և ազնվաշուք դեմքը նմանեցնում էին նրան անտառային մի դիցուհու, կամ հայոց պաշտած սուրբ կույսերից մինին։ Պակասում էր միայն մի լուսապսակ, որ յուր մեջ ամփոփելով այդ հողաստեղծ արարածին, դարձներ նրան երկնային — այնքան գեղանի ու վեհաշուք էր նա, չնայելով որ տարիքը անցած էր քառասունից…
Մոտենալով առվակին, նա նշմարեց ինձ նստարանի վրա և ժպտաց։
— Անշուշտ չեք բարկանում, որ ես ճշտությամբ հետևում եմ պարտապանիս.- ասացի ծիծաղելով և ոտքի ելա։
— Իհարկե ոչ, ես էլ իմ պարտքը չէի մոռացել։ Բայց իմ օրիորդին ճանապարհ դնելու համար այս կողմն անցա. նա գնում է իրենց «գոմի տունը», որ մոտ է այս տեղից։
Մենք միասին բարձրացանք դեպի ուսումնարանը և նստանք բակում գտնվող ծառերի տակ, ուր արդեն աթոռներ կային։ Քույր-Աննան հրամայեց աղախնին թեյ բերել մեզ, իսկ մինչև այդ նա լուռ մտածում էր, անշուշտ կամենալով անցյալը, կարելվույն չափ, կենդանացնել հիշողության մեջ։ Քառորդ ժամից հետո նա սկսավ խոսել։
ՔՈՒՅՐ-ԱՆՆԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌԱՋԻՆ ՕՐ
— Թե ի՞նչպես են անցել իմ մանկության օրերը, չեմ հիշում, բայց այն օրից, որ սկսա գիտակցաբար ապրել, գրեթե ոչինչ, նույնիսկ մի աննշան դեպք, ես չեմ մոռացել։ Տասներկու տարեկան աղջիկ էի, երբ հայրս, որ Շ․ քաղաքում պաշտոնական անձն էր, ինձ կարդացնելու որոշումն արավ։ Այդ ժամանակ աղջիկ կարդացնելը մի հազվագյուտ և միայն հարուստ տներին վայել սովորություն էր։ Լավ հիշում եմ, թե այդ օրը ի՜նչ մեծ տոն էր ինձ համար։ Հայրս, մինչև անգամ, մի փոքրիկ հացկերույթ էր սարքել հյուրասիրելու ինձ համար նշանակված վարժապետին, որ մեր քաղաքի ամենագիտնական քահանան էր։ Նա առաջին անգամ իմ ձեռքը տվավ մի պատկերազարդ այբբենարան։ Առաջին դասս սկսա «Խա՛չ օգնե՛ա ինձ» բառերով, բառեր, որոնց ես այդ ժամանակ թութակի պես արտասանեցի, բայց որոնք հետո իմ դժվարատար օրերի միակ մխիթարիչ հառաչանքները դարձան…
Ես սկսա սովորել եռանդով։ Քերականը ավարտելուց հետո, սաղմոսն ու ռուսերենը միասին սկսա։ Երկու տարուց հետո, իմ հոր կարծիքով, ես հայերենն արդեն ավարտել էի, որովհետև ավետարանը կարդում և թարգմանում էի, ցանկացածս նամակը գրում էի. կրոնից էլ արդեն գիտեի մի փոքր բան, ուրեմն դրանից ավել սովորելիք չէր մնում։ Այդպես էր ասում գոնե հայրս, որի հեղինակությունը մեծ էր իմ աչքում։ Բայց ռուսերենը դեռ երկար պիտի շարունակեի, մինչև որ այդ լեզվով ազատ խոսելն ու անսխալ գրելը սովորեի, որպեսզի հարկավոր դեպքում հորս չամաչացնեի յուր պաշտոնակիցների առաջ։ Բայց որովհետև իմ վարժապետ քահանայի ռուսերեն լեզվի պաշարը մեծ չէր, ուստի հարկավոր եղավ արքունական դպրոցի ուսուցիչներից մինին վարձել։ Վերջինս, թեպետ ծերուկ, բայց եռանդով էր պարապում ինձ հետ, այնպես որ կարճ ժամանակի մեջ հորս սպասածից ավելի առաջադիմություն ցույց տվի ռուսերենում։ Ես ոչ միայն ազատ խոսում ու գրում էի, այլև կարող էի մասնավոր վարժուհու պաշտոն կատարել։
Այնուհետև ինձ համար բացվում էր ասպարեզ համարձակ մտնելու այն շրջանները, ուր մեր քաղաքի զարգացած մարդիկ, կանայք և օրիորդներն էին լինում։ Գավառական քաղաքներում, առհասարակ, բարձր շրջանը կազմում են մի քանի ազնվական տներ և պաշտոնական անձանց ընտանիքներ։ Ես և՛ ազնվական, և՛ պաշտոնական մարդու աղջիկ էի։ Իմ հայրը, Սիմոն-բեկը, քաղաքի գավառապետի օգնականն էր։ Այդ մի մեծ պաշտոն էր այն ժամանակ։ Նա շենք ու շնորհքով մարդ էր և բավական ազդեցիկ։ Բացի այդ, նա յուր բարի և միշտ օգնող բնավորությամբ սիրելի էր ամենին, մեծից սկսած մինչև փոքրին։
Ինչպես մեր, նույնպես և մեր շրջանին պատկանող ընտանիքներում, հաճախ տեղի էին ունենում խնջույքներ, հացկերույթներ և պարահանդեսներ, ուր հրավիրված էր լինում քաղաքի ընտիր հասարակությունը։ Ես իմ ծնողների հետ գնում էի անխտիր ամեն տեղ։ Սիրում էի պարել, խոսել, ծիծաղել, ուրախանալ և ուրախացնել։ Ամենքը սիրում էին ինձ, ես էլ սիրում էի շատերին։ Ի՞նչ էր մտածմունքը, ի՞նչ էր տխրությունը, չգիտեի։ Բոլոր ժամանակ, որ նստած էի լինում տանը, ես զբաղվում էի միայն մի հաշվով.- ո՛վ և ե՛րբ պիտի այցելե մեզ. ո՛ւմ և ե՛րբ պիտի այցելենք մենք, ո՛վ ունի խնջույք, ո՛վ պարահանդես. ե՛րբ պիտի պարենք, ե՛րբ ուրախանանք… Ես մի անհոգ, անմեղ և միշտ հրճվող թռչնիկ էի։ Նույնիսկ ծնողներս, որոնց միամոր աղջիկն էի ես, ոչինչ չէին խնայում ինձ ուրախացնելու և զվարճացնելու համար։ Նրանք շրջապատում էին ինձ ամեն տեսակ գգվանքներով։
Այսպես անցավ կյանքս մինչև տասն և վեցերորդ տարին։ Իսկ այնուհետև արդեն դիպչում էին ականջիս նոր բառեր, նոր խոսքեր։ Ասում էին, որ ես արդեն հարսնացու եմ, որ ինձ համար այս ու այն երիտասարդը առաջարկություն է անում, որ ես շատ գեղեցիկ եմ… Իմ ընկերուհիները նախանձով էին նայում վրաս։ Ասում էին, թե ես գրավել, կաշկանդել եմ երիտասարդներին, թե նրանք ամեն տեղ միայն իմ մասին են խոսում։ Այս խոսքերից շատերը ես չէի հասկանում, բայց աշխատում էի հասկանալ։
Շատ ժամանակ չէր, ինչ այս նորությունները սկսել էին ինձ զբաղեցնել, երբ անսպաս մի հանգամանք մոռացնել տվավ նրանց և իմ կյանքի ընթացքը բոլորովին փոխեց։
1864 թվականն էր։ Մեր քաղաքի հայոց հոգևոր դպրոցի համար նոր տեսուչ և նոր վարժապետներ էին եկել։ Ի՞նչ մարդիկ էին նրանք, չգիտեի, միայն թե նրանց գալն ու սկսած գործերը մեծ աղմուկ էին հանել քաղաքում։ Ամեն տեղ նրանց մասին էին պատմում, խոսում և վիճում։ Այդ առիթով մեր տանը նույնպես սկսան խոսել։ Մեզ մոտ հաճախող բարեկամների ու ծանոթների զրույցն էլ այդ մարդկանցն էր վերաբերում։ Ինչ տուն կամ ընտանիք որ մտնում էի, այնտեղ էլ նրանց մասին խոսք կար։ Ես այդ ժամանակ միայն հայոց հոգևոր դպրոցի ի՛նչ լինելն իմացա, և զարմանում էի, թե ինչո՞ւ մինչև այն ոչինչ չէի լսել նրա մասին։
Բոլոր խոսք ու զրույցներից հայտնվում էր, որ հայոց հոգևոր դպրոցի նախկին տեսուչն ու վարժապետները հեռացված և նրանց փոխարեն նորերն են կարգված։ Այդ պատճառով քաղաքի մեջ երկու կուսակցություն էր կազմվել. մեկը՝ հին խմբի պաշտպան և նորերին թշնամի, մյուսը՝ նորերին պաշտպան և հներին թշնամի։ Հայրս, իբրև հառաջադեմ խմբի կուսակից, վերջինների կողմն էր և յուր ազդեցիկ ձայնով մեծապես նպաստում էր նոր խմբի ձեռնարկությունների հաջողության։
Անզգալապես ես էլ սկսա այդ նորություններով հետաքրքրվիլ։ Ամեն օր, երբ հայրս վերադառնում էր տուն, անպատճառ մի նոր և ինձ հաղորդելու արժանի նորություն էր բերում։ Այս պատճառով նրա գալստյան ես սպասում էի այժմ մի առանձին հետաքրքրությամբ։
Մի երեկո մեր տունը հավաքվեցան քաղաքում ձայն ու կշիռ ունեցող մի խումբ մարդիկ, որոնց հետ և նորեկ վարժապետներից մի քանիսը։ Առանձին սենյակում փակված նրանք երկար խորհրդակցում էին։ Շատ սպասեցի, որ խորհուրդը վերջանար և ես իմ հորից խորհրդի ի՞նչ լինելն իմանայի. բայց այն շուտ չվերջացավ և ես քնեցի։
Հետևյալ առավոտ հայրս հայտնեց, որ արդեն որոշել են մեր քաղաքում բանալ հայոց օրիորդական դպրոց (որ աոաջին փորձն էր), թե՝ հարուստներից մինն արդեն յուր տան մի հարկը ձրիաբար դրել է ապագա դպրոցի տրամադրության ներքո և թե՝ շատ շուտով դպրոցական պարագաները պիտի պատրաստվին, որպեսզի աշակերտուհիների ընդունելությունն սկսվի։— «Դու էլ, սիրելիս, կշարունակես այդտեղ քո ուսումը,— ավելացրեց հայրս,— քեզ դեռ շատ բան է պակասում»։
Հորս վերջին խոսքն ինձ զարմացրեց։ Ես արդեն ուսումնավարտ աղջիկ էի համարում ինձ, իսկ նա դեռ նոր էր ասում, թե շատ բան է պակասում ինձ։
— Ի՞նչ պիտի սովորեմ այնտեղ,— հարցրի ես հեգնական ժպիտով։
— Հայերեն, սիրելիս հայերեն, այդ բանում դու շատ ետ ես մնացել։
Ես բոլորովին զարմացա։
— Բայց չէ՞ որ դու ասում էիր, թե հայերենի համար ավետարան կարդալ ու թարգմանելը և մի փոքր էլ նամակ գրելը բավական է,— հարցրի ես տարակուսած։
— Այո՛, բայց այն ժամանակ քո առողջությունը թույլ էր, ես չէի կամենում որ երկու առարկայի դասերով ծանրաբեռնվիս։ Բայց այժմ որ բավական առողջ ես, ուսմանդ պակասը պիտի լրացնես,— պատասխանեց նա։
Սակայն բուն պատճառը ուրիշ էր։ Հայրս թեպետ շատ բարի, բայց սեփական կարծիք ու համոզմունք ասած բաները չուներ։ Ամեն մի զորեղ լեզու կարող էր նրան իր գերին դարձնել։ Առաջ նրան այնպես էին հասկացրել, որ հայերին շատ սովորել հարկավոր չէ, ուստի ինքն էլ նույնն էր կրկնել։ Այժմ հակառակն էր լսել և կամենում էր ըստ այնմ գործել։ Եվ նրա այդ պահանջի դեմ, ես իսկապես, ոչինչ չունեի։ Մինչև անգամ ուրախ էի կատարել այն, որովհետև հետաքրքրվում էի տեսնել, թե ի՞նչ բան է «օրիորդական» կոչվող դպրոցը և ինչպե՞ս պիտի հավաքվեն այդտեղ բազաթիվ աղջիկներ՝ միասին սովորելու համար։
Մի անգամ հայրս հացկերույթ սարքեց և հրավիրեց հայոց ուսումնարանի տեսչին յուր վարժապետական խմբով և դրանց հետ միասին յուր կուսակցության պատկանող՝ քաղաքի առաջավոր անձերից շատերին, այլև մեր շրջանի տիկիններից նրանց, որոնք վերջին անցքերով հետաքրքրրվողներ էին։
Այդ օրը մեր տան մեջ բոլորովին անսովոր կերպարանք առավ հացկերույթը։ Չկային առաջվա հասարակ ձևի զրույցները, աննպատակ վիճաբանությունները, անհամ կատակները, անտեղի երգ ու պարը։ Այստեղ քչերն էին խոսում և, գլխավորապես, վարժապետական խումբը։ Իսկ մնացածներն ուշադիր լսում էին, կամ մերթ ընդ մերթ մի նկատողություն անում։ Բոլորի կերպարանքն էլ, թեպետ ուրախ ու զվարթ, բայց սքողված էր մի ինչ որ լրջությամբ։
Տեղի ունեցող ընդհանուր խոսակցությունը թեպետ իմ ականջներին անսովոր, այսուամենայնիվ, հետզհետե գրավում էր ինձ. ես լսում էի այն ուշադրությամբ։ Գործ դրված բառերն ու խոսքերը միատեսակ մոտիկ, ընտանի էին թվում սրտիս։ Այդ տեսակ խոսակցություն, հիշում էի, որ երբեմն ունենում էր հորս հետ նաև իմ դասատու քահանան, բայց հայրս արհամարհանքով և հեգնությամբ էր վերաբերվում նրան, ուստի վերջինս զգուշանում էր երկրորդ անգամ խոսելուց, որովհետև բավական քաջություն չուներ հորս համոզելու։
Իսկ այժմ ես բոլորովին զարմանում էի, թե ի՛նչպես նույն հայրս, այն արհամարհող, հեգնող և ոչ ոքին իրենից բարձր չհամարող մարդը, խորին ակնածությամբ, աչքերը ճառախոս տեսչին հառած՝ լսում էր նրան և նրա ամեն մի խոսքին հավանության նշան անում գլխով։
Որքան հիշում եմ, այդ օրից արդեն արթնացավ իմ մեջ ազատ խորհելու և ազատ գործելու բնական եռանդը։ Որովհետև հորս, որին ես մինչև այն ինձ առաջնորդ և իմ կյանքի ղեկավար էի ընդունում, տեսնում էի արդեն թափուր այն ուժից որ ես նրա մեջ երևակայել էի։ Այժմ կարծես մի նոր, մի զորեղ հեղինակություն էի որոնում, որին կարողանայի հպատակվել և որը կարողանար առաջնորդել ինձ դեպի լավագույնը, դեպի կատարյալը։ Որովհետև բոլոր այդտեղ խոսածներից, բոլոր իմ լսածներից ու հասկացածներից ես եկա այն եզրակացության, թե որքան փոքր ու չնչին արարած եմ ես, թե դեռ որքա՜ն շատ է պակասում ինձ փոքր ի շատե կատարյալ լինելու համար։
Երբ ներկա եղող հյուրերին առաջարկվեց խմել հայոց դպրոցների հառաջադիմության «կենացը», վարժապետներից մինը, որի համար հայոց լեզվի ու պատմության դասատու էին ասում, բարեկազմ, գրավիչ դեմքով ու կրակոտ աչքերով մի երիտասարդ, բաժակը ձեռքն առնելով սկսավ խոսել։ Նա բացատրում էր, թե ի՞նչ ուժ է դպրոցը և թե ի՞նչ կարող է անել նա։ Այդ պատճառով խոսում էր հայոց հին անցյալից — Մեսրովպի և Սահակա դարերից. պատմում էր նրանց սկսած և կատարած գործերը, խոսում էր մեր հին վանքերի մասին և այն գերազանց ոգվո ու զգացմանց համար, որ այդ վանքերը ներշնչել էին ուսանող երիտասարդությանը. խոսում էր երկար և վերջը գալիս այն եզրակացության՝ թե՝ մեր եկեղեցին և ուսումնարանը այն անբաժան ու սրբազան հաստատություններն են, որոնցից ներշնչված ուժով միայն մենք պիտի մաքառենք տգիտության և խավարի բռնության դեմ։ Այո՛, նա խոսում էր երկար․ բայց ի՞նչպես էր խոսում. կարո՞ղ եք միթե երևակայել։ Նրա խոսքերը նմանում էին մի հորդահոս աղբյուրի, որ խոխոջալով բխում է անսպառ ակունքներից և գետահետելով մարգերի, մարմանդների վրա՝ ոռոգում յուր ականակիտ և զվարթարար ջրով խոտ, բույս, թուփ, ծառ և ամենը, ինչ որ պատահում է նրան ճանապարհին՝ արևի կիզիչ ճառագայթներից պասքած ու թառամած…
Ես հիացած ու ակնկառույց նայում էի այդ երիտասարդին․ նայում էի և չէի կշտանում։ Նրա դեմքի վրա վառվում էր մի սուրբ, մի ազնվական կրակ, որի կայծերը թափանցում էին իմ սրտի խորքը, առանց որ ես կամենայի։ Չգիտեմ ինչո՞ւ, բայց ես հետևում էի հափշտակել նրա հայացքը, որի մեջ այնքան կյանք ու կենդանություն էին ցոլանում։ Նրա խոսքերը կարծես հրաշեկ երկաթով դրոշմվում էին իմ սրտին, ես կամենում էի, որ նա անվերջ խոսեր, որ ես շարունակ լսեի նրան… Պատահե՞լ է ձեզ երբևիցե գրավվիլ այնպիսի երգով, որը ցանկանայիք շարունակ ու անվերջ լսել և որի լռելը ցավ պատճառեր ձեր սրտին… Ահա՛ այդպիսի մի երգ էր երիտասարդի բանախոսությունը, որի վախճանը ես չէի ուզում տեսնել։ Բայց նա ավարտեց և դահլիճը թնդաց երկարատև ու անլռելի ծափահարությամբ։
Այդ երիտասարդի անունը Գարեգին էր։
Մի քանի օրից հետո ես կրկին պատահեցի երիտասարդ ուսուցչին մեր բարեկամներից մեկի տանը, ուր դարձյալ հրավիրված էր վարժապետական խումբը։ Հացկերույթն այստեղ էլ նույն բնավորությունն ուներ, ինչ որ մեզ մոտ։ Այստեղ էլ խոսքը, զրույցը, վիճաբանության նյութը հասարակական հարցերն էին և գլխավոր խոսողները՝ տեսուչն ու վարժապետները։ Բայց ամենին դարձյալ գերազանցեց երիտասարդ Գարեգնի ճառը, որը նա խոսեց նոր բացվելիք օրիորդական դպրոցի մասին։ Նա մատնացույց արավ մեր օրիորդների դաստիարակության անհրաժեշտությունը և հրավիրեց ներկա եղող կանանց աջակցել այդ սուրբ գործի հաջողությանը։ Մինչև այժմ էլ դեռ կենդանի են հիշողությանս մեջ նրա իմաստալից խոսքերը, որոնք դեռ այն ժամանակներից գրված են իմ հիշատակարանում և որոնց ես այսօր մի անգամ էլ կարդացի, որովհետև կամենում էի անցյալը նորոգել հիշողությանս մեջ։— «Մոր կոչումը մեծ է և սուրբ,— ասում էր նա,— որովհետև նախախնամությունը նրան է հանձնել մարդկային ազգի բախտը, նրա ձեռքումն է գտնվում և եկող սերնդի ապագան։ Հետևապես մայրերը կարող են երջանիկ անել այդ սերունդը, կամ մատնել կորստյան։ Մայրն է, որ խնամում է այն մանկությունը, որ կրում է յուր մեջ կատարյալ հասակի արմատները։ Եթե այդ արմատներն առողջ են, եթե նրանք ապականված ջրով և վնասակար հյութերով չեն սնվել, ապա ուրեմն ծառը հաստատուն և պտուղները բարի կլինին։ Չպետք է տարակուսել այն սերնդի առաքինության վրա, որին դաստիարակում են առաքինի մայրեր։ Առյուծներն աղվեսներին կաթ չեն ջամբում և ոչ էլ դյուցազնուհիները գաճաճներ են սնուցանում։ Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում։ Հին պատմությունից մի օրինակ ավելի լավ է ապացուցում այս ճշմարտությունը։— Հռոմայեցիների զորքերը փախուստ տվին հայրենակից Կորիոլանի երեսից, որն յուր հայրենիքի դեմ ապստամբելով, հարձակվել էր Հռոմի վրա, թշնամի Վոլսկաց զորքերով։ Քաղաքը սարսափի մեջ էր. ծերակուտի խնդիրն ու աղաչանքը արհամարհվեցան, Կորիոլանը անդրդվելի էր. նա սպառնում էր Հռոմը կործանել… Բայց երբ քաղաքի պարիսպներից դուրս երևաց Կորիոլանի մայրը, պառավ Վետուրիան, և որդին դիմեց նրան գրկախառնվելու, մայրը բացականչեց. «Հեռո՜ւ ինձանից… Թող տեսնեմ, որդո՞ւ մոտ եմ գալիս, թե՞ թշնամու. գերի՞ եմ քո բանակում, թե՞ մայր… Մի՞թե երկար ապրեցի նրա համար, որ քեզ տեսնեմ ապստամբ ու թշնամի։ Ի՞նչպես համարձակվեցար ավերել ա՛յն երկիրը, որ ծնեց քեզ, ի՞նչպես չթուլացավ քո զայրույթը, երբ հայրենիքի սահմանները մտար, ի՞նչպես կարողացար հեռվից տեսնել Հռոմը և չհիշել, որ այնտեղ բնակվում են մայրդ, կինդ և զավակներդ… Եթե ես քեզ չծնեի, Հռոմը չէր վտանգվիլ այս կռվից, եթե ես որդի չունենայի, ազատ կմեռնեի իմ ազատ հայրենիքում…»։ Մոր խոսքերը ապստամբ որդու սիրտը շանթահարեցին. Կորիոլանի զայրույթն իջավ, նրա ոտքերը թուլացան և մոր գիրկն ընկնելով՝ բացականչեց.— «Մայր իմ, հայրենիքդ փրկեցիր, բայց որդիդ կորուսիր…», և Վոլսկաց ձեռքը մատնվելով, համաձայն յուր դաշինքին, սրախողխող եղավ։ Տեսեք ուրեմն, թե ո՞վ է մայրը, տեսեք թե ո՞րի դաստիարակության համար է, որ մենք պիտի զոհենք ամեն բան։ «Կանա՛յք,— ոգևորված բացականչում էր երիտասարդը,— հանեցեք ձեր զարդերը․ տվեք մեզ ձեր մատանիները, ձեր գինդերը, ձեր ապարանջանները, ո՛չ որ ոսկի հորթ ձուլենք ձեզ համար, այլ ձեր աղջիկների կրթության և դաստիարակության համար հիմնենք տաճար ու սրբարան, որ ապագայում լուսավոր, առաքինի և ձեր անվանը փառք ու պատիվ բերող որդիք ու թոռներ պիտի շնորհե ձեզ։ Դուք, հայ կանայք, որ մինչև այսօր օրինակելի առաքինությամբ ապրելով հայ ընտանիքի սրբության ու հաստատության խարիսխն էիք կազմում, իմացեք, որ ձեզանից հետո նույնը լինել չեն կարող ձեր որդիները, եթե միայն ձեր չափով լուսավորվեն. որովհետև դարը փոխվում է, կյանքը այլակերպվում, ապականությունը զորանում և առաքինությունը նվազում… Պետք է այդ չարիքների դեմ թումբեր հաստատել, այդ թումբերն են հիմնավոր ուսումը և ճշմարիտ լուսավորությունը։ Դրանք տարածելու համար մենք կարոտում ենք ձեր աջակցության և օրհնության»։
Մեր տանը եղած ժամանակ ես հարմարություն ու միջոց չունեցա ավելի մոտ ծանոթանալու այդ վարժապետին։ Բայց այստեղ դեպքն ինքն իրեն ներկայացավ։ Ճաշից վերջը նա մոտենալով ինձ և ընկերուհիներիս, տեղեկություններ հարցրեց մեր ուսման ու պարապմունքի մասին։ Երբ կարգը հասավ ինձ և ես իմ սովորածների հաշիվը տվի, նա ասաց.
— Դուք դարձյալ պիտի շարունակեք սովորել և եթե եռանդ ու ցանկություն ունենաք, կարող եք պատրաստվիլ վարժուհի մեր նոր բացվելիք դպրոցի համար։ Կգա մի օր, երբ մենք չենք լինիլ և դուք պատրաստված լինելով՝ մեր սկսածը կշարունակեք։ Յուրաքանչյուր մարդու վրա, կին լինի նա, թե տղամարդ, սրբազան պարտք կա որոշ չափով հասարակության ծառայելու։ Իհարկե, շատ ունեցողը շատ կտա, քիչ ունեցողը՝ քիչ, բայց այդ պարտքից ազատ չէ ոչ ոք։ Զգուշացեք, օրիորդներ,— ասում էր նա, դառնալով բոլորիս,— որ ձեր ծաղկող հասակն ապարդյուն չանցնե նման բարդի ծառին որ ուռճանում, բարձրանում է մինչև ամպերը, բայց ո՛չ հովանի է տալիս արևակեզ անցորդին և ոչ էլ պտուղ տնկող մշակին։ Այժմյանից արդեն պիտի սովորեք օգտավետ լինել այն հասարակությանը, որին ձեր հարազատն եք անվանում։ Մի՛ նվիրեք ձեր սիրտը վաղանցուկ հրապույրներին և ոչ էլ շլացեք փայլուն երևույթներով։ Դրանք ասուպներ են, որոնք մի վայրկյան վառվելով երկնակամարի վրա, ապա հանգչում, անհետանում են մթության մեջ։ Հետևելով դրանց, դուք կմոլորվեք և իզուր կվատնեք ձեր թանկագին հարստությունը, այն է՝ երիտասարդական հասակի աննման եռանդն ու կորովը և այդպիսով ձեր ժառանգները կմատնեք բարոյական աղքատության։ Մի օր ետ կնայեք և կտեսնեք, թե որքա՛ն դատարկ, որքա՛ն ապարդյուն է անցել ձեր կյանքը, բայց այն ժամանակ արդեն ուշ կլինի։ Փափուկ և անդորր ապրողից ավելի երջանիկ է ա՛յն մարդը, որ կյանքը նվիրում է իր նմաններին օգնելուն, մանավանդ բարոյական ձեռնտվությամբ։ Սովորեցե՛ք ապրել այդ կյանքով, սովորեցրեք նույնը և նրանց, որոնց առաջնորդ պիտի լինեք։ Այդպիսով դուք ապագա սերունդը կբախտավորացնեք և մարդիկ կօրհնեն ձեզ։
Այս և սրա նման շատ բաներ էր խոսում երիտասարդը։ Նա կարծես հետևում էր հին առաքյալներին, նպատակ ունենալով՝ «քարոզել և ուսուցանել» ուր և լիներ, դպրոցո՛ւմ, թե՞ եկեղեցում, ընտանիքներո՛ւմ, թե՞ հրապարակում։ Նա միշտ զգացված, միշտ ոգևորված էր։ Նրա խոսքերն աղբյուրանում էին ոչ իբրև հասարակ զրույց, այլ իբրև հրահալելիք, որ կրակված ծորում ու թափանցում է կաղապարի ամենաթաքուն խորշերը…
Եվ որքա՜ն հիացմունքով, որպիսի՜ հափշտակությամբ էինք լսում մենք նրա քարոզները։
Մի շաբաթ անցավ այն օրից և այդ բոլոր ժամանակ ես մտածում էի երիտասարդ վարժապետի վրա։ Նրա բոլոր խոսածները կենդանի էին դեռ իմ լսողության մեջ. ես շարունակ որոճում, քննում էի նրանց, կամ աշխատում բացատրել ինչ որ ինձ համար մութ ու անհասկանալի էր մնացել։ Ես նկատում էի, որ իմ մեջ սկսվում է մի ինչ որ հեղափոխություն, մի ուժգին ձգտումն՝ լինելու այն, ինչ որ երիտասարդ ուսուցիչն էր կամենում։ Նա շատ լավ տպավորություն էր թողել և ծնողներիս վրա, որոնք շարունակ նրա մասին էին խոսում։ Այս բանը ինձ մեծ հաճույք էր պատճառում։ Ի՞նչ տարօրինակ համակրություն էր այս, որ ես տածում էի դեպի երիտասարդ վարժապետը, չգիտեմ, միայն թե ցանկանում էի լսել նրա մասին, շարունակ։ Գարեգին անունն իսկ, երբ արտասանում էին, քաղցր էր հնչում իմ ականջին։ Բոլորովին նոր, բոլորովին աննման բարեկամության մի զգացմունք էր այս, որպիսին ես, արդարև, չէի տածել երբեք դեպի ոչ մի իմ ծանոթն ու ընկերուհին։ Ցանկանում էի, որ նա իմ եղբայրը լիներ, որ մեր տան մեջ, մեզ հետ միասին ապրեր, որ ես շարունակ առիթ ունենայի նրան տեսնելու, նրա գրավիչ և ոգևորող խոսքերը լսելու։ Երբ պատահում էի իմ ընկերուհիներից մինին, մեր խոսակցության առարկան անպատճառ Գարեգին վարժապետն էր։ Մենք բոլորս էլ համաձայն էինք նոր բացվելիք օրիորդական դպրոցում նորից աշակերտելու, եթե միայն մեր ուսուցիչը Գարեգինը լիներ։
Շատ չանցավ, դպրոցի բացման օրն էլ հասավ։ Ընդարձակ և զարդարուն դահլիճի մեջ հավաքվել էր խուռն բազմություն։ Այստեղ էր սրբազանը՝ յուր քահանաներով, տեսուչն՝ յուր վարժապետական խմբով, ընդունված աշակերտուհիներն՝ իրենց ծնողների և բարեկամների հետ, դպրոցի բացման նպաստող պատվավոր քաղաքացիներն ու նրանց կանայք — դպրոցի նորընտիր խնամակալուհիները, որոնցից մինն է մայրս, ապա ուսանողներ, արհեստավորներ և ուրիշ շատերը։
Ես էլ իմ ընկերուհիների հետ, առանձին կանգնած, հետաքրքրությամբ դիտում էի հանդեսը, որ բացվեց սրբազանի մի փոքրիկ ճառով, կաթողիկոսի կոնդակի ընթերցումով և քահանաների հոգևոր երգերով։ Ապա գեղեցիկ և ազդու բանախոսություն արավ տեսուչը, նյութ առնելով իրեն կանանց ազդեցությունն ընդհանուր մարդկության վրա և, հետևապես, նրանց կրթության ու զարգացման նշանակությունը՝ ընտանիքների երջանկության և ազգերի հառաջադիմության համար։ Մեր նոր սերունդը, որ շատ է խոսում այժմ հայ կնոջ կրթության մասին, չէ հետաքրքրվում սակայն մեր մեջ սկսված այդ գործի ուսանելի անցյալով։ Եվ այդ է պատճառը որ այդ գործի հիմնադիր նա համարում է միայն վերջին ժամանակի այս ու այն գործչին, անտես անելով այդպիսով պատմական ճշմարտությունը։ Եթե դուք չեք պատկանում անցյալի ուսումնասիրությունից խորշող երիտասարդների թվին, ապա ուրեմն կարդացած կլինեք տեսչի այդ բանախոսությունը 64 թվականի «Մեղու»-ի համարներում, կամ 71 թվականի ամսաթերթում։ (Ես խոստովանեցի իմ անծանոթ լինելը հիշված թվականների թերթերին)։— Հոգ չէ,— շարունակեց քույր-Աննան,— ես ունեմ «Սիոն»-ի համարը և կտամ ձեզ կարդալու այդ ճառը, որ կանանց լուսավորության գործի մի հրաշալի ներբողն է, որի նմանը չեմ հիշում, թե լույս տեսած լինի երբեք հայ լրագրության մեջ և որը մեծ նշանակություն ունի, մանավանդ այն պատճառով, որ արտասանվել է քառորդ դար մեզանից առաջ։ Արժեր, այսօր էլ այդ գրվածքը կարդային ամեն տեղ և յուրաքանչյուր հայ ծնող յուր աղջիկը դաստիարակելու գործում առաջնորդվեր նրա մեջ արտահայտված մտքերով։
Բայց ես դառնամ իմ պատմության։— Տեսուչը, որ յուր վեհ ու պատկառելի կերպարանքով գրեթե սուրբի տպավորություն էր անում մեզ վրա, յուր այդ ճառով այնպես վառեց ու բորբոքեց ներկա եղողներին, որ բացի առատ նվերները, որ ստորագրեցին նրանք անդրանիկ դպրոցի օգտին, այլև քառասունից ավելի տիկնայք որդեգրեցին աղքատներից մի-մի որդեգրուհի՝ խոստանալով հոգալ նրանց մտավոր ու նյութական բոլոր պիտույքը։ Նույնիսկ առաջնորդը հետևեց կանանց օրինակին՝ որդեգրելով երկու աղջիկների։ Այսպիսով ծնունդ առավ մեր քաղաքի անդրանիկ օրիորդական դպրոցը, որ կնքվեցավ Ս. Մարիամյան անունով։
Իմ ուրախությանը չափ չկար, երբ մի քանի օրից հետո, հայրս տուն վերադառնալով հայտնեց, թե օրիորդական դպրոցում արդեն բացվում է այն դասարանը, ուր ես և իմ ընկերուհիներն, իբրև հասակավորներ, առանձին պիտի հայերեն սովորենք Գարեգին վարժապետի մոտ։ Օ՜հ, ի՜նչ հրճվանքով, ինչպիսի՜ բերկրությամբ լսեցի ես այդ լուրը և ինչպե՜ս պինդ սեղմեցի հորս իմ կրծքին։
Հասավ ցանկալի օրը։ Վեց աշակերտուհիներ, բոլորս էլ համարյա մի աստիճանի զարգացումով, հավաքված օրիորդական դպրոցի մեզ համար նշանակված դասարանը, ուրախ-ուրախ խոսում և պատմում էինք միմյանց հազար և մի դպրոցական նորություններ և սպասում մեր սիրելի ուսուցչին։
Վերջապես նա եկավ և ողջունեց մեզ մի սրտաշարժ ճառով, ապա բաժանելով յուրաքանչյուրիս մի-մի ավետարան ու Եղիշե, ասաց. «Այս երկու գրքերը կլինեն ձեր ուսման սկիզբը ու վերջը»։
Մեզանից ոչ ոք, իհա՛րկե, չըմբռնեց այդ խոսքերի իմաստը։ Ես, մինչև անգամ, դժգոհ եղա, որ դեռ նոր պետք է ավետարան կարդամ, մի գիրք, որ արդեն քահանա վարժապետիս մոտ կարդացել, վերջացրել էի։ Ինձ վրա, նույնիսկ, մի տխուր հիասթափություն եկավ։ Ես ի՜նչեր էի երազել՝ թե պիտի սովորեմ Գարեգնի մոտ և այժմ ի՞նչ գրքեր էր նա մեր ձեռքը տալիս։
Բայց անցավ մի քանի դաս, և ես զղջացի իմ դժգոհության վրա, որովհետև տեսա թե որքան մեծ և որքան բարձր ուսում է եղել այդ՝ ինձ «մի հասարակ գիրք» երևացող՝ ավետարանի մեջ. ուսում, որն ըմբռնելու և յուրացնելու համար հարկավոր էր մեզ դեռ երկար աշխատություն։ Անշո՛ւշտ, նույնը կլիներ և՛ Եղիշեի գիրքը, որի մասին, իհա՛րկե, ես չէի կարող դեռ կարծիք հայտնել, բայց ավետարանի վրա առածս դասերից դատելով՝ արդեն հավատում էի իմ ուսուցչի արժանավոր ընտրության։
Այստեղ մենք ուսանում էինք կրոն՝ ավետարանի վրա, լեզու՝ Եղիշեի վրա, և ազգային պատմություն՝ վարժապետի բերանացի պատմածներով։
Կրոնի դասերն, իհա՛րկե, չէին նմանում այն դասերին, որ մի ժամանակ ավանդում էր ինձ քահանան. չոր ու ցամաք աղոթքների փոխարեն՝ ուսուցիչն այժմ ծանոթացնում էր մեզ ավետարանի վարդապետության, բացատրելով Քրիստոսի պատվերները պարզ և դյուրըմբնելի ոճով։ «Կրոնը,— ասում էր նա,— սովորեցնում է մեզ սիրել բարին, ճշմարիտը և ընկերը, և հեռանալ այն ամենից, ինչ որ արգելք է լինում այդ սիրու աճելության»։ Այսպես սահմանելով կրոնը, նա աշխատում էր զարթեցնել մեր սրտերում սիրո գեղեցիկ զգացումը։ Եվ նրա աշխատությունը ապարդյուն չէր անցնում։ Գուցե իմ վերաբերմամբ կարող եմ ասել, թե՝ յուրաքանչյուր դասից հետո ես ինձ զգում էի մի տեսակ փոխված, մի ինչ որ թեթև ու բարձր մթնոլորտում, ինձ թվում էր թե՝ այդ միջոցին ես ավելի եմ սիրում ինձ շրջապատողներին, ավելի քաղցր ու ներող աչքով նայում նրանց թերություններին։ Ինչ վերաբերում է ազգային պատմության, դա արդեն ոգևորության անսպառ աղբյուր էր մեզ համար։ Ուսուցիչն այդ առարկան ավանդում էր մեզ ոչ իբրև դաս, այլ իբրև հոգի, կենդանացնելով մեր առաջ անցյալը և սովորեցնելով՝ ներկայի համար նրանից օգտվելու ճանապարհը։
Պետք է ասել, որ իմ ընկերուհիների մեջ ամենից ավելի եռանդով սովորում էի ե՛ս։ Ուսուցչիս արտասանած ամեն մի բառը, խոսքը, պատմածը հափշտակում էի ագահությամբ։ Իսկ դրանից հետո էլ ոչ մի գործ, կամ զբաղմունք չէին կարողանում հեռացնել ինձ ստացածս դասերը պատրաստելուց։ Իմ ուրախությանը չափ չէր լինում, երբ առանց ամենափոքր սխալի և դժվարության պատասխանում էի դասերս։ Ուսուցիչը գովում էր ինձ հաճախ, բայց չէի կամենում, որ նա գովեր ինձ իմ ընկերուհիների ներկայությամբ. դրա համար ամենափոքր ինքնասիրություն անգամ չունեի։ Ես կամենում էի, որ նա միայն ինքը հասկանար, թե յուր տված դասերը չէի կարող չսովորել, որ իմ միակ ուրախությունն ու ցանկությունը իրեն գոհություն պատճառելս էր։
Մի քանի ամսից հետո հայրս հայտնեց ինձ, թե ուսուցիչս խորհուրդ է տվել իրեն, հանել ինձ դպրոցից։ Ես բոլորովին զարմացա. սա անսպաս նորություն էր։
- Ինչպե՞ս,— բացականչեցի ես,— մի՞թե նա իմ մեջ պակասություն է նշմարել։
— Ոչ, սիրելիս, նա կամենում է քեզ հետ մեր տանը պարապել,— ասաց հայրս մեղմով ժպտալով։— Բայց պատճա՞ռը։
— Պատճառը հարգելի է. նա ասում է թե՝ «ձեր աղջիկը չափազանց ընդունակ է և տրամադիր արագ հառաջադիմելու, բայց յուր ընկերուհիները խանգարում են նրան իրենց համր ընթացքով. պետք է ձեր աղջկան ազատ ասպարեզ տալ առաջ գնալու»։
— Իսկ դո՞ւ, հայրի՛կ, մի՞թե համաձայն չես,— այժմ արդեն սրտատրոփ հարցրի ես։
— Ես կանեմ այն, ինչ որ դու կցանկանաս, սիրելի աղջիկս,— ասաց նա գգվանքով և ես ուրախությունից խելագարված նրա գիրկը թռա։
— Այո՛ հայրիիկ, ես կամենում եմ, որ նա այստեղ, մեր տանը դասախոսե,— ասացի ես։— Իրավ որ իմ ընկերուհիները խանգարում են ինձ. նրանք սովորելու ո՛չ եռանդ, և ո՛չ ցանկություն ունեն։ Առաջին օրերը միայն ոգևորված էին, իսկ այժմ, օ՜հ, ես ամաչում եմ նրանց տեղ, գրեթե ոչինչ չեն սովորում. հենց որ վարժապետը դասախոսում է, նրանք դարձյալ ոգևորվում են, բայց տուն վերդառնալուց կրկին նույն սառն ու անզգա աղջիկներն են դառնում, ինչ որ են իսկապես։
— Թո՛ղ ցանկացածդ լինի,— ասաց հայրս,— ես կխնդրեմ Գարեգնին, որ վաղվանից գա մեզ մոտ։
Օ՜հ, ի՜նչ ուրախություն, ի՜նչ ավետիք էր այս ինձ համար։ Ես որպիսի՜ սիրով, որքա՜ն խանդաղատանքով գրկեցի նորեն իմ բարի հորը, ինչպե՜ս նրան այժմ ջերմությամբ էի սիրում։
Եվ իրավ, իմ ընկերուհիները խանգարում էին ինձ։ «Այժմ ես տասնապատիկ ավելի եռանդով կսովորեմ, մտածում էի ես, իմ թանկագին ժամանակն էլ չեմ զոհիլ իմ ընկերուհիների աննպատակ շատախոսությանը… այժմ արդեն արագ կհառաջադիմեմ»։ Եվ իմ ենթադրությունները սխալ չէին։
Սկսած այն օրից, որ Գարեգինն եկավ մեր տանը դասախոսելու, ես հետզհետե մեծ հառաջադիմություն արի։ Մի քանի ամսվա մեջ հայերենից արդեն բավական բան էի սովորել, պատմությունը կիսել և կրոնի ուսմունքը գրեթե ավարտում էի։ Այժմ իմ ուսանելի առարկաների թվին ավելացրեց ուսուցիչս և հայոց գրականության ու եկեղեցական պատմության դասեր։ Հետո գալիս էր ինձ մեր մատենագրություններից ամենաընտիրները՝ շարունակ կարդալու։ Երբեմն ժամերով նստած՝ նա խոսում էր ինձ այնպիսի դասեր, որ ես ոչ մի գրքում չէի կարող կարդալ, և այդպիսի հոգեշունչ դասերին հաճախ ներկա էին լինում հայրս, մայրս և մոտիկ ազգականներս, որոնք բոլորն էլ հիանում և մխիթարվում էին։
Այսպես առաջ էր գնում ուսմանս գործը, որին ես նվիրվել էի հոգով և սրտով։
Այժմ պետք է պատմեմ ձեզ իմ կյանքի, այսպես ասած, հոգեկան մասի պատմությունը, որն իմ վերաբերմամբ բավական տխուր էջեր է պարունակում։
Իհարկե, եթե քսան և մի երկար տարիներ անցած չլինեին այն ժամանակի վրա, որին պատկանում է այս պատմությունը և եթե ես արդեն սիրով ու համոզմամբ հաշտված չլինեի այն դրության հետ, որի մեջ գտնվում եմ այժմ, ինձ համար ոչ միայն ծանր, այլ գուցե և անհնարին լիներ այդ պատմությունն անել, ինչպես և ոչ մեկին չեմ արել մինչև այսօր։ Բայց ժամանակը, որ ամեն ինչ մաշում է, հնացրել է արդեն և իմ վերքերը, թեպետ բոլորովին չէ բուժել նրանց։ Ուստի այժմ հանգիստ և առանց հուզվելու կարող եմ պատմել ձեզ բոլորը, ընդունելով, թե ես էլ այս աշխարհում ունեցա մի օր մի եղբայր, որին կարողացա բանալ իմ սիրտը՝ անցյալի վերաբերմամբ։
Բայց տարին լրանալու մոտ, ես մի տարօրինակ փոփոխություն էի նշմարում իմ մեջ։ Մի ինչ որ անձուկ ճնշում էր սիրտս և անհանգստացնում հոգիս։ Ինձ այլևս չէին գոհացնում ստացածս դասերի հաջող պատրաստությունը և ուսուցչիս այս առթիվ հայտնած շնորհակալությունը։ Երբ նստում էի դաս պատրաստելու, դեռ կեսը չանցած, միտքս թռչում էր ուրիշ տեղ, աչքերս սևեռվում էին մի առարկայի վրա և երբեմն ժամերով մնում էի այդպես կես քուն, կես արթուն։ Ինքս էլ չգիտեի ինչո՞ւ եմ նստել անգործ, ինչի՞ վրա եմ մտածում… Եվ երբ ուշաբերելով, նորեն սկսում էի կարդալ, տեսնում էի, որ սովորածս արդեն մոռացել եմ։ Շատ անգամ փախչում էի իմ ծնողների ընկերակցությունից, քաշվում էի սենյակս, կեղծելով, իբր թե գիրք եմ կարդում և սակայն այդտեղ անձնատուր էի լինում մտածության։ Ի՞նչն էր, իսկապես, իմ մտածմունքի առարկան, չգիտեի, կամ գուցե թվում էր ինձ թե՝ չգիտեմ… Այսքանը ճիշտ էր, որ երևակայությանս առաջ հաճախ պատկերանում էր իմ ուսուցիչը։ Ես նայում էի նրան կարծես գողունի հայացքով, դիտում էի նրա զվարթ և վստահ պատկերը, նրա կյանքով ու կրակով լի աչքերը, լսում էի կարծես նրա քաղցրահնչյուն ձայնը, հոգեշունչ խոսքերը, խրատականները… և հանկարծ սթափվելով բարկանում էի ինձ վրա, խանգարում երևակայությանս թռիչքը, ցրում մտածողություններս և ինքս ինձանից կամենում էի փախչել, ինչպես մի մարդ, որ հալածվում է յուր խղճից՝ մի հանցանք գործած լինելու համար։ Եվ սակայն խիղճը չէր, որ հալածում էր ինձ, այլ բանականությունը, որ սրտիս հետ միացած փորձում էր մեղադիր լինել իմ անպարտ խղճին…։ Շատ անգամ իմ մեջ զարթնում էին հակառակ զգացմունքներ, միմյանց հակասող հուզմունքներ։ Երբեմն մի հասարակ մտածմունք, որ կապ ուներ իմ բուռն ցանկությունների հետ, այնպիսի ուրախություն էր պատճառում ինձ, որ ես կամենում էի երգել, խաղալ, թռչկոտել։ Իսկ երբեմն, դարձյալ, մի չնչին պատճառից՝ տրտմությունն ու թախիծը պաշարում էին ինձ, մտքերս մոլորվում, և ես ուր գտնվիլս անգիտանում էի։
Մի քանի անգամ փորձեցի ստիպել ինձ՝ նախկին զգաստությամբ և աշխատասիրությամբ պարապել իմ դասերով, կամ առտնին գործերով։ Պատահում էր, նույնիսկ, հաղթահարում էի ինձ և շարունակում գործս ուշադիր լրջությամբ, բայց այդ լինում էր մի քանի օր։ Փոքրիկ առիթ պատահած ժամանակ մտածմունքներն ու հուզմունքը նորեն պաշարում էին ինձ։
Երբ ուսուցչիս գալու ժամը մոտենում էր, ես փոխանակ դասերիս ընթերցումը շարունակելու, գնում, կանգնում էի այն պատուհանի մոտ, որտեղից նրա գալը կարող էի տեսնել։ Եվ երբ նա երևում էր, սկսում էի դիտել նրան հեռվից, քննել նրա շարժվածքը, քայլվածքը և, եթե կարելի էր, նույնիսկ դեմքն ու հայացքը, մինչև որ նա գալիս մտնում էր բակը և սկսում սանդուղքով բարձրանալ։ Այնուհետև ես փոքրիկ չարաճճի աշակերտի նման վազում, հավաքում էի գրքերս և նստում իմ սովորական տեղը։ Բայց սիրտս այդ միջոցին տրոփում էր անհանգիստ, կուրծքս բարձրանում և իջնում. ես սկսում էի կասկածել ինձ շրջապատող առարկաներից, կարծես հավատալով, թե նրանք կմատնեն ինձ… Երբեմն շփոթվելուց մինչև անգամ տեղիցս չէի բարձրանում, երբ մտնում էր ուսուցիչս. երբեմն էլ դժվարանում էի ուղիղ նայել երեսին։ Բայց նա ծանրությամբ նստում էր յուր տեղը, սովորական կերպով հարցնում կամ դասախոսում և առանց ամենափոքր ուշադրություն դարձնելու իմ շփոթությունների վրա՝ հեռանամ։ Ուսուցչիս, իհարկե, ես ճանապարհ էի դնում մինչև սանդուղքը, հետո պատշգամբի վրա կանգնած՝ հետևում նրան երկար, անթարթ աչքերով, մինչև որ նա հեռանում, ծածկվում էր իմ աչքից։ Պատահում էր նաև, որ ես ամբողջ ժամերով մնում էի այդտեղ կանգնած և աչքս հառած ա՛յն կետին, որտեղից անհետացել էր նրա երևույթը, և այդ հափշտակված դրությունից հանում էր ինձ կամ հայրս, որ ծառայությունից վերադառնալով՝ երևում էր հեռվից, կամ ձայնը իմ մոր, որ խոսում էր աղախնի կամ ծառաների հետ։
Շատ անգամ ինքս ինձ մտածում էի թե՝ ի՞նչ պիտի լինի իմ այս տարտամ և անհանգիստ դրության վերջը։ Երբեմն որոշում էի թողնել պարապմունքս, բավական համարելով արդեն սովորածներս, որովհետև կարծում էի թե՝ ուսուցչիս երկար բացակայությունը կբժշկե իմ այս հիվանդության նմանվող այլայլությունը։ Բայց երբ մտածում էի, թե այդպիսով կարող եմ զրկվել նրան տեսնելու, լսելու, հետը խոսելու անհուն հաճույքից, երկյուղով շշնջում էի. «Անկարելի է, անկարելի է. նա երբեք չի պիտի հեռանա ինձանից…»։
Բայց ի՞նչ տարօրինակ և անծանոթ բարեկամության մի անձուկ է այս, որ պատել, պաշարել է ինձ,— մտածում էի երբեմն.— ես կորցրել եմ իմ հոգու խաղաղությունը, սրտիս անդորրությունը. էլ ուրիշ ոչնչի վրա չեմ ուզում մտածել, ամեն ընկերություն ինձ նեղացնում, ամեն ուրախություն՝ տաղտկացնում է միայն լուռ ու մութ անկյուններն են, որոնք քաշում են ինձ դեպի իրենց և ուր խորհում, մտորում եմ միայն նրա համար… ի՞նչ է արդյոք այդ փոփոխության անունը, մի՞թե ես սիրում եմ նրան…
— «Սիրում եմ». այս երկու բառերն իսկ կապում, կաշկանդում էին լեզուս, ես կամենում էի արտասանել նրանց հաճախ, բայց ինքս ինձանից քաշվում էի։
Վերջին ժամանակներն ավելի ու ավելի սկսա անձնատուր լինել իմ թաքուն մտածմունքներին։ Առողջությունս հետզհետե խանգարվում էր, երեսս՝ գույնը նետում, ախորժակս փոխվում և մի ընդհանուր թուլություն տիրում էր վրաս։ Ծնողներս սկսան անհանգստանալ.— «Ի՞նչ է պատահել քեզ, ինչո՞ւ գունատ ես, ինչո՞ւ տխուր ես»,— շարունակ հարցնում էին և անհանգստացնում ինձ, սակայն ես չգիտեի ի՞նչ պատասխանել։ «Ոչինչ և ոչինչ»,— այս էր իմ միակ պատասխանը։
Այսուամենայնիվ, ես արդեն հաշտվել էի ա՛յն մտքի հետ, թե սիրում եմ երիտասարդ Գարեգնին… Եվ այս սերը նոր չէր, և ոչ էլ օրերի, կամ շաբաթների ծնունդ. նա դարբնվել էր իմ սրտում ամբողջ տարվա ընթացքում մի-մի կայծերով, որոնք տակավ առ տակավ միանալով այժմ վառում էին այդտեղ անշիջանելի հնոց սիրո և հիացման… Եվ այդ կրակը, հարկավ, ես չէի կարող մարել. նա պետք է վառեր, բորբոքեր իմ սիրտը, գուցե նա լափեր, սպառեր իմ գոյությունը. այդ ճակատագրից այլևս անկարող էի ազատվել։ Միայն թե մի բան անհրաժեշտ էր այդ դեպքում այն է՝ աշխատել, որքան հնար էր, երևալ արտաքուստ նույնը և մշտականը, որպեսզի ծնողներիս հետապնդությունից ազատվեի, որովհետև ներքին ճնշումից ավելի վատ էր ազդում վրաս արտաքին այդ ճնշումը։ Այս պատճառով hետզհետե սովորում էի ոչ միայն քողարկել զգացմունքներս, թաքցնել հուզմունքս, այլև կեղծել ուրախություն, աշխատելով նույնիսկ խաղալ, երգել, զբաղեցնել շրջապատողներիս և այս ամենը նրա համար, որ իմ ներքին աշխարհը անտեսանելի կացուցանեմ օտար աչքերից… իսկ այս դեպքում՝ օտար էի համարում ես ամենքին, նույնիսկ ծնողներիս։ Այսուամենայնիվ, այս դրությունն էլ երկար չտևեց։ Կեղծելը, որ առաջ հետապնդությունից ազատվելու միջոց էի համարում, շուտով դարձավ ինձ անտանելի, ես սկսա ամաչել նույնիսկ ինձանից և իմ ցավը դարմանելու համար աշխատել դիմել ազնիվ միջոցի։— «Ինչո՞ւ համար եմ ստորացնում ինձ,— մտածում էի ես.— մի՞թե արդարև հանցանք եմ գործում՝ սիրելով երիտասարդներից ամենաազնվին և արժանավորին. ինչո՞ւ այս բանը չհայտնեմ ծնողներիս, ինչո՞ւ օրն ի բուն զուր տեղը տառապիմ. մի՞թե նրանք սիրտ չունին, զգալ չգիտե՞ն, կամ երբեք չե՞ն սիրել…»։
Հազիվ այս մտածմունքը հանգստացնում էր սիրտս, կամ փոքր ինչ հուսադրում ինձ, և ահա՝ մի ուրիշը գալիս ոչնչացնում էր նրա ազդեցությունը… «Ի՞նչ եմ ասում. մի՞թե խելագարվել եմ… հնարավո՞ր բան է արդյոք հորս նման մի խիստ մարդուն այսպիսի անլուր, անօրինակ նորություն հայտնել։ Ո՞վ է այդ բանն արել այս քաղաքում. որի՞ն կարող են հիշել ծերունիները… Եվ մի՞թե սա կայծակի մի հարված չի լինիլ իմ պատվասեր հոր համար, որն այնքան բարի և ազնիվ սրտով ընդունեց յուր տան մեջ օտար երիտասարդին։ Կարո՞ղ էր միթե նա երևակայել, թե յուր պարկեշտ, ամոթխած Աննան, այսօրինակ համարձակ ընտրությամբ ամոթահար կանե իրեն՝ յուր բարձակիցների առաջ… Եվ մի՞թե Սիմոն-բեկը, քաղաքի առաջնակարգ, պատվավոր և հարուստ մարդը կկապե՞ յուր միամոր աղջկա բախտը մի վարժապետի հետ…»։
Բայց երբ նորեն առողջ դատողությունը հաջորդում էր իմ նախապաշարմունքներին, ես ինձ հարցնում էի.— «Ինչե՞ր եմ խոսում. ո՞վքեր են այդ պատվավոր քաղաքացիները, ինչո՞վ են նրանք ավելի բարձր ու ազնիվ, անձնվեր հայ ուսուցչից. մի՞թե իրենց դիրքով, իրենց հարստությամբ, կամ ա՛յն համոզմունքով, որ իրենք իրենց համար կազմել են տգիտաբար։ Քանի՞ փող արժե այն դիրքը, այն հարստությունը, որ միայն իրենց անձին և գոյությանը դյուրություն տալու է ծառայում։ Մի՞թե բարձրը և ազնվագույնը սիրել գիտցող սիրտը պիտի ակնածե՞ այդ անկենդան կուռքերից։ Ի՞նչ պետք է ինձ նրանց հայեցակետը, քանի որ ես իմ սեփականն ունիմ։ Գարեգինն ամբողջ գլխով բարձր է իրեն շրջապատող հասարակությունից. այդ հարուստ ու պատվավոր մարդիկ գլուխ պիտի խոնարհեցնեն նրա ազնիվ սրտի և հայրենասեր հոգու առաջ…»։
Եվ այսպիսի ժամանակ, երբ մտածում էի թե՝ սիրում եմ նրան, որի վրա բոլոր աչքերը նայում են սիրով ու հափշտակությամբ, մի ներքին հպարտություն լցնում էր հոգիս, և ես հաստատապես վճռում էի տանել ամեն նեղություն ու զրկանք, բայց երբեք չհրաժարվիլ սիրածս անձից։
Սակայն այսպիսի որոշումով զգացածս ուրախությունը դարձյալ թունավորում էր մի ուրիշ մտածմունքով.— մի՞թե ամուլ չէ այս սերը,— հարցնում էի ինքս ինձ.— ինչպե՞ս իմանամ, թե Գարեգինը նույնպես կսիրե ինձ, թե նա կբաժանե իմ հրատոչոր զգացմունքը… Մի՞թե նրա վեհ, բարձրաթռիչ հոգին կարո՞ղ է երբևիցե դեգերել եսասիրության այն նեղ մթնոլորտում, ուր ապրում է իմ հոգին։ Կա՞ իմ մեջ մի արժանիք, որ նրա արժանիքներից փոքրագույնին հավասարեր, կամ մի ձիրք, որ նրա հիացումը գրավեր։ Հասարակ մի աղջիկ, ողորմելի զարգացումով և ավելի ևս ողորմելի ձգտումներով, մի՞թե ես իրավունք ունիմ սիրել նրան կամ հուսալ՝ նրանից սիրվելու… Օ՜հ, ոչ, սա տղայական մի ցնորք է, որին իզուր հետևում է իմ թույլ ու անզոր սիրտը։ «Ավելի լավ է զգաստանամ և աշխատեմ մոռանալ նրան…»,— որոշում էի ես վերջապես և սակայն այդ որոշումը ևս թողնում անգործադիր։
Եվ այսպես օրերն անցնում էին, իսկ իմ դրությունը մնում էր նույնը, կամ գնալով վատթարանում։ Այժմ արդեն ծնողներս պարզ կերպով հետևում էին իմ քայլերին, աշխատելով որսալ իմ բերանից բառեր կամ խոսքեր, որոնք հարկավոր էին նրանց իմ գաղտնիքներին հասու լինելու համար։ Այդ պատճառով ես հետզհետե դառնում էի ավելի զգաստ և խորագետ, փախուստ էի տալիս նրանց նպատակավոր զրույցներից, կամ աշխատում շփոթել այդ զրույցները խնդրին չվերաբերող հարցերով։ Եվ ես, որ առաջ առիթ էի փնտրում միշտ Գարեգնի մասին խոսելու կամ նրա անունը հեղհեղելու, այժմ զգուշանում էի մինչև անգամ այդ անունն արտասանելուց։ Գուցե և իմ այսքան զգուշավոր լինելն ավելորդ էր, բայց ուրիշ կերպ հանգիստ լինել չէի կարող։
Մի օր մենք հրավիրված էինք մեր բարեկամներից մեկի տունը։ Գիտենալով, որ ծնողներս անպատճառ պիտի գնան այնտեղ, որովհետև խոստացած էին, ես հայտնեցի, թե գլխացավ ունիմ, ուստի չեմ կարող ընկերանալ իրենց։ Ծնողներս առանց դժվարության թողեցին ինձ տանը, աղախնի հետ, և իրենք գնացին։
Մի ժամից հետո Գարեգինը պիտի գար դասի։ Իմ գլխում մի հանդուգն միտք հղացավ, այն է՝ բանալ նրա առաջ իմ սիրտը և անկեղծությամբ խոստովանել դեպի իրեն ունեցածս ջերմագին սերը։— «Ինչ պիտի անե նա ինձ,— մտածում էի ես երկչոտ սրտին հատուկ զգուշությամբ.— շատ, շատ, գուցե, մի նախատինք, կամ հանդիմանություն լսեմ նրանից. այն ժամանակ ավելի լավ, ես կբժշկվիմ այս մաշող ցավից, կվերադառնամ իմ նախկին, խաղաղ դրությանը։ Իսկ եթե նա կասե, թե բաժանում է իմ զգացումը, օ՜հ, այն ժամանակ, հեռո՜ւ ինձանից թախիծ ու մտածմունք, այն ժամանակ արդեն ես ամենաերջանիկ աղջիկը կլինիմ աշխարհում և նույնիսկ այդ երջանկությամբ զորացած կոչնչացնեմ իմ ճանապարհը փակող արգելքները. կմեղմեմ, նույնիսկ, իմ հոր խստասրտությունը և կստանամ մորս օրհնությունը»։
Եվ այս մտածմունքով ոգևորված՝ սպասում էի իմ սիրելի ուսուցչին։
Առաջին անգամ, երբ նրա ողջույնը լսեցի, սիրտս մի հանկարծական ոստյուն արավ, որին հաջորդեց անհանգիստ և երկարատև բաբախում։ Այդ ժամանակ աչքս ընկավ հանդիպակաց հայելուն և ես տեսա, թե ինչպե՜ս շառագունել եմ։ Իմ այսօրինակ հուզմունքից սաստիկ ամաչեցի։Դաս ասելու ժամանակ ես դարձյալ այլայլված էի, մտքերս չէի կարողանում անփոփել, սովորածս մոռացել էի։ Տեսնելով, որ այլայլությունս գնալով ավելանում է, «ներեցեք ինձ, խնդրեմ,— ասացի ուսուցչիս,— այսօր դաս ասել չեմ կարող, սաստիկ հուզված եմ»։ Այդ ասելով սկսա գրքերս ժողովել։
Իմ այս տարօրինակ վարմունքը զարմացրեց Գարեգնին։ Մի քանի րոպե նա լուռ սևեռեց հայացքն իմ աչքերին և ապա հարցրեց.
— Ի՞նչ է պատահել ձեզ, օրիորդ, միայն այսօր չէ, որ հուզված եք դուք, վաղուց է, ինչ ես նշմարում եմ ձեր մեջ մի տարօրինակ փոփոխություն… ո՛չ դեպի լավը։ Դուք չունիք այլևս սովորելու այն աշխույժը, որ գոհություն էր պատճառում ինձ. ձեր ընդունակությունը, կարծես, կիսով չափ կորցրել եք։ Արդյոք որևէ տկարություն ունի՞ք։
Ես աչքերս գետնին հառած չէի պատասխանում, բայց սիրտս անհանգիստ տրոփում էր։
— Խնդրում եմ ասացեք, ունի՞ք որևէ հիվանդություն,— հարցրեց նա նորեն։
— Ոչ,— պատասխանեցի ես կիսաձայն։
— Ուրեմն առողջ եք։
— Դժբախտաբար ոչ…
Գարեգինը ծիծաղեց…
— Այդ ի՞նչ է նշանակում, հիվանդություն չունիք և, միևնույն ժամանակ, առողջ չեք։
— Այդ նշանակում է թե…— Ես չկարողացա շարունակել։
— Ի՞նչ է նշանակում, խոսեցեք, ինչո՞ւ եք լռում։
— Այդ նշանակում է թե՝ իմ հիվանդությունը այն տեսակներիցն է, որ աչքի զարնել չի կարող։
— Այսուամենայնիվ, հայտնեցեք մեզ էությունը, ցույց տվեք նրա տեղը, գուցե կարողանանք տեսնել և բժշկել,— նկատեց նա ժպտալով։
— Օ՜, նա շատ խորն է… այնտեղ, ուր մարդկային աչքը թափանցել չէ կարող,— ասացի ես ջերմությամբ և հետզհետե սիրտ առնելով։
— Ձեր խոսքերը չեմ հասկանում,— նկատեց ուսուցիչս։
— Ուրեմն ավելի պարզ ասեմ, իմ հիվանդությունը գտնվում է իմ սրտի, իմ հոգու մեջ։
Գարեգինը մի անհանգիստ շարժում արավ և լռեց։
— Դուք հարցնելու այլևս բան չունի՞ք,— նկատեցի ես, աչքերս գետնին հառած։
— Էլ ուրիշ ի՞նչ հարցնեմ, ասում եք ձեր հոգին է հիվանդ, իսկ դրա համար բժիշկ չկա, դուք ինքներդ պիտի բժշկեք ձեզ։
— Բայց քանի որ չեմ կարողանում…
— Դիմե՞լ եք դուք ձեր ծնողներին։
— Ոչ։
— Ուրեմն հանձնեցեք ձեզ նրանց խնամքին և վստահ եղեք նրանց բարության և դեպի ձեզ ունեցած սիրույն վրա։ Նրանք կարող են ձեզ օգնել և, եթե հնար է, նաև բժշկել։
— Բայց եթե ես դիմեի ուղղակի նրան, ով այս հիվանդությունը պատճառել է ինձ, մի՞թե նա չէր կարող բժշկել,— հարցրի ես ջերմությամբ և դողացող ձայնով։
Ուսուցիչս թափանցել էր արդեն իմ սրտի խորքը։
— Օրիորդ, ես ակամա ինձ չվերաբերյալ խոսակցության մեջ մտա,— նկատեց նա,— եթե ձեր ծնողներն այստեղ լինեին, ես հարկ եղածը նրանց հետ կխոսեի և գուցե կարողանայի իմ տված խորհուրդներով օգնել նրանց ձեզ ապաքինելու։ Բայց քանի որ նրանք բացակա են, թույլ տվեք, որ այս հարցի մասին ուրիշ անգամ խոսվի…
Ես կամենում էի լռել, բայց մի ներքին ձայն դրդեց ինձ խոսել։
— Այսուամենայնիվ, դուք հենց այժմ կարող եք ինձ ասել թե՝ իմ հոգուն այս հիվանդությունը պատճառող մարդուն եթե դիմեի, կարո՞ղ էր նա ինձ բժշկել,— հարցրի կրկին, աչքերս միշտ խոնարհած։
— Չգիտեմ, եթե դուք կարծում եք թե նա կարող է թժշկել, դիմեցեք,— պատասխանեց նա անփույթ եղանակով։— Ուրեմն բժշկեցեք իմ հոգին. դուք եք նրան հիվանդ դարձրել. ես ձեզ եմ դիմում,— բացականչեցի հուզված և այնպիսի համարձակությամբ, որ ճնշման դեմ ապստամբող հոգիներին է հատուկ։
Երիտասարդը մնաց շվարած։ Ըստ երևույթին նա չէր սպասում այս դիմումին, ուստի և չգիտեր ինչ պատասխանել։ Իսկ իմ մեջ եռանդը հետզհետե ավելանում և երկյուղը տեղի էր տալիս անկեղծության, ես գրեթե ինձ մոռացած, շարունակեցի.
— Լսեցե՛ք, սիրում եմ ձեզ… սիրում եմ ջերմ, սրտագին և անվերջ սիրով և ես հանցավոր չեմ… դո՛ւք վառեցիք իմ մեջ այս կրակը…— և այս խոսքերի հետ միասին, գրեթե հափշտակելով, առի նրա ձեռքը և սեղմեցի իմ շրթունքներին։
Մի թույլ, անլսելի հառաչանք դուրս թռավ երիտասարդի սրտից, նա նայեց ինձ հրացայտ աչքերով, և ձեռքը քնքշությամբ ետ քաշելով, տեղից բարձրացավ։
— Ես կաշխատեմ օգնել ձեզ, որ ապաքինվիք ձեր հիվանդությունից, գուցե և բոլորովին մոռանաք այն,— ասաց նա լուրջ և սառը եղանակով, ապա «մնաք բարով» ասելով՝ դուրս գնաց։
— Օ՜, ո՛չ, նա ինձ չէ սիրում, նա չէ կարող սիրել, նա արհամարհում է ինձ…— գոչեցի ես արտասուքից խեղդվող ձայնով և սրտաբեկ ու հուսահատ ընկնելով բազկաթոռի վրա սկսա դառնապես լալ։
Հետևյալ օրը մեծ տագնապի մեջ էի։ Իմ համարձակ որոշումն անհաջող ելք էր ստացել։ Իսկապես չգիտեի, թե ի՞նչպես պիտի բացատրեի Գարեգնի խորհրդավոր խոսքերը.— «Ես կաշխատեմ օգնել ձեզ, որ ապաքինվիք ձեր հիվանդությունից, գուցե և բոլորովին մոռանաք այն»,- ասաց նա։ Ի՞նչ էր նշանակում այդ։ Արդյոք մերժմա՞ն խոսքեր էին դրանք։ Չէ՞ որ մոռացումը հետևանք է լինում անհույս սիրույն… Եթե այդպես է, ինչո՞ւ ուրեմն այս անմիտ քայլն արի. ինչո՞ւ նվաստացա նրա առաջ… Մի՞թե մի համեստ և օրինավոր աղջկա կվայելե՞ր այդպիսի հանդուգն վարմունք, մտածում էի ես ու տանջվում։ Ապա ցանկանում էի, որ նա այդ օրը չգար, որովհետև երեկվա անցքից հետո ես քաջություն չէի ունենալ նրա երեսը ելնելու։ Մյուս կողմից էլ մտածում թե՝ լավ կլիներ, որ գար, որպեսզի նրա հայացքից ու խոսքերից կարողանայի վերջնականապես իմ ճակատագիրը որոշել։ Ճիշտ է, սկզբում ծանր կլիներ ինձ՝ դեմ առ դեմ խոսել հետը, բայց դրանով հետո իմ տագնապը կնվազեր։
Որքան ուժ ունեի, ժողովեցի դաս պատրաստելու, որպեսզի գոնե այսօր կարողանամ մի բան պատասխանել։ Կարդացի, գրեցի, բայց առանց ոչինչ հասկանալու և մեքենայաբար։ Հետո նստա իմ սովորական տեղը, պատուհանի առաջ և սպասեցի նրան։ Ժամը տասներկուսը զարկեց։ Ուր որ է նա պիտի երևար, այս նրա գալստյան ժամն էր։ Սիրտս սկսավ անհանգիստ տրոփել։ Շարունակ մտածում էի թե՝ ի՞նչպես պիտի նրա դեմը ելնեմ։ Մտքիս մեջ խոսքեր, դարձվածքներ էի պատրաստում, որպեսզի հարկավոր դեպքում պատշաճավոր պատասխան տամ։ Մինչև անգամ մտածում էի թե՝ դեմքի ինչ արտահայտությամբ պիտի ողջունեմ նրան, կամ նրա ողջույնն առնեմ։
Սակայն անցավ քառորդ ժամ, անցավ կես ժամ, և նա չկար։ Այնուամենայնիվ, ես սպասում էի։ «Գուցե մի անակնկալ դեպք ուշացրել է նրան, նա անպատճառ կգա»,— մտածում էի ես։ Բայց անցավ ամբողջ ժամ և նա դարձյալ չկար։ Սա չարագուշակ նշան էր, որովհետև Գարեգինը, րոպեների նկատմամբ իսկ, ճշտապահ էր։— «Չլինի թե ինձանից հեռացել է բոլորովին»,— մտածեցի ես և մի գաղտնի երկյուղ իմ սիրտը ճմլեց։ Վայրկյանները սլանում էին և ինչպե՜ս արագ, ինչպե՜ս սրընթաց։ Վերջապես երկրորդ ժամը զարկեց։ Ինձ հրավիրեցին ճաշի, և ես մտա սեղանատուն։
— Այս ի՞նչ է, վարժապետդ այսօր չեկա՞վ,— հարցրեց հայրս։
— Ո՛չ, երևի մի անակնկալ դեպք արգելել է նրան,— պատասխանեցի ես, ինքս իմ խոսքերից վախենալով։— Բոլորովին անսպասելի էր,— հարեց մայրս,— ամբողջ տարվա մեջ նա երբեք չէ բացակայել, չլինի՞ հիվանդ է։
— Կարող է պատահել, երևի կիմանանք,— ավելացրեց հայրս և սրանով հարցը փակվեց։
Բայց նրա «երևի կիմանանք» խոսքը դող հանեց սիրտս։ Ես գուշակում էի նրա չգալու պատճառը և չգիտեի ի՞նչ անել ամոթապարտ լինելուց ազատվելու համար։
Մեծ տանջանք կրեցի՝ ծնողներիս հետ ճաշի ժամն անցընելու համար. ախորժակ չունեի, բայց պետք է ուտեի, խոսելս չէր գալիս, պետք է խոսեի, տխրությունը սիրտս ճմլում էր, պետք է զվարթ երևայի։ Ուրիշ անգամ, գուցե, այդքան չաշխատեի ծնողներիս ուշադրությունն ինձանից հեռացնելու, բայց այդ օրն, ինձ թվում էր, թե իմ լռության ու տխրության ամեն մի վայրկյանը կարող էր ինձ մատնել։ Օ՜հ, ինչպե՜ս ծանր է կեղծել. ինչպե՜ս ծանր է ծածկել… Մի՞թե ես այդ բաների համար էի ստեղծված։ Եվ սակայն հարկը ի՞նչ բաների չէ վարժեցնում մարդուն։
Սեղանից հեռանալս և մի սենյակում փակվելս մեկ եղավ։ Աղախնին պատվիրեցի ոչ ոքի չթողնել ինձ մոտ մտնելու, առարկելով թե՝ կարևոր պարապմունք ունիմ։
Մտնելով սենյակս, սկսա դարձյալ անձնատուր լինել իմ մտածմունքներին։ Բայց տեսնելով, որ դրանով միայն ուղեղս եմ լարում և ուժերս սպառում, որովհետև տանջվելուց զատ ուրիշ բան չէի առաջացնում, աշխատեցի քնել։ Դա միակ միջոցն է մաշող մտմտուքից գեթ մի քանի ժամ ազատվելու համար, եթե միայն հաջողի։ Բարեբախտաբար քնելն ինձ հաջողում էր։
Հետևյալ օրը նույնպես Գարեգինը չերևաց։ Իմ մեջ այլևս կասկած չմնաց, որ երիտասարդն յուր մշտական բացակայությամբն է կամենում իմ հիվանդությունը բուժել։ Դա մի սարսափելի ճշմարտություն էր ինձ համար։— «Այս ի՞նչ արի, ի՞նչ չարիք բերի իմ գլխին,— մտածում էի ես.— գոնե առաջ ամեն օր տեսնում էի նրան, խոսում էի հետը մի ժամ, իսկ այժմ ի՞նչ է իմ դրությունը…»։
Այս ամենի վրա ավելացավ և շուտով ամոթահար լինելու երկյուղը, երբ երեկոյան դեմ հայրս գնաց հոգևոր դպրոցը, ուր բնակում էր Գարեգինը, նրա բացակայության պատճառն իմանալու։Տեր աստված, որքա՜ն հոգեկան տանջանք կրեցի ես այդ մի ժամվա մեջ… Արդյոք ի՞նչ պիտի ասեր նա հորս, ի՞նչ պատճառ պետք է բերեր. չէ՞ որ իմ խոստովանության պատմությունը պիտի աներ… իսկ իմ հայրը… օ՜հ, խելագարվում էի. որպիսի՜ ամոթով, որքա՜ն ճնշվելով պիտի լսեր նրանից յուր պարկեշտ, ամոթխած ճանաչված աղջկա անլուր, անպատկառ արարքը… օ՛հ, ինչպե՜ս ծանր, ինչպե՜ս անտանելի էր այդ. սիրտս ուժգին բաբախելուց, ասես թե կամենում էր դուրս թռչել, գլուխս այրվում էր, մի վայրկյան հանգիստ չէի գտնում. մերթ նստում, մտածում էի, մերթ նորեն վեր թռչում տեղիցս. չգիտեի ո՞ւր գնալ, ո՞ւր դիմել. նույնիսկ սենյակները հալածում էին ինձ. իմ պարապմունքի սեղանը, իմ գրքերը՝ բոլորն էլ այդ վայրկենին դարձել էին ատելի, ոչնչով զբաղվել, ոչնչով իմ մտքերը ցրել չէի կարողանում։
Վերջապես օրհասական վայրկյանը հասավ. հայրս երևաց բակում։ Բայց, ո՜վ զարմանք, հենց այդ րոպեին էլ իմ հուզմունքը դադարեց, հուսահատությանս ու երկյուղիս հաջորդեց բոլորովին ուրիշ, ինձ անծանոթ մի զգացմունք. իմ հոգին նոր ուժ ու կորով ստացավ, նա կարծես պատրաստվում էր ապստամբելու իրեն ճնշող, կաշկանդող ուժերի դեմ։— «Այո՛, սիրում եմ, այդպես էլ կասեմ, ես հանցանք չեմ գործում, ուրեմն վախենալու էլ ոչինչ չունիմ…»,— ասացի ինքս ինձ և աներկյուղ սպասեցի հորս ներս գալուն։
— Վարժապետդ շտապ ավարտելու գրելիք է ունեցել, այդ պատճառով չէ եկել. շատ ներողություն էր խնդրում. ես ասացի՝ ո՛չինչ, մի՛ նեղանաք։ Բայց վաղվանից կգա,- ասաց հայրս սենյակը մտնելով։
Ես մնացի ապշած. չէի կամենում հավատալ ականջներիս, ուրախությունը կարծես չէր զորում մոտենալ իմ կծկված սրտին… «Մի՞թե այս ճշմարիտ է. մի՞թե նա ճշմարիտը խոսեց…»,— մտածում էի ես։
Բայց որովհետև հայրս ուրիշ ոչինչ չասաց և հանգիստ սրտով մտավ սեղանատուն թեյ խմելու, ուստի իմ մեջ այլևս կասկած չմնաց, որ անցյալ օրվա պատմությունից նա ոչինչ չգիտե։ Վասնզի հայրս չէր ա՛յն մարդկանցից, որոնք առանձին շնորհք են ունենում ամեն տեսակ գաղտնիք իրենց սրտում ծածկելու, իսկ դեմքի վրա հակառակ զգացմունք արտահայտելու։ Եթե նա ունենար մի գաղտնիք և ստիպված լիներ ծածկել, այնքան անշնորհք ձևով կաներ այդ, որ ամեն ոք կգուշակեր յուր գաղտնիք ունենալը։
— Ազնի՛վ և առաքինի երիտասարդ, այժմ ավելի քան երբեք սիրում եմ քեզ…— բացականչեցի ես, երբ մնացի միայն իմ զգացմունքների հետ.— այսուհետև այլևս տխրությունն ու մտածմունքը թող չհուզեն ինձ. ես լուռ, անմռունչ կսիրեմ քեզ և եթե դու չբաժանես իսկ իմ զգացմունքը, գոնե չես արգելիլ սիրել քեզ… ինձ այնքանն էլ բավ է, որ ամեն օր քեզ տեսնելու, քեզ հետ խոսելու բախտը ունենամ…
Հետևյալ օրը Գարեգինն եկավ յուր ժամանակին։ Նա նույն հանգիստ ու զվարթ դեմքով ողջունեց ինձ, ինչպես և առաջ։ Հարկ չկա ասելու, որ ամբողջ դասի ժամանակ ես չէի համարձակվում աչքերս բարձրացնել։ Բայց երեկվանից արդեն, երբ հուզմունքս անցել էր, ես բավական դաս էի պատրաստել, բավական գրել էի և ա՛յս էր, որ մի փոքր անզգալի էր դարձնում մեր այդ օրվա տեսակցության ազդեցության ծանրությունը։
Գարեգինը ուրախ տրամադրությամբ հետևյալ դասերը խոսեց, կարդալու համար նոր գիրք նշանակեց, գրելու նյութ տվավ և քաղցրությամբ ողջունելով դուրս գնաց։
Երբեք այնպես հանգիստ, այնպես ուրախ չէի զգացել ինձ, ինչպես այժմ։
Սրանից հետո մի շաբաթ ևս նա շարունակեց յուր այցելությունները։ Բայց այդ բոլոր ժամանակ նա կարծես յուր տված դասերի ու սովորեցրածների վերջաբանն էր կազմում, նշանակելով միայն կարդալու հատվածներ և տալով շարադրության նյութեր։ Մի մի անգամ էլ հիշեցնում էր թե՝ այսուհետև ավելի առաջ գնալու համար ինձ մնում էր միայն շարունակ կարդալ և կարդացածից օգտվել, այնպես որ յուր գալը, գրեթե, ավելորդ էր։
Վերջին ուրբաթ նա միայն շարադրելու մի նյութ տվավ, այն է՝ գրել «մարդկային պարտուց» վրա, պատվիրելով՝ բաժանել իմ շարադրությունը երեք մասերի և բացատրել նրանց մեջ թե՝ ո՞րն է մարդկային պարտքը առ աստված, առ ընկերն և առ անձն։
— Այդ գրությամբ դուք պիտի ապացուցանեք, որ իմ այսքան ժամանակվա աշխատությունն ապարդյուն չէ անցել,— ասաց նա,— ես կամենում եմ իմանալ, թե ո՞ր աստիճան իրավունք ունիմ այսուհետև պարծենալ ձեզմով ուրիշների առաջ։
Այս խոսքերն արդե՛ն բավական էին նույնիսկ բանաստեղծական ավյուն ներշնչելու ինձ։ Ես ամբողջ օրը և գիշերվա կեսն աշխատեցի իմ շարադրության վրա։ «Մարդկային պարտքն առ աստված» բացատրելուց հետո, ես երկար կանգ առի «մարդկային պարտքն առ ընկերն» մտքի վրա։ Ժողովեցի իմ երևակայության առաջ պատմության նշանավոր հերոսները, հայտնի հայրենասերները, ժողովրդի նահատակները, թվեցի նրանց գործերը, դրվատեցի անձնազոհության գաղափարական բարձրությունը, առաջ բերի Քրիստոսի այն մեծախորհուրդ խոսքը թե՝ «ամեն ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի՝ ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ» և իմ բացատրություններն ու մակաբերությունը կցեցի նրան։ Շատ քիչ գրեցի, սակայն, մարդկային պարտքն առ «անձն» մտքի մասին, բավականանալով միայն բացատրությամբ այն խորհուրդների, որ կրոնը տալիս է մեզ «աստուծո պատկերի և նմանության» հետ վարվելու համար։
Իմ շարադրությունը շատ հաջող դուրս եկավ, և ես գոհ սրտով գնացի պառկելու։ Խե՜ղճ ես, դեռ չգիտեի թե՝ որքա՜ն ծանր ու դժվարին է գործով կատարել այն, ինչ որ այնքան հափշտակությամբ գովել, դրվատել էի… Եթե մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքա՜ն քիչ բան կունենայինք այդ առթիվ կարդալու…
Հետևյալ օրը Գարեգինը որոշյալ ժամանակից ուշացավ։ Հայրս արդեն ծառայությունից վերադարձել էր, և մենք նստած՝ հենց Գարեգնի վրա էինք խոսում, երբ նա ներս մտավ։ Հետո իմացա, որ նա դիտմամբ էր ուշացել։
— Շատ ուրախ եմ, որ ծնողներդ էլ այստեղ են,— ասաց նա,— նրանք էլ ձեր շարադրության ընթերցումը կլսեն. հապա, բերեք, կարդացեք։
Ես ուրախությամբ վերցրի սեղանից իմ երեք թերթից բաղկացած շարադրությունը և սկսա պարզ ու մեկին առոգանությամբ կարդալ։
Կարդացի, երկար կարդացի։ Գարեգինը մերթ ընդ մերթ ընդհատում էր ինձ «կեցջիք», «ապրիք», «շատ գեղեցիկ» խոսքերով։ Երբ ես ավարտեցի, նա սկսավ խոսել։
— Իմ ուրախության չափ չկա, բոլոր աշխատությունս վարձատրված եմ տեսնում այսօր, ես գոհ եմ,— ասաց նա և ի նշան շնորհակալության, իմ ձեռքը սեղմեց։ Ապա դառնալով ծնողներիս, շարունակեց.— Այսուհետև օրիորդ Աննան ինքը կարող է առաջ գնալ, որքան և ցանկանա։ Նա հայերեն լավ գիտե, պատմություն սովորել է, ռուսերենին տեղյակ է, նրան մնում է կարդալ և միշտ կարդալ։ Բայց այդ էլ, իհարկե, զգուշավոր ընտրությամբ։ Ոչինչ այնպես չի խանգարում կանոնավոր զարգացումն, ինչպես խակ մտքերով և մոլար վարդապետությամբ տոգորված գրքերը կամ լրագիրները։ Այդ պատճառով ես ինքս կարող եմ միշտ ընտրել ընթերցանության համար պիտանի գրքերը և ուղարկել օրիորդին կարդալու։ Ինչ վերաբերում է ինձ, ես, իհարկե, այսօրվանից օրիորդի նկատմամբ հանձն առածս պաշտոնը կատարած, վերջացրած եմ համարում, հետևապես և ձեզ ամեն օր այցելելու պատիվը չեմ ունենալ։
Վերջին հայտարարությունը կարծես ինձ հարվածեց և բոլոր տունը գլխիս շուռ բերավ, բայց ես ջանք արի պահել ինձ զոռով։
Ծնողներս երկար և ջերմաջերմ շնորհակալություն արին ուսուցչիս խնդրելով նրան՝ հաճախ այցելել իրենց։ Ես ևս, իմ շփոթությունը հայտնի չկացուցանելու համար, վեր կացա տեղից և հանդիսավոր ձևով ասացի.
— Ձեր երախտիքն այնքան մեծ է ինձ վրա, որ ես ոչնչով չեմ կարող փոխարինել։ Այդ պարտքի ծանրությունը ինձ անզգալի անելու համար, պետք է որ դուք պաշտոնական բարեկամ լինելուց դադարեք։ Իմ ծնողները ձեզ կընդունեն իրենց սիրելի որդու, իսկ ես՝ իմ հարազատ եղբոր տեղ։ Այցելեցեք մեզ, խնդրում եմ, կարելվույն չափ հաճախ։ Մենք միշտ սիրով պիտի սպասենք ձեզ։
— Այո, այո, խնդրում ենք, շատ ենք խնդրում, դուք մեր որդին, մեր ընտանիքի անդամն եք,— գրեթե միաբերան ասացին ծնողներս։
Գարեգինը շնորհակալություն հայտնեց և խոստանալով, որ կարողացածին չափ կաշխատե մեզ այցելել, ողջունեց և դուրս գնաց։
Ես հետևեցի նրան մինչև բակի դուռը։ Եվ երբ նա այդտեղից դուրս գալիս պարզեց ինձ ձեռը վերջին «մնաք բարևն» ասելու, ես ջերմությամբ առի այն իմ ձեռքի մեջ և նկատեցի.— այսուամենայնիվ, պարոն Գարեգին, մնաց դարձյալ մի դաս, որ չտվիք ինձ ուսանելու…
— Ո՞րն է այդ դասը,— հարցրեց նա ժպտալով։
— Ա՛յն, թե ի՞նչ պետք է անե խեղճ օրիորդը, որի սրտում վառված սուրբ սիրո կրակն անարգվում է, նույնիսկ, սրբության պաշտպանից։
— Դուք այդ դասը սովորելու կարիք չունիք, օրիորդ,— պատասխանեց երիտասարդը ծանրությամբ,— որովհետև սրբությունը չի կարող անարգվիլ յուր երկրպագուից…
Եվ նա մի քաղցր հայացք ձգելով վրաս, ջերմությամբ սեղմեց ձեռս և հեռացավ։
Որքա՜ն մտատանջությունների պատճառ դարձան ինձ համար Գարեգնի՝ բաժանման րոպեին արտասանած վերջին, խորհրդավոր խոսքերը։ «Սրբությունը չի կարող անարգվիլ յուր երկրպագուից»,— ասաց նա։ Ո՞վ էր արդյոք այդ «երկրպագուն»։ Կարո՞ղ էի միթե հուսալ թե՝ դա ինքն է, իսկ դրա համար ունեի՞ ես ապացույց, գեթ մի թույլ փաստ, ավա՜ղ, և ոչ մի։ Եթե նա բաժանում լիներ իմ զգացումներն, ինչո՞ւ ապա դիտմամբ պիտի հեռանար ինձանից։ Նա ամենալավ պատրվակն ուներ մեզ մոտ հաճախելու, միշտ ինձ հետ տեսնվելու, որովհետև նա իմ ուսուցիչն էր… Բայց նա, ոչ միայն այդ պաշտոնից չկամեցավ օգտվիլ, այլև ինձանից բոլորովին հեռանալու համար կիսատ թողեց ուսմանս գործը։ Մի՞թե, արդարև, ես այլևս սովորելու ոչինչ չունեի… Բայց չէ, նա չկամեցավ յուր հաճախակի այցելություններով առավել ևս բորբոքել մի անգամ արդեն վառված կրակը։ Անարգա՞նք էր այս՝ ուղղված իմ անկեղծ խոստովանությանը, թե՝ բարձրագույն ազնվության ապացույց՝ զի չկամեցավ յուր բարոյական խնամքին և դաստիարակության հանձնված մի օրիորդի թուլությունից օգտվել,— ճիշտը չգիտեի, միայն ես հակված էի դեպի վերջին կարծիքը։
Անցավ մի ամբողջ շաբաթ և ես Գարեգնին տեսնել չկարողացա։ Նա մեզ մոտ չեկավ, իսկ ես՝ պտրտել նրան չէի կարող։ Մի քանի անգամ մտադրվեցա այցելել օրիորդաց դպրոցը նրան այնտեղ պատահելու հույսով. բայց ամեն անգամ էլ պատվասիրության զգացումը թույլ չտվավ ինձ այդ անել։
— «Ինչո՞ւ այդ աստիճան ստորանալ,— մտածում էի ես.- եթե նա պատճառներ է ստեղծում ինձանից հեռու մնալու, մի՞թե կվայելե, որ ես երթամ նրան պտրելու, իհարկե ո՛չ։ Գուցե հենց այդ վարմունքով նա կամեցել է զգալ տալ ինձ թե՝ իմ մասին նա բնավ չէ մտածում։ Ինչո՞ւ ուրեմն քաջություն չունենալ մոռացության տալ նրան…»։ Եվ ես այնուհետև որոշում էի աշխատել մոռանալ նրան։
Բայց մի՞թե այդ հնարավոր էր, մի՞թե ես այդ կարող էի անել։ Այդ տեսակ որոշումները ոչ այլ ինչ էին, եթե ոչ բռնի փորձեր՝ ներքին հրդեհի ուժը մի քանի ժամերով միայն թուլացնելու։ Անցնում էին այդ ժամերն և ահա՝ հրդեհը դարձյալ բորբոքվում, դարձյալ նոր ուժով երևան էր գալիս, մանավանդ, երբ մտածում էի, թե իմ առաջ բերված պատճառներն աննշան հյուլեներ են, համեմատած այն արժանիքների հետ, որոնցով զարդարված էր երիտասարդը և որոնք իմ մեջ վառել էին սիրո այս չարաբաստ կրակը։
Ինձ մնում էր լուռ և անտրտունջ տանել իմ հոգեկան տանջանքը, առանց շրջապատողներիս մեջ որևէ կասկած հարուցանելու։
Որքա՜ն զարմացա և ուրախացա, երբ երկրորդ կիրակի այցելության եկավ մեզ Գարեգինը։ Ինչպե՜ս սիրտս հրճվանքից սկսավ բաբախել, որքա՜ն հուզվեցա… Դեռ նա սենյակ չէր մտել, որ մայրս նկատեց ինձ՝ «ինչո՞ւ ես շառագունել»։ Նայեցի հայելուն և ամաչելուց ավելի ևս շիկնեցի. այդպիսի դեմքով չէ՛ր կարելի դիմավորել նրան. ես քաշվեցա իմ սենյակը՝ լվացվելու։ Մի քառորդ ժամից, երբ հուզմունքս քիչ անցավ, եկա իմ թանկագին հյուրի մոտ։ Նա խոսում էր արդեն ծնողներիս հետ։ Տեսնելով ինձ, վեր կացավ տեղից, շատ սիրով ողջունեց. բայց այդ ողջույնի մեջ, հակառակ սպասածիս, ես ջերմ ու սիրաշունչ ոչինչ չգտա։ Այդ բանը սիրտս կոտրեց։ Այսուամենայնիվ պետք է գոհ լինեի, որ նա այժմ ինձ մոտ, իմ առաջ նստած էր։
Երբ դժգոհությունս հայտնեցի այն մասին թե՝ նա շատ ուշ է մեզ այցելում, Գարեգինը պատասխանեց.
— Իմ ծանոթ ընտանիքների մեջ չկա մեկը, որին այնքան սիրով և հաճությամբ կամենայի այցելել, որքան ձերն, օրիո՛րդ։ Բայց իմ զբաղմունքներն այնքա՛ն շատացել, այնքա՛ն ծանրացել են, որ ստիպված եմ այդ հաճույքից ևս զրկել ինձ։ Երևակայեցեք, շաբաթվա մեջ քսանևչորս դաս, տղայոց կամ աղջկանց դպրոցում. այնուհետև դպրոցական մի քանի գործերի վրա անմիջական հսկողություն. հետո ուսուցչական ժողովներ. ապա արձանագրությունների կազմությունը. այդ բոլորն այնքա՛ն ժամանակ են խլում ինձանից, որ բարեկամներիս այցելելու համար, գրեթե, ժամանակ չէ մնում ինձ։ Երբեմն, երեկոյան դեմ, մի կամ երկու ժամ ազատ ժամանակ եմ ունենում, բայց այդ էլ գործ եմ դնում ավագ դասատան աշակերտներին ինձ մոտ հավաքելով և նրանց հետ խոսելով։ Գիտե՞ք, շատ բան կա դասից դուրս՝ նրանց հետ խոսելու։ Ամեն այցելություն, ամեն զվարճություն պետք է զոհել այդ սուղ ժամանակը շահավոր կերպով գործադրելուն։ Վարժապետներիս վրա ծանր պարտք կա, թե՛ ներկայի և թե՛ ապագայի վերաբերմամբ։ Բավական չէ վարձկան մշակի պես նշանակած ժամերին դասախոսել և հեռանալ. պետք է անձնվիրությամբ աշխատել, պետք է գործին շունչ ու հոգի տալ, որովհետև նոր սերնդի՝ ապագայում արած սխալ քայլերի պատասխանատուն մենք ենք…
Հետո նա պատմեց մի քանի անախորժ նորություններ այն մասին, թե ինչպե՛ս քաղաքում հակառակ կուսակցության մարդիկ աշխատում են իրենց՝ այնքան սիրով ու եռանդով սկսած դպրոցական գործը զանազան մեքենայություններով խանգարել։ Ցավ հայտնեց, որ այդ չարագործության հեղինակներն՝ ոչ թե հասարակ, ուսումից ու կրթությունից զուրկ մարդիկ են, այլ նրանք, որոնց մի անգամ հանձնված է եղել դպրոցի ղեկն ու բախտը։ Եվ այդ հասկացող ու զարգացած մարդիկ՝ դպրոցի դեմ նյութում էին խարդավանանք միայն այն պատճառով, որ առիթ ունենան պարծենալու թե՝ իրենք կարողացան քանդել այն, ինչ որ ուրիշները կամենում էին շինել…
Որքան էլ քաղցր էր ինձ՝ երկար լսել իմ սիրած երիտասարդին, այսուամենայնիվ, նա այդ հաճույքը ինձ չպատճառեց։ Հազիվ մի ժամ մնաց մեզ մոտ, և այդ մի ժամը ինձ համար անցավ մի քանի րոպեների պես։ Ներողություն խնդրելով, որ ավելի ուշանալ չէ կարող, ողջունեց մեզ և հեռացավ, խոստանալով դարձյալ այցելել, եթե ժամանակ կգտնե։
Բայց այդ ժամանակը նա շատ ուշ գտավ, կամ գուցե չկամեցավ շուտ գտնել։ Ես սպասեցի նրան երկար։ Անցավ առաջին կյուրակին, անցավ երկրորդը, երրորդը, և սակայն նա չերևաց մեր տանը։ Այդ բոլոր ժամանակի ընթացքում ես մի անգամ միայն պատահեցի նրան եկեղեցում, ուր նա դարձյալ սիրով ու ժպտադեմ ողջունեց ինձ և հեռացավ…
Դրանից հետո իմ տխրությունը օրըստօրե ավելացավ։ ես նորեն սկսա անձնատուր լինել իմ թաքուն մտածմունքներին։ Ընտանեկան գործերով չէի պարապում և բոլոր օրը, համարյա, հիվանդ էի հոգվով ու մարմնով։
Մայրս, որ, ինչպես հետո իմացա, հետևելիս է եղել իմ քայլերին, մի օր կանչեց ինձ առանձին ու ասաց.
— Սիրելի Աննա, հինգ ամսից ավելի է, ինչ ես մի տարօրինակ փոփոխություն եմ նշմարում քո մեջ։ Դու այլևս առաջվա աղջիկը չես, այն զվարթ, ուրախ, միշտ երգող, ծիծաղող աղջիկը։ Ամեն օր տխուր ես, ամեն օր մտածմունքների մեջ մի տեսակ վերացած, հափշտակված… անշո՛ւշտ մի ցավ ունիս, որի մասին շարունակ մտածում ես։ Ասա՛, հոգիս, ի՞նչ ցավ, ի՞նչ հոգս է այդ, ասա՛, մորիցդ մի՛ ծածկիր. քո սրտի ցանկությունը կատարելու համար ես ամեն բան կանեմ, ամեն ինչ կզոհեմ, միայն թե դու անկեղծ եղիր, խոստովանիր ինձ ամեն բան ճշմարտությամբ, առանց ամաչելու ու քաշվելու։
— Ոչ մի ցավ չունիմ,— պատասխանեցի ես։
— Անկարելի է. ցավ չունեցողը տխուր չի լինիլ և ոչ էլ ամբողջ օրը մտածմունքների մեջ։ Խոստովանիր, ասում եմ, ինչ որ սրտումդ կա, եթե քո ցավը մորդ չհայտնես, ուրիշ էլ ո՞ւմ կարող ես հայտնել։
Ես կամենում էի բանալ նրան իմ սիրտը. կամենում էի խոստովանել իմ գաղտնիքը, մանավանդ որ նա այնքան մտերմաբար սկսավ խոսել հետս, բայց լեզուս չէր հնազանդվում կամքիս, չէի կարողանում խոսել։ Ես մնացի լուռ։
— Աննա, սիրելիս, հայտնի՛ր ինձ ցավդ, պատմի՛ր մորդ քո սրտի գաղտնիքը,— թախանձեց կրկին մայրս։
Բայց ես լուռ էի։
— Կկամենա՞ս, որ ինքս ասեմ,— հարցրեց նա ժպտալով։
— Ի՞նչ,— զարմացա ես։
— Թե ինչո՞ւ տխուր ու շարունակ մտածմունքի մեջ ես։
— Ասա՛, եթե այդպիսի բան գիտես,— պատասխանեցի ես անհանգստությամբ։
— Դու սիրում ես Գարեգնին և նրա մասին ես այդքան շատ մտածում։
Ես մնացի ապշած և աչքերս լայն բանալով՝ հարցրի.— Այդ ո՛վ ասաց քեզ։
— Դու ինքդ, սիրելիս, դու ինքդ։
— Ինչպե՞ս թե ես ինքս, ես այդպիսի բան ասած չունիմ. խոսքդ չեմ հասկանում,— նկատեցի ես։
— Արթուն ժամանակ դու ոչինչ չես ասել, բայց քնած ժամանակ շատ բան ես հայտնել։ Դու գրեթե միշտ զառանցում ես, բոլոր ժամանակ քո երազներում խոսում ես Գարեգնի մասին, կանչում ես Գարեգնին… ինչո՞ւ համար են ուրեմն այս բոլորը։
— Ա՜խ, մա՛յր իմ, մա՛յր իմ, դու արդեն բոլորը գիտես…— բացականչեցի ես և հեկեկալով նրա գիրկն ընկա։ Արտասուքն սկսավ վազել աղբյուրի պես։ Նա ջերմությամբ սեղմեց ինձ կրծքին և սկսավ համբույրներով գլուխս ու երեսս ծածկել։
Մայրական սիրելի կրծքի վրա՝ երկա՜ր գլուխս դրած լաց էի լինում։ նա չէր խանգարում իմ սրտի զեղումը, կարծես գուշակելով, որ թափվող արտասուքը մի մխիթարություն, մի բալասան էր՝ այնքա՜ն երկար ինձ տանջող ու տոչորող ցավերի համար։
Երբ մի փոքր հանգստացա, մայրս սրբեց իմ աչքերը, համբուրեց նրանց և կրկին անգամ ինձ յուր կրծքին սեղմելով՝ խանդակաթ ձայնով ասաց.
— Իմ սիրելի՛, իմ անուշիկ Աննա, իզո՜ւր ես քեզ այդքան երկար տանջե՛լ, իզուր ես և այժմ այդքան վրդովվում։ Քո սրտի ցանկությունը կատարելու համար ոչ մի դժվարություն չկա։ Եթե դու սիրում ես այդ երիտասարդին և այդքան էլ նրա համար այրվում ու տոչորվում, նա կլինի ուրեմն քո փեսան, քո ամուսինը։ Վաղվանից արդեն ես ամեն բան կպատմեմ հորդ ու մենք, երկուսս միասին, կտնօրինենք ամեն ինչ այնպես, որ քո սրտի ցանկությունը անթերի կատարվի։
Ուրիշ ի՞նչ ուրախություն կարող էր հավասարվիլ այդ րոպեին զգացած իմ ուրախության։ Ես գրկեցի մորս, սեղմեցի նրան կրծքիս և առանց շնորհակալության մի բառ արտասանել կարողանալու՝ ջերմաջերմ համբույրներով նրա երեսն ու ձեռքերը ծածկեցի։
Այդ րոպեին, արդարև, ես ամենաերջանիկ աղջիկն էի…
Հետևյալ առավոտ հայրս մտավ ինձ մոտ և յուր սովորական անկեղծությամբ ու ծիծաղով ասաց.
— Այդ ի՞նչ է Աննիկս, առանց իմ գիտության փեսա՞ ես ընտրել։
Ես ժպտացի ու գլուխս խոնարհեցի. զգում էի, որ երեսս այրվում է։
— Մի՛ ամաչիր, հոգիս,— շարունակեց նա՝ մոտենալով և գլուխս շոյելով.— ես ամեն բան գիտեմ, մայրդ արդեն պատմեց. ընտրությունդ վատ չէ. սիրածդ երիտասարդը միակն է բոլոր քաղաքի մեջ, ամենից խելոք, ամենից ազնիվ։ Իհարկե, մի փոքր դժվար է ինձ համար՝ աղջիկս տալ մի աղքատ վարժապետի, մինչդեռ շատ հարուստ ու անվանի երիտասարդների ես մերժել եմ։ Բայց քանի որ դու նրան ես սիրում, ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Դու փոքր չես, քո չարն ու բարին ինքդ կարող ես հասկանալ. որ քո ընտրածը հարուստ չէ, այդ էլ, ասենք, ոչինչ. փողով հարուստ ու խելքով աղքատ մարդն էլ բանի պետք չէ։ Ինչ որ մենք ունինք, այն բավական կլինի ձեր երկուսին։ Դու մեր միակ որդին ես, նա էլ թող երկրորդը դառնա։ Վաղվանից ես արդեն ամեն ինչ կտնօրինեմ այնպես, որ քո սրտի ցանկությունը կատարվի շատ շուտով։ Ուրախ և հանգիստ եղի՛ր, սիրելի Աննիկս, և այլևս մի՛ մտածիր ոչնչի վրա. քո փափագը կատարելը իմ առաջին ցանկությունն է։— Այս ասելով՝ նա ջերմությամբ համբուրեց ինձ ու դուրս գնաց։
Բոլորովին հարց չեղավ թե՝ արդյո՞ք երիտասարդն էլ սիրում է ինձ և համաձայն կլինե՞ր յուր բախտն ինձ հետ կապելու։ Ծնողներս ա՛յն կարծիքի էին, որ եթե իրանք համաձայնվեն այդ շնորհը նրան անելու, այնուհետև վերջինիս մնում էր միայն շնորհապարտ լինել իրենց հավիտյանս հավիտենից։
Պետք է խոստովանել, որ ե՛ս ևս նույն կարծիքին էի։ Ես մինչև անգամ հավատացած էի, թե Գարեգինը սիրում է ինձ նույն չափով, որչափով որ ե՛ս իրեն (թեպետ տանջող մտածմունքների ժամանակ հակառակն էի կարծում). իսկ նրա շարունակ իրեն սառն ու ինձանից հեռու պահելը վերագրում էի յուր զգուշավոր ազնվության, այն մտքով՝ թե՝ հույս չունենալով երբևիցե հասնել ցանկալի նպատակին, նա աշխատում է աստիճանաբար նվազեցնել և ի վերջո մարել մի անգամ արդեն վառված սիրո կրակը։ Իսկ այժմ, երբ արդեն կասկածն ու տարակուսանքը անցել էին, երբ ծնողական համաձայնությունը, որ առաջին և վերջին արգելքը կարող էր լինել, ստացվել էր, ուրիշ ի՞նչ ուժ կարող էր խափանել իմ երջանկության ճանապարհը. հարկավ և ոչ մի։ Ինձ մնում էր ուրախանալ, հրճվիլ, ծիծաղել, համոզվիլ, թե արդեն բախտավոր եմ, արդեն երջանիկ եմ. թե վերջապես հասել եմ այնքան ժամանակից ի վեր իմ գուրգուրած նպատակին…
Բայց ինչո՞ւ, չգիտեմ, հենց այսպիսի ուրախության ժամանակ մի անախորժ կասկած, մի գաղտնի երկյուղ դարձյալ ճնշում էր սիրտս և թունավորում իմ զգացած ուրախությունը։ Ուրիշ ի՞նչ տխուր նորություն պիտի բացվեր ինձ համար. գուշակել չէի կարողանում, բայց, կարծես, սպասում էի նրան… կարծես մեկը շշնջում էր իմ ականջին թե՝ «այդպես շուտ և այդքան շատ մի ուրախանար, դու չես կարող ժառանգել նրան»։
Հետևյալ օրն արդեն, որ կյուրակի էր, ծնողներս հայտնեցին թե՝ հյուրեր պիտի ունենան, ուստի և պատվիրեցին ուշադիր լինել սենյակների կարգ ու սարքին։ Ինձ համար անակնկալ մի հրավերք էր այդ, բայց իրենք երևի, նախընթաց օրվանից էին դրա մասին հոգացել։ Երբ հարցրի թե՝ «ովքե՞ր պիտի լինին մեզ մոտ», նրանք ծիծաղելով պատասխանեցին՝ «միայն քո և մեր բարեկամներն»։
Ես ուրիշ ոչինչ չհարցրի, որովհետև ստացածս պատասխանի եղանակն զգուշացնում էր ինձ ավելին չխոսել։ Սակայն սիրտս զգում էր, որ ծնողներս ուզում են մի ինչ որ անտեղի գործ կատարել։
Այսուամենայնիվ, ես նրանց ցանկության արգելք լինել չէի կարող, եթե մինչև անգամ կատարելիք գործի վնասակարությունը գիտենայի։ Որովհետև հայրս սիրում էր, որ, նույնիսկ չնչին գործերում, յուր հեղինակությունը հարգվի։
Ժամը 2-ին մեր տուն եկան պարոն տեսուչը և Գարեգինը։ Երբ նրանց մոտ մտա, հայրս ծիծաղելով ասաց.
— Ահա՛ այսօրվա մեր միակ թանկագին հյուրերը։
Ես սիրալիր հարգանքով ողջունեցի երկուսին. իսկ հայրս բացատրեց նրանց յուր տարօրինակ հայտարարության պատճառը.
— Սա իմ քմահաճույքն է. շատ եմ սիրում իմ Աննային անսպաս ուրախություններ պատճառել։ Ձեր գալու մասին ես նրան ավելի վաղ չհայտնեցի նրա համար, որ յուր ուրախությունը հանկարծահաս լիներ։
Հյուրերը իրավունք տվին հորս նման հաճույքներով զվարճանալու։
Չնայելով, որ ճաշի վրա միայն հինգ հոգի էինք, այսինքն՝ երեք մենք և երկու՝ մեր հյուրերը, այսուամենայնիվ, ուրախ և զվարճալի անցավ այդ ընտանեկան հացկերույթը։ Երբ բաժակները մի քանի անգամ դատարկվեցան, հայրս մինչև անգամ յուր խռպոտ ու կերկեր ձայնով երգեց մի հին երգ, որին անմիջապես հետևեց Գարեգինը յուր մի ախորժալուր և հոգեշունչ երգով։
Շատ սրտագին բարեմաղթություններ եղան մեր կենացների վրա։ Մինչև անգամ տեսուչն ու Գարեգինը զգացված բանախոսություններ արին։ Ամեն հայի տուն ու ընտանիք ոգևորում էր այդ դպրոցական առաքյալներին, իսկ մեզ մոտ, նրանք արդեն, իրենց զգում էին հարազատների մեջ։ Այդ, իհարկե, անկեղծ ուրախություն էր պատճառում թե՛ ինձ և թե՛ իմ ծնողներին։
Բայց մի բան ինձ զարմացնում էր։ Ես որ մինչև այն՝ այնքան անձկությամբ, այնքան տենչանքով փափագում էի Գարեգնին տեսնել, այժմ, երբ նա իմ առաջ նստած խոսում, երգում և զվարճանում էր, չէի կարողանում նրանով ուրախանալ, նրա ներկայության քաղցրությունը վայելել… Ես, մինչև անգամ, չէի կամենում, որ նա այդ րոպեին մեր տանը լիներ. սիրտս անհանգիստ էր, ինչպես սիրտը մի գորովագութ մոր, որ որդու հետ միասին հանկարծահաս մի աղետի պատահած լինելով, մոռանում է յուր անձը և միայն սիրելիի ազատության համար մտածում… Եվ ինչպե՜ս լավ գուշակում էր իմ հոգին։
Ճաշից վերջը, երբ կրկին ինձ համար կենաց առաջարկվեց, հայրս բաժակը ձեռքն առնելով՝ ի մեծ զարմացումն իմ, անշուշտ և հյուրերի, հետևյալ անսպաս բանախոսությունն արավ.
— Ձեզ հայտնի է, որ ես միայն մի աղջիկ ունիմ. սա է թե՛ իմ և թե՛ յուր մոր միակ ուրախությունը բոլոր աշխարհում։ Արդեն տեսնում եք նա գեղեցիկ է ինչպես հրեշտակ, իսկ նրա սիրտն ու հոգին գեղեցիկ են ավելի, քան յուր պատկերը։ Նրան ուսում ու կրթություն տալու համար ես ոչինչ չեմ խնայել։ Մեր քաղաքում գտնված ամենալավ ուժերից հետո ես հանձնեցի նրան մեր լավագույն վարժապետի, մեր ամենից սիրելի Գարեգնի խնամքին։ Ի՞նչ սովորեցրեց նա նրան, չգիտեմ, բայց որ ինքը, վարժապետը, գոհ է յուր աշակերտուհուց, այդ ինձ համար շատ բան է նշանակում։ Կարող եմ հանգիստ լինել ուրեմն, որ իբրև հայր, իմ դստեր վերաբերմամբ, իմ պարտականության մեծագույն մասը կատարել եմ։ Մնում է ամենափոքրը, այն է՝ ընտրել նրա համար մի արժանավոր ամուսին։ Այդ արժանիքն, իմ համոզմամբ, չէ կայանում երիտասարդի ո՛չ հարստության, ո՛չ կալվածների և ոչ համբավի մեջ, որովհետև, աստուծո ողորմությամբ, ես այնքան հարստություն ու ստացվածք ունիմ, որ կարող է իմ այդ երկու որդիներին էլ բավել շատ երկար տարիներ։ Ես ցանկանում եմ միայն, որ երիտասարդը լինի ազնվամիտ, բարեբարո, առաքինի և լուսավոր։ Ահա՛ հենց այդպիսի երիտասարդ էլ ես գտել եմ, որին նաև իմ դուստրը սիրելով սիրում է։ Դա ամենիս սիրելի, մեր առաջ նստած Գարեգինն է։ Ես նրան եմ հանձնում իմ Աննայի ձեռքը՝ հայրական վերջին պարտքից սիրով ազատվելու համար…
Վերջացնելով խոսքը, հայրս բաժակը դատարկեց։ Բայց ես ամոթից շփոթվել, շառագունել էի, քրտինքը առուներով խաղում էր մարմնիս վրա, չգիտեի թե որ կողմ դարձնեմ աչքերս՝ ոչ ոքին չնայելու, ոչ ոքին չտեսնելու համար։
Տեսուչը զարմացած աչքերով նայում էր մերթ հորս, մերթ ինձ և մերթ Գարեգնի վրա։ Իսկ վերջինս միայն մի անգամ արավ անհանգիստ շարժում և ապա անվրդով հորս ամենավերջին խոսքին սպասեց։ Այդ սպասող վայրկյանն իմ հույսն արդեն կործանեց… մի ձայն կարծես շշնջաց իմ ականջին թե՝ «քո գուշակությունը մարմին առավ…»։
Երբ հայրս ավարտեց, վերկացավ Գարեգինը։ Նախկին զվարթությունը տեղի էր տվել նրա մեջ մի տեսակ վեհ ու պատկառելի թախծության։ Ինչու, չգիտեմ, ինձ այնպես թվաց թե՝ նա այդ րոպեին կանգնած է գլխատման բեմի առաջ և, իբրև արի նահատակ, պատրաստվում է յուր հավատո հանգանակը փառաբանելու։ Նա մեղմ ու ազդու ձայնով սկսավ խոսել։
— «Իմ կյանքը, սիրելի բարեկամներս, թեպետ հասակավոր չէ, բայց նա հոծ և լի է փորձերով ու պատահարներով։ Ես բավական շատ ապրել եմ աշխարհում, շատ չար ու բարի եմ տեսել, շատ տեսակ անձանց ու ընտանիքների եմ ծանոթացել, բայց այդ իմ բոլոր կյանքի մեջ, իմ տեսած ու ապրած աշխարհի մեջ, ես միայն մի օրիորդի պատահեցի, որ յուր աննման արժանիքներով կարողացավ գրավել ինձ այնքան, որ քիչ էր մնում թե՝ դեպի իմ սրբազան ուխտն ու երդումն ունեցածս հավատարմությունը սասանեցնե։ Այդ աղջիկը, հագելի բարեկամ, ձեր դուստրը և իմ աշակերտուհին է…
Որովհետև դուք շատ անկեղծությամբ ու պարզությամբ խոսեցիք, թույլ տվեք, որ ես էլ նույն ձևով շարունակեմ և ավարտեմ իմ խոսքը։
Ամենամեծ պատիվը, որ ինձ նման մի մարդու կարող էին առաջարկել, այդ ձեր առաջարկածն է, հարգելի բարեկամ։ Ձեր աղջիկն արժանի է ոչ թե ինձ նման մի հասարակ, նյութական կարողությունից զուրկ, մի որոշ անուն ու համբավ չունեցող հայ վարժապետի, այլ ինձանից թե՛ զարգացմամբ, թե՛ կարողությամբ և թե՛ արժանավոր համբավով շատ ավելի բարձր մի երիտասարդի ամուսինը լինելու։ Եթե ես, երբևիցե, մտադիր լինեի ամուսնական ընկերակցությամբ ինձ երջանիկ անելու, արդարև, ձեր պատվաբեր առաջարկությունը կընդունեի՝ իբրև երկնքից ինձ ղրկված մի շնորհ, մի պարգև։ Որովհետև, գոնե ձեր դստեր նկատմամբ, ճանաչել ու գնահատել գիտցող երիտասարդը կարող է վստահությամբ ասել՝ ահա՛ կին, որ պիտի երջանկացնե յուր ընտանիքը…
Սակայն ցավելով պիտի խոստովանիմ, որ անկարող եմ ձեր առաջարկությունն ընդունել, որովհետև ես ուխտել ու երդվել եմ նվիրել իմ անձը ոչ թե սոսկ մի ընտանիքի, այլ իմ ամբողջ ազգին և այս ուխտը սուրբ է եղել ինձ համար պատանեկական օրերից սկսած մինչև այսօր։ Աշխարհային ոչ մի բարիք, ոչ մի փառք և ոչ մի հրապույր չէ գայթակղեցրել ինձ, ես հավատարիմ եմ մնացել իմ ուխտին և այսուհետև էլ հավատարիմ պիտի մնամ նրան, եթե, մինչև անգամ, երկրի բոլոր բարիքները համահավաք նվիրեն ինձ։
Ո՞վ կարող է հերքել, որ աշխարհում, ճշմարիտ երջանկություն ձեռք բերելու համար, անհրաժեշտ է ամուսնանալ։ Ընտանիքը, մանավանդ սիրո, առաքինության և աշխատասիրության հիմունքների վրա հաստատված ընտանիքն, այն կենարար աղբյուրն է, որից բխում է մարդկային կյանքի երանավետությունը, ամենքիս տենչալի երջանկությունը։
Սակայն կա և մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի, ավելի պաշտելի է, քան մեր սեփականը։ Այդ մարմինը հայրենիքն է։ Ես ուխտել եմ իմ անձը նրան նվիրել, նրա սիրուց զատ՝ աշխարհում ուրիշ սեր չճանաչել, նրա ցավերից զատ՝ ուրիշ ցավերով չվշտանալ, նրա բախտավորությունից զատ՝ ուրիշ բախտավորություն չխնդրել… Իմ ուժերը փոխանակ մի ընտանիքի, կամ որոշ թիվ մարդկանց բախտին նվիրելու, ես ուխտել եմ բոլոր ազգին նվիրել։
Այդպիսի մի մեծ մարմնի բարիքներին ծառայելու համար, արդարև, իմ ուժն ու ցանկությունը փոքր են ու աննշան, սակայն ծովն էլ կազմված է կաթիլներից։ Ես ավելի լավ եմ համարում կաթիլներից մինը լինել և ծովի հատակն իջնել, քան ծովի գոյության համար դառնալ անօգուտ գերան և լողալ նրա երեսին…
Ներեցեք ինձ, ուրեմն, աղաչում եմ ձեզ, որ հրաժարվում եմ ձեր ինձ առաջարկած այդ գերազանց պատվից։ Որքան և ինձ համար, իբրև մահկանացուի, մեծ է այս զոհը, մանավանդ որ ես հոգվով չափ սիրում եմ ձեր աղջկան, սակայն անհրաժեշտ է, որ ես բերեմ այդ զոհը, որովհետև իմ սրբազան ուխտին և երդմանը դրժել չեմ կարող…»։
Հայրս զարմանալի սառնասրտությամբ լսեց այս խոստովանությունը և ծածկելու համար յուր ներքին վիրավորանքը, որ բավական կենդանի ցոլանում էր դեմքի վրա, հարցրեց.
— Մի՞թե քո ազգին օգնելու համար անպատճառ պիտի ամուրի մնաս և ամուսնանալով հանդերձ չե՞ս կարող նրա օգտին աշխատել։
— Ո՛չ,— պատասխանեց Գարեգինը.— որովհետև գեղեցիկ է ասված. «Ո՛չ ոք կարէ երկուց տէրանց ծառայել, կամ զմինն ատիցէ և զմիւսն սիրիցէ, կամ զմինն մեծարիցէ և զմիւսն արհամարհիցէ…»։ Ով որ կամենում է բոլորանվեր կերպով ծառայել ազգին, նա չպետք է ամուսնանա։ Որովհետև ամուսնությունն ինքը ունի յուր որոշ պարտքերը, որոնց ամեն մի օրինավոր ամուսին պարտավոր է անթերի կատարել։
Այդ միջոցին, ահա՛, հորս առաջարկությամբ, մեր հյուրերը սեղանատնից հյուրասենյակը քաշվեցան, իսկ ես դուրս գնալով փակվեցա իմ ննջարանում։ Այստեղ արդեն միայնակ տեսնելով ինձ՝ արտասուքս սկսավ հեղեղի պես հոսել, ընկա մահճակալի վրա, ծածկեցի երեսս բարձերի մեջ և երկա՜ր, շա՜տ երկար իմ դառն ու հուսահատ վիճակը ողբացի։
Թե այնուհետև ի՞նչ խոսեց հայրս հյուրերի հետ, չիմացա, միայն նրանց հեռանալուց հետո, նա մտավ սենյակս, երևի ինձ մխիթարելու համար։ Տեսնելով, որ լալիս եմ, նա մոտեցավ ինձ, քնքշաբար սեղմեց յուր կրծքին և ասաց. — Մի՛ լար, իմ սիրելի, իմ անուշիկ Աննա, եթե քո սիրած երիտասարդը մերժեց քեզ, ես էլ իմ կողմից քո վրեժը կլուծեմ։ Քո հայրը մեռած պիտի լինի, որ նա այսուհետև հանգստություն գտնե… ես չարաչար կհալածեմ նրան, տանջանքներ կպատճառեմ և վերջը կոչնչացնեմ…
— Ի՞նչ, դու պիտի սպանե՞ս նրան,— ճչացի ես սարսափահար։
— Այո՛, բայց ո՛չ իմ ձեռքով,— պատասխանեց նա այնպիսի մի եղանակով, որ կարծես վրեժխնդրության դևն էր խոսում յուր մեջ։
Ես մի կողմ հրեցի հորս և ձեռքս կրծքիս դնելով՝ զայրույթից դողացող ձայնով ասացի.
— Առաջին գնդակն այստեղ ուղղել տուր, իսկ երկրորդը նրա վրա, հեռացի՛ր, դու իմ հայրը չես…
Իմ հանկարծական գրգռումը զարմացրեց հորս. նա մնաց շվարած և չգիտեր ի՞նչ պատասխանել։ Խե՜ղճ մարդ. ամեն տեսակ զգացմունքի վրա էլ նայում էր պատվասիրության տեսակետից՝ նա այնպես էր կարծում թե՝ սիրածս երիտասարդի մերժումը՝ զայրույթ կամ ատելություն պիտի ծնեցներ իմ մեջ. նա չգիտեր, որ ճշմարիտ սերն՝ ատելության չի փոխվիլ, որ մերժումը կարող է ճնշել, կամ խոցոտել այդ սերը, բայց սպանել նրան՝ երբեք… Երկար նայեց նա ինձ վրա, սևեռեց հայացքն ուղիղ իմ աչքերին, ցանկացավ, երևի, որ նրանք տեղի տային յուր հզոր հայացքին, բայց նրանք անքթիթ՝ արտահայտում էին իմ ցասումը…
Վերջապես նա մեղմանալով՝ մոտեցավ ինձ և այս անգամ ավելի քնքուշ ձայնով հարցրեց.
— Ուրեմն, դեռ էլի սիրո՞ւմ ես նրան։
— Այո՛. և ես նրան իմ մահվան օրը կմոռանամ,— պատասխանեցի ջերմությամբ։
— Բայց նա քո հորն անպատվեց, քեզ անպատվեց…
— Նա չանպատվեց և ո՛չ մեկին։ Պետք է բավական բարձր և ազնիվ լինել նրան հասկանալ կարենալու համար։ Նրա խոստովանությունն անկեղծ էր. նրա ուխտը սուրբ է։ Մինչև այժմ ես սիրում էի նրան, իսկ այսուհետև՝ պիտի պաշտեմ…
— Ուրեմն ես թշնամի չի՞ պիտի լինեմ այդ մարդուն,— հարցրեց նա։— Երբեք,— պատասխանեցի ես։
— Բայց կարո՞ղ եմ չլինել. թույլ կտա՞ պատիվը։
— Եղի՛ր ուրեմն և իմ թշնամին, եթե այդ հաճելի է քեզ,— ասացի ես։
Հայրս ոչինչ չպատասխանեց և դուրս դնաց։
Հարկ չկա ասելու, որ այս բոլորից հետո իմ դրությունն ավելի վատթարացավ։ Տխրությունը տիրեց ինձ բոլորովին, ծիծաղ ու խնդում չքացան ինձ համար. տուն ու ընտանիք ունենալս մոռացա, ինձ հետ խոսողներին կամ չէի լսում, կամ եթե լսում էի՝ չէի հասկանում։ Փախչում էի բոլորից և փակվում իմ սենյակում կամ մեր պարտիզի մի անկյունում առանձնանում անձնատուր լինելով խորին մտածության։ Իմ հիշողությունը բթացել, անզգայացել էր ամեն բանի համար, բայց չէր մոռանում միայն Գարեգնին և այն բոլորը, ինչ որ կապ ուներ Գարեգին անվան հետ։ Մտածում և երանում էի այն անցյալին, երբ նա իմ կողքին նստած այնքա՛ն մոտ, որ ես նրա շնչառությունն էի լսում, դաս էր խոսում ինձ։ Ես լսում ու նայում էի նրան անսահման սիրով, անհուն ցանկությամբ… հիանում էի, երբ նա ամբողջապես զգացմունք դարձած՝ խոսում ու քարոզում էր ինձ, կամ երբ ոգևորությունը վառում էր նրա աչքերում աշխույժի կրակը։ Երանում էի ա՛յն ժամերին, երբ սրտատրոփ սպասում էի նրան, կամ երբ նրա սիրալիր այցելությամբն արդեն գոհ ճանապարհում էի նրան՝ հուսալով մի օրից կրկին տեսնելու… Երբ հպարտացած նրան սիրելովս մտածում էի թե՝ նա իմն է հավիտյան, թե ոչ ոք ինձանից չէ կարող խլել նրան… Երանում էի նույնիսկ իմ տխրության այն օրերին, երբ նա, թեպետ ինձանից հեռացած, բայց դարձյալ նվազ հույս էր ներշնչում թե՝ այսօր չէ, վաղը, մի քանի օրից, կամ գուցե մի շաբթից՝ կգա ինձ տեսնելու։
Իսկ ա՞յժմ… այժմ ամեն հույս կորել, անհետացել էր։ Գարեգինն այլևս իմը չէր, նրան այլևս չպիտի ժառանգեի… Օ՜, ի՜նչպես ծանր էր մտածել այդ մասին… Հանկարծ չունենալ այլևս նրան, որին մի օր առաջ ունեիր, որը քո մտածության, քո քաղցր երազների, քո ապագա երջանկության սնուցիչն էր, որը քեզ կյանք և ուրախություն էր բերում, քեզ շունչ, սիրտ և հոգի էր տալիս… որի համար դու կամենում էիր ապրել, որի համար գործում, աշխատում, հառաջադիմում էիր, որի հաջողությունը քեզ ուրախացնում և հաղթանակը հպարտացնում էր… Եվ հանկարծ դառնալ, նայել շուրջդ, տեսնել, որ նա այլևս չկա, որ դու միայն ես, որ քեզ պատում է անպարունակ դատարկություն…Մայրս, որ գրեթե նույնչափ վշտահար էր այս դժբախտ դեպքի պատճառով, հնարներ էր որոնում իմ թախիծը անցընելու և տխրությունս մեղմելու։ Տեսնելով, որ յուր խորհուրդներն ու մխիթարականները չեն կարողանում ինձ մաշող մտածմունքները ցրել, սկսավ գրեթե ամեն օր հրավիրել իմ նախկին ընկերուհիներից մինին, կամ մյուսին ինձ զբաղեցնելու և մտահոգությունս ցրելու համար։ Ընկերուհիներս գալիս էին։ Նրանց այնպես էր հասկացրել մայրս թե՝ ես տխրելու հիվանդություն ունիմ, ուստի և պետք է ուրախացնեն ինձ։ Ընկերուհիներս, իհարկե, աշխատում էին այդ նպատակով, բայց առանց մեծ հաջողության։ Միայն թե նրանց բերած նորություններն սկսում էին հետզհետե հետաքրքրել ինձ։
Այսպիսով, ես նրանցից իմացա, որ հոգևոր դպրանոցի վարժապետական հին խմբի և նրանց պաշտպանների լարած մեքենայությունները վերջապես հաջողվել են, որով և նոր խումբը մնացել է նեղ դրության մեջ, որ հակառակորդներից ու դավադիրներից կազմակերպված բանակը կարողացել է ժողովրդի ամեն խավերում տարածել և շատ շատերին հւսմոզել թե՝ վարժապետական նոր խումբը բողոքականություն է քարոզում աշակերտներին, անբարոյականացնում է նրանց, կամ թե ծնողների դեմ ապստամբեցնում։
Այս անխիղճ զրպարտությունները, որոնք միշտ անազնիվ մարդկանց զենքերն են եղած ազնիվ հակառակորդների դեմ, ոտքի էին հանել քաղաքում սինլքոր խուժանը, որ առանց ճշմարտության հասու լինել կամենալու, հրապարակներում հավաքված, գոռում ու գոչում էր թե՝ «խաչ հանեցեք դրանց»։
Մի փոքր հետո իմացա, որ այս զրպարտության ու խառնակության ձայներն Էջմիածին հասնելով համոզել էին նաև Մատթեոս կաթողիկոսին՝ կոնդակով հրամայել հոգևոր դպրանոցի հոգաբարձության՝ արձակել տեսչին յուր վարժապետներով։ Պատմում էին թե՝ որպիսի աղիողորմ տեսարան էր ներկայացնում այդ ժամանակ հազիվ բարեկարգ դրության հասած այդ ուսումնարանը, որին նորեն սպառնում էր ավերումը։ Աշակերտները լալիս ու փարում էին վարժապետներին, աղաչելով նրանց՝ չթողնել իրենց վարձկան մշակների հույսով, չհանձնել դպրոցը դառնազգեստ գայլերին… Բայց ի՞նչ կարող էին անել վարժապետները. նրանց վերևից հրամայում էին հեռանալ, ուրեմն պիտի հեռանային և իրենց նոր վարած ու ցանած բուրաստանը թողնեին ճանապարհի շահամոլ անցորդներին։
Այսուամենայնիվ, տեսուչը, բարեկամների խորհրդով, դիմեց մի վերջին միջոցի։ Հանձնելով դպրոցը յուր հավատարիմներին, նա առավ յուր հետ Գարեգնին և պատվավոր հոգաբարձությունից մինին ու գնաց Էջմիածին՝ իրերի դրությանը Մատթեոս կաթողիկոսին ծանոթացնելու համար։ Բայց նրա առաքելությունն ապարդյուն անցավ, ուստի և հուսահատ ու վշտահար վերադարձավ նա Թիֆլիս՝ յուր հայրենիքը։ Մինչդեռ Գարեգինը նորեն եկավ մեր քաղաքը յուր սիրելի դպրոցն ու «բուրաստանը» (ինչպես սիրում էր նա անվանել դպրոցը), վերջին անգամ տեսնելու և յուր ձեռնասուն աշակերտներին վերջին հրաժեշտի ողջույնը տալու։
Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ նրա վերադարձն իմացա։ Կարծում էի թե՝ նա եկել է նորից մեր քաղաքում մնալու և յուր սիրած դպրոցում պաշտոնավարելու։ Ուստի գոհ էի, որ այժմ, գեթ հեռվից, երբեմն-երբեմն նրան տեսնելու բախտը պիտի ունենամ։
Մի առավոտ միայնակ զբոսնում էի մեր պարտեզում և, իհարկե, դարձյալ Գարեգնի վրա մտածում։ Սպասուհիս մոտենալով հայտնեց, որ մի կին կամենում է ինձ տեսնել։ Հրամայեցի կանչել նրան։ Սա օրիորդական դպրոցի աղախինն էր, որ մոտենալով՝ մի նամակ հանձնեց ինձ։ Դեռ չհարցրած թե ո՞ւմնից է նամակը, նա անհետացավ։ Բանալով ծրարը, զարմացա, տեսնելով որ գրողը Գարեգինն էր։ Սիրտս թունդ ելավ ու սկսավ սաստիկ տրոփել։ Ի՞նչ է գրում նա ինձ, ի՞նչ կարող է գրել… մտածեցի ես վայրկենապես և ապա շտապով սկսա կարդալ նամակը, որը մոտավորապես, հետևյալ բովանդակությունն ուներ։«Ազնիվ օրիորդ.
Բարի մարդկանց մեքենայությունների շնորհիվ ստիպված եմ հեռանալ ձեր հայրենի քաղաքից, որի հետ սիրտս կապված է ամենաքաղցր հիշատակներով։ Սակայն, այստեղից հեռանալուց առաջ, փափագելով փափագում եմ տեսնել և իմ հրաժեշտի ողջույնը տալ ձեզ։ Բայց որովհետև ձեր տուն մտնելն անհնար է ինձ՝ այն ակամա վիրավորանքի պատճառով, որ ես ստիպված հասցրի ձեր ծնողներին, ուստի խնդրում եմ, եթե ձեզ նույնպես ցանկալի է գեթ վերջին անգամ տեսնվել ինձ հետ, բարեհաճեք այսօր ևեթ մի քանի վայրկյանով մտնել օրիորդական դպրոցն, ուր գտնվում եմ այժմ և ուր կսպասեմ ձեզ մինչև ժամը տասներկուսը»։ Ստորագրված էր՝ «Ձեզ նմանավիշտ Գարեգին»։
Ի՞նչ եղա ես այդ րոպեին, չեմ կարող ասել։ Մի քանի տեսակ զգացմունքներ միասին թունդ ելան իմ սրտում՝ և՛ ուրախություն, և՛ վարանք, և՛ երկյուղ, և՛ տխրություն… բոլորը միմյանց հակասելով, մինը մյուսին ետ կամ առաջ մղելով… Ուրախանում և հրճվում էի՝ մտածելով, որ ուրեմն, խաբված չեմ, որ Գարեգինն ևս սիրում է ինձ, կամենում է տեսնել, յուր հրաժեշտի ողջույնը տալ ինձ։ Այդ պատճառով ուզում էի իսկույն ևեթ թռչել նրա մոտ, մի անգամ էլ տեսնել, մի անգամ էլ լսել նրան… Բայց վարանում էի իմ որոշման մեջ՝ մտածելով թե՝ արդյո՞ք դա պատշաճից դեմ, կամ նույնիսկ վիրավորական չի՞ լինիլ իմ ծնողների պատվի համար։ Բայց եթե չտեսնեի նրան, եթե նա հավիտյան հեռանար ինձանից՝ առանց յուր վերջին խոսքն ինձ ասելու… Օ՜, ի՞նչ կանեի ես այն ժամանակ. կարո՞ղ էի ներել ինձ այդ հանցանքը։ Եվ երբ հանկարծ մտածում էի թե՝ նա արդեն հեռանում է, թե նրա նամակը մի ճշմարիտ, բայց և չարագուշակ լուր է բերել ինձ, թե ես, ուրեմն, ընդմիշտ զրկվում եմ նրանից… գլուխս ուղղակի այրվում, սիրտս փոթորկում էր և կամենում կարծես դուրս թռչել յուր տեղից։
Բայց և այնպես պետք էր օգուտ քաղել դեպքից։ Վերջին անգամ իմ սիրելուն տեսնելու համար՝ ինձ մնում էր միայն մի երկու ժամ։ Ուստի շտապով վերադարձա սենյակս, հագնվեցա և սպասուհիս հետս առնելով՝ դիմեցի դեպի օրիորդական դպրոցը։
Այստեղ պատահեցի Գարեգնին այն սենյակում, ուր նա հաճախ առանձնանում էր դասից ազատ միջոցներին։ Նա զբաղված էր մի ինչ որ գրությամբ։ Տեսնելով ինձ, իսկույն բարձրացավ տեղից և յուր մշտածիծաղ ժպիտով ողջունելով ինձ, խնդրեց նստել։
— «Ուրախ եմ, որ եկաք,— սկսավ նա խոսել՝ իմ հանդեպ նստելով։— Մի քանի օրից, սիրելի օրիորդ, ես հեռանում եմ այստեղից և, հավանական է, որ այլևս չվերադառնամ։ Մեր սիրած դպրոցները ես թողնում եմ գրեթե անտեր, որովհետև նրանք, որոնք ստիպեցին մեզ բաժանվել դրանցից և որոնք մեր գործի շարունակողը պիտի լինին, ոչ այլ ինչ են, եթե ոչ անսիրտ վարձկաններ։ Վշտահար սրտով հեռացավ մեր ազնվոգի տեսուչը, նույնպիսի սրտով էլ հեռանում եմ ես, որովհետև մեր հույսերն օդը ցնդեցան, իսկ ծրագրերը խեղդվեցան երկունքում… Ի՜նչ արած, երևի այս երկրի դժբախտ մանուկներին այսքանն էր վիճակված։
Սակայն այդ վշտերի հետ միասին ծանրանում էր իմ սրտի վրա և մի ուրիշ մեծ վիշտ, որն ամենից ավելի պիտի տանջեր ինձ, եթե ես չմտածեի թեթևացնել այն որևէ միջոցով։
Այդ վիշտը, օրիորդ, ձեր առ իս ունեցած չարաբախտ սիրո պատճառած վիշտն է։
Դրա պատմությունը հայտնի է ձեզ այնպես, ինչպես էլ ինձ. այն նորոգելու, իհարկե, կարիք չկա։ Բայց ես ցանկանում եմ մի քանի խոսք ասել նկատմամբ մի հանգամանքի, որին անծանոթ եք դուք և որը վերաբերում է ձեր հարգելի հոր ինձ արած առաջարկության։ Այդ առաջարկությունը, սիրելի օրիորդ, որքան էլ գերազանց և ինձ պատվաբեր, այսուամենայնիվ, մեծ վիշտ պատճառեց սրտիս նրա համար, որ այդ եղավ ձեր ներկայությամբ և որ ես ձեր ներկայությամբ էլ ստիպվեցա մերժել այն՝ շատերին ցանկալի՝ մեծագին պատիվը։Քանի որ դուք գիտեք այն ամենը, ինչ իմ մերժմանն է վերաբերում, ես կամենում եմ, գնալուց առաջ, իմացնել ձեզ նաև այն, ինչ որ դեռ չգիտեք, որպեսզի դրանով հանգստություն տամ մի փոքր իմ չարատանջ սրտին։
Իմ մերժումը լսելով՝ դուք անշուշտ համոզվեցաք թե՝ շնորհներից քաղցրագույնը այսքան կոպտությամբ մերժող մարդու մեջ ոչ սիրտ կարող է լինել և ոչ զգացմունք և գուցե անիծեցիք այն սուրբ, բոցավառ սերը, որ տածել եք ինձ համար»։
— Երբե՛ք, երբե՛ք,— ընդհատեցի ես ջերմությամբ,— այդպիսի աննպաստ կարծիք ձեր նկատմամբ չեմ ունեցել. ես, մինչև անգամ, հաստատ հավատում էի…
— Վերջացրեք, օրիորդ, դուք ուրեմն հաստատ հավատում էիք թե՝ ես նույնպես սիրում եմ ձեզ։
— Այո՛։
— Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ, դուք ինձ մխիթարեցիք. այժմ ես հանգիստ եմ,— ասաց Գարեգինը մի առանձին խնդությամբ և ապա շարունակեց.— այժմ լսեցեք։ Ես վաղուց արդեն անտարբեր չէի դեպի ձեզ։ Ես չկարողացա փակել իմ աչքերը՝ ձեր գրավիչ գեղեցկությունն ու կախարդող հայացքը չտեսնելու համար, բթացնել իմացականությունս՝ ձեր ներքին արժանիքն ու փայլուն բարեմասնությունները չճանաչելու համար կամ խեղդել զգացմունքս՝ ձեզ չսիրելու և չպաշտելու համար… Գիտե՞ք, մինչև ձեր ինձ սեր խոստովանելու օրն՝ իմ հոգին բյուր անգամ խոստովանել է ձեզ այն՝ լռիկ և անձայն…
Սակայն մեզ, ուսուցանող երիտասարդներիս վրա սրբազան պարտք կա՝ ջերմեռանդությամբ պատկառ մնալ ուսանող աշակերտուհու առաքինության։ Ինձ համար, իբրև ուսուցչի, անհնար և, նույնիսկ, ամոթ էր ամենաթույլ ակնարկով իսկ ձեր զգացմունքը քաջալերել։ Թեպետ սերը նույն ինքն առաքինությունն է, սակայն ժամանակն ու հանգամանքները հազիվ են նրան յուր սկզբնական կամ որ նույնն է՝ առաքինական սահմաններում պահում։ Այդ իսկ պատճառով ես պարտավոր էի ամեն ջանք գործ գնել, իմ սրտի հնոցը սառույցի կեղևով պատելու։ Եվ եթե ես մինչև անգամ այդ չանեի իբրև ուսուցիչ, գոնե, իբրև կուսակրոնության ուխտյալ՝ պարտավոր էի անել։ Որովհետև, եթե իրավ ես պատրաստվում էի նվիրել ինձ մի սուրբ կոչման, ուրեմն և պիտի սովորեի արժանապես ծառայել այդ կոչմանը, պիտի վարժեցնեի ինձ զրկանքների, անձնվիրության։ Գտնվելով այսպիսի պայմաններում, հարկավ, ինձ մնում էր տակավ առ տակավ մարել բնության ձեռքով իմ մեջ վառած կրակը, մարել այն մինչև վերջին առկայծումը… Սակայն, ավա՜ղ, հազիվ կարողացել էի թուլացնել իմ մեջ վառվող այդ հրդեհը, երբ ձեր սիրավառ խոստովանությունը բորբոքեց այն կրկին։ Այո՛, ա՛յն համբույրը, որ դուք դրոշմեցիք իմ ձեռքին, թափանցեց սիրտս, ինչպես մի կայծակ, որ ամպերի միջից անտառին զարնելով՝ այրում, փաղաղում է հանդիպող ծառերը և նրանցով մայրիի մեջ անշիջանելի հրդեհ բորբոքում։ Կարո՞ղ եք երևակայել թե՝ ի՞նչ քաշեցի ես այն երկու օրը, երբ դիտմամբ հեռու մնացի ձեզանից։ Որքա՜ն ուժ գործ դրի ես, մինչև որ երրորդ օրը կարողացա սառնասրտությամբ ոտք դնել ձեր տանը և քաջություն ունենալ ողջունելու ձեզ սովորական ժպիտով։ Այնուհետև, ես արագ-արագ ավարտեցի ուսմանդ գործը, միայն ձեր և իմ անձից փախչելու համար…Երկրորդ և առավել զորեղ հարվածը ձեր հոր առաջարկությունն էր, որ կարող էր տապալել իմ հաստատակամությունը և դրժել տալ ինձ իմ ուխտին ու երդմանը. մանավանդ որ այդ ժամանակ դուք նստած էիք իմ հանդեպ՝ զինվորված ձեր բոլոր հրապույրներով. բայց ես օգնության կանչեցի ինձ՝ հայրենիքի բարձրագույն սերը և նրա զորությամբ հաղթահարեցի սպառնացող վտանգը։
Երբ վերջին անգամ, իբրև ուսուցիչ, ես հեռանում էի ձեզանից, դուք, քաջ գիտենալով, որ ես փախուստ եմ տալիս ձեր սիրուց, ծանր դիտողություն արիք ինձ, ասելով, որ ես անարգում եմ ձեր սրտում վառված սիրո սուրբ կրակը, մինչդեռ պաշտպան պիտի լինեի նրան։ Դուք, անշուշտ, հիշում եք, որ ես պատասխանեցի թե՝ սրբությունը չի անարգվիլ յուր երկրպագուից։ Դրանով կամենում էի ասել թե՝ ես ձեր սրբազգաց սիրո ջերմեռանդ երկրպագուն եմ։ Եվ ինձ մշտական վիշտ պիտի պատճառեր ա՛յն մտածմունքը թե՝ ես հեռացա ձեզանից առանց իմ զգացմունքներին ձեզ ծանոթացնելու։
Այժմ դուք արդեն բոլորը գիտեք և ես հանգիստ եմ։
Մնում է միայն մի հարց.— Արդյոք ներո՞ւմ եք դուք ինձ այս զոհաբերությունը։ Որովհետև այս դեպքում ես իրավունք ունիմ միայն իմ սերը խեղդելու, բայց ո՛չ նաև ձերը»։
— Խոնարհում եմ այդ զոհաբերության առաջ,— պատասխանեցի ես,— որովհետև նա սուրբ է, որովհետև նա ավելի բարձրագույն սիրո համար է։ Որքան էլ ծանր լինի իմ զրկանքը՝ այսուամենայնիվ, ես նրա մեջ ունիմ այն մխիթարությունը թե՝ դուք հեռանում եք ինձանից ո՛չ թե մի ուրիշ կնոջ, այլ հայրենիքին ձեր սիրտը նվիրելու։
— Շնորհակալ եմ. այդպես էլ հավատում էի իմ ներշնչած ոգուն. գիտեի, որ նա կարդարացնե իմ հույսը,— ասաց Գարեգինը կարծես հրճվելով և սեղմեց ձեռս ի նշան շնորհակալության։ Ապա կրկին դառնալով ինձ, ավելացրեց.— իսկ այժմ, օրիորդ, դուք ազատ եք. աշխատեցեք սիրել ձեր առաքինության արժանի մի երիտասարդ, ամուսնացե՛ք նրա հետ և երջանիկ եղեք։ Ընտանեկան քաղցրությունը, որ ինձ վիճակված չէր ճաշակել, անշուշտ մի գերագույն բարիք է, որ այնքան շատ երգվել է բանաստեղծներից…
— Ձեզանից հետո սիրե՞լ մի ուրիշին… մի՞թե դուք ինձ ընդունակ եք համարում այդ բանին,— հարցրի ես հուզվելով։
— Ժամանակը մոռացնել կտա ամեն ինչ,— հարեց նա,— և այդ անհրաժեշտ է։ Մի լավ մայր լինել, կնշանակե ամեն բան լինել։
— Երբե՛ք, երբե՛ք. իմ կյանքում միայն ես ձեզ սիրեցի և այդ սերն էլ ինձ հետ գերեզման կտանեմ,— ասացի ես ջերմությամբ։
— Դուք այդ չեք անիլ և չեք կարող անել։
— Երդվում եմ իմ այս անդրանիկ սիրով. երդվում եմ և չեմ դրժիլ երդմանս։
— Ի՞նչ պիտի անեք ուրեմն։
— Ա՛յն, ինչ որ դուք։
— Մի երիտասարդ կարող է վարդապետ լինել, իսկ մի աղջի՞կ…
— Միանձնուհի։
— Թողե՛ք, ի սեր աստուծու, այդ ցնորքը։ Ի՞նչ պիտի անեք կուսանոցի բորբոսնած պատերի մեջ։ Ինչո՞ւ այդ պայծառ կյանքը խավարեցնել, մտածելու ընդունակ ուղեղը բթացնել, գործելու կարող աշխույժը մարել, սիրելու ընդունակ սիրտը սպանել… ինչո՞ւ, վերջապես, կենդանի թաղվել գերեզմանում այն ժամանակ, երբ ուրիշներն ապրում ու վայելում են աստուծո լույսն ու արևը, զգալ, որ կարող ես նույնն անել և դու, բայց սիրտդ սեղմելով՝ զրկվիլ այդ հաճույքից…
— Բայց ես չեմ դրժիլ երդմանս, չեմ սիրիլ ոչ ոքին, ցույց տվեք ինձ, ուրեմն, այս աշխարհից փախչելու մի ուրիշ ճանապարհ, ապա թե ոչ, ձեր հեռանալուց հետո ես կսպանեմ ինձ,— ասացի հաստատ ձայնով։
Գարեգինը նայեց ինձ մի վայրկյան սառը և խորախորհուրդ և ապա քաղցրությամբ նկատեց.
— Անձնասպանության մասին մտածելը փոքրոգություն է. աշխատեցեք չլինել փոքրոգի։ Ով որ չէ ուզում ապրել և դեպի մարդիկ ունեցած յուր պարտքը կատարել, նա մի դասալիք է, որ թշնամու զորությունից վախենալով՝ թողնում է ընկերներին կռվի դաշտում և ինքը փախչում։ Այդպիսի ճանապարհով ձեռք բերած փրկությունը՝ մահերից անարգն է. այդպիսի փրկության մի՛ ձգտիք երբեք։
— Ի՜նչ անեմ ուրեմն… ցույց տվեք իեձ ազատության մի ուրիշ ճանապարհ. այս աշխարհում, այս մթնոլորտում ես այլևս չեմ ապրիլ, զի ձեզանից հետո նա ինձ համար պիտի դառնա կատարյալ դժոխք…
Գարեգինը մի քանի րոպե մնաց լուռ և աչքերը գետնին հառած մտածում էր։ Ապա դառնալով ինձ, հարցրեց.
— Ունի՞ք բավական ուժ ձեր ուխտին հաստատ մնալու։
— Կարող եմ պարծենալ,— պատասխանեցի ես։
— Ուրմեն, համաձայն եմ, ուխտեցեք «միանձնուհի» լինել։
— Ինչպե՞ս,— վարանելով հարցրի ես,— չէ՞ որ դուք այդ կոչումը դատապարտեցիք։
— Այո՛, բայց այն ժամանակ իմ խոսքը անգործության մեջ իրեն սպանող միանձնուհու մասին էր։ Հեռացեք աշխարհից, բայց մի՛ մտնեք կուսանոց։ Գնացեք հեռու, հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի այն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները, որի մեջ օրըստօրե նվազում, հանգչում է կենդանության ուժը։ Գնացեք այնտեղ ուր տգիտությունը բռնացած քանդում, ավերում է, ինչ որ պատմական ժամանակներից մնացել է գեղեցիկ և հարգելի։ Մտեք այդ ժողովրդի մեջ, նվիրեցեք ձեզ նրա բարօրության և նրա մանկանց կրթության գործին։ Սովորեցրեք նրանց ճանաչել յուր անցյալը, բարվոքել ներկան և գործել ապագայի համար։ Ուսուցեք նրան՝ հարգել իրեն, սիրել ընկերին և պաշտպանել նրան, երբ հարկը պահանջե։ Եվ ահա այդ ժամանակ ձեր ուխտը սուրբ և նվիրումը պաշտելի կլինի։
Ես ուրախությունից վեր թռա տեղից, բռնեցի Գարեգնի ձեռքը և ջերմությամբ սեղմելով այն, բացականչեցի։
— Շնորհակալ եմ, իմ ազնիվ, իմ միակ սիրելի Գարեգին, շնորհակալ եմ այդ գեղեցիկ խորհրդի համար, որով սովորեցնում եք ինձ առավել բարձրագույն սիրո հետ փոխանակել ձեզ համար զգացածս անվախճան սերը։ Ես հիացած եմ և պատրաստ այս րոպեին իսկ թռչելու դեպի այդ կորած անկյունները։ Ուխտում եմ ձեր առաջ և երդվում եմ ձեր սիրով, որ ես «միանձնուհու» կոչումը կառնեմ վրաս և կնվիրեմ ինձ այդ սրբազան գործին։ Այժմ ես ձեր քույրն եմ, համբուրեցեք ինձ ջերմ, եղբայրական սիրով, և այդ համբույրը թող օրհնե իմ ճանապարհը։
Գարեգինը ոտքի ելավ, քնքշությամբ գրկեց ինձ և հուշիկ յուր կրծքին սեղմելով՝ դրոշմեց իմ ճակատին մի ջերմ և անուշ համբույր, գլորելով երեսիս արտասուքի կաթիլներ։
— Գնա՛, սիրեցյալ քույրիկ, ես օրհնում եմ քեզ. օրհնում եմ քո ճանապարհը, գնա՛, թող աստված լինի քեզ հետ…— ասաց նա գրեթե արտասուքից խեղդվող ձայնով։
Ես հեկեկացի և նրա գիրկն ընկա. մի քանի րոպե մենք այս դրության մեջ արտասվեցինք, ապա ջերմագին համբուրվելով՝ բաժանվեցինք միմյանցից հավիտյան…
Վերջին խոսքերը արտասանելիս՝ քույր Աննայի շրթունքները ջղաձգաբար դողացին, նա հառաչեց, և գեղանի աչքերում արցունքներ փայլեցին… Քսան երկար տարիները դեռ չէին մարել, ուրեմն, սիրո սրբազան կրակը, նա դեռ մխում, առկայծում էր…
Բայց ես, որպեսզի քույր-Աննայի թախիծը փարատվեր, խնդրեցի նրան յուր զրույցը շարունակել։
— Գարեգնի հեռանալուց հետո,— խոսել սկսավ նա,— ես, գրեթե, շարունակ զբաղված էի այն մտածությամբ թե՝ ի՞նչպես պիտի իրագործեմ ա՛յն նշանավոր միտքը, որ նա ներշնչեց ինձ՝ «լինել գործող միանձնուհի»։ Այդ բանի վրա մտածելն իսկ մոռացնել էր տալիս ինձ Գարեգնից հեռու և բաժանված լինելս, մանավանդ, երբ հիշում էի թե՝ այդ նրա ստեղծած միտքն է, նրա սիրած ու գուրգուրած գաղափարը՝ մոռանալ ամեն ինչ և նվիրվել հասարակաց բարվույն։ Հետևապես, եթե ես կարողանայի իրագործել այդ միտքը այն ճանապարհով, որը նա գծեց ինձ համար, ես ամենաբախտավոր կինը կլինեի աշխարհում։
Ծնողներս, իհարկե, զարմանում էին՝ տեսնելով, որ Գարեգնի հեռանալուց հետո, հակառակ իրենց սպասածին, ես ոչ միայն տխուր չէի, այլ և առաջվա նման իրենց հետ ուրախ խոսում, ծիծաղում և ժամանակ էի անցցնում։
— Այդպես կլինի, անփորձ աղջիկ է,— ասում էր մի անգամ հայրս, մորս հետ առանձին խոսելիս,— երիտասարդը, որ հեռացել է, ինքն էլ հետզհետե կսառչի և կմոռանա նրան։
Եվ ուրախանալով, որ գործն այսքան դյուրությամբ և առանց ծանր հետևանքների վերջացավ, նոր խորհուրդներ ու ծրագրեր էին կազմում՝ ինձ համար նոր փեսացու ընտրելու։
Բայց նրանց ուրախությունը երկար չտևեց, որովհետև շուտով երևան եկավ մեր քաղաքի հարուստ և, իմ ծնողների կարծիքով, շատ հարմար մի երիտասարդի ինձ փեսայանալու առաջարկությունը, որի մասին նրանք խոսեցին ինձ հետ։
— Իմ ձեռքը մեկին կամ մյուսին տալու համար այդ առաջին ու վերջին առաջարկությունը լինի, որ անում եք,— ասացի ես նրանց հաստատ ու վճռական ձայնով։— Գարեգնից բաժանվելուց հետո մի՛ կարծեք, թե իմ ձեռքը կհամաձայնվիմ տալ մի ուրիշին, թեկուզ այդ ուրիշը իջած լինի երկնքից. երբե՛ք։ Ես ուխտել ու երդվել եմ՝ բնավ չամուսնանալ և այս ուխտից չեն կարող դարձնել ինձ ո՛չ ձեր խնդիրները, ո՛չ աղաչանքները և ո՛չ սպառնալիքները։ Այս իմ առաջին ու վերջին խոսքն է։
Ծնողներս, իհարկե, շատ վշտացան իմ այս պատասխանի վրա, երկար խոսեցին, խնդրեցին, թախանձեցին, բայց անօգուտ։ Ես դարձել էի նրանց համար անգծելի մի քարաժայռ։ Նույնիսկ իմ մոր արտասուքները, որ նա հաճախ թափում էր իմ առաջ, չկարողացան իմ սիրտը մեղմել։ Ես հափշտակված, ոգևորված էի այն մեծ ու վեհ մտքով, որ հղացրել էր իմ գլխում իմ պաշտելի ուսուցիչը։ Իմ հոգին հպարտանում և սիրտս լցվում էր մի անսպառ ուրախությամբ, երբ մտածում էի թե կարող եմ մի օր այդ միտքն իրագործել, այն է՝ լինել «միանձնուհի» և այն՝ յուր տեսակում առաջինը։
Մի տարուց հետո հայրս մի փոքրիկ ճանապարհորդությունից վերադառնալով՝ հիվանդացավ սուր ջերմախտով։ Չնայելով, որ ամեն միջոց գործ դրինք նրան առողջացնելու, բայց անօգուտ։ Նա մեռավ, թողնելով մորս ու ինձ անմխիթար դրության մեջ։
Երբ այս ծանր վշտի առաջին ամիսներն անցան, մեր մոտիկ ազգականները խորհուրդ տվին մեզ՝ մեր վիշտը մեղմելու և հանապազօրյա մտատանջությունները ցրելու համար, դուրս գալ քաղաքից և ամառն անցցնել գյուղերը շրջելով։
Իմ ուխտն, իհարկե, ես չէի մոռացել, ուստի և այս ճանապարհորդությունը շատ հարմար էի տեսնում իմ նպատակների իրագործման համար։ Այս պատճառով ես էլ իմ կողմից համոզեցի մորս՝ ընդունել ազգականների տված խորհուրդը։
Մայրս չընդդիմացավ, և մենք մեր երկու ազգականների ընկերակցությամբ ճանապարհորդեցինք 1866-ի ամբողջ ամառը։ Այդ առիթով մենք գրեթե այս բոլոր նահանգը պտտեցինք, շատ գյուղեր անցանք, վանքեր, ուխտատեղիներ այցելեցինք և բերդեր ու ավերակներ տեսանք։ Ինչ գյուղ կամ ավան որ մտնում էինք, ես խնդրում էի մորս մնալ այդտեղ մի քանի օր և այդ բոլոր ժամանակ ուշի-ուշով դիտում էի գյուղի դիրքն ու շրջակաները, տեղեկություններ էի հավաքում բնակիչների նիստ ու կացի, սովորության, բնավորության և, մանավանդ, նրանց մտավոր ու բարոյական կարոտության մասին, իմանալու համար թե՝ ո՞ր գյուղը կամ ավանը ավելի հարմարություն ունի իմ ապագա գործունեության կենտրոնատեղին լինելու։
Հասնելով այս գյուղը, մենք շատ հավանեցինք սրա թե՛ դիրքին, թե՛ օդին, թե՛ ջրին և թե՛ բնության գեղեցիկ տեսարաններին, որոնց նմանը, արդարև, ուրիշ տեղ չէինք տեսած։ Մյուս կողմից էլ՝ քաղաքից շատ հեռու լինելու պատճառով, սա ամենից ավելի մոռացված, աչքաթող եղած և մտավոր ու բարոյական օգնականությունից զուրկ էր։ Նույն դրության մեջ էին և այն յոթ-ութ հայաբնակ ավանները, որոնք գտնվում են սրա շրջականերում և որոնց նույնպես մենք այցելեցինք։
Այստեղ մնացինք մի ամբողջ շաբաթ։ Արդեն երկրո՞րդ, թե՞ երրորդ օրվանից որոշել էի, որ այս գյուղն է իմ ընտրածը։ Այդ պատճառով էլ հետամուտ եղա, որքան կարելի էր, մանրամասն տեղեկություններ հավաքելու թե՛ սրա և թե՛ շրջակա գյուղերի մասին։ Այդ ժամանակ տեր-Հովսեփը մի երկու տարվա ձեռնադրած քահանա էր, բայց նրան այստեղ տեսնել չկարողացա, որովհետև մեր տեղս եկած օրերը նա գնացել էր քաղաք։ Ստիպված էի իմ տեղեկությունները հավաքել գյուղացիներից և, գլխավորապես, մեր հյուրընկալից։Մի առավոտ, երբ այս սիզավետ սարահարթի վրա զբոսնում էինք, մայրս սքանչանալով և կարծես մարգարեանալով բացականչեց․— «Երանի՜ նրան, ով այստեղ ապրում, այստեղ մեռնում և այս գեղեցիկ տեսարանների մեջ թաղվում է…»։
Օգուտ քաղելով դեպքից, ես իսկույն հարեցի.
— Մայրի՛կ, արի՛ հեռանանք քաղաքից և գանք այստեղ հաստատենք մեր բնակությունը։ Իրավ, էլ ի՞նչ ունենք մենք այն խառնիճաղանջ մարդկանց բազմության մեջ։ Հեռանանք բոլորից, ապրենք այս գեղեցիկ լեռներում, այս պարզ ու բարի գյուղացիների մեջ։
— Է՛հ, որդի, մի՞թե կարելի է,— պատասխանեց մայրս հառաչելով.— այնտեղ տուն ունինք, տեղ ունինք և վերջապես ի՞նչպես կարող ենք քո հոր գերեզմանը թողնել…— այս խոսքի վրա սկսավ արտասվել։
Ես մխիթարեցի նրան և այնուհետև այլևս այդ հարցին չվերադարձա։ Բայց իմ մտքում արդեն որոշել էի հաստատապես, թե այս գյուղը պիտի լինի իմ ապագա գործունեության միջավայրը։
Երբ մեր ճանապարհորդության շրջանը լրացավ, վերադարձանք քաղաք, արդարև հոգվով ու մարմնով բավական կազդուրված։
Այնուհետև, ես շարունակ զբաղված էի իմ ծրագրով և մտքումս գրել էի, որ մի որոշ ժամանակ անցնելուց հետո, երբ մորս սիրտը բավական կամրանար, առնեի նրան և վերադառնայի ընտրածս գյուղը։
Սակայն ճակատագիրը ուրիշ կերպ տնօրինեց իմ վիճակը։ Քաղաք վերադառնալուց հետո՝ հազիվ անցան մի քանի ամիսներ և ահա կրկին ամուսնական առաջարկությունները նորոգվեցան։ Մայրս տարօրինակ թախանձանքով սկսավ ստիպել ինձ՝ ընդունել այդ առաջարկություններից մինը, որն էլ ես կցանկանայի, որովհետև ինքը բոլորն էլ հարմար և արժանավոր էր տեսնում։— Հայրդ չկա, ուրիշ մեկը չունինք, որ մեր փակ դուռը բանա, թո՛ղ գոնե փեսա ունենալու ուրախությունը, մեռնելուցս առաջ, մի քանի օր վայելեմ,— ասում էր նա և խնդրում, աղերսում ու արտասուքն աղբյուրի պես աչքերից հոսում։
Ես լսում ու տեսնում էի այդ բոլորը, սիրտս ճմլվում էր, որովհետև մորս սիրում էի, ուստի և ցանկանում նրա կամքը կատարել։ Բայց իմ ուխտին ու երդմանը նույնպես չէի կարող դրժել։ Մնում էր ինձ բացեիբաց մորս խնդիրը մերժել, որովհետև այդ ավելի հեշտ էր, քան ուխտից դառնալը։ Ավելի ծանր ազդեցություն արին մորս վրա իմ նպատակի մասին արածս հայտնությունները։
— Վա՜յ ինձ, ուրեմն դու միանձնուհի պիտի լինիս,— ասում էր նա լալով,— մի՞թե նրա համար պահեցի, պաշտեցի քեզ, նրա՞ համար այդ հասակին հասցրի, որ դու սևագլուխների վանքը մտնես…— Խեղճ կինը չէր հասկանում իմ իսկական նպատակը, թեպետև ես բացատրում ու աշխատում էի հասկացնել։ Նա տեսել էր վանքի մեջ փակված միանձնուհիներ, լսել էր շատ բան նրանց կրած հոգեկան զրկանքների մասին, զրկանքներ, որ նրանք չեն կամենում քաղցրացնել մի ուրիշ, հոգեկան բարձր զվարճությամբ, այդ պատճառով էլ շարունակ իմ սև օրն ու սև բախտն էր լալիս։
Ամուսնու կորուստի վրա մայրս արդեն անմխիթար էր, իմ այս անդարձ վճիռն էլ վերջին հարվածը տվավ։ Նա օրըստօրե սկսավ մաշվել, տխուր մտածմունքներն ուժաթափ արին նրան, և մի քանի ամիս շարունակ նա ծառայեց անկողնին։ Ես պարզ տեսնում էի թե ինչպես մայրս հետզհետե նվաղում, մոտենում է գերեզմանին, սիրտս կսկծում էր, ցավում, վշտանում էի, գիտեի, որ եթե յուր կամքը կատարեմ, գուցե նրան մեռելությունից դեպի կյանք վերակոչեմ։ Բայց երբ հիշում էի և Գարեգնի առաջ արած իմ հանդիսավոր ուխտն ու երդումը, երբ մտածում էի թե՝ մահվան ճիրաններից մի մայր ազատելով՝ մեծ գործ արած չեմ լինիլ, մինչդեռ իմ ուխտին հավատարիմ մնալով, գուցե շատերին կարողանամ կոչել դեպի բարոյական կենդանություն, կրկին արիություն էր գալիս վրաս և վշտերս փոխվում էին ուրախության։— «Սրանք իմ բառնալիք խաչի թեթև ծանրություններն են,— մտածում էի ես,— թող պատրաստվիմ այսուհետև ավելի ծանրագույնին հանդիպելու»։
1867 թվի մայիս ամսում մայրս վախճանվեց։
Ծանր, շատ ծանր կորուստ էր սա ինձ համար։ Աշխարհում այլևս ես մնում էի միայնակ… Երբ չամուսնացած աղջիկը չունի ծնողներ, եղբայր կամ քույր, նա գրեթե այլևս ոչ ոք ունի աշխարհում… Այդ միայնությունը ես ավելի զգացի, երբ մորս մահվան պատճառով մեր տուն հավաքված բարեկամները հետզհետե սկսան իրենց տները քաշվիլ։ Մորս կողմից ես մոտիկ և, մանավանդ, սրտացավ ազգական չունեի։ Ինձ մոտ մնաց հորաքույրս յուր մի աղջկա հետ, որոնք և խնամում էին ինձ քնքուշ հոգատարությամբ։
Երբ իմ նորագույն վշտի առաջին շաբաթներն անցան, ես նորեն սկսա իմ ուխտի մասին մտածել։ Եվ զարմանալի է թե՝ որքա՜ն մխիթարություն էր բերում ինձ լոկ այդ մտածմունքը։ Մինչև անգամ սիրտս լցվում էր մի տեսակ գաղտնի ուրախությամբ, երբ երևակայում էի մեծությունն այն գործի, որ ես պիտի հիմնեի և որին ամբողջովին պիտի նվիրվեի։
Օգուտ քաղելով իմ կատարյալ ազատությունից, ես գրեթե ամբողջ տարին զրաղվեցա իմ ապագա գործունեության ծրագրերի կազմությամբ և ուսումնասիրությամբ։ Եվ երբ մորս մահվան տարեդարձը կատարեցի, սկսա այնուհետև այդ ծրագրերի սկզբնական գործադրությունը։
Ինձ հավատարիմ ազգակցի օգնությամբ՝ վաճառեցի իմ ծնողներից ինձ ժառանգություն մնացած տունը, կալվածները, տան սարք ու կարգը, նույնիսկ իմ ունեցած զարդերն ու հագուստները և ա՛յն ամենը, ինչ որ գյուղ տանել, կամ գյուղում գործադրել չէի կարող և բոլոր գումարված փողը ավանդ տվի իմ հիշյալ ազգականին, որ վերին աստիճանի ազնիվ ու վստահելի լինելուց զատ, չափազանց համակիր էր նաև իմ գաղափարներին։
Երբ ամեն բան պատրաստել էի գյուղը քաշվելու համար, հենց այդ ժամանակ իմացա, որ իմ սիրելի ուսուցիչն արդեն վարդապետական կոչում է ստացել Երուսաղեմում, ուր նա խույս էր տվել ճակատագրի հալածանքից ազատվելու համար։ Այս լուրն անսահման ուրախություն պատճառեց ինձ։ Ուրեմն մենք երկուսս նվիրվում էինք մեր ուխտին գրեթե միաժամանակ։
Գործերս կարգի բերելուց հետո ես միայն մի քանի շաբաթ մնացի բարեկամներիս հետ։ Ապա պատրաստել տվի ինձ համար միանձնուհու սև սքեմ և այդ սքեմով էլ դուրս եկա քաղաքից։
Վերջին անգամ իմ ծնողաց գերեզմանին այցելելով և վերջին անգամ նրանց շիրիմները համբուրելով՝ ես ճանապարհվեցա դեպի այս գյուղը՝ ընկերակցությամբ մի գյուղացու, որ առաջին անգամ հանդիպելուց՝ ինձ ճանաչեց իբրև միանձնուհի, կամ ինչպես ինքն էր ասում՝ «ապաշխարող»։
Երբ այստեղ մտա, ինձ գրեթե ոչ ոք չճանաչեց, չնայելով, որ երկու տարի առաջ այս գյուղումն էի եղած մորս հետ։ Իմ առաջնորդի նման՝ գյուղացիներն ևս ընդունեցին ինձ իբրև իսկական միանձնուհու և սկզբից արդեն վերաբերվեցան ինձ հարգանքով։
Առաջին ծանոթս տեր-Հովսեփը եղավ, որի տանն էլ իջևանեցի։ Բայց մինչև մի որոշ գործի ձեռք զարնելս, ոչ ոքի ոչինչ չհայտնեցի իմ դիտավորության մասին։ Այժմյան եկեղեցուց ոչ հեռի՝ վարձեցի մի սենյակ և սկսա ապրել այնտեղ իբրև մի ճշմարիտ «ապաշխարող»։ Իմ բնակարանը թեպետ գյուղի մեջ եղածներից լավագույնը, սակայն նա ոչ այլ ինչ էր, եթե ոչ խոնավ, մութ, փոքրիկ պատուհաններով մի խցիկ։ Դուրս գալ քաղաքի փառավոր տանից և ապրել գյուղի այդ տեսակ մի հյուղում, դա արդարև չափազանց զգալի էր ինձ համար։ Ես դժվարությամբ էի շնչում այդտեղի խեղդված օդը և առավել ևս դժվարությամբ ընտելանում ինձ շրջապատող աղքատությանը։ Երբեմն մինչև անգամ զղջման նման մի բան կարծես կամենում էր իմ կամքի հաստատությունը սասանել։ Բայց երբ մտածում էի, որ այս ամենը դեռ «սկիզբն է երկանց», որ իմ ուխտին հավատարիմ մնալու համար դեռ պետք է ուրիշ շատ նեղությունների հանդիպեմ և որ վերջապես այս բոլորն այն մեծ ու սուրբ գործի համար է, որին նվիրվել է և իմ սիրելի ուսուցիչը և որն, անշուշտ, նստած է այդ րոպեին նույնպես մի խցում, այն ժամանակ նորեն արիություն էր գալիս վրաս, ես սկսում էի սիրել իմ մութ, աղքատիկ բնակարանը, իմ սև և տխուր սքեմը, իմ մենավոր, անապճույճ կյանքը։
Ավելի շատ մխիթարվում էի, երբ, դուրս գալով իմ տնակից, մտնում էի գյուղական խղճուկ եկեղեցին աղոթելու և ապա պատահելով գյուղացիներին ու գեղջկուհիներին՝ խոսակցում էի նրանց հետ իրենց ցավերի և կարոտությունների մասին։ Նրանց պարզ և անկեղծիք բնավորությունը, մտերմական, բայց համեստ զրույցները, անմեղ և շատ անգամ նախապաշարմունքով լի դատողությունները ինձ և՛ հիացնում, և՛ զվարճացնում էին։ Մի քանի ամիս շարունակ ես ուշադրությամբ դիտում և ուսումնասիրում էի գյուղացիների բնավորությունը, նիստ ու կացը, սովորությունները, ընտանեկան հարաբերությունները։ Հետո կամաց-կամաց սկսա մտնել ընտանիքների մեջ և աշխատել կապել նրանց ինձ հետ՝ օգնելով յուրաքանչյուրին երբեմն խորհուրդներով, իսկ հաճախ՝ գործով։
Ամենից առաջ ես ուշադրություն դարձրի գյուղի աղքատ և անօգնական ընտանիքների վրա և նրանցից յուրաքանչյուրի կարոտության չափն իմանալուց հետո, հորդորեցի հարուստ գյուղացիներին՝ օգնել նրանց ինչ բանով որ կարող էին։ Եվ որովհետև գյուղացու համար օրինակն ամեն խոսքից զորավոր է, ուստի ամենից առաջ ե՛ս սկսա օգնել կարոտներին։ Իմ սեփական միջոցներով գնեցի եզներ, կովեր, այծեր և գյուղացուն պիտանի ուրիշ պարագաներ և բաժանելով այդ՝ ամենից ավելի կարիք ունեցողներին, նույնը անել հորդորեցի և հարուստ գյուղացիներին, այն է՝ իրենց ավելորդից մի-մի բան հատկացնել չունևոր դրացուն։
Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ տեսա թե՝ իմ օրինակն ու հորդորը ապարդյուն չանցան։ Գյուղացիների մեջ զարթեց գեղեցիկ նախանձավորություն՝ միմյանց օգնելու։ Եվ այդ նորությունը ոչ միայն հետզհետե գյուղի միջից հալածեց աղքատությունը, այլև գյուղացիների մեջ հաստատեց սեր և բարեկամություն, սովորեցնելով ընկերին՝ սիրել ընկերոջն և օգնել նրան։
Իմ երկրորդ գործն եղավ մի կանոնավոր ուսումնարանի բացումը։ Տեր-Հովսեփը, ճշմարիտ է, ուներ յուր տան մեջ փոքրիկ դպրոց, ուր նահապետական ձևով մի քանի տղաներ էր կարդացնում, բայց ես համոզեցի նրան ընդարձակել այդ գործը։
Քահանան, առհասարակ, հեղինակություն ունի գյուղում. նա ժողովրդյան հոգևոր առաջնորդը լինելով, է միևնույն ժամանակ և նրա համոզմունքի կառավարը։ Մի օգտավետ գործ առաջ տանելու համար պետք է աշխատել ամենից առաջ քահանայի հաճությունը վաստակել և, եթե կարելի է, նույնիսկ գործի սկսող և հեղինակ նրան հռչակել։ Այդ բանը գգվում է քահանայի ինքնասիրությունը և նա փոխանակ գործին խափան դառնալու, ինքն է նրա հաջողության ճանապարհը հարթում։ Մեր թերթերում շատ անգամ կարդում ենք գյուղական վարժապետի և քահանայի մեջ տեղի ունեցած ընդհարումների մասին լուրեր կամ հոդվածներ։ Ո՞վ է լինում արդար և ո՞վ մեղավոր, այդ շատ անգամ չի պարզվում, բայց ինձ համար գոնե մի բան մնում է միշտ պարզ. այն է՝ որ գյուղերում ծառայող մեր երիտասարդները, որոնք, անշուշտ, սիրում են իրենց գործը, չեն կամենում նույնիսկ ի սեր այդ գործի իրենց փառասիրության մի փոքրիկ մասը զոհել։ Նրանք կամենում են հեղինակություններ ճանաչվել գյուղում, նույնը ցանկանում է և քահանան։ Երկուսի շահերն ընդհարվում են միմյանց, և այդ ընդհարման ժամանակ գործը վնասվում է։ Բայց այդպես չպետք է լինի։ Մեր վարժապետները, քանի որ ստիպված են գործել գյուղերում ոչ ավելի լավ, քան ինչ որ ունենք քահանաների հետ, պարտավոր են ի սեր գործի հաջողության՝ զոհել իրենց ինքնասիրությունը, նույնիսկ, ազնիվ փառասիրությունը։ Թող գործի հեղինակ համարվի քահանան, թող նա վայելե հաջողության փառքը, նա՛ լինի դարձյալ գյուղի առաջին հարգելին, միայն թե գործը հառաջադիմե։ Հակառակելով քահանային և աշխատելով ձգել նրա վարկը ժողովրդի աչքում, դրանով ո՛չ միայն դպրոցական գործի հաջողությանն ենք վնասում, այլև գործում աններելի հանցանք, սառեցնելով գյուղացու կրոնական ջերմեռանդությունը, որն և պատճառ է դառնում նրա բարոյականի քայքայման. իսկ երբ տգետ գյուղացու մեջ մեռնում է բարոյականը, այնուհետև նա ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդակերպ մի հրեշ, որի խոսքերը զզվանք և գործերը սարսափ են բերում մարդու վրա։
Որպեսզի տեր-Հովսեփն իմ դիտավորության մեջ յուր սկսած գործի խափանումը չնկատեր, ես նրան հանձնեցի ուսումնարանն ընդարձակելու հոգսը։ Հարկ չկա ասել, որ կարևոր խորհուրդներն ու հրահանգները ես էի տալիս, իսկ ժողովրդի առաջ միայն ինքն էր երևում։
Մեր ժամականավոր ուսումնարանը քահանայի ընդարձակ ներքնատան մեջ էր, ուր ձմեռը կրակ էր վառվում նույն նահապետական օջախում և ծուխը բարձրանում նույն վաղեմի երդիկով։ Բայց նորությունն զգալի էր աշակերտների թվի մեջ, որ տասնևհնգից հասել էր յոթանասունի, տեսակի մեջ՝ ըստ որում տղերանց հետ միասին սովորում էին և՛, աղջիկներ, նույնպես դասավանդության եղանակի և առարկաների մեջ, որոնց մեծ մասը ես էի ավանդում։
Առաջիկա գարնան, ահա՛, այս ուսումնարանի շինության հիմը դրինք, որն և գրեթե նույն տարվա մեջ ավարտվեց։ Ճշմարիտ է, գլխավոր և կշիռ ունեցող ծախսը ես արի, բայց գյուղացիներին էլ հորդորեցի մասնակցել գործին իրանց նպաստներով։ Եվ այդ՝ ոչ թե նրա համար, որ իմ նյութական ուժը չէր բավում ամբողջ շինությունն ավարտելու, այլ որպեսզի նրանք հասարակական գործի համար զոհաբերություն անելը սովորեին։ Այդ առաքինությունը, մանավանդ, անծանոթ էր այն ժամանակ այս գյուղացիներին, գոնե այն չափով, որպիսին ես էի պահանջում։ Բայց բարի օրինակը վարակիչ դարձավ։ Զարմանալի եռանդով ու ոգևորությամբ ձեռք զարկեցին նրանք գործին, ինչպես այդ անում են, առհասարակ, եկեղեցու շինության համար և շուտով ավարտեցին այն։
Ուսումնարանի շինությունն ավարտելուց և ուսման գործը կանոնավոր ընթացքի մեջ դնելուց հետո, ես քահանայի հետ շրջեցի մոտակա գյուղերը և ամեն տեղից էլ աշակերտներ հավաքեցի, որպեսզի մեր դպրոցից միայն այս գյուղը չօգտվեր, այլ ուրիշներն ևս շահվեին։ Այսպիսով, մեր գործը հետզհետե ընդարձակվելով եկավ հասավ նախանձելի դրության։ Այնուհետև աշխատեցի ուրիշ գյուղերից բերած մի քանի ուշիմ աշակերտներից ուսուցիչներ պատրաստել և նույնիսկ իրենց գյուղերում փոքրիկ դպրոցներ հիմնելով նրանց կառավարության հանձնել, հարկավ իմ անմիջական հսկողության ներքո։ Այդ գործն ևս, ահա՛ քանի տարի է, շարունակվում է արդյունավոր կերպով։
Երբ դպրոցական գործը հաստատուն հողի վրա դրվեցավ, ես ուշադրություն դարձրի գյուղական եկեղեցու բարեզարդության վրա։ Ոչ մի հաստատություն այնքան մոտիկ չէ գեղջուկի սրտին, որքան եկեղեցին, և ոչինչ այնքան չէ վառում, բորբոքում նրա սիրտն ու հոգին, մեղմում բարքի կոշտությունը, սանձում կրքերը և ընդունակ դարձնում նրան բարիք գործելու, որքան ախորժալուր երաժշտությունը, հանդիսավոր պատարագը և մշտամրմունջ աղոթքները։ Նրանք, որոնք այս ժողովրդին վայրենի են համարում և անընդունակ՝ բարվո և գեղեցկի արժանիքը հասկանալու, չարաչար սխալվում են։ Գյուղացին, ճիշտ է, լեզու չունի յուր զգացածն արտահայտելու և ոչ էլ շնորհք՝ նույնիսկ հիացման և հափշտակության ժամանակ յուր դեմքին քնքուշ արտահայտություն տալու, բայց նա բարվո և գեղեցկի ստրուկն է. նրա ոգևորությունը անօգուտ չէ անցնում, նրա զգացածը հեշտությամբ չէ մոռացվում։ Իմ առաջարկություններից շատերը ես արել եմ այդ գյուղացիներին՝ մի հանդիսավոր պատարագից, կամ ժամասացությունից հետո, նրանց զգացված և ոգևորված միջոցին։ Եվ այդ առաջարկությունները, որքան էլ որոշ դժվարությունների հետ լծորդված, այսուամենայնիվ ուրախությամբ ընդունել և անտրտունջ կատարել է ժողովրդի գոնե մեծագույն մասը, համոզված լինելով թե՝ ինչ որ հասարակության համար է անում, այն և յուր անձի համար է։ Այս իսկ պատճառով՝ եկեղեցու պայծառությունը դպրոցական գործի հառաջադիմության հավասար օգտավետ ճանաչելով՝ ես աշխատեցի, որքան ուժերս ներում էին, առաջ տանել նրան և հասցնել այն դրության, որին ծանոթ եք արդեն։
Հետո կարգը գալիս էր գյուղացիների թե՝ ներքին ընտանեկան կյանքի և թե՛ նրանց դաշտային աշխատության մեջ մի քանի նորություններ մտցնելուն։
Հեռվից դիտողը այնպես է կարծում թե՝ գյուղացին սովորած լինելով պարզ ու անպաճույճ կյանքի, շատ աննշան էլ կարիքներ ունի, թե նա միշտ գոհ է յուր վիճակից և թե, առհասարակ, նրան շատ քիչ բան է պակասում։ Մի բան ճշմարիտ է. ա՛յն, որ գյուղացին տրտնջալու և ամեն անցորդի յուր ցավերը պատմելու սովորություն չունի։ Նա գլխակոր և անմռունչ աշխատում է, ինչպես և յուր անասունը։ Բայց նա ամբողջապես կազմված է կարիքներից… Այո՛, պետք է ապրել նրա ընտանիքում, տեսնել և շոշափել նրա աղքատությունը. ներկա լինել դաշտում նրա կրած տանջանքներին և չափել այդ տանջանքների գնով ձեռք բերած արդյունքի չնչին արժեքը, որպեսզի կարող լինի մարդ գաղափար կազմել գյուղացու կարոտությունների մասին։
Իսկ այդ կարուտությունները մի՞թե կարծում եք թե միայն նյութական օգնությամբ են վերացվում։ Ո՛չ։ Նյութականը, հարկավ, ավելի մեծ և ավելի արագ գործ է կատարում։ Բայց ո՞րտեղից ձեռք բերել այնքան նյութական օգնություն, որով ամեն գյուղացի կարողանա ապահովվել։ Եղածը, հարկավ, կլինի ժամանակավոր նպաստ. վերջինի պակասելուց՝ կարոտությունը դարձյալ երևան կգա նոր ուժով և այն լցնելու համար՝ գյուղացին դարձյալ կստիպվի խնդրել։
Բայց կա, արդարև, գյուղացուն մշտապես կարոտությունից ազատող ապահով միջոց. այն է՝ սովորեցնել նրան ինքնօգնության, որը կայանում է յուր աշխատությունը և ստացած արդյունքը տնտեսելու և խելացի կերպով գործադրելու մեջ։ Այս միջոցն արդարև շուտով չէ լցնում գյուղացու կարոտությունը, բայց լինում է հաստատ և տևողական։ Մի անգամ արդեն զարթեց տկար մարդու մեջ ինքն իրեն օգնելու գիտակցությունը, նա այնուհետև ապահովված է ամեն տեսակ կարոտությանց դեմ։ Միակ, փոքրիկ դժվարությունը՝ գյուղացուն այդ բանին վարժեցնելն է։
Եվ ահա այդ նպատակով ես շարունակ աշխատեցի․ ժողովներ կազմեցի, խոսեցի, բացատրեցի, նույնը նաև հաճախ քարոզել տվի տեր-Հովսեփին, մինչև որ վերջ ի վերջո հասա նպատակիս։ Այժմ մենք ունինք այստեղ մի «հասարակաց շտեմարան», որին յուրաքանչյուր գյուղացի, տարվա մեջ ստացած յուր արդյունքից տալիս է տասանորդ ցորեն, գարի կամ կորյակ, նայելով թե՝ ի՞նչ արմտիք ունի ինքը։ Իսկ կարոտության ժամանակ՝ նա անարգել օգուտ է քաղում այդ շտեմարանից փոխառաբար, այն պայմանով, որ պարտքը վերադարձնե որոշ տոկոսի հետ։ Այդ շտեմարանին տասանորդ չեն վճարում միայն չունևորները, բայց կարիքի ժամանակ նրանք էլ համահավասար իրավունքով օգտվում են նրանից։
Մենք ունինք նույնպես «հասարակաց նախիր», որին ամեն մի ունևոր տարվա մեջ նվիրում է մի կամ երկու հորթ, նայելով, թե աստված որքան է պարգևել իրեն։ Այդ նախիրը գնալով հարստանում է և մենք նրանցից լցնում ենք դարձյալ չունևոր ընտանիքների կարոտությունը՝ մեկին մի կամ երկու կով նվիրելով, որ նրանց կաթով յուր երեխաները կերակրե, մյուսի դաշտը ձրիաբար հերկելով, երրորդի խոտն ու խուրձերը հանդից տուն բերելով, չորրորդի կալը կալսելով և այլն։
Ունինք նաև մի փոքրիկ «փոխատու գանձարան», որի հիմնական դրամագլուխը ինքս եմ հոգացել, դարձնելով այն գյուղական հասարակության սեփականություն։ Այդ գանձարանից, ահա, հավասարապես օգուտ են քաղում թե՛ այս և թե՛ շրջակա գյուղերի բնակիչները իրենց կարոտության ժամանակ, կարողը մի թեթև տոկոս վճարելով, իսկ աղքատը՝ առանց տոկոսի փոխ առնելով։ Այս փոքրիկ և ըստ էության աննշան հաստատությունը, որի նմանը հարյուրներով կարող են հիմնել մեր հարուստները գյուղերում, բացի գյուղացու կարիքը ժամանակին լցնելուց և նրա աշխատող ձեռքերին ազատություն տալուց, փրկում է նրան, նաև, վաշխառուների ճանկերից։ Վերջինները վաղուց է, ինչ հալածական են այս կողմերից։Այս ամենը կատարելու հետ միասին, զգալի էր լինում միշտ մի կարիք, որ չցուցանելու համար, դժբախտաբար, ես բավական պատրաստություն չունեի. այն է՝ սովորեցնել գյուղացուն յուր աշխատությունից առավել շահավոր եղանակով օգտվելու ճանապարհը։
Այդ նպատակին մասամբ հասնելու համար՝ ես բերել տվի գյուղատնտեսական գրքեր, երկրագործության, անասնապահության, հավաբուծության, մեղվապահության և կաթնային տնտեսության վերաբերյալ և շարունակ կարդալով ու ուսումնասիրելով նրանց, սկսա գործադրության հարմար եղածները սովորեցնել գյուղացիներին։ Այդ նպատակով ես ձմեռ ժամանակ, դասից ազատ միջոցներին, հրավիրում էի գյուղացիներին ուսումնարանի դահլիճը և գրքերից ուսածներս պատմում և հասկացնում նրանց։ Հավաքում էի հաճախ և գեղջկուհիներին և տնային տնտեսության վերաբերյալ հասկանալի դասեր խոսում նրանց։ Այս նորությունները բոլորին էլ հավասարապես ուրախություն և գոհություն էին պատճառում։
Շատ անգամ անձամբ ներկա էի լինում տանը՝ գեղջկուհու և հանդում՝ գյուղացու արած փորձերին. նրանց չհասկացածները ես նորեն կրկնում, նորեն բացատրում էի և երբ փորձերից մինն անհաջող էր անցնում, քաջալերում, խրախուսում էի և փորձը նորեն կրկնել տալիս, մինչև որ հաջողությունը ձեռք էինք բերում։
Այսպիսով, ըստ իմովսանն, օգնում էի գյուղացուն յուր դժվարաքիրտն աշխատությունը բարվոք գործադրելու։ Եվ որովհետև այստեղի ժողովուրդն ինքն ի բնե ուշիմ և ընդունակ է, ուստի իմ սովորեցրածները յուր ունեցած փորձառության հետ միացնելով կարողանում է հին ժամանակներից ավելի օգուտ քաղել յուր աշխատությունից։
Քաղաքներում ապրող մեր գործողներն, առհասարակ, ա՛յն կարծիքի են թե՝ գյուղում գործելու ասպարեզ չկա, թե ձանձրույթն ու պարապությունը կարող են այստեղ մարդուն խեղդել։ Մինչդեռ ես, չգիտեմ թե որքան ժամանակ էլ պիտի ապրեմ, որ գյուղական ժողովրդի մեջ կատարելիք կարևորագույն գործերի գեթ մի մասը կարողանամ կատարել։ Քաղաքներին կյանք մատակարարողը գյուղն է, ինչպես և ազգի կենդանության ուժ տվողը՝ գյուղացին։ Ով որ կամենում է ազգի կենդանությունը զորացնել, նա պիտի գյուղը գա գործելու, զի ծառը ջրելու և ուռճացնելու համար, նախ նրա արմատները պետք է հագեցնել…
Քույր-Աննան յուր պատմությունը, գրեթե, ավարտել էր։ Այժմ ես գիտեի թե՝ այնքան շատ ինձ հետաքրքրող «միանձնուհին», ո՞վ էր։ Սակայն մնում էր իմանալ էլի մի բան․ այսինքն այն թե՝ յուր թված բոլոր այս գեղեցիկ գործերը, որոնցից ավելին ինքս ամեն օր տեսնում էի իմ աչքով, արդյո՞ք նա առանց դժվարության և արգելքների էր սկսել և գլուխ հանել, թե՞ հանդիպել էր նաև խոչընդոտների։ Եվ եթե այս վերջինները եղել էին, ապա ի՞նչպես նա, մի տկար կին, կարողացել էր կոպիտ գյուղացու ստեղծած արգելքների դեմ կռվել։ Իմ այդ հարցին նա պատասխանեց․
— Աշխարհում ես չգիտեմ դեռ մի գործ, որի կատարելն ազատ լիներ արգելքներից։ Գոնե իմ փորձերից սովորած՝ ես կարող եմ ասել, թե նույնիսկ ամենադյուրին համարված գործը, կապ ունի միշտ մի արգելքի հետ։ Սակայն այդ արգելքները, կարծում եմ, միշտ էլ վնասակար չեն։ Ընդհակառակը, դրանք սովորեցնում են գործողին՝ յուր գործը դնել հաստատ հիմքի վրա, կամ ապագա չարիքների դեմ՝ դարձնել այն աննկուն ու զորավոր։
Արգելքների մասին եք հարցնում, о՜, ես նրանց շատ եմ հանդիպել, թեպետ իմ պատմության ընթացքում և ոչ մինը հիշեցի։ Եթե իմ նվիրման գործում՝ զգացածս ուրախությունը թունավորվել է երբևիցե, այդ պատահել է հենց արգելքներից հզորագույնին հանդիպածս ժամանակ, մանավանդ, երբ դրանց դեմ կռվելու համար իմ ուժը նվազ և քաջությունն անբավարար եմ գտել։ Բայց համբերությունն ու անվհատ աշխատությունը ոչնչացնում են, նույնիսկ, ամենազորավոր արգելքները։ Այդ ճշմարաության ես հասու եղա, դժբախտաբար, մի փոքր ուշ, որովհետև համբերությունն էլ սովորեցնում է մարդուն փորձառությունը, որից ես զուրկ էի իմ առաջին ձեռնարկությունների ժամանակ։
Դժվար չէ ձեզ երևակայել, թե ո՜րքան մեծ էր լինում իմ տանջանքը, երբ մի օգտավետ գործ սկսելու համար ամեն ինչ մտածած, կշռած և կարևոր ծրագիրը կազմած, ուրախ ու հուսալիր դիմում էի գյուղացիներին և առաջարկում նրանց օգնել ինձ այդ գործն սկսելու, հանդիպում էի սառն ու անտարբեր ընդունելության։ Ճշմարիտ է, նրանք ինձ հարգում էին, ուստի և լսում ինձ հոժարությամբ, շատ անգամ էլ, նույնիսկ, գլուխները շարժում ի նշան համաձայնության, բայց դրանով էլ վերջանում էր նրանց ձեռնտվությունը։ Ամեն ոք անտարբեր գնում էր յուր գործին և ես դարձյալ մնում էի միայնակ՝ իմ մտածմունքների և ծրագրերի հետ։
Դրանից հետո, ասենք, ես դիմում էի քահանային, խոսում էի նրա հետ ամբողջ ժամերով։ Նա նույնպես ուշադրությամբ լսում էր ինձ և, մինչև անգամ, համոզվում, որ ես հասարակության համար օգտավետ գործ եմ առաջարկում։ Սակայն մի բան արգելում էր նրան համաձայնվել ինձ հետ։ Ի՞նչ բան էր այդ, չգիտեի, միայն ինձ թվում էր թե՝ նա չէր կամենում այս դեպքում յուր խելքին հավատալ, նա վախենում էր թե՝ մի գուցե յուր համաձայնությունից, կամ առաջարկածս գործից մի վնաս հասնե իրեն։
Նույն ձևով էր վարվում և՛ տանուտերը, երբ խոսում էի նրա հետ և սկսելիք գործի կարևորությունը բացատրում՝ իրեն մատչելի օրինակներով։ Նա ինձ հասկանալով և իմ խոսքերից համոզվելով հանդերձ՝ խնդրում էր թողնել գործը մի ուրիշ անգամի, կամ գալ տարվան։ «Մինչև այն ժամանակ գուցե, գյուղացիներին կարողանամ համոզել»,— ասում էր նա և սակայն այնուհետև գյուղացիների հետ ոչինչ չէր խոսում, կամ եթե խոսում էր, հարցն այն ձևով էր դնում, որ լսողները ոչ հետաքրքրվում և ոչ էլ ուշադրության էին առնում այն։Ո՛չ մի բանից այնքան չէ խորշում գյուղացին, որքան ա՛յն նորություններից, որոնք հակառակում են գյուղի նահապետական սովորություններին։ Գյուղացու այդ հատկությունը հարգելի է արդարև յուր ունեցած առաքինությունների ու խիստ բարոյականի նկատմամբ, բայց նույն հատկությունն անպայման վնասում է նրան, երբ խնդիրը գալիս է յուր աշխատությունը և արդյունագործելու հին եղանակը բարեփոխելուն, կամ գյուղի մեջ հանրօգուտ մի հաստատություն հիմնելուն։ Նա դրանց դեմ էլ, համարյա, նույն ուժովն է կռվում, ինչ ուժով որ կկռվեր, եթե մինը համարձակվեր ձեռնամուխ լինել յուր բարոյականը խախտելուն։ Ուղեղի ծուլությունն, առհասարակ, թագավորում է գյուղերում և այդ է պատճառը, որ գյուղացին խորշում է միշտ սկսել այն՝ ինչ որ չեն սկսել յուր հայրը, կամ պապը։
Այդպիսի դեպքերում ես վերադառնում էի իմ խուցը տխուր և շատ անգամ հուսահատ։— «Ի՞նչ պիտի կարողանամ անել այս ժողովրդի համար, քանի որ նա ինքը չէ կամենում յուր բարին,— մտածում էի ես.— մի օր, այո՛, այն կարծիքին էի, թե ամեն ինչ կարող եմ անել, ամեն արգելքների կարող եմ հաղթել, բավական է, որ հաստատ կամք և գործելու եռանդ ունենամ… բայց այժմ, ահա, տեսնում եմ, որ բարիք գործելու համար էլ բավական չէ գործողի կամքը, այլ նրան պիտի միանա նաև բարիք ստացողի ցանկությունը»։ Այսպես էի մտածում, այո՛, բայց հետո տեսնում, որ մտածելով ոչինչ չէր առաջանում, պետք էր գործել։ Եվ ես դարձյալ մտնում էի գյուղը․ խոսում էի, հորդորում էի, որին էլ պատահում էի, ուր որ էլ նստում էի։ Այդպիսով հետևում էի Քրիստոսի խոսած «դատավորի ու այրու» առակին։ Ես դարձել էի այրին իսկ գյուղն՝ իմ դատավորը, ես հանգիստ չէի տալիս նրան։ Եվ պետք է ասել, որ այդպիսի վարմունքս բավական օգնում էր գործերի հաջողության։ Հավատացեք, որ նույնիսկ ուսումնարան մտցնելու նպատակով մի որևէ տանից մի ավելորդ երեխա դուրս բերելս մեծ նեղություն էր նստում ինձ։— «Մեր տանից մինը սովորում է, այդ էլ բավական է,— ասում էր մայրը,— սրանք էլ պետք է տանը մնան, որ մեզ օգնեն»։ Իսկ այդ «սրանքը» շատ անգամ հինգ կամ վեց հոգի էին լինում։ Կարելի՞ էր մի՞թե այդքան երեխաներն անփութությամբ թողնել տգիտության մեջ։ Իսկ ինչ աղջիկներին է վերաբերում, մինչև որ նրանցից մի քանիսը մեր ուսումնարանը մտցրի, գրեթե տասը տարով պառավեցա։ Ծնողները ոչ մի կերպ չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ թե՝ աղջիկը կարող է կարդալ։ Զարմանում էին և, նույնիսկ, հաճախ ծիծաղում ինձ վրա.— «Ինչին է պետք աղջկան կարդալը, հապա, հասկացրեք մեզ»,— ասում էին նրանք։ Իսկ գյուղացուն այդ բանը հասկացնելն այնքան էլ հեշտ չէր լինում։ Ամբողջ ժամերով խոսում, բացատրում էի և այն րոպեին, որ կարծում էի թե՝ ահա՛, այժմ հասկացել ու համոզվել է, նա գլուխը շարժում և անտարբերությամբ — «է՜հ, ասում ես էլի…» - նկատում ու հեռանում էր։ Ես մնում էի ապշած նրա ետևից նայելիս։
Ուրիշ մի հասարակական գործ հիմնելու համար առաջ էին գալիս այլ տեսակ արգելքներ։ Այսօր, օրինակ, հավաքել եմ գյուղացիներին և խոսում եմ նրանց հետ սկսելիք գործի օգտակարության և անհրաժեշտության մասին։ Նրանցից շատերն, ասենք, խոսքերս հասկացել և գործն սկսելու համար համաձայնում են ինձ հետ։ Մյուսները, նույնպես, համաձայն են և գործի դեմ իսկապես ոչինչ չունին։ Բայց որովհետև առաջին համաձայնվողների հետ մի հակառակություն, կամ թշնամություն ունին, հետևապես հակառակում են նաև իմ առաջարկած գործին։ Մեկ էլ տեսար մի գյուղացի բարձրացավ տեղից և մի անմիտ առարկություն արավ առաջարկությանդ դեմ։ Մի հինգ, տասը հոգի էլ իրենց կողմից են սկսում ավելի անմտագույն առարկություններ անել, առանց որ այդ առարկությունները կապ ունենային իրար հետ։ Եվ ահա բարձրանում է աղմուկը, գոռում, գոչում են գյուղացու առողջ և զվարթ ձայներով և առանց միմյանց հասկանալու, սկսում նախատինք ու լուտանք թափել իրար վերա։ Այնուհետև ես ամեն խնդիր մոռացած՝ զբաղվում եմ քահանայի օգնությամբ նրանց հանգստացնելով և ժողովը ցրելով։
Դրանից հետո, ասենք, գալիս է ինձ մոտ հակառակ կուսակցությունը և յուր պատրաստակամությունը հայտնում առաջարկությունս կատարելու։ Բայց ես զգուշանում էի նրա պատրաստակամությունից օգտվել, որովհետև դրանով պիտի գրգռեի մյուս կուսակցության զայրույթը և մշտական թշնամի դարձնեի նրան իմ բոլոր ձեռնարկություններին։ Գյուղերում, մանավանդ, պետք է զգուշանաք այդպիսի բաժանումներ ստեղծելուց։ Որովհետև եթե քաղաքներում իսկ՝ համեմատաբար ավելի հասկացող և զարգացած կուսակցությունը, կրքից կուրացած, չէ կարողանում հակառակորդ կուսակցության գործերի մեջ լավը տեսնել և խոստովանել, ի՞նչ կարող է լինել գյուղերում, ուր ժողովուրդն ավելի տգետ, ավելի նեղհայաց, հետևապես և ավելի եսասեր է։
Այս պատճառով իսկ հաճախ իմ առաջարկած կարևոր գործը հետաձգելով զբաղվում էի այս ու այն մարդու միմյանց հետ ունեցած թշնամության պատճառները հարցնելով ու քննելով և հետո ամեն հնար գործ դնում նրանց հաշտեցնելու, գժտության կրճիմը մեջտեղից բառնալու, համոզված լինելով, որ դա ևս մի օգտավետ ծառայություն է և, մանավանդ թե, անհրաժեշտ։ Որովհետև հակառակությունը մեջտեղից վերցվելուց հետո, գործի ճանապարհը հարթվում էր ինքն իրեն։
Բայց երբ մի քանի տարի անցան և գյուղացիներն իրենց աչքով տեսան իմ առաջարկած ու սկսած գործերի շոշափելի օգուտները, այնուհետև նրանք իմ հլու հպատակները դարձան։ Էլ կարիք չէր լինում նրանց հետ երկար խոսելու կամ համոզելու։ Այժմ նրանք ինձ հավատում էին կուրորեն և վստահ էին իրենց հառաջադիմության նկատմամբ ունեցածս սիրո վրա։ Այնուհետև ես ոչ թե խնդրում, այլ պատվիրում էի, և իմ պատվերները կատարում էին ճշտությամբ։
Ով որ կոչված է գյուղում գործելու, նա պետք է իմանա, որ գործ ունի քմահաճ մի երեխայի հետ։ Ինչպես որ հոգատար դաստիարակը համբերությամբ և առանց հուզվելու տանում է երեխայի քմահաճությունները, չհրաժարվելով սակայն շարունակ նրան ուղղելու անհրաժեշտ միջոցներից և նրա ընդունակության չափով, նրան բարին ու ազնիվը ներշնչելու պարտավորությունից, այդպես էլ պիտի վարվի գյուղի մեջ գործողը։ Նա չպետք է նույնիսկ ինքնասիրություն ունենա կամ հուզվի ու վրդովվի, եթե այդ ինքնասիրությունը կոպտությամբ վիրավորեն։ Նա ավելի առաքյալի, քան հասարակ գործողի դեր պիտի կատարե։ Գյուղում հնձելու ոչինչ չկա. դա մի խորդացած, խոպանացած երկիր է. պետք է հերկել, արորադրել այն. պետք է մշակել, պարարտացնել հողը և ապա թե սերմ անել։ Այդքանն է միայն մեր ժամանակի մշակների գործը։ Իսկ այդ գործի ազնիվ պտղաբերության հունձը ուրիշ և ավելի բախտավոր ժամանակի մշակներ կանեն, օրհնելով, անշուշտ, այն անձնվեր նախորդներին, որոնք հմտությամբ մշակեցին երկիրը և «սերմանեցին զսերմն բարի…»։
— Որովհետև արգելքների մասին է խոսքը,— շարունակեց քույր-Աննան,— ես կարծում եմ, դրանց թվում պետք է դասել և ա՛յն արգելքները, որոնք երբեմն հասնում էին ինձ ո՛չ թե արտաքուստ, այսինքն դիմացի մարդկանցից, այլ նույնիսկ ինձանից։ Կարո՞ղ եք այդպիսի արգելքներ երևակայել։
— Չգիտեմ, չեմ հասկանում ձեր խոսքը,— պատասխանեցի ես։
— Այո՛, այդպիսի արգելքներ գոյություն ունեին և կարողանում էին երբեմն խանգարել ինձ,— շարունակեց նա։— Մի՞թե կարծում եք, թե հնարավոր է ապրել աշխարհում մոտ քսան տարի, սովորել կյանքի հրապույրներին, ի վերջո՝ ջերմագին սիրել — և այս ամենը միանգամից մոռանալ… Ով որ չէ փորձել, նա գուցե հասարակ աչքով նայե այդ բոլորի վրա։ Բայց ես ասում եմ, որ դրանք մարդկային կյանքի ծանրագույն փորձերն են և դրանց բովից անվտանգ անցնելու համար պետք է ունենալ ավելի ուժ, ավելի քաջություն, քան որքան այս դեպքում ենթադրելի է։
Պատահել է շատ անգամ, մանավանդ, արտաքին արգելքների հանդիպածս ժամանակ, որ իմ ուխտը լեռան չափ ծանրացել է սրտիս վրա։ Այդպիսի ժամանակները փափագելով փափագել եմ գտնվիլ կրկին իմ նախկին ընկերուհիների շրջանում, այն անհոգ, միշտ ուրախ և միշտ ծիծաղող հասարակության մեջ, ուր տխրությունը չէր կնճռում ճակատս, ուր ամենքը սիրում, զբաղեցնում էին ինձ, ուր կյանքը հրապույրով լի ծիծաղում էր ինձ…
Պատահել է, որ ես անձկությամբ ցանկացել եմ տեսնել իմ ծնողներին, մի անգամ էլ լսել նրանց քաղցր ձայնը, նրանց սիրապատար, անուշ խոսքերը, վայելել նրանց ջերմ գրկախառնությունը, սիրաշունչ համբույրը… Բայց նրանք չկային, այնպես չէ՞։ Գոնե մի անգամ շիրիմները տեսնեի և իմ արտասուքով թրջեի նրանց… Պատահել է, որ ես հիվանդացել եմ. ինձ սիրով այցելել, ինձ համար հոգացել են գյուղացի կանայք, նույնպես և իմ սիրելի աշակերտուհիները։ Բայց դրանց բոլորի մեջ հոգիս անձկությամբ պտրել է իմ հարազատ մորը։ Ես կամեցել եմ լսել նրա ձայնը, զգալ նրա ձեռքերի շոշափը իմ այրվող ճակատի վրա… Հիշել եմ այն երջանիկ ժամանակները, երբ ես հիվանդանում էի, և նա անհանգիստ, սրտադող և շունչը բռնած, պտտում էր անկողնիս շուրջը, սիրով ու խանդով լի աչքերը դարձնում վրաս, ճակատս քնքշությամբ շփում, ձեռքերս ափերի մեջ ճմլում և անդադար «ինչպե՞ս ես այժմ իմ անուշիկ Աննա…», հարցնում ինձ այնպիսի մի քնքուշ, խանդակաթ ձայնով, որ այժմ էլ հիշելուց սիրտս թուլանում է…
Իսկ ի՞նչ ասեմ ես նկատմամբ Գարեգնի, որ իմ կյանքի մեջ այս դժվարատար հեղափոխությունը մտցրեց։ Մի՞թե կարող էի նրան մոռանալ, նրան, որ իմ բոլոր մտքերի, խորհուրդների և գործերի հեղինակն էր. որին այնքան ուժգին, այնքան ջերմությամբ սիրեցի, բայց որն այժմ հազարավոր մղոն հեռու էր ինձանից։ Երբեմն ժամերով նստած մտածում էի նրա համար։ Նախկին կրակը բուռն կերպով արծարծվում էր իմ մեջ, փափագում էի տեսնել նրան մի անգամ, լսել նրան մի անգամ… հիշում էի մեր վերջին տեսակցությունը և նրա վերջին հրաժեշտի խոսքերը, «գնա, սիրեցյալ քույրիկ, ես օրհնում եմ քեզ, օրհնում եմ քո ճանապարհը, գնա՛, թող աստված լինի քեզ հետ», ասաց նա։ Ես եկա և մարմնացրի նրա ցանկությունը։ Բայց ո՞ւր է նա ինքը։ Ցանկանում էի, որ նա տեսներ թե ինչպե՜ս հավատարիմ մնացի իմ ուխտին, թե ինչպե՜ս, յուր սիրո պատճառով, կնոջ համար ծանրագույն խաչը ես բարձի… բայց նա չկար, չէր կարող տեսնել. գոնե իմանայի, թե նա մտածո՞ւմ է իմ մասին, հիշո՞ւմ է նա ինձ, թե՞ մոռացել է իսպառ… Եվ այս վերջին միտքը տանջում էր հոգիս։
Այսպես, ուրեմն, թե՛ այս մտածությունները և թե՛ նորոգվող զգացումները նույնպես արգելքներ էին իմ ձեռնարկած գործին և մինչև իսկ, երբեմն, զորեղ արգելքներ։ Հաճախ իմ հոգին թուլանում, ընկճվում էր դրանց ազդեցությունից, իմ աշխույժը նվազում և գործելու եռանդը հանգչում էր, որովհետև աշխարհային կյանքը դեռ ամբողջապես չէր մեռել իմ մեջ. նա օրհասական կռիվ էր մղում այն բարձր ու սրբազան կյանքի դեմ, որ պատրաստվում էր շուտով իմ գոյությանը տիրել։
Սակայն այս հոգեկան կռիվներն իմ մեջ կատարվում էին, իհարկե, իմ նվիրման առաջին տարիներում, երբ մի կողմից էլ, ինչպես ասացի, արտաքին նեղություններն էին պաշարում ինձ։ Ես սովորություն ունեի այդպիսի ճգնաժամերում կարդալ իմ հիշատակարանը և գլխավորապես նրա այն էջերը ուր իմ սիրելի ուսուցչի խոսքերն էին գրված։ Նրանք ինձ մխիթարում ու քաջալերում էին։ Մի անգամ այդպիսի մի հուզված ժամանակ, ես պատահեցի նրա այն խոսքերին, որ ասել էր հորս՝ իմ ձեռքը մերժելու ժամին. «Կա մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի և ավելի պաշտելի է քան մեր սեփականը, այդ մարմինը Հայրենիքն է։ Ես ուխտել եմ իմ անձը նրան նվիրել, նրա սիրուց զատ աշխարհում ուրիշ սեր չճանաչել, նրա ցավերից զատ՝ ուրիշ ցավերով չվշտանալ, նրա բախտավորությունից զատ՝ ուրիշ բախտավորություն չխնդրել…»։ Եվ այս խոսքերը մեծ-մեծ տառերով տախտակի վրա օրինակելով՝ կախեցի իմ սենյակի ճակատին։ Այնուհետև ամեն օր կարդում էի նրանց և հոգեպես կազդուրված՝ իմ գործը շարունակում։
Բայց հետո, իհարկե, տարիները հոլովվելով՝ վաղեմի զգացումներն էլ հետզհետե թուլացան. մանավանդ որ ես շարունակ ճնշում էի նրանց։ Իմ սկսած գործը գնալով մեծացավ, բարգավաճեց և իմ բոլոր հոգսերն ու մտածմունքը գրավեց։ Այնուհետև շարունակ ես զբաղված էի այդ գործերով և իմ ուժը մինչև անգամ չէր բավում բոլորին։ Ես ստիպված էի շատ բան թողնելու մեր քահանային, նախապես նրան գործելու եղանակը սովորեցնելով։ Եվ տեր-հայրը, պետք է խոստովանել, ամենահավատարիմ հետևողը դարձավ իմ օրինակին։
Իսկ այժմ, երբ ես դառնում նայում եմ իմ այս քսանամյա գործունեության վրա, տեսնում եմ թե՝ ինչպե՜ս մի տկար կնոջ կամքը կարողացել է այսքան գործ կատարել, հրճվում, մխիթարվում եմ և շարունակ օրհնում իմ սիրելի և իմաստուն ուսուցչին, որ յուր հոգեշունչ խոսքերով վառեց, բորբոքեց իմ սիրտը և ուխտել տվավ ինձ այս սրբազան ուխտը։ «Հեռացե՛ք աշխարհից, բայց մի՛ մտնեք, կուսանոց,— ասաց նա ինձ.— գնացեք հեռու-հեռու, դեպի կորած հայ գյուղերը, դեպի ա՛յն ժողովուրդը, որին մոռացել են մեր գործողները, որի մեջ օրըստօրե նվազում, հանգչում է կենդանության ուժը, գնացեք այնտեղ, ուր տգիտությունը բռնացած՝ քանդում, ավերում է ինչ որ պատմական ժամանակներից մնացել է գեղեցիկ և հարգելի։ Մտեք այդ ժողովրդի մեջ, նվիրեցեք ձեզ նրա բարօրության և նրա մանկանց կրթության գործին։ Սովորեցրեք նրան ճանաչել յուր անցյալը, բարվոքել ներկան և գործել ապագայի համար։ Ուսուցեք նրան հարգել իրեն, սիրել ընկերին և պաշտպանել նրան, երբ հարկը պահանջի…»։ Ես լսեցի իմ ուսուցչին և հեռացա աշխարհից. ահա՛ իմ բոլոր պատմությունը…