Հուշի պես թել մի բարակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հուշի պես թել մի բարակ

Եղիշե Չարենց


Հուշի պես թել մի բարակ


Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ. —
Երկի՜ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս:
Զգո՞ւմ է տենդը հոգուս,
Երկունքս կարմիր ու մառ.
Երկնո՛ւմ է այսօր հոգիս,
Երկի՜ր իմ, քույր իմ ու մայր...
Հեռո՛ւ եմ, — ո՞ւր եմ հիմա...
Երգում եմ: Երգս — կրակ: —
Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...


1919 — 1920