Հրեշտակ 1 (Լերմոնտով)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հրեշտակ

Միխայիլ Լերմոնտով

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի


ՀՐԵՇՏԱԿ


Կես գիշերային լըռին երկընքում
Թըռչում էր հրեշտակն և խաղաղ երգում.
Եվ լուսինն, աստղերն, ամպեր խմբովին,
Ունկընդիր էին նորա սուրբ երգին։

Նա արդարների վայելքն էր երգում
Ծառերի տակին-դըրախտի այգում.
Երգում էր նա մեծ աստուծո վերա.
Եվ սըրտալի էր գովեստը նորա։

Նա գրկում բռնած մի մատաղ հոգի

Բերում էր երկիրն վշտի, արցունքի,
Եվ մատաղ հոգում հնչյունքն երկնային
Թեև անբարբառ, կենդանի մնացին։

Եվ անպատմելի մի տենչանք հոգում,
Նա շատ տառապեց, տանջվեց աշխարքում.

Եվ չըկարացին երգին երկնալուր
Փոխարինել երկրի երգերը տխուր։