Ձկնորսին նավակը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձկնորսին նավակը

Սիպիլ


Ձկնորսին նավակը


Խոր գիշեր է լըռին․
Խաղաղ են ծով, ալիք,
Նավակը ձկնորսին
Կսահի միայնիկ։

Երկինքեն լուսնկան
Կփայլի բացխըփիկ․
Աստղերը կխնդան,
Ու չըկա փոթորիկ։

Մեղմ, անույշ զեփյուռով
Թո՛ղ սահի իր նավակ․
Սըլանա անվրդով
Արծաթե լուսնին տակ․

Եվ ձուկեր հույլիհույլ
Թեփերով ոսկեգույն
Ուռկանին մեջ իր թույլ
Գան լեցվին թող իսկույն։

Զի իր տունն անհամբեր
Կնոջն հեռ դեռատի,
Իր փոքրիկ մանուկներ
Կսպասեն անոթի։


1913