Jump to content

Ձմռան գիշեր («Տխրությունս անուշ է,որպես»)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձմռան գիշեր («Տխրությունս անուշ է,որպես»)
35

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Տխրությունս անուշ է, որպես
Հեռավոր, հեռավոր կարկաչյուն.
Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես
Անուշ է նա իմ սիրտը տանջում։

Չեմ ուզում ոչ անցյալը հիշել,
Ոչ գալիք օրերին նետել հույս,
Հանգիստ է իմ շուրջը և գիշեր,
Ու սիրտըս չի տենչում արշալույս։

Անդորրել է աշխարհը բոլոր,
Դուրսը ձյուն է գալիս, փողոցում
Գիշերը և հանգիստ է և խոր,
Ու սիրտըս առավոտ չի ուզում։

Մաքուր է իմ հոգին, ու հիմա
Օրհնում եմ վիճակըս երկրային,
Ընդունում եմ սիրով կյանք ու մահ
Ու սիրտըս պարզում եմ աշխարհին...

Անչար է իմ հոգին ու հանգիստ,
Գիշերը անդորր է, դուրսը ձյո՜ւն.
Ննջեցեք հավիտյան, վերք ու վիշտ
Ծավալվիր լուսեղ մենություն...


[1911]