Jump to content

Ձյունի ցնծություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձյունի ցնծություն


Ձյունի ցնծություն


Պարն է ձյունին, փըսփըսուքը պարիկներուն,
Որ տանիքին վըրա ճերմակ էջ մը կ’ըլլա՝
Ուր կը հածի գիրն անուրջիս իմ օրորուն.
Որ հոգվույս մեջ ալ ըսպիտակ հորձք մը կ’ըլլա,
Ու կը խուժե սարերեն վար գորշ խոհանքիս:

Եվ արևի՜ն կըսպասեմ ես ցնծապատար,
Միտքս երազով լեցուն համակ, ձեռքըս ծափո՜վ.
Ունկնդրելու զանգակն անոր պատարագին,
Ու դիտելու լույսե աղջիկն՝ որ պիտի տար
Առջի բոցը՝ հուզումներուս մարած ճրագին:

Ու տոնելու՝ ճերմակին փառքն այս ձյունեղեն,
Որ կապույտին կը լըծորդվի հորիզոնին,
Ու կանչելու համար հոգվույս մեջ վերըստին
Ճերմակ հույլ մը վաղընջական անուջներեն,
Ու ծիածան մը գույներե վայրավատին: