Ձոն գազելին
Արտաքին տեսք
Ձոն գազելին
Դուռդ բաց է, և, ահա, լուռ մտնում եմ ներս, գազել,
Սիրահարված քո ոգուն, սիրահարված քեզ, գազել։
Դեռ ասում են, թե դու քո դարը ապրել ես վաղուց,
Եվ հիմա նոր օրերին էլ այլևս պետք չես, գազել։
Այլևս չես թովում դու իբր սրտերը մարդկանց,
Իբր՝ էլ այն չես հիմա, իբր՝ դու այլ ես, գազել։
Իբր՝ էլ չես այրում դու, կրակ չունես իբր՝ էլ,—
Երախտամոռ են նրանք, դու քո բա՛խտը տես, գազել։
Դու, որ ապրել ես մինչև Տերյան, Չարենց ու Շիրազ,—
Այսօր պիտի չլինե՞ս,— ա՜խ, դու հիմար, հեզ՝ գազել։
Ինչքան ուզում են՝ ասեն, թե հին ես դու, հնացած,—
Ապրի՛ր նախկին քո կյանքով, նոր օրերի կես՝ գազել։
Եվ սիրասթափ աշխարհը քեզ հետ նոր սեր կկապի,
Ներիր նրան ու մնա, ներիր՝ դու ինձ պես, գազել։
23.01.1993, Ստեփանակերտ