Ղազարոս Աղայան (Լեո) հատված 3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
հատված 2 Ղազարոս Աղայան
Պատմա-գրական ուսումնասիրություն


Լեո

հատված 4

Բայց խաչենցին միայն այսքանը չէ. Խաչենը պատմական հարուստ կյանք էլ է ունեցել։ Այդ լեռներում, այդ անտառներում ապրում են ավանդություններ։ Այդ երկրում Սեյդի-շենից քիչ հեռու է Ցեխ-ձորը, ավազակների հերոսների գործերով հռչակված ձորը, ահագին անտառով ծածկված, ահավոր իր հռչակով, ահավոր իր լռին մթությամբ։ Դուրս եկեք այդ ձորից, գնացեք Խաչենագետի երկարությամբ միշտ դեպի արևմուտք։ Ձեր ձախ կողմին, լեռան ստորոտին, մինչև երկինք բարձացել է մի կլոր, աշտարակաձև վիթխարի ժայռ. նրա գլխին բերդ կա, որ կոչվում է Կաչաղակաբերդ (Սաշնաղան-Ղալասի)։ Ահա Գանձասարի բարձրությունների կողքին, Խաչենագետի անտառապատ ձորերի վրա, բարձր և բարձր է գնում մի կապույտ, մեծ սար։ Խոխանաբերդն է։ Ահա Հավապսակը, ահա Դորպաները, Կեչանը, Առջաձորը։ Եվ այսպես՝ անթիվ ու անհամար բերդեր ու ամրություններ, ավերակներ մինչև վերին Խաչենի հին սահմանները, այսինքն մինչև Սևանի լիճը...

Գիր ու պատմություն չունին այդ պատմական վայրերը։ ժողովուրդն է պատմում, թե որտեղ ինչ բան է կատարվել, նա գիտե, թե Ցեխ-ձորի որ կողմում էր, որ մելիքական շրջանի հռչակավոր հերոս Թյուլի-Արզումանը շրջապատեց Իբրահիմ խանի մարդկանց։ Նա ցույց կտա ձեզ և ուրիշ շատ քաջությունների տեղեր։ Նա կառաջնորդե ձեզ դեպի ամեն մի խաչքար, դեպի ամեն մի հուշարձան, որ գիր ունի իր վրա։ Իսկ այդպիսի հին-հին բաներով լիքն են Խաչենի սարերը։

Այո՛, անթիվ են հին, անբարբառ վկաները, որոնք, այսուամենայնիվ, պատմում են ձեզ, թե մի ժամանակ այս չարքաշ ժողովուրդը եղել է և կռվող, ինքն իրան պաշտպանող։ Մի ժամանակ այս ժողովրդի վրա միայն բնությունը բռնացած չէ եղել՝ անդուլ ու անխնա մրցումի իր պահանջով, այլև քաղաքական կացությունը։ Հաց կորզել բնության կրծքից բավական չէ եղել, այդ հացը պաշտպանել էլ էր հարկավոր։

Ղազարոս Աղայանը այս մշտնջենական մրցությունների աշխարհում չէ ծնվել։ Բայց այստեղ ծնվել են նրա նախահայրերը։ Սեյդի-շենի ծնունդ էր նրա պապը, Աղանց Վերդին։


II

Պապը

Աղանց Վերդին Ղազարոս Աղայանի ինքնակենսագրական նյութերի մեջ բավական պայծառ գույներով պատկերած մի դեմք է, ավելի ճիշտ մի ամբողջ տիպ, որի մեջ մարմնացած է նրա տոհմի բարոյական-հոգեբանական ձուլվածքը։

Այդ նախատիպը ճանաչելու համար մենք պիտի տեղափոխվենք Ղարաբաղ՝ այս երկրի պատմութան այն միջոցին, երբ կատարվում էր մի վերին աստիճանի սուր, վճռական ճգնաժամ։

Տասնյոթերորդ դարի վերջում Իսրայել Օրին սկիզբ էր դրել Ղարաբաղում ազատագրական շարժման։ Իսկ տասնութերորդի վերջում և տասնիներորդի սկզբում այն մեծ շարժման վերջին գործողություններն էին կատարվում։

Շարժումը երկարատև էր։ Նա նոր-նոր երևույթներ առաջացրեց հայկական կյանքի մեջ և այդ երևույթներից գլխավորն էր՝ կռիվ ազատության համար։ Լեռնային կռիվ, որ սկզբում կենտրոնացրեց իր շուրջը ամբողջ Ղարաբաղի ռազմական կարողությունը, բայզ զրկված լինելով կանոնավոր և ուժեղ կազմակերպությունից, գնալով մանրացավ, ընդունեց նեղ տեղային բնավորություն։

Մանրամասնությունները թողնենք։ Ասենք այսքանը միայն, որ Օրիի ծրագրածը պատերազմ էր Պարսկաստանի դեմ, իսկ տասնութերորդ դարի իրականությունը բերեց դարձրեց այդ շարժումը՝ կռիվ Շուշու խանի դեմ։ Ժողովրդական կռիվ, բայց ո՛չ ժողովրդի համակենտրոնացած ուժերով։ Առանձին-առանձին փորձեր էին դրանք, լեռնցի մարտնչողների քաջագործություններով, հերոսական դիմադրություններով և հարձակումներով զարդարված։ Բայց այդ անջատ գործողությունները անկարող եղան ընդհանուր նպատակը իրագործել։ Շուշու խանը ճարպիկությամբ անջատում էր իր հակառակորդների ուժերը, ջարդում էր նրանց առանձին-առանձին։ Վերջիվերջո նրա դեմ մնացին հինգ մելիքներից երկուսը միայն – Ջրաբերդ և Գյուլիստան։ Խաչենը, իբրև Ջրաբերդի սահմանակից, մտնում էր պատերազմական գործողությունների շրջանի մեջ։

Տասնյակ տարիներով տևող կռիվը վերջանում էր հայության պարտությամբ։ Նա ավերեց երկիրը, նա պատճառ դարձավ, որ ժողովուրդը ահագին խմբերով դուրս գաղթի։ Ռուսների խոստացած օգնությունը երբեք չիրականացավ։ Իսկ մելիքները քաղաքականապես այնքան տհաս էին, որ կարծում էին, թե իրանց կաջողվի սեփական երկրից դուրս էլ պահպանել իրանց իշխանությունը իրանց ժողովրդի վրա։ Այդ պատճառով նրանք էին առաջնորդում իրանց ժողովրուրդը օտար երկրներ։