Ղազարոս Աղայան (Լեո) հատված 4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
հատված 3 Ղազարոս Աղայան
Պատմա-գրական ուսումնասիրություն


Լեո

հատված 5

Անաջող կռիվներին միացան բնության արհավիրքները – սով և ժանտախտ։ Երկիրը սկսվեց արագ դատարկվել։ Տասնութերորդ դարի վերջերում մելիքներից երկուսը՝ Մելիք Աբով և Մելիք Ջումշուդ, ստացան երկու երկիր Վրաստանի սահմանագծի վրա – առաջինը՝ Բոլնիսը, Թիֆլիսից ոչ հեռու, երկրորդը՝ Լոռին։ Երկու տեղերում էլ հաստատվեղին Ղարաբաղից գաղթած հայերը։

Գաղթականները խեղճ ու դժբախտ ձրիակերներ չէին իրանց նոր հայրենիքի համար։ Նրանք ամենից առաջ ռազմի տարր էին և պիտի պաշտպանեին Վրաստանի սահմանագլուխը։

Այս բանի մեջ մեծ անուն հանեց մանավանդ Մելիք Աբովը։ Բոլնիսի գաղթականությունը տալիս էր նրան բավականաչափ մարդիկ, որպեսզի այդ հռչակված հերոսը կարողանար դառնալ իրական մի ուժ շրջակա թուրք ազգաբնակչության աչքում։ Այդ ուժը գնահատում էր Գեորգի թագավորը, որի արքունիքում հայ մելիքը մեծ նշանակություն ուներ։ Այդ ուժը գնահատեցին և ռուսները, երբ վերացնում էին վրաց թագավորությունը։ Մելիք Աբովի բոլնիսեցիները Թիֆլիսից տրված հրամաններով արշավանքների էին գնում, և Մելիք Աբովի անունը երկյուղ էր ազդում նույնիսկ Ախալցխայի թուրք փաշային։ Նույն բոլնիսեցիներն էին, որ 1806 թվի պարսկական պատերազմի ժամանակ Փամբակի ձորում ընդհարվեցին պարսիկների հետ։ Այս ընդհարման մեջ էր, որ Մելիք Աբովի որդի Ռոստոմ բեկը ընկավ պարսիկների ձեռքը և մահվան դատապարտվեց Թավրիզում։

Ահա ինչպիսի միջավայր էր Բոլնիսը հայ գաղթականության համար։

Գաղթականները, ինչպես երևում է, Ղարաբաղի զանազան կողմերից էին եկել, բայց, գլխավորապես, իհարկե, Մելիք Աբովի հպատակներից էին, այսինքն Գյուլիստանից։ Կային և սակավաթիվ խաչենցի գաղթականներ, որոնք հավաքվեցին մի տեղ, մի փոքրիկ գյուղ հիմնեցին և անունը, ի հիշատակ իրանց թողած բուն հայրենիքի, դրին Խաչեն։ Չմոռացվեց և տեղի անունը՝ Դաղեթ։ Այնպես որ նոր Խաչենը անվանվում է և Դաղեթ-Խաչեն։

Այդտեղ, այդ գյուղում է և Աղանց Վերդին։ Թե երբ է նա գաղթել և ում հետ՝ հայտնի չէ։ գիտենք միայն, որ նա սկզբում բնակություն հաստատեց Գորի քաղաքում, բայց շուտով տեղափոխվեց Բոլնիս։

Որոշ և մանրամասն տեղեկություններ չունինք և նրա կյանքի մասին։ Ղազարոս Աղայանը նկարագրել է նրա ծերությունը միայն, երբ նա խաղաղ գյուղացի էր։

Բայց այս ծերությունն էլ ցույց է տալիս, որ Վերդին, լինելով փոթորկալից ժամանակների մի լեռնցի, միևնույն ժամանակ, աչքի ընկնող մի երևույթ էր նույնիսկ պատերազմիկ, արկածալից միջավայրում։

Որ նա քաջ էր, լեռան կռած ու եփած մի արի ու անվախ մարդ՝ այս հասկանալի է, եթե աչքի առաջ բերենք նրա երկու հայրենիքն էլ – Ղարաբաղի Խաչենը և Բոլնիսը։ Երկուսն էլ լեռնային պատերազմների թատերաբեմ, ուր հարձակումները, պաշտպանությունը մշտական երևույթներ են, ու անձնական ուժը, քաջությունը բախտ որոշող, կյանք պաշպանող անհրաժեշտություններ են։

Բայց Վերդին միայն սովորական քաջ սարեցի չէ։

Նա կարդացած մարդ էր։ Եվ նրա ուսմունքը սովորականից չէր, այդ պատճառով էլ նա ամբողջ գլխով բարձր էր ոչ միայն իր շրջապատից, այլ, կարելի է ասել, մինչև իսկ իր ամբողջ ժամանակից։

Ղարաբաղի ազատագրական շարժումների մեջ մենք չենք նկատում ուժեղ գրական դաստիարակություն։ Հայտնի է, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր գաղափարական հիմնավորումը մտավոր-գրական շարժման մեջ։ Ղարաբաղը երբեք չէ փայլել իր գրական նշանակությամբ, և նրա ազատագրական շարժումների մեջ էլ մեծ մաս չուներ գրական գաղափարական դաստիարակությունը։ Խոսում էր ավելի ավանդությունը, բնազդը։ Խոսում էր նեղլիկ տեղայնությունը, որ շատ հեռուն չէր գնում և գնալ չէր էլ կարող, քանի որ չկար երկրի իսկական շահերի վրա հիմնված ծրագիր, գործողության եղանակ։ Այդպիսի մրրկալից ժամանակներում սովորաբար ազգի անցյալն է գալիս ոչ միայն խրախուսելու, օգևորելու, այլև չափավորելու շարժումները՝ որոշ կարգի հպատակեցնելու համար, շահավետությունն ու անշահավետությունը կշռելու համար։

Բայց ազգային պատմությունը այդ ժամանակները չգիտեին Հայաստանի և ոչ մի կողմում։ Միայն անգլիական ազդեցության տակ փոքր-ինչ գիր ու դպրություն սովորած մի հնդկահայ ակնավաճառ՝ Շահամիրյանը, հասկացավ, թե ինչ ահագին նշանակություն ունի պատմությունը մի ժողովրդի համար, որ աշխատում է իր համար նոր ճակատագիր ստեղծել։ Նա հրատարակեց առաջին հայոց ամբողջական պատմությունը2, և դա, չնայած իր պակասություններին ու խեղճության, մի չտեսնված, անօրինակ երևույթ էր ամբողջ հայության համար։