Ղազարոս Աղայան (Լեո) հատված 5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
հատված 4 Ղազարոս Աղայան
Պատմա-գրական ուսումնասիրություն


Լեո

հատված 6

Շահամիրյանը բացատրում էր և այդ պատմության փիլիսոփայությունը, թե ինչ էր նա ուսուցանում, ինչ էր հրահանգում։ Ղարաբաղի շարժումները նրան շատ ոգևորում էին, բայց և ցույց էին տալիս իրանց անկարողությունը։ Հախուռն, անգիտակից և անծրագիր, ներքին երկպառակություններ, հոգևորականության դավաճությունները փառքի և իշխանության համար։ Նա նամակ գրեց Ղարաբաղի մելիքներին, հասկացնում էր, որ այդպիսի գործողություններով բան չի դառնա, որ պետք է կանոնավոր դաստիարակություն տարածել ժողովրդի մեջ, գիտակցություն ստեղծել։

Բայց այդ խրատները ուշ էին գալիս, այն ժամանակ, երբ Ղարաբաղը անհուսալի ճգնաժամի մեջ էր։

Շահամիրյանի ազգային պատմության հետևեց Չամչյանի ընդարձակ պատմությունը։ Բայց նա էլ անկարող եղավ իսկույնևեթ, միանգամից փոխել դպրոցական դաստիարակությունը, որ ամբողջապես շաղախված էր միջնադարյան սքոլաստիկայից։ Անհատներն էին միայն, որոնք արժանանում էին այդ ընդհանուր սքոլաստիկ դաստիարակությունից դուրս ձեռք բերել և տեղեկություններ իրանց ազգի և հայրենիքի անցյալի մասին։

Այդպիսիներից մեկն էր և Աղանց Վերդին։ ՙ Հայոց պատմության տեղյակ մարդ էր,― ասում էր Ղազարոս Աղայանը իր պապի մասին,― մինչդեռ նրա ժամանակի հոգևորականները պատմությունից որևէ տեղեկություն չունեին»[1]։


Որտեղ կամ ինչպես էր նա ձեռք բերել այդ ուսմունքը, արդյոք աշակերտելով մի որևէ անհայտ, բացառություն կազմող վարդապետի՝ Գանձասարի կամ ս. Հակոբի վանքերում, թե՞ մի այլ տեղ, կամ ինքնակրթությամբ, ոչինչ հայտնի չէ։ Բայց որ այդ դաստիարակությունը նրա մեջ դրել է մարտնչողի գաղափարական գիտակցությունը, այդ մենք պարզ տեսնում ենք նրա ծերության օրերում։

«Նա մեր վարդապետներին,― շարունակում Է նրա թոռը,― աչքով աչք չուներ տեսնելու։ Ասում Էր՝ «մեր ազգի տունը սրանց ձեռին է, բայց չեն շինում, քանդում են»։

Լռություն էր սիրում ծերունի Վերդին։Տարին մի անգամ էր եկեղեցի մտնում, որ հաղորդվի։ Մնացած ժամանակը եկեղեցու դրսումն էր կանգնում մի փռշնի ծառի տակ։ Մեռնելիս կտակ արավ, որ այդ ծառի տակ էլ թաղեն իրան։ Եվ կտակը կատարվեց։

Իր մասին նա խոսել չէր սիրում։ Բայց նրա հասակակիցները բազմաթիվ պատմություններ գիտեին նրա կյանքից։ Եվ բոլոր պատմությունները միևնույնն էին վկայում ― Վերդիի, այդ անանուն և անխոս հերոսի, «իգիթությունները»։ Դրանք ժամանակի, հանգամանքների պահանջներն Էին։ Մի ժամանակի, «երբ մարդու գլուխն ու սոխի գլուխը մի գին է ունեցել, Սով, սրածություն, արհավիրք, մահ տարաժամ, փախուստ, գաղթականություն և այդ էլ շարունակ, մեկը պակասում Է, մեկէլն է գալիս, մեկէլն անցնում է, մյուսն է վրա հասնում»։

Վերդին այդ ահավոր տակնուվրայությունների մեջ կորչողներից չէր։ Լեռնցին և՛ զարմանալի դիմացկուն էր, և՛ գիտեր անհրաժեշտության պարտքը վճարել։ Ասում էին, որ նա իր կյանքում հարյուրավոր մարդից ավելի է սպանել։ Լեռնցի ասպետը չէր ժխտում, բայց կռվի մեջ, ճակատ առ ճակատ ընդհարվելիս, մարդը սպանություն չի գործում, այլ անհրաժեշտ օրենք է կատարում։

Սպանությունն այն է, երբ մարդ իր հակառակորդի վրա հարձակվում է գաղտագողի, այն ժամանակ, երբ սա կարողություն չունի պաշտպանվելու։ Վերդին կռիվների մեջ արած սպանությունները չէր համարում սպանություն, որքան էլ շատ լիներ նրա հարվածներից ընկածների թիվը։

Միայն մի հատ իսկական սպանություն էր ծանրացած Վերդիի խղճի վրա։ Մի անգամ նա սպանել էր մի քնած մարդու։ Ահա այդ էր մեղքը, այդ էր մարդկության պատվիրանների դեմ ոճիր գործելը։ Եվ Վերդին հենց դրա համար էր ապաշխարում եկեղեցու դուրսը, ապաշխարում էր մինչև կյանքի վերջը՝ չհամարձակվելով մտնել եկեղեցի։

Ահա, ինչ երկաթե կազմվածք, ինչ բարոյական տիպ էր ստեղծագործել Ղարարաղը իր անտառապատ, մութ լեռներում, իր պատմության աղետալի և հերոսական շրջանում։


III

Հայրը

Վերդիի որդին և Ղազարոսի հայրը Ստեփանն էր, «Արություն և Մանվելի Ավետիքը։

Ժառանգել էր հոր հատկությունները. անձնական ուժ, լեռնցու խիզախություն, արկածախնդիր բնավորություն, շիտակություն, համառ տոկունություն։

Ամեն ինչ կա, որ Ստեփանը լինի մի երկրորդ Վերդի։ Պակասում է միայն մի մեծ բան՝ Վերդիի ժամանակը։ Նա փոխվել է, նա այլևս կյանքի և մահվան հարց չէ դարձնում քաջությունը, արկածախնդրությունը։

Փոխվել է ժամանակը, բայց Ստեփանը չէ ուզում ճանաչել այդ իրողությունը։ Նա իր հոր որդին է և պիտի իր հոր ճանապարհով գնա։ Եվ բուռն, փոթորկալից է նրա երիտասարդությունը։



  1. «Արություն և Մանվել», Թ., 1888, եր. 144