Ճյուղ առաջին, ԿՈՊԱԼ-ՎԵՐԴԻ
Ճյուղ առաջին
ԿՈՊԱԼ-ՎԵՐԴԻ
Զերվոն Վարդանյանի մանկությունն անցել է հայրենի գյուղի գեղատեսիլ բնության գրկում։ Լինելով ուժեղ ու առույց երեխա՝ մեծ սեր է տածել դեպի ուժային մարզաձևերը, և դեռ մանկության տարիներից է դրսևորվել նրա այդ ձգտումը։
Նա Աստվածաշնչյան Սամսոնի առասպելական ուժն ուներ, որն իր նախապապ ԿոպալՎերդուց էր սերել։
Զերվոնի հայրը՝ Սամսոնը՝ համեստ բնավորության ու զբաղմունքի տեր մարդ, միշտ բարի խորհուրդներ էր տալիս որդուն։ Իսկ Զառի մայրիկի հետաքրքրություն շարժող անվերջ պատմությունները նախնիների մասին, որ ոգևորում էին եռանդուն երեխային, պատմության խորքերն էին թափանցում...
...Վերդին որբ երեխա էր ու միայնակ։ Թերևս այդպես էլ՝ նա բնակություն հաստատելու նպատակով հայտնվեց Խոյինի լանջին։ Գետաշենի կողմերից էր հասել Վանքաշեն։ Բայց ասում են նաև, որ Կոճողոտի տարածքում բնակություն հաստատած իններորդ մարդը՝ Քոչարին, որից սերում են գյուղում ներկայումս ապրող Քոչարյաններն ու Աթայանները, իբր եղել է Վերդու եղբայրը։ Վերդու մյուս կարծեցյալ եղբայրը՝ Դավիթը, երբեք այդ տարածքում չի եղել։
Իսկ ո՞վ էր Վարդանը, որի անունով Վերդունք Վարդանյան են կոչվում՝ ոչ-ոք ստույգ ասել չի կարող, թեև հավանական են առաջարկվող վարկածները, որոնցից մեկի համաձայն՝ Վարդանը Վերդու հայրն էր և ուներ Ասատուր անունով մի եղբայր։ Դավիթն ու Քոչարին էլ ոչ թե Վերդու հարազատ եղբայրներն էին, այլ հորեղբոր (այսինքն` Ասատուրի) որդիները։ (Վերդու թոռ Սամսոնի կինը` Զառի Առուշանյան-Վարդանյանը հին պատմությունների լավ գիտակ էր, իսկ նրա պատմածներից հայտնի է, որ Վերդին իր եղբայրներին գտել է շատ ավելի ուշ՝ 1915-ի կոտորածներից հետո, երբ բոլորն արդեն տարիք առած մարդիկ էին)։
Ի դեպ, այնքան տպավորիչ էին Զառի մայրիկի պատմությունները և այնպես էին տպավորվում ունկընդրի պատկերացումներում, որ թվում էր, թե անձամբ տեսել է այդ ամենն ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ...
Վերդունց տոհմի նահապետ Վերդի Վարդանյանի ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ։ Բայց եթե հաշվի առնենք որոշ գիտակների այն կարծիքը, որ նա ապրել է առնվազն 140-145 տարի և մահացել 1930-ական թվականներին (ոչ ստույգ տվյալներով՝ 1933-ին), ուստի պարզ կդառնա, որ նա ծնված պետք է լինի մոտավորապես 1790-1795 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Իսկ քանի որ Կոճողոտի ներկայիս տարածք գալու ժամանակ նա «ուժեղ ու հաղթանդամ երիտասարդ էր» (առնվազն՝ 15 տարեկանից բարձր), ենթադրելի է, որ այդ ժամանակը համընկնում է մոտավորապես 1810-ական թվականներին։ (Մի այլ կարծիքով, Վերդին մահացել է 126 տարեկանում)։
Վերդու հաղթանդամ և ուժեղ լինելը շատերն են հաստատում։ Ասում են՝ մի աժդահա էր, ինչպես աշխատում, այնպես էլ ուտում-խմում էր։ «Ղամշոտ ծով» տեղամասում անտառահատում կատարելիս գինով լի կուպրունը 15 գոտկատեղից կախարած էր պահում, երբ ծարավում էր՝ ջրի փոխարեն գինի էր խմում։
Նա շատ աշխատասեր էր և չէր կարող աննկատ մնալ գյուղում արդեն բնակություն հաստատած (Վերդուց՝ բավական ուշ) դալլաք Առուշանի կողմից, ով յոթ արու զավակ և մի չքնաղ դուստր ուներ և Վերդին ամուսնացավ գեղեցկուհի Աննմանի հետ։ Աննմանն իր ամուսնուն երեք արու զավակ և մի դուստր պարգևեց։
Ժողովրդի մեջ պատմվում է Վերդու բարեսրտության, քաջագործությունների, ինչպես նաև՝ հարստության մասին։
Գյուղի առաջին ունևորը Վերդին էր։ Նրանն էր առաջին քարաշեն տունը Կոճողոտում։ Ասում են, թե իբր նա կոպալ 18 մահակներ էր պատրաստում ու վաճառում քոչվոր խաշնարածներին, և դա ոչ միայն համարվում էր նրա հարստացման հիմնական աղբյուրը։ Այդ զբաղմունքը նաև մականուն տվեց նրան ու այդպես էլ կոչվեց՝ Կոպալ-Վերդի։
Պատմում են նաև, որ Վերդին «Խչերեն սեռ» տեղամասում իբր թե ոսկի է գտել։
Իսկ մի ուրիշ պատմություն էլ հուշում է, թե իբր մի դաստա 17 կոպալ-մահակներով տուն վերադառնալու ճանապարհին Սուրբ Ամենափրկիչ վանքի մերձակայքում մեծ քանակությամբ ոսկի գտած մարդկանց է հանդիպել ու ակամա փորձել խույս տալ նրանցից։ Բայց անծանոթները, նկատելով նրան՝ կանչել են, որ մոտենա։ Նրանք նույնիսկ ուզում էին սպանել վկային, բայց, ի վերջո, մտածելով, թե ի՞նչ վտանգ կարելի է սպասել այդ ծերուկից՝ մի բուռ ոսկի են թողել նրա համար և խաղաղ հեռացել, որից հետո միայն հեռվում սպասող Վերդին մոտեցել ու վերցրել է թողած ոսկին։
Եվ հարստացել է։
Բայց նա երբեք չի հպարտացել իր հարստությամբ։ Երբեք ի չարը չի գործադրել ուրիշների նկատմամբ ունեցած նյութական առավելությունը՝ դասակարգային երանգներ չհաղորդելով իրավիճակին, չի հարստահարել աղքատներին։ Ընդհակառակը, օգնել է՝ ում ինչպես և ինչքանով կարողացել է։
Թեև արդեն բավական տարիքն առած մարդ էր, սիրում էր իրեն երիտասարդության շրջանում պահել։ Հաճախ նաև հետներն ուժ էր չափում։ Բայց մի անգամ անտրամադիր գտնելով նրանց՝ ուզում էր պատճառն իմանալ։ Պարզվեց, որ գյուղում մոտ 20-30 տնտեսություն ի վիճակի չէ վճարել հարկերը։ Իսկ հարկահավաքները շատ դաժան էին վարվում նրանց հետ։ Վերդին հարցնում էր նրանց, թե ինչո՞ւ են տանջում ժողովրդին, պատասխանը միանշանակ էր՝ ինչ գնով էլ լինի, հարկերը պետք է վճարեն։ Նա բացում է ոսկու քսակն ու վճարում բոլորի փոխարեն։
Մարդիկ էլ` վարձահատույց լինելու նպատակով խումբ-խումբ գնում էին աշխատելու Վերդու ցանկատարածություններում։ Լսելով այդ մասին, Վերդին հրահանգում էր մի ցուլ մորթել՝ նրանց կերակրելու համար, իսկ օրվա վերջում՝ յուրաքանչյուրին նաև օրավճար տալ։ Ու տարակուսում են մարդիկ, ինչո՞ւ է Վերդին իրենց սևերես անում, ինչպե՞ս վարձահատույց լինեն նրան... (Նման դեպքեր շատ են հիշվում տարեց համագյուղացիների զրույցներում, և դրանք փոխանցվում են սերնդե-սերունդ ու չեն ջնջվում երբեք սերունդների հիշողությունից)։
Պատմում են, որ Վերդին շատ հասուն տարիքում է ամուսնացել, ուստի, երեխաներն էլ ծնվել են որոշակի ուշացումով, և, ենթադրաբար, նրանց հասունացման շրջանը պետք է որ համընկներ 1840-1860-ական թվականների հետ։
Իսկ հասունանալով՝ նրանք հոր աջ ձեռքը դարձան. գյուղի շրջակայքում շատ հողատարածքներ ազատեցին անտառային ծածկույթից ու վարելահող դարձրին (Ղամշոտ ծովում՝ 9 հա, Քամհար խութում՝ 6 հա, Մրեն ծյորում՝ 12 հա, Միրումաքարում՝ 4 հա, Մարյանեն բոստանում՝ 4 հա, Կյուրըհողերում՝ 6 հա և այլն)18, որոնց մեծ մասը հետագա (խորհրդային) տարիներին կրկին մացառներով պատվեցին։
Վերդու կրտսեր որդին՝ Թյունին, Մռամունց հարթից մինչև Թարթառի գետահովիտը պատվաստներ է կատարել։ Դրանով երևի թե փորձել է լրացնել այն բացը, որ կնոջ՝ Շահումի հետ չկարողացան արու զավակ ունենալ։ Իսկ երբ ակնարկում էին դա՝ նա մեծահոգաբար ասում էր, թե իր ամեն մի պատվաստը մի տղա է...
...Իսկ գարնանային մի օր էլ նա տանձենու ու խնձորենու մատղաշ շիվերը դրեց թևի տակ, առավ բահն ու գնաց Քամհար խութ։ Բաց դաշտում հարմար տեղ ընտրեց և գեղեցիկ շարքերով տնկեց շիվերն ու ջրեց։ Երբ բոլորեց տարին, պատվաստեց տնկիներն ու շարունակեց խնամել։ Մի օր էլ Քամհար խութի ծառերը ստվերներ ձգեցին, ծաղկեցին, և աշնան այգին լցվեց անուշահամ մրգերով։
Մի անգամ եղբայրներով վիճել էին։ Մուսան կծու խոսքեր էր ասել նրան, շեշտել արու զավակ չունենալը19։ Թյունին կուլ է տվել դրանք, բայց, այնուամենայնիվ, հիշեցրել է եղբորը, որ ոչ միայն արու զավակների շնորհիվ կարող ես մնալ մարդկանց հուշերի մեջ, բարի գործերով ավելի երկար ես հիշվում, և մատնացույց է արել «Քամհար խութի» ծառերը, որոնք հարազատ զավակների պես վառ են պահելու իր բարի անունն ու հիշատակը, և անընդհատ հիշեցնելու են մարդկանց իր մասին20։
Մոտավոր հաշվարկներով՝ Կոպալ-Վերդու թոռները պետք է, որ ծնված լինեն 1870-1910-ական թվականներն ընդգկող ժամանակահատվածում։
Թյունին գյուղապետ էր, աշխատասեր, իր գործին նվիրված մարդ։ Ամուսնացել էր դրմբոնցի Շահում Ասլանյանի հետ։ Երկար ժամանակ երեխա չունեին, միայն 1880 թվականին մի դուստր ծնվեց այդ ընտանիքում, մի արծիվ։ Նրան Ջավահիր անունով մկրտեցին։ Ջավահիր՝ նշանակում է գոհար, ադամանդ, շողակն, այսինքն՝ թանկագին, շատ սիրելի։ Եվ, ընտանիքում միակ երեխան լինելով, նա, իրոք, շատ սիրվեց ծնողների կողմից։ Իսկ չափահաս տարիքի հասնելով՝ ամուսնացավ գյուլաթաղցի Թոխունց Իշխանի հետ, որից հինգ երեխա ունեցավ՝ Գոհարը, Կոլյան (Գոլդենբերգ), Իշխանուհին, Շահում և Ղումաշ երկվորյակները։ Բազմազավակ ընտանիքի մայր դառնալով, Ջավահիրն` ասես վրեժ էր լուծում ճակատագրից, ծնողների փոխարեն։
Կոպալ-Վերդու մյուս երկու տղաներն էին Միքայելն (Մուքին) ու Մուսան, իսկ դստեր անունը, ոմանց կարծիքով, Թելլի էր, մյուսները պնդում են «Փարի» տարբերակը։ Քանի որ հայտնի է Վերդու կնոջ՝ Աննմանի արտակարգ գեղեցիկ լինելու փաստը, ուստի՝ նրանց դուստրն էլ երևի թե իսկական փերու գեղեցկություն ունեցած կլիներ։
(Ի դեպ, Աննմանից հետո Վերդին երկու անգամ ևս ամուսնացավ։ Վերջին ամուսնության ժամանակ նա արդեն 120 տարեկան էր)։
Միքայելի կնոջ անունը Մարիամ էր։ Նրանց ամուսնությունից ծնվեցին Տիգրանը, Աբրահամն ու Մանուշակը։
Տիգրանի մասին հայտնի է միայն այն, որ կնոջ անունը Հայկա էր, երեխաներինը՝ Մուշեղ, Սեդա ու Համեստ։ Նաև հին մի զրույց է պատմվում սերնդե-սերունդ (մի ուշացած սիրավեպ), թե ինչպես Հայկան, թողնելով ամուսնուն ու երեխաներին՝ փախել է իր սիրեցյալի՝ համագյուղացի Վոլոդյա Հարությունյանի հետ և ամիսներ շարունակ թաքնվել գյուղամերձ մի քարայրում, որը հետագայում ժողովրդի կողմից «Հայկայի քար» է անվանվել21։
Ընդհանրապես, գյուղի մերձակայքում Վերդունց տոհմանվան հետ կապված շատ տեղանուններ կան՝ «Կոպալեն տեղը» (Ղամշոտ ծովում), «Վերդունց կրավերը», Վերդունց տափը», «Վերդունց տանձուտը» (Սրականց տափում) և այլն։ Իսկ ամեն հանդամաս իր անվան ուրույն պատմությունն ունի, բայց ոչ բոլորն է հիշվում այսօր։
Աբրահամը զոհվեց Հայրենական մեծ պատերազմում։ Այրի կինը` Արաքսին, առանց հայրական հոգատարության ու խնամքի մեծացրեց իր երեք երեխաներին՝ Ամալյային, Ասյային և Արտուշին։ Պատերազմի ժամանակ մահացել է նաև Աբրահամի մայրը՝ Մարիամը (1887-1942)։
Մանուշակն ամուսնացել ու ապրում էր Ներքին Հոռաթաղում։ Նա տառապում էր ծաղիկ հիվանդությամբ, ուստի բաժանվեց ամուսնուց։ Երեք դուստր ուներ, որոնցից երկուսը մահացել են փոքր հասակում, իսկ երրորդը՝ Ռիման, ամուսնացել ու ապրում էր Առաջաձոր գյուղում (ուներ հինգ երեխա՝ Վալերիկ, Տիգրան, Էմմա, Սվետա, Իվետա)։ Մանուշակ Միքայելի Վարդանյանը (ծնվ. 1919 թ.) մահացել է 1949 թվականին և հանգչում է Կոճողոտի նոր գերեզմանատանը։
__________________
15 Կուպրունը ներսից կուպր քսած պատերով տիկ է գինու և օղու համար։
16 Կոպալ՝ հաստ գլխով գավազան, մահակ։
17 Դաստա՝ մի ձեռքում բռնելի (քանակի չափման միավոր)։
18 Տվյալներն՝ ըստ Մխիթար Գրիգորյանի։
19 Ըստ Մխիթար Գրիգորյանի պատմածի։
20 Արիս Գրիգորյան, Հավատի զգացում, «Բարեկամություն» (Մարտակերտի շրջանային թերթ), թիվ 20 (1625) փետրվարի 1978թ. (էջ 4)։
Նույնի՝ Բարի անուն ու հիշատակ, «Կոմունիստ», թիվ 47 (16380), 26 փետրվարի 1978 թ. (էջ 4)։
Նույնի՝ Հարազատ զավակները, «Գրական Ադրբեջան» (Ադրբեջանի գրողների միության երկամսյա հանդես), թիվ 5 (սեպտեմբեր-հոկտեմբեր), 1978 թ. (էջ 44)։
(Տեղանուններն ու անձնանունները փոփոխված են)
21 Ըստ Ելենա Գրիգորյանի պատմածի։