Ճյուղ երկրորդ, ՄՈՒՍԱ
Ճյուղ երկրորդ
ՄՈՒՍԱ
Առաջաձորցի Մաքունց Առուշանն Անուշկա, Անագյուլ, Գյուլխաս և Սոնա անուններով չորս դուստր ուներ։ Անուշկան ամուսնացավ Կոպալ-Վերդու միջնեկ տղայի Մուսայի, իսկ Անագյուլը՝ համագյուղացի մի երիտասարդի հետ (վեց ամսվա հարս էր, երբ ինքնասպան եղավ)։
Սոնան երեք տարեկան էր, երբ մահացավ մայրը։ Առուշանը կրկին ամուսնացավ։ Երկրորդ կինը՝ Վառին, Վանք գյուղից էր։ Այդ ամուսնությունից արու զավակ ծնվեց՝ Վաղարշակը, իսկ առաջին կնոջ մահից երկու տարի անց մահացավ նաև Առուշանը (մոտավորապես 1895 թվականին), երկու անչափահաս դստրերին թողնելով խորթ մոր խնամքին։
Մուսան և Անուշկան ինն երեխա ունեցան (Նախշուն, Հակոբջան, Աթանես, Ավանես, Սոլթի, Հուռի, Սոնա, Գուրգեն, Սամսոն)։
Մուսայի երկու որդիները՝ Հակոբջանն ու Աթանեսը, որ քաջ ու գեղեցկադեմ տղաներ էին, երիտասարդ հասակում հրաժեշտ տվեցին երկրային կյանքին։
19-րդ դարը վաղուց արդեն զիջել էր դիրքերը, բայց նահապետական բարքերը դեռ ուժի մեջ էին, հատկապես՝ ինքնադատաստանի դեպքերը, որոնք իրականացվում էին վրեժխնդրության հողի վրա՝ թշնամանք սերմանելով ինչպես հարևան գյուղերի, այնպես էլ՝ առանձին տոհմերի միջև։ Դրանք, հիմնականում, կատարվում էին անպաշտպան ու միայնակ ճամփորդներին ահաբեկելու, անասնագողության, մի շարք այլ դեպքերին՝ ի պատասխան։
Նման հարձակման ենթարկվեց նաև Մուսայի որդիներից մեկը՝ Հակոբջանը, ով իր խաղաղ գործով էր զբաղված։
Դեպքը տեղի է ունեցել 1918 թվականին22։
Վերդունք ապրում էին Կյուրըհողերում։ Շատ խոզեր ունեին, որոնք հիմնականում Հակոբջանի հսկողության տակ էին լինում։ Նոր էր ամուսնացել նա Դալլաքանց Լիզայի դստեր` Նախշունի հետ (ըստ որոշ վկայությունների՝ ուներ մի տղա)։ Այդ օրը որոշել էր խոզերը Ղզրգյումի տեղանքը տանել (դա Հաթերքի Սև-կապի դիմացն է, Թարթառ գետի աջ ափին)։ Հակոբջանը «Տուրեցկի» 23 հրացան ուներ, որ շատերի նախանձն էր շարժում։ Հաթերքցի Փարունց Սևի, Մարգարա և Իվան եղբայրները որոշում են պահը բաց չթողնել և, ինչ գնով էլ լինի, այս անգամ անպայման տիրանալ հրացանին։ Մարգարան նստել էր գետի հանդիպակած ափին գտնվող Սև-կապի քարում, Հակոբջանից մոտ 50 մետր հեռավորության վրա։ Իսկ Սևին ու Իվանը շրջանցելով՝ սկսում են թիկունքից մոտենալ։ Հակոբջանի օգնականը՝ Բախշի դային, որ նույնպես հրացան ուներ ձեռքին, թողնում է վտանգված ընկերոջն ու ճողոպրում գյուղ, իբր լուրը ժամանակին տեղ հասցնելու համար։ Առիթից օգտվելով, Սևին ու Իվանը թիկունքից ընդհուպ մոտենում են Հակոբջանին։ Դրանից ոգևորված, Սարգարան հրահանգում է հակառակորդին՝ վայր դնել զենքը, որ դեպի իրեն էր ուղղված, իսկ Սևիին ու Իվանին՝ խանչալն անմիջապես գործի դնել։ Խանչալահար Հակոբջանն իրեն չի կորցնում, և ցուցամատը սեղմում է ձգանը, իսկ հրացանի փողից արձակված գնդակը հասնում է նպատակակետին և նրա աչքի առաջ գետնին է տապալվում իր ոխերիմ թշնամին՝ Մարգարան։ Երկուսն էլ մահանում են՝ Հակոբջանն ու Մարգարան, իսկ Սևին ու Իվանը վերցնում են Հակոբջանի հրացանն ու փամփշտակալը և ծլկում։
Արդեն մթնժոռել էր, երբ կոճողոտցիները մեծ ու փոքրով շտապում էին դեպի գետահովիտ՝ կտրելու Սև-կապի վերին ու ներքին մուտքերը։ Մյուս կողմից էլ հաթեքցի Փարունք էին օգնության շտապում։ Երկու հակառակորդ կողմերը դիրքավորվել էին հանդիպակաց բլրակներին և միայն Թարթառն էր, որ հոսում էր անխռով ու բաժանում իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված հարևան գյուղերի բնակիչներին։
Արդարադատ ու խաղաղասեր մարդ էր հաթերքցի Աղաբաբյան Սիմոնը։ Սա, ինչ-ինչ պատճառներով դժգոհելով համագյուղացիներից, ընտանիքով եկել, Կյուրըհողերում էր ապրում։ Սիմոնին խնդրեցին միջնորդել երկու կողմերի միջև, որ հնարավորություն տրվի գոնե դիակները դուրս բերել կրակի գծից։
Հակոբջանին հուղարկավորեցին գյուղովի, բայց վրեժի ցասումն այրում էր Մուսայի սիրտը։ Նա քուն ու դադար չուներ։ Եվ կարո՞ղ էր, արդյոք, հանգիստ ունենալ, երբ իր ջահել-ջիվան որդին սև հողի գերին էր դարձել արդեն։
Ղոչաղ մարդ էր Մուսան։ Եթե աշխատանքում հանգիստ չուներ, կռվի մեջ նույնպես չէր թողնի, որ մեկնումեկն առաջ անցնի իրենից։
Եվ ուսեց հրացանն ու գնաց։
Գետի մյուս ափն արդեն, ամեն քար ու թուփ, ամեն ծառ անգամ, թշնամի էր թվում աչքին։ Ատելությունն ու քենը տակնուվրա էին անում նրա ալեկոծ հոգին։ Անհուն ու անափ վրեժով լի՝ գնում էր դեպի թշնամին, գտնելու և հոշոտելու վճռական մտադրությամբ։ Գետի հոսանքով քիչ ներքև իջավ ու դարանակալեց Հաթերք բարձրացող ճանապարհի վրա։ Շուտով խաղաղ կյանքով ապրող մի երիտասարդ երևաց (Սևիի բարեկամներից)՝ խուրջինն ուսած, իսկ խուրջինի մեջ՝ երկու թոնրահաց։ Սա հրացանը դեմ արեց և հրահանգեց առաջ անցնել։ Բերեց Կյուրըհողեր։ Գերվածին նախ պահում էին գոմում, իսկ այնուհետև՝ կրահորում, կապոտած վիճակում։ Մուսայի կնոջ՝ Անուշկայի հանդիմանությունից հետո միայն նրան ղարադամ են տեղափոխում։ Մուսան ժամանակ էր նշանակել և պահանջում էր հակառակորդ կողմից՝ ետ տալ սպանված որդու՝ Հակոբջանի հրացանն ու փամփշտակալը։ Իսկ երբ տեսնում է, որ ուշացնում են՝ ուզում է վրեժխնդիր լինել և սպանել գերված երիտասարդին, որը լրիվ անտեղյակ էր Հակոբջանի սպանությանը։
Անուշկան խելոք կին էր։ Հանդիմանեց ամուսնուն, որ հետևել էր այն սկզբունքին, թե արյունն արնով կլվանան։ Բայց՝ թշնամու, այլ ոչ թե... ով պատահի...
Կրկին միջնորդի իր դերն ստանձնած Սիմոնի ջանքերով լարվածությունը երկու հակադիր կողմերի միջև թուլանում է և հաթերքցիները տեղի են տալիս՝ վերադարձնում են Հակոբջանի զենքն ու զինամթերքը, փոխարենը՝ ստանալով իրենց արդեն մահվան դուռը հասած տոհմակցին։
...Խաղաղությունը կրկին վերահաստատվեց, բայց, թեև Մարգարան չկար այլևս, Իվանն ու Սևին դեռ շարունակում էին իրենց սև գործը՝ ահաբեկել շրջակա գյուղերի բնակչությանը, զբաղվել գողությամբ։ Բայց կյանքում ամեն ինչ վերջ ունի, և Իվանն էլ հարությունագոմերցի Բենիամինի վրեժխնդրության արդյունքում իր վերջը գտավ Վետած աղբյուրի մերձակա կաթնապրանքային ֆերմայի անասնագոմում, ուր եկել էր հերթական անգամ անասնագողություն կատարելու մտադրությամբ։
20-րդ դարասկիզբը նշանավորվեց ռուսական առաջին և երկրորդ հեղափոխություններով, որոնք ավելի լայնացրին անարխիայի (ամենաթողության) շրջանակները, բայց տիրող իշխանությունները (ժամանակավոր կառավարությունը և հետո՝ Ռուսաստանում հաղթանակած Խորհրդային կարգերը) եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե որոշ չափով կարողացան նաև կայսրության ծայրամասերում հետզհետե վերատիրանալ իրավիճակին։
Ղաչաղ դարձած և տուն ու տեղ թողած Սևին նույնպես մահվան դատաստանի արժանացավ։ Հին պատմությունների քաջ գիտակ Զառի մայրիկը և նրա եղբայր Մուխայելը (Միքայել Համբարձումի Առուշանյան) երկար զրույցներ էին պատմում այն մասին, թե ինչպես է բազում սև գործերի հեղինակ Սևին վերջապես ձերբակալվել ՆԳԺԿ բանդիտիզմի դեմ պայքարի տեղական մարմինների կողմից և գնդակահարության դատապարտվել։ Մուսան պայմանավորվում է օրինապահների հետ, որ գնդակահարության ժամանակ ներկա լինի նաև իր որդիներից մեկը։ Այդպես էլ արվում է։ Իսկ քանի որ գնդակահարությունը ի կատար էր ածվում հատուկ նշանակված վայրում (Գյոյ-Գյոլ լճի մերձակայքում), ուստի պիտի մի քանի օրվա ճանապարհ անցնեին ձիով, կալանավորին ձիու վրա կապոտած էին տանում։ Ճամփորդության երրորդ օրը Սևին փախչելու փորձ է անում և մի կամրջով անցնելիս՝ ձիուց ցատկում է գետի մեջ։ Զինված ուղեկցողներն սկսում են կրակել փախուստի դիմած հանցագործի վրա։ Ի վերջո՝ Սևին ես զրկվում է կյանքից և զինված պահակախմբի կազմում գտնվող Վերդունց ներկայացուցիչը գյուղ է վերադառնում և Մուսային ու համագյուղացիներին հավաստիացնում, որ Հակոբջանի վրեժը լուծված է վերջնականապես։
Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես դասավորվեցին Մուսայի մյուս երեխաների ճակատագրերը։
Ավանես Մուսայի Վարդանյանը ծնվել է 1895 թվականին, ապրում էր Բաքվում, բանվորություն էր անում այնտեղ։ Ամուսնացել էր պապի աներոջ՝ Աոռւշանի որդու՝ Հաթամի Փարի դստեր հետ, ուներ երկու դուստր Վարդանուշ և Զարդարիկ անուններով։
Հետագայում Վարդանուշն ամուսնացավ Խաչունց Գրիգոր Միրզոյանի հետ, ով ապրում էր պատմական Շիրվանի Մեսարի գյուղում, իսկ Զարդարիկը՝ Թմարանց Տիգրան Գրիգորյանի հետ՝ հայրենի գյուղում։ Երկու քույրերն, ընդհանուր հաշվով, տասնհինգ երեխա լույս աշխարհ բերեցին, յոթը՝ Վարդանուշը (Զոյա, Զաբել, Մանյա, Արտուշ, Ալյոշա, Լյուդմիլա, Ռիմա), իսկ ութը՝ Զարդարիկը (Յուրա, Շուրա, Նաիրա, Վալյա, Ալվինա, Սլավիկ, Մարինե, Սուրեն)։
Ավանեսը մահացել է 1943 թվականին, իսկ Փարին (ծնվ. 1903 թ.)՝ 20 տարի հետո (1963 թ.)։
Մուսայի ավագ դուստը՝ Նախշունը, ով հարևան Դրմբոն գյուղ էր հարս գնացել, Շաբոյանների ընտանիքում յոթ երեխա ունեցավ (Արփենիկ, Խաչի, Աստղիկ, Ասծատուր, Սուրեն, Շաբո, Թամարա)։
Սոլթին ամուսնացավ մեծշենցու հետ, ունեցավ երեք երեխա։
Հուռու ամուսինը Մելունց Բալասանի գերդաստանից Վանյան Հակոբն էր։ Այդ ամուսնութունից հինգ երեխա լույս աշխարհ եկավ (Զարվարդը, Գրիշան, Մարգոն, Ալյոշան, Ժորան)։ Իսկ Շուրան ծնվեց երկրորդ ամուսնությունից, նրա հայրը Մելունց Կարապետի որդի Յոլչին էր։
Սոնան (ծնվ. 1901 թ.) ամուսնացավ Սանթրի Հաթամյանի հետ և հինգ երեխա ունեցավ (Անգին, Եսթեր, Ժորա, Բենիկ, Ասյա)։ Նա մահացավ 1949 թ., երբ ամուսինը դեռևս գտնվում էր զինվորական ծառայության մեջ։
Զորացրվելուց հետո Սանթրին հայրենի գյուղ վերադարձավ, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվեց Զագլիկ և ամուսնացավ պատերազմի դաշտում ամուսին կորցրած Մարուսյայի հետ։ Իր հետ նա Զագլիկ տարավ միայն կրտսեր երեխաներին՝ Բենիկին ու Ասյային, որովհետև ավագ երեխաներն արդեն ամուսնացել էին։ Սանթրին հայրություն արեց նաև Մարուսյայի առաջին ամուսնությունից ծնված երեխային՝ Արկադիին։ Հետո Սանթրին Զագլիկ տարավ իր Կոլյա և Բարմեն եղբայրներին։ Այդպես, Հաթամանց տոհմի մի մասը Կոճողոտից տեղափոխվեց ու արմատավորվեց Զագլիկ գյուղում։
Երկրորդ աշխարհարմարտի տարբեր ռազմաճակատներում մարտնչեցին նաև Մուսայի երկու որդիները՝ Գուրգենը և Սամսոնը։ Պատերազմի դաշտից վերադարձավ միայն Սամսոնը, իսկ Գուրգենը, ով դեռ չէր հասցրել նույնիսկ ամուսնանալ, ընկավ պատերազմի դաշտում, անցավ՝ անհիշատակ, բայց չմոռացվեց երբեք, նրա անունը որպես արթուն հիշողություն մնաց հարազատների՝ քույրերի ու եղբայրների շուրթերին ու սրտերում։
___________________
22 Ըստ Արմեն Գրիգորյանի պատմածի։
23 Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործածված թուրքական արտադրության հնգալիցք մարտական հրացան։