Ճյուղ երրորդ, ՍԱՄՍՈՆ
Ճյուղ երրորդ
ՍԱՄՍՈՆ
Սամսոն Մուսայի Վարդանյանը ծնվել է 1914 թվականին։ Մանկության տարիները համընկել են հին (նահապետական) աշխարհի ավերման ու նորի ստեղծման պատմական ժամանակաշրջանին։
Ի դեպ, 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով երկրամասում Խորհրդային կարգերի ստեղծման հետ կրկին խարխլվեցին հավատո տաճարի հիմքերը։ Եթե թուրք-սելջուկները, մոնղոլ-թաթարները, մյուս բարբարոս ցեղերը, ասպատակելով Հայոց հինավուրց երկիրը՝ հիմնահատակ ավերում էին մեր վանքներն ու եկեղեցիները, գեղաքանդակ խաչքարերը, ապա նորօրյա զավթիչները շինություների հետ ավերում էին նաև մարդկանց հոգու ամրոցները։ (Գյուղի վերջին եկեղեցին քանդվեց գառնաքարցի Դավիթ Մանգասարյանի հրահանգով, ով 1928-30 թվականներին Կոճողոտի գյուղական խորհրդի գործկոմի նախագահն էր)։
Ի հակակշիռ բոլոր թեր ու դեմ կարծիքների (կապված հատկապես երկու կարևոր հանգամանքների հետ. առաջինը՝ ժողովրդի հոգևոր ամլացումը և, երկրորդը՝ համատարած պարտադիր կոլեկտիվացումը, որով փաստորեն գյուղացին վերջնականապես կտրվեց սեփական հողից), հանուն արդարության պետք է խոստովանել, որ Խորհրդային կարգերի հաստատումով զարգացման նոր հեռանկարներ բացվեցին։
Անգրագիտության զանգվածային վերացման գործընթացը ոգևորության նոր ալիք առաջացրեց բնակչության շրջանում։ 1924 թվականից սկսեց գործել գյուղի տարրական դպրոցը, որը տեղավորված էր Տվիթանց Պետրոսի քարաշեն տան մի սենյակում, իսկ երկու տարուց հետո այն տեղափոխվեց Խաչունց թաղը։
Դպրոցի համար առանձին շենք կառուցվեց միայն 1932-ին, երբ այն արդեն յոթնամյա էր (1965-ից Կոճողոտի դպրոցն ութամյա է, իսկ 1977-ից՝ միջնակարգ)։
Սամսոն Վարդանյանն ամուսնացավ 1929 թվականին։ Կինը՝ Ջառին (նույնպես՝ 1914 թ. ծնված), Առուշանյան Համբարձումի դուստրն էր, մի շատ լավ ու առաքինի անձնավորություն։
(Ի դեպ, այդ ամուսնությամբ կրկնակի ամրապնդվեցին խնամիական կապերը Առուշանի հետնորդների հետ։ Այդ ավանդույթը սկսվեց վարդանյանների նախապապ Կոպալ-Վերդու և Առուշանի դստեր՝ չքնաղ Աննմանի ամուսնությամբ, որը հետագայում ևս շարունակվեց. Ջերվոնն ընդօրինակեց հորն ու նախապապին և ամուսնացավ Շահրամանանց տոհմից Հայրենական մեծ պատերազմում զոհված Ասատուրի դստեր Վիկտորյայի հետ, իսկ Սամսոնի թոռ Գուրգենը չորրորդեց այդ բարեկամությունը՝ ամուսնանալով նույն Ասատուրի թոռան` Արմետայի հետ)։
Սամսոն Մուսայի Վարդանյանի և Զառի Համբարձումի Առուշանյանի ամուսնության արդյունքում Կոճողոտի համերաշխ ու օրինակելի ընտանիքների թիվը մեկով էլ ավելացավ։ Մի ցավ կար, սակայն, որ թվում էր, թե չի դարմանվի. անպտուղ չէին, բայց ծնվածն էլ չէր ապրում։ Տարիներ շարունակ։ Միայն ամուսնության յոթերորդ գարնան առաջին օրը լույս աշխարհ եկած մանչուկը պիտի հերքեր կյանքի ու մահվան խնդիրը կարգավորել կամեցող գրբացների ու կախարդների ստոր ու սնամեջ կանոնները։ Նորածինը, որին այս անգամ, ըստ սովորության՝ օտարաշունչ անուն տվին, կենսական ավիշով էր լցված և ամենևին էլ մտադիր չէր դեռ կյանք չմտած՝ հրաժեշտ տալ այս աշխարհին։
Սամսոն և Զառի ամուսինների առաջին կենսունակ զավակն էր նա՝ Զերվոնը (օտարաշունչ Վլյաթ անունով), ով օր օրի ավելի էր առույգանում և ուրախությամբ լցնում ծնողների սրտերը։
Զերվոնին հաջորդեցին Շուրան, Յուրան, Լաուրան և Անուշը։
Սամսոնը համեստ ու բարեխիղճ աշխատող էր։ Արդեն երկու երեխայի հայր էր, քսանյոթ տարեկան, երբ պատերազմի բոթը Կոճողոտ հասավ, և առաջինների թվում ռազմաճակատ մեկնեց։ Գուրգենը զոհվեց պատերազմի դաշտում, իսկ Սամսոնը 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կազմում մասնակցեց մի շարք ռազմագործողությունների, վիրավորվեց Կերչում, ապաքինվելուց հետո կրկին շարք վերդարձավ։ Ու թեև հետագա մարտերի ընթացքում վիրավորվեց ևս երկու անգամ, շարունակեց իր կռիվը մինչև Հայրենական պատերազմի հաղթական ավարտը։
Երկրորդ աշխարհամարտի ռազմաճակատներում թրծված նրա կամքն ու ոգին խաղաղ աշխատանքների հորձանուտը նետվեց, աշխատեց որպես կոլտնտեսության պահեստապետ բրիգադավար, ֆերմայի վարիչ և այլն։ Աշխատեց ուժերի գերագույն լարումով ու պատասխանատվության զգացումով, եղավ մարդասեր ու բարեսիրտ, նեցուկ դարձավ պատերազմական խրամատներում մարտնչած ու նահատակված համագյուղացի զինվորների ընտանիքներին, քանի որ հատկապես այդ խավը, որը զրկված էր կերակրողից, համատարած սովի էր մատնված։ Սամսոնը շատ դեպքերում՝ թաքուն, հաճախ նաև՝ բոլորի աչքի առաջ, հաց էր բաժանում նրանց՝ սովից փրկելու համար։ Իսկ խստությունն ահավոր էր և մի բառի համար անգամ մարդիկ կարող էին հեռավոր սիբիրներ քշվել։ Տեղական իշխանավորներն օգտվում էին ընձեռված հնարավորություններից և ազատվում խելոք ու լայն ժողովրդականություն վայելող մարդկանցից։
Սամսոն Վարդանյանն, իհարկե, երջանիկ պատահականությամբ ստիպված չէր լքել հարազատ վայրերը։ Նա ապրեց ընդամենը 63 տարի, մահացավ 1977-ի մարտի 22-ի երեքշաբթի օրը, բարի անունը թողնելով սերունդների հիշողության մեջ։ Իսկ յոթ տարի անց, 1984-ի նոյեմբերի 25-ի սառնաշունչ կիրակի օրվա երեկոյան ժամը 6-ին մահացավ նաև կինը՝ Զառի Առուշանյան-Վարդանյանը, իր հետ գերեզման տանելով հետաքրքիր զրույցների մի անհատնում շտեմարան։
Սամսոն և Զառի Վարդանյանների ավագ որդու՝ Զերվոնի ծննդից երկու տարի հետո՝ 1938-ի փետրվարի 7-ի երկուշաբթի օրը, ծնվեց ընտանիքի երկրորդ զավակը, որին Շուրա անունով մկրտեցին։
Շուրան տեքստիլ արդյունաբերության գծով մասնագիտական կրթություն ստացավ Բաքվում, ուր կուսակցական-պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում մորեղբայրը՝ Միքայել (Մուխայել) Համբարձումի Առուշանյանը (նա գյուղում առանձնատուն էր կառուցել, ուր իջևանում էր ամռան ամիսներին)։ Մուխայելը դեռևս երիտասարդ տարիքում որպես անհնազանդ տարր է նկատվել կոլտնտեսության նախագահ Գրիգոր Վանյանի կողմից, և ոչ միայն վտարվել է հայրենի գյուղից, այլև՝ ազատազրկվել։ Բայց բանտում վեց ամիս մնալուց հետո ազատ է արձակվել, ավարտել հաշվապահական դասընթացներ, մասնագիտական բարձրագույն կրթություն ստացել Լենինգրադում և շարքային հաշվապահից հասել մինչև Ադրբեջանի նախարարների խորհրդի վերստուգիչ հանձնաժողովի բաժնի վարիչի պաշտոնը։ Նա շատ է օգնել բոլորին՝ բարեկամներին, ընկերներին, համագյուղացիներին։
Երեխաներ չի ունեցել, բայց անչափ սիրել է քրոջ ու եղբոր երեխաներին, հատկապես կապված էր քրոջ՝ Զառիի ընտանիքի հետ։ Երբ քրոջ ամուսին Սամսոնը կոլտնտեսությունում աշխատելու ժամանակ ավտովթարի էր ենթարկվել և ծանր վիճակում էր, Մուխայելի միջոցներով Մարտակերտի շրջանում առաջին անգամ ուղղաթիռ է վայրէջք կատարել և Սամսոնին տեղափոխել Բաքվի հիվանդանոցներից մեկը, ուր բժիշկները փրկել են նրա կյանքը։
Արցախյան շարժման տարիներին Մուխայելը տեղափոխվել է Ստավրոպոլի երկրամաս, ուր և՝ Շպակովկա գյուղում, 1993-ին կնքել է իր մահկանացուն։
Շուրան ամուսնացավ Շիրվանի Մեսարի գյուղում (Շամախիի շրջան) բնակվող Խաչունց Գրիգոր Միրզոյանի ավագ դստեր՝ Զոյայի հետ։
(Ի դեպ, Խաչունց Ղևոնդն իր ավագ որդուն՝ Գրիգորին ամուսնացրել էր Վերդունց Մուսայի Ավանես անունով որդու դստեր՝ Վարդանուշի հետ։ Ղևոնդի և Մուսայի բարեկամությունն ամրապնդվեց նաև նրանց թոռների՝ Զոյայի ու Շուրայի ամուսնությամբ։ Այդ բարեկամությունը հետագայում նոր ճյուղավորում ստացավ. Ղևոնդի թոռան՝ Ռոզա Աբրահամի Միրզոյանի ու Մուսայի ծոռան` Սերժիկ Զերվոնի Վարդանյանի ամուսնությունը երրորդեց կապը այդ երկու տոհմերի միջև)։
Շուրա և Զոյա ամուսնական զույգը 1965-ից մշտական բնակություն հաստատեց Մինգեչաուր քաղաքում։ Այդ թվականից էլ (նախ՝ որպես ենթավարպետ և ապա՝ վարպետ) Շուրան աշխատել է բամբակագործվածքային ֆաբրիկայում։ Նրա հարկի տակ երկուական դուստր և ուստր ծնվեցին՝ Աիդան, Գուրգենը, Անժելան ու Գենադին։
Երկրորդի՝ արու զավակի ծննդյան լուրն անչափ ուրախացրել էր Սամսոն պապիկին։ Նա վերջապես կարող էր իրականացած տեսնել իր նվիրական երազանքը՝ Հայրենական պատերազմում զոհված կրտսեր եղբոր անունով կոչել նրան։ Նորածին Գուրգենը՝ Սամսոն Վարդանյանի համար ոչ միայն թոռան, այլ նաև եղբոր պակասը պիտի լրացներ։ Արու թոռներ արդեն ուներ (Զերվոնի երեք տղաները՝ Սերժիկը, Գարիկը և Արթուրը), բայց ինչո՞ւ էր Սամսոն պապիկն ուզում, որ Գուրգեն անունով թոռնիկը ծնվեր Շուրայի ընտանիքում։ Բանն այն է, որ Հայրենական պատերազմում զոհված Գուրգեն Մուսայի Վարդանյանը ոչ միայն Շուրայի հոր, նաև կնոջ՝ Զոյայի մորապապ Ավանեսի կրտսեր եղբայրն էր։ Եվ Սամսոնն ուզում էր հատկապես այդ ընտանիքում Գուրգեն անունով թոռ ունենալ։
Շուրան Կոճողոտում էր մեծացել, Զոյան՝ հայաշունչ ու հայահոծ Շիրվանի Մեսարի գյուղում։ Մինգեչաուրում ևս հայությունը հոծաբնակ էր, ուստի՝ այլազգիների ազդեցությունն այնքան էլ նկատելի չէր։
Վարդանյանների ընտանիքն ամեն տարի ամռան ամիսներին գալիս էր Կոճողոտ, լիցքաթափվում քաղաքային եռուզեռից։
Երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագական շարժումը, Մինգեչաուրում ևս գլուխ բարձրացրեց հակահայկական հիստերիան, և Շուրա Վարդանյանի ընտանիքը ստիպված էր տեղահանվել։ Նրանք ընտանիքով տեղափոխվեցին Ստեփանակերտ, Շուրան աշխատանքի անցավ կոշկի ֆաբրիկայում, իսկ Զոյան ու Գուրգենը՝ կոնդենսատորների գործարանում։ Ապրում էին վարձու բնակարանում և հույս ունեին, որ Գուրգենի հերթագրվելը գործարանի բնակարանային հերթում կենցաղային պայմանների բարելավում կբերի ընտանիքին։ Բայց հուսալքվեցին ու վերադարձան հայրենի գյուղ, տեղավորվեցին Մուխայելի առանձնատանը։
Չափահաս երեխաներն արդեն ամուսնացել էին. Աիդան՝ Մարկլեն Մխիթարյանի որդու՝ Գրիշայի (ունի երեք երեխա), իսկ Գուրգենը՝ Ապրես Շահրամանյանի դստեր՝ Արմետայի հետ։
Շուրայի մյուս երկու երեխաները՝ Անժելան ու Գենադին ևս, չափահաս դառնալով, որոշ ժամանակ անց ընտանիքավորվեցին։ Անժելան ամուսնացավ Սիմոնյան Սամվելի որդու՝ Սերոբի (ունի երկու արու զավակ), իսկ Գենադին՝ Սամսոն պապի քրոջ՝ Նախշունի ծոռան` Դիանա Ռաֆիկի Շաբոյանի հետ (ունի չորս երեխա՝ երկու ուստր և երկու դուստր)։
Գուրգեն Շուրայի Վարդանյանն, ինչպես ասվեց, իր ծննդով ուրախացրեց Սամսոն պապիկին, և նրա երազանքն իրականություն դարձավ։ Դա 1968-ի մայիսի 18-ին էր։ Այդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը անափ ուրախություն էր Մինգեչաուր քաղաքում բնակվող Վարդանյանների ընտանիքում, Սամսոնը կրտսեր եղբորն էր գտել, Շուրան՝ հորեղբորը, Ջոյան՝ մորապապի եղբորը։ Իսկ որ ավելի կարևոր էր՝ փոքրիկ Աիդան եղբայր ունեցավ։
Գուրգենը նախնական կրթությունն ստացավ Մինգեչաուր քաղաքում, այնուհետև ավարտեց Երևանի մեքենաշինական տեխնիկումը, իսկ 1986-88 թվականներին ծառայեց Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ, ամուսնացավ Արմետա Շահրամանյանի հետ։ Արմետան Գուրգենի հորեղբոր՝ Զերվոնի աներոջ որդու՝ Ապրեսի ավագ դուստրն էր, այդ տոհմից չորրորդ հարսնացուն, որ մշտական գրանցումով մտավ Վերդունց գերդաստանի կազմի մեջ։
Մեկ տարուց հետո, 1989-ին, երիտասարդ ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ, Գուրգենն աշխատանքի անցավ կոնդենսատորների գործարանում։ Արմետան ու Գուրգենը երկու դուստր ունեցան՝ Արինան ու Ջոյան։
1991-ին Արցախյան ազատամարտն իր ալիքների մեջ առավ նաև Գուրգենին, և նա բոլորանվեր տրվեց Արցախի հայության արդարացի պայքարին։ Անմիջապես վերադարձավ հայրենի գյուղ և անդամագրվեց ֆիդայական ջոկատին։ Համագյուղացի տղաների հետ նա պաշտպանական շատ մարտերի մասնակցեց, իսկ վերջինը՝ 1992-ի հունիսի 10-ին (չորեքշաբթի) Չարեքտար գյուղի պաշտպանության համար մղված անհավասար մարտը անանց վշտով լցրեց բոլորի սրտերը, չկար այլևս Գուրգենը, նա գնաց՝ հանուն իր երկու դուստրերի ու Արցախի բոլոր երեխաների խաղաղ առավոտների ու անհոգ մանկության։
Եթե երկրորդ աշխարհամարտում զոհված Գուրգեն Մուսայի Վարդանյանի մասին ոչ մի հիշատակում չմնաց, ապա Արցախյան պատերազմի նահատակ Գուրգեն Շուրայի Վարդանյանի սխրանքն ու անձնվիրությունը Հայրենիքի կողմից ըստ արժանվույն գնահատվեց. Գուրգենը հետմահու պարգևատրվեց ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, նրա մասին բազմաթիվ ակնարկներ տպագրվեցին պարբերական մամուլում, ետպատերազմյան Ստեփանակերտում լույս ընծայված մի շարք գրքերում առանձին էջեր նվիրվեցին նրան։ Նաև բանաստեղծություններ ձոնվեցին։ Նա դարձավ ասք ու պատմություն՝ սերունդների հիշողության մեջ։
...«Այս խաղաղ առավոտի համար» ակնարկը, որը տպագրվել է «Մարտիկ» բանակային թերթի 1999-ի թիվ 43-ում, չծրարված նամակի տեսք ունի։ Եվ, ճիշտն ասած, մտածե՞լ ենք երբևէ, թե կգա մի այնպիսի ժամանակ, երբ մեր մտերիմներից ու հարազատներից շատերն այլևս չեն լինի, և ստիպված կլինենք նրանց հետ գրավոր խոսել։ Ինչևէ, կրկին սկսենք «բարևից»...
«Բարև, Գուրգեն...
Ծնվել ես Մինգեչաուր տեղափոխված կոճողոտցու ընտանիքում, բայց հայրենի գյուղը միշտ ապրում էր քո մեջ, քո կյանքի ամեն ակնթարթում։ Ու գալիս էիր գյուղ։ Գալիս էիր` ամառային օրերին միայն։ Որպես՝ հովեկ։ Գալիս էիր` եղբորդ, բույրերիդ, ծնողներիդ հետ։ Իսկ ի՜նչ հրաշալի էին մեր մանկության ամառները։ Եվ ինչպիսի՜ բերկրալի երանգներ էր ներարկում ձեր՝ քաղաքաբնակներիդ ներկայությունը։
Վերդունց Սամսոնի (քո պապի) տան բակում երեխաներիս խաղը վերջ չէր ունենում։ Մեզ միանում էին հորաքրոջդ, հորեղբայրներիդ երեխաները, որ գալիս էին Հրազդանից ու Ստեփանակերտից, մի մասն էլ գյուղում էին ապրում։ Նաև` իմ քույրերն ու եղբայրս։ Հարևաններ էինք...
Այնպես ազատ ու անկաշկանդ էինք երեխաներով, չկար բակերն իրարից անջատող սահման ու ցանկապատ։ Հետո կամաց-կամաց մենք մեծացանք, ու ժամանակի հետ փոխվեց նաև մեր շրջապատը։ Նաև` ցանկապատերն ավելացան ու բաժանեցին բակերն իրարից, բայց մեր մանկությունները մշտապես մնացին միասին։
Դու, Մինգեչաուրում ավարտելով միջնակարգը, տեղափոխվեցիր Երևան` ուսումդ շարունակելու մեքենաշինական տեխնիկումում, հետո ծառայեցիր Խորհրդային բանակում, հետո եկավ բաղձալի 1988-ը...
Եվ վերադարձար գյուղ՝ հայրական օջախդ շենացնելու։ Եկար ու նո՞ր միայն նկատեցիր Արմետային, թե՞ վաղուց էիր աչքադրել` չգիտեմ, բայց մի բան հաստատ է դուք երկուսով էլ համոզված էիք, որ ձեր համատեղ կյանքը կլինի հետաքրքիր ու բովանդակալից։ Իսկ երբ ծնողներդ ևս վերջնականապես վերադարձան գյուղ, նորաստեղծ ընտանիքդ տեղափոխվեց Ստեփանակերտ։ Ոչ թե քաղաքային ասֆալտի նկատմամբ ունեցած կարոտն էր արթանցել քո մեջ, այլ տան «մեծերը» ձեզ՝ երիտասարդներիդ ազատ ու ինքնուրույն ապրելու հնարավորություն տվեցին։
1989-ին էր, աշխատանքի ընդունվեցիր Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում և քո խելացի ու բարի բնավորությամբ կարճ ժամանակաընթացքում արժանացար աշխատանքային ընկերներիդ հարգանքին ու վստահությանը, քո ազնվությամբ համակեցիր բոլորին։ Բայց հարազատացած կոլեկտիվում աշխատեցիր ընդամենը երկու տարի. արդեն ալեկոծված Արցախյան շարժումը 1991-ին իր ալիքների մեջ առավ նաև քեզ, և դու աներկբայորեն տրվեցիր նրան` անդամագրվելով գյուղի կամավորականների ջոկատին։ Ու վերաիմաստավորվեց քո կենսագրությունը. մարտական ընկերներիդ հետ անընդհատ դիրքերում էիր։
1992-ի հունիսը սկսվեց հակառակորդի մեծաքանակ հետևակի ու զրահատեխնիկայի՝ Հաթերքի ու հարակից գյուղերի ուղղությամբ անընդմեջ ձեռնարկվող հարձակումներով։ Առաջին գիծ շտապեցին շրջակա գյուղերի ֆիդայական ջոկատները։ Սկսված կատաղի մարտը շարունակվեց մի քանի օր։ Հունիսի 10-ին հակառակորդի դիմահար կրակից վնասվեց մեր զրահամեքենաներից մեկը, և անմիջապես էլ շատ ծանոթ մի ձայն հասավ ունկերիդ.
- Օգնեցե՛ք, ես վիրավոր եմ…
Ո՞վ կարող է լինել` հանկարծ լարվեցիր, բայց հիշողությանը զոռ տալու ժամանակ չկար, պետք էր շտապել, ու վազեցիր ձայնի ուղղությամբ։ Իսկ այդ պահին հակառակորդի հրետանին կրկին խոցեց նույն նշանակետը. բոցավառվեց զրահամեքենան` իր կրակների մեջ առնելով վիրավոր ընկերոջդ ու քեզ։
…Հայրենիքը բարձր է գնահատել անձնվեր արարքդ. դու պարգևատրվել ես «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Դա քո վերջին «դասին» ստացած գնահատականն է` «դասանյութը» գերազանց յուրացնելու համար։ Իսկ տանը քեզ սպասում էին ծնողներդ, եղբայրդ, սիրասուն կինդ։ Եվ երկու դստրիկներդ, որ անթարթ աչքերով նայում են պատի մեծադիր լուսանկարին ու մեծավարի հասկանում, թե ինչքա՜ն մեծ սեր պետք է ունենալ հայրենիքի նկատմամբ, որ նրա անվան համար նաև ողջակիզվել կարողանաս։
Իսկ վերջում (ներիր, պարզապես ուզում եմ իմանաս), ավելացնեմ, որ իմ ծննդյան օրը ես առաջին հերթին հիշում եմ քեզ, որովհետև այդ օրը նույնքան էլ քոնն է, որքան որ իմն է. «վերջակետն» է քո երկրային կյանքի և սկիզբը մշտնջենականի…
Հիշում եմ այս խաղաղ առավոտի համար, որ նաև քո արյունով է լուսավորված»...
…Գուրգենը հերթագրված էր գործարանում՝ բնակարան ստանալու համար։ Սկսված էր բնակելի շենքի շինարարությունը։ Նրա զոհվելուց հետո հերթը փոխանցվեց նույն գործարանում աշխատող մորը, բայց խուլ շրջափակումը խանգարեց, շենքը մնաց անավարտ։ Այդ վիճակում էլ բնակարանները բաշխվեցին հերթագրվածներին։ Ով հնարավորություն ունեցավ՝ շարունակեց, ավարտին հասցրեց կիսատ մնացած աշխատանքները, իսկ ով չուներ՝ այդպես էլ մնաց վարձու բնակարանում։
Գուրգենի հայրը՝ Շուրան, իր միջոցներով սկսեց վերակառուցել բնակարանը, բայց քանի գնում՝ ծախսերն ավելի էին շատանում։
Սկսված էր ԼՂՀ նախագահական հերթական ընտրությունների նախընտական քարոզարշավը։ 2002 թ. օգոստոսի սկզբներին Շուրան համարձակվեց օգնության խնդրանքով դիմել ԼՂՀ գործող նախագահ, ԼՂՀ նախագահի թեկնածու Արկադի Ղուկասյանին, հույս ունենալով, թե համապատասխան օգնություն կստանա. չէ՞ որ իր որդին նույնիսկ կյանքը չի խնայել, որ իր զավակներն այսօր ոչնչի կարիք չունենան։
2002 թ. օգոստոսի 11-ին, ձայների բացարձակ մեծամասնությամբ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ նախագահ վերընտրվեց, բայց Շուրա Վարդանյանն այդպես էլ չիմացավ, հասա՞վ, արդյոք, նամակը հասցեատիրոջը, թե՞ չկարողացավ հաղթահարել իր ճանապարհի խոչընդոտները։ Հետևապես՝ ոչ միայն նյութական օգնություն, նույնիսկ նամակի պատասխանը չստացավ։ Եվ միայն եղբորորդու՝ Գարիկի նյութական օժանդակությամբ Շուրան կարողացավ ավարտին հասցնել բնակարանի շիննորոգման աշխատանքները, և Արմետան իր երեխաների հետ ապրում է այդ բնակարանում...
Արցախյան գոյապայքարին իր մասնակցությունն է բերել նաև Գուրգենի կրտսեր եղբայր Գենադին։ Նա Մինգեչաուրում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, ամուսնացել և ապրում է հայրենի գյուղում։
Նա ծանր տարավ եղբոր կորուստը։ Եվ երբ առաջնեկն արու ծնվեց, անվանակոչման հարցում երկմտելու կարիք չկար. Վերդունց գերդաստանում ծնվել էր երրորդ Գուրգեն Վարդանյանը։ Փոքրիկ Գուրգենից հետո այդ հարկի տակ երկու դուստր ևս ծնվեցին՝ Աննան ու Բելան։ Իսկ պապի ծննդյան օրը ծնված նրա չորրորդ երեխան պապի անունով էլ Շուրա անվանակոչվեց։
Սամսոն Վարդանյանի կրտսեր որդին՝ Յուրան, ծնվել է 1941 թվականին, ծառայել է Խորհրդային բանակում, իսկ զորացվելուց հետո ավարտել Քաջարանի շինարարական տեխնիկումն ու աշխատանքի անցել Մարտակերտ ավանի (այժմ՝ քաղաք) շինարարական կազմակերպություններից մեկում՝ որպես աշխղեկ։ Այդ տարիներին էր, որ պլանավորվեց Կոճողոտում մշակույթի պալատի նոր շենքի կառուցումը, և Յուրան անմիջապես ստանձնեց և իր ենթակայության տակ գտնվող շինբրիգադի ուժերով կատարեց այդ կարևոր ու պատասխանատու գործը։
Եթե մինչ այդ նկուղային անհարմարավետ շինությունում էին կինոնկարներ ցուցադրվում, մշակույթի պալատի առկայությունը մի նոր շքեղություն հաղորդեց կոճողոտցիների առօրյային։
Յուրան ամուսնացավ Խաչովանց Ասըհակի (նշանավոր թառահար Սահակ Մխիթարյանի) դստեր՝ Մարգո Մխիթարյանի հետ և մշտական բնակություն հաստատեց Հրազդան քաղաքում։ Նա երեք երեխա ունեցավ՝ Նվերը, Մհերն ու Տաթևիկը։
Մհերն իններորդ դասարանի աշակերտ էր, երբ դժբախտ պատահարի զոհ դարձավ։ Դա 1993 թվականի հուլիսի 14+ին էր, չորեքշաբթի օրը, նա ջրախեղդ եղավ 58 Հրազդանի ջրանցքում լողանալու ժամանակ։
Նվերը՝ Յուրայի ավագ որդին, Խորհրդային բանակում ծառայելուց հետո ավարտեց Հրազդանի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումն ու ամուսնացավ։ Կինը՝ Լիանան, նրան մի արու զավակ և երկու դուստր պարգևեց։ (Արու զավակը վաղաժամ մահացած հորեղբոր անունով Մհեր անվանակոչվեց)։
1993-ին Նվերը տեղափոխվել է Պենզա, իսկ 1995-ին՝ իր մոտ տեղափոխել նաև ընտանիքի մյուս անդամներին։
2003-ից ընտանիքով ապրում է ՌԴ Պյատիգորսկ քաղաքում։
Յուրայի դուստրը՝ Տաթևիկը նույնպես ապրում է Պյատիգորսկ քաղաքում։ Ամուսնացել է Զերվոն Վարդանյանի կնոջ՝ Վիկտորյայի կրտսեր եղբոր` Գրիշայի կրտսեր որդու՝ Արարատի հետ, ունի մեկ դուստր՝ Նարա անունով։
1948թ. հոկտեմբերի 1-ի ուրբաթը հերթական ուրախությամբ լցրեց Վարդանյանների օջախը. երեք արու զավակից հետո Վերդունց Սամսոնը դուստր ունեցավ, որին Լաուրա անունը տվեցին։
Լաուրան ութամյա կրթությունն ստացավ ծննդավայրի, իսկ միջնակարգը՝ հարևան Չլդրան գյուղի դպրոցում, որից հետո՝ 1965-68 թվականներին սովորեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում և ավարտեց ագրոտեխնիկական բաժինը։
Տեխնիկումում սովորելու տարիներին մոտիկից ծանոթացավ նույն բաժնում սովորող Սերգեյ Ապրեսյանի հետ, ով ծնվել է 1942-ի փետրվարի 6-ին, ուրբաթ օրը, Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի Ղլիժբաղ գյուղում, և տեխնիկումն ավարտելուց հետո նույն տարվա օգոստոսի 10-ին ամուսնացան։ Միասին էլ աշխատանքի ընդունվեցին Ստեփանակերտի զոնալ փորձակայանում, ուր նրանց համատեղ աշխատանքը տևեց ութ տարի։
1971-75 թվականներին Սերգեյը մասնագիտական կրթությունը շարունակեց Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, այժմ դասախոսում է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում, իսկ Լաուրան շարունակում է իր երկարամյա աշխատանքը՝ նույն աշխատավայրում։
1976 թ. հուլիսի 31-ի շաբաթ օրը լիակատար ցնծություն էր Սերգեյ Ապրեսյանի հարկի տակ. վերջապես, ամուսնության ութերորդ տարում, ծնվեց նրանց սիրո արդյունքը՝ այնքան սպասված մանկիկը, որը պիտի ավելի ամրապնդեր Լաուրայի և Սերգեյի ամուսնական (առանց այդ էլ՝ ամրապինդ) կապը։
Լիանան այդպես էլ ընտանիքի միակ զավակը մնաց։ Բարձրագույն կրթությունն ստացավ Ստեփանակերտում (1996-ին ավարտեց Արցախի պետական համալսարանի աշխարհագրության բաժինը) և աշխատանքի ընդունվեց Երևանի պետական համալսարանին առընթեր ակադեմիկոս Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական գիշերօթիկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։ Այժմ աշխատում է մայրաքաղաքի՝ ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։
1999-ին Լիանան ամուսնացավ նույն համալսարանի շրջանավարտ, Պաշտպանության բանակի սպա Արա Ավագյանի հետ, ունի երկու երեխա՝ Աշոտ և էթերի անուններով։
Սամսոն Վարդանյանի երկրորդ դուստրն ու ընտանիքի կրտսեր երեխան Անուշն է, ում ծնունդն ավետվեց 1953-ի հունվարի 2-ին, շաբաթ օրը։ Ութամյա կրթությունն Անուշը ստացավ հայրենի գյուղում, միջնակարգը՝ Ստեփանակերտում, իսկ բժշկական ուսումնարանն ավարտեց Հրազդանում ու ստացավ բուժքրոջ մասնագիտություն։
Ամուսնացել է համագյուղացի Բաբանց Սամսոնի որդու՝ Ռաֆիկ Առուշանյանի հետ, բայց երեխա չունենալու պատճառով բաժանվել են, որից հետո Անուշը մեկնել է Հրազդան և 1972-ից մշտական բնակություն հաստատել այնտեղ, ուր երկրորդ անգամ է ամուսնացել։ Ամուսինը՝ Հայկազը, առաջին ամուսնությունից ուներ չորս երեխա (Անուշ, Աշոտ, Անդրանիկ, Սուսան)։ Կինը մահացել էր տարիներ առաջ և ստիպված էր մենակ՝ դաստիարակել ու կրթել երեխաներին։ Անուշի հետ ամուսնանալը զգալիորեն հեշտացրեց նրա գործն ու կենցաղը, միասին մեծացրին երեխաներին, ամուսնացրին, երջանիկ պապիկ ու տատիկ դարձան...
Անուշն արդեն ավելի քան տասնհինգ տարի է, ինչ որպես բուժքույր աշխատում է Հրազդանի քաղաքային պոլիկլինիկայում։
Հայկազը մահացավ 2001 թվականի օգոստոսի 21-ի հինգշաբթի օրը, անանց տխրությամբ համակելով բոլորին։
Անուշի ու նրա հարազատների սրտերում գերիշխում էր ցավն անդարձ կորստյան...