Մահարու բանաստեղծություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search

Գուրգեն Մահարի՝ բանաստեղծություններ


«ԱՐՏԱՄԵՏՅԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ» ժողովածու[խմբագրել]

  • 1919թ.

Արտամետյան գիշերներ
Իմ երգերի պարտեզում.
Այսօր նորից հիշել եմ
Որպես շքեղ հանդեսում
Գեղահասակ հարսներին,
Բարդիները նրբիրան.
Փռել էր իր վարսերը
Հին ուռենին՝ ինձ վրա:

Այսօր նորից հիշել եմ
Երգդ. որ սիրտ էր կիզում.
- Արտամետյա՜ն գիշերներ,
Իմ հուշերի պատերազմ...


***[խմբագրել]

Փռել եմ քո կապույտ նազանքների մուժում
Ինչ որ վաղուց-վաղուց մոռացել եմ, խառնել
Հին օրերի երգին- հին օրերի փոշուն:

Տխրադալուկ դեմքի քո գծերը նրբին
Ու քայլերիդ փափուկ շշնջյունը հուզիչ,
Որպես կապույտ մշուշ փարվում են իմ դեմքին:

Ինձ հուզում են ճերմակ քո ձեռքերը բեկուն,
Ու խոսքերդ փութկոտ, խոստումները քո ջերմ
Մեղմ հնչում են կապույտ իրիկնային միգում...

Ու ժողվում են կապույտ նազանքներիդ մուժում
Ինչ որ իզուր ու զուր ցրել եմ ու թողել
Հին գյուղերի ճամփին, ճամփաների փոշում...


  • 1920թ.

ՁՅՈՒՆ[խմբագրել]

Ձյուն նազուն, մեղմօրօր ու խաղաղ՝
Երկնքում մահացած թռչունի
Փետուրնե՜ր, փետուրն՜ր նրբամաղ,
Ու կարծես սկիզբ ու վերջ չունի:

Ինձ տիրել է հիմա մի անուժ,
Մի անզոր, ամոքող մաքառում...
-Կանցնի այս ձմեռը վաղ թե ուշ,
Ու կգա արևոտ նոր գարուն:

...Երկնքում թռչուններ են մեռել,
Մաղո՜ւմ են փետուրներ հեռավոր,
Սուզվում են մշուշում դաշտ, լեռներ.
Ձյուն նազո՜ւն, ձյուն խաղա՜ղ, մեղմօրո՜ր...


*** Դու մի նուրբ աղջիկ ես,[խմբագրել]

Դու մի նուրբ աղջիկ ես,
Դու մի սև վերջալույս,
Ես քո դեմ կապույտ կայմ,
Նրբաթև, միգասույզ...

Մի օր երբ կլռեն ծովերը մշտարթուն,
Ծղրիդները կերգեն պատերազմ ու արտում,
Մի օր, երբ լեռներում արևը կքնի,
Ծերացած լուսինը մահվան ծովը կընկնի,

Կապույտ կայմը հագնած
Կկորչի մթնասույզ,
Դու սառա'ծ կմնաս,
Դու մի սև՝ վերջալույս...


***[խմբագրել]

Մթնշաղի կապույտ թևն՝ արևի ոսկին,
Ձորում՝ ջրերը հնչուն, շրշյունը հասկի,

Եվ ուղինե՜րը ճերմակ, ուղիներն անծայր,
Քո' կարոտը երգեցին, բայց դու չդարձար:

Ա'խ, իրիկվա մշուշում քեզ որոնեցի,
Կիսալուսինն էր կանգնել, արծաթե խեցի:

Միգում տխուր մի թրչուն ասաց՝ նա չկա',
Տարավ նրան քաղաքի ալիքը ագահ...

Զո՜ւր է գերել քո հոգին արևի ոսկին,
Զո՜ւր ես լսել հասկերին, հասկերի խոսքին:


  • 1921թ.

ԼՈՒՍԱՆՈՏ ՍԵՐ[խմբագրել]

Կհանդիպեմ քեզ դժգոհ,
Ցանկությամբ հրկեզ,
Կսուզվեմ քո աչքերում,
Կբարևեմ քեզ.
Մենք միասին կնստենք
Պատուհանում բաց,
Մեկ մեկու դեմ մութ ու նենգ,
Մեկ մեկով արբած:

...Ու ժամերը կհնչեն
Գիշերվա կեսին,
Կծխեմ ու կփչեմ
Լուսնի երեսին...


«ՄՐԳԱՀԱՍ» ժողովածու[խմբագրել]

  • 1926թ.

ՕՐՈՐ, ՕՐՈՐ...[խմբագրել]

Արևավոր,արևավոր իմ սերերին,
Իմ հույզերին արևավո'ր ու նո'ր, ու նո'ր
Իմ լույսերին ու լուսավոր իմ հույսերին,
Ընկուզենու'ն լայնասաղարթ, օրո'ր, օրո'ր,
Օրոր, օրոր:

Օրոր մարգին, արտույտներին, ծառին, ձորին,
Կածաններին իմ մենավոր, կանաչ բարդուն,
Օրոր, քնքուշ իմ աքասի', օրոր, մորի՜,
Օրո'ր սարին, հանդին, արտին, օրո'ր մարդուն,
Օրոր, օրոր:

Շամբուտներին ու ամպերին մութ ու անձրև,
Անտառներին, արոտներին քամուն, քարին,
Օրո'ր սրտին իմ՝ արտի պե'ս անձրևածեծ,
Օրո'ր սրտին՝ վարդերի պես արնակարմիր,
Օրոր, օրոր:

Օրոր նրանց՝ արևային երգիչներին,
Որոնք մի օր երգ երգեցին ու անց կացան,
Կարդացողին օրոր, սրտոտ ու մտերիմ,
Կարդացողին, որ եղել է, հիմա չկա,
Օրոր, օրոր:


ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ[խմբագրել]

1
Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Ծածկվում էր տատիս հին շալով:

Ես հանում էի մեր հին գզրոցից
Գույնզգույն լաթեր ու սրամա,
Զարդարում էի պոչից մինչև վիզ
Ու տանում դաշտերը նրան:

Չալոն քայլում էր պչրուհու նման,
Սլվլուն պոչը բռնած ցից,
Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ,
Մռռում էր հպարտ հաճույքից:

Տուն էի բերում մութ փողոցներով,
Շների աչքերից անտես.
Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն Ու ծածկում սար ու դաշտեր:

Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Բայց բանը վերջացավ չարով:

Գաղթի մութ ճամփին կորավ իմ շունը,
Ո՞վ գիտե՝ ո՞ր ձին կոխոտեց... Շուրջս մեռնում եր վերջին աշունը, Չմնաց ինձ ո'չ մի ընկեր...
3
Մի աղջիկ եղավ իմ երկրորդ սերը,
Խաժ աչքով աշխույժ մի աղջիկ,
Ոսկեգույն էին նրա մազերը
Ու բուրում էին դարչին:

Մի օր միասին գնացինք այգի,
Հուլիսյան գիշերն էր նազում.
Նա չալ-չալ շորեր ուներ իր հագին,
Իսկ այգում՝ խաղողն եր հասնում:

Նստեցինք մենք թավ որթնատունկի տակ,
Նա դրեց գլուխը ծնկիս,
Ես շոյում էի նրա վիզը տաք
Ու նայում մշուշված դեմքին:

Օ, սե'ր իմ, սե'ր իմ...-ինձ հառել էին Բիբերը նրա մլարուն.
-Չալո'ն է նայում նրա աչքերից,
Չալոն է տխուր նայում:

Անուշ նազում են որթատունկերը,
Իսկ հետո անձրևն է խշշում.
Քեզ չեմ մոռացել կորած ընկե'րս.
Քեզ չեմ մոռացել, իմ շո'ւն....
. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Օրերի հեռվում նրա հաչոցը
Հնչում է կարծես լալով...
Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո...


  • 1933թ.

ՆՈՒՅՆ ԿԱՐՈՏՈՎ[խմբագրել]

Սիրելի Ակսելին

Նույն կարոտով ես նայում
Միչև հիմա իմ աչքին,
Ու իմ աչքերը հենց քո
Կարոտներից սևացան,
Հավատացի ես մի օր
Քո անմարմին երազին,
Սև' ցելերի սերմացան,
Սև ցելերի սերմնացան:

Սև' ցելերի սերմնացան,
Հավատում եմ և' հիմա՝
Քո ցելերը սևասև
Մի օր ոսկի կդառնան,
Քո ցելերից երեկվա
Միայն հուշեր կմնան,
Եվ այդ հուշը կհագնի,
Ա՜խ, այդ հուշն էլ կհագնի
Սև ցելերից բարձրացած,
Կանաչներ գարնան...

Ու կմնա իմ հոգում,
Իմ սեղանին, իմ երգում
Մեր առաջին սիրո պես
Քո կարոտը հերարձակ,
Կնայեմ քո աչքերին
Ժպիտով ու աներկյուղ,
Սև՜ ցելերի սերմնսցան,
Սև՜ ցելերի սերմնացան...:


ՇՈՒՆԸ[խմբագրել]

Երեկ հաչում էր նորից հնամենի մեր բակում
Տխրության շունը,
Ու հաչոցով ասես նա իմ տան դռներն էր թակում:

Ստվերի պես ստվերիս հետևել է նա համառ՝
Տխրության շունը,
Նրան նետել եմ երգի թաց ոսկորներ անհամար:

Հոգնա՜ծ էր նա, նվաղուն, լքվա՜ծ էր նա, անոթի՜-
Տխրության շունը,
Ու հաչում էր նա ասես քաղցի այրող ամոթից:

Ողջ գիշերը նա հաչեց և' նվաց
Տխրության շունը,
Ասես դաժան երկունքի ցավով էր նա բռնված:

...Առավոտյան արևը ծեծեց դուռ ու թթենի,
Ու վեր կացա ես,
Գրասեղանից նայեցի նոր երգիս մտերիմ:

Ու ընկել էր իմ սեմին անշնչացած,անկենդան
Տխրության շունը,
Աչքերը փակ, վայրենի, անօթևան ու հերթափ...

-Տարեք նրան,-ասացի,-չկա' այլևս, չի' հաչի
Տխրության շունը,
Տարե՜ք, թաղեք, թող հողմը նրա վրա շառաչի: