Jump to content

Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն
թարգմանությունը Եղիշե Չարենցի։

ՄԱՅՐԻԿԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՆՎԱԾ ԵՐԵԿՈՆ


Սև փողոցներում սպիտակ մայրերը
տարածվեցին, ինչպես սև դագաղի գլազեթ[1]
հաղթանակի մասին կանչողներին ասին․
«Ա՛խ, փակեցե՛ք, փակեցե՛ք գազեթների աչքերը»։

Նամակ։

Մայրիկ, բարձր։
Ծուխ։
Ծուխ։
Ծուխ։
էլ ի՞նչ եք, մայրի՛կ, երկարում։
Տեսնո՞ւմ եք,
օդն ամբողջ քարած է
թեժ ռումբերից ուժից դղրդացող քարով։
Մայ-րի՜-կ։
Հենց հիմա բերեցին վիրավոր երեկոյին․
երկար դիմադրում է՝
անհարթ,
մռայլ,
կուզիկ․
և հանկարծ,
ցնցելով ամպե ուսերը,
արտասվեց՝ փաթաթվելով Վարշավայի վզին։
Կապույտ շապիկ հագած ոսկեաչք աստղերը
ճչացին․
«Սպանված է
մեր անգին,
թանկագինը»։
Եվ մահիկն իր մի աչքը սարսափահար հառեց՝
աբոյմը պինդ սեղմած, մեռած, սառած ձեռքին այն։
Վազեցին տեսնելու լատվիական գյուղերը,
թե ինչպես, հաշմանդամ դարձած,
արցունքներով ոսկե կաստելների աչքերը
կոտրատում է Կովնոն[2] փողոց-մատներն անծայր։
Իսկ երեկոն ճչում է՝
անձեռ,
անոտ․
«Սուտ է․
կարող եմ դեռ
զնգացնելով պարում՝ շպորներըս,
բեղըս ոլորել»։

Զանգ են տալիս։

Մայրիկ։
Ի՞նչ պատահեց․
լսիր։
Սպիտակ է, ինչպես սև դագաղի գլազեթ։
«Թողեք․
հեռագիր է
սպանվածի մասին։
Ա՛խ, փակեցե՛ք, փակեցե՛ք գազեթների աչքերը»։


  1. ոսկեթել կամ արծաթաթել կտոր։
  2. Լիտվայի Կաունաս քաղաքի նախկին անունը։