Jump to content

Մանուկներին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մանուկներին
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 256
տ. ― էջ 465, ծ. ― էջ 597

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ


Եկե՛ք, սիրուն իմ մանուկներ,
Վազե՛ք, եկեք շուտ ինձ մոտ,
Վիշտ ու կասկած դուրս վանեցեք
Իմ ծեր լանջից հիվանդոտ։

5 Ձեր սըրտերում՝ շող ու թըռչուն,
Ձեր մըտքերում՝ վըտակներ,
Ինձ տիրում է արդեն աշուն,
Շուտով կըգա և ձըմեռ։

Տաղ կանչեցեք, սիրունիկնե՛րս,
10 Էն տաղերը խընդագին,
Որ թըռչուններն երգում են ձեզ
Գարնան պայծառ օրերին։

Ոչինչ բան է խելքը մարդի,
Եվ դատարկ է, և չընչին
15 Ձեր մանկական անմեղ շուրթի
Ժըպիտների առաջին։

Ձեզանից լավ՝ երգ չի տեսել
Գարնան օրը ոսկեփայլ,
Դուք եք երգն էլ, խաղն էլ, լույսն էլ,
20 Ու առանց ձեզ՝ ողջ մըռայլ։