Մասնակից:Արմեն Ալավերդյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն, Ու՞ր են կորել եթերահած հրեշտակները արթուն, Անուշաբույր մեղր ու նեկտար և մազտաքե ակաղձուն, Տարածական լույսին հանգույն, նրբամարմին ինչպես ձյուն:

Կրկին պիտի փառաբանեմ տեսիլներն իմ հնամաշ, Որտեղ կանայք փափկասուն են և նրանց մեջ դու՝ միրաժ, Իմ երազում այս լուսինը շուռ եմ տվել գլխիվայր, Բայց պատկերդ դեռ անէ է, թեև գիտեմ անայլայլ:

Մագնիսական ի՜նչ ուժեր են քեզ երկնքում տատանում, Երբ առանցքն իմ ճշգրիտ է աստղերի մեջ անհատնում, Ազդականչի նման անհայտ իմ երկյուղն ես տարհանում:

Երկինքն այսօր մի տեղ ամպել, մի այլ տեղ է շառագույն, Լա՞ց ես լինում, թե՞ հրճվում ես, կամ բեկել ես հազար գույն, Ակնախտիտ ցող ու արցունք այտս են թրջում ապարդյուն:


ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան, իմ բնօրրան, Իմ եզերք, իմ Բագարան, Իմ քնար, իմ երգ Գողթան, Իմ Անի, իմ Երևան: Հավատի իմ մագաղաթ, Երկնահաս իմ Արարատ, Անծանոթ, բայց հարազատ, Ինչ ունեմ քեզանից զատ: Թանկ, ինչպես համը հացի Եվ աղը՝ արցունք-լացի, Սևանից, Վանից բացի Իմ Պարզ լիճ՝ արյան թացի: Հոգնել եմ այս խոնջանքից, Այս երթից հոգի մաշող, Ալեհեր այս տանջանքից Աշխարհից աշխարհ չվող: Թե հրաշք լինի մի օր Տաս միլիոն աչք ու ափի, Կարոտից գժվեմ մի նոր, Քեզ գգվեմ առանց չափի: Հայաստան, իմ բնօրրան, Իմ եզերք, իմ Բագարան, Իմ քնար, իմ երգ Գողթան Իմ Անի, իմ Երևան:


Անի

Ցող արցունքի մեջ աշխարհն ակներև Գարնան հալոցք է կամ աշնան տերև, Գոռ կատարներից բացվեց առավոտ, Ինչ միալար ես, անհասցե կարոտ: Անին մարգարիտ և լքված խեցի, Բնավեր ոստան, բյուր եկեղեցի: Քառասուն դուռ կա քաղաքում անուրջ, Եվ Ախուրյանից ձգվող մի կամուրջ: Սմբատ արքայի քանդակ հոյակերտ Ձեռքիդ պահում ես Անին՝ մանրակերտ: Մայր տաճարի մեջ Սուրբ Աստվածածին Որմնանկարում Տերն է միածին: Զվարթնոցի պես կատարյալ ու շեն Սուրբ հոգու խորան կոչված Գագկաշեն: Առաքելոց վանք, Փրկիչ-կացարան, Որբ է իմ Անին, հուշի կայարան: Միտքս շրջում է քաղաքում անէ, Ուր ժամանակը վաղուց անկարգ է, Զարդեղեն ու զենք և ճենապակի… Ցավից խորասույզ մեկն ինձ ապտակի: Եվ հարյուր տարվա մենությունն է այս Ցող արցունքի մեջ ծվարած երազ, Գարնան հալոցք է, թե տերև աշնան, Ինձ կանգնած թաղեք մահս չիմանամ:



Քաջասպատակ են տղերքը կրկին, Թեև զինահար, դարձյալ թամբին են, Մատնանշել են թևանի քաջքին, Օրհնանքից դեպ մահ, այդ նույն ճամփին են: Խորվիրապների ժժմունքն անարի Սահեսահ մտել հողն իմ հայրենի, Փորը քսելով բեկված կորերին, Տիրանալ կուզի մթնաձորերին: Բայց մեզ սգավոր հո մայր չի ծնել Այս անտուն-անտեր երթում աներեր, Բարձրյալն ի վերուստ մեզ էլ է զննել, Որ մի օր ցավն այս անի անվավեր: Բրդյա տաք շապիկ քո մա՞յրն է հյուսել Աստվածածինի չարխափան սիրով, Գայթակղության մախաղն ես ուսել, Այս կռիվն անցար իր ամբողջ ծիրով: Անկարգ կենցաղին ասում եմ բոհեմ, Ես ինչի՞ց այսօր դարձյալ դժգոհեմ, Անձնազոհների թուրն է հավլունի, Միթե խոցվածը սիրող սիրտ չունի: Ում մանուկն է որբ, ում կինը՝ այրի, Ում աչքերն են թաց և ծիծաղը՝ լաց, Այն նույն ձորերն են կուսական, վայրի, Եվ հայրը հեռվում կանգնած գրկաբաց: Դարձյալ հուշերիս մտապահոցում Ծվարատեղ եմ փնտրում ոչ դյուրին, Նույն դրվագի մեջ քանիսն են լացում, Կռվի մեջ մայրդ է միայն յուրային: -Բժիշկ, շապիկս մայրս է գործել, Հագիս թող մնա որպես չարխափան, Այդ մի բեկորն էլ ուսս չի խոցել… Մորս ի՞նչ կասեմ, չունեմ պատասխան:


Քարկապ եմ գցել, Քանդել ես, Կապանք եմ դրել, Խանդել ես, Առաջին մեղքից հետո, Քանիսն ածանցել, Հավելել ես: Այս շարքի գումարը Գիտեմ, Հանում ես կամ գումարում, Արդյունքը կուզես Ասեմ. Քեզ համար մեկ է, Գիտեմ: Բայց քանի արշին Հեռու, Հասել եմ շարքիդ Վերջին, Հիմա ես էլ եմ Հլու, Հիշել եմ մեր մեղքն Առաջին: Հնձվորին ջուր Կբերե՞ս, Կամ կուզես գինի Մորմոք, Հնձում է, Հետո դատում, Արմատ է հանում Արդյոք: Իմ և քո Քառակուսին Չորս անկյուն Ուներ շիտակ, Խրճիթս Սարի ուսին, Առանց քեզ Ո՜նց է դատարկ:


Օր, արև չտան՝ հալածիր, Շամանդաղն ինչ է՝ մակածիր, Ստահոդ լուր է՝ տարածիր, Ալեբախ ծովն է լայնածիր:

Մի կյանք ես ապրում անիմաց՝ Ծնունդից մինչև հոգեհաց, Դարիդուս, մթին, աչքդ թաց, Նեղության մեջ ես բանիմաց:

Չոր գլուխն ինչ է ուղփամած, Անպիղծ ապրեցի, Ողորմած, Հողմավար մի շող ոսկեմած, Քանի մոտեցա՝ շորորաց:

Երերաց, կորավ խավարում, Թե սուզվեց ծովի ծավալում, Խաշամի աշնան հարավում Շունն էլ է շան նման ծարավում:

Տարակուսեցի-զարմացա, Անհամի համից՝ դառնացա, Լսելու բան էր, հեր օրհնած, Շարադրեցի շուն կտրած:


Եդեմական ծաղիկը

Չարքի թաթին դրոշմ չկա, Եդեմի նույն օձը վկա, Քեզ խաբում է վաղվաղակի, Որ շարունակ ինձ ծանակի...

Ինչ էացա, անէացա, Երազի պես եկա, անցա, Երկնքի մեջ մի գիսավոր Այրվեց, կորավ, է՜, անցավոր:

Պապակ շուրթիս համբույր դիպավ, Հավքը թևեց դեպի հարավ, Քանի դատարկ գավաթ ու գավ Փշրվեցին, հե՜յ, գիտի կավ:

Հույզս ալեկոծ, ծովն իմ փրփուր Ու Եդեմի ծաղիկն ինձ հյուր, Փափկասուն է և հոլանի, Ի՜նչ չքնաղ է, երանելի:

Լավաշ ու հաց հանապազօր, Կա՞ն, թե՞ կորան մավր ու աշուր, Մեղր և նեկտար անուշաբույր, Ելակ ու նուռ, հասած մասուր:

Անէացա, կամ ու չկամ, Հավքի թևով գամ կամ չգամ, Այն եդեմի դռներն են փակ, Ուր թախծում է մի հրեշտակ:


Պուճախս միջակ գիտես, Տրոհիր ցավդ ցավիս, Թե պիտի արգահատես, Ինչ երնեկ մեռած կավիս: Չորս շահին մի աբասի, Այսօր էլ կուշտ կքնես, Ով մնա իրասածին, Ներսուդուրսն էլ ոնց քննես: Լավերից ե՞ս եմ թերուս Եվ հոգիս ճա՞ք է տվել, Ո՞նց նայեմ խորքը հոգուս, Անշուքին շուքն է գերել: Ես մեղա, թե գեհենում Մեկը կա առանց մակարդ, Կիսայրը չի հագենում, Լարում է դավ ու թակարդ: Ծծվանքից ինչ էլ քամես, Մրուրդ խեժ չի դառնա, Որոմ է, թե որ ցանես, Լավաշ ու հաց չի դառնա: Անկյունս երբ էլ կիսես Հավասար երեք մասի, Տողաքաշ ու մի կարկին Քեզ նվեր, բայց ինձ չասես… Կույրի պես լաց եմ եղել, Հոսել եմ ոնց պատահի, Փորձել եմ ցավս մեղմել, Անունը չտամ մահի։ Ճակաճան, թե տիրուհի, Աբրեշում սեր տվեցին, Վերջալույս, իմ սիրուհի, Մեղքերս զուր թվեցին։ Գիշեր է, կգա, կանցնի, Մաղի մեջ լույս ու մանյակ, Ես՝ նվաստ, ով վեհանձնին Չափ կտա՝ մանրամանակ։ Ինչ վախճան, թե ծիլ չտա, Ինչ վայրկյան, որ կանգ առնի, Նախորդը ոնց էլ գնա, Հաջորդն է միշտ ապառնի:

Ավազ էր, քար ու քռա, Խոտոր էր՝ անցա մի կերպ, Առիշեղ քանի ճամփա, Քանի խոռ ու անհաս ծերպ:


Խոստովանություն

Թախանձագին եմ պաղատում, Աստված, Աջդ կարկամած դեռ համբուրում եմ, Սողեսող այսպես, երիցս անտեսված Ցավին հակընդդեմ ես համբերում եմ: Որպես մեղքերիս դառը հավելված, Զղջանքիս համար գրված մի քասիդ, Հուսակտուր եմ աղաչում, Գթած, Ինձ չափից շատ է թրմօղին թասիդ: Խափանիր ձայնս, որ աղեկտուր Երկինքն է բռնել, հյուսիսից հարավ, Պապակ եմ, Վերին, մի կաթիլ ջուր տուր, Ես այս հնձանում թթվում եմ ծարավ: Հիվանդիս տուր հույս, խեղդվողիս մի ափ, Ամայի հոգուս համաստեղ մի չափ, Որ գնամ անվերջ, չհասնեմ սակայն Եվ ետ չդառնամ մերժված, ձեռնունայն: Որոնումներիս անդուլ լինելիք, Ես էլ հո քար չեմ, մարդ եմ աշխարհիկ, Տես, մեկտեղել եմ ցավ ու ասելիք, Գթա, Ողորմած, պատկերս գալիք: Ես կգամ վերջից, ուր ադամորդին Էլ անկարող է ցավս ամոքի, Խոստովանության այս դասաժամին Թամբն ինձ վրա է, կամ ես եմ թամբին...


Կորուսյալ երկիր

Կորուսյալ երկիր, ցավի նույն ծիրում Մահն էլ, իմացանք, կանաչ է բուրում, Հավքերը հիմա Գարդման աշխարհում Ավեր շեմին են դեռ ապաշխարում: Չարեքաբերդը բարձր քարափին, Պատվար է եղել այլոց տարափին, Հորձանք են տվել և առել դադար Քանի ելուզակ մոնղոլ ու թաթար: Եվ սպասում է ամրոցս իր հերթին, Գետաբակս, ախր, ոնց է ծանծաղել, Կույր տիրակալի պատգամն է կրկին, Աչքի անտեսը միտքը չի ներել… Իվանե իշխան, քաջ ու անվարան, Զաքարյան տոհմի մեծն շառավիղ, Առաջնորդիր ինձ աշխարհս Գարդման, Առնեմ Չարեքս, կածան ու շավիղ:



Ի՞նչ լուսին է ձեզ մակընթաց օրորում, Ձեր մի պատառ հացն ինչպե՞ս եք վաստակում, Անիմա՞ստ եք գիշեր ու տիվ գլորում, Մի՞թե խայծ եք ընկած կյանքի հատակում: Ընչեղները չուլ ու փալաս ժողովու՞մ, Թե՞ խեղճերն են ողորմություն դեռ մուրում, Քանի՞ ձուկ կա ձեր հավատի կողովում Եվ վարդերը սև՞, թե՞ անուշ են բուրում: Արու և էգ ե՞րբ են իրար դարպասում, Թե՞ կիսվում եք, նաև այսպես բազմանում, Անմեղ ու պիղծ ի՞նչ սանդղակով դասդասում Եվ ընկնու՞մ եք, թե՞ անարգելք բարձրանում: Ձեր Աստծու հետ ի՞նչ եք տալիս ու առնում Եվ ինչու՞ եք այսքան հեռու սավառնում, Թե հոգնած եք, հրամեցեք, տուն մտեք, Մի թաս խմենք, որ շարունակ չտխրեք…