Մարկոն վերացնում է պսակի հարկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մարկոն ռամազանին գինի է խմում Մարկոն վերացնում է պսակի հարկը

Ժողովրդական

Մարկոն վար է անում
Թարգանիչ՝ Հովհաննես Թումանյան

[ 188 ]

Սերբական ազգային էպոսից


Վազ լուսաբացին վերկացավ Մարկոն,
Ձին հեծավ, չափեց դաշտը Կոսովի։
Գընաց, որ հասավ Սերվանա գետին՝
Դիմացը ելավ մի սիրուն աղջիկ։
— Բարի օր, ասավ, կոսովցի քուրիկ։
Սիրուն աղջիկը խոր գլուխ տըվեց.
— Բարին արևիդ, անծանոթ կտրիճ։
Ու էսպես խոսեց Մարկոն քաջազուն.
— Քուրի՛կ, դու ջահել, էդքան գեղեցիկ,

Հասակդ նոճի, այտերըդ կարմիր,
Ափսո՜ս, որ մենակ ծամդ է խանգարում.
Ինչո՞ւ է, քուրի՛կ, ծամըդ ճերմակել,
Բախտըդ, երևի, թռել է քեզնից։
Դու ի՞նքդ ես արդյոք ցավի հանդիպել,
Թե քո խեղճ մերը, թե հերըդ ծերուկ։
Կոսովի աղջիկն արտասուք թափեց,
Արտասուք թափեց ու էսպես ասավ.
— Չէ՛, ախպերացու, անծանոթ կտրիճ,
Ես չեմ խորտակել իմ բախտն իմ ձեռքով,

Փորձանքը ինքն է եկել իր ոտով։
էս ինը տարի կըլինի ուղիղ,
Հեռվից արաբը մեզ մոտ է եկել,
Կապալով Կոսովն առել սուլթանից։
Դըրել է երկիրն ամբողջ հարկի տակ,

[ 189 ]

Ուտում է, խըմում դաշտը բովանդակ։
Մի ուրիշ հարկ է դըրել մեզ վրա
Ամեն հարսնացու, որ մարդու գընա,
Պետք է վըճարի երեսուն ոսկի.
Ամեն փեսացու, որ աղջիկ ուզի,

Երեսուն ոսկի, չորսն էլ ավելի։
Ով էսքան ոսկի ուներ գըրպանում,
Ով էսքան ոսկի տըվեց արաբին՝
Ամենքը դարձան մարդու֊որդու տեր։
Ես որբ աղջիկ եմ. եղբայրներ ունիմ,
Նըրանք էլ աղքատ, ձեռքները պակաս,
Չեն կարող էսքան հարկ տան արաբին։
Սըրա համար չեմ գընում ես մարդու,
Չեմ կարում դառնամ տան ու տեղի տեր.
էս է իմ ցավը, անծանոթ ախպեր։

Բայց թե երանի էս լիներ մենակ,
Աղջիկն իր տանը նըստեր անպըսակ,
Կամ աղջիկ չառներ տըղան նորահաս։
Ուրիշ մի ցավ կա, անարգ առավել,
Արաբը ուրիշ մի հարկ է դըրել,
Որ նոր պըսակված հարսին ու փեսին
Գիշերը տանեն արաբի մեծին,
Ինքը նոր հարսին փայի, փայփայի,
Իրեն մարդիկը ջահել փեսային։
Ամեն տուն, ուր կան աղջիկ ու տղա,

Ղրկել են հերթով ամենքն արաբին։
Եկել է հերթը ինձ հասել հիմի,
Որ սև արաբին գընամ ես էսօր,
Որ նըրա կինը դառնամ ես էսօր։
Ու միտք եմ անում ինքըս իմ միջին.
Տե՛ր աստված, արդյոք ի՜նչ անեմ հիմի.
Ծըմա՞կը գընամ, թոկ գըցեմ, կախվե՞մ,
Թե՞ գետը գընամ, ջուրն ընկնեմ, խեղդվեմ.
Ինչ էլ որ լինի՝ մեռնեմ վերջանամ,
Քան չար թշնամու տարփածուն դառնամ։

— Քուրի՛կ ջան, ասավ Մարկոն դյուցազուն,

[ 190 ]

Մի՛ կըտրիր հույսըդ, համբերող եղիր.
Ո՛չ ջըրում խեղդվիր, ոչ ծառից կախվիր,
Ու մի՛ կորցընիր ինքըդ քո հոգին։
Ցույց տուր ինձ մենակ տեղը արաբի,
Ո՞ւր է արաբը, ո՞րտեղ է կենում,
Խոսելիք ունիմ էսօր նըրա հետ։
Պատասխան տրվեց կույսը Կոսովի.
— Ախպե՛ր ջան, ասավ, անծանոթ կտրիճ,
Ինչո՞ւ ես հարցնում տեղը արաբի,

Արաբի տեղը դատարկ տեսնեմ ես։
Չըլնի՞ թե դու էլ աղջիկ ես ուզել,
Գընում ես, որ տաս հարկը պըսակիդ։
Չըլնի՞ թե քո մոր մինուճարն ես դու.
Եթե արաբը տա քեզ ըսպանի՝
Խեղճ պառավ մերըդ ի՞նչ պիտի անի։
Ու Մարկոն ձեռը գըրպանը տարավ,
Երեսուն ոսկի հանեց գըրպանից,
Տըվեց Կոսովի տըխուր աղջըկան։
— Ա՛ռ, քուրի՛կ, բըռնիր էս երսուն ոսկին։,

Դարձի՛ր, ետ գընա քո տունը ճերմակ,
Էնտեղ ըսպասիր քո կարմիր բախտին․
Ցույց տուր ինձ մենակ տունը արաբի,
Կերթամ քո հարկն էլ կըտամ ես նըրան։
— Արաբը, ախպե՛ր, տուն ու բակ չունի։
Նայիր դաշտն ի վար, դատարկ ու դուրան.
Մի տեղ է մենակ դըրոշ ծածանում,
Էն սև արաբի դըրոշն է մետաքս,
Էնտեղ է նըրա վըրանը զարկած,
Վըրանի շուրջը կանաչ ցանկապատ,

Ամբողջ ցըցահան շարած գըլուխներ,
Մեր կըտրիճների գըլուխներն անբախտ։
Քառսուն պահապան ունի արաբը,
Հըսկում են անքուն գիշեր ու ցերեկ։
Հենց որ վերջացավ խոսքը աղջըկա,
Շուռ տրվեց Մ արկոն գըլուխն իր ձիու,
Քըշեց Կոսովի արձակ դաշտն ի վար։

[ 191 ]

Տաքացրեց, լըցրեց իր հուր Շարացին։
Ոտների տակից կըրակ է թըռչում.
Պընչերից բոց է ելնում կապուտակ։

Գընում է Մարկոն սիրտը լեփ-լեցուն,
Իր այտերն ի վար արցունք է հոսում,
Արցունքի տակից էսպես է խոսում.
— Հե՜յ, դու լայնարձակ սուրբ դաշտ Կոսովի,
էս ի՜նչ ես տեսնում, ի՜նչ տեղ հասար դու
Մեր թագից հետո, մեր փառքից հետո.
Արաբն եկել է՝ չոքել քեզ վըրա։
Չեմ կարող տանել էս ցավն ես դաժան,
Չեմ կարող տանել անարգանքն էս սև,
էս տուրքն անօրեն, էս հարկն անպատիվ,

Որ աղջիկ֊տըղա պըղծվեն սերբերի։
Քույրե՜ր, ձեր ոխը էսօր ես կառնեմ,
Ձեր ոխը կառնեմ, կամ թե՝ կըմեռնեմ
Ու քշեց շիտակ վըրանի վըրա։
Պահնորդ արաբներ հեռվից աչքեցին
Ու էսպես ասին արաբի մեծին.
— Մեր տե՛ր, աաացին, մեր իշխան արաբ.
Կապույտ նըժույգը հեծած ամեհի,
Կոսովի դաշտով կըրակի նըման,
Մի արմանք զարմանք կտրիճ է գալի։

Կըրակ է թըռչում նըժույգի ոտքից,
Պընչերից ծուխ է ելնում կապուտակ։
Մեզ վըրա է սա քըշում շիփ-շիտակ։
Արաբի մեծը պատասխան տվեց.
— Հե՛յ, ասավ, տըղե՛րք, իմ քառսուն քաջեր,
Ո՞վ կարա իր ձին քըշի մեզ վըրա։
Նոր նըշան դըրած մի ջահել է դա,
Իրեն հարսանքի հարկն է գալիս տա։
Ափսոսն է գալիս երեսուն ոսկին,
էրվում է իր մեջ ու քըշում է ձին։

Դուրս եկեք դրա առաջը շուտով,
Գըլուխ վեր բերեք հարգանքով, պատվով.
Օգնեցեք, ձիուց իջեցրեք իրեն,

[ 192 ]

Ձին ու զենքերը առեք իր ձեռքից,
Ու իրեն բերեք վըրանը— ինձ մոտ։
Ես դըրա ոսկին չպիտի առնեմ,
Դըրա գլուխը պետք է ես առնեմ,
Ու խաղուն կապույտ նըժույգը տակի։
Ասավ ու խըմբով ծառաներն ելան.
Որ ձեռքիցն առնեն ձին ջահել հյուրի,

Բայց հենց մոտեցան, տեսան Մարկոյին,
էլ սիրտ չի արին առաջը գընան,
Փախան, վըրանը մըտան վերըստին,
Թաք կացան ետևն արաբ իշխանի,
Իրենց թըրերը ծածկեցին փեշով։
ներս մտավ Մարկոն բակը արաբի,
Ցած իջավ ձիուց վըրանի շեմքում.
— Գընա՛, իմ Շարաց, քեֆ քաշի՛ր, ասավ,
Քեֆ քաշիր էստեղ, բակումն արաբի,
Բայց, տե՛ս, դըռնիցը հեռու չըգնաս,

Գուցե թե շուտով հարկավոր լինիս։
Ու մըտավ Մարկոն վըրանն արաբի։
Սիրուն սերբուհին առաջին կանգնած՝
Արաբը նստել՝գինի է խըմում։
Ներս մըտավ Մարկոն ու բարև տըվեց.
— Բարի օր, տանտե՛ր, բարի աջողում։
Արաբը սիրով բարևը առավ.
— Աստծու բարին քեզ, անծանոթ կտրիճ,
Նըստի՛ր, մի բաժակ դատարկիր մեզ հետ,
Հետո կըպատմես՝ ինչու ես եկել։

Ես դառավ Մարկոն՝պատասխան տըվեց,
— Գինի խմելու ժամանակ չունիմ,
Եկածս էլ արդեն բարի է ինքնին։
Սըրանից բարի էլ ի՞նչ կըլնի.
Աղջիկ եմ ուզել, պըսակ եմ գընում,
Հարսանքավորըս կանգնած է ճամփին,
Եկա՝ վըճարեմ տուրքը պըսակի,
Վըճարեմ և՛ ինձ, և՛ հարսիս համար,

[ 193 ]

Շուտ արա, որ ետ չընկնենք մեր ճամփից,
Ես քանի՞ ոսկի պիտի վըճարեմ։

էս խոսքի վըրա արաբը ասավ.
— Թե քանի ոսկի– դու ինքըդ գիտես․
Հարսը տալիս է երեսուն ոսկի.
Փեսան երեսուն, չորսն էլ ավելի։
Բայց ես տեսնում եմ՝ կըտրիճ մարդ ես դու.
Հարյուր էլ որ տաս՝ ի՞նչ կա քեզ համար։
Ու Մարկոն ձեռը գրպանը տարավ,
Հանեց, շըպրտեց մի երեք ոսկի։
— Հավատա՛, ասավ, էլ ավել չունիմ։
Թե կուզես՝ մընա, ըսպասիր մի քիչ,

Մինչև պսակից ետ գամ հարսիս հետ,
Բաժինքը ողջ քեզ, հարսը ինձ լինի։
— Գարշելի՛, թըշշաց արաբն օձի պես.
Սակարկո՞ւմ ես դու․․․ դու ծաղրո՞ւմ ես ինձ․․․
Ես չեմ հավատում ձեզնից ոչ մեկին։
Ասավ, վեր կալավ իր գուրզն ահագին,
Զարկեց Մարկոյին երեք֊չորս անգամ։
Զարկեց, ծիծաղեց Մարկոն քաջազուն։
— Հե՛յ, դու սև արաբ, հե՛յ արաբ, ասավ
Կատա՞կ ես անում, թե ճիշտ ես զարկում։

Ու օձի նման արաբը թըշշաց.
— Կատակ չեմ անում, սըրտով եմ զարկում։
— էնպես կարծեցի՝ կատակ ես անում։
Դե որ էդպես է, սըրտով ես զարկում,
Ինձ հետ էլ մի գուրզ կըլնի երևի,
Քանի անգամ որ դու ինձ զարկեցիր,
էնքան անգամ էլ ես քեզ կըզարկեմ.
Նըրանից հետո դաշտը դուրս կըգանք,
Դաշտը կըջոկի կտրիճը մեր մեջ։
Ասավ ու առավ իր գուրզը մեխված

Ու էնպես զարկեց արաբի մեծին,
Որ գլուխն իսկույն թըռավ ուսերից։
Նայեց, ծիծաղեց Մարկոն քաջազուն։
— Տեր աստված, ասավ, փառքըդ շատ լինի,

[ 194 ]

Ինչքան հեշտ թըռավ գլուխն արաբի,
Ասես գլուխ չէր ունեցել իսկի։
Ապա թե հանեց թուրը հավլունի,
Ողջ ծառաներին հընձեց խոտի պես,
Քառասուն հոգուց չորսին թող արավ.
Որ գընան անցնեն աշխարհքից աշխարհք,

Իր ու արաբի պատմությունն անեն։
Բակի շուրջ շարած գլուխներն առավ,
Առքով ու փառքով թաղեց հողի մեջ,
Որ ցին ու ագռավ չգան, չկըտցեն,
Նըրանց փոխարեն՝ արաբի մարդկանց
Գլխները զարկեց, շարեց բակի շուրջ,
Ու տիրեց գանձին արաբի դիզած։
Չորս արաբին էլ որ թողեց, կենդան,
Չորս կողմի վըրա ղըրկեց աշխարհքի,
Որ, գընան, անցնեն դաշտը Կոսովի,

Պատմեն ու Էսպես կանչեն ամեն տեղ.
— Որտեղ որ հասած աղջիկ կա տան մեջ
Արձակ֊համարձակ թող մարդու գընա,
Ու թող պըսակվեն սերբերը ազատ.
Վերացա՜վ, ջընջվեց հարկը պըսակի,
Մարկոն վըճարեց ամենքի համար։