Մի մրահոն աղջիկ տեսա
Արտաքին տեսք
Մի մրահոն աղջիկ տեսա
[խմբագրել]Մի մրահոն աղջիկ տեսա
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին։
Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ։
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի։
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.–
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…