Jump to content

Մի քիչ պատմություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի քիչ պատմություն
Աղբյուր՝ Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը, Եր., «Նաիրի» հրատ., 2005, 144 էջ + 8 թերթ գուն. նկ. ներդիր, տպ. 200 օր. (էջ 8-18)։

Մի քիչ պատմություն


Ներկայիս Կոճողոտի շրջակայքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձաններն ու բնակատեղիների ավերակները հուշում են տարբեր ժամանակաշրջաններում այդ տարածքի բազում անգամ վերաբնակեցման մասին։

Ամեն անգամ նոր անուն տալով բնակավայրին (Մաչեղ, Պմենշեն, Թխախոռ, Շահբազ, Խորաստան, Երե և Ներքե Ղամշոտ ծով և այլն)` բնակչությունը կրկին սկսել է իր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքը, մինչև վերստին զգացվել է պատերազմի վտանգը, և նա հերթական անգամ ելել է կենաց-մահու պայքարի։ Այդպես՝ միշտ։ Դարեր շարունակ։

Իսկ թե երբ է հիմնադրվել նոր Կոճողոտը՝ կարծիքներն իրարամերժ են։ Ընդունելի և անընդունելի։

Նախ՝ գյուղի անվանման մասին։ Գործածության մեջ երկու հիմնական կարծիք կա այդ առնչությամբ և դժվար է դրանցից որևէ մեկին առավելություն տալն ու մյուսը պակաս կարևոր համարելը, որովհետև երկու տարբերակներն էլ արժանահավատություն են ներշնչում։ Պատմաբան Շահեն Մկրտչյանը գրում է. «Պատմում են, որ հին, ավերված բնակավայրում եղել են երեք կիսաքանդ եկեղեցիներ, որոնց մոտ կային թափված 8 գերաններ՝ կոճղեր։ Այս պատճառով էլ գյուղը կոչվել է Կոճողոտ»1։

Գյուղի անվանման մյուս վարկածը գրական և գիտական շրջանառության մեջ է դրել անցյալ դարի 70-80-ական թվականներին Մարտակերտում և հայրենի երկրամասում հայտնի մտավորական Շահեն Օհանջանյանը։ Իր «Արմատ և սաղարթ» հոդվածաշարի Կոճողոտի հիմնադրման մասին պատմող հատվածում նա գրում է. «Գյուղի անունը կապված է վանքեցիների` արդի գյուղի տեղամասում անտառահատման հետ։ Հեկեղենի քարահանքում աշխատում էին վարձու բանվորներ, որոնց մեծ մասը ապաստանում էր անտառներում։ Նրանք ժամանակավոր կացարաններ պատրաստելու համար մեծ տարածքների վրա անտառ էին հատում, և տեղամասը կոչվում է Կոճողոտ, այսինքն` կոճղերի ( կոճղի) հատման վայր»2։

Դժվար է ասել, թե հնարավոր ճիշտ տարբերակն առաջինն է (ավերակ եկեղեցիների մոտ կոտրատված գերանների առկայության հետ կապված), քանի որ անտառապատ տարածքում բնակավայր հիմնադրելու, ինչպես նաև՝ վարուցանք անելու նպատակով հողահանդակներ բացելու համար, հասկանալի է, պետք է անպայման անտառահատում կատարվեր։ Կտրտված ծառերի տեղում մնացել են կոճղեր (այսինքն՝ կոճղոտ տարածք)։ Այստեղից էլ կարելի է ենթադրել գյուղի Կոճողոտ անունը։

Վիճահարույց է նաև նոր բնակավայրի հիմնադրման կոնկրետ թվականի հարցը, որովհետև փաստացի ապացույցներ չկան, ավերված են հին գերեզմանատները, իսկ գյուղի հնավայրում պեղումներ նախաձեռնելն ու իրագործելը, թերևս, այսօրվա պայմաններում՝ քիչ հավանական ու դժվար իրագործելի։ Հրապարակի վրա գտնվող գրավոր տեղեկություններն էլ զուտ տեղագրական-վիմագրական, ազգագրական-երկրագիտական բնույթ ունեն3։

Նոր Կոճողոտի հիմնադրման վերաբերյալ պատմաբան Շահեն Մկրտչյանի մոտ առկա որոշ տեղեկություններ հիմնականում կապվում են 16-րդ դարի հետ։ Նա գրում է. «Գանձասարի Սարգիս կաթողիկոսի կոնդակով, 16-րդ դարում թուրք-սելջուկներից (՞ - Ա.Ա.) նեղված փախստականներին իրավունք է վերապահվել բնակատեղ ընտրել ներկայիս Կոճղոտի տեղում»4։ Իսկ թե ինչպես է կոչվել նոր բնակավայրը՝ ուսումնասիրողը կոնկրետ ոչ մի անվանում չի նշում։

Կասկածի տեղիք է տալիս նաև Սարգիս կաթողիկոսի անվան հիշատակումը, որովհետև Գանձասարում Սարգիս անունով երկու կաթողիկոս է գահակալել։ Բայց քանի որ մատնանշված է հատկապես 16-րդ դարը, ուրեմն Շ. Մկրտչյանի հիշատակումն, անշուշտ, Հատիր-Մելիքի որդուն՝ Աղվանից Սարգիս կաթողիկոսին պիտի վերաբերվի, որ նստում էր Գանձասարում և մահացել է 1555 թվականի մայիսի 17-ին5։ («Քրիստոնյա այաստան» հանրագիտարանում նշված է 1554 թվականը)։

Ամեն դեպքում, այդ բնակավայրը ևս ավերվել է ժամանակի ընթացքում, իսկ բնակչությունը կամ բռնել է գաղթի ճանապարհը, կամ էլ կոտորածի ենթարկվել։ Համենայն դեպս՝ ներկայումս գոյություն ունեցող Կոճողոտ գյուղի բնակիչների տոհմաազգակցական կապը 16-րդ դարում նույն տեղանքում իրենցից առաջ ապրածների միջև հաստատող վավերագրեր ու վկայություններ մեզ հաջողվեց գտնել, ինչը հիմք է տալիս ենթադրել այ այդ կապի իսպառ բացակայությունը։

Գյուղի հնաբնակների պատմածներն էլ հաճախ հակասում են մեկը մյուսին։ Նրանց մի մասը պնդում է, թե իբր ներկայիս գյուղը (Կոճողոտ՝ անվանումով) հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին, մյուսը նույն դարավերջն է հիմնադրման հավանական ժամանակաշրջանը համարում։

Կարելի է ենթադրել, որ, ամեն դեպքում, գյուղի հիմնադրման ճիշտ ժամանակաշրջանը 18-րդ դարավերջն է, որովհետև մի քանի տոհմերի օրինակով, ըստ սերունդների դեպի պատմության խորքը գնալու բոլոր «վարժություններն» այդ ժամանակաշրջանից (1790-1795թթ.) առաջ չեն անցել։

Տարակարծությունների առիթ է տալիս և այն, որ ապրուստի միջոցներ հայթայթելու գործում առկա դժվարություններից խուսափելու համար բնակչության տեղաշարժն ավելի հավանական է (թերևս՝ անխուսափելի), ուստի՝ պիտի կարծել, որ հենց 18-րդ դարի 90-ականների այդ դժվար ժամանակաշրջանում, երբ միայն Աղա Մահմեդ Շահ Ղաջարը երկու արշավանք է ձեռնարկել դեպի Անդրկովկաս (հատկապես՝ Շուշի և Թիֆլիս), հասկանալի կլինի ժողովրդի սոցիալական ծանր վիճակը (հնարավորություն չէր լինում նույնիսկ հնձել ցորենի հասուն արտերը)։ «Ղարաբաղում գերեզմանային լռություն էր տիրում»,- գրում է Լեոն6։ Մարդիկ ստիպված էին բնակության նոր վայրեր ու ապրուստի նոր միջոցներ փնտրել։ Եվ ահա, թերևս, հենց այդ ժամանակներում էլ պետք է, որ առաջին վանքաշենցիները7 Հեկեղանի բարձունքից իջած լինեին դեպի Թարթառի հովիտ։ Դա նաև համընկնում է Մելիք բեկի որդի Սարգիս Հասան-Ջալալյանցի 1792-ի (ըստ Լեոյի՝ 1791) դեկտեմբերի 8-ին Գանձակում օծված կաթողիկոսի (Հայոց Արևելից կողմանց վերջին հայրապետի)՝ Գանձասարում գահակալության առաջին շրջանին, որը տևել է մինչև 1798 թվականը` սովի ու ժանտախտի տարին8։

Թերևս, ավելի ճշմարտանման է այն վարկածը, որն առաջ է քաշում Շ. Օհանջանյանը. նա նոր Կոճողոտի հիմնադրման ժամանակաշրջանը միանշանակորեն 19-րդ դարի սկիզբն է համարում9։

Մի շարք պատմաբանների մոտ կա այն փաստարկը, որ 1806-ին «բացահայտ ուխտադրժության համար» Իբրահիմ խանի՝ Կովկասում ռուսական զորքերի հրամանատար Լիսանևիչի կողմից սպանվելուց որոշ ժամանակ անց վտարանդի հայ մելիքները հպատակների հոծ խմբերով սկսեցին իրենց ավերված բնակավայրերը վերադառնալ10։ Քանի որ 1805-ի մայիսի 14-ին Քուրակ գետի ափին կնքված ռուս-պարսկական պայմանագրով Ռուսաստանին էր անցել Ղարաբաղի խանությունը, և անտեսվել էին հայ մելիքների իրավունքներն ու շահերը։ Փաստորեն վերջ էր տրվել նաև մելիքական գործունեությանը և շատ հայ մելիքներ հարկադրաբար հեռացել էին հայրենի եզերքից։

Սարգիս Հասան-Ջալալյանցը, որ ամենայն Հայոց Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի կամեցողությամբ զրկվել էր կաթողիկոսական գահից և արքեպիսկոպոսի տիտղոսով առաջնորդ էր կարգվել Հաղպատի վանքում, Թիֆլիսից Գանձասար ուղարկեց Շուշիի բանտում տանջամահ արված եղբոր՝ Դանիել-բեկի որդի Բաղդասար վարդապետին, Գանձասարի վանքային համալիրը կարգի բերելու և կրկին կաթողիկոսական նստավայր դարձնելու համար։ Բագրատ Ուլուբաբյանը վկայաբերում է Լեոյին՝ «տաճարը լցված էր աղբով, դռներն՝ այրված, շինությունները՝ քարուքանդ»11։

Եթե հայտնի է, որ այս Սարգիսը որպես կաթողիկոս կրկին հինավուրց կաթողիկոսարան է վերադարձել 1810 թվականին 12, ապա պիտի կարծել, որ ներկայիս Կոճողոտի տարածքում վերաբնակեցման թույլտվության վերաբերյալ իր կոնդակը նա պետք է հռչակած լինի այդ թվականին կամ դրանից ոչ շատ հետո, բայց՝ ոչ երբեք դրանից առաջ։

Ուստիև՝ այդ տարածքում հերթական անգամ վերաբնակեցումը կամ նոր Կոճողոտի հիմնադրումը, ամենայն հավանականությամբ, պետք է 19-րդ դարի առաջին տասնամյակը համարել։

Տարեց կոճողոտցիների պատմածներից երևում է, որ նոր բնակատեղ փնտրողներն ամենևին էլ վանքաշենցիներ չէին (ոչ բոլորն, իհարկե), թեև եկել էին Վանքաշենից, այլ ապրուստի միջոցներ փնտրելով՝ տարբեր վայրերից են Վանքաշեն հասել, այնտեղից էլ՝ նոր բնակատեղ հիմնադրելու համար անտառապատ լեռնանցքով իջել Թարթառի հովիտ։

Այդ ժամանակներից անցել է երկու լրիվ դար, բայց ժողովրդի մեջ մինչև այսօր էլ որպես մականուն-տոհմանուն պահպանվում է Խոյլուվանք (խոյեցիներ) անվանումը՝ միանշանակորեն հաստատելով ասվածը։

Իսկ թե ով էր իսկապես Վանքաշենից Կոճողոտի ներկայիս տարածք ոտք դրած առաջին մարդը՝ մեզ կրկին հարցականի առաջ է կանգնեցնում։
Կոճողոտցի Մարկլեն Մխիթարյանի կարծիքով, համեմատաբար խաղաղ իրադրությունը նպաստավոր պայմաններ էր ստեղծում Վանքաշենից 25-30 կմ հեռավորության վրա գտնվող այդ տարածքները վանքաշենցի անասնապահների անարգել մուտքի համար։ Եվ ըստ նրա՝ առաջին վանքաշենցին, որ իսկապես այդ տարածք է ոտք դրել, դա անասնապահ Սահարն էր։ Նա հարմար բնակատեղ էր ընտրել, իսկ խոշոր եղջերավոր անասուններն ամեն առավոտյան քշում էր Թարթառի հովիտը, ուր և՛ կերն էր առատ, և՛ ջուրը։

Մեկ այլ կարծիքով, Սահարը մենակ չի եկել Վանքաշենից։ 94-ամյա կոճողոտցի Մխիթար Գրիգորյանը պնդում է, որ Սահարի հետ վերաբնակման նպատակով եկել էին նաև Գևորգն ու Սարակը (մինչև այսօր էլ գյուղամերձ տարածքներում պահպանվում են Սարականց տափ և Սահարին տեղ հանդամասերը՝ իրենց նախնական անվանումներով։ Ի դեպ, «Սարականց» անվանումը նաև «Հասարակաց» ձևով է վերծանվում13, և ասում են, որ բաժանված էր սակավահող ընտանիքների միջև)։ Բայց այդպես էլ նրանք չեն կարողացել այդ տարածքն իրենց մշտական բնակատեղը դարձնել, որովհետև անասունները (գոմեշները) Թարթառի հովտից երեկոյան դժվարությամբ էին հաղթահարում վերելքը, շատ անգամ էլ բնակատեղ չէին բարձրանում, ուստի, բնակիչները ստիպված էին իջնել գետահովիտ, մոտ տարածքում անասնագոմեր կառուցել, բնակության մշտական վայր ունենալով Վանքաշենը։

Ոչ-ոք, թերևս, չի կարող ճշտորեն վերարտադրել այն պատկերը, որ առնվազն 200 տարվա վաղեմություն ունի։ Բայց եզրահանգումներ անելու իրավունք բոլորին էլ վերապահվում է։ Նշենք, թեկուզ, մի հանգամանք, պատմում են, որ այն ժամանակներում նոր բնակավայր հիմնադրելիս առաջին հերթին քահանա էր ուղարկվում, և, որ վերաբնակներից մեկի՝ Խաչոյի ավագ որդի Միքայելն արդեն ձեռնադրված քահանա էր, կասկածից վեր է։ Մի հանգամանք ևս. շատ կոճողոտցիներ միանշանակ պնդում են, որ գյուղի ամենաարգավանդ հողահանդակները պատկանում են Խաչովանց տոհմին։ Եվ այս երկու փաստարկներն առիթ են տալիս պնդելու, որ Կոճողոտի ներկայիս տարածքում առաջինը բնակություն է հաստատել Խաչոն։ Իսկ նոր բնակատեղում հաստատվելուց հետո Տեր-Միքայել քահանա Մխիթարյանն անմիջապես անցել է իր հոգևոր պարտականությունների կատարմանը։

Մարկլեն Մխիթարյանը տալիս է Խաչոյից հետո վերաբնակվածների հետևյալ մոտավոր հերթականությունը։ Ըստ նրա՝ երկրորդ մարդը Կոպալ-Վերդին էր, որ մշտական բնակություն հաստատելու նպատակով նոր Կոճողոտի տարածք է ոտք դրել, երրորդը՝ Աթասունց Տանիելը, հաջորդը՝ Մելին, հետո՝ Խալափը, Սևին, Առուշանը, Թաթոսը, Քոչարին։ Նրանք տարբեր ժամանակներում հաստատվելով նոր բնակատեղում՝ իրենց համար նախ՝ ժամանակավոր կացարաններ, իսկ այնուհետև՝ մշտական ղարադամներ 14 են պատրաստել ու սկսել են վարել իրենց անհատական տնտեսությունները։

Բնակատեղերն ընտրվում էին առանձին-առանձին վայրերում, իրարից բավական հեռավորության վրա։ Անտառահատում կատարելով՝ նրանք հողատարածքներ էին բացում և՛ դարադամներն ու անասնագոմերը կառուցելու, և՛ որպես վարելահող օգտագործելու նպատակով։

Նորաբնակները սեփական տնտեսությունները վարելուն զուգընթաց՝ վերականգնում էին եկեղեցիները, կամ էլ՝ ավերվածների տեղում նորերն էին կառուցում, որովհետև նրանք այստեղ ամեն ինչ ավերված էին գտել՝ և՛ պատմաճարտարապետական հուշարձանները (գյուղամիջի Կարմիր եկեղեցին, Խորաստանի Մատուռը, Մատուռի Անապատ եկեղեցին, Սարականց տափի եկեղեցին, գերեզմանատները, խաչքարերը, ջրաղացները), և՛ բնակավայրերը։



 __________________
1 Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները (երկրորդ վերամշակված և լրացված հրատարակություն)։ Երևան, «Հայաստան» հրատ., 1985, էջ 61։
2 Շահեն Օհանջանյան, Արմատ և սաղարթ (Կոճողոտ, Դրմբոն)։ Մարտակերտի «Բարեկամություն» շրջանային թերթ, թիվ 6 (5123), 12 hունվարի 1984 թ. էջ 2։
3 Մակար Բարխուտարեանց, Արցախ։ Բագու, տպ. «Արօր», 1895, վերահրատ, Երևան, տպ. «Ամարաս», 1996, 122-123 էջերում։
Սեդրակ Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, պր. V (Արցախ)։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982, 91-92 էջերում։
Շ. Սկրտչյան, նշվ. աշխատությունը, 59-62 էջերում։
Շ. Օհանջանյան, նշվ. հոդվածաշարը։
Սերգեյ Սելքումյան, Լեռնային Ղարաբաղ (պատմատնտեսաաշխարհագրական ուսումնասիրություն)։ Երևան, «Լույս» հրատ., 1990, 303 էջ, տպ 15000, 188-189 էջերում։
Փաշա Հակոբյան, Դրմբոն գյուղի պատմությունը։ Ստեփանակերտ, «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ, 1999, 14, 20-22, 25, 43-50, 54, 60, 93 էջերում։
4 Շ. Մկրտչյան, նշվ. աշխ., էջ 61։
5 Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում։ Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1975, էջ 355։
Մակար Բարխուտարեանց, Պատմութիւն Աղուանից, Բ. էջ 21։
Մեսրովբ Արքեպ. Սմբատեանց, նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ, Տփղիս, 1904, էջ 146։
6 Լեո, Երկերի ժողովածու տասը հատորով, երրորդ հատոր (Հայոց պատմություն, երրորդ հատոր, գիրք երկրորդ)։ Երևան «Հայաստան» հրատ., 1973, էջ 404, 408։
7 Գյուղանունն՝ ըստ Մակար Բարխուտարեանցի։
8 Բ. Ուլուբաբյան, նշվ. աշխ., էջ 247։
   Լեո, նշվ. աշխատ., էջ 370։
9 Շ. Օհանջանյան, նույն տեղում։
10 Բագրատ Ուլուբաբյան, Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը։ Երևան, «Տիգրան Մեծ», 1998, էջ 257։
11 Նույն տեղում։
12 «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան։ Երևան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 2002, էջ 44։
13 Ըստ Վելիկո Սարգսյանի պատմածի։
14 Ղարադամը (թուրքական լեզուներում՝ «մեծ տուն», «գլխատուն») շինություն է մարդկանց բնակվելու համար, որի ընդհանուր մակերեսը 100 մ է, հաճախ՝ ավելի։ Կոճողոտցի Մխիթար Գրիգորյանը (1910 թ. ծնվ.) պատմում է, որ մեկ ղարադամում կարող է տեղավորվել մոտ երեք տասնյակ մարդ։ Թաթոսանց ղարադամն, օրինակ, ամենամեծն էր համարվում, ուր 26 մարդ էր տեղավորվում։
Հետաքրքիր էր նաև ղարադամի կառուցման ձևը, գետնափոր տարածքի վերևում (տանիքին) չորսական հավասարաչափ գերաններ էին դրվում, քառակուսաձև, իսկ այնուհետև դրանց զուգահեռ, եզրերից դեպի կենտրոն շարվող գերաններն աստիճանաբար կարճանում էին (կենտրոնում մնում էր 60 x 60 սմ բաց տարածք, որը որպես դարադամի երդիկ էր ծառայում), հետո գերանների վրա մեկ մետր հաստությամբ հող էր լցվում։
Վառելափայտը բերվում էր եզներով, գերանների ձևով։ Գերանը մտցվում էր դարաղամի ներսը, մի ծայրը դրվում էր (երդիկի ուղղությամբ հատակին արված կրակի վրա)։
(Տե՛ս նաև Փաշա Հակոբյանի նշվ. գիրքը, էջ 9)։