Մոսկվայի ոճրագործ սադրանքը
ՄՈՍԿՎԱՅԻ ՈՃՐԱԳՈՐԾ ՍԱԴՐԱՆՔԸ
[խմբագրել]Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների առաջին փուլը պարզորոշ կերպով ցույց տվեց, որ Հայաստանը կարող է դառնալ Խորհրդային Միության չորրորդ հանրապետությունը, որտեղ կարող է ստեղծվել ինքնուրույն քաղաքականություն վարող ազգային իշխանություն։ Դրանով փաստորեն մեր ժողովրդի առջեւ բացվում է յոթանասունամյա գաղութային լծի թոթափման եւ անկախ զարգացման շոշափելի ուղին, որ, հասկանալի է, ամենեւին չի մտնում կայսրության ու նրա տեղական կամակատարների հաշիվների մեջ։
Երկու տարի շարունակ փորձելով վարկաբեկել մեր արդարացի սահմանադրական շարժումը, բռնությունների, ձերբակալությունների միջոցով ջլատել նրա ուժերը, Կենտրոնին ու նրա դրածոներին այնուամենայնիվ չհաջողվեց կասեցնել այն բնական գործընթացը, որ սպասում է իր տրամաբանական վախճանին՝ ազգային խորհրդարանի ձեւավորմանը։ Դրանով է բացատրվում այն հիվանդագին տենդը, որ Հայաստանում եւ Արցախում կայացած ընտրություններից հետո համակել է կենտրոնական ու տեղական իշխանություններին։ Վերջին օրերս տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցույց են տալիս, որ ընտրությունների առաջիկա փուլերում դրությունը փրկելու համար նրանք պատրաստ են ցանկացած նողկալի քայլի, անգամ արյունահեղության, որի պերճախոս վկայությունն է դեպքերի հետեւյալ տրամաբանական շղթան.
Մայիսի 22–23-ին Հայաստանի բոլոր ղեկավարները՝ Վ. Մովսիսյանը, Հ. Ոսկանյանը եւ Վ. Մարգարյանցը կանչվում են Մոսկվա։ Մայիսի 23-ի երեկոյան Ստեփանակերտում չպարզված հանգամանքներում սպանվում է 17-ամյա մի հայ պատանի։
Մայիսի 24-ի առավոտյան Բաքվից Ստեփանակերտ ժամանած մի հանձնաժողով անօրինական ստուգումներ է կատարում քաղաքի բնակսոցբանկում, առիթ տալով բնակիչների զայրույթին եւ ներքին զորքերի ստորաբաժանումների ու քաղաքացիների բախմանը։
Նույն օրը երեկոյան եւ հաջորդ օրվա լույս գիշերը ներքին զորքերի ստորաբաժանումները զրահամեքենաներով եւ ավտոմատային հրաձգությամբ լայնածավալ ահաբեկչական գործողություն են ձեռնարկում Ստեփանակերտի փողոցներում, որի հետեւանքով զոհվում է մեկ եւ վիրավորվում 9 մարդ։ Պատասխան կրակից սպանվում է նաեւ մեկ եւ վիրավորվում 4 զինվոր։
Մայիսի 25-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած միտինգում խստորեն դատապարտվում է զորքերի սանձազերծած վայրագությունը Ստեփանակերտում եւ կոչ է արվում, հավատարիմ մնալով քաղաքական պայքարի մեթոդներին, պատրաստ լինել դիմագրավելու բռնության հետագա փորձերը։
Մայիսի 26-ին Երեւան են ժամանում միութենական իրավապահ մարմինների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրի տեղակալ Շիլովը, ներքին զորքերի հրամանատար Շատալինը, պետական անվտանգության կոմիտեից՝ Լուկինը եւ ուրիշներ։
Մոսկվայից ժամանած պաշտոնյաների եւ Հայաստանի ղեկավարության հետ նույն օրը կայացած մեր հանդիպումներից պարզվում է, որ նրանք իբր ահազանգ են ստացել, թե մայիսի 27–28-ին Երեւանում տեղի են ունենալու զանգվածային անկարգություններ, մասնավորապես փորձ է արվելու տապալել Լենինի արձանը, կազմակերպել անկախության օրվան նվիրված աշխարհազորային շքերթ, գրավել կառավարական շենքը եւ այլն։
Մայիսի 26-ի երեկոյան կենտրոնական ռադիոն եւ «ժամանակ» հեռուստատեսային ծրագիրը տարածում են սադրիչ հաղորդագրություններ, թե իբր նախորդ օրվա միտինգում հնչել են հակասահմանադրական գործողությունների դիմելու կոչեր, որոնց հետեւանքով Հայաստանում սպասվում են լուրջ իրադարձություններ։ Փորձից գիտենալով նման հաղորդագրությունների սադրիչ նպատակը, Հայոց համազգային շարժման վարչությունը անմիջապես իր բողոքն է հայտնում Մոսկվայից ժամանած պաշտոնական անձնավորություններին եւ ահազանգում օտար լրատվական գործակալություններին՝ Հայաստանում ծրագրվող պատժիչ գործողությունների հնարավորության մասին։
Մայիսի 27-ի առավոտյան Երեւանի երկաթուղային կայարանում լուրջ բախում է տեղի ունենում երկաթուղու զինվորական պահակախմբի եւ մի զինված ջոկատի միջեւ, որի հետեւանքով զոհվում է վեց քաղաքացի եւ վիրավորվում տաս զինվոր։ Կայարանն անմիջապես շրջապատվում է զրահապատ մեքենաներով եւ ներքին զորքերի հոծ շղթայով։ Աշխարհազորի եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվիստների միջամտության եւ քաղաքացիների զգոնության շնորհիվ միջադեպը հաջողվում է տեղայնացնել եւ զսպել կրքերը։
Կայարանամերձ հրապարակից հեռանալուց հետո զինվորականները, ստեղծելով լարվածության նոր օջախ, շրջապատում են Էրեբունի թաղամասի հիվանդանոցի դիահերձարանը, ուր տեղափոխվել էին զոհվածների մարմինները։
Զորքերի համալրումը խոչընդոտելու նպատակով զինված երիտասարդների մի խումբ փորձում է փակել Նուբարաշեն (Սովետաշեն) – Երեւան խճուղին։ Զրահապատ մեքենաները ճեղքում են շրջափակումը եւ, թափանցելով Էրեբունի թաղամաս, անկանոն կրակ են բացում բնակելի շենքերի վրա, որի հետեւանքով զոհվում է 17 եւ վիրավորվում շուրջ 40 քաղաքացի։ Բախման ընթացքում զոհվում է նաեւ մեկ սպա։ Հայոց համազգային շարժման ղեկավարների եւ աշխարհազորի մի շարք հրամանատարների ներդրած ահռելի ջանքերի գնով հաջողվում է դադարեցնել փոխհրաձգությունը եւ խուսափել ավելի մեծ արյունահեղությունից։
Էրեբունի թաղամասում տեղի ունեցող արյունալի միջադեպի ընթացքում եւ դրանից հետո էլ երկու զրահապատ մեքենա ակնհայտորեն սադրիչ նպատակով սուրում են Երեւանի կենտրոնական փողոցներում՝ հավանաբար պատրվակ փնտրելով ընդարձակելու միջադեպի սահմանները։
Նույն օրը երկու հսկայական զինվորական ավտոշարասյուն Կարմիրից եւ Իջեւանից շարժվում են դեպի Երեւան եւ Հոկտեմբերյան։ Բնակչության մեջ նոր գրգռություն չառաջացնելու նպատակով Հայոց համազգային շարժման ներկայացուցիչների եւ գեներալ Շատալինի միջեւ կայացած պայմանավորվածությամբ ավտոշարասյունները դադար են առնում Երեւանի մատույցներում, Սեւանի խճուղում։
Մայիսի 28-ի վաղ առավոտյան զինվորականների կամ խորհրդային բանակի համազգեստ հագած անհայտ մարդկանց կողմից գնդակոծվում է Հայոց համազգային շարժման շենքը եւ սպանվում գետաշենցի մի երիտասարդ, որը գիշերում էր շենքի առջեւ կանգնած մարդատար ավտոմեքենաներից մեկում։
Մայիսի 28-ի՝ լույս 29-ի ողջ գիշերը ռազմական զինավարժության պատրվակով գրգռիչ հրաձգություն է տեղի ունենում քաղաքի զինվորական կայազորում, որը կրկնվում է նաեւ հաջորդ գիշերը։
Դեպքերի նմանօրինակ զարգացումը ակնհայտորեն ցույց է տալիս, որ մենք գործ ունենք արհեստականորեն ստեղծված աժիոտաժի եւ բծախնդիր կերպով ծրագրված սադրիչ գործողության հետ, որ հետապնդում է միանգամայն անբարոյական եւ նենգ նպատակ, այն է՝ թափելով անմեղ մարդկանց արյունը, Շարժման դեմ տրամադրել մեր ժողովրդին եւ դրանով վիժեցնել դեմոկրատական ուժերի հաղթանակը հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններում։
Այսպիսով, զուտ քաղաքական նպատակով, ս.թ. մայիսի 23–28-ին, կենտրոնական եւ տեղական իշխանությունների որոշ շրջանակների հանցավոր համագործակցությամբ, հայ ժողովրդի դեմ կատարվել է հրեշավոր ոճրագործություն, որին նախնական տվյալներով զոհ է գնացել 26 եւ վիրավորվել շուրջ 60 մարդ։
Հանուն արդարության՝ բոլոր ոճրագործները պետք է նստեն մեղադրյալի աթոռին։ Սակայն դրանով չէ, որ պետք է իմաստավորվի անմեղ զոհերի թափված արյունը։ Այդ արյունը կիմաստավորվի միայն այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը մի բռունցք դարձած՝ կվիժեցնի կայսերապաշտ ուժերի քաղաքական ծրագրերը եւ ազգային իշխանության հաստատմամբ կդնի մեր անկախ պետականության հիմքերը։
- «Հայք», 30 մայիսի, 1990 թ.։
- «Հայք», 30 մայիսի, 1990 թ.։
Ստորագրված՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե, Հայոց համազգային շարժման վարչություն»։