Jump to content

Մոսկվան այլընտրանք չունի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից








ՄՈՍԿՎԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

[խմբագրել]
(28 հունվարի, 1990 թ.)

1990 թվականի հունվարի 13-ին հայ ժողովրդի դեմ գործվեց մի նոր ահավոր ոճրագործություն։ Այս անգամ ծրագրված ցեղասպանության զոհ դարձավ Բաքվի հայության վերջին հատվածը։ Նորից վայրագություններ, տների հրկիզումներ, հիսունից ավելի մարդկային զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր փախստականներ։ Մի խոսքով, Ադրբեջանի ղեկավարության եւ կենտրոնական իշխանության մեղսակցությամբ կրկնվեց սումգայիթյան եղեռնագործությունը, սակայն շատ ավելի լայն ընդգրկումով։ Եթե դեռեւս կարելի էր համաձայնել սումգայիթյան նախճիրը աննախադեպությամբ ու անակնկալությամբ բացատրելու փորձերին, ապա Բաքվի դեպքերը վերջնականապես ի չիք դարձրին Խորհրդային Միության հայ քաղաքացիների կյանքի ապահովության երաշխիքների գոյության պատրանքը։

Բացի Բաքվից, օրեր շարունակ ադրբեջանական հրոսակների կատաղի հարձակումների թիրախ դարձան Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հայկական գյուղերը։ Չնայած տեղի բնակչության ժամանակին հնչեցրած ահազանգերին եւ Հայաստանի հասարակայնության բարձրացրած պահանջներին, այս անգամ եւս խորհրդային «փառապանծ» բանակը հանցավոր հապաղումով ժամանեց դեպքերի վայր, այսպիսով հնարավորություն տալով մոլեռանդ խաժամուժին ի կատար ածելու Գանձակ հայաշխարհն իր բնիկ ազգաբնակչությունից մաքրազերծելու նախանցյալ տարվա նոյեմբեր ամսին սկսված գործը։ Սակայն Հյուսիսային Արցախի աշխարհազորայինների եւ Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ժամանած ինք նապաշտպանական ջոկատների հերոսական գործողությունների շնորհիվ հակառակորդը մատնվեց ջախջախիչ պարտության՝ տալով տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ։ Շահումյանի եւ Գետաշենի հայության կազմակերպված ինքնապաշտպանությունը եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ հայ ժողովուրդն իր ազգային իղձերին հասնելու համար պետք է ապավինի միայն սեփական ուժերին։

Հակահայկական մոլուցքի նոր ալիքի բարձրացումն Ադրբեջանում կենտրոնական իշխանությունները կրկին փորձում են բարդել հայ ժողովրդի վրա, մասնավորապես նկատի ունենալով Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերջերս կայացրած իբրեւ թե «սադրիչ» որոշումները։ Դրա վկայությունն են ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Ն. Ն. Սլյունկովի կատարած հայտարարությունները մեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ս.թ. հունվարի 15-ի հրամանագիրը «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում եւ մի քանի այլ շրջաններում արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Մինչդեռ միանգամայն ակնհայտ է, որ Ադրբեջանում հայ բնակչության դեմ սանձազերծված նոր բռնությունները բնական հետեւանքն են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրում Կենտրոնի վարած այն անսկզբունքային եւ հակաիրավական քաղաքականության, որի պսակը հանդիսացավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 28-ի խայտառակ եւ իսկապես սադրիչ որոշումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման վերաբերյալ։

Լկտիաբար ոտնահարելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական իրավունքը, հանդուրժելով եւ նույնիսկ խրախուսելով ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները՝ սումգայիթյան եղեռնագործությունը, հայերի զանգվածային տեղահանությունները, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տեւական շրջափակումները, խորհրդա-իրանական սահմանների աննախադեպ խախտումները՝ կենտրոնական իշխանություններն ադրբեջանցիների գիտակցության մեջ ամրապնդեցին բացարձակ անպատժելիության գաղափարը, որը եւ դարձավ վերջին արյունալի իրադարձությունների իրական ազդակը։ Եթե փորձ է կատարվում քողարկել այս ակնհայտ ճշմարտությունը, ապա դա նորից արվում է Մոսկվայի հան ցավոր դիրքորոշումն արդարացնելու եւ հանրային կարծիքն ապակողմնորոշելու նպատակով։ Ուստի վերջին երկու տարիների ընթացքում հայ ժողովրդի դեմ գործված հանցանքների համար հավասարապես պատասխանատու են ինչպես ադրբեջանական, այնպես էլ կենտրոնական իշխանությունները, որոնք անխուսափ ելիորեն պետք է կանգնեն պատմության դատաստանի առջեւ։

Բաքվում սումգայիթյան ցեղասպանության կրկնությունից հետո այլեւս անհնար է հայ ժողովրդին կերակրել դեմոկրատական վերափոխումների սին պատրանքներով կամ սահմանադրական պայքարի միջոցներով Արցախի խնդիրը լուծելու ծրագրերով, քանի որ երկու տարվա փորձը ցույց տվեց, որ Մոսկվան հաշվի է նստում միայն բիրտ ուժի հետ։ Այլապես անհնար է բացատրել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989թ. նոյեմբերի 28-ի որոշումը եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1990թ. հունվարի 15-ի հրամանագիրը, որոնցով Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Արցախի հայության բախտը փաստորեն հանձնվեց նրա հարստահարողների՝ ադրբեջանական իշխանությունների քմահաճույքին՝ ի չիք դարձնելով Արցախի վերաբերյալ նախկինում ընդունված որոշումների պարունակած նվազագույն դրական տարրերը։

Այս տեսակետից ամբարտավանության գագաթնակետ պետք է համարել մանավանդ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության վերջին հրամանագիրը, որով՝

ա) Ադրբեջանում գործված ոճիրների համար հավասար մեղադրանք է ներկայացվում ադրբեջանական եւ հայկական կողմերին,

բ) նորից, ինչպես Սումգայիթի դեպքում, քողարկվում է Բաքվում կատարված ցեղասպանությունը, դրանով փաստորեն պաշտպանության տակ վերցնելով նրա կազմակերպիչներին ու իրագործողներին,

գ) Ադրբեջանի Գերագույն խորհրդ ի նախագահության դիմումի համաձայն, արտակարգ դրություն է հայտարարվում ոչ թե Բաքվում, որտեղ տեղի են ունեցել արյունալի իրադարձությունները, այլ Լեռնային Ղարաբաղում ու շրջակա վայրերում,

դ) նույն դիմումի հիման վրա, կոպտորեն խախտելով Հայաստանի սուվերեն իրավունքները, արտակարգ դրություն է հայտարար վում նաեւ ՀԽՍՀ Գորիսի շրջանում, որտեղ չի արձանագրվել օրինականության խախտման որեւէ դեպք,

ե) Հյուսիսային Արցախի եւ Լեռնային Ղարաբաղի հայությանը սպառնում է լիակատար զինաթափում, դրանով զրկելով նրան ինքնապաշտպանության հնարավորությունից,

զ) վտանգավոր շրջաններից քաղաքացիներին ժամանակավորապես արտաբնակեցնելու իրավունքով պատրվակ է ստեղծվում Հյուսիսային Արցախի հայությանը տեղահանելու համար,

է) արգելվում են ՀԽՍՀ քաղաքացիների այցելությունները Հյուսիսային Արցախի ու Լեռնային Ղարաբաղի շրջանները, որով մեր հայրենակիցները զրկվում են Հայաստանի նյութական, բարոյական ու զինական օգնությունից,

ը) եւ վերջապես, որ ամենաարտառոցն ու վտանգավորն է, արտակարգ դրություն է մտցվում առանց այդ միջոցառման իրավական կարգավիճակի առկայության,որով դուռ է բացվում ցանկացած կամայականության համար։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, այս հրամանագիրը նորից ուղղված է միայն ու միայն հայ ժողովրդի դեմ, եւ բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը չի կարող հանդուրժել նրա կենսագործումը։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ անհրաժեշտ է անհապաղ վերսկսել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդհատված նստաշրջանը՝ առկա իրադրության քաղաքական գնահատականը տալու եւ դրանից բխող հրատապ միջոցառումներ մշակելու համար։ Դա անհրաժեշտ է մանավանդ այն պատճառով, որ Միության կողմից իր քաղաքացիների կյանքի անվտանգության երաշխիքներ չապահովելու փաստից մեկնած՝ հայ ժողովուրդը հարկադրաբար եւ տարերայնորեն լծվել է ինքնապաշտպանության՝ միջազգային իրավունքով վերապահված սրբազան գործին, որի դեպքում բացառված պետք է լինի որեւէ ինքնագործունեություն եւ անիշխանություն։ Հայ ժողովրդից այսօր պահանջվում են պետական մակարդակով իրականացվող գերճշգրիտ եւ սառը քաղաքական քայլեր, որոնց մշակումը կարող է ապահովել միայն Հայաստանի սուվերեն հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանը։

Կենտրոնական իշխանությունների համար վերջապես պետք է պարզ դառնա այն իրողությունը, որ կատարվածից հետո հայ ժողո վուրդն այլեւս չի հանդուրժի իր ազգային արժանապատվությունը ոտնահարող անբարոյական վերաբերմունքը եւ չի ների հարեւան հանրապետությունում իր հայրենակիցների նկատմամբ կատարված ոճրագործությունները։ Եթե նույնիսկ կտրուկ միջոցառումների շնորհիվ հաջողվի հսկողության տակ վերցնել Ադրբեջա նում տիրող իրադրությունը, ապա միեւնույն է, Հայաստանը չի հանդարտվի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը դուրս չի բերվել հայ ժողովրդի բնաջնջումը որդեգրած հանրապետության կազմից, եւ չի սկսվել նրա բաժանված տարածքների վերամիավորումը հռչակած պատմական որոշման իրականացումը։ Մոսկվան այլընտրանք չունի եւ եթե չի ուզում խորհրդային դաշնության կազմում ունենալ հավերժ ըմբոստ մի հանրապետություն, պետք է վերջապես հաշտվի այս մտքի հետ[1]։

Երկարատեւ տատանումներից հետո կենտրոնական իշխանությունները ս.թ. Հունվարի 20-ին վճռեցին Ադրբեջանում դիմել կտրուկ միջոցների՝ տիրապետելու համար հսկողությունից դուրս եկած պայթյունալի իրադրությանը։ Դա ձեռնարկվեց ոչ թե հանրապետության հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես ներկայացվում է պաշտոնական տեղեկատվական միջոցների կողմից, այլ միայն այն բանից հետո, երբ լուրջ սպառնալիք ստեղծվեց խորհրդային իշխանության գոյության համար։ Այս տեսակետից տեղի ունեցող իրադարձությունները պետք է գնահատել որպես Ադրբեջանական հանրապետության սուվերեն իրավունքների խախտում, որ հետագայում կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ Խորհրդային Միության մյուս հանրապետությունների ճակատագրի վրա։

Այսօր հարեւան հանրապետությունում թափվում է ոչ միայն բռնի ուժի դիմած ծայրահեղական տարրերի, այլեւ անմեղ մարդկանց արյունը, որ չի կարող չհուզել հայ ժողովրդին։ Արդարացիորեն պահանջելով իր հայրենակիցների կյանքի անվտանգության ապահովումը եւ Սումգայիթի ու Բաքվի ցեղասպանության հանցագործների արժանի հատուցումը՝ հայ ժողովուրդը նկատի ուներ ոչ թե խորհրդային բանակի իրա կանացրած լայնածավալ գործողությունները, այլ իրավական պետությանը հատուկ քաղաքակիրթ միջոցների կիրառումը։

Չհերքելով հանդերձ Ադրբեջանի ժողովրդական ճակատի արկածախնդրական գործունեությունը, դատապարտելով հայերի եւ այդ հանրապետության այլ քաղաքացիների նկատմամբ սանձազերծված զանգվածային ոճիրները, այնուամենայնիվ, դեպքերի նման զարգացումը նախ եւ առաջ պետք է համարել Ադրբեջանի ղեկավարության եւ կենտրոնական իշխանությունների վարած արատավոր քաղաքականության ողբերգական հետեւանքը։

Բռնությունը, եթե այն թելադրված չէ ժողովրդի ինքնապաշտպանության շահերով կամ հենց բռնությունը կասեցնելու պահանջներով, դատապարտելի է բոլոր առումներով, անկախ այն բանից, թե ում կողմից է այն կիրառվում՝ պետությա՞ն, թե՞ քաղաքացիների։Դեմոկրատիան եւ բռնությունն անհամատեղելի են, եւ այս տեսակետից Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը միանշանակ է։


«Հայք», 28 հունվարի, 1990 թ.։
ՀՀԱՆԱ, 28/16.01.90։ Բնագիր։ Ինքնագիր։
  1. Ձեռագրում հոդվածն այստեղ ավարտվում է, շարունակությունը հավանաբար ավելացվել է հրապարակումից անմիջապես առաջ, որի ձեռագիրը չի պահպանվել։