Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երազ «Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...»

Հովհաննես Թումանյան

«Բանաստեղծը ծերացել է...»



* * *


Մութն էր երկինքը. ոչ ոք չըտեսավ
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։

Լուռ էր պոետը, թախիծը դեմքին,
Ի՛նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան.
Սակայն տողերում, երբ որ կարդացին,
Զգայուն սրտի արցունքը տեսան։


1892