Նախերգանք (պիես)
Մթության մեջ հնչում է Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգ»-ը։ Տղամարդը գլուխը ձեռքերի մեջ առած նստած է։ Ներս է մտնում կինը, լույսը վառում է, երաժշտությունն անջատում.
- Տ. — Ինչու անջատեցիր: Միացրու:
- Կ. — Ջղերիս վրա ազդում է : Մի տարի է՝ նույն բանն ես լսում:
- Տ. — Ուրիշ բան չկա լսելու: (նորից միացնում է)
- Կ. — (Անջատում է, դիսկը վերցնում, պատուհանից նետում է)
- Տ. — (Տեղից վեր թռչելով, կախիչից վերցնում է կնոջ զգեստը, պատուհանից նետում)
- Կ. — Ախ այդպե՜ս… (Տղամարդու հողաթափերը վերցնում շպրտում է պատուհանից)
(դրսից ինչ-որ մեկի հուզված ձայնը)
- Ձայն — Հերիք է ձեր տան աղբը գլխիս թափեք , Էստեղ կանգառ է, ուղևորներ են կանգնած:
(Պատուհանից ներս՝ հետ են շպրտվում զգեստը, հողաթափերը, և դիսկը:)
- Կ. — Ձայնասկավառակը պետք չէ, կարող եք ձեզ պահել: (դիսկը հետ է նետում պատուհանից)
- Ձայն — Վախ աչքը՜ս… ես ձեր..
- Տ. — Ինչու հանեցիր ուղևորի աչքը:
- Կ. — Թող քիթը չխոթի իմ ընտանեկան գործերի մեջ:
- Տ. — Հիմա ոստիկանությունը կգա:
- Կ. — Ավելի լավ, վերջապես կազատվեմ քեզանից:
- Տ. — Ինչու ինձանից: Դու ես հանել աչքը:
- Կ. — Հետո ինչ: Ձայնասկավառակը քոնն է՝ նյարդեր սղոցող հարսանեկան քայլերգով հանդերձ:
- Տ. — Բայց քայլերգը ես չեմ գրել , Մենդելսոնն է գրել:
- Կ. — Ինձ համար մեկ է , թե ով է գրել: Ով գրել է, թող նա էլ պատասխան տա: (գնում է)
- Տ. — (Կատաղած խփում է սեղանին)
Գրողը տանի: Քեզ թվում է, եթե դիսկը նետես , գլխիս մեջ կդադարի՞ հնչել այդ քայլերգը :
- Կ. — (ներս է մտնում) Դու ես մեղավոր : Քեզ ով էր ստիպում հինգ անգամ ամուսնանալ և այն էլ միևնույն քայլերգի տակ:
- Տ. — Ու՝խ ես ձեր… Դե սրանց բացատրի , որ ամուսնության ամենահուզիչ պահը քայլերգն է ինձ համար: (նկատելով ճամպրուկը) Էդ ի՞նչ ճամպրուկ է ձեռքիդ:
- Կ. — Ես հեռանում եմ:
- Տ. — Ընդմի՞շտ :
- Կ. — Չէ , Ժամանակավորապես: Մինչև գլխուղեղիդ բջիջները կվերականգնվեն:
- Տ. — Էդ դեպքում իմ ճամպրուկն ինչի՞ ես տանում:
- Կ. — Քո ճամպրուկը չի:
- Տ. — Իմի վրա ութոտնուկ էր դաջված, ահա՛ խնդրեմ:
- Կ. — ի՞նչ կա որ , իմի վրա էլ է դաջված:
- Տ. — Քոնն աջ անկյունում էր, իսկ սա ձախում է:
- Կ. — (Ճամպրուկը շրջելով գլխիվայր) Հիմա է՞լ է ձախում:
- Տ. — Հիմարություն: Մե՛ջը ցույց տուր : Հաստատ իմ շորերն են:
- Կ. — Համոզվա՞ծ ես :
- Տ. — Միանգամայն:
- Կ. — Խնդրեմ : (բացում է կափարիչը , միջից հնչում է Մենդելսոնի քայլերգը: Արագ փակում է) Գրողը տանի , նորից շփոթել եմ : Վերցրու քո տխմար Ճամպրուկը ․ (Շպրտում է, գնում):
- Տ. — (Հավաքելով ճամպրուկը) Անսիրտ կին է, ոչ մի հարգանք չունի երաժշտության հանդեպ: (Կողքի սենյակում ուժեղ գմբոց է լսվում :) Այդ ի՞նչ էր:
- Կ. — (ներս մտնելով գզգզված) Դու՞ էիր պահածոները շարել ճամպրուկիս մեջ:
- Տ. — Ոչ : Դու:
- Կ. — Ես ինչո՞ւ պիտի նման հիմար բան անեմ;
- Տ. — Թաքցրել էիր , որ հանկարծ չուտեմ:
- Կ. — Իսկ սա ի՞նչ է։
- Տ. — ի՞նչը:
- Կ. — Այս երկտողը: Դու՞ ես փակցրել ճամպրուկիս ;
- Տ. — Տուր տեսնեմ: (կարդում է) Ո՛չ, սա իմ ձեռագիրը չէ:
- Կ. — Խզբզոցի է նման, հաստատ դու ես գրել:
- Տ. — Սա 19-րդ դարի ձեռագիր է, (հոտ է քաշում) , փետուրով է գրված:
- Կ. — (խլում է ձեռքից , հոտ է քաշում) Ի՞նչ գիտես 19 -րդ դարի է:
- Տ. — Տակը նայիր՝ գրված է՝ 1842 թիվ :
- Կ. — Ուզում ես ասել 173 տարի ճամպրուկս չե՞մ բացել ;
- Տ. — Այդպես է ստացվում:
- Կ. — Հիմարություն: (նետում է) Բռնի՛ր քո անտիկվար երկտողը․ Սրանից լիքն է խոհանոցում: (գնում է :)
- Տ. — Լիքն է ՞ (վերցնում է երկտողը կարդում , գերմաներեն) -<Հարսանեկան քայլերգ ավանակի և վհուկի ամուսնության տեսարանի համար: Ուվերտյուրա նվիրված «Ամառային գիշերվա երազը» կոմեդիային : Մենդելսոն: (երկտողը դնում է գրպանը , հուզված սրբում ճակատի քրտինքը) (դռան զանգ) (վախեցած գերմաներեն) --Ով է : — Այս ի՞նչ է սա:
- Կ. — (Ներս մտնելով ձեռքին ծռմռված երկաթե ջահ՝ լյուստրա) -- Սա մե՞նք ենք նետել պատուհանից :
- Տ. — Չեմ հիշում:
- Կ. — Հիշիր: Էդ մարդը պատասխանի է սպասում դռան մոտ :
- Տ. — Ինչ մարդ :
- Կ. — Աչքը կապտած ուղևորը :
- Տ. — Ասա կորի գրողի ծոցը : Էս շենքում մենակ մենք չենք ապրում:
- Կ. — Այդպես էլ ասացի : Չի գնում:
- Տ. — Ասա թող կողքի դուռը զանգի , էնտեղ նորապսակներ են ապրում, հաստատ իրենցն է : (կինը գնում է , դռան մոտ աղմուկ չխկոց թխկոց , գոռգոռոց): (Նորից է հանում գրությունը կարդում): -- 1842 թիվ․
- Կ. — (կինը ներս մտնելով) Խայտառակություն, նորապսակներն ամուսնալուծվել են , դռան վրա հսկա չափերի երկտող է փակցված:
- Տ. — Ինչ է գրված:
- Կ. — Ես ինչ իմանամ, գերմաներեն է : Մի աչքանին կարդաց ու հուզված փախավ․
- Տ. — Գրողը տանի ․․․(հոտոտում է երկտողը) Սա պատերազմ է , մարտահրավեր ողջ քաղաքակիրթ մարդկությանը ...
- Կ. — Չգիտեմ որտեղ ինչ պատերազմ է , բայց ինձ հիմա քո մեքենայի բանալիներն են հարկավոր;
- Տ. — Ոչ մի դեպքում․ իմ մեքենան բեռներ փոխադրելու համար չի նախատեսված;
- Կ. — Քո կարծիքով ճամպրուկս գրկա՞ծ եմ հասնելու կայարան :
- Տ. — Ոնց կուզես․ Քո ճամպրուկը էս պահին ինձ չի հուզում:
- Կ. — Ախ չի՜ հուզում.. (արագ մոտենում է , վերցնում տղամարդու ճամպրուկը պատուհանից նետում)
- Տ. — Էդ ինչ արեցիր այ անմի՝տ․․․ երաժշտական ճամպրուկս․․
- Կ. — Վաղուց էր պետք ազատվել քո այդ տխմար ճվճվան արկղից: (դրսում , փողոցով մեկ սկսում է հնչել հարսանեկան քայլերգը) (երկուսով վազում են պատուհանից կախվում, նայում ներքև)
- Տ. — Բազմություն է հավաքվել
- Կ. — Վայրենի ամբոխ է
- Տ. — Հիմա կհոշոտեն ճամպրուկս
- Կ. — Իջիր ներքև , անջատիր էդ մղձավանջը
- Տ. — Ոտքերով խփում են ճապրուկիս․ Անկիրթ ժողովուրդ է , ոչ մի հարգանք չունեն երաժշտության հանդեպ :
- Կ. — Սա մարդկության հաշվեհարդարն է հարսանեկան քայլեգի հանդեպ․ (բարձր ծիծաղում է) (քայլերգի ձայնը կտրվում է)
- Տ. — Վերջ․ Ջարդեցին:
- Կ. — Հիմա մի աչքանին կգա:
- Տ. — (լաց է լինում)
- Կ. — (ձեռքը պարզելով) - Բանալիները․
- Տ. — (լացելով հանում է բանալիները գրպանից տալիս ․)
- Կ. — Երբ մտքովդ անցնի կրկին ամուսնանալ, ինձ տեղյակ պահիր: (հիստերիկ ծիծաղում է , գնում է)
- Տ. — Ծիծաղիր ծիծաղիր․ Մեկ է ձեզ չի հաջողվի kոտրել ամուսնության․․վեհ․․գերազնիվ գաղափարը , համամարդկային այդ մոլուցքը իմ արմատներում է, չեք վերացնի՝ ոչ դու , ոչ վայրենի ամբոխը, ոչ էլ անգամ Մենդելսոնի այս ․․ծաղրական երկտողը: Մեկ է չեմ հավատում , սուտ է սուտ է ․․․ բարբաջանք․․ (պատռում, օդ է նետում երկտողը , և երկնքից բազում երկտողներ են սկսում թափվել) Տղամարդը խելագար պտտվում է թռուցիկների տակ, երկնքից լսվում է թավ ազդեցիկ ծիծաղ
- Տ. — Ով ես դու․․․
- Թավ ձայն — Ֆելիքս․
- Տ. — Ֆելի՞քս …
- Թավ ձայն — Ֆելիքս Աբրահամ Բերտոլդի Մենդելսոն :
- Տ. — Հաստա՞տ ․․Էն ռոմանտիկ հրեա՞ն ․․ում քայլերգի տակ հպարտ ամուսնանում է ողջ քաղաքակիրթ աշխարհը ;
- Թավ ձայն — Ողջ քաղաքակիրթ աշխարհը մոլորության մեջ է ապու՝շ Դա պարզապես կոմիկական ուվերտյուրա է Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» կոմեդիայում, որտեղ հարսանեկան քայլերգս գրել եմ ոչ թե մարդկանց, այլ Ավանակի և Վհուկի ամուսնական արարողության համար, Հատվածն այդպես էլ կոչվում է՝ Ավանակի պսակադրությունը :
- Տ. — Ստում ես : Դու հավանաբար էս տան նախկին տերն ես , քեզ կինս է վարձել, որ ինձ գժվացնես․
- Թավ ձայն — Լռիր ոչնչություն․ Ասացի ես Մենդելսոնն եմ, բանկիր Աբրահամի որդին՝ Ֆելիքսը
- Տ. — Ինչ է ուզածդ, Ֆե՛լիքս,
- Թավ ձայն — (կատաղած) Ամոթ է վերջ տվեք ․իմ երաժշտական քմծիծաղը վերածել եք հարսանեկան հանդիսության ու լուրջ դեմքերով բազմանում եք իմ ծաղրական պաթետիկ քայլերգի տակ․Այդ քայլերգը ավանակի ամուսնության համար է գրված պա՞րզ է: Հումորի զգացում չունե՞ք ինչ է :
- Տ. — Մի ասեք այդպես : Լռեք․․․ես 5 անգամ ամուսնացել եմ ձեր քայլերգի տակ․
- Թավ ձայն — Պարզվում է ․․ ամենա անհումորը էս մարդկության մեջ, դու ես ՝ որդյակ իմ․
- Տ. — Մի վիրավորեք, ինչու եք ծաղրում, ես ախր էդ ձեր.. անիծյալ քայլեգի երդվյալ երկրպագուն եմ :
- Թավ ձայն — Դրա համար էլ ավանակի կերպարում ես հայտնվել եղբայր․ վհուկ կանայք երբ ուզում լքում են քեզ ; (բարձր ծիծաղում է , ֆանագրաման ավարտվում է:) (Կինը վառում է լույսը; Տղամարդը կարծես երազի մեջ սթափվում է:)
- Կ. — (մեղմ ձայնով) - Ինչու ես մթության մեջ նստել․ (նստում է կողքը, շոյում գլուխը) Ամբողջովին ջրի մեջ ես :
- Տ. — Ուր է ճամպրուկս:
- Կ. — Քո ճամպրուկը հոշոտված տեսք ուներ , վաղուց եմ դեն նետել:
- Տ. — (գլուխը ձեռքերի մեջ առնելով) Աստված իմ՝․․
- Կ. — Ուզու՞մ ես այսօր մեր գիշերը տոնի վերածենք ;
- Տ. — Ինչ տոն ;
- Կ. — Դե թեկուզ․․․ քո սիրած ռիտուալը ; (վերցնում է դիսկը, որ միացնի)
- Տ. — Ոչ ոչ , միայն ոչ դա ․․ (դիսկը կնոջ ձեռքից խլում է պատուհանից շպրտում)
(Դրսում հնչում է Մենդելսոնի քայլերգը :)
---
Հետաքրքիր է նշել, որ Շեքսպիրի մոտ «Հարսանեկան քայլերգի» ներքո ամուսնություն են գրանցում կատակերգության հերոսները՝ Էշն ու կախարդված Թագուհին։ Այլ կերպ ասած՝ այս քայլերգը կարելի է անվանել «էշի ամուսնության գրանցում», իսկ ընդհանուր առմամբ «Հարսանեկան քայլերգը» ոչ այլ ինչ է, քան կոմպոզիտորի հեգնանքը ամուսնության շքեղ հանդիսության հանդեպ։
Տասնյոթ տարեկանում Մենդելսոնը գրել է իր հռչակավոր «Ամառային գիշերվա երազը» ուվերտյուրան՝ Ուիլյամ Շեքսպիրի կատակերգության համար (այս կատակերգության մյուս երաժշտական համարները Մենդելսոնն ավարտել է 16 տարի անց)։ Այս ուվերտյուրան հատկապես հայտնի է իր մասերից մեկով՝ «Հարսանեկան քայլերգով»։ Այս քայլերգն ավանդաբար ուղեկցում է հարսանիքները ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Ճապոնիա, Իսլանդիայից մինչև Ավստրալիա։ «Հարսանեկան քայլերգն» առաջին անգամ հնչել է 1843 թվականի հոկտեմբերի 14-ին Պոտսդամում՝ «Ամառային գիշերվա երազը» ներկայացման ժամանակ։ Սակայն լայն ժողովրդականություն այն ձեռք է բերել 15 տարի անց՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի և Վիկտորյա թագուհու ավագ դստեր՝ անգլիական արքայադուստր Վիկտորյա Ադելհայդի հարսանիքին կատարվելուց հետո։