Jump to content

Նամակ Բաքվից (1893, հոկտեմբերի 29)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Բաքվից
Հրապարակվել է «Մշակ» (Թիֆլիս)՝ 1893, № 3 (նոյեմբերի 4): Հեղինակն օգտագործել է Ա. ծածկանունը: Հրապարակվում է ժամանակակից ուղղագրությամբ:
Մայիսի 22-ին

Հոկտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 10-ին, Գեոկչայի գավառի Ղալագեա գյուղում պատահած հրդեհը, որը 1½ ժամվա ընթացքում լափել է 300 տուն ունեցող գյուղի 170 տունը, եկեղեցին, ուսումնարանը, 26 հոգի մարդ և 45 հատ չորքոտանի անասուն, շարժում է բաքվեցիների սիրտը, որոնք իրենց ուժի չափ աշխատեցին օգնել անտուն մնացած թշվառներին: Ամսի 18-ին, պ. պ. Հ. Քոչարյան, Բ. Դոլուխանյան, Գ. Դիլդարյան և Գ. Ասլանյան անձամբ հավաքեցին երկու օրվա ընթացքում մոտ 3000 ռ. փող և 12 կապոց՝ 30 պուղի չափ զանազան շորեր, գործածած և նոր ու անկար կտորներ, թե ընտանիքներից և թե խանութներից: Ժողովուրդը ուրախությամբ էր անում այդ նվիրատվությունը: Դեկտեմբերի 21-ին պ. պ. Քոչարյանց և Դիլդարյանց ուղևորվեցին դեպի Ղալագեա՝ իրենց ձեռնարկած գործը ի կատար ածելու համար: Ահա թե ինչ են պատմում այդ պարոնները: Կրակը սկսում է հյուսիսային կողմից. թոնրի կայծը քամին տանում է խոտի դեզին է ձգում և այդտեղ էլ սկիզբ է առնում հրդեհը և տարածվում այնքան սաստկությամբ, որ շատերը չեն էլ կարողանում փախչել: Երկու հարս թև թևի տված կրակից փախչում են և մեկ հարյուր սաժենի չափ է մնացած լինում, որ գյուղից բոլորովին դուրս գան,- կրակը շրջապատում է դրանց և կլանում: Ոչ ոք չէ կարողանում ճանաչել, թե սոքա ովքեր են եղել, միայն մեկի ոտքին գուլպան մնացած է լինում, նորանով ճանաչում են: Մի խեղճ օրիորդ փախչելով մտնում է հարևանի տուն, սակայն այդտեղ էլ չէ ազատվում, և դիակն էլ դեռ չեն գտել: Մեկ մայր, իր երեխան վերցրած ուզում է փախչել, բայց զարհուրած և շփոթված մայրը կորցնում է երեխային և կրակի զոհ դարձնում: Մեկ կին երկու երեխան վերցնելով փախչում է, իսկ օրորոցի երեխան մնում է օրորոցում և մոխիր դառնում: Մի ուրիշ կին իր հիվանդ աղջկան շալակած է ու փախչում. տեսնելով, որ չէ կարողանում այլ ևս շարունակել ճանապարհը, աղջկան ձգում է թոնրի մեջ, կարծելով որ այնտեղ չի հասնի կրակը, իսկ ինքը փախչում է ու ճանապարհին զոհ գնում հրդեհին, աղջիկն էլ թոնրի մեջն է այրվում: Մեկ մարդ իր երեք երեխան և կինը դռան մոտ մոխիր դարձած է գտնում: Մի երեխա տեսնելով, որ հնար չկա ծուխից ազատվելու՝ փաթաթվում է գորգի մեջ և այդտեղ է այրվում: Մեկ խոսքով սարսափելի դեպքերի մի ամբողջ շարք: Մեկը որդի է աղաղակում, մյուսը քույր էր հառաչում, որը կիսայրված երեսով, մյուսը աչքերը կրակից վնասած, երրորդը ոտը այրված, չորրորդը ձեռքերը այրված և այլն: Բաքվցի պարոնների հասնելուն պես, գյուղացիները հավաքվել են նրանց շուրջը և երբ իմացել են նրանց նպատակը, ուրախության արտասուքները թափելով, հայտնել են իրենց անսահման շնորհակալությունը: Շորերը բաժանել են այն տարաբախտներին, որոնք համարյա կիսամերկ են եղել, իսկ փողերը՝ ըստ կարելույն ամեն մեկին հասել է այնքան, որ մեկ-երկու ամսվա ալյուրի փող ունենան և սերմի համար ցորեն կարողանան առնել:

Գովելի գործ կլինի, եթե ուրիշ քաղաքներից էլ օգնության ձեռք կարկառեն հիշյալ հրկիզյալներին և կարողության չափ օգնեն: Բաքվում հանգանակությունը շարունակվում է: