Նոյի հետքերով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Խաղաղության ասպետը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ՝ Նոյի հետքերով

Վարդան Հակոբյան

Թեպետ երազ էր, բայց երազ չէր

Նոյը տապանի մեջ, մտքերում խորասուզված ու անհանգիստ, դես ու դեն էր գնում-գալիս, հանկարծ աղավնու թեւերի սոսափյունը սթափեցրեց նրան։ Նայեց դեպի հորիզոնը։ Աղավնին սկզբում աննշմարելի կետ էր, հետո կամաց-կամաց մոտեցավ, մեծացավ ու ահա, խնդրեմ, իջավ Նոյի ուսին։ Աղավնու կտուցին ձիթենու ճյուղ կար, որը նշանակում էր՝ հովտում հեղեղն անցել է եւ արդեն գարուն է բացվում։ Բայց այս մասին չէ, որ ես ուզում եմ պատմել։ Սա գիտեն բոլորը։ Մեծ թե փոքր։ Ուրիշ բան է ինձ հուզում։ Ո՞վ կարող է ասել, ձիթենու դալարիկ շյուղն ուր գնաց, երբ աղավնին այն հանձնեց Նոյին։

Դարեր շարունակ հարցը ճշմարիտ պատասխան է փնտրում։ Տարբեր վարկածներ կան, բազմազան պնդումներ, եզրակացություններ ու անգամ գիտական ճշգրտումներ։ Սակայն իրական եղելությունը միայն վերջերս հայտնի դարձավ։ Պարզվեց, որ... Բայց հակիրճ ասենք։ Երբ Հարութը Աղավնու թեւին նստած հասավ Արարատի գագաթին, իսկ դա մի քանի օր առաջ էր, այնտեղ մի զարմանալի ծառ տեսավ՝ սպիտակ-սպիտակ, ձյունից էլ սպիտակ։

-Սա ի՞նչ ծառ է,- Հարութը հարցրեց Աղավնուն։

-Միթե չգիտես,- բացատրեց Աղավնին,- դա այն ձիթենու շյուղն է, որ իմ նախահայրը կտուցին բերել է քո նախահայր Նոյի համար։

-Բայց ինչպե՞ս է աճում հավերժական ձյունի մեջ։

-Հետաքրքիրն էլ հենց դա է, որ աճում է... Իմ նախահայր աղավնին այդ շյուղը բերելու ժամանակ կտուցի տաքից մի կաթիլ ընկել է շյուղի կտրվածքին եւ նա, որքան էլ սառնամանիք ու ձմեռ, ծիլ է տվել ու մեծացել, այդպիսի ծառ դարձել։

Հարութն ու Աղավնին մոտեցան ծառին, ձիթենու կապույտ-կապույտ պտուղների տակ կքվել էին ճյուղերը։ Ծառի մոտ Նոյի տապանից մի քանի կտորներ երեւացին, ամենայն հավանականությամբ հենց նրանց ճեղքում էլ, տարբեր կենդանիներից ու թռչուններից մնացած աղբը պարարտ հող է հանդիսացել, որ ձյուների մեջ ծիլ տալ ձիթենու շյուղն ու վիթխարի ծառ դառնա։

-Բայց դու ինչո՞ւ տխրեցիր հանկարծ,- տեսնելով Հարութի դեմքի արտահայտությունը, խոսեց Ձիթենին։

Հարութի փոխարեն պատասխանեց Աղավնին։

-Ճիշտն ասած, մենք փնտրում ենք հեքիաթի խնձորենուն... Հարութի տատիկն ասաց, որ սիրտը անմահական խնձոր է ուզում։ Դրա համար ենք երկինք թռչում։

-Բայց հեքիաթի խնձորենին աճում է նաեւ Արարատի հովտում, չգիտե՞ք...

Աղավնին ու Հարութն իրար նայեցին զարմացած։

Իսկ Ձիթենին իր խոսքը շարունակում է առաջ տանել.

-Արարատի հովտին այնպես եմ կարոտել։ Այնպես եմ դաշտի արեւ ուզում...

Հարութն ու Աղավնին չգիտեին, թե ինչ խոսեն։ Հասկանում էին ծառի կարոտը։ Նա, ճիշտ է, արմատ է երկարել ձյուների, քարերի, դարերի միջով ու հասել հովտի մայր ձիթենուն, որից բիբլիական աղավնին մի օր կտրել է իրեն ու տարել Նոյին, բայց եւ այնպես, կուզենար ճյուղերով եւս հանդիպել։ Ու միանգամից խոսքին այսպիսի ավարտ տվեց Ձիթենին.

-Չի՞ լինի՝ իմ փոքրիկ շյուղերից մեկը տանեք իմ մայր ձիթենուն։

-Բայց ցավ չե՞նք պատճառի, որ շյուղ պոկենք։

-Չէ՛, ի՞նչ եք ասում, ընդհակառակը, շատ հաճելի կլինի, միայն թե... Իսկ որ հասնեք իմ մայր ձիթենու մոտ, պատմեք իմ մասին, մայր ձիթենին ձեր բոլոր ցանկությունները կկատարի։

Հարութի ունքամեջը արդեն բացվել էր։ Աղավնին սիրով ու զգուշությամբ, որ ցավ չպատճառի Ձիթենուն, նրանից մի շյուղ կտրեց ու, Հարութին առնելով թեւերի վրա, իջան Արարատյան հովիտ։ Ծաղկած ծառերի, կանաչների ու խոտերի, երգող թռչունների ու ծաղիկների, բզզացող մեղուների գարնանախառն աղմուկի մեջ Հարութն ու Աղավնին չէին կարողանում կողմնորոշվել, թե որ ձիթենուն մոտենան, որ չսխալվեն։ Եվ այդպես Աղավնին ձիթենիներից վերեւ պտույտ էր տալիս, երբ նկատեց, որ կտցի շյուղը թեքվեց շեշտակի դեպի ներքեւ, մի ծառ ասես մագնիսի պես ձգում էր։ Զգաց, որ միայն մայր ծառը կարող է այդպես քաշել ու չսխալվեց։ Իջավ հենց այդտեղ ու կտցի շյուղը միանգամից տվեց մայր ձիթենուն։ Ու բառերով չի ասվի, թե մի փոքրիկ, աննշան շյուղը ինչպիսի մեծ բավականություն, խինդ ու կյանք բերեց մայր ձիթենուն, ոնց կպավ ու ձուլվեց։

Ուրախությունից մայր ձիթենին ոնց էր խշշում։ Խշշոցների միջից հազար-հազար աղբյուրներ բխեցին ու Աղավնին ու Հարութն իրենց ծարավը կոտրեցին։ Ուրախությունից մայր ձիթենին ոնց էր շորորում։ Շորորների միջից հազար-հազար պարուհիներ դուրս եկան ու շուրջպարի մեջ առան Հարութին ու Աղավնուն, ամբողջ հովիտը։ Ուրախությունից մայր ձիթենու ճյուղերը ոնց էին գգվում իրար ու սվսվում։ Սվսվոցներից հազար-հազար թռչուններ դուրս եկան ու այնպես էին երգում, այնպես էին երգում։ Ուրախությունից մայր ձիթենին ոնց էր կրկնակի ծաղկում։ Ծաղիկների միջից հազար-հազար արեւներ դուրս եկան ու հովիտը լցվեց անմահական մեղրաբույրով։ Ուրախությունից մայր ձիթենին...

Վայրկյանը դար էր դարձել, դարը՝ վայրկյան, դար ու վայրկյան՝ հավերժություն։ Եվ ահա, ակնթարթի մեջ, մայր ձիթենին որսաց Հարութի ուրախության մեջ նշմարվող թախիծը։

-Ի՞նչ հոգս ունեք,- հարցրեց մայր ձիթենին։

Հարութը պատմեց, որ անմահական խնձոր է փնտրում՝ տատիկի համար։ Մայր ձիթենու ճյուղերը, ասես քամուց, միանգամից իրար եկան, ալիքվեցին ու հենց Հարութից ու Աղավնուց մի քիչ հեռու հողից բարձրացավ մի խնձորենի։ Դա այն կախարդական ծառն էր, որին փնտրում էին Հարութն ու Աղավնին։ Խնձորենու ճյուղերը համարյա հասել էին գետնին՝ վաղահաս բերքի ծանրության տակ։ Խնձորենու տակ մի ճերմակամորուս պապիկ, բահը ձեռքին կանգնել, նայում էր դեպի Արարատի գագաթը, այնպես, ինչպես նայում են երիտասարդության տարիներին անցած ճանապարհին։ Հարութն ու Աղավնին առանց բառերի հասկացան, որ նա Նոյն է։

-Բարեւ, Նոյ պապիկ...

-Բարեւ, բարեւ... Ձեզ աշխարհի լավն ու բարին։

Նոյ պապիկի հետ նստեցին առվակի մոտ, շատ զրուցեցին Աղավնին ու Հարութը, նրանից շատ, անչափ շատ հետաքրքրաշարժ պատմություններ լսեցին, բայց եւ չմոռացան, որ Հարութի տատիկը սպասում է անմահական խնձորին։ Նոյը նրանց խնձորներ մեկնեց, բայց Հարութը միայն երեքը վերցրեց, որ չխախտի հեքիաթի թիվը։ Թող հեքիաթը հեքիաթ մնա, ինչ անենք, թե դա իրականում է կատարվում։

Հարութը հրաժեշտ տվեց Նոյ պապիկին ու Աղավնու հետ մի աչքաճպոցում հասավ Արցախ, ուր նրան սպասում էին անհամբեր։ Հարութի տատիկը խնձորները հավասար բաժանեց իր թոռնիկներին՝ Սարգիսին, Տիգրանին, Նարեկին, Հարութին, նրանց ընկերներին, բոլորին, վերջում մի կտոր էլ ինքը վերցրեց։ Բա՞։ Մի փոքրիկ խնձորն անգամ այնքան է մեծ, որ Հարութի տատիկը կարող է բաժանել աշխարհի բոլոր երեխաներին, այնպես, որ ոչ մեկն աչքից դուրս չմնա։ Օրհնվեցին եւ Աղավնին, եւ Հարութն ու իր եղբայրները, եւ Արարատի գագաթին բուսած Ձիթենին, եւ Նոյը, եւ բոլորը, բոլորը։ Դուք էլ՝ բոլորի մեջ...

Հարութը նայեց Աղավնու բավականությամբ լի հայացքին, ընդամենը մի երկու բառ ասաց.

-Ասում էի, չէ՞, հեքիաթներ լինում են նաեւ իրականում։

Երկինքն իր կապույտով, հողն իր ծաղկունքով, բերք ու բարիքով, հավքերն ու երեխաներն իրենց ճռվողյունով մասնակցում էին հավերժող գարնանը։ Իսկ Աղավնին շարունակում էր կուտ ուտել Հարութի ափից։