Նոր-Ջուղայի դպրոցները/Զ
Զ․
Նոր-Ջուղայի Հայ-Կաթօլիկաց վանքը իր կրթուած վարդապետների շնորհիւ, սկզբից ի վեր՝ ժամանակ առ ժամանակ ունենում է փոքրիկ դպրոցներ թէ՛ վանքումր և թէ՛ դուրսը մասնաւոր տներում։ 1878 թուին Հ․ Յարութիւն վարդապետ Առաքելեանի ջանքերով կառուցւում է «Ս․ Գրիգոր Լուսաւորիչ» անունով մի տղայոց դպրոց և քիչ յետոլ էլ բացւում է օրիորդաց։ Վերջինս շատ կարճ կեանք է ունենում, որովհետև բաղկացած է լինում միայն մի քանի կաթօլիկ հայերի աղջիկներից, որոնց դուրս գալու հետ միասին փակւում է և դպրոցը։ Իսկ տղայոց Ս․ Գր․ Լուսաւորիչ դպրոցը տասնուհինգ տարի պահւում է որպէս Նոր-Ջուղայում այն ժամանակ գոյութիւն ունեցող միւս դպրոցների չափ կրթութիւն մատակարարող մի հաստատութիւն և բաւական թւով էլ աշակերտներ է ունենում առաջները, սակայն Ազգ․ Կեդրոնական դպրոցի կանոնաւորուելովը սկսում են աշակերտները կամաց-կամաց նուազել, մինչև որ 1893 թուին բոլորովին փակւում է։ Երեք տարուց յետոյ նորից բացւում է, բայց շուտով դարձեալ փակման դատապարտւում։
1903 թուին Հայ-Կաթօլիկաց պատրիարք Էմմանուէլեանը թողնելով Նոր-Ջուղայի թեմը, վերջինս ընկնում է Ուրմիոյ Լատին եպիսկոպոսութեան անմիջական իրաւասութեան ներքոյ։[1] Հետզհետէ գալիս են բաւական թւով վարդապետներ ու կոյսեր և իրենց ձեռքն առնում 1705 թուին կառուցուած վանքն ու եկեղեցին։ Ապա բաց են անում ս․ Գր․ Լուսաւորիչ տղայոց դպրոցն և Կուսանոցում աւելացնում մի նորն՝ օրիորդաց համար։
Ֆրանսերէն լեզուն սովորելու նպատակով, միւս դպրոցներից՝ գլխաւորապէս բողոքականաց մօտից սկսում են նախ կաթօլիկ ծնողերի երեխաները և յետոյ հայերից կամաց-կամաց հաւաքուել նորարաց դպրոցները։
Աշակերտ-աշակերտուհիների հետզհետէ բազմանալու շնորհիւ, անհրաժեշտ կարիք է զգացւում ձեռնարկելու նոր շինութիւնների։ Ուստի Կուսանոցի շինութեան վրայ աւելացրւում է մի երկրորդ յարկ, իսկ Վանքի պարտիզում մի երկյարկանի նոր դպրոց տղայոց համար։ Սոյն դպրոցի շինութիւնն աւարտելուց յետոյ, փակւում է ս․ Գր․ Լուսաւորիչ դպրոցը և իր ամբողջ սարքով տեղափոխւում այստեղ 1907 թուի Օգոստոսի 20-ին։
Կաթօլիկ միսիօնարութեան արդի երկսեռ դպրոցները իրենց յաջողութեամբ պարտական են վերատեսուչ Հ․ Է․ Դմուտի եռանդուն գործունէութեան, որ բացի Նոր-Ջուղայում հասաատած երկսեռ դպրոցներից, 1911 թուից սկսած Սֆահանում յատկապէս պարսիկ ժողովրդի համար հիմնում է մի այլ դպրոց «ՍէթարԷ-սօբհ» (Արուսեակ) անունով։ 1876 թուին բողոքական միսիօնարները հաստատում էն Նոր-Ջուղայում մի տղայոց դպրոց, ուր անգլիերէն լեզուն սովորելու նպատակով սկսում են մեծ թւով երեխաներ յաճախել։ Եւ իրաւ, մանաւանդ Դր․ Հէնրու տեսչութեան օրով դպրոցը յառաջադիմութեան կողմից նախանձելի աստիճանի է հասնում և մի խումբ կրթուած երիտասարդներ ընծայում Նոր-Ջուղային։ Սակայն յետոյ, կամաց-կամաց կորցնում է իր նախկին հմայքը, մինչև հասնում է մեր օրերը։
Տղայոց դպրոցի սկզբնաւորութիւնից քիչ յետոյ հաստատում են և մի օրիորդաց դպրոց, որ նոյնպէս ունենում է իր փառաւոր անցեալը, յատկապէս աշակերտութեան քանակի կողմից։
1905 թուից սկսած Միսիօնարութիւնն ընդարձակելով իր գործունէութեան շրջանը և միևնոյն ժամանակ նպատակ ունենալով բուն պարսիկ ժողովրդի մէջ գործել, կամաց-կամաց կենտրոնանում է Սֆահանում, հետևաբար և սահմանափակում է Նոր—Ջուղայի երկսեռ դպրոցները, մանաւանդ տղայոցը։
Սֆահանում մտադիր են կառուցանել ի միջի այլոց և մի բարձրագոյն դպրոց (կօլլէջ), համապատասխան հռչակաւոր հիւանդանոցին։ Վերջինս իր մարդասիրական ծառայութեամբ ուղղակի պատիւ է բերում Քրիստոնէական կրօնին, որի սկզբունքները տարածելու կոչումն ունի Միսիօնարութիւնը։
Տողատակեր
[խմբագրել]- ↑ «Հայաթերթ» 1904 թ․ No 83։