Jump to content

Նոր «լեզվաբանություն»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր «լեզվաբանություն»
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 12-13)։

ՆՈՐ «ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»



Ես հիմա հարկավ ոչինչ էլ չունեմ։
Շարժական։
Անշարժ։
Անցյալ ու ներկա։
Ապագա՞`
մի´ քիչ,
մշուշոտ, մռայլ...

Ծանոթ-բարեկա՞մ`
ցրված են տարբեր ուղղություններում`
մեր «անծայրածի՜ր»-անտարա´ծք երկրի,
Ով` որտեղ ու ոնց։

Ես հարևան էլ թերևս չունեմ։
Հարևան բառից
միշտ ջերմություն էր շնչում,
ծիլ տալիս,
իսկ հիմա՞... մի սառն
անտարբերություն
միջնորմի նման ցնցվել մեր միջև`
շփվել չի թողնում։
Մեզ ի՞նչ է մնում`
միջնորմի սառը շղարշի
երկու կողմերից իրար
խեթ ծիկրակումներ,
և` ուրիշ ոչինչ։

Եվ` ուրիշ ոչի՞նչ։
Ինչո՞ւ են հաճախ
բառերը փոխում տեղե՜րը իրենց։
Չգիտե՜ք, գիտե´մ։
Ես է´լ չգիտեմ։

Ինչո՞ւ են հաճախ
մարդիկ փոփոխում դերե՜րը իրենց։
Անշուշտ` չգիտե´ք։
Չգիտեմ, ե´ս էլ,
սակայն կուզեի՞ իմանա´լ,
տեսնե´լ,
շոշափե´լ,
զգա´լ։
Գո´ւցե, թերևս։
Իսկ գուցեև` ո՞չ։

Լեզվաբանական
նոր ճյուղ եմ ուզում բացենք,
ազգովի,
թեկուզ` վաղվանից։
Վաղուց ենք սերտել`
ուղղագրություն, ուղղախոսություն,
բառակազմություն, բառագիտություն...
(Չշարունակեմ)...
Ճշմարտագրության, ճշմարտախոսության
կանոններն եմ ուզում
այսուհետ սերտե՜նք ու սերտե´նք։

Ուսումնասիրող
և ուսուցանվող ցանկացողներ կա՞ն,
կգտնե՞նք։
Հարկա՜վ։

27.01.2024 թ., Երևան, Շենգավիթ