Շատերից մեկին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շատերից մեկին

Շուշանիկ Կուրղինյան

Դու Բեթհովենի սոնատն ես ածում
Հարուստ զարդարված շքեղ դահլիճում․
Շուրջդ բարեկամ, փափուկ թավիշ, գորգ
Ու ինքդ հպարտ, նազ դեմքով անհոգ։

Անթիվ մոմերի ցոլքերը փայլուն
Շողում, շողշողում ու քեզ են ժպտում,
Կասես վախեցած կրծքիդ, մատներիդ
Այնպիսի առատ բարձած ակներից,
Ադամանդների շողերից խորշուն
Ու նրանց փառքին սրտանց նախանձում։

Կասես աշխարհի գոհարը լինես,
Կամ քո կյանքի մեջ երբեք տանջված չես,
Վշտին, արցունքին իբրև անտեղյակ,
Անհոգ ու զվարթ վառ գարանան թռչնակ։

Կեղծում ես, թշվա՛ռ․ չես համարձակվում
Այն, ինչ խեղդած է քո ստրուկ սրտում,
Ազատ համարձակ պատմելու մարդկանց,
Բանալ վշտերիդ քողն անթափանց։

Խաբում ես, թշվա՛ռ, խաբում են և քեզ,
Շուրջդ հավաքված այն դեմքերը հեզ,
Ինչքան որ նրանց դու ձանձրացնես
Ժպտալով կասեն, որ դու չքնաղ ես։

Եվ այսպես կեղծված, կեղծիքով արբած
Եկար ու կերթաս, թշվառ արարած,
Աննշան հետքով, մինչ մահ անգիտակ
Դրսի աշխարհից― արած ոտնատակ։

1907 թ. 7 հունվարի