Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Անվանական անդեմ նախադասություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Անվանական անդեմ նախադասություն

Վիգեն Ավագյան

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես նշել ենք, անդեմ նախադասությունները գնահատվում են շարահյուսական մակարդակում խոսքային միջավայրի հաշվառմամբ: Այսպիսի նախադասությունները կոչվում են անվանական, որովհետև հնչերանգը (ստորոգման տրամաբանական արտահայտությունը) կրում են այն «անունները»՝ գոյականը, ածականը, թվականը, առարկա ցույց տվող դերանունը (նաև՝ որոշ մակբայներ), որոնք էլ տվյալ նախադասության առանցքն են կազմում։ Օրինակներ՝ Չորս հարյուր հիսունմեկ թվական... Մայիսի 26: Ավարայրի ճակատամարտ: —Հիմա՜ր: —Անինքնասե՜ր։ Ահա և նա: Այո՜, միայն ինքը: Զգա՜ստ: Հավսա՜ր: Արա՜գ, արա՜գ:

Անվանական անդեմ նախադասությունները, ինչպես առհասարակ միակազմները, թե՛ գրավոր, թե՛ մանավանդ բանավոր խոսքում լայն գործածություն և ոճական մեծ արժեք ունեն։ Նրանք խոսքին տալիս են դիպուկություն, արտահայտչականություն, հուզական շունչ։ Վերցնենք, օրինակ, Վ.Տերյանի հետևյալ երկտողը·

Սև գիշե՜ր, և հուշե՜ր և խոհե՜ր անհամար,
Մոռացվա՜ծ երազներ՝ շուշաննե՜ր թառամած...

Չափածոյի այս հուզառատ երկտողը «դարձնելով» բարդ համադասական կամ ստորադասական նախադասություն, կկորցնենք գեղարվեստական, հուզարտահայտչական այն հմայքը, որով օժտված է երկտողը։ Այս առումով (գեղարվեստական-ոճական) վերլուծվող միավորները երբեմն էլ ունեն լուրջ առավելություններ, քան քերականական բոլոր օրենքներով ձևավորված բարդ նախադասությունները։ Ինչ խոսք, այս առավելությամբ հանդերձ, դրանք ունեն նաև «թերություններ»։ Անվանական անդեմ նախադասությունները սակավաբառ լինելով՝ երբեմն էլ անորոշ ու տարտամ մտքեր են արտահայտում։ Դրանց չափից շատ գործածության դեպքում ոճը դառնում է տարտամ, նկարագրվող դեպքերը՝ «աղքատիկ»՝ զուրկ այն հատկանիշներից, հանգամանքներից և այլն, որոնք լրացվում են նախադասության երկրորդական անդամներով։

Անվանական անդեմ նախադասություններում իշխում են հատկապես գոյականներն ու քանակական թվականներր։ Մյուս «անունները» և մակբայը քիչ են գործածվում, և դա հասկանալի է. դեպքի, իրողության, երևույթի... անունն ու կատարման թվականն են մղվում առաջին պլան, իսկ հատկանիշը, այնքան էլ կարևոր չլինելով, մղվում է երկրորդ պլան։ Ընդ որում, ածականով արտահայտվող անվանական անդեմ նախադասությունները շարադասվում գործածվում են գոյականով կամ թվականով (նաև՝ դերանուններով) արտահայտվողներից հետո միայն: Եվ դա տրամաբանական է, քանի որ առանց առարկայի մասին տեղյակ լինելու խոսողը հատկանիշն ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի գործածի: Օրինակներ՝ Հազար ինը հարյուր քաոասունմեկ թվական... Հունիսի 22: Հայրենական մեծ պատերազմ: 1945 թվական: Մայիսի 9-ը: Բեռլինի գրավում... Հաղթանա՜կ: Ամենուրեք՝ խինդ ու բերկրանք: Նաիրյան դալար բարդի... Սրտամո՜տ ու առինքնո՜ղ... Տենչալի՜ ու կարուտակե՜զ...

Հարկ է նշել, սակայն, որ ածականով արտահայտվող նա նադասությունները փաստորեն գործածվել են՝ ավելի ընդգծելու այդ հատկանիշները, դիմացին ուշադրությունը բևեռելու դրանց վրա, այլապես դրանք միանգամայն իրավացիորեն կարող էին գործածվել այն գոյականների հետ, որոնք կազմում են գոյականով դրսևորվող անդեմ նախադասություններ (Սրտամոտ ու առինքնող նաիրյան դալար բարդի): Դա էլ, իհարկե, անվանական անդեմ նախադասության ոճական արժեքի դրսևորումներից մեկն է։ Անվանական անդեմ նախադասություններն ունեն զանազան նրբերանգներ։ Նրանք ըստ բնույթի կամ երանգի կարող են լինել պատմողական. (Ահա Իսանակյանի տուն-թանգարանը: Մի շքեղ կաոույց: Գեղեցիկ կահավորված սենյակներ: Անա և Վարպետի աշխատասենյակը: Գրքեր անհամար...), հարցական. (Սևանա լի՞ճը... Մեր կարոտի մարմնացո՞ւմը... Ի՞նչ... Մի՞թե Սևանը...): Հրամայական. Լռությո՜ւն: Ո՛չ մի ձայն: Բացականչական. Խոհե՜ր, խոհե՜ր, երազներ: Պատերա՜զմ... Կրա՜կ, հրդե՜հ...

Ծանոթություն.— Անվանական անդեմ նախադասություններում կարող են գործածվել նաև նախադասության անդամ չդարձող միավորներ՝ եղանակավորող բառեր, կոչականներ, ձայնարկություններ, որոնք, սակայն, չեն ազդում նրանց կառուցվածքի վրա։

Այսպիսով՝ այն միակազմ նախադասությունները, որոնց գլխավոր անդամները չկան, բայց «անուն» խոսքի մասերով արտահայտված բառերի հնչերանգի շնորհիվ ունեն ստորոգում, կոչվում են անվանական անդեմ նախադասություն։