Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բայական անդեմ նախադասություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բայական անդեմ նախադասություն

Վիգեն Ավագյան

ԲԱՅԱԿԱՆ ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Ամեն մի անորոշ դերբայ իր յուրահատուկ հնչերանգով շարահյուսական մակարդակում (հաղորդակցական ոլորտ) ունի նախադասության արժեք, քանի որ ձևավորված է ստորոգմամբ, հնչերանգային ավարտվածությամբ, հետևաբար էլ միտք է արտահայտում։ Հայտնի է, որ նախադասության ամենակարևոր հատկանիշներից մեկը ստորոգումն է, որը դրսևորվում է դիմավոր բայով (օժ. բայերն ու բայի դիմային վերջավորությունները քերականական ստորոգման ցուցիչներն են) և հնչերանգով (տրամաբանական ստորոգման «ցուցիչը»)։ Ընդսմին, այս հնչերանգը գրության մեջ դրսևորվում է շեշտի, հարցականի ու բացականչականի միջոցով, և հնչերանգային ավարտվածության շնորհիվ դերբայը կամ վերջինս իր լրացման ու լրացման լրացումների հետ դառնում է յուրահատուկ նախադասություն։ Օրինակներ՝ Չծխե՛լ: Որոշել բայի սեոը: Բարձրացնել կուրսի առաջադիմությունը: Մի՞թե ներել նրա նման մարդուն:

Նախադասություններում, որոնցում չկա հնչերանգի որոշակի ընդգծվածություն (սովորական պահանջն է մղված առաջին պլան), դերբայը չի կրում համապատասխան գրային նշաններ (Արտագրել տեքստում եղած բոլոր դերբայները: Որոշել նրանց տեսակը։ Խմբավորել բայերն ըստ իրենց սեռերի...):

Բերված օրինակներում ևս դժվար չէ նկատել կենտրոնական անդամը՝ անորոշ դերբայը, որով արտահայտվում են բայական անդեմ նախադասությունները։ Ըստ կառուցվածքի այս նախադասությունները ևս կարող են լինել պարզ և բարդ: Պարզ համառոտ՝ Շարվե՜լ: Ցրվե՜լ: Պարզ ընդարձակ՝ Աշխատանքի ժամին կողմնակի գործով չզբաղվել: Պայքարել հանուն կայուն խաղաղության:

Ի դեպ, երբեմն էլ դերբայը կարող է զեղչվել, որը, սակայն, մտքից հասկացվում է՝ հատկապես հնչերանգի շնորհիվ (Ոտքի՜։ Իմ ետևի՜ց, տղանե՛ր):

Դերբայական անդեմ նախադասություններն ըստ երանգի (կամ բնույթի) լինում են՝ պատմողական. Առավոտյան վեր կենալ: Անկողինը հավաքել: Երեխաներին հագցնել: Նախաճաշ պատրաստել: Երեխային տանել դպրոց.— ահա նրա ամենօրյա գործը։

Հրամայական. Պատրաստվե՛լ թռիչքի: Երեխանե՜ր, շտապ անցնել դիրեկտորի աշխատասենյակը: Հարցական. Ո՞ւր գնալ սովորելու: Լինե՞լ. թե՞ չլինել: Արդյոք հայտնե՞լ իսկությունը: Բացականչական. Մոռանա՜լ, մոռանա՜լ: Ամենին մոոանա՜լ: Հասնե՜լ բոլոր առաջավորներին:

Մի շարք բառեր՝ պետք է, անհրաժեշտ է, հարկավոր է, ի վիճակի լինել, կարող, պարտադիր և այլն, է էական բայի հարադրմամբ անորոշի հետ առանձին կազմում են դերբայական անդեմ նախադասություններ: (Հարկավոր է շուտ հեռանալ։ Անհրաժեշտ է լռել)։ Ոմանք այս կառուցվածքներում «երկկազմություն» են տեսնում՝ անորոշ դերբայը գնահատելով իբրև ենթակա, եղանակիչ բայամասերը (հարկավոր է, պետք է...)՝ բաղադրյալ ստորոգյալ։ Դա երևույթի տրամաբանական և թե քերականական արժեքավորում է։ Որ նման նախադասություններն իսկապե՛ս անդեմ են. լավագույնս վկայում է քերականական անհամաձայնության փաստը։ Ահա. Հարկավոր է գնալ մոտը, ասել ճշմարտությունը և վերադառնալ ու հանգիստ խղճով քնել:

Դժվար չէ նկատել, որ ընդգծված անորոշ դերբայները, եթե ենթակայի դեր կատարեին, պիտի թվով համաձայնեին իրենց «ստորոգյալին» (հարկավոր է)։ Այլ բան է, երբ անորոշն իր հոդով գործածվի նախադաս շարադասությամբ (Գնալդ հարկավոր է):

Այսպիսով՝ այն միակազմ նախադասությունը, որի գլխավոր անդամները չկան, բայց անորոշ դերբայի հնչերանգի շնորհիվ արտահայտում է ստորոգում, կոչվում է բայական անդեմ նախադասություն։