Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Գոյականական անդամի լրացումներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Գոյականական անդամի լրացումներ

Վիգեն Ավագյան

ԳՈՅԱԿԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ
Որոշիչ

Գոյականով արտահայտված այս կամ այն անդամի ով, ինչպիսին և ինչքան լինելը ցույց տվող բառերը կոչվում են որոշիչներ։ Սա նշանակում է`որոշիչը գոյականը տարբեր կողմերից բացահայտող, լրացնող, որոշող անդամն է։ Ընդ որում, գոյականի ով կամ ինչ լինելը ցույց տվող բառերն առարկայի էությունը բացահայտող որոշիչներ են, իսկ ինչպիսին ու ինչքան լինելը ցույց տվողները՝ առարկայի տարբեր հատկությունները որոշողներ։ Օրինակներ՝ Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը համաշխարհային հռչակ է վայելում։ Հայաստանի մայրաքաղաք Երևանը զարգանում է հեքիաթային մանկան պես։ 1980 թվականին Երևանում բնակվում էր ավելի քան 1 միլիոն մարդ։ Ուսուցիչ Գրիգորյանը բժիշկ Արամյանի մերձավոր ընկերն է։ Գեղեցիկ ծաղիկները գույնզգույն թիթեռնիկների նման փայլփլում են. զմրուխտե դաշտում։ Սովետական ժողովուրդը այնքա՜ն ուժ է գործադրել հանուն կայուն խաղաղության։ Աշխարհում 5 միլիարդ մարդ է ապրում։

Որոշիչ ունեցող գոյականները կոչվում են որոշյալ (որոշվող)։

Որոշիչները շատ սերտ կապ ունեն հատկանիշ ցույց տվող բառերի (խոսքի մասերի) հետ։ Իսկ սա նշանակում է, որ որոշչի պաշտոնով առաջին հերթին կարող են գործածվել ածականը, թվականը և առարկայի չտարբերակված հատկանիշ դրսևորող դերանունները: «Երկրորդ» տեղում են գոյականները, հարակատար, ենթակայական, անորոշ (սեռականը), ապառնի երկրորդ դերբայները[1], մասամբ էլ՝ մակբայը։ Որոշիշը պատասխանում է ո՞ր, ինչպիսի՞, ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞, ո՞րերորդ հարցերին։ Եվ այսպես, որոշիչն արտահայտվում է՝

ա) Ածականով՝ «Ճերմակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց»:

«Աշնան մշուշում՝ շշուկ ու շրշյուն,
- Բարդիներն են բաց, պատուհանիս տակ»... (Վ. Տ.)

...Ոսկե երազ տեսա...

բ) Թվականով՝ Հազար կրակ կա իմ սրտում, հազար սեր։

Ինչքա՜ն քնքուշ էիր դու, իմ առաջին սեր։

գ) Դերանվամբ. Այդ օրը նա բնավ չխոսեց։ «Ինչքան ցավ եմ տեսել ես»...(Հ. Թ.) «Ինչպիսի՜ հերոս ընկերներ մեռան»... (Հ.Հ.) «...Նայում էր քեզ ողջ գյուղը կանգնած» (Հ. Թ.)։

Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է։

Ոչ մի մարդ այս աշխարհից դեռ չի ձանձրացել։

դ) Դերբայներով. Սիրելի ուսուցիչս այսօր գնում է վաստակած հանգստի։ Երգող սոխակը չէր հագենում համերգից։

Ինձ հարկավոր է գրելու թուղթ։ Ինչպիսի՞ն կլինի կառուցվելիք շենքը։

ե) Գոյականով՝

1. Ուղղական հոլովով՝ «Քար աշխարհի խավարի դեմ պահիր վառ» (Վ.Տ.)։ Բանվոր մարդը շատ սրտաբաց է։ Ի դեպ, ուղղականով գոյական որոշիչներ են դառնում զանազան մասնագիտություններ, զբաղմունքներ, գիտական կոչում-աստիճաններ նշող բառերը և այլն։

2. Սեռականով «Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր» (Գուսան Աշոտ)։ Ծիրանի կոմպոտն ու մոշի մուրաբան հարուստ են վիտամիններով։ Սեռականով գոյական որոշիչները նման են հատկացուցիչներին՝ Ամռան օրը տարի է կերակրում։

Ձմեռվա գիշերը երկար էինք նստում։ Տարվա եղանակները չորսն են։

3. Բացառականով. բրդից գուլպա, մետաքսից թաշկինակ, չթից շրջազգեստ, մարմարից աստիճաններ...

Որոշիչների այդ դեպքերը առաջ են եկել հարակատար դերբայի սղման հետևանքով (գործված, սլատրասաված. բրդից գործված գուլպա)։

4. Գործիականով. մազով-մորուքով մարդ, շնիկով տիկին, չամիչով փլավ, մսով տոլմա և այլն։

Ծանոթություն.— Կան դեպքեր, երբ գոյականի գործիական հոլովաձևը ինքնուրույն բառի իմաստ է ստացել, օրինակ՝ համով խոսք, խելքով տղա...(ընդգծվածներն ածական են)։

5. Մակբայով. շտապ օգնություն, դանղաղ հոսք, արագ ընթացք, շեշտակի վերելք, շեշտակի հարված, հանկարծակի հայտնություն, շուտափույթ վախճան, կրկնակի հարված, հարատև կյանք և այլն։ Այսպիսի կիրառությունները, սակայն, մակբային ընդհանրապես հատուկ չեն: Դա երևում է նաև նրանց «որոշյալներից», որոնք գոյականի իմաստ են արտահայտում և բայանուններ են։

Է) Բառակապակցություններով. հազար տարվա կյանք, ոչ մի անգամ չցուցադրված նկար, վերին աստիճանի անգրագետ մարդ և այլն։

Որոշիչները սովորաբար գործածվում են որոշյալներից առաջ, թեև բացառված չեն նաև ետադաս գործածությունները, որոնք մեծ մասամբ հաճախված են գեղարվեստական խոսքում։ Օրինակներ՝ Ներս մտավ այդ մարդը՝ բոլորի կողմից սիրելի ու գնահատված: Հենց այդ մարդը՝ բոլորի կողմից սիրելի ու գնանատված, մեզ պատմեց ամբողջ եղելությունը։

Ետադաս տրոհված որոշիչները, որոնք միշտ բազմանդամ են (երկու և ավելի բառերից կազմված) վերջադաս են լինում, իրենց որոշյալներից անջատվում են բութով։ Նախադասության ներսում հանդես գալու դեպքում դարձյալ վերջադաս են, որովհետև դրվում են իրենց որոշիչներից հետո (Եվ այդ ժողովուրդը՝ դարերի ընթացքում ծեծված ու հարստահարված, իրեն փառքով պսակեց)։ Ընդգծվածը երկկողմյա ստորակետով բաժանելը կետադրության միօրինակության խախտում է․ նրա միջադաս գործածության տպավորությունը հետևանք է այդ կապակցության՝ հնարավոր ներդրյալ գործածության։ Օրինակ՝ Այդ արվեստը (աչքի նման պարզ ու աչքի նման բարդ) գերել էր մեզ։ Ի դեպ, որոշիչը կարող է բացահայտիչ ունենալ։ Օրինակ՝ Նոր՝ սովետական կարգը և հին՝ կապիտալիստական կացութաձևը անհամատեղելի են։

  1. Երկրորդ ապառնի կոչվածը արդեն զրկվում է բայական հատկանիշներից, այն գոյական է և ածական, բայց տակավին պահում է սեռի կարգը մի շարք ձևերում: