Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Դերբայական դարձված

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Դերբայական դարձված

Վիգեն Ավագյան

ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾ

Շարահյուսական բառակապակցությունների մեջ ուրույն արժեք ունի դերբայական դարձվածը։ Այն մտքի արտահայտման շարահյուսական ինքնուրույն միավոր է՝ նախադասության ու նախադասության անդամի յուրատեսակ համանիշ-կապակցություն։ Աշակերտը լավ պատասխանեց և «գերազանց» ստացավ: Աշակերտը գերազանց ստացավ, որովհետև լավ պատասխանեց (Աշակերտը լավ պատասխանեց, հետևաբար «գերազանց» ստացավ): Բերված նախադասություններից առաջինը համադասական է, մյուսները ստորադասական։ Ընդ որում, համադասականի համապատասխան պարզ նախադասությունն ու ստորադասականի երկրորդականը կարող են ունենալ շարահյուսական նույն պաշտոնի դերբայական դարձված համանիշներ՝ Աշակերտը, լավ պատասխանելով, «գերազանց» ստացավ (լավ պատասխանելու հիման վրա և այլն)։

Իհարկե, պարտադիր չէ, որ ամեն մի նախադասություն արտահայտվի նաև համանիշ դերբայական դարձվածներով. կապված ոճական նրբությունների հետ՝ շատ իրողություններ դրսևորվում են նախադասությամբ (համադասական կամ ստորադասական) կամ էլ ինչ-ինչ ոճական նկատառումներով գործածվում են դերբայական դարձվածներով։ Որ դերբայական դարձվածները իրո՛ք ինքնուրույն շարահյուսական միավորներ են, ապացուցում են զանազան փաստեր։ Այսպես. կան բազմաթիվ ստորադաս նախադասություններ, որոնք «չեն կրճատվում», հետևաբար՝ դերբայական դարձված չեն դառնում (գլխավորի հետ հարաբերականների թեք հոլովաձևով կապվողները, ինչպես նաև հարաբերական դերանուն կապ կաղապարով կապվողները): Այն աշակերտը, որից նոր հեռացար, իմ եղբայրն էր, Աշխարհը, որի ծագման մասին ոչ ոք վերջնական ոչինչ չի ասել, հավիտենական է։ Սովորաբար «չեն կրճատվում» նաև շատ կարճ ծավալուն ստորադաս նախադասությունները՝ ոճական անհարթություն չստեղծելու համար։

Ի դեպ, կան շատ դերբայական դարձվածներ, որոնք «չեն դառնում ստորադաս նախադասություններ (Արագ քայլելով անցավ փողոցը), իսկ որոշ ստորադաս նախադասություններ էլ պարզելուց հետո վերածվում են ոչ թե դերրբայական դարձվածի, այլ՝ դերբայի, նույնիսկ գոյականի, ածականի (Նրանք մտան զբոսայգի, որ հանգստանան: Նրանք մտան զբոսայգի՝ հանգստանալու: Այն աշակերտը, որ ջանասեր է, կփոխադրվի հաջորդ դասարան։ Ջանասեր աշակերտը կփոխադրվի հաջորդ դասարան։ Այն գիշեր, երբ դու ծնվեցիր, սկսվեց պատերազմը։ Քո ծննդյան գիշերը սկսվեց պատերազմը, նաև՝ Քո ծնվելու գիշերը սկսվեց պատերազմը։

Եզրակացությունը մեկն է՝ դերբայական դարձվածները շարահյուսական ինքնուրույն միավորներ են, մտքի դրսևորման շարահյուսական ուրույն կառուցվածքներ, որոնք կատարում են նախադասության մեկ անդամի դեր՝ ենթակա, որոշիչ, հատկացուցիչ, խնդիր պարագա և այլն։

ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾՆԵՐԻ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Դերբայական դարձվածի շարահյուսական պաշտոնը կախված է դերբայական բառակապակցության մեջ «իշխող դերբայից»։ Օրինակ՝ «Մեր հարևանի տուն եկած հյուրերը գրողներ էին» նախադասության մեջ ընդգծվածը որոշիչ է, որովհետև հյուրերը գոյականի լրացումն է։ Կամ՝ Ձեռքերն օդում թափահարելով՝ ընդառաջ եկավ եղբորը։ Այս նախադասության մեջ դերբայական դարձվածը ձևի պարագա է, որ թելադրել է թափահարելով դերբայը։

Դերբայական դարձվածի սահմանները որոշելու համար հարկ է ամենից առաջ գտնել դերբայը (անորոշ, համընթացական, հարակատար, ենթակայական և այլն), ապա՝ նրա քերականական անմիջական լրացումները, հետո՝ վերջիններիս լրացումները։ Ընդ որում, այդ դերբայները կարող են գործածվել գոյականաբար, հոլովվել, հոդ ստանալ, կիրառվել եզակի և հոգնակի թվերով, բայց բոլոր դեպքերում նրանք չեն զրկվում բայական-քերականական հատկանիշներից։ Որպես նախադասության անդամներ դերբայական դարձվածները լինում են՝

ա)Ենթակա. Այս պաշտոնը գտնելու համար նախ և առաջ պիտի իմանալ, որ անորոշ, հարակատար, ենթակայական դերբայները գործածվում են գոյականաբար, օրինակ՝ Խաղալը կոփում է մարդու մարմինը։ Պարգևատրվածը ժպտում է գոհունակությամբ։ Հաղթողը բարձրացավ ամբիոն։ Ընդգծված դերբայները, երբեմն ստանալով առնվազն մեկ քերականական լրացում, կկազմեն դերբայական դարձված, ինչպես, օրինակ Մշտապես ֆուտբոլ խաղալը կոփում է մարդու մարմինը։ Գերագույն սովետի նախագահության կողմից նոր պարգևատրվածը ժպտում է գոհունակությամբ։ Այսօր «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլային խաղում հաղթողը դարձավ երկրի չեմպիոն։

բ)Ստորոգելիական վերադիր. Դա լավ երգել չէ, այլ անփութորեն արտասանել է: Մայթերն այսօր լավ լվացված են թվում։ Այս մարդը շատ լավ երգող է: Նա մեր դասարանի ամենահաջող սովորողն է և այլն։

գ) Որոշիչ. Սա շատ հեշտ սովորելու դաս է։ Քրոջս կողմից վաղուց արդեն արդուկված կոստյումս պատրաստ է հագնելու համար։ Արագ վազող ձին հանկարծ կանգնեց։ Շոպենի մազուրկաները հիանալիորեն նվագող երեխան մեզ զարմացրեց։ Մոսկվա ուղարկվելիք[1] ծանրոցն իմն է։

դ) Հատկացուցիչ. Բեռները տեղափոխելու ժամանակը մոտենում է։ Արամի խնդիրներ վճռելու եղանակը հիացրեց մեզ։ Փողոցով արագ վազողի գիրքն ընկավ։ Ճակատամարտում ամոթալի կերպով պարտվածի զորքը ցրվեց դեսուդեն։

ե) Բացահայտիչ. Նրա սիրած զբաղմունքը՝ ծառ տնկելը.այգի ջրելը, հարևաններիս բարի նախանձն է շարժում: Լևոն Անանյանը՝ մրցույթում հաղթողը, նոր եռանդով է պատրաստվում գալիք «ճակատամարտին»։ Առաջին հայ պարբերականը՝ 1794 թ. Մադրիդում հրատարակվածը, կոչվում է «Ազդարար»։

զ) Ուղիղ խնդիր. Բոլորս էլ գնահատում ենք Ձեր անձնվիրաբար ծառայելը: Մեր ժողովուրդը նողկանքով ընդունեց Մերուժանի ու Վահանի՝ հայրենիքին դավաճանելը: Մաթեմատիկայի գծով օլիմպիադայում առաջին տեղը գրավածներին ուղարկեցին Կիև։ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հիշում ենք ըստ արժանվույն։ Թշնամու բանակն անցնողներին արժանի պատիժ տվեցին։ Հոկտեմբերը վերացրեց աշխատավորությանը շահագործողներին:

է) Հանգման անուղղակի խնդիր. Մենք անհամբեր սպասում ենք նրա գալուն: Լենինի շքանշանով պարգևատրվածներին ողջունեցին պիոներները։ Սասնա հողը ներխուժվածներին հասավ Դավթի զորքը: Գեղարվետական մեծ կտավ ստեղծողներին դիմավորեցինք փոքր դահլիճում։ Մրցույթում հաղթողներին մենք նայում էինք հիացմունքով: Մեծ Հայրենականում ակտիվորեն մարտնչողներին նվիրեցին մեդալներ: Համալսարանը գերազանց առաջադիմությամբ ավարտածներին հանձնեցին դիպլոմներ։ Հանրային դաշտերում տքնաջան աշխատողներին վճարեցին զգալի քանակությամբ դրամ, իսկ այգեգործական բրիգադում առավել աչքի ընկնողներին հանձնեցին փոխանցիկ դրոշը։

ը) Անջատման անուղղակի խնդիր. Ուրիշների գործերին խառնվելուց ձեռք քաշիր։ Հրաժարվիր ընկերներիդ մասին վատ արտահայտվելուց: Դաշտում խմբվածներից բաժանվեցինք։ Մարզահրապարակում հավաքվածներից հեռացան հյուրերը։ Գիրք կազմողներից առանձնացան հրատարակիչները։ Մենք լիովին տարբերվում ենք իրենց մասին ներբողներ ասողներից:

թ) Միջոցի անուղղակի խնդիր. Մենք իրո՛ք շահեցինք՝ Արամին ու Հրանտին իրար հետ հաշտեցնելուց (նաև հիմունքի պարագա): Ուրիշների մասին բամբասելով ոչինչ չեն շահի (նման է ձևի պարագային)։ Մենք հպարտանում ենք հայրենիքի համար անձնվեր մարտնչողներով: Նրանք պարծենում են կռվում հերոսաբար նահատակվածներով:

ժ) Սահմանափակման անուղղակի խնդիր. Արտահայտվում է անորոշի ներգոյական հոլովով։ Օրինակ՝ Վարժ ու արագ կարդալում նրան չես հաղթի:

ժա) Ներգործող անուղղակի խնդիր. Նախագահությունում հանդիսավորությամբ նստածներից քաշվում էինք երիտասարդներս: Պատի տակ անփութորեն շարվածներից երեխան ահաբեկվեց։ Թռչունների քաղցր երգելուց շրջապատը լցվել էր հոգեպարար խինդով։ Արևի դուրս գալուց ամպերը ծածկվեցին կարմիր բոցով։ Ռազմադաշտում նոր ծառայողներից շատերս ազդվում էինք։ Մեր սրտերը ալեկոծվում էին կռվում հերոսաբար զոհվածներից:

ժբ) Վերաբերության անուղղակի խնդիր. Թշնամու պարտվելու մասին առաջինը մենք իմացանք։ Հերոսաբար ընկածների վերաբերյալ դեռ շատերը կգրեն։ Գյուղամիջում անգործ նստածների մասին բացասաբար են խոսում։ Այսօր պատկերասրահում ներկա գտնվողների մասին գրված էր թերթում։ Նրանք չարամտորեն բամբասում են գիտությանը անձնվիրաբար ծառայողներից:

Պարագաներ

Տեղի. Դաշտում ընկածների մեջ նա գտավ էր հարազատ եղբորը: Միևնույն ընտանիքում համատեղ ապրողների մոտ Արսենն իրեն լավ չէր զգում։ Խրամատում անթիվ-անհամար զոհվածների կողքին նա մնաց երեք օր: Հողը պարտքով վարողների մեջ Արամայիսը օտար զգաց իրեն:

Ժամանակի. Տուն մտնելիս զգուշորեն բարևեր։ Դպրոց հասնելուն պես մտավ դասասենյակ։ Գիրքը խնամքով կազմելուց հետո այն տեղադրեց գրադարանում։ Նախքան կռիվ գնալը Հրայրը աշխատում էր դպրոցում: Արտերը հնձելու ժամանակ նրանց «զինակոչի» վերցրին: Հայկը, հասնելով ռազմաճակատի թեժ գծին, նոր միայն զգաց պատերազմի ահավորությունը։ Արևը դեռ չծագած՝ մարտիկները ոտք ելան: Կրակն արդեն հանգցրած ժամանակ տղաները ոչինչ չէին տեսնում։

Ձևի. Հայաստանում անողոքաբար իշխողների օրոք երկիրը բզկտվել էր։ Երեխաները անտառում քայլելով զրուցում էին։ Նա արագ-արագ խոսելով պատմում էր գլխին եկածը։ Լուսինեն երգում է ձեռքերը կրծքին դրած: Հրայրը կարդում է գլուխը սեղանին թեքած: Երեխաները դողում էին ցրտում երկար մնացածի պես: Ծանր վիրավորվածի նման տնքում էր անընդհատ: Ջրում խեղդվողի պես ձեռքերը թափահարում է: Պատերազմում առյուծաբար կռվողի օրինակով Հունանը մարտի նետվեց:

Ձևի պարագայի մի տարատեսակն է վիճակի (դրության) պարագան. Արամը քնել էր գիրքը ձեռքին (բռնած): Տորքը ներս մտավ՝ հսկայական գերանն ուսին (դրած):

Չափ ու քանակի. Նա մահը գերադասում էր ուրիշի հաշվին ապահով ապրելուց առավել: Արամը Հասմիկին սիրահարված էր մինչև սրբորեն պաշտելը: Սիրասուն մորը անհունորեն նվիրվածի չափ սիրում է իր բնօրրանը։ Ռազմական հանդերձանքով մինչև ատամները զինված՝ գերմանական ֆաշիզմը կռվում էր խաղաղ բնակիչների դեմ։ Հրաչիկը գիտելիքներ է ցուցաբերում՝ ավելի քան բուհն ավարտողը: (Դերբայական դարձվածով չափ ու քանակի պարագան քիչ է գործածական)։

Նպատակի. Տղաները գնացին Երևան՝ դիտելու ֆուտբոլային խաղը: Հասմիկը մտավ գրադարան՝ ընթերցելու «Քաոս» վեպը: Հանուն կռվում փառապանծ մարտնչողների՝ կառուցեցինք հավերժի հուշարձան։ Ի փառս Հայրենական պաաերազմում հաղթածների՝ զորքը հրետանային քսան համազարկ տվեց (սրանք նաև շահի խնդիր են):

Պատճառի. Քննությունը բոլորովին անպատրաստ լինելով՝ Աշոտը իրեն հիվանդ ձևացրեց: Ամբողջ տարին հիվանդ լինելու պատճառով Արամը տարկետում վերցրեց։ Երեխաների վրա սաստիկ բարկացած՝ ջղային շարժումներ էր անում խեղճ պապս։ Ուրախացած այդ երջանիկ դեպքից` Սուրենը անընդհատ պարում էր։ Թշնամու բանակը գերի ընկնողի երեսից Սարգիսն էլ տուժեց։

Հիմունքի. Ելնելով կուսակցության ու կառավարության հունվարյան պլենումի որոշումներից՝ գործարանը փոխեց իր աշխատանքային ոճը։ Օգտվելով Սահմանադրության ընձեռած հնարավորություններից՝ նա փոխեց իր վերաբերմունքը։ Նա բարեխիղճն աշխատելուց մեծ հեղինակություն է վայելում։ Ոգևորված կուսակցության 26-րդ համագումարի որոշումներից՝ մեր կոլեկտիվն անցավ նոր բնագծերի նվաճման։ Նախօրոք թշնամու հետ պայմանավորված՝ հայրենադավները հեշտ անցան սահմանը։

Հակառակ հիմունքի (զիջման). Չնայած վատ սովորելուն՝ Արամն այդ մասին չէր էլ հոգում։ Բոլորից շատ պարապելով՝ այնուամենայնիվ արդյունքի չէր հասնում։ Հակառակ բոլորիս կողմից միահամուռ որոշվածի՝ Վարդանը ընկրկեց դիրքերից։ Գյուղում խաղաղ ու անվրդով ապրողներին հակառակ՝ նա տհաճությամբ քարշ էր գալիս կյանքի ետևից։

Պայմանի. Հարգելով ուրիշներին՝ կսիրվես շրջապատից իսկ ատելով բոլորին՝ կարհամարհվես կոլեկտիվի կողմից։ Անաչառորեն աշխատելու պայմանով նրան գործի ընդունեցին։ Սա համարվում է եղանակավորող բառ՝ կախված խոսողի վերաբերմունքից:

Միասնության. Հիանալի աշխատելու հետ ցուցաբերում է նաև լուրջ համեստություն։ Ինստիտուտում դասախոսելուն զուգընթաց պարապում է նաև սպորտով։ Այսօր մրցույթում պարտվածի հետ քայլում էր նաև Վրույրը։ Ջութակ նվազողների հետ ես էլ գնացի մրցույթի։

Հետևանքի. Նրա գլխավորած բանակը ջախջախվեց՝ կրելով նյութական ու բարոյական լուրջ կորուստներ: Գյուղացին տարին բոլոր աշխատեց՝ հարստացնելով իր ամբարներն ու մառանները:

Դերբայական դարձվածի կազմի մեջ մտնող այն անդամները, որոնք քերականորեն լրացնում են դերբային, կոչվում են կողմնակի՝ քերականական իսկական անդամներից զանազանելու համար։ Կողմնակի անդամները հեշտ գտնելու համար դերբայական դարձվածը մտովի դարձնում ենք նախադասություն, ապա վերլուծում ընդունված կարգով։ Կողմնակի են ենթական, ստ. վերադիրը, խնդիրներն ու պարագաները։

Ենթակա. Իմ նկարած տունը գեղեցիկ է։ Արևը ծագելուն պես նա վեր թռավ տեղից։

Ստորոգելիական վերադիր. Երաժիշտ ծնված մարդն ուրիշ է։ Ծառ թվացող իրը մարդ էր։

Ուղիղ խնդիր. Գիրք կարդացող երեխան քնեց։ Տուն շինող մարդը հոգնել է։

Հանգման խնդիր. Ինձ մոտեցողն Արամն էր։ Պատին կպածը սոսինձ է։

Մատուցման խնդիր. Ուսուցչին ծաղիկ տվողը Նարինեն էր։ Բանվորներին դրոշ հանձնողները գնացին։

Շահի. Ձեր պատվին քեֆ կազմակերպողները մենք էինք։ Արամի օգտին խոսողը ո՞վ էր։

Անջատման. Մորից հեռացողը հայրենիքն էլ կուրանա։ Մեզնից բաժանվելով` նա քայլերն արագացրեց։

Միջոցի. Վրձնով նկարելիս զգույշ եղիր։ Կացնով փայտ ջարդողը երեխա էր։

Ներգործող. Մեզնից ազդվող երեխան շառագունեց։ Աշակերտներից սիրված ուսուցիչը ժպտում է։

Վերաբերության. Ձեր մասին խոսելիս հուզվում է։ Պատերազմից խոսող ծերունին լռեց մի պահ։

Տեղի պարագա. Դաշտ մտածները սկսեցին աշխատել։ Սեղանին դրվածը հաց էր։ Տնից հեռանալիս նա լաց եղավ։ Լեռներով անցնողը... Գյուղեգյուղ շրջելիս... Այստեղ բնակվող...

Ժամանակի. Երեկ գնացածները... ժամի 5—ին ժամանող ինքնաթիռը...

Ձևի. Արագ քայլող, լավ լսող, այսպես ասելով...

Չափի. արագ խոսող, փոքրիշատե հարգող...

Նպատակի. կռիվ գնացած, հարսանիք եկող... զբոսանքի գալիս...

Պատճառի. ցրտից սառած, հիվանդությունից քայքայվող, սիրուց այրվող։

Հիմունքի. օրենքով դատվող, սահմանադրությամբ ղեկավարելիս...

Հակառակ հիմունքի (զիջման). համոզմունքին հակառակ խոսելով...

Պայմանի. քեզ օգնելու պայմանով աշխատող...

Միասնության. Արամի հետ քայլող, ընկերներով զբոսնելիս և այլն։

  1. Շատ սակավ գործածություն ունի։