Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Հարցական նախադասություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Հարցական նախադասություն

Վիգեն Ավագյան

ՀԱՐՑԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Հարցական բնույթի նախադասություններն արտահայտում են հարցում՝ ամենաբազմազան նրբերանգներով։ Ամենից առաջ այդպիսի նախադասություններում առկա է լինում հարցական երանգը՝ որևէ տեղեկություն իմանալու կամ իմացածը լրացնելու նպատակով։ Ճիշտ է հարցական նախադասություններում ամենից շատ հարցական երանգը կրում են դիմավոր բայերը (չէ՞ որ ամեն մի նյութական-դիմավոր բայ կարող է անկախ նախադասություն կազմել), այսուհանդերձ, նախադասության այլ անդամները ևս ավել կամ պակաս չափով կարող են ստանալ հարցական երանգ կապված տրամաբանական շեշտի (շրջուն շարադասություն) հետ։ Հարցական նախադասությունները բնականաբար ենթադրում են նաև պատասխանական նախադասություններ: Այսպես.

— Կատարե՞լ ես տնային հանձնարարությունները:

— Այո՛, իհարկե։

— Չե՞ս մոռացել ասածներս:

— Ո՛չ:

Այսպիսի հարցումն իրավամբ կոչվում է ուղղակի: Հարցական նախադասությունները հաճախ ուղեկցվում են հարցական դերանուններով, եղանակավորող բառերով և այլն, որոնք իրենց վրա են կրում հարցական երանգը, հետևաբար և հարցական նշանը։ Օրինակներ՝ «Ինչո՞ւ չես խոսում, իմ օր ու արև, կյանք ու ջան որդի: Դու իմ գերեզմանն ինչո՞ւ ես խլում...» (Հ. Թ.)։ Ո՞ւր են տանում ճամփաները:

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՛հն է արդյոք, թե՞ նինջը քեզ
Պատել, պայծա՛ռ Նաիրի (Վ. Տ.):

Հարցումը կարող է լինել նաև հռետրական կամ ճարտասանական նրբերանգի։ Այսպիսի հարցումը բովանդակությամբ հաստատական է, քանի որ խոսողը ոչ թե պատասխանի է սպասում, այլ ինքը գիտի իր հարցման պատասխանը։ Ահա. Բա ես այդքան միամի՞տ եմ: Խելքս հացով եմ կերել, տո՛ (ժող.)։ Ինչ է. ես չե՞մ իմանում իմ անելիքը... Գայլն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր:

Այսպիսի դեպքերում հաճախ գործածվում եմ մի՞թե, չէ՞ որ, ուրեմն, ինչ է, հա՞, կարծեմ և այլ միավորներ։ Անուղղակի հարցման տարատեսակ է հորդորական հարցումը, որը հաճախ զուգակցվում է հա՞, այո՞, չէ՞, այդպե՞ս չէ, ճի՞շտ է, ճշմարի՞տ է, այդպես է, չէ՞ և նման բառերով ու կապակցություններով, որոնք, ինչ խոսք, ոճական արժեք ունեն։ Այսպիսի նախադասություններում առավել շատ հորդոր, համոզում խնդրանք կա, քան հարցում։ Օրինակներ՝ Դու Հասմիկին շատ ես սիրում, չէ՞: Գրիչդ մեկ րոպեով տուր, հա՞: Նարինեն շատ աշխատասեր է, ճի՞շտ է:

Անուղղակի հարցման տարատեսակներից է, այսպես կոչված, ինքնահարցումը, որ հաճախ երևան է գալիս թատերական գործերում և մենախոսություններում։ Հիշենք, օրինակ, Պեպոյի մենախոսությունը համանուն դրամայում («Ո՞վ իս դու: Ի՞նչ մարդանեսաբումն իս դու»)..

Հարցական նախադասություններում երբեմն էլ գործածվում է «տարակուսական հարցումը՝» գուցե, միգուցե, չլինի՞ թե, հո, արդյո՞ք և այլ բառերով հանդերձ (Գուցե՞ ես եմ սխալվում։ Մի՞գուցե եկել է արդեն)։