Շունն ու կատուն (Հակոբ Աղաբաբ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շունն ու կատուն

Հակոբ Աղաբաբ


Շունն ու կատուն


(Լեգենդ)



«Շունը տան դռանը

Աչքը տան կռանը»

Առած


Ասելուկ


Կատուն-կատո՜ւն փափկամազ,
Մի օր ելավ վազեվազ՝
Ուզեց մտնի ամբարը՝
Հետքից հասավ Չամբարը։

Կռիվն ընկավ մեջները,
Վեր տնկեցին պոչները,
Մեկ էլ՝ հանկարծ մեր կատուն
Փախավ էլ ետ մտավ տուն։

1


Որ իմանաք՝
Մի ժամանակ
Չամբար շունը լավ ղասաբ էր,
Կերն ու խումն էլ անհեսաբ էր։
Իսկ էն խաթուն
Փիսո կատուն
Չամբարի մոտ աշակերտ էր.
Համ կմորթեր, համ կքերթեր։

Ու միշտ առոք,
Ու միշտ փառոք,
Շունը նստած լի խանութում՝
Սիրտն ինչ ուզում՝ էն էր ուտում:
Ամեն անգամ
Չաղ-չաղ միս կամ
Լուսաթաթախ փափուկ դմակ
Յուղ էր կտրում ատամի տակ։

Ինքն ուտում էր՝
Կշտանում էր,
Իսկ խե՜ղճ կատվին՝ ոչ թե չաղ միս.
Ոսկրից ավել բան չէր տալիս։
Եվ ինչո՞ւ տար,
Չէ՞ որ ախար՝
Նա աշկերտ էր՝ գործակատար.
Նա ի՜նչ կաներ անուշ պատառ։

2


Չամբար ուստան
Գամփռ շուն էր,
Սուր-սուր ատամ,
Մեծ ուժ ուներ։
Հենց որ կատուն
Կուզեր գա տուն,
Կամ կննջեր,
Կհորանջեր,
Վզից կծում,
Վայր էր գցում,
Մինչև անգամ.—
— Համ-հա՜մ, համ-հա՜մ...
Փնթփնթալի
Ուշունց տալի։
Կատուն ճչում,
Վեր էր թռչում,
Վերքը լիզում,
Բարձր կանչում.—
— Ա՜յ մեծ ուստեք,
Ներս համեցեք,
Չաղ միս տարեք,
Անուշ արեք։
Միսը՝ միս է,
Աչքի լիս է,
Ջուրը եղ է,
Փորի դեղ է։
Շունը լսում
Իրն է ասում.—

— Ա՜յ գլխամեռ,
Ձրիակեր,
Քեզ ո՞նց անեմ ինձ հետ ընկեր...
Ես փող դնեմ,
Գործ սկսեմ,
Քեզնով տանեմ քարը քսե՞մ...

3


էլ... ի՞նչ ասեմ,
Լավ է՝ չասեմ...
Գիշեր-ցերեկ Փիսո-կատուն՝
էլ չգիտեր՝ թե ե՞րբ գա տուն...
Ամբողջ օրով՝
Սոված փորով
Խանութի մոտ կանգնած արթուն՝
Ներս էր կանչում անցնող մարդուն։
Եվ դո՛ւ, հենց դո՛ւ,
Այ խեղճ կատու,
Ախր հենց դու սոված մնա՞ս,
Լի խանութում չկշտանաս...

4


Բախտ է՞ր, ի՞նչ էր,
Նրանից չէր...
Մի օր շունը հիվանդացավ,
Շատ ուտելուց մի տեսակ ցավ
Եկավ-կպավ նրա ջանին.
էլ չկարաց գալ իր բանին։
Ու էսպիսով
Լիքը մսով
Խանութն ընկավ կատվի ձեռը.
Ինքն էլ դարձավ գործի տերը.
Ու խանութը մի լավ սարքեց,
Մի խումբ ձագ էլ աշկերտ կարգեց։
Սրանց մտիկ...
Հեռու, մոտիկ
Ծանոթներից ով իմացավ՝
Անկեղծ սրտով ուրախացավ,
— Տեղն է, ասավ, էն քավթառին,
Կատվին տանջեց ամբողջ տարին։
Եվ էլ...
Եվ էլ,—
Ամեն կողմից փիսո-կատվին
Ընկերաբար խորհուրդ տվին,
Միաբերան
Ասին նրան,—
— Դու էլ երբեք նրա համար
Միս չուղարկես ոչ մի պատառ
Այ էն դահիճ
Չամբարն անխիղճ
էսքան տարի խելքդ փորձել,
Նա քեզ լավ է շահագործել.
Բեգի նման
Ամեն անգամ
Ինքը յուղ է անուշ արել
Քու առաջը ոսկոր շարել:
Գիտե՞ս, կատու,
Ի՛նչ կանես դու,—
Մեկ էլ որ գա՝ մտնի խանութ,
Դո՛ւ բղավի իրենից շուտ։
Մի վախենա,
Սարսաղ է նա.
Ասա՛,— ի՞նչ է, չե՞ս ամաչո՜ւմ...
Մենակ քեզ ե՞ս տեր ճանաչում։
Գոռա, գոչի,
Հավար կանչի
— էս խանութը, ասա իմն է.
Այ էս ջանն է էստեղ հիմնե,
Մատով ցույց տուր
Փողոց ու դուռ,—
— Ա՛յ քու տեղը, դռան շեմքին,
Ինչքան կուզես փռվի լենքին։

5


Ու մի օր էլ Չամբարն եկավ,
Ո՛չ պիտի գար...
Եկավ մի կերպ խանութն ընկավ,
էնպե՜ս տկար...
Չորացել էր ոտքի վրա՝
Կմախք դարձել...
Կախ էր ընկել դունչը նրա՝
Ու կռացել...

Եկա՜վ-չեկավ՝
Գետնովն ընկավ,
Կատվին նայեց՝
Հաֆ-հաֆ արեց.—
Ձենը խրկել՝
Փորն էր ընկել.
Ասավ.—
— Է՜յ դու,
Անխիղճ կատու,
Համ խանութիս տեր ես դարձել,
Համ էլ, համ էլ՝ ինձ մոռացել...
Համ-հա՜մ, համ-հա՜մ, ա՜խ դո՛ւ, դո՛ւ,
Գող ավազակ անխիղճ կատու...
Ու դեռ խոսքը բերնից չելած՝
Կատուն կանգնեց, էսպես գոռաց.—
—Ի՞նչ ասիր, ի՞նչ
Քու խանութն է՞...
Գժվել հո չե՞ս,
Ի՞նչ է, մութն է՞...
Խելքի արի...
էսքան տարի
էստեղ եմ ես
Կյանքս մաշել,
Ու քու ձեռին
Շան օր քաշել։
Ամեն անգամ
Խելքս փորձել,
Դու ինձ լավ ես
Շահագործել...
Ինքդ չաղ միս
Անուշ արել,
Իմ առաջը
Ոսկոր շարել։
Օր ու գիշեր...
Կատուն գի՞ժ էր.
էնպես անքուն,
էնպես կանգուն
Ճչում, կանչում
Դես-դեն շրջում։
Էս խանութը,
Այո, իմն է,
Ա՛յ, էս ջանն է
էստեղ հիմնե։
Ա՛յ, քու տեղը՝
Դռան շեմքին,
Ինչքան կուզես՝
Փռվի լենքին։
Եվ ո՛չ մի օր
Չհանդգնես,
Դու էդ շեմքից
Խանութ գաս ներս։
Կտան՝ կուտես
Մսի կտոր,
Չեն տա՝ շատ կա
էնտեղ ոսկոր:

6


Ասավ-չասա՛վ մեկ էլ հանկարծ՝
Ձագուկներն ի մի խմբված՝
Վրա տվին, չանգռտեցին,
Խեղճ Չամբարին դուրս խրկեցին։
Ներսը մնաց փիսո-կատուն՝
Մեծ սեղանի ծայրին բազմած,
Դռան շեմքին — վա՜յ քեզ, խե՜ղճ շուն,
Շունը փռվեց գետնատարած։

Օրերն եկան, եկան անցան,
Ամիսները տարի դարձան,
Շունն էս բանը միշտ էլ հիշեց
Ու կատվի հետ չբարիշեց...
Ինքը մնաց դռան շեմքին,
Կատուն բազմած տան թարեքին։
Կատվին ասող չեղավ՝ հա՛ փի՜շտ
Շանը դռնից քշում են միշտ...