Jump to content

Ո՞ւր է իմ հայրենիքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ո՞ւր է իմ հայրենիքը

Հայրենիքին, քո սիրելի հայրենիքին
եղիր դու կից.
Այնտեղ են քո զորության քուն արմատները
ՇԻԼԼԵՐ

Ա
Կարծես կայենի անեծքով նախկին
Թափառում եմ ես քաղաքից քաղաք,
Եվ անգութ բախտն ուժգին և ուժգին
Հալածում է ինձ ընդ ծով և ցամաք:
Իսկ այժմ դեպ ո՞ւր: — Գնամ Պարսկաստան,
Օդն է քաղցրաշունչ, երկինքն պարզ և ջինջ,
Ուր անուշահոտ շնչե բուրաստան,
Եվ մշտագարուն ծաղկում է նարինջ:
Ուր մարմարիոն շատրվանի մոտ,
Սիրուն հարեմը չոքած առաջին,
Արբված ղեյլանի ծխովն ամբարհոտ,
Անուշ բերկրությամբ ապրում է հաջին:
Ո՜չ, չարժե բնակվել այնպիսի երկրում,
Ուր չկա օրենք, — չըկա և աստված,
Ուր բռնակալը միշտ թուր է կրում
Անմեղ զոհերի արյունով ներկված:
Քրիստոնյա հային խո՜րթ է Պարսկաստան,
Ուր ձայն զանգակի չէ հնչում ականջիս,
Որպես հնդկական պարիա-պինժ, խոտան,
Պարսիկը զզվանոք ինձ կոչե նաջիս...

Բ
Ուրեմն լավ է դիմել Տաճկաստան,
Դեպի տերությունն հզոր սուլթանի,
Կիսալուսնի տակ խնդրել ապաստան,
Անդ ապրել կարե ամեն կենդանի:
Հարուստ է երկիրն և դաշտ վարդենի
Ոռոգեն ջրով Տիգրիս և Եփրատ,
Անդ մշտականաչ ծաղկե ձիթենի,
Հացն և գինին` էժան են, առատ:
Անդ ճոխ հարեմում օսմանցի խաթուն
Սեր է գրգռում ամեն մի րոպե,
Իսկ լերկ — սևամորթ ներքինին արթուն
Հսկե հարեմին, որպես քերովբե:
Եվ զվարճասեր օսմանի որդին
Յուր օձապտույտ ծխե նարգիլեն,
Սերիցը սառած հեշտասեր սրտին
Բորբոք է տալիս՝ միշտ դառն ղահվեն:
Ո՜չ, Տաճկաստանում չունեմ ես դադար,
Ուր հալածասեր ոգին Ղորանի
Ճնշում է հայի իրավունքն արդար,
Կոչում է գյովուր, խնզըր յաբանի...

Գ
Դեպի Գաղիա ուրեմն դիմել,
Հեղափոխության բնիկ օրորան,
Արթուն կյանքի ճոխ վարդեր քաղել,
Ազատ իրավանց է անդ կայարան:
Անդ չըկա հարեմ, չըկա ներքինիք,
Այնտեղ է ջեննաթ, ժպտում են հուրիք,
Անդ մուզիկայի ձայնը չէ լռում,
Եվ անուշահոտ փրփրում են գինիք:
Ուր կախարդական Պարիզ գեղասեր
Համաշխարհական մոդայի օջախ,
Գեղեցիկ սեռին վառում է միշտ սեր,
Պչրանք պաճուճանք դարբնելով հաճախ:
Դեպի Գաղիա, Պարի՜զ սիրելիք,
Դեպ մուզաների նորոգ հայրենիք,
Սիրել գեղարվեստ, պաշտել կնանիք,
Մանուկ զորության քաղել թարմ դափնիք:
Իսկ այդ բերկրությունը չե՜ն, չե՜ն ինձ համար,
Նոքա հրճվանք չեն բերում սրտիս,
Երբ կաթոլիկը կոչե ինձ հիմար,
Հերետիկ բառը կնքե ճակատիս…

Դ
Դեպի Գերմանիա էլ լավ է դիմել,
Արհեստ, գիտության է անդ կենտրոն,
Պրուսակների հետ գարեջուր քամել,
Անաղոտ լուսով փայլե անդ կրոն:
Անդ ակոսի մեջ երկրին արգավանդ
Հատու արորի խոփն է փայլում,
Ազատ մշակի երգեն ջերմեռանդ
Միշտ անցավորի հոգին է զմայլում:
Եվ հազարավոր գործատներում
Զորավոր շոգին դարձնում է չարխեր,
Օտար աշխարհից արծաթ է բերում
Արհեստով մշակած երկրին բերքեր:
Ուր պատվի պաշտպան՝ ահեղ հրացան,
Ազգասիրական վառվեց կրակով,
Աստղերից վերև, վերև բարձրացան
Դրոշի փառքն ազգին քաջագով:
Բայց ի՞նչ շատ ինձի փառքն օտարի,
Եվ գերմանացու միշտ թթված ռեխ,
Երբ նա ինձ չի տալ, անվարձ կամ ձրի՝
Յուր հոտած կալբաս՝ չորացած տրեխ:

Ե
Ռուսաստանում լավ է ինձ համար,
Հնարավոր է հանգիստ ապրուստի,
Կյանքն այնտեղ անհոգ է, հարմար,
Իսկ պետությունն՝ յուր փառքով հարուստ:
Այնտեղ միմյանց հետ գռեհիկ-մուժիկ
Ապրում են որպես սանահեր — սանիկ,
Եվ լիքը բաժակ թթված կըվասով
Ուրախ է մշակ և շատ երջանիկ:
Այնտեղ ոխ, նախանձ՝ ծանոթ չէ մարդկանց,
Հանկարծ հայհոյանք, ապտակ և կռիվ,
Իսկ երբ որ մեկը դեմ արեց վոդկան,
Հաշտվում են կրկին սիրո համբուրիվ:
Եվ ջինջկապուտակ աչերը ռուսալկի
Թովում են մարդի և սիրտ և հոգի,
Ա՛խ, որպես նոքա հնազանդվում են,
Եբր գրկում եմ նոցա մեջք սիրամարգի:

Զ
Գնամ Հայաստան՝ իմ բնիկ հայրենիք,
Մեր քաջ նախահարց արյունով սրբված,
Ուր ստեղծագործության առաջին կնիք
Արարիչ ձեռքով դրոշմեց աստված:
Անդ առավոտյան երգը սոխակին
Հիշեցնում է միշտ կորուսյալ Եդեմ,
Եվ տղամարդի կախարդե հոգին
Սևորակ աչերն կուսին լուսադեմ:
Անդ փլատակաց մեջ ավեր դրախտին
Դեռ անմահների հնչվում է քնար,
Կանաչ, ծաղկազարդ վառվում է գետին,
Վաղորդյան ցողը սփռում է գոհար:
Հարո՜ւստ բնություն, ջուրը՝ մեղրահամ:
Օդը՝ քաղցրաշունչ, մարդիքը՝ բարի,
Կանայքը՝ սիրուն, իսկ ժողովուրդը՝
Ժիր և գործունյա է ամբողջ տարի...
Տիրում է խավար և աղքատություն,
Մշակը թշվառ գործում է, գործում,
Աղան խլում է դառն աշխատանքը,
Նորա արյունը քամում է, ծծում...
Սիրո՛ւն Հայաստան, ուր Ադամ, Եվան,
Ադինյան Եդեմ՝ ստեղծեց Եհովան,
Ուսկից բխելով Փիսովն և Գեհուն
Ջրեր սառնորակ գլորեն անհուն:
Ուր ծաղիկների միջով Արաքսին,
Կուրի հետ գրկված, հոսեն միասին,
Ուր բարձրագագաթ հսկե Արարատ
Կանաչ դաշտերին՝ պտղատու, առատ:
Ուր չըկա դորշակ, չըկա բորեաս,
Բյուր ծաղիկներով փայլում է Արագած,
Եվ ֆշֆշալով գժված Հրազդան`
Ջրում է անհուն արտեր, անդաստան:
Այնտեղ ծերունի Նոյը՝ մեր նախկին՝
Իջուց յուր տապան Մասիսի գլխին,
Հիմնեց Ակոռին, բաշխեց մեզ գինի,
Որ հայաստանցին միշտ ուրախ լինի:
Այնտեղ Հայկ դյուցազն՝ հսկան մեր արի,
Սատակեց գոռոզ Բելին վիթխարի,
Եվ արյունովն որդվույն տիտանի
Կնքեց ղաբալան սուրբ Հայաստանի:

Ը
Այնտեղ քաջն Արամ մեխեց Նյուքարին՝
Հպարտ մետացուն՝ պարսպի քարին,
Անդ Արշակունին՝ միշտ հանապազօր`
Ջարդեր լեգեոն Պոմպեին հզոր:
Անդ սկզբաննե սերմունք սրբազան
Ավետարանի բուսնիլ սկսան,
Երբ արքայն Աբգար ինքն առաջին
Ի ճշմարտություն հավատաց փրկչին:
Եվ ջարդեց Տրդատ՝ հզոր թագավոր,
Մեր աստվածների արձաններ շատվոր,
Եվ Արմավիրի սոսիներիցը
Մեր դիցուհիքը գնացին աքսոր:
Էլ ծաղիկներով հայոց աղջիկներ
Չըզարդարեցին Անահտա տաճար,
Եվ աստղկական պարերգ և տոներ,
Ուրախ ցնծությունք լռեցին իսպառ:
Թողին Վահունիք Վահագնի պաշտոն,
Մեր քաջ դյուցազի ողջակեզ և տոն,
Եվ հերոսական մրցություններից
Յուր խաղերի մեջ՝ զրկվեցավ Տարոն:

Թ
Մայրի՛կ Հայաստան, սիրո՛ւն հայրենիք,
Ընդունի՜ր ծոցումդ տարագիր որդիդ,
Բա՜ց արա նորան քո հին վերքերը,
Պատմի՜ր թաքուցած դարդերը սրտիդ:
Բայց ի՛նչ խաժամուժ է աստ ժողովուրդ,
Ինձ բնակվելու չըկա մի անկյուն,
Թուրք և պարսիկ, ղզլբաշ և քուրդ`
Տիրած են երկրի ամեն մի կանգուն:
Զլանում է այստեղ հայի բաժակին
Յուր ազնիվ բերքը գինևետ Գողթան,
Եվ օրհասական նորա վիճակին
Ապառնում է մահ աղայի շղթան: