Ոչ ոք (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վիմագրություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Ոչ ոք)

Վարդան Հակոբյան

Սայաթ-Նովայի մոտիվներով
* * *


Ոչ ոք, ավաղ, չի հասնում։
Պահը կրծքիս առնելով,
Ցավի միջից հառնելով՝
Ո՞ւր եմ այսպես վռազում։

Անցած օրվա սնարին
Կախել եմ սեւ ծաղիկներ.
Ո՞ւմ մեղքերն են ելնում վեր,
Գերի՝ քամու քնարին։

Նույն ծաղիկը՝ նույն ձեռքում
Նույն բուրմունքով չի բուրում.
Պահը լուռ է եւ հոգվո
Թախիծներն է համբուրում։

Ոչ ոք, ավաղ, չի հասնում։
Պահը կրծքիս առնելով,
Ցավի միջից հառնելով՝
Ո՞ւր եմ այսպես վռազում։