Որպես սկիզբ (Զերվոն Վարդանյան)
Որպես սկիզբ
Երբ աչք ենք բացել` մեր դիմաց Մռավ սարի հավերժական ժպիտն էր, որ կենարար ավիշ էր հաղորդում բոլորիս։ Ու ծաղկուն էր միշտ Կոճողոտը՝ Մռավի հավերժական հայացքի ներքո։
Մեզնից մեկն էլ՝ Զերվոն Սամսոնի Վարդանյանն էր, որ աչք բացեց գարնան առաջին օրը և տեսավ ծաղկուն-ծաղկափթիթ Կոճողոտը։ Տեսավ ու հիացավ Հիացավ ու սիրեց։ Սիրեց ու մշտապես կապվեց հայրենի գյուղին։ Գյուղ, որ դարերի պատմություն ունի ամբարած իր սևահողի հարուստ շերտերում։
1936-ի մարտի 1-ի կիրակի առավոտյան Սամսոն և Զառի Վարդանյանների ընտանիքում ծնված առաջին կենսունակ որդու համար Զերվոն անունն այդպես էլ գրոց անուն մնաց։ Ամուսնության յոթերորդ տարում ծնված մանկիկին ծնողները, հին սովորության համաձայն, ստիպված էին օտարաշունչ (Վիլայաթ, կարճ՝ Վլյաթ) անուն տալ, որ մնա (մինչ այդ ծնված երեխաները մահանում էին)։
Եվ հուրախություն ծնողների ու հարազատության՝ Զերվոն-Վլյաթը ապրեց։ Օր-օրի աճեց ու մեծացավ, սիրեց իր հայրենի բնաշխարհը, հայկական խաչքարերով լի գյուղը, երկիրը, որ հայաշունչ էր ու հայաբարբառ, բայց «Հայաստան» կոչվելու իրավունք չուներ, խորհրդային պետությունն այնպիսի «ամուր հիմքերի» վրա էր դրել, այսպես կոչված՝ լենինյան ազգային քաղաքականությունը, որ ակամա Խորհրդային Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված Արցախ-Ղարաբաղը երազում անգամ երբեք դեպի Հայաստան չպիտի նայեր։
Իրավամբ, զարմանալի էր աշխարհի «ամենամարդասիրական» երկրի նման երկակի վերաբերմունքը, թեև գյուղի մերձակա դաշտերն ու անտառները լցված են խաչքարերով, ամենուր՝ հին հայկական գերեզմանատներ են, եկեղեցիների ու պարիսպների ավերակներ, բնակատեղիներ՝ տեղանքի ու բնակչության ազգային պատկանելիության ու վաղնջականության անհերքելի ապացույցներով։ Նույնիսկ շատ տեղանուններ իրենց մեջ «խաչ» բաղադրամաս են պարունակում (Խչերեն սեռ, Բղրամա Խաչ, Էլչին Խաչ, Ճոխտակ Խաչ, Մռամունց հարթեն Խաչ, Էրկու ճրին ղաթե Խաչ և այլն)։ Այնուամենայնիվ, խորհրդային պետական իշխանության մարմինների կողմից տասնամյակներ շարունակ կասկածի տակ էր պահվում դրանց հայկականությունը։ Ինչպե՞ս չզարմանային Զերվոնն ու իր հասակակիցները, նախորդ ու հաջորդ սերունդները, երբ շրջապատն ամենուր հայկականությամբ է շնչում...
...Եվ մի՞թե զարմանալի չէր իր իսկ ճակատագիրը, երբ իր «Արցախ-Ղարաբաղ» երկանուն երկրամասի պես ինքն էլ պարտադրված էր հարազատ-օտար երկանուն կրել ծննդյան օրից մինչև մահ՝ «Զերվոն-Վլյաթ»...