Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՈՐՋՈՒՄ
Մեկը մի քած է, մյուսը՝ նույնպես,
Եվ նա, որ քած չէ, նա էլ է քած։
Բա՞, հիմքն էն գլխից դրված էր այդպես,
Այսինքն, զուր ես ուշք դարձնում, թքա՛ծ։
Դյուրին չէ ելնել ոչնչության դեմ,
Շրջում է շուրջդ, նայում ես՝ չկա։
Մեկ գայլ է, մեկ՝ շուն, մեկ՝ սողուն անդեմ,
Մեկ՝ կաղկանձով «լաց լինող» չախկալ։
Թե հանկարծ կերը պակասեց որջում,
Քածերը՝ հաֆ-հաֆ, շարվում են կողքի։
Եվ այսպես անուշ, մեղուշ են հաչում,
Վնգստում այսպես անսեռ ու անկիրք։
Իրար պոչի տակ դնչով հոտոտում
Եվ հորդորում են մեկը մյուսին։
Մեկ-մեկու մտքեր որսում են օդում,
Միայն թե... մութը մի ցրի՛ր, լուսին։
Մեկը մի քած է, մյուսը՝ նույնպես,
Եվ նա, որ քած չէ, նա էլ է քած։
Բա՞, որջում հիմքը դրված է այդպես,
Գա՞յլ են, չախկա՞լ են, էհ, մե՞կ չէ, թքա՛ծ։
|
|