Չինգիզ խանից մինչև Ֆյոդոր Մարտենս կամ Ինչո՞ւ ամեն կոտորած դեռևս մարդկայնության դեմ հանցանք չէ, առավել ևս՝ ցեղասպանություն
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտման օրենսգծի ընդունումից հետո ավելի հաճախադեպ դարձավ մինչ այդ էլ հնչող այն միտքը, որ՝ եթե հայերի կոտորածները պետք է որակել որպես ցեղասպանություն, ապա ինչո՞ւ դա չի կարելի անել, ասենք, ամերիկյան հնդկացիների ոչնչացման կամ Չինգիզ խանի կոտորածների համար: Առաջին հայացքից տրամաբանական, բայց միանգամայն հիմնազուրկ պնդում:
Ցանկացած հասարակության մեջ որևէ արարք կարող է համարվել հանցանք, եթե տվյալ արարքը ոտնահարում է հասարակության կողմից ամրագրված այնպիսի հիմնադրույթ, որի ոտնահարումը տվյալ հասարակարգը որակել է որպես հանցագործություն: Ակներև է, որ միևնույն արարքը մի հասարակության մեջ կարող է դիտարկվել որպես հանցանք և պատժվել, օրինակ՝ ոգելից խմիչքի գործածումը Սաուդյան Արաբիայում, բայց միանգամայն օրինական, անգամ համատարած լինել, մեկ այլ հասարակության մեջ, օրինակ՝ Ռուսաստանում: Կամ, միևնույն արարքը կարող է օրինական լինել տվյալ հասարակության զարգացման որևէ ժամանակահատվածում, բայց կատարելապես անօրինական լինել մեկ այլ փուլում, օրինակ՝ ստրկատիրությունը և ստրկավաճառությունը Միացյալ Նահանգներում կամ նացիստական գաղափարախոսությունը Գերմանիայում: Հետևաբար, հանցագործություն հասկացությունը փոփոխական է ժամանակի և տարածության մեջ: Եթե խիստ պարզեցնենք հարցը և ներկայացնենք, օրինակ, քրեական իրավունքի տեսանկյունից, ապա կարող ենք ասել հետևյալը. եթե քրեական օրենսգրքում չկա տվյալ արարքին վերաբերող և այն որակող ու պատիժ նախատեսող հոդված, ապա տվյալ արարքն այդ հասարակության համար տվյալ ժամանակահատվածում հանցագործություն չէ: Նույն դրույթը սկզբունքորեն վերաբերում է նաև միջազգային հարաբերություններին և միջազգային իրավունքին:
Հնուց ի վեր պատերազմների ժամանակ խաղաղ բնակչության կոտորածները կամ այլ ձևով ոչնչացումը գրեթե համատարած է եղել: Դարեր շարունակ, ցավոք սրտի, բնական է ընկալվել ռազմագերիների կամ գրավված բնակավայրերի բնակչության կոտորածն ու ստրկացումը: Դա պատմության ցավալի, անգամ դատապարտելի, ընթացքն էր, սակայն այդ երևույթները երբեք չեն դիտարկվել որպես անօրինական, առավել ևս որպես հանցագործություն, քանի որ չեն եղել դրանք և նման արարքներն օրենքից դուրս հայտարարող միջազգայնորեն ճանաչված իրավական պայմանավորվածություններ և պարտավորություններ: Մինչև 1899թ., այսինքն մինչև Հաագայի 1-ին համաժողովը, պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության, ինչպես նաև կռվողների, հարցը դիտարկվել է որպես հակամարտության կողմերի կամ խնդրո առարկա երկրի ներքին հարց: Նշյալ հարցերի վերաբերյալ իրավական գնահատականներ կարող էին տրվել միայն ներքին օրենսդրության տեսանկյունից կամ երկկողմ համապատասխան փաստաթղթերի և պայմանավորվածությունների հիման վրա, եթե իհարկե այդպիսիք կային: Եվ միայն 1899թ. հուլիսի 28-ին Հաագայում ստորագրված Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ երկրորդ միջազգայնագրի (կոնվենցիայի) (Convention (II) with Respect to the Laws and Customs of War on Land) 1900թ. սեպտեմբերի 4-ին[1] ուժի մեջ մտնելուց հետո էր, որ “ազգաբնակչությունը և կռվողները” (populations and belligerents) դրվեցին միջազգային իրավունքի պաշտպանության և իրավասության ներքո:
1899թ. վերոհիշյալ միաջազգայնագրի նախաբանում ամրագրված է հետևյալը.
“Մինչև պատերազմի մասին ավելի ամբողջական վարքականոնի ընդունումը, Բարձր պայմանավորվորող կողմերը հարկ են համարում հռչակել, որ այն դեպքերում, որոնք ներառված չեն նրանց կողմից ընդունված Կանոնակարգի մեջ, ազգաբնակչությունը և կռվողները մնում են միջազգային իրավունքի այն սկզբունքների պաշտպանության և իրավասության ներքո, որոնք բխում են քաղաքակիրթ ազգերի միջև հաստատված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և հանրային խղճի պահանջներից:” (Until a more complete code of the laws of war is issued, the High Contracting Parties think it right to declare that in cases not included in the Regulations adopted by them, populations and belligerents remain under the protection and empire of the principles of international law, as they result from the usages established between civilized nations, from the laws of humanity, and the requirements of the public conscience.)
Ի միջի այլոց, Հաագայի համաժողովի կողմից ամրագրված վերոհիշյալ իրավական դրույթը միջազգային իրավունքում հայտնի է Մարտենսի հիմնադրույթ // վերապահում (Martens Clause, оговорка // декларация Мартенса) անունով:[2] Այն այդպես է կոչվում ի պատիվ հիշյալ դրույթի հեղինակ, գերմանական ծագումով ռուսաստանցի իրավագետ, Հաագայի համաժողովում Ռուսաստանի կայսրության լիազոր ներկայացուցիչ, Ֆրիդրիխ Մարտենսի (Friedrich Fromhold Martens, Фёдор Фёдорович Мартенс, 1845-1909):
Անհրաժեշտ է ընդգծել, որ Թուրքիան եղել է սույն միջազգայնագիրը ստորագրած հիմնադիր անդամների թվում և խնդրո առարկա փաստաթուղթը վավերացրել է 1907թ. հուլիսի 12-ին:[3] Ի դեպ, հենց այս փաստաթուղթն ու այդ փաստաթղթի՝ Թուրքիայի կողմից վավերացված լինելն է, որ Դաշնակից տերություններին (Ֆրանսիա, Բրիտանական կայսրություն և Ռուսաստան) հիմք տվեց 1915թ. մայիսի 24-ին Թուրքիային մեղադրելու “մարդկայնության և քաղաքակրթության դեմ հանցանքների” (Crimes against humanity and civilazation) մեջ:[4] Ի ցավ մեզ, սա միջազգային հարաբերությունների մեջ միջազգային իրավունքի սույն ձևակերպման առաջին կիրառման դեպքն էր:[5]
Այսպիսով, թեև մինչև 1900թ. պատմության մեջ եղել են բազմաթիվ դեպքեր, որոնք իրենց բնութագրիչներով համապատասխանում են մարդկայնության դեմ հանցաքների (crimes against humanity) տարատեսակներին՝ թերևս նաև ցեղասպանությանը, այսուհանդերձ դրանք միջազգային իրավունքի տեսանկյունից չեն կարող որակվել որպես այդպիսիք, քանզի դրանց իրավական որակում տվող և դատապարող միջազգային փաստաթուղթն ուժի մեջ է մտել միայն 1900թ.-ից:
Հղումներ և ծանոթագրություն
- ↑ The Laws of Armed Conflicts, A Collection of Conventions, Resolutions and Other Documents, [ed. D. Schindler & J. Toman], Leiden/Boston, 2004, p. 56.
- ↑ Manual of the Terminology of the Armed Conflicts and International Humanitarian Organizations, [ed. by I. Paenson] Brussels, 1989, pp. 126-127.
- ↑ The Hague Court Reports, [ed. James Brown Scott], New York, 1916, p. CII.
- ↑ United Nations War Crimes Commission, History of the United Nations War Crimes Commission and the Development of the Laws of War, London: His Majesty’s Stationary Office, 1948, p. 35.
- ↑ Benjamin B. Ferencz, Crimes Against Humanity, Encyclopedia of Public International Law, [ed. Rudolf Berhardt] v. I, Amsterdam, 1992, p. 870.
25 դեկտեմբերի, 2011թ.