Չհաս է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչ լայնեղ է Չհաս է

Մուրացան

Խորհրդավոր միանձնուհի
[ 99 ]

Ա․

ՊԱՐՈՆ ԹՈՎՄԱՍ ՄԱՐԱԼՅԱՆԸ

Նրա տարիքը թեպետ հիսունհինգից անց էր բայց, նա դեռ ժիր և առույգ էր ինչպես մի երիտասարդ և յուր բոլոր գործերի վերա հսկում էր անձամբ։ Ամեն առավոտ նա ժամը վեցին արդեն ոտքի վերա էր. նրա ստորադրյալները նույնպես հետևում էին յուր օրինակին. որովհետև Թովմասի խանութները բացվում էին շուկայի մեջ ամենից վաղ և փակվում ամենից ուշ, իսկ այդ բոլոր ժամանակը նա ոտքը խանութից դուրս չէր դնում։ Նույնիսկ ճաշելու համար պարոն Թովմասը տուն չէր գնում և այդ պետքը լցուցանում էր խանութում։ Հենց այս պատճառով էլ նա շատ ատում էր այն փափկասեր վաճառականներին, որոնք կեսօրին խանութը գործակատարների հույսով թողնելով, շտապում էին իրենց կանանց հետ ճաշ վայելելու։ Թովմասը ուզենար էլ այդպես անել չէր կարող, որովհետև յուր բոլոր հաճախորդների հետ նա ինքն էր խոսում և համոզելու վերաբերյալ աննշան գործն անգամ ուրիշին չէր վստահանում։ Եվ այդ նրա համար, որ նա խորը կերպով համոզված էր, թե իրեն նման փորձված ու խելոք դեռ մի ուրիշը չկա։ Բայց թե պատահում էր այնպիսի գործ, որի օգուտը գերակշռում էր ա՛յն վնասին, որ յուր բացակայության ժամանակ կարող էին հասցնել իրեն յուր գործակատարները, այդպիսի դեպքերում, իհարկե, նա կանգ [ 100 ] չէր առնում, և փոքրը զոհում էր մեծը ձեռք բերելու համար։ Իսկ ինչ խանութների փակելուն և բանալուն է վերաբերում, այդ հանդեսը, իհարկե, նրա ներկայությամբն էր տեղի ունենում, որովհետև պարոն Թովմասը այն կարծիքին էր, որ «հավատալը մի թուլություն է, իսկ վստահանալը՝ երկու»։

Երեկոյան տուն վերադառնալով՝ նա դարձյալ զբաղվում էր առևտրական գործերով։ Այդտեղ, ճշմարիտ է, ոչ գնողներ կային, ոչ վաճառողներ, բայց մի համարիչ կար, որ օգնում էր նրան յուր ձանձրույթը փարատելու։ Ամբողջ ժամերով նա նրա վերա հաշիվներ էր շինում, պլաններ էր սարքում և ապագա գործերի համար ծրագիրներ էր պատրաստում։ Այն ժամերը, որոնց նա գործ էր դնում ոչ յուր հաշիվների համար, նա նրանց կորած էր համարում։ Այս պատճառով էլ նա դրացու կամ հասարակության գործերով երբեք չէր հետաքրքրվում։ Դրանց վերաբերյալ ամենահետաքրքրական նորություններն անգամ նա լսում էր կատարյալ անտարբերությամբ, մանավանդ որ այդ նորությունների մեջ փողի վերաբերյալ հաշիվներ չկային։ Յուր տունը այցելող հյուրերն անգամ պարտավոր էին Թովմասի հետ առևտրի և հաշիվների վերա խոսելու, որովհետև նա սովոր չէր ժամավաճառ լինելու այնպիսի խնդիրների համար, որոնք նրան մի դրամ ական օգուտ չէին տալիս։ Շատերը կարող են կարծել, իհարկե, որ այդ տեսակ դատարկ խոսակցություններն էլ մի դրական օգուտ չէին տալ նրան, բայց պարոն Թովմասը այդ կարծիքը չուներ յուր սովորության վերաբերմամբ։ Խոսելով այս և այն գործի կամ հաշվի մասին, նա միշտ մի նպատակ ուներ յուր սրտում, այն է՝ լսել զանազան մարդկանց կարծիքները, և այդ զանազան կարծիքներից նա համեմատական օրենքով քաղում էր այնպիսի օգուտներ, որոնք նրան հարկավորվում էին յուր ապագա ձեռնարկությունների ժամանակ։ Եվ ահա՛ հենց այս օգուտներն էին, որոնց ձեռք բերելու համար նա չէր խնայում ոչ հյուրի համբերությունը և ոչ ճաշի, ընթրիքի ժամանակը։ Իսկ եթե նրա անվերջ հաշվաբանություններից ձանձրանալով էլ բարեկամ մարդիկ չէին հաճախում նրա մոտ, նա բոլորովին չէր տխրում, որովհետև դրանով կրկին ապացուցվում էր յուր կարծիքի [ 101 ] ճշմարտությունը, թե հաշիվներից խոսելը անօգուտ չէ անցնում։ Մի քանի մարդ պակաս հյուրասիրելով՝ նույն չափով Թովմասը պակաս կորուստ էր ունենում։ Նա էլ յուր տեսակում մի օգուտ էր, որ չպետք էր արհամարհել։

Յուր քսանևհինգ տարեկան հասակում երիտասարդ Թովմասը հինգ հարյուր ոուբլուց ավելի դրամագլուխ չուներ։ Բայց յուր անխոնջ աշխատության և ժրաջան գործունեության շնորհիվ, այս օրվան օրս նա տեր էր երկու հոյակապ տների, մի քանի կրպակների, վարելահողերի և հարյուր հազարից ավելի կանխիկ դրամագլխի, որ նա շահեցնում էր յուր հաջողակ առևտրով։ Սակայն չնայելով այս հարստությանը, պարոն Թովմասը չափից դուրս խնայող և մինչև անգամ ժլատ էր։ Հենց այս պատճառով էլ նա մինչև յուր հիսունևհինգ տարեկան հասակը ամուրի մնաց։ Ճշմարիտ է, նա ամուսնության ընդդեմ չէր, և յուր երիտասարդության օրերում շատ անգամ էր մտադրվել ամուսնանալու, բայց ամեն անգամ էլ յուր հաշիվներին վերահասու լինելով՝ նա եկել էր այն եզրակացության, որ դեռ ժամանակը չէ։

—«Եթե ես ամուսնանամ,—մտածում էր նա,—գիտեմ, որ շատ կսիրեմ իմ կնոջը, ես չեմ կարող անկատար թողնել նրա և ոչ մի պահանջը, մինչև անգամ եթե նա անիրավ էլ լինի։ Բայց դրա համար, իհարկե, իմ կարողությունը դեռ փոքր է. լրացնեմ հիսուն հազարը և այն ժամանակ անպատճառ կամուսնանամ…»։ Բայց մինչև որ նա կլրացներ հիսուն հազար, վախճանվեցավ նրա եղբայր Անտոնը, որ հազիվ մի տարվա ամուսնացած էր, և թողեց նորատի ամուսնուն աղքատ և այրի, իսկ յուր փոքրիկ Պետրոսին դեռ կաթնկեր որբ։

Թովմասր սիրում էր եղբորը, որովհետև նա մի աշխատասեր մարդ էր (թեպետ մինչև վերջը նրան չներեց, որ նա վաղաժամ ամուսնանալով դժբախտացրեց իրեն), ուստի յուր հովանավորության ներքո առավ իր այրի հարսին և նրա մանկանը։

Չնայելով որ Հռիփսիմեն (այդ էր հարսի անունը) յուր ժուժկալ և խնայասեր բնավորությամբ առաջվանից ավելի [ 102 ] չափավոր դիրքում սկսավ պահել տագեր տան ծախքերը, այսուամենայնիվ այն օրից սկսած, որ նա յուր որդու հետ միասին մուտ գործեց այդ տունը, պարոն Թովմասը այլևս անկարելի համարեց յուր ամուսնությունը, որովհետև նա հավատում էր, որ տան ծախքը կրկնապատկվել էր - նա պետք է ապրեցներ յուր եղբոր կնոջը և նրա որդուն, իսկ այս վերջինին պիտի ուսում տար, երբ նա մեծանար...

Այս հոգսերը ստիպեցին Թովմասին եռապատկելու յուր ուժն ու աշխատությունը։ Բարեբախտաբար մի քանի դեպքեր նրան ա՛յնպես հաջողեցին, որ յոթ, ութ տարվա ընթացքում ոչ միայն հիսուն հազարը, այլև մի քանի ուրիշ տասնյակ հազարներ ավելացան նրա դրամագլխի վրա։

Թովմասը հիշեց յուր խոստումը ամուսնանալու մասին:

Բայց այս անգամ ուրիշ արգելք կար նրա դիտավորությունը խափանող — Պետրոսն արդեն մեծացել էր, նա կարգում էր տեր-Արութի մոտ։ Միկիթ֊բեկը, որ դատարանի մի ծառայող էր, բայց պ. Թովմասի ամենալավ բարեկամը, խորհուրդ տվավ նրան ուղարկել Պետրոսին Թիֆլիսի գիմնազիոնը։

«Նա ուշիմ և ընդունակ երեխա է,— ասաց նրան Միկիթ-բեկը,— և քանի որ փոքր է, պետք է հոգաս նրան այդ հաստատության մեջ ընդունել տալու. մի քանի տարուց ետ դժվարությամբ գլուխ կբերվի այդ գործը և քեզ վերա ավելի ծախք կնստի։ Ուղարկիր նրան գիմնազիոն հենց այժմյանից և ոչինչ մի՛ խնայիր նրա ուսման և կրթության համար. Պետրոսի բարեհաջող զարգացումը կկրկնապատկե մի օր քո հարստությունը...»։

Թովմասը լսեց Միկիթ-֊բեկին և ուղարկեց Պետրոսին Թիֆլիս։ Հետևապես այն գումարը, որ նա կարծում էր, թե կարող է յուր ամուսնության համար գործադրել, հատկացրեց եղբոր որդուն, իբրև ուսման և ապրուստի թոշակ:

Այսպիսով կրկին անգամ խափանվեցավ պ• Թովմասի ամուսնության գործը. բայց այդ դեպքը մի անախորժ ազդեցություն չունեցավ նրա վերա։ Որովհետև Թովմասը հո՛ չէր ուզում ամուսնանալ նրա համար, որ նա մի առանձին կարիք էր զգում այդ բանի մեջ, այլ որովհետև ինքն իրեն [ 103 ] խոստացել էր, որ հիսուն հազարատեր Ժամանակը կամուսնանա, այսինքն մի որոշ գումար ավելի կծախսե և ահա՛ նա ցանկանում էր, իբրև ազնիվ մարդ, յուր խոստումը կատարել։ Բայց որովհետև որոշ գումարը արդեն Պետրոսը խլեց, հարկ չկա ասել, որ էլ ամուսնանալը անկարելի էր։ Նրան մնում էր նորից ոգևորվել, նորից մեծ աշխատությունների ձեռնարկել, որպեսզի պակասելիք դրամագլխի փոխարենը վերադարձնե և այս ճանապարհով երրորդ անգամ ամուսնության վերա մտածելը հնարավոր անե։ Այդպես էլ արավ պ. Թովմասը։ Նա ամենայն եռանդով նորանոր գործերի ետևից ընկավ. հանգիստ, ուրախություն, զվարճություն էլ նրա համար չկային։ Մի քանի տարի շարունակ նա աշխատում էր և աշխատում էր չարաչար, առանց հոգնելու. իսկ բախտը նրան ժպտում էր շարունակ... Վերջապես նա հասավ այս օրվա երանելի դրության, երբ նա արդեն երկու հարյուր հազարի չափ կարողություն ունի։ Նա այդ տեսնում էր հպարտությամբ. բայց դժբախտաբար տեսնում էր և այն, որ տարիները հոլովվել են անզգալի կերպով. այսօր նա հիսունևհինգ տարեկան է և երիտասարդուհիները այլևս նրանով չեն հետաքրքրվում... Թովմասը ինքն էլ զգում էր, որ էլ ավելորդ էր նվիրաբերել Աստղկան յուր գծուծ ընծան...— Ի՞նչ անել ուրեմն,— մտածում էր նա, և ապա շատ շուտով գալիս էր այն եզրակացության, որ էլի լավ է հարստանալ, անվերջ հարստանալ...

Բայց ո՞ւմ համար էր ժողովում Թովմասը այս հարստությունը, քանի որ նա ոչ ամուսնանում էր, ոչ յուր բարեկեցության համար էր ծախսում, ոչ կարոտյալներին էր օգնում, ոչ բարեգործության էր նվիրում...

Այդ հարցին, իհարկե, դժվար է պատասխանել, որովհետև նա ոչ ոքի չէր հայտնում յուր գաղտնիքը։ Սակավաթիվ բարեկամներից ոմանք այն կարծիքն ունեին, որ իբր թե Թովմասը նախանձում է Մելքոն-աղա Խալաթյանի փառքին և աշխատում է եթե չգերազանցել՝ գոնե հավասարվել նրան...

Ո՞վ կարող էր այս բանի մեջ մեղադրել Թովմասին։ Մելքոն-աղա Խալաթյանը համարվում էր քաղաքի մեջ առաջին [ 104 ] հարուստը. նա կես միլիոն կարողություն ուներ, նա հասարակական գործերում կշիռ ու ձայն ուներ, նա իրեն դիմող նեղյալներին ամեն ձեռնատվություն կարողանում էր անել, որովհետև նա ազդում էր նույնիսկ պաշտոնական անձանց վերա... Բայց Թովմասը զուրկ էր այս բոլոր առավելություններից և կարծես այդ բավական չէ, դեռ ժողովուրդն էլ Մելքոն Խալաթյանին աղա անունն էր տալիս, իսկ Թովմասին՝ պարոն: Եվ մի՞թե սա վիրավորական չէր։ Թովմասի չափ ինքնասիրություն ունեցող մարդը միայն կարող էր մտնել Թովմասի դրությունը և կարեկցել նրան...

Եվ այն օրից սկսած, որ պ. Թովմասը եկավ այն եզրակացության, թե անընդհատ աշխատությամբ կարող է մի օր Մելքոն-աղայի փառքը նսեմացնել, նա էլ դադար ու հանգիստ չուներ։ «Թո՛ղ աստված մահ չտա ինձ այնքան ժամանակ, մինչև որ Մելքոն Խալաթյանին հավասարվիմ իմ հարստությամբ,— մաղթում էր Թովմասը,— այնուհետև եթե մեռնեմ էլ չեմ ցավիլ, որովհետև ժողովուրդը կիմանա վերջապես, որ Թովմաս-աղա Մարալյանը յուր մահից ետ թողեց կես միլիոն կարողություն...»։

Մենք, իհարկե, չենք մեղադրիլ պ. Թովմասին. սա էլ մի նպատակ է, որ ահա՛, ինչպես տեսնում եք, ունի յուր պաշտողը։ Կյանքի վերաբերությամբ մարդկանց հայացքները զանազան են։ Կան մարդիկ, որոնք ստամոքսի մեջ են որոնում երջանկությունը, և մարդիկ, որոնք գրպանից դուրս փրկություն չեն ճանաչում...

Բարոյագետներին թողնենք նրանց դատելու իրավունքը, իսկ մենք դառնանք մեր պատմության։

Բ

ՄԻ ՇԱՀԱՎՈՐ ԳՈՐԾ

Բոլորովին անակնկալ կերպով տեղեկացավ նրա մասին պարոն Թովմասը։ Ամառային մի շոգ օր՝ խանութի մեջ անցուդարձ անելուց ձանձրացած, նա հրամայեց, որ աթոռ [ 105 ] դնեն յուր համար խանութի դռան առաջ։ Հազիվ նստեց պ. Թովմասը նրա վերա և սկսավ երթևեկող ամբոխը դիտել, երբ յուր Սիգո անունով դրացին կարևոր համարեց նրան ընկերանալ, իհարկե, յուր սեփական աթոռով։ Սիգոն խելոք վաճառականներից մինն էր, հետևապես նրա ընկերությունը Թովմասին անախորժ չթվաց։ Խոսելով առևտրի անբավարար դրության վերա, Թովմասն ա՛յն կարծիքը հայտնեց, որ էլ չարժե շարունակել մանր ապրանքի առևտուրը, որովհետև օգուտ ասած բանը էլ չկա նրանում։

— Մի ժամանակ մարդիկ ապրում էին նրանով,— շարունակեց նա յուր խորհրդածությունը,— և ապրելուց ի զատ փող էլ էին աշխատում։ Բայց այն օրից սկսած, որ ամեն մի երեխա յուր մի քանի ռուբլով Մոսկվա ու Նիժնի վազել սովորեց, էլ մեծ գործ անողի բանը վերջացավ։ Այո՛, մկան կերածը մի բան չէ, բայց մի քանի մկներ միասին կատվի պաշարը հատցնում են,— դառնությամբ շեշտեց յուր ասածի վերա Թովմասը։

— Դու հո՛ կարող ես ուրիշ գործ էլ անել,— նկատեց դրացին,— մեր բանն է դժվար, որ չարչիությունից ձեռք վերցնել չենք կարող։

— Ես ի՞նչ կարող եմ անել,— կարծես բարկացած հարցրեց Թովմասը,— դուք հենց գիտեք, թե ես միլիոննե՞ր ունիմ։

— Գիտենք, որ միլիոններ չունիս, բայց այնքան ունիս, որ կարող ես մի մեծ կապալ վերցնել և ամեն տարի առնվազն հիսուն հազարով դեն դնել։ Դու հո գիտես, որ մեծ փողերը կապալներում են աշխատում։

— Կապալներո՞ւմ...— մեքենայաբար հարցրեց Թովմասը և հանկարծ ընկավ մտածության մեջ. նա կարծես գտավ մի բան, որ վաղուց կորցրել էր։— «Ահա մի գործ, որի վերա ես երբեք չեմ մտածել,— խոսեց նա ինքն յուր սրտում։ Եվ իրա՛վ չէ՞ որ Մելքոն աղան էլ կապալների շնորհիվ հարստացավ... Ինչո՞ւ մինչև այսօր ես սրա վերա չմտածեցի հիմար չե՞մ, որ իմ հույսը անշնորհք գազի վերա եմ դրել...»: Եվ նա, անփութություն կեղծելով, կրկին հարցրեց դրացուն.— Ի՞նչ կապալների համար ես խոսում դու, Սիգո, [ 106 ] ա՛յն՝ որ հարյուր, հինգ հարյուր ռուբլով մեր վարպետները վերցնո՞ւմ են, ի՞նչ փող կարելի է աշխատել նրանցում։

— Ինչ հարյուր, ի՞նչ հինգ հարյուր, ի՞նչ վարպետներ, տերության կապալներ եմ ասում. զորքերի կապալներ, հացի, մսի, խմիչքի, փայտի...

— Է՜հ, այդպես կապալներ որտե՞ղ են հիմա, առաջ կային, ճշմարիտ է, իսկ ա՞յժմ, չէ, այժմ հազիվ թե պատահի։

Բարի Սիգոն ծիծաղը պահել չկարողացավ և սկսավ բարձրաձայն կարկաչել։

— Այ, մարդ աստուծու, այժմ տերության զորքերը հաց ու միս չե՞ն ուտում, օղի ու գինի չե՞ն խմում, փայտ չե՞ն վառում, ո՞ր աշխարհումն ես ապրում դու, ինչպե՞ս թե այժմ հազիվ թե պատահի։

Բայց Թովմասը ճանաչում էր յուր դրացուն և գիտեր, թե ի՞նչ է խոսում։ Կապալ բառը առաջին անգամ նրանից լսելով, նա հոգեբանորեն գուշակեց, որ այդպիսի մի բան երևի գոյություն ունի շրջակայքում, որ յուր դրացին իսկույն նրա վերա է մատնացույց անում. նա շատ անգամ էր լսել Սիգոյին և գիտեր, որ նա սիրում է միշտ յուր «փորացավի» վերա խոսել։

— Իհարկե, հազիվ կպատահի,— կրկին պնդեց Թովմասը և իբրև անուշադիր դեպի յուր դրացին, սկսավ խանութի առաջից անցնող ածխապաններին խոսեցնել. բայց միևնույն ժամանակ լսողությունը դեպի Սիգոն լարելով։

— Ինչպե՞ս թե հազիվ կպատահի. այ, հենց առաջիկա շաբթին մեծ աճուրդ պետք է լինի զորքի մեծավորի տանը. դրա համար էլ Թիֆլիսից մի գեներալ է եկել ու մի քանի էլ ուրիշ աստիճանավորներ։

— Բայց ի՞նչ գործի համար։

— Զորքի հացը, միսը ու խմիչքը կապալով տալու։

— Դա երևի մեծ գործ չէ, ինչո՞ւ չես ուզում վերցնել։

— Դու կատա՞կ ես անում ինձ հետ. իհարկե մեծ գործ է։ Մենակ գրավականը տասնուհինգ հազարից ավելի է, իսկ ես...— Եվ խեղճ Սիգոն էլ չկարողացավ շարունակեր: Նա [ 107 ] մի անգամ էլ զգաց յուր անզորության չափը և գլուխը խոնարհեց։

Բայց Թովմասի սիրտը թունդ ելավ. լսված նորությունից առաջացած ուրախությունը այնպես հուզեց նրան, որ քիչ էր մնում ինքն իրեն մատներ։ Այսուամենայնիվ նա կարողացավ զսպել յուր անհանգստությունը և կեղծ անհոգությամբ «անօգուտ գործ է» ասելով' վեր կացավ տեղից և մտավ խանութ։

Ուրիշ անգամ նա իսկույն ուշադրություն կդարձներ այդտեղ մտնող ամեն մի հաճախորդին և ինքը կվաճառեր նրան պահանջած ապրանքը, բայց այս անգամ, ի մեծ զարմանս յուր գործակատարների, նա անուշադիր թողեց մի մարդու, որ մեծ գումարի ապրանք էր գնում և նրա հետ առևտուր անողը մի գործակատար էր։

Միմյանց մեջ բացված եռաչյա խանութի երկարությամբ Թովմասը անցուդարձ էր անում լուռ և մտախոհ։ Նա կամենում էր մի փոքր ավելի համբերությամբ քննել ու կշռել Սիգոյի հայտնած նորության արժեքը։

Երբ գնողը դուրս գնաց, նա արդեն եկել էր մի որոշ եզրակացության։ Ստանալով գործակատարից վաճառված ապրանքի փողը, և սնդուկի մեջ փակելով, նա կանչեց գործակատարներից մինին։

— Միքել,— հրամայեց նա,— վազիր շուտով Միկիթ-բեկի մոտ և ասա՛ նրան իմ կողմից, որ դատարանը արձակելուց ետ շնորհ բերե մեզ մոտ ճաշին. ես տանը պիտի սպասեմ նրան։ 

Վերջին բառը դեռ չէր արտասանել աղան, երբ Միքելը դուրս թռավ խանութից։

Այդպես էր սիրում պարոն Թովմասը։— «Հրամանը դեռ չլսած՝ պետք է կատարել»,— ասում էր նա. որովհետև նա հավատում էր, որ «մի կորցրած վայրկյան մի գտած տարիից ավելի է»։

Միքելի գնալուց ետ նա վերցրեց իրեն հետ խանութի ծառային և տանելով նրան նպարավաճառների հրապարակը, յուր ձեռքով գնեց այդտեղ մի քանի «ավելորդ բաներ», որոնք միշտ նորություններ էին համարվում յուր սեղանի համար, [ 108 ] և հանձնելով ծառալին, տվավ նրան այդ օրվա ճաշին վերաբերյալ մի քանի ուրիշ պատվերներ էլ և ճամփեց տուն։

Վերադառնալով խանութը, նա արդեն գտավ այնտեղ Միքելին, որ հայտնեց նրան, թե Միկի-թ֊բեկն ուրախությամբ ընդունեց հրավերը և խոստացավ ճիշտ երկու ժամին. ներկա գտնվելու աղայի տանը։

Պ. Թովմասը այս լուրը հաշվեց արդեն իբր հաջողության սկիզբ, թեպետ օրինակ չէր պատահած, որ Միկիթ-֊բեկը մերժեր որևիցե մի հացկերույթի հրավեր:

Դ

ՀԱՑԹՈԻԽԻ ՏՂԱՆ

Թեպետ իմ պատմության մեջ մեծ դեր չէ խաղում Միկիթ-բեկը, այսուամենայնիվ ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել ձեզ նրա անձնավորության հետ որովհետև կարող է պատահել, որ մի անգամ դուք գործ ունենաք նրա հետ և ձեր կանխավ ծանոթությունը մի օգուտ բերե ձեզ։

Միկիթը դեռ մանուկ հասակում որբացավ յուր հորից, որ մի աղքատ հյուսն էր. նրա մայրը հաց էր թխում իրենց հարուստ դրացիների տներում, որի համար նա ստանում էր օրական 15 կոպ. և 10 —15 հատ լավաշ հաց իբրև վարձատվություն։ Այս եկամուտով էլ հացթուղ Մաքանը ապրեցնում էր իրեն և յուր որդուն։ Երբ Միկիթը մի փոքր մեծացավ և ճանաչեց յուր դրությունը, նա վճռեց յուր մտքում մի բանով օգնել յուր մորը։ Այդ պատճառով նա ծանոթացավ իրենց հարևանի տանը վարձով մնացող ռուս բժշկի խոհարարի հետ։ Նա հաճախ գնում էր նրա մոտ և խոհանոցում փոքրիկ ծառայություններ էր անում։ Դրա փոխարեն խոհարար ծառան տալիս էր նրան կերակրի ավելցուկները, որոնց Միկիթը մեծ ուրախությամբ տանում էր տուն և արժանանում յուր մոր գովություններին։

Մի օր Միկիթի բախտից խոհանոցում տեսավ նրան բժշկի կինը ամաններ լվանալիս և հարց ու փորձ անելով ծառային՝ [ 109 ] տեղեկացավ նրա ով լինելը։ Տիկինը բնությամբ ազնիվ ու բարեսիրտ էր. տեսնելով երեխայի աշխատասիրությունը մի կտոր հացի համար, նա խղճաց նրան և յուր ծախքով տվեց քաղաքի արքունական դպրոցը ուսանելու։

Այդ օրից սկսած Միկիթի համար բացվեցավ առաջադիմության ասպարեզը։ Մի քանի տարիներից ետ նա հաջողությամբ ավարտեց դպրոցը։ Այդ ժամանակ գրագետ մարդկանց առաջադիմության միակ ասպարեզը դատարաններն էին, Միկիթն էլ մտավ այդտեղ հասարակ գրագրի պաշտոնով— ամսական հինդ ռուբլի վարձատրությամբ։ Ինքնըստինքյան սա մի չնչին ռոճիկ էր։ Բայց Միկիթը այն մարդկանցից էր, որոնց ոչնչից գիտեն ստեղծել ինչը: Հենց այդ պատճառով էլ նա շատ գոհ էր յուր վիճակից, մանավանդ որ փողի հաշիվներում նա չէր նմանում յուր ընկերներին։ Որովհետև մինչդեռ վերջիններս առաջուց վերցրած պարտքերով ամսվա կիսում արդեն վատնած էին լինում դեռ ամսի վերջում իրենց հասանելի ռոճիկները, Միկիթը, ընդհակառակն, կրկնապատկած և մինչև անդամ եռապատկած էր լինում իրենը։ Ինչպե՞ս էր անում նա այդ, հետաքրքիր է լսել։

Փողի հաշվի վերաբերությամբ Միկիթը միայն մի սկզբունք էր ճանաչում—ստանալ միշտ, բայց վճարել՝ երբեք։ Ահա՛ այն գաղտնի զորությունը, որով բազմապատկվում էր նրա աննշան ռոճիկը։ Բայց դուք կզարմանաք, թե ինչպե՞ս կարելի է այդքան սահմանափակ սկզբունքով գոյություն պահպանել մեր բազմապահանջ ժամանակում, երբ հայրն արդեն վաճառում է որդուն յուր խնամքը, և եղբայրը ձրի չէ ողջունում յուր հարազատին… Զարմանալու իրավունք ունիք — եթե Միկիթին ձեզ նմանող մարդ եք ընդունում, բայց նա միշտ հրաժարվել է այդ պատվից։ Նա ուներ յուր սեփական, որոշ բնավորությունը, որ օգնում էր իրեն յուր խիստ սկզբունքին ծառայելու։

Ամենքդ էլ գիտեք, որ փող ծախսելու առաջին անհրաժեշտությունը ուտելու համար է լինում։ Բայց Միկիթը նույնիսկ այդ առաջին անհրաժեշտության համար փող չէր վճարում։ Նրա մայրը, ինչպես գիտեք, օրական 15 կոպ. փող և 10—15 հաց եկամուտ ուներ։ 15 կոպեկները, իհարկե, անձեռնմխելի [ 110 ] էին մնում միշտ, իսկ հացերը ոչ միայն բավականանում էին ուտելու, այլև ավելանում էին վաճառելու համար, որովհետև Միկիթը գրեթե միշտ դատարանում նախաճաշելով՝ էլ ճաշի համար տուն չէր գալիս։ Եվ այդպիսով միջոց Էր տալիս յուր մորը ավելացած հացերից փող ձեռք բերելու։ Իսկ դատարանի նախաճաշը, իհարկե, նա յուր հաշվով չէր անում։ Հենց որ գրագիրների մեջ միտք էր հղանում նախաճաշելու, իսկույն Միկիթը առաջարկում էր նրանց յուր ծառայությունը, և վերցնելով նրանցից նախաճաշի համար հավաքված փողը, վազում էր փողոց։ Բայց այդտեղ արդեն նա մտաբերում էր ա՛յն գեղեցիկ առածը, որ նա բարեփոխեչ էր այս խոսքերով.— «ճշմարիտ մարդու գդակը ծակ կլինի»։ — «Ինչո՞ ւ համար ճշմարիտ լինեմ, որ գդակս ծակ լինի»,— մտածում էր նա և բերած փողի երկու մասին ուտելիք գնելով, իսկ երրորդ մասը իրեն վերապահելով՝ վերադառնում էր դատարան։ Բայց որպեսզի ինքն էլ յուր ընկերներին հավասար վայելե նախաճաշը, նա ամեն անգամ աշխատում էր հավատացնել, որ իրեն տված փողը չբավականանալով' ինքն էլ իրենից ավելացրել է։ Ընկերների մեջ կային այնպիսի միամիտներ, որոնք հավատում էին նրան. բայց թերահավատներն էլ նախաճաշից չէին զրկում նրան, այլ բավականանում էին բռունցքի մի֊մի հարվածով, որ իջեցնում էին ուղղակի նրա ուսերից մեկի, կամ ծոծրակի վերա։ Միկիթը ոչ միայն չէր վիրավորվում այդ տեսակ վարմունքից, այլև ուրախանում էր, որովհետև դրանով նա ազատվում էր նախաճաշից զրկվելու վտանգից։ Իսկ այն օրը, որ գրագիրներից ոչ ոք նախաճաշելու ցանկություն չէր ունենում, Միկիթը դիմում էր դատարան հաճախող խնդրատուներին և նրանց մեջ անպատճառ գտնում էր մեկը, որ հոժարակամ 20 կամ 30 կոպեկ զոհում էր նրա նախաճաշի համար։

Երկրորդ անհրաժեշտությունը հագուստն էր, որի համար նույնպես Միկիթը փող չէր վճարում։ Երբեմն նա սեղանապետի համար մի արտաքո կարգի գործ էր կատարում և իբրև վարձատրություն ստանում էր նրանից մի հին մունդիր։ Եր֊բեմն դատարանի պրիստավին օգնում էր մի քանի աշխատություններ օրինակելով, որի համար ժառանգում էր նրա [ 111 ] հին վարտիքը, կամ մի զույգ կարկատած կոշիկներ իրենց լայնաբերան կրկնակոշիկներով։ Երբեմն գրագիրներից մինը մի նոր գլխարկ առնելով' հինը կատակի համար հագցնում էր Միկիթի գլխին, իսկ սա ամենայն իրավունքով տիրանում էր նրան, առարկելով, թե «ինչ որ իմ գլուխն է մտել, իմն է»:

Գալով արտաքո կարգի ծախքերին, դա միայն ծխախոտի ծախքը պիտի լիներ Միկիթի համար, որովհետև նա յուր ընկերների համահավասար սիրում էր ծխել: Բայց նա ծխախոտի համար էլ փող չէր վճարում: Նա միայն մշտական մի տուփ լուցկի ուներ յուր գրպանում, որի որտեղից լինելը հայտնի չէր. բայց որից նա մի-մի հատ հոժարակամ նվիրում էր ծխել կամեցողին, իսկ դրա փոխարեն նա նրանից ստանում էր մի գլանակ և կամ մի քաշ ծխախոտ։ Եվ որովհետև դատարանում գրագիրներ շատ կային, իսկ խնդրատու հաճախորդներին թիվ չկար, ուստի նրա համար ծխախոտ չէր պակասում։ Բայց և այնպես յուր նվիրատուներին չձանձրացնելու համար Միկիթը յուր համար կարգ էր դրել, որ միևնույն մարդուց, միևնույն օրը մի քանի անգամ ծխախոտ չխնդրե, այլ հերթով, այսինքն, առաջին օրը այս երեք գրագրից, երկրորդ օրը մյուս երեք գրագրից, երրորդ օրը խորհրդարանի ծառայողներից և այլն, իսկ դատարանի խնդրատուներից' երբ և ինչպես կպատահեր։ Այսպիսով Միկիթը ոչ միայն օրվա մեջ յուր ծխելիք ծխախոտն էր հոգում, այլև կյուրակի ու տոն օրերի համար պաշար էր պատրաստում, որպեսզի դատարանը փակված լինելու համար ստիպված չլիներ ծոմ պահելու։ Իհարկե պատահում էր ժամանակ, երբ գրագիրները ձանձրանալով նրա անվերջ մուրացկանությունից, հայհոյում և անպատվում էին նրան, բայց Միկիթը բնավ չէր նեղանում նրանց այդ վարմունքից. այլ յուր զվարճախոսությամբ ու կատակներով սկսում էր ամոքել նրանց սիրտը և կրկին շարունակում յուր գործը։

Իսկ եթե պատահում էր, որ գրագիրները վճռում էին անողոք մնալ և Միկիթի կույր բախտից դատարանում ծխող խնդրատու չէր գտնվում, այդ ժամանակ նա դիմում էր դատարանի ծառային, որ հոժարությամբ առաջարկում էր Միկիթին յուր ծխաքարշն ու մախորկայի քսակը: [ 112 ] Բայց ինչ վերաբերում էր փող հավաքելուն, այդ բանի համար Միկիթն ուներ ավելի առատ աղբյուրներ։ Բացի յուր պաշտոնը, որ նա կատարում էր ամենայն խղճով և ճշտությամբ, նա մյուս կողմից էլ դատարան հաճախողների, կամ այլ անձանց համար պատրաստում էր զանազան խնդրագրեր, զեկուցումներ, պատճեններ և այլ այս տեսակ աշխատություններ, որոնց համար և առատությամբ վարձատրում էին նրան։ Միկիթը գնի անհամաձայնության պատճառով երբեք չէր հեռացնում իրենից և ոչ մի խնդրատուի։ Նա կանոն էր դրել յուր համար—վերցնել՝ ինչ էլ որ կտային, շա՞տ լիներ այդ տվածը թե քիչ, համապատասխաներ յուր աշխատությանը թե ոչ. որովհետև նա համոզված էր, որ ավելի լավ էր ստանալ մի բան, քան ոչինչ։ Նրա ընկերները, ընդհակառակն, մի գործ շինելու համար ամբողջ ժամերով սակարկություն էին անում և վերջ ի վերջո չհամաձայնելով իրեն դիմող խնդրարկուի հետ, հեռացնում էին նրան իրենցից։ Այդպիսի ժամանակները Միկիթը աչքից չէր փախցնում ոչ ոքին, թեկուզ ինքը ուրիշ շատ գործերով էլ զբազված լիներ։ Հենց որ խնդրարկուներից մինը գնի հետ չհամաձայնվելով հեռանում էր յուր ընկերներից, նա կամացուկ հետևում էր նրան, և նախասենյակի մեջ պատահելով՝ առաջարկում էր նրան յուր ծառայությունը, ինչ գնով էլ որ նա կցանկանար։ Համաձայնությունը կայանում էր և Միկիթը, յուր ընկերներից գաղտնի, շինում էր խնայող խնդրարկուի գործը և գաղտնի էլ ստանում վարձատրությունը։ Շատ անգամ էլ նա փողով շինում էր յուր ծույլ ընկերների գործը. իսկ հաճախ` նա նրանց փոխարեն օրապահություն էր անում, կանխիկ ստանալով նրանցից այդ նեղության համար մի կամ երկու ռուբլի։ Այսպիսով, ամբողջ շաբաթվա մեջ Միկիթը օրապահ էր կանգնում գրեթե երեք կամ չորս օր. և այս կամավոր բանտարկությունը ոչ միայն չէր ձանձրացաւմ նրան, այլև մի ներքին ու հոգեական զվարճություն էր պատճառում, մանավանդ երբ նա մտածում էր, թե դրա համար նա փող է ստացել։ Այդ միջոցը մյուս կողմից օգնում էր նրան ժամանակ վաստակելու և կողմնակի խնդրարկություններից [ 113 ] վերցրած աշխատությունները հանգստությամբ պատրաստելու:

Մի տարին դեռ նոր էր լրացել Միկիթի դատարան մտնելու օրից, երբ հանկարծ հայտնվեցավ, որ նա այնքան փող ունի, որ կարող է 20, 30 կամ 50 ռուբլով պարտք տալ ցանկացողներին։ Հարկ չկա ասելու, որ դատարանի ծառայողները պատրաստ էին ամեն տեսակ պայմաններ ընդունելու, եթե միայն կարևոր միջոցին կարողանային մի քանի տասնյակ ռուբլի պարտք վերցնել նրանից։ Եվ ահա՛ մեր հացթուխի տղան բանում է դատարանի մեջ վաշխառության մի գաղտնի բյուրո: նա յուր ծառայակիցներից գրավ էր ստանում ժամացույցներ, մատանիներ և ուրիշ ամեն տեսակ ոսկեղեն ու արծաթեղեն իրեղեններ, իսկ նրանց արժեքի կես մասի փոխարեն նա նրանց փող էր պարտք տալիս, հարյուրին 20, 30 և երբեմն 50 տոկոսով։ Քիչ ժամանակի մեջ դատարանի բոլոր ստոր ծառայողները Միկիթի հետ կապված էին առևտրական կապերով և ինչպես վարձված ստրուկներ, նրանցից յուրաքանչյուրը ամեն ամսվա վերջում տալիս էր նրան մի որոշ հարկ։

Բայց սրանով չպիտի վերջանա, իհարկե, Միկիթի գործունեությունը։ Դեռ նրան մնում էր մի ուրիշ մեծ գործ, որ գլուխ բերելու համար նրան հարկավոր էր գործ դնել թե՛ խորամանկություն և թե մեծ աշխատություն։ Այդ այն էր, որ Միկիթը դեռ մի հասարակ գրագիր էր, իսկ այդ պաշտոնը ինքնըստինքյան մի ստոր պաշտոն էր այնպիսի մարդու համար, որպիսին Միկիթն էր, որի ճաշակը գնալով զարգանում էր և ախորժակը բացվում։ Մի օր նրա բոլոր ցանկությունը կայանում էր նրանում, որ եթե ոչ սեղանապետի օգնական, գոնե գրագրապետ լիներ։ Բայց այսօր, որ նա յուր աշխատասիրության շնորհիվ հենց այդ պաշտոնումն էր, ցանկանում էր ոչ թե սեղանապետ, այլ մինչև անգամ և ատենադպիր լինել։ Եվ այն օրից սկսած, որ նա եկավ այն համոզմունքին, թե չկա մի արգելք, որ անընդհատ աշխատության առաջ կարողանա կանգուն մնալ, Միկիթը էլ հանգստություն չուներ։ Գրագրապետ կարգվելու օրից դեռ չէր անցել մի տարի, երբ նա սեղանապետի օգնականի պաշտոն [ 114 ] ստացավ։ Բայց նրա բախտի անիվը կանգ չպիտի առներ այդտեղ։ Մի քանի ծանրակշիռ գործերում Միկիթի ցույց տված առաջադիմությունը գրավեց դատավորի ուշադրությունը և հետևյալ տարին նա սեղանապետության պաշտոնը հանձնեց նրան։

Փոքրիկ քաղաքների մեջ, ինչպիսին Միկիթի ծննդավայրն էր, մարդիկ շատ շուտ են անվանի դառնում. մինչև անգամ դատարանի սպասավորը, որի գոյությունը մայրաքաղաքներում չեն նկատում, առանձին հարգանք է վայելում այստեղ. կան մարդիկ, որոնք մինչև անգամ հավատում են, թե դատարանում հաջողություն ձեռք բերելու համար առաջին անգամ սպասավորի իշխանությանը պետք է հարգել... Կարծիք չկա, ուրեմն, որ այսպիսի տեղը Միկիթի նման մարդը, որ հանկարծ սեղանապետության աստիճանին էր հասել, շատ ավելի մեծ հարգանքի և պատիվների պիտի արժանանար։ Եվ ահա ժողովուրդը, որ դյուրապատրաստ է ամեն մի փքված ուժ աստվածացնելու և բուն աստվածները կործանելու, հացթու֊խի տղա Միկիթին բեկ պատվանունն է շնորհում, որը, երևի հենց այդ պատվանունից քաջալերված, երկու տարուց ետ դատարանի ատենադպրի պաշտոնին տիրացավ։

Այնուհետև մարդիկ իրար գլուխ էին պատռում Միկիթ-բեկի ծանոթությունը և բարեկամությունը վաստակելու համար, բայց նա յուր այդ փառքի մեծության ժամանակ անգամ չէր մոռանում յուր խիստ սկզբունքը, որ էր—չարժանացնել ոչ ոքի յուր բարեկամությանը' առանց արժանավոր վարձատրության...

Միայն մեր ծանոթ պ. Թովմասը առանձին հարգանք էր վայելում Միկիթ-բեկից, որովհետև նա էլ յուր հերթում մեծ ակնածությամբ էր վերաբերվում դեպի վերջինս։ Թովմասը Միկիթ֊-բեկին ճանաչում էր նրա մանկության հասակից և հիացմամբ հետևել էր նրա աստիճանաբար առաջադիմության։ Երբ Միկիթ֊-բեկը հասավ ատենադպրության պաշտոնին, պ. Թովմասը բացականչեց.— «Ահա՛ մի մեծ մարդ...»,֊— և այնուհետև Միկիթ-֊բեկը պ. Թովմասի իդեալն էր. նա միշտ նրան էր դիմում, երբ հարկավոր էր լինում մի որևէ դատաստանական գործի վերաբերմամբ խորհուրդ հարցնել և կամ [ 115 ] մի պաշտոնական անձի հետ հարաբերության մեջ մտնել։ Այն չափազանց խնայասեր վաճառականը, որ նույնիսկ յուր օրինավոր ապրուստի համար դժվարանում էր փող ծախսելու, միշտ բաց ուներ յուր քսակը Միկիթ-բեկի համար։ Թովմասը նրան իրավունք էր տալիս օգտվելու այդ քսակից որքան և ինչպես ցանկանում էր նա. բայց Միկիթ֊-բեկը պահպանում էր, իհարկե, յուր արժանապատվության կշիռը և միայն առատությամբ օգտվում էր այն ժամանակ, երբ ինքը համոզված էր լինում, թե մի մեծ գործ է շինել Թովմասի համար:

Դ

ՄԻԿԻԹ-ԲԵԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

Բավական ճաշակով բացված սեղանի չորս կողմը անցուդարձ էր անում պ. Թովմասը, խորասուզված մտածմունքների մեջ։ Սիգոյի հաղորդած նորությունը նրան հանգստություն չէր տալիս։ Մանավանդ մինչև այդ օրը կապալների գոյության մասին չմտածելը՝ Թովմասին շատ էր նեղացնում. նա հավատացած էր, որ եթե երկու տարի առաջ գոնե այդ մասին հոգացած լիներ, այսօր յուր հարստությամբ կգերազանցեր Մելքոն աղային։ Բայց յուր կույր բախտից, այդ ոսկեծին գործի համար, ոչ ոք չէր հիշեցրել նրան։ Հենց այդ զրկանքի մեծությունն էր պատճառը, որ Միկիթ-բեկի ուշանալը տխրության ամպեր էր հավաքել Թովմասի ճակատին և րոպեները ժամերի պես էին անցնում նրա համար։ Սպասելուց ավելի վատթար բան չկա. բայց վատթարագույն է, երբ մարդ սպասում է բախտի հետ կապ ունեցող գործերի համար։ Թովմասը այդ վատթարագույն դրության մեջ էր և յուր ամբողջ տան մեջ նա մի անկյուն չէր գտնում, ուր կարողանար հանգիստ շունչ քաշել։

Վերջապես դռան հնչակը քաշեցին՝ Թովմասը սրտատրոփ դուրս վազեց պատշգամբը և որքան մեծ եղավ նրա ուրախությունը, երբ տեսավ Միկիթ֊բեկին, որ յուր կարճահասակ [ 116 ] և գեր ու կլորիկ մարմնով ծանրաշունչ բարձրանում էր սանդուղքների վերա։

— Ձեզ մոտ ամեն բան լավ է, բացի այս սանդուղքները, որոնք ինձ չափազանց հոգնեցնում են,— տանուտիրական վստահությամբ նկատեց Միկիթ-բեկը, երբ հասավ փոքրիկ պատշգամբին, ուր ժպտադեմ սպասում էր նրան պ. Թովմասը։

—Այո՛, այո՛, նա խիստ զառիվեր է. անիծյալ լինի ուստա Սարգիսը, ես դեռ շինելու ժամանակ նրան ստիպեցի քանդել և ուղղել, բայց նա չլսեց,— պատասխանեց իսկույն Թովմասը և ապա սիրալիր բարեկամությամբ ողջունելով Միկիթ-բեկին, առաջնորդեց դեպի սեղանատունը։

— Ես ձեզ ուղղակի այստեղ եմ բերում նրա համար, որ արդեն ճաշի ժամանակն է,— բացատրեց Թովմասը և ամենալավ բազկաթոռը հրամեցրեց յուր հյուրին, որ շնորհքով բացված սեղանը ու փայլուն շշերով գինիները տեսնելուց ետ, արդեն հոգեկան հափշտակության մեջ էր մտել։

— Այո՛, պ. Թովմաս, այո՛, ժամը երկուսից ետ էլ ոչ մի սենյակ ինձ չէ գրավում. սեղանատունը այդ ժամանակ ամենասիրելին է ինձ համար,— ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը և նստելով առաջարկած բազկաթոռի վերա՝ սկսավ ոլորել յուր փոքրիկ ընչանցքի ծայրերը, որոնց հովանավորում էր հայկական մի փառավոր քիթ։ Նրա կարմիր ու կայտառ երեսի վերա արտափայլում էր այդ րոպեին մի այնպիսի զվարթություն, որ ունենում են միայն երեխաները, երբ հայրը նրանց համար խաղալիքներ է բերում և կամ անուշ մրգեղեններ։ Յուր խորամանկ և երբեմն ծիծաղկոտ աչքերը, որոնց մեջ պ. Թովմասը մեծ խելք էր նշմարում, նա անդադար հածում էր սեղանի մակերևույթի վերա, ուր կարգով շարված էին նախաճաշի համեղ և բազմատեսակ բաժինները.

Թովմասը նստավ սեղանի վերա և առաջարկեց հյուրին վայելելու աստուծո տվածը։

— Այսուամենայնիվ դուք բավական զարգացացած ճաշակ ունիք,— նկատեց Թովմասին Միկիթ-բեկը՝ առաջ քաշելով յուր բազկաթոռը.— այս քանիերորդ անգամն է, որ ես ձեր տանը միշտ փառավոր եմ տեսնում սեղանը։ Եվ պետք [ 117 ] Է խոստովան ել, որ ես միայն ձեր տանն եմ ախորժակով ճաշում, որովհետև դուք գիտեք ուտելու համար ծախսել։ Լավ ուտելն էլ մի աստվածատուր շնորհք է,— ավելացրեց Միկիթ-բեկը դարդակելով ռոմի բաժակը և յուր պատառաքաղը ոգևորությամբ դեպի զուրգելի պնակը ուղղելով։

—Իհարկե լավ ուտելն էլ մի շնորհք է, — հաստատեց Թովմասը Միկիթ-բեկի կարծիքը.— ով որ լավ ուտել չգիտի, նա անշուշտ լավ գործելն էլ չգիտե։

— Օ՜, ես չեմ կարող տանել այդ տեսակ մարդկերանց. նստել սեղանի վերա և գոնե մի ամբողջ ժամ չուտե՞լ,... այդ անհասկանալի է ինձ համար. և վերջապես ինչո՞ւ համար ենք ապրում մենք. չէ՞ որ աստված այն բոլոր բարիքները մեզ համար է ստեղծել։

— Իհարկե, իհարկե։

— Այո', ես սիրում եմ մանավանդ երբ կերակուրները բազմատեսակ են, իսկ բաժինները առողջ ու առատ…

— Կարծեմ այդպես բոլորն են սիրում։

— Սխալվում եք, ես հարուստ մարդիկ գիտեմ, որոնք պարապում են միմիայն փող դիզելով, իսկ ստամոքսի համար այնքան են մտածում, որքան իրենց թշնամու համար։ Իմ կարծիքով դա անօրենություն է. չէ որ մարդու միակ բարերարը յուր ստամոքսն է, և մի՞թե կարելի է անուշադիր թողնել մարմնի այն հրաշակերտ մասը, որ մեզ սնունդ և կյանք է տալիս։

— Իհարկե ոչ։

— Բայց կան մարդիկ, որոնք ձեզ նման չեն մտածում. նրանք ստամոքսի վերա նայում են ինչպես մի վնասակար արարածի վերա, որ անդադար սպառնում է իրենց նյութական կարողությանը, և եթե հնար լիներ, նրանք ուրախությամբ կհեռացնեին նրան իրենց մարմնից։

— Իսկ ես էլ կարծում եմ, որ ստամոքսի վերա այնքան մեծ ուշադրություն չպետք է դարձնել,— վերջապես հայտնեց յուր կարծիքը պ. Թովմասը,— օրական մի, կամ շա՛տ շա՛տ երկու անգամ կարելի է կերակրել նրան, և այն էլ մինչև անգամ ցամաք հացով։ Ստամոքսն այդ համեստ կերակրով էլ կարծեմ մեզ բավական սնունդ կտա։ [ 118 ] — Օ՜, մի՛ ասեք, մի՛ ասեք,— բացականչեց Միկիթ-բեկը.— բավական հիմար պետք է լինի մարդ, որ փլավ ուտելու կարողություն և ախորժակ ունենա ու ինքը ցամաք հացով կշտանա։ Ես բոլորովին ընդդեմ եմ ձեր կարծիքին և եթե գիտենայի, թե դուք ներքին կերպով համաձայն չեք ինձ հետ, ես կհրաժարվեի երկրորդ անդամ ձեր տանը ճաշելուց:

— Խնդրեմ, խնդրեմ, իմ հայտնած միտքը լոկ մի կարծիք էր,— վախեցած խոսեց պ. Թովմասը,— իհարկե ես համաձայն եմ ձեզ հետ…

— Այո՛, և եթե դուք ինձ չափ զարգացած լինեիք և կարողանայիք գրքեր ու լրագրեր կարդալ, այն ժամանակ կիմանայինք, թե լուսավորյալ երկրներում որքա՜ն շատ և որքա՜ն բազմատեսակ են ուտում։ Որովհետև նրանք հասկանում են, որ ստամոքսը մեր բոլոր մյուս գործարանների թագավորն է, եթե այդ գործարանները եռանդով չաշխատեն, և բավականաչափ հարկ չտան իրենց թագավորին, նա կթուլանա. և էլ ուժ չունենալով յուր երկիրը կառավարելու, կթողնե նրան. իսկ ստամոքսի թշնամին, որ մահն է, անտեր գտնելով յուր հակառակորդի երկիրը, կտիրե նրան, այսինքն մեր մարմնին։

Միկիթ-բեկի այս նորագույն վարդապետությունը, որ մինչև ճաշի վերջը շարունակեցավ, պ. Թովմասը լսում էր ակամա ուշադրությամբ, առանց հայտնել կարողանալու յուր դժգոհությունը։ Բայց երբ հազիվ վերջին բաժինն էլ վայելեցին և ծառան ներս բերավ մրգեղենի սկուտեղը, Թովմասը էլ ավելորդ համարեց ավելի սպասել։ Ամբողջ երկու ժամ էր, ինչ հաշվի կամ գործի մասին բան չէր խոսվում յուր սեղանի վերա և այդ բանը ավելի քան ընդդեմ էր յուր սրբազան սկզբունքներին։

— Միկիթ-բեկ, թողնենք առայժմ ստամոքսի խնդիրը,—վերջապես նկատեց պ. Թովմասը,— ես մի կարևոր գործ ունիմ և կամենում եմ նրա մասին մի խորհուրդ հարցնել ձեղանից։

— Հրամայեցեք, խնդրեմ։

— Ասում են, որ զորքի մեծավորի տանը այս առաջիկա շաբաթ մեծ աճուրդ պիտի լինի, զորքի հացը, միսը ու խմելիքը [ 119 ] կապալով տալու համար, ճշմարի՞տ է արդյոք, այս տեսակ բաները դուք կիմանաք։

—Ճշմարիտ է, աճուրդ պիտի լինի։ Բայց դուք ինչու՞ համար եք հետաքրքրվում նրանով։

—Ես կամենում եմ այդ կապալը վերցնել։

— Ի՞նչ, մի՞թե կամենում եք միանգամից Մելքոն-աղայի հացը կտրացնել,— ծիծաղելով նկատեց Միկիթ-բեկը։


-Այդքան ուժ չունիմ, բայց կարծում եմ, որ այդ գործում մի մասնավոր օգուտ կմնա մեզ։ Դուք էլ գիտեք, որ այժմյան առևտուրներում շահ չէ մնացել և իզուր մշակություն ենք անում:

— Լավ եք մտածել. և եթե ինձանից խորհուրդ եք հարցնում, ես էլ խորհուրդ կտամ, որ այդ կապալը վերցնեք։

— Բայց այդ ձեզանով պիտի լինի, Միկիթ-բեկ, առանց ձեր օգնության ես ոչինչ անել չեմ կարող։

— Ինչպե՞ս։

— Այնպես, որ այդ կապալը վերցնելու համար ես ճանապարհներ չգիտեմ, այդ ճանապարհները դուք պետք է ցույց տաք ինձ։

Միկիթ-բեկը կամաց-կամաց ետ քաշվեցավ սեղանից, ձգվեցավ բազկաթոռի մեջ և լուրջ ու խորախորհուրդ կերպարանք առնելով՝ ձեռքը դրավ ճակատի վերա և սկսավ մտածել

Պ. Թովմասը անթարթ աչքերով դիտում էր յուր իդեալի իմաստուն կերպարանքը և նրա դեմքի մկանունքների ամեն մի շարժմունքից ցանկանում էր գուշակություններ անել։

Բայց ավա՜ղ, բախտը նրան զրկել էր այդ մեծ շնորհքից, նա զգում էր, թե այդ րոպեին ո'րքան երևելի մտքեր ու խորհուրդներ էին զբաղեցնում յուր Միկիթ-բեկի հանճարեղ գլուխըւ և սակայն ինքը չէր կարողանում գուշակել նրանց ինչ լինելը։ Իրեն մնում էր միայն հիանալ նրա ճակատի խորախորհուրդ կնճիռներով և սպասել նրա պատգամին։

Վերջապես Միկիթ-բեկը խոսեց.

— Այդ կապալը վերցնել հեշտ է. բոլոր աձանց հետ ես կարող եմ խոսել, իսկ կարևոր թղթերը ես ինքս կպատրաստեմ: [ 120 ] Բայց մեծ դժվարությունը նրանումն է, որ կարողանայինք ուրիշ ցանկացողներին ետ կանգնեցնել իրենց դիտավորությունից, այսինքն աճուրդի օրը այդպիսիները կամ ձեռնպահ մնային և կամ այնպիսի գներ առաջարկեին, որ կապալը իրենց վերա չմնար։

— Ամեն բան դո՛ւք պետք է անեք, Միկի՛թ-բեկ, ես ոչինչ անել չեմ կարող։

Միկիթ-բեկը կրկին մտածմունքների մեջ խորասուզվեցավ և Թովմասը կրկին սկսավ հիանալ նրա ճակատի կնճիռներով։

—Իմ կարծիքով միայն չորս հոգիներ կան, որոնք անպատճառ կմասնակցեն այդ աճուրդին.— սթափվելով յուր մտածմունքներից, կրկին խոսեց Միկիթ-բեկը,— առաջինը Մելքոն-աղան է, երկրորդը՝ բազազ Սարգիսը, երրորդը՝ Ամիրի տղան, չորրորդը՝ ձուկ Ավետիսը։ Դրանցից այս վերջին երեքը իմ մարդիկներս են. և երեքն էլ առանձին-առանձին ինձ պետք է դիմեն իրենց առաջարկության թղթերը գրել տալու համար, որովհետև նրանցից ոչ մեկը չգիտե, թե մյուսն էլ իմ բարեկամն է։ Ուրեմն նրանց թղթերի հետ ինչ խաղ խաղալը ես կիմանամ։ Մնում է Մելքոն-աղան, որին ես մոտենալ չեմ կարող, որովհետև նա ունի յուր սեփական փաստաբանը, որին դիմում է կարևոր միջոցին։ Նրան այս գործից հեռի պահել կարելի է միայն խնդրելով։ Նա յուր կյանքում շատ կապալներ է վերցրել և շատ էլ մեծ փողեր է աշխատել, եթե դուք հանձն առնեք գնալ և նրան խնդրել, որ այս անգամ ձեռնպահ մնա այս կապալից, նա կարող է հարգել ձեր խնդիրը։ Հակառակ դեպքում կարող եք նրան խոստանալ և առանձին գոհացում։ Եթե կարողանաք ետ կանգնեցնել նրան այս կապալից, ես խոստանում եմ կապալը անատճառ վերցնել ձեզ համար։

— Կերթամ, կխնդրեմ, կաղաչեմ,— ոգևորությամբ բացականչեց Թովմասը,— կերթամ հենց այս րոպեին, եթե կհրամայեք։

— Գնացեք մի երկու ժամից ետ, երբ նա արդեն քնից վերկացած կլինի։ Վաղը դատարանը արձակվելուց ետ՝ ես կրկին կգամ ձեզ մոտ։ Եթե մի ուրախ լուր բերած կլինիք ես [ 121 ] կմնամ ձեզ մոտ ճաշելու և միասին կխորհրդակցենք գործի մնացյալ կետերի համար,— ասաց Միկիթ-բեկը, և ապա շնորհակալություն անելով Թովմասին նրա հյուրասիրության համար՝ դուրս գնաց:

Պ. Թովմասր ճանապարհ դրավ նրան մինչև սանդուղքների վերջը:

Ե

ՄԵԼՔՈՆ-ԱՂԱՅԻ ՄԻԱԿ ՑԱՎԸ

Մինչև նշանակված երկու ժամը լրանալը, պ. Թովմասր կարևոր համարեց շտապել շուկան յուր խանութն ու գործերը աչքե անցնելու, որովհետև վախենում էր, որ յուր բացակայության ժամանակ գործակատարները մի որևէ սխալմունք գործած լինեին։ «Գուցե այս գործը չէ հաջողում, ինչո՞ւ համար իսկականը հավանականին զոհենք»,— մտածում էր պ. Թովմասը։ Բայց փառք աստուծո, ոչինչ դժբախտություն չէր պատահել, ամեն բան յուր տեղն էր։

Նշանակած ժամերը յուր սիրելի խանութի մեջ անցնելուց ետ վերջապես նա բռնեց Մելքոն-աղայի տան ճանապարհը։ Բայց որպեսզի գործակատարները չիմանային, թե նա կրկին բացակայում է խանութից, պ. Թովմասր դիտմամբ կամ այս խանութի առաջն էր կանգնում ու խոսակցում, կամ այն խանութի, կամ երրորդի, կամ չորրորդի, մինչև որ անզգալի կերպով դուրս գնաց շուկայից, իսկ գործակատարները կարծում էին, թե նա դեռ շուկայումն է գտնվում և ամեն րոպե կարող էր ներս մտնել խանութ։

Այսպես անելը, իհարկե, հարկավոր էր նրանց զգաստ պահելու համար։

Թեպետ կեսօրից չորս ժամ արդեն անցել էր, բայց արեգակը դեռ այրում էր քաղաքի փողոցներում։ Ամեն տեղ անցուդարձը նվազել էր։ Շուկայում խանութպաններից ոմանք քաշվել էին խանութների անկյունը և գլուխները դախլի կամ [ 122 ] հաշվետետրերի վերա դրած՝ խոր քնով խռմփում էին, ուրիշներն անգործությունից դադրած՝ հավաքվել էին այս ու այն դրացու մոտ և անհոգությամբ զրույց ու կատակներ էին անում, աշխատելով քեսադ առևտրի օրը շուտով մթնացնելու։ Սակավ էին այն բախտավորները, որոնց օրվա այդ ժամին հաջողվել էր ձեռք գցել ընկերներից ետ մնացած մի գյուղացի, կամ հեռու թաղերից եկած մի անփորձ տղա, և մի փոքր առևտուր անել, վաճառելով նրան ապրանքի հետ միասին և երդումների մի ամբողջ շարական։ Մեծ հրապարակն անգամ, որ քաղաքի միակ բաբախող սիրտն էր, վաղուց անշնչացել էր։ Նպարավաճառները էլ չէին լսեցնում իրենց գովասանական անախորժ բացականչությունները և հաղթահարված տիրապետող տոթից, հազիվ մեկ-մեկ ջուր էին սրսկում թառամող վարունգներին, կամ կանաչեղենի թաբախներին: Հարևան մսագործները ահագին փափախով գլուխները եղոտ կշռասեղանի վրա դրած՝ անուշ-անուշ քնում էին, թողնելով ճանճերին շահատակելու մսի կիսանների վերա, որոնք արևի տաքությունից արդեն դեղնել և չորացել էին. քաղաքի կշիռը նույնպես անգործ ընկած էր։ Պարոն կշռապահը յուր անկեղծությունը ա՛յնտեղ էր հասցրել, որ ծալապատիկ նստել էր կշեռքի լայն թաթերից մեկի վրա և մեծ գավաթով մածնեբրթուշը առջևը դրած՝ ջերմեռանդությամբ ուտում էր, գրգռելով իրեն շրջապատող սակավաթիվ գյուղացիների թե՛ ախորժակը և թե՛ նախանձը։

Ամբողջ քաղաքի մեջ միայն աղա-Մելքոնի պարտեզն էր, որ օրվա այդ տոթագին ժամին զովասուն էր և հովաշունչ էր։ Գեղահասակ բարդիները, որոնք բոլորում էին ամբողջ պարտեղը և հողմի յուրաքանչյուր հոսանքից քաղցր շրշյունով ծածանվում էին աջ ու ձախ, բազմամյա ակաթենիները, որոնք երկուստեք հովանավորում էին աղյուսախճի ճեմելիները և իրենց ձյունաթույր ու ողկուզաձև ծաղկեփնջերով նրանց կանաչազարդ կամարակապը զարդարում, սաղարթախիտ ուռենիները, որոնք շրջաբոլոր եզերում էին ընդարձակ ավազանը և սփռում նրա շատրվանի վերա մի սիրախորժ ստվեր, և վերջապես բազմաթիվ պտղատու ծառերը, որոնք գրավել էին պարտեզի մի ընդարձակ մասը և գունավորել [ 123 ] նրան իրենց բազմերանգ պտուղներով, ստեղծում էին այդ արվեստական դարաստանի մեջ մի հովաշունչ և կենսաբեր եղանակ` անծանոթ քաղաքի հասարակաստեղծ մարդիկներին։

Պարտեզի թե' ծառերը և թե' ծաղկածուները արդեն ջրված պատրաստ էին և ավազանի սյունաձև շատրվանը կարկաչաձայն դուրս էր թափում յուր զովարար աղբերակը, երբ աղա-Մելքոն Խալաթյանը սիրեցյալ Անիկային թևն առած` ներս մտավ պարտեզ։ Կես ավուր քնից և լվացվելուց ետ նա սովորություն ուներ իջնել պարտեզ յուր Անիչկայի հետ թարմ օդ ծծելու և միրգ վայելելու համար։

Չնայելով, որ աղա-Մելքոնի տարիքը վաթսունի մոտ էր, և տիկին Անիչկան միայն տասնևհինգ տարով էր նրանից փոքր, այսուամենայնիվ երկու ամուսինները դեռ երիտասարդական քնքշությամբ ողջագուրում էին իրար, մանավանդ երբ նրանք դրսումն էին գտնվում, կամ մի երրորդ անձնավորություն ներկա էր լինում նրանց սիրակցություններին։ Աղա-Մելքոնի համար մեծ զվարճություն էր՝ ցույց տալ օտարներին (թեպետ նրանք այդ չէին պահանջում), որ ինքը անսահման սիրով կապված է Անիչկայի հետ, և որ առանց նրան աշխարհի բոլոր մեծությունները յուր աչքում արժեք չունեին։

Ինչ տիկին Խալաթյանին է վերաբերում, նա պակաս խանդակաթ չէր դեպի յուր ամուսինը. ամենքը գիտեին, որ նա անձնվեր է Մելքոն Կարլիչին. և ազնիվ տիկինը ոչ միայն այդ բանը չէր ծածկում ոչ ոքից, այլև հայտնում էր ամենքին։

Բամբասասեր մարդիկ, որոնք առհասարակ չեն սիրում իրենց գործերով զբաղվել, կամենում էին հավատացնել, որ երկու ամուսինների մեջ իսկապես սեր ասած բանը չկա, բայց նրանք հաշտ են ապրում, որովհետև ինչ որ գաղտնի հարաբերությունների պատճառով, որոնց մեջ յուրաքանչյուրը յուր սեփական հաճույքն էր որոնում, նրանք պարտավորվել էին փոխադարձ զիջումներ անել իրար։

Ի՞նչ գաղտնի հարաբերություններ էին դրանք, կամ ի՞նչ փոխադարձ զիջումներ, մենք, իհարկե, դրանցով չենք հետաքրքրվիլ, [ 124 ] ավելի լավ է հավատալ, որ մարդիկ բարի են և առաքինի, քան հետամուտ լինել նրանց չարությունները ճանաչելու։ Մենք, ահա, գոհունակությամբ տեսնում ենք, թե որքա՜ն քաղցր և սիրաժպիտ խոսակցում են իրար հետ երկու ամուսինները, հանդարտ ճեմելով ստվերաշատ ծառերի տակ։

— Նայի՛ր, Անիչկա, նայիր մեր ամբողջ պարտեզին, այս ծաղկածուներին, այս վարդե թփերին, այս սիրուն ճեմելիքներին, ինձ թվում է, թե նրանք այսօր մյուս օրերից ավելի գեղեցիկ և հրապուրիչ են, այնպես չէ՞,— քաղցրությամբ խոսում էր Մելքոն-աղան յուր Անիչկայի հետ` շրջեցնելով նրան մերթ ակաթենիների ճեմելիքում, մերթ ծաղկանոցի շուրջը և երբեմն զովազարդ ուռենիների տակ։

— Իհարկե, նրանք օր-օրի վերա գեղեցկանում են, չէ՞ որ երեկվա կոկոնը այսօր պետք է բացվեր և այսօրվա կանաչ պտուղները մի քանի օրից պիտի կարմրին կամ դեղնին,— փիլիսոփայորեն տրամաբանեց Անիչկան։

— Ճիշտ այդպես է։ Բայց գիտե՞ս, սիրելիս, ամեն բան մեզ մոտ կատարյալ է.— պալատի նման տուն, Շահզադի վայել պարտեզ, փառավոր ապրելու համար մի՞թե էլ մի ուրիշ բան պակասում է մեզ։

— Իհարկե ոչինչ։

— Ճիշտ այդպես։ Եվ այս բոլորը ես քեզ համար պատրաստեցի, իմ անգին թագուհիս, միայն քեզ համար…— Եվ այս ասելով Մելքոն Կարլիչը ամուսնուն թևն առած դուրս եկավ ակաթենիների ճեմելիքից պարտեզի փոքրիկ հրապարակը։

Երկու ամուսինները նստեցին իրենց համար պատրաստած աթոռների վերա, իրենց դեմքերը դարձնելով դեպի պալատանման տունը։

Շուտով երևեցավ փոքրիկ աղախինը, որ սկուտեղի վերա մրգեղեն էր բերում նրանց։

Մելքոն Կարլիչը շտապեց մի շնորհալի ասպետի նման ծառայել տիկին Անիչկային, մաքրելով նրա համար բերած մրգերից ամենաընտիրները։

Բայց հազիվ էին նրանք մի քանի փոխադարձ «համեցեք»֊ներ արել իրար, երբ տան պատշգամբում երևեցավ մի [ 125 ] բարձրահասակ, շիկահեր և ծաղկատար երեսով աղջիկ, ձեռքում բռնած ջրով լի աման, որը նա առանց աջ ու ձախ նայելու շտապելուց շուռ տվավ և մեջը եղած ջուրը շռ՜ռ՜… թափեց գեղեցիկ ածուների վերա։

Մելքոն Կարլիչը վեր թռավ տեղից, իսկ տ. Անիչկան քիչ մնաց, որ վախենար։ Շիկահեր աղջիկը տեսնելով նրանց վրդովմունքը, սկսեց քրքիջ բառնալ և ծիծաղել։

—Հիմար, լավ բա՞ն ես արել և դեռ ծիծաղո՞ւմ ես,— ճչաց ներքևից տիկինը,— այստեղ ի՞նչ ջուր թափելու տեղ է։

Բայց շիկահեր աղջիկը փոխանակ նրա նկատողությանը պատասխանելու, թողեց ջրի ամանը վանդակակապի վերա և առաջ անցնելով բացականչեց.

— Ա՞յդ ինչ է, դուք արդեն միրգ եք ուտում, և առանց ինձ հայտնելո՞ւ…— այս ասելով նա վազեց սանդուղքներով և մի րոպեում իջավ պարտեզ։ Առանց սպասելու, որ իրեն բաժին տային, նա վերցրեց սեղանից մի աման, դարսեց նրա վերա բավականաչափ միրգ և կրկին վազեվազ բարձրացավ պատշգամբը։

Մելքոն Կարլիչի ուրախ տրամադրությունը փոխվեցավ. նա հոնքերը կիտեց և հեռացրեց իրենից մրգի սեղանը։ Տիկինը, իհարկե, ավելորդ համարեց հետևել նրա օրինակին։

—Զարմանալի ջղազգաց ես դու, Մելքոն, արժե՞ միթե տխրել այդ չնչին պատճառի համար, նոր հո չե՞ս ճանաչում քո Նատաշին։

—Եվ դու այս չնչին պատճառ ե՞ս համարում, հա՞,— հարցրեց Մելքոն-աղան գլուխը շարժելով։

—Իհարկե, նա այդպես ծնվել, այդպես էլ մեծացել է, նորից հո չե՞ս կարող փոխել նրան։

—Նա այդպես չէր ծնվել, Անիչկա, բայց դու նրան այդպես մեծացրիր,— վշտալի ձայնով նկատեց Մելքոն-աղան։

—Ե՞ս, ե՞ս նրան այդպես մեծացրի, ե՞ս ուրեմն նրան փչացրի,— վրդովելով հարցրեց Անիչկան։

— էլ հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ, Անիչկա. ինչ որ եղել է, եղել է… [ 126 ] — Չէ, ես կամենում եմ, որ դու ինձ կրկնես քո մեղադրանքը. մի՞թե, ուրեմն, ես եմ փչացրել Նատաշին։ —

—Չէ, սիրելիս, դու ի՞նչ մեղավոր ես. ես եմ մեղավոր, որ նրան քո հույսով թողեցի։

— Դու էլի նույնն ես կրկնում, անգութ,— ճչաց տիկինը լացի ձայնով,— ուրեմն էլ ավելորդ է, որ ես ապրեմ քեզ մոտ, որովհետև ես փչացնում եմ քո աղջկանը…— Այս ասելով Անիչկան հեռացրեց իրենից մրգի ամանը և սկսեց հեկեկալ։

— Օ՜, այդ չափազանց է, այդ երեխայություն է, հանդարտվի՛ր. ես կատակ արի. իհարկե, դու ի՞նչ մեղավոր ես, որ Նատաշան այդպես հիմար աղջիկ է. դու հո՛ քո որդու թշնամին չես.— քաղցրությամբ սկսեց ամոքել կնոջ սիրտը Մելքոն-աղան։

— Չէ, այդ առաջին անգամը չէ,— վրդովված խոսեց Անիչկան.— դու մի քանի անգամ էլ միևնույն տեսակ նկատողություններով վիրավորել ես իմ սիրտը. ես եմ հիմարը, որ քո պակասությունների, քո անվայել վարմունքների մասին ոչինչ չեմ խոսում, լռում, պապանձվում եմ. ի՞նչ կանեիր, եթե քո արածներից հենց միայն մեկը լույս աշխարհ հանեի…

Մելքոն-աղան տեսավ, որ մեծ սխալմունք է գործել միջընտանեկան պայմանի դեմ մեղանչելով. ախր չէ՞ որ երկու ամուսիններն էլ իրենց սեփական պակասություններն ունեին և հենց դրա համար նրանք պարտավորվել էին փոխադարձաբար չտեսնել միմյանց թերությունները։ Ի՞նչ իրավունքով, ուրեմն, ինքը այդ նկատողությունը արավ Անիչկային։ Այժմ էլ եթե նա սկսեր իրեն հայտնի գործերի մասին նկատողություններ անել, դա խո՞ կատարյալ խայտառակություն կլիներ։ Հարկավոր էր, ուրեմն, փակել խնդիրը, ինչ միջոցով էլ որ լիներ։

— Ա՛նիչկա, հո՛գյակս դու մի նեղանար, որ ես երբեմն-երբեմն ակամա սխալմունքներ եմ գործում, ես երբեք էլ քեզ վիրավորելու ցանկություն չեմ ունեցել։ Ի՞նչ անեմ, անիծվի Նատաշան. նա այնպես հիմարություն արավ, որ ինձ սաստիկ վրդովեց։ Ախար ի՞նչպես կարելի է կեղտոտ ջուրը ծաղիկների ածուի վերա թափել։ Այդ բանում, իհարկե, ոչ դու [ 127 ] ես մեղավոր և ոչ ես. երբ աստված կամենում է մեկին պատժել՝ նրան այս տեսակ ժառանգ է տալիս։ Ուրեմն ներիր ինձ, հոգիս. ներիր, ես ակամա վիրավորեցի քեզ։

Տիկինը լուռ էր և ոչինչ չէր խոսում. բայց նրա ինքնասիրությունը ըստ երևույթին գոհություն էր ստացել ամուսնու զղջումը տեսնելով. երկու մեղմ խոսքեր էլ՝և Անիչկան կներեր յուր ամուսնուն։

— Դու չե՞ս խոսում ինձ հետ, Անիչկա, — քաղցրությամբ կրկնեց Մելքոն-աղան.— բայց չէ՞ որ ես ներողություն խնդրեցի։

Տիկինը ծանրությամբ բարձրացրեց աչքերը, մի ներող հայացք ձգեց յուր ամուսնու վերա և ժպտաց։ Այդ նշան էր, որ, ուրեմն, հաշտությունը տեղի ունեցավ։ Մելքոն-աղան սեղմեց կնոջ ձեռքը ի նշան շնորհակալության։

— Բայց ի՞նչ պիտի անենք վերջապես այս աղջկան,— կամացուկ ձայնով շշնջաց Անիչկան ամուսնու ականջին, երբ նրանք թև ի թև մտան կրկին ծառուղիների մեջ։

— Այդ աղջկա՞ն… այո՛, այդ հարցը ուշադրության արժանի է։ Քանի որ Նատաշան մեր տանն է, նա մեզ միշտ կվրդովե. պետք է հնար մտածել մի կերպով նրան ամուսնացնելու։

— Բայց ո՞ւմ հետ ամուսնացնել. ո՞վ կհոժարի նրա հետ ամուսնանալու. գեղեցկությունից՝ գեղեցկություն չունի. շնորհքից՝ շնորհք չունի. խելքն էլ հո՝ աստված տա։ Ինչ ասես, որ ես դրա համար չեմ արել. ինչ նեղություն ասես, որ ես չեմ կրել, ռուսերեն սովորեցրել եմ, ֆրանսերեն սովորեցրել եմ, մուզիկ սովորեցրել եմ. լավ հագցրել եմ, լավ ապրեցրել եմ, էլ ի՞նչ պետք է անեի. երբ որ աստված խելք չէ տվել, ես հո չէի կարող նրա գլխի մեջ զոռով խելք էլ թափել։

— «Երբ դու ինքդ չունիս այդ խելքը, որտեղի՞ց կարող էիր նրա գլխի մեջ թափել»,— խոսեց ինքը յուր սրտում Մելքոն-աղան և ընկավ մտատանջության մեջ։ Նա մտքով թռավ դեպի հեռու անցյալը, դեպի այն բախտավոր օրը, երբ վեց արու զավակներից հետո աշխարհ եկավ Նատալիան, և լցրեց [ 128 ] յուր ծնողների ցանկությունը. որ էր՝ աղջիկ ունենալ յոթերորդ զավակը։ Եվ այդ օրը ի՜նչ հույսեր, ի՜նչ ոսկի երազներ չուներ Մելքոնը, իբրև բախտավոր հայր։ Նա հավատում էր, որ մի օր այդ աղջիկը կռվածաղիկ կդառնա քաղաքի երիտասարդների համար։ Հարուստ և գիտնական փեսացուները կվխտան յուր դռներում, և ինքը, իբրև միակ տեր չքնաղագեղ աղջկան, յուր անբռնաբարելի իրավունքով փեսացու կընտրեր նրան, որին ինքը կկամենար, որին յուր սիրտը կսիրեր… Նատալիան հետզհետե մեծանում էր. մի օր նա գեղեցիկ էր ինչպես հրեշտակ. բոլոր տեսնողները հիանում էին նրանով, երանում էին նրա ծնողներին, ամենափառավոր ապագա էին գուշակում նրա համար։ Բայց ավա՜ղ, ամեն բան կորավ նրա անփույթ, պճնասեր և միայն ինքը յուրմով զբաղվող մոր շնորհիվ։ Երեխան մեծանում էր. հայրը յուր գործերով էր զբաղված, մայրը յուր հագուստներով ու այցելություններով։ Չկար մեկը, որ մտածեր ազատելու խեղճ աղջկան նախասահմանյալ հիվանդությունից։ Նրա ծաղիկը չհոգացին պատվաստելու և այդ հիվանդությամբ վարակվեցավ նա, երբ ծաղիկը դրացիների տներում կոտորածներ էր անում։ Շատ ուշ ճանաչեց տիկինը յուր սխալը. բայց էլ նրան ուղղելու հնար չկար։ Մելքոն-աղայի բոլոր ջանքը միայն այն եղավ, որ յուր աղջկանը վերահաս մահից ազատել կարողացավ. բայց խեղճի դեմքը այնքան ծաղկատար, այնքան այլանդակված էր, որ նրա վերա նայել չէր լինում։ Այս հանգամանքը բավական էր, որ տիկին Անիչկան բարձիթողի աներ յուր աղջկան։

Կան մի տեսակ մայրեր, որոնց կրծքի տակ' ծնողական գթո և գորովի փոխարեն՝ միայն ինքնասիրություն և փառամոլություն է սնանում։ Այդպիսիները իրենց զավակների վերա նայում են ինչպես իրենց զարդարանքների վերա, որոնք քանի նոր են և պսպղուն՝ ծաոայում են իրենց պարծանքին, բայց հենց որ հնացան, կոտրվեցան, էլ կորցնում են իրենց արժեքը. և նրանք շպրտում են նրանց սնդուկի այն անկյունը, ուր փոշին կամ ցեցը պիտի մաշե նրանց մնացորդը։

Տիկին Անիչկան այդ մայրերից մինն էր։ Հենց որ նա յուր Նատաշի դեմքը ծաղկատար տեսավ, էլ սառեցավ նրա [ 129 ] մեջ յուր աղջկա համար հոգալու բոլոր եռանդը։ Ի՞նչ բան էր այդ այլանդակված աղջիկը, եթե ոչ նախատինք և ամոթ յուր մոր համար։ Նա նրա հետ չէր կարողանում երևալ ո՛չ փողոցում, ո՛չ եկեղեցում, ո՛չ յուր բարեկամների տանը։ Տեսնողները պիտի կարծեին, թե Նատաշան յուր աղախինն է և ոչ յուր աղջիկը։ Եվ իրա՛վ, ի՞նչպես կարելի էր, որ տիկին Խալաթյանը, այն գեղեցիկ և պճնվող Անիչկան, այդպիսի մի այլանդակ աղջիկ ունենար… Այդ պատճառով նա ընդմիշտ թողեց նրան տան մեջ յուր աղախինների հոգատարության ներքո, որոնք նրանից շինեցին այն, ինչ որ կարող էին. այսինքն մի համառ, ստահակ, բարոյապես և մտավորապես փչացած աղջիկ։ Ճշմարիտ է, վերջերում, երբ Մելքոն-աղան. սահմանափակեց յուր լայնածավալ գործերի շրջանը, նա առանձին ուշադրություն դարձրեց յուր աղջկա վերա, և համաձայն ընդունած սովորութ յան՝ վարձեց նրա համար ռուսերենի, ֆրանսերենի և մուզիկի վարժուհիներ, և ամեն միջոց գործ գրավ նրան ըստ պատշաճին կրթելու և դաստիարակելու, բայց բոլոր այդ հոգսերը ուշացել էին արդեն։ Նատալիան թութակի նման սովորեց մի քանի բան, բայց և այնպես նա մնաց միշտ միևնույն փչացած և կորած աղջիկը…

Այս բոլոր անցյալը մի քանի վայրկյանի մեջ մտաբերեց Մելքոն-աղան և ծանր հառաչեց։

— Ինչո՞ւ համար ես հառաչում,— քնքշաբար հարցրեց տանտիկինը, որ դեռ կախված էր նրա թևից և կարծես տեսնում էր յուր ամուսնու մտատանջության առարկան։

— Նրա համար, որ մի քանի վայրկյան առաջ ես ինձ ամենաբախտավոր մարդն էի կարծում աշխարհի մեջ, և չէի մտաբերում իմ այս թշվառ և ողորմելի աղջկան, որի դժբախտության պատճառը մենք ինքներս ենք։

— Էհ, ի՞նչ բանի վերա ես մտածում, արժե՞ միթե այդքան չնչին պատճառի համար տխրել։ Մի աղջիկ է. ինչպես որ լինի կամուսնացնենք։ Ասենք թե ես ասում եմ տգեղ է, բայց այնքան էլ հո տգեղ չէ, որ տանը մնա։ Արհեստավորներն անգամ իրենց կաղ ու կույր աղջկերանց մարդու են տալիս, հիմա ինչ պատահեցավ, որ Մելքոն-աղայի աղջիկը տանը մնա։ Եվ վերջապես ի՞նչ է պակսում մեր Նատաշին. [ 130 ] գեղեցիկ հասակ, առողջ կազմվածք, սիրուն աչքեր. մի փոքր երեսն է ծաղկատար էլի'. դա Հո մի մեծ պակասություն չէ։ Իսկ դրա փոխարեն, որ նա լեզուներ է սովորել, մուզիկ գիտե և էլ ուրիշ չգիտեմ ինչ բաներ, մի՞թե դրանք ոչինչ։ Ուսում առած տղաները այնքան էլ աղջկա գեղեցկության չեն նայում, այլ նրա գիտությանը։

— Բայց ո՞րտեղ են այդ ուսում առած տղաները, որ համաձայնվեն քո աղջկա հետ ամուսնանալու։

— Ամեն տեղ. ա՛յ մեկը հենց իմ հորանց դրացի Մարալյանի եղբոր տղան չէ՞…

— Ո՞րը։ Թովմասի եղբոր տղա՞ն։

— Այո՛։ Թովմասի եղբոր տղան. անցյալները մայրը ասում էր, թե այս տարի ավարտում է յուր ուսումը. ասում էր, թե պետք է բերեմ և ամուսնացնեմ։

Մելքոն-աղան ծիծաղեց։

— Ինչո՞ւ համար ես ծիծաղում։

— Նրա համար, որ դու կարծում ես, թե Թովմասի եղբոր տղան, այն էլ Թիֆլիսից վերադարձող տղան, պիտի գա և մեր աղջկան ուզե։ Ուրիշ մարդ ունիս՝ նրա համար խոսի՛ր։

— Թովմասի եղբոր տղան ի՛նչ մի մեծ մարդու որդի է, որ մեր աղջիկը չուզե. նրանից շատ լավերը ոտքդ կհամբուրեն։

— Այդ լավերը դեռ չգիտեմ ինչ կանեն, միայն նրա համար ասում եմ, որ նա չի ուզիլ։

— Վերջապես ինչ մեծ ցավ է դառել քեզ համար Նատաշան, մի՞թե նա այդքան էլ դեն գցած աղջիկ է։

— Այո՛, Անիչկա. նա է իմ միակ ցավը. նրանից ի զատ ես ուրիշ ցավ չունիմ։

— Լավ, ի՛նձ թող նրան ամուսնացնելու հոգսը։ Այս խոսքի վերա դռան հնչակը քաշեցին, և մի վայրկյանից ետ երևեցավ ծառան, որ հայտնեց թե` պ. Թովմաս Մարալյանր կամենում է Մելքոն֊աղային տեսնել։

Երկու ամուսինները զարմացած սկսան նայել իրար վերա։ [ 131 ] -«Անունը տո՛ւր, տեղը գցի»,— ասաց Մելքոն-աղան.— այս ո՞ր խաչից է։

-«Մատաղը յուր ոտքով է եկել, այ մարդ»,— շշնջաց տիկինը.-կանչել տու՛ր նրան և ձեռքից բաց մի՛ թողնիլ, կարելի է իմ Նատաշի բախտից աստված է ղրկել նրան այստեղ։ -Այս ասելով տիկինը հեռացավ և Մելքոն֊աղան հրամայեց ծաոային հրավիրել պ. Մարալյանին պարտեզ։

Զ

ԵՐԿՈԻ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՇԱՀԱՎՈՐ

-Բարով, բարով, հազար բարով եկաք դուք մեզ մոտ. այս ո՞ր խաչից է, ո՞ւմնից պետք է շնորհակալ լինինք,- ուրախ դեմքով ու ձայնով դիմավորեց Մելքոն֊աղան պ. Թովմասին, երբ վերջինս ներս մտավ պարտեզի դռնով։

Թովմասը, որ այսպիսի ընդունելություն չէր սպասում Մելքոն-աղայից, մի քանի րոպե ուրախությունից ինքն իրեն կորցրեց։ Բայց շուտով խելաբերելով, որ ինքը նույնպես Մելքոն֊աղայից պակաս մարդ չէ և որ այդ ընդունելությունը հենց իրեն նման պատվավոր մարդու էլ կվայելեր, լուրջ կերպարանք առավ։

-Վաղուց ցանկանում էի այցելություն անել ձեզ,— ասաց նա Մելքոն-աղային.— դուք ամեն բանի մեջ փորձված եք, և մանավանդ իբրև վաճառական, դուք աննման եք։ Ով որ մոտիկ բարեկամ է ձեզ և կարող է օգուտ քաղել ձեր իմաստուն խորհուրդներից, իմ կարծիքով նա ամենաբախտավոր մարդն է մեր աշխարհում։ Տեսնելով որ ես միայնակ եմ և շատ գործերի մեջ կարոտ եմ մի իմաստուն խորհրդականի, որոշեցի, ինչպես որ լինի, վաստակել ձեր բարեկամությունը։ Ահա այս նպատակով էլ ես այսօր այցելում եմ ձեզ։ Հույս ունիմ, որ դուք չեք մերժիլ այդ բարեկամությունը, որ ես խոնարհաբար առաջարկում եմ ձեզ։

-Շատ ուրախ եմ, շատ ուրախ,- պատասխանեց Մելքոն-աղան: [ 132 ] — Սկզբից էլ ես այնքան հավանել եմ ձեզ, թե՛ իբրև մասնավոր մարդու և թե՛ իբրև վաճառականի, որ ես ամենամեծ ուրախությամբ կընդունեմ ձեր բարեկամությունը։ Ինչով կարող եմ օգնել ձեզ, ասացեք, ես պատրաստ եմ ձեզ ծառայեյու։

— Շնորհակալ եմ, դուք չափազանց բարեսիրտ եք, այո՛, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա, բայց այդ շնորհը այնքան մեծ է, որ ես արդարև ամաչում եմ ձեզ հայտնելու: Իմ խնդրածս իսկապես շնորհ էլ չէ, այլ մի զոհաբերություն… Եվ այս է պատճառը, որ ես չեմ կարողանում վստահությամբ հայտնել ձեզ իմ խնդիրը։

— Խնդրեմ, խնդրեմ, դուք իրավունք ունիք ամենայն վստահությամբ ինձ հետ խոսելու։ Ինչ էլ որ լինի ձեր խնդիրը, ես հոժարությամբ կկատարեմ, միայն թե կարողանամ։

— Կարողանալը` կարող եք, բայց չգիտեմ, իրավունք ունիմ արդյոք այս տեսակ խնդիր ձեզ առաջարկելու։

— Դեռ հայտնեցեք ձեր խնդրի տեսակը, այն ժամանակ կտեսնենք` կարո՞ղ ենք, թե ոչ,— ծիծաղելով նկատեց Մելքոն-աղան։

— Շատ լավ. ահա թե բանը ինչումն է։ Առաջիկա շաբաթ, զորքի մեծավորի տանը…

— Այո, գնդապես Սոլատկովսկու մոտ,— ընդհատեց Մելքոն-աղան։

— …Աճուրդ պետք է լինի։

— Զորքի հացը, միսը և խմիչքը կապալով տալու համար, գիտեմ, շարունակեցեք։

Պ. Թովմասը լռեց։ Մելքոն-աղայի այդ աստիճան գործին տեղյակ լինելը նրա վերա վատ ազդեցություն արավ։ — «Այս մարդը, որ այս աստիճան է զբաղվում այս գործով և դեռ բերանս չբացած ամեն բան գիտե, հազիվ թե զիջանե իմ խնդրին. ավելի լավ է լռեմ և իմ պատվով հեռանամ այստեղից…»,— զգուշաբար մտածեց Թովմասր և մի տարակուսական հայացք ձգեց Մելքոն-աղայի վրա։

— Հա։ Ինչո՞ւ չեք շարունակում,— հարցրեց վերջինս։

Թովմասր լուռ էր և դարձյալ նայում էր նրա վերա։ [ 133 ] — Դուք ինձ զարմացնում եք ձեր լռությամբ, մի թե մի բան պատահեց ձեզ, խոսեցեք. ի՞նչ եղան աճուրդը, կապալը, դուք դրանց մասին էիք ուզում խոսել։

— Ես այլևս չեմ ուզում դրանց մասին խոսել։

— Ինչո՞ւ:

— Որովհետև կարծում եմ, որ իմ խնդիրը դուք պիտի մերժեք։

— Զարմանում եմ. ո՞րտեղից կարող եք իմանալ, թե ես կմերժեմ ձեր խնդիրը, քանի որ նրա մասին ես դեռ մի խոսք էլ չեմ արտասանել։ Ընդհակառակն, ինչ դժվար խնդիր էլ որ լինի ձեր խնդիրը, դարձյալ ես պիտի աշխատեմ նրան կատարելու, եթե միայն ուժերս կներեն։

Թովմասը մի փոքր սիրտ առավ և շարունակեց.

— Իմ խնդիրը, Մելքոն-աղա, կայանում է հետևյալում: Ինչպես ահա գիտեք, առաջիկա շաբաթ աճուրդ պիտի լինի գնդապետի տանը։ Մեր քաղաքում, որքան ինձ հայտնի է, միայն չորս հոգի կան, որոնք կցանկանան այդ աճուրդին մասնակցելու։ Բայց այդ չորս հոգիների մեջ միայն դուք եք զորեղը, և եթե ցանկացաք, անպատճառ դուք էլ կվերցնեք կապալը։ Բայց որովհետև ես էլ եմ ցանկանում այս անգամ այդ աճուրդին մասնակցել և իմ բախտը մի անգամ կապալի մեջ էլ փորձել, ուստի եկա ձեզ խնդրելու, աղաչելու, որ եթե հնար է, այս անգամ դուք ձեռնպահ մնաք այդ կապալից, գուցե աստված հաջողում է և ինձ վերա է մնում նա։ Մյուս երեք անձինքները ինձ համար երկյուղալի չեն. ես կարող եմ նրանց հեռացնել այդ գործից, բայց դուք կարող եք ինձ արգելք լինել, այդ պատճառով էլ եկել եմ ձեզ աղաչելու, որ այդ զիջումը անեք ինձ, եթե հնար է։

Մելքոն-աղան ընկավ մտածության մեջ։ Թովմասը ակնապիշ նայում էր նրա վերա և սրտատրոփ սպասում նրա այն պատասխանին, որ միանգամով պիտի բախտավորեցներ և կամ դժբախտացներ իրեն։

— Որքան էլ որ ցանկանում եմ ձեր խնդիրը չմերժելու,— վերջապես խոսեց Մելքոն-աղան, — այսուամենայնիվ հնար չեմ գտնում իմ ցանկությունը կատարելու։ Դեռ մի քանի օր առաջ ես գնդապետի տանն էի (պետք է ասած, որ [ 134 ] մենք նրա հետ շատ մտերիմ և բարեկամ ենք)․ ես նրան խոստացա։ թե այդ կապալը անպատճառ ես կվերցնեմ, որքան էլ նրա պայմանները ձեռնտու չլինեն։ Պ․ գնդապետը միևնույնը խնդրեց ինձ, որովհետև մինչև այժմ իմ վերցրած կապալներով միշտ գոհ են մնացել ինձանից թե՛ զորքը և թե՛ նրա մեծավորները։ Այժմ ես չգիտեմ, թե ի՞նչպես կարող եմ իմ խոստման հակառակը գործել։ Դա ինձ համար մեծ անպատվություն կլինի։

— Այսուամենայնիվ դուք կարող եք այդ անել, եթե կամենաք։

— Գիտե՞ք ինչ կա, պ. Թովմաս.— այդպիսի մի զիջողություն եթե ես անեմ ձեզ, ինձ վերա բոլորը կծիծաղեն, սկսած գնդապետից մինչև վերջին սպան, որովհետև այդ տեսակ մի զիջողություն ես իրավունք ունիմ անելու միայն իմ ազգականներից մինին։ Ի՞նչ կասեն ինձ այդ մարդիկը, եթե իմանան, որ ես իմ իրենց տված պատվավոր խոսքը ետ եմ առնում լոկ մի օտար մարդու խնդրանաց զիջանելու համար։ Գոնե եթե դուք իմ ազգականներից մինը լինեիք, իմ վարմունքը մի փոքր բնական կլիներ։

— Ի՞նչ կա, մի՞թե չեք կարող ինձ էլ իբր ազգական ներկայացնել նրանց։

— Օ՜, այդ անկարելի է. այդ կնշանակե նրանց խաբել, այդ կնշանակե այսքան տարվա իմ նրանց մոտ ունեցած վարկն ու համարումը արատավորել. չէ, այդ անկարելի բան է։

— Ուրեմն դուք մերժո՞ւմ եք իմ խնդիրը,— հուսահատ ձայնով հարցրեց Թովմասը։

Մելքոն-աղան չպատասխանեց. նա մտածում էր։

Այս լռությունը գրավեց Թովմասի ուշադրությունը, նրա սրտի մեջ սկսեց մարմնանալ մի նվազ հույս՝ «Գուցե դեռ կփոխե յուր միտքը, գուցե դեռ կբախտավորացնե ինձ»,— մտածում էր նա, և Թովմասի հույսը պարապ չելավ։ Մ՛ի քանի րոպեաչափ մտածելուց հետո, Մելքոն-աղան դարձավ Թովմասին հետևյալ հայտարարությամբ.

— Սիրելի Թովմաս, դուք պետք է իմանաք, որ ես, ինչպես առաջ էլ ասացի, ձեզ սիրում ու հարգում եմ: Ձեր խնդիրը [ 135 ] բացե ի բաց մերժելը ինձ համար այնքան դժվար է» որքան և դժվար է գնդապետին տված պատվավոր խոստմանս դրժելը։ Բայց որպեսզի ոչ ձեր խնդիրը մերժեմ և ոչ գնդապետի մոտ խայտառակվիմ, ահա թե ես ինչ նոր բան մտածեցի այս րոպեին։ Դուք կարծեմ մի լավ եղբոր որդի ունիք, որ այժմ սովորում է Թիֆլիսում։

— Այո՛, մեր Պետրոսը մի շատ լավ տղա է։

— Լսել եմ, շատ լավ տղա է. աստված պահե։ Ես էլ ինչպես գիտեք, մի շատ խելոք աղջիկ ունիմ. մի պատվական աղջիկ։ Ես կարծում եմ, որ լավ կանենք, եթե միմյանց պատվավոր խոսք տանք ձեր Պետրոսն ու իմ Նատալիան իրար հետ ամուսնացնելու և այսպիսով խնամիներ դառնալու։ Այնուհետև շատ հեշտ կլինի ինձ համար զիջանել ձեզ կապալը. և գնդապետն էլ ներողամտությամբ կնայի այս գործի վերա, որովհետև այդպիսով ես կապալը իմ ազգականներից մինին կլինեմ հանձնած։

Թովմասը ուրախությունից քիչ էր մնում, որ խելագարվի։

— Դուք ինձ կրկնակի եք բախտավորացնում, Մելքոն-աղա,— հրճվանքով բացականչեց Թովմասը,— տվեք ինձ ձեր ձեռը, ես համաձայն եմ. ձեր Նատալիան իմ սիրելի հարսն է այսօրվանից,— և այս ասելով նա ջերմությամբ սեղմեց Մելքոն-աղայի ձեռքը։

— Դուք համաձայն եք. շատ բարի, բայց եթե Պետրոսը գա և չկամենա լսել ձեզ, այն ժամանակ ի՞նչ կանեք։

— Պետրո՞սը, ինձ չլսե՞. հա՜, հա՜, հա՜. մի՞թե կարծում եք, թե նա կհամարձակվի ինձ չլսել. նա, որին ես դեռ մանուկ հասակից իմ հացով պահել, մեծացրել, ուսում եմ տվել և քանի՜-քանի՜ հազարներ նրա համար վատնել եմ։ Ոչ, դրա համար մի՛ երկբայեք։ Պետրոսը իմ որդին է. նա միշտ ինձ հնազանդ է եղել և այս անգամ էլ նա չի համարձակվիլ իմ խոսքից դուրս գալու։ Եվ մի՛թե բոլոր իմ այս չարչարանքները նրա համար չեն. Պետրոսից զատ էլ ո՜վ ունիմ։

— Եթե գուք ինձ պատվավոր և վճռական խոսք եք տալիս, որ իմ Նատաշին անպատճառ կառնեք Պետրոսի համար, [ 136 ] ես էլ ձեզ խոսք եմ տալիս անպատճառ զիջանել ձեզ կապալը, որ, իհարկե, մի շատ մեծ զիջողություն է. ըստ որում դա կնշանակե հրաժարվել տարեկան երեսուն հազար ռուբլի օգուտից… Եվ ես այդ զիջողությունը անում եմ այն մտքով, թե ձեր օգուտն էլ այսուհետև իմն է, որովհետև իմ աղջիկը ձեր տան հարսն է լինելու։

— Իհարկե, իհարկե, և ես դրա համար ձեզ պատվավոր և վճռական խոսք եմ տալիս, իսկ իմ խոսքի գրավականը — ահա՛, և նա հանելով իր ճկույթից յուր փոքրիկ ադամանդյա մատանին, որ նա մի անգամ նվեր էր ստացեք յուր մի բարեկամ հաճախորդից, տվավ Մելքոն-աղային։

Վերջինս ընդունեց այդ գրավականը հոգվո ներքին ուրախությամբ. բայց որպեսզի ճրագը գրվանի տակ չմնար, նա թույլատվություն խնդրեց Թովմասից՝ կանչել և յուր կնոջն ու աղջկանը և նրանց էլ հայտնել այս բախտավոր նորությունը։

— Որովհետև գործը միայն ինձ ու ձեզ չէ վերաբերում,— ասաց Մելքոն-աղան գործնական մարդու նախատեսությամբ,— լավ է որ մեր այս բարեկամական պայմանադրությունը հաստատվի նաև իմ կնոջ ու աղջկա ներկայությամբ։ Աշխարհ է. ո՞վ գիտե, թե վաղը ինչ նորություններ կստեղծվին և գուցե կստիպեն էլ մեզանից մինին դրժել յուր պատվավոր խոստմանը։ Բայց որովհետև այդ տեսակ վարմունքը ամոթապարտ պիտի կացուցանե հանցավոր կողմը, գոնե թող մեզ համար վկաներ ունենանք, որ հարկավոր դեպքում մատնացույց անեն նրանք հանցավոր կողմի վերա։ Բացի այդ, այս տեսակ ծանրակշիռ բարեկամության խոստում անելուց առաջ դուք կատարյալ իրավունք ունիք ձեր հարսնացուն տեսնելու և ձեր ազատ կարծիքը նրա մասին մեզ հայտնելու։ Ո՞վ գիտե. գուցե իմ աղջիկը ձեզ անգամ հավանելի չէ. ինչո՞ւ համար ապագայում ծնվելիք գժտությունները այսօրվանից ևեթ չխափանենք։

— Շատ խելոք խոսք եք ասում, Մելքոն-աղա. դրան ես հակառակվել չեմ կարող. կանչեք այստեղ իմ խնամուն ու հարսնացուին. և թող նրանք էլ իմանան մեր որոշումը։ Բայց կապալի գործի մասին, խնդրում եմ, դուք ոչինչ չհիշեք [ 137 ] նրանց մոտ. մանավանդ իմ հարսնացուն չպետք է իմանա, թե այսպիսի մի գործի շնորհիվ է կայանում մեր մեջ այս բարեկամությունը։ Այդ բանը կարող է նրան վշտացնել։

— Իհարկե, իհարկե, ինչ հարկավոր է կնոջ հետ առևտօլըւգրական գործերի մասին խոսել. այդ կողմից ևս ավելի խիստ եմ։— Այս ասելով Մելքոն-աղան ներողություն խնդրեց Թովմասից և գնաց կնոջն ու աղջկանը կանչելու։

Պ. Թովմասը սկսավ ճեմել պարտեզի սիրուն ճեմելիթներից մինում և զմայլմամբ դիտում էր մերթ այդտեղի գեղեցկությունները, և մերթ Մելքոն-աղայի հոյակապ ապարանքը, որ մի շքեղ պալատի նման ձգվում էր պարտեզի ամբողջ լայնությամբ։

— Տեր աստված, այսքան խելքի ու իմաստության հետ այսքա՞ն էլ միամտություն,— մտածում էր ինքն իրեն պ. Թովմասը.— մի մարդ, որ այնքան խելք, շնորհք, ընդունակություն է ունեցել այսքան մեծ հարստություն և փառք ձեռք բերելու, ինչպես չէ հասկանում, որ ինձ նման մարդու համար մեծ պատիվ և մեծ փառք է իրեն հետ բարեկամանալ։ Դեռ չեմ հիշում այն ահագին շնորհը, որ նա անում է ինձ, հեռանալով հարյուր հազարանոց կապալից։ Ուրեմն ինչո՞ւ կասկածել՛ թե ես կարող եմ իմ խոստմանը դրժել։ Մելքոնի աղջիկս, ճշմարիտ է, ասում են որ գեղեցիկ չէ, բայց ի՞նչ հարկավոր է իմ եղբոր որդուն գեղեցկությունը, քանի որ նրա հարսնացուն քաղաքի ամենաառաջավոր մարդու աղջիկն է և ի դեպ, եթե ես չլինեմ էլ, դարձյալ նա յուր հարուստ աներոջ շնորհիվ փողի կամ ապրուստի կարոտություն տեսնելու չէ երբեք։ Իմ եղբորորդին այնքան հիմար չէ, ես կարծում եմ, որ չգնահատե այս առավելությունները։ Գեղեցկությունը մի փայլ է, որին ոչնչացնում են առաջին պատահած վիշտն ու նեղությունները. բայց հարստության առաջ ոչ միայն չքանում են ամեն տեսակ վշտեր, նեղություններ և ցավեր, այլև ուրախություն չեղած տեղը ուրախություն է բսնում, զվարճություն չեղած տեղը զվարճություն է ստեղծվում… Չէ, սա մի բախտ է, որին իմ պատճառով արժանանում է Պետրոսը և նա պետք է երախտապարտ լինի յուր հորեղբորը։ [ 138 ] Մինչդեռ Թովմասը այս խորհրդածություններն էր անում, այգին մտան Մելքոն-աղայի հետ միասին տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան, երկուսն էլ վայելուչ կերպով կոկված ու հագնված։

Պ. Թովմասը թեպետ երբեք առիթ չէր ունեցել ասպետական օրենքները ուսումնասիրելու, այսուամենայնիվ նա զգաց, որ հարկավոր էր հանել յուր գլխարկը և ժպտերես դիմավորել յուր խնամուն ու հարսնացուին։

Վերջիններս շատ սիրալիր ընդունեցին պ․ Թովմասին ողջույնը և ծանոթանալով նրա հետ, ջերմագին սեղմեցին նրա ձեռը։

Տիկինը առաջարկեց բոլորին էլ նստել ծաղկանոցի առաջ շարված աթոռների վերա։

Սովորական հարց ու բարևից ետ, Մելքոն-աղան հանդիսավոր կերպով կանգնեց նրանց մեջ և բառերի հստակ ու որոշ արտասանությամբ հայտարարեց, որ պ. Թովմաս Մարալյանը շնորհ է բերել յուր մոտ՝ իրենց սիրելի Նատալիայի ձեռքը յուր եղբոր որդի Պետրոսի համար խնդրելու և որ ինքը այդ բանին սրտով համաձայն է, սակայն հարցնում է և տիկին Անիչկայի կամքը։

Վերջինս կարելվույն չափ քրքրվելով և կարելվույն չափ գեղեցիկ ժպիտով պատասխանեց.— «Ես այնքան շատ լավ բաներ եմ լսել պ. Թովմասի եղբոր որդու համար, և այնքան գովություններ՝ նույնիսկ պ. Թովմասի և յուր ընտանիքի վերաբերությամբ, որ ես ոչ միայն պատճառ չունիմ մերժելու նրա առաջարկությունը, այլև շատ ուրախ կլինեմ նրան ընդունելով։ Իմ Նատաշան այնքան քնքուշ, այնքան ուրախ և այնքան սիրելի պահված աղջիկ է, որ բացի պ․ Թովմասի ընտանիքը, ուրիշ որևէ ընտանիք ես արժանի չեմ գտնիլ նրա հարսնության, հետևապես ես տալիս եմ իմ համաձայնությունը»։

Պ. Թովմասը, որին ըստ երևույթին շատ դուր եկավ յուր խնամու փոքրիկ, բայց ազդու ճառը, խորը կերպով գլուխ տվավ տիկին Անիչկային ի նշան ամենաանկեղծ շնորհակալության։

Իսկ Մելքոն-աղան, որ փորձված վաճառականի նման [ 139 ] աշխատում էր պայմանագրի բոլոր կետերի համար բանավոր ստորագրություն առնել Թովմասից, մոտեցավ նրան և թուրքերեն լեզվով հարցրեց.— «Հավանո՞ւմ ես իմ աղջկան, թե ոչ․ նա քո առաջ կանգնած է. կարող ես լավ նայել, քննել և ապա քո ազատ կարծիքը հայտնել»։

- Քո աղջիկը հրաշալի է, իմ եղբոր որդին հազիվ թե արժանի է նրան,- պատասխանեց նույն լեզվով Թովմասը: Եվ այս խոստովանությունը բոլորովին անկեղծ էր։

Այդ ժամանակ Մելքոն-աղան ետ դարձրեց Թովմասին նրանից ստացած մատանին, որպեսզի սա ինքր յուր ձեռքով հագցնե այն յուր հարսնացուին։ Թովմասը ուրախությամբ կատարեց և այդ վերջին պարտականությունը, հայտնելով միևնույն ժամանակ, որ այդ մատանին իսկապես նշանադրության ընծա համարելու չէ, այլ լոկ մի առհավատչյա՝ իրենց մեջ տեղի ունեցած խնամական համաձայնության։

Օրիորդ Նատալիան բոլոր այդ խոսակցությանց ժամանակ նստած էր լուռ և համեստ, որովհետև այնպես էին պատվիրել նրան յուր ծնողները, իսկ նրա համաձայնությունը ստանալու համար խոսք ու զրույց չեղավ։ Սա մի անհրաժեշտ նախազգուշություն էր, որով Մելքոն-աղան կամեցել էր ծածկել Թովմասից յուր դստեր արժանիքը, բայց իհարկե, դա միևնույն ժամանակ և ավելորդ նախազգուշություն էր, որովհետև այդ րոպեին Թովմասին հետաքրքրողը ոչ թե հարսնացուն էր, այլ յուր կապալի շահավոր գործը։

Նոր բարեկամները այդ երեկոյան հյուրասիրեցին Թովմասին փառավոր ընթրիքով, որի ժամանակ նա երախտագիտությամբ հիշեց լավ ընթրիքների սիրահար Միկիթ-բեկի անունը և ծածուկ յուր խնամիներից՝ խմեց նրա թանկագին կենացը։

Վերջապես հոգվո ամենալավ տրամադրության տակ հեռացավ պ. Թովմասը Մելքոն-աղայի տնից և ուխտեց, ինչպես ազնիվ մարդ, կատարել յուր տված խոստումը, եթե միայն շահավոր կապալը կմնար յուր վերա։ [ 140 ]

Է

ՄԻԿԻԹ-ԲԵԿԸ ՅՈՒՐ ԱՌԱՆՁՆԱՐԱՆՈԻՄ ԵՎ Պ. ԹՈՎՄԱՍԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՊԱԼԱՌՈՒ

Մի փոքրիկ սենյակ, որ լուսավորվում էր երկու նեղ պատուհաններով։ Մի հասարակ գրասեղան, որի զարդարանքը կազմում էին դատարանից բերված հին թանաքամանը, երկու մաշված գրիչներ, կես կապ №7 թուղթ և մի աժանագին լամպար.— չորս պարզաշեն աթոռներ, որոնցից մինը արդեն կազմալույծ էր եղած, ուստի և դատապարտված սենյակի անկյունում անգործ մնալու, մի դեղնափայտե պահարան, որի մեջ անկարգ կերպով դարսված էին քանի մի օրինագրքեր, մի հին տարազի պատի ժամացույց, որը գնված էր մի ինչ որ աճուրդի ժամանակ, և վերջապես մի անբովանդակ պատկեր, որ առանց շրջանակի կպցրած էր պատի վերա.— սա Միկիթ֊բեկի առանձնարանն էր։

Երեկոյան ժամը վեցն էր. մի այնպիսի ժամանակ, երբ առհասարակ գործից վերադարձող մարդիկ տանը չէին նստում, որովհետև քաղցր հովերի ժամանակ լինելով քաղաքի միակ զբոսարանը, որ մի վանդակապատ ծառաստան էր. դառնում էր զվարճալի։ Օրվա ծանրությունը բարձող մարդիկ գունդագունդ դիմում էին այդտեղ թարմ օդ շնչելու և իրենց հոզնած հոգուն ու մարմնին հանգստություն տալու։

Բայց Միկիթ֊բեկը ժամանակ չուներ այդ շռայլության համար։ Նա յուր առանձնարանում նստած խորասուզվել էր օգտավետ մտածմունքների մեջ։ Դուք, իհարկե, չեք գուշակում, որ նա մտքով վերափոխվել էր հին պատմությունների աշխարհը և մտածում էր այն հանճարեղ նկարչի վերա, ու ժամանակի պատկերը մարմնացրել էր մերկ աղջկա կերպարանքով, նրա գլխի առաջից երկար մազեր նկարելով՝ իսկ ետքի կողմը թողնելով լերկ, ինչպես յուր մարմինը և տալով նրան երկու զորեղ թևեր անընդհատ առաջ սլանալու համար…

—«Այո՛, քանի որ նա քեզ մոտիկ, քո առաջ կանգնած է,— խոսում էր ինքն իրեն Միկիթ֊բեկր,— աշխատիր բռնել [ 141 ] նրա մազերից, աշխատիր ընկերանալ նրա թռոյցքին, ապա թե ոչ, մի փոքր անհոգություն, մի փոքր դանդաղություն և ժամանակը սլանալով կհեռանա քեզանից— այնուհետև որքան էլ վազես նրա ետևից` էլ հասնել չես կարող և զղջումն ու ապաշավանքն էլ քեզ չեն օգնիլ…»:

Միկիթ-բեկի խորհրդածությունները վերաբերում էին մեզ արդեն հայտնի աճուրդին։ Նա փորձով գիտեր, որ առհասարակ հազվագյուտ են այն դեպքերը, որոնցից կարելի է լինում անսպաս օգուտներ ձեռք բերել։ Այդ աճուրդը պատկանում էր հազվագյուտ դեպքերի կարգին։ Եվ որովհետև հետևյալ առավոտ նա տեղի պիտի ունենար, իսկ Միկիթ-բեկը բացի Թովմասին օգնելուց դեռ յուր ուրիշ երեք բարեկամների համար էլ գործ ուներ կատարելու, պարզ է, ուրեմն, որ նա չէր կարող այդ թանկագին ժամանակը զբոսանքի նվիրել։ Նա նստել էր յուր առանձնարանում և հաստատապես վճռել բռնել ժամանակի մազերից և չթողնել նրան, մինչև որ անսպաս օգուտներից յուր բաժինը չստանար։ Գործը չերկարացնելու համար նա մինչև անգամ պատրաստել էր կարևոր թղթերը և ինքն յուր մեջ որոշել, թե յուր բարեկամներից որին ի՞նչ խորհուրդ և որին ի՞նչ ճանապարհ պիտի ցույց տար: Եվ այս ամենը նա կարգավորել էր այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը առանձնապես գոհ մնան իրենից, հավատացած լինելով, որ Միկիթ-բեկը միայն իրեն համար է գործ շինում։ Բայց, իհարկե, դրանք բոլորը միասին իրենց մասնակցությամբ պետք է անգիտակցաբար ծառայեն Միկիթ-բեկի գլխավոր բարեկամ Թովմաս Մարալյանի օգտին, որից և պիտի հասներ նրան ամենագլխավոր օգուտը։

—Փառք աստուծո, ես ձեզ տանը գտա, շնչասպառ բացականչելով ներս ընկավ Միկիթ֊բեկի առանձնարանը բազազ Սարգիսը.— о՜հ, ես այնպես հոգնել, այնպես վաստակել եմ, որ դեռ պետք է հանգստանամ. ներեցեք խնդրեմ, Միկիթ-բեկ, ես շատ եմ հոգնել. այո՛, շատ։

—Ինչո՞ւ համար էիք այդքան շտապում:

— Ւնշո՞ւ համար… չէ՞ որ դուք ապսպրել էիք ճիշտ վեց ժամին գալ ձեզ մոտ. իսկ ձեր տունը հո գիտե՞ք որքան է հեռու։ [ 142 ] -Ինչո՞ւ մի փոքր վաղ դուրս չեկաք խանութից։

-Եվ կարծում եք, թե վաղ չե՞մ դուրս եկել, ամբողջ քառորդ ժամ է, ինչ որ ճանապարհ եմ գալիս։

-Շատ փոքր հասկացողություն ունիք ժամանակի գործադրության մասին, ներեցեք ասել, այսպիսի մի գործի համար ավելի վաղ պետք է թողնեիք խանութը, մի քառորդը բավական չէ.- նկատեց Միկիթ-բեկը բարեկամին և առաջ քայլելով դեպի գրասեղանի արկղիկը՝ հանեց այնտեղից նրա համար պատրաստած թղթերը։

- Ահա՛. ամեն ինչ պատրաստ է,— ասաց նա,— հարկավոր է միայն ավելացնել գները։ Ասացեք այժմ, ի՞նչ գներով եք կամենում մատակարարել հացը, ի՞նչ գնով միսը և ի՞նչ գնով խմիչքը։

- Չգիտեմ. դուք ի՞նչ եք կարծում, ո՞րքանով է լավ նշանակել։

- Եթե կարծում եք աճուրդին մասնակցողներ շատ չեն լինիլ նշանակեցեք ավելի թանկ։

- Օրինա՞կ։

- Օրինակ հացի պուդը 1 ռուբլի 40 կոպեկ. մսինը՚ 4ռ. 20 կոպ., խմիչքներից` գինու վեդ. 5 ռ., оղիինը` 7 ռուբլի։

- Ես կարծում եմ այդ գները շատ թանկ են. այդպիսով մենք կարող ենք կապալը կորցնել։

- Ես նշանակեցի այն գները, որոնք իմ կարծիքով ամենահարմարներն են. դուք կարող եք ավելացնել նրանց, կամ պակասեցնել։

Բազազ Սարգիսը սկսեց մտածել, նա յուր գլխում հաշիվներ էր անում։ Հետո մի ինչ որ եզրակացության գալով` պատասխանեց.- Ես ձեզանից ավելի խելոք չեմ. նշանակեցեք այն գները, ինչ որ հիշեցիք։ Եթե բախտը ինձ հետ խռով չէ, այդ գներով էլ կապալը կմնա ինձ վերա։

Եվ Մէկէթ-բեկը վերցրեց իսկույն գրիչը` նշանակեց առաջարկության թերթի մեջ յուր մտացածին գները և բոլոր գրածները մի անգամ էլ բարձր ձայնով կարդալով ծալեց նրանց և տվավ բարեկամին:

Վերջինս կամացուկ հանեց ծոցից մի ինչ որ ծրար և դրեց Միկիթ-բեկի սեղանի վերա: [ 143 ] —Եթե ձեր ձեռքը թեթև եղավ և կապալը մնաց ինձ վերա,— ավելացրեց նա,— խոստանում եմ կրկին անգամ ծառայել ձեզ։

Միկիթ֊բեկը հասկանալով բարեկամի խոստման նշանակությունը՝ անկեղծ սրտով շնորհակալություն արավ նրան։

—Իսկ գնդապետի հետ ինչ որ հարկավորն է խոսե՞լ եք,— խորհրդավոր ձայնով հարցրեց Սարգիսը։

—Իհարկե, իհարկե, երեկվանից արդեն ամեն բան խոսել վերջացրել եմ։ Ինչ օգնություն որ նրան է վերաբերում, նա չի խնայիլ. միամիտ կացեք, դուք աղոթեցեք միայն, որ գեներալը չընդդիմանա նրան։

—Կերթամ կաղոթեմ… տեսնենք ամենակարող աստվածը ո՞րքան կհաջողե յուր մեղավոր ծառայի գործը.— բարեպաշտական զգացմունքով լցված պատասխանեց Սարգիսը և ապա հիշելով, որ Միկիթ-բեկը շատ զբաղմունքներ ունի և ուրեմն նրան ավելի խանգարել չէ կարելի, նա ջերմությամբ սեղմեց նրա ձեռքը և դուրս գնաց նրա առանձնարանից։

Միկիթ-բեկը սրտատրոփ վերադարձավ յուր տեղը, հանեց սեղանից ստացած ծրարը և շտապով բանալով նրան՝ գոհությամբ սրտի տեսավ, որ յուր չնչին ծառայության համար բարի բազազ Սարգիսը վարձատրել էր նրան 100 կլորիկ ռուբլիներով։

Հազիվ նա փողերը դրել էր յուր պահարանի մեջ, և ահա մի մեծ գլուխ առանձնարանի դռնից ներս մտնելով՝ լսեցրեց յուր ձայնը.

—Կարծեմ ճիշտ նշանակած ժամին եկա, միայնա՞կ եք։

—Օ՜, բարև ձեզ, բարև ձեզ, ներս հրամեցեք, այստեղ ոչ ոք չկա։

Եվ ահա՛ առանձնարանի դռնով ներս մտավ մի հաղթանդամ և անճոռնի տղամարդ։ Սա Ամիրի աղան էր, որ ողջունելով Միկիթ-բեկին, վերցրեց աթոռներից մինը և նստեց նրա առաջ.

—Յոթին դեռ տասը րոպե կա. ուրեմն նշանակում է ժամանակից էլ մի փոքր վաղ եմ եկել, այնպես չէ՞։

—Այո՛. բայց վաղ գալ հարկավոր չէր. դուք պետք է ճշտությամբ կատարեիք իմ պատվերը։ Եթե ես յոթին եմ [ 144 ] ձեզ ժամադիր եղել, ճիշտ յոթին էլ պիտի գայիք, որովհետև մի քանի րոպեով ետ ու առաջ գալով կարող էիք ինձ խանգարել։

— Ուրեմն հազար ներողություն։ Բայց պատրա՞ստ են իմ թղթերը, թե ոչ։

— Ահա՛ նրանք։ Եվ Միկիթ-բեկը հանեց երկրորդ արկղից յուր երկրորդ բարեկամի թղթերը և կարդաց նրանց ի լուր։

— Այդ բոլորը լավ,— ասաց Ամիրի տղան, երբ Միկիթ-բեկը յուր ընթերցումը ավարտեց,— սակայն ի՞նչ գներ եք ուզում նշանակել իմ առաջարկության մեջ։

— Ի՛նչ գներ որ դուք կցանկանաք։

— Նշանակեցեք ուրեմն—հացի պուդը` 1 ռուբլի, մսինը` 3 ռ. 50 կ.։ Գինու վեդրոն` 4 ռ. 50 կ., իսկ օղիինը` 6 ռուբ. 50 կոպ.։

— Օ՜, այդ շատ աժան եք նշանակում, պարոն, ի՞նչ վաստակ կարող եք ունենալ, ուրեմն, այդ կապալում. նշանակեցեք ավելի թանկ և մի կարծեք, թե կապալին մասնակցողները այդպիսի չնչին գներով կներկայացնեն իրենց առաջարկությունները։

— Եթե այդպես է, ուրեմն դուք ինքներդ նշանակեցեք գները։

— Շատ լավ, հացի պուդը ես կնշանակեմ 1 ռ. 30 կ., մսինը` 4 ռ, 10 կ., գինու վեդրոն` 4 ռ. 90 կ., օղիինը՝ 6 ռ 80 կոպեկ։

— Եվ կարծում եք, որ այդ գներով մենք կապալը չե՞նք կորցնիլ:

— Ես կարծում եմ, որ կվաստակեք։

— Իսկ եթե կորցնե՞մ, այն ժամանակ դուք ձեզ վերա եք առնում պատասխանատվությունը։

— Իսկ եթե այս գիշեր մեռնի Միկիթ-բեկը, դուք ձեզ վերա՞ եք առնում պատասխանատվությունը։

— Ձեր մեռնելը ի՞նչ կապ ունի իմ հարցի հետ։

— Ա՛յն կապը, որ ինչպես քո կապալի կորուստն է պատահմունքից կախված, այնպես էլ Միկիթ-բեկի մահը։ Իսկ [ 145 ] աշխարհում բազմաթիվ չեն ա՛յն հիմարները, որոնք պատասխանատու են լինում պատահարներին։

— Հասկանամ եմ. բայց գոնե դուք կարողանո՞ւմ եք հուսալ, որ այդ գներով կապալը կմնա ինձ վերա։

— Ես կարողանում եմ հուսալ մինչև անգամ՝ թե մի օր ես ճանապարհին հազար ոսկի պիտի գտնեմ։

— Ձեզ հետ վիճել չէ կարելի. նշանակեցեք, ինչ գին որ կամենում եք. անշուշտ դուք իմ բարին եք ցանկանում։

— Ա՜յ, այդ բանի համար ես դրական պատասխան կարող եմ տալ. արդարև ձեր բարեկամների մեջ հազիվ թե գրտնվի մեկը, որ ինձ չափ ձեզ սիրե և ձեր բարին ցանկանալ կարողանա։ Ես միայն մի մարդու եմ հարգում և այն մարդը դուք եք։

Ամիրի տղան մի անհանգիստ շարժում գործեց, որ նշան էր Միկիթ֊բեկի հաճոյախոսության նրա վերա արած լավ ազդեցության. հետո, առանց սպասելու, որ վերջինս ավարտեր յուր գործը, նա հանեց ծոցից յուր ծանր քսակը և տասնհինգ հատ պսպղուն ոսկիներ համարեց նրա առաջ։

Միկիթ—բեկը աչքի ծայրով նայեց ոսկիների վերա և ներքին ուրախությամբ շարունակեց յուր գործը։ Հետո ավարտելով նրան, հանեց սեղանի արկղից մի սիրուն ծրար, որի համար, իհարկե, նա փող չէր վճարել, դրեց այդ ծրարի մեջ բոլոր թղթերը և հանձնեց այն բարեկամին, սովորեցնելով նրան նրա գործադրության եղանակը։

Մի քառորդ ժամից ետ Միկիթ-բեկը արդեն միայնակ էր և ուրախությամբ ձեռքերը շփելով՝ ման էր գալիս յուր առանձնարանի մեջ և սպասում էր Ձուկ-Ավետիսին։

Հազիվ ծառան վառեց լամպարը և դուրս գնաց, երբ ժամը ութը զարկեց և նրա վերջին հարվածի հետ էլ լսվեցավ Զուկ-Ավետիսի ձայնը, որ խոսում էր ծառայի հետ նախասենյակում։

—Ներս հրամեցեք,— սենյակի դուռը բանալով ձայն տվավ Միկիթ-բեկը յուր երրորդ բարեկամին։ Վերջինս ամաչելով ներս մտավ սենյակը, բայց այնպես կամացուկ, որ նրա ոտնաձայնը գրեթե չէր լսվում։ [ 146 ] — Շնորհակալ եմ, ճիշտ ժամանակին եկաք. եթե մի փոքր ուշանայիք, ինձ տանը չպիտի գտնեիք։

— Ինչպե՞ս կհամարձակվեի ուշանալ,— համեստությամբ և հազիվ լսելի ձայնով պատասխանեց Զուկ-Ավետիսը:

— Շնորհակալ եմ, ես էլ արդեն պատրաստել եմ ձեր թղթերը։ Ուրեմն լսեցեք, ես կկարդամ և կթարգմանեմ նրանց:

Եվ Միկիթ-բեկը սկսավ կարդալ և թարգմանել, որովհետև երրորդ բարեկամը ռուսերեն չէր հասկանում։

— Հավանո՞ւմ եք,— հարցրեց նա բարեկամին, երբ ավարտեց յուր ընթերցումը։

— Ինչպե՞ս կհամարձակվիմ չհավանել։

— Ի՞նչ գներ եք ուզում, ուրեմն, որ նշանակեմ ձեր առաջարկության թղթի մեջ։

— Դուք էլած տեղը ես ի՞նչպես կհամարձակվիմ գին նշանակել։

— Բայց էլի մի բան ասացեք, ո՞րքանով, օրինակ, կարող եք հաց մատակարարել զորքին և ո՞րքանով միս։

— Աստված վկա, չեմ կարող ասել.— խեղճ ժպիտով պատասխանեց պարոն Ձուկը։

— Ուրեմն ի՞նձ եք իրավունք տալիս նշանակելու գները:

— Իհարկե, իհարկե։

— Լավ. այստեղ ես գրում եմ, որ դուք զորքին հաց կտաք պուդր 1 ռ. 20 կոպեկով, միս՝ 4 ռուբլով, գինի 4 ռ. 35 կոպեկով և օղի՝ 6 ռ. 75 կոպեկով։

— Դուք գիտեք։

— Ի՞նչ եք կարծում, այս գներով օգուտ կունենա՞ք։

— Աստված է իմանում։

— Ուրեմն գո՞հ եք այս չափով։

— Իհարկե։

— «Եթե բոլոր մարդիկ ձեզ չափ բարի և ձեզ չափ հիմար լինեին, մեզ նմանները դարդ չէին ունենալ»,— խոսեց ինքն իրեն Միկիթ-բեկը և ծրարելով մի ոչ շատ գեղեցիկ ծրարի մեջ, տվավ Զուկ-Ավետիսին։

— Ո՞րքան է ձեր նեղության վարձը, Միկիթ֊բեկ, ասացեք, ես այս տեսակ բաների գինը չեմ իմանում։ [ 147 ] — Այդ կախված է տվողի կամքից։ Եթե ես ուրիշի համար էլ այդպիսի մի զործ շինած լինեի, կասեի, թե այսինչը այսքան վճարեց, դուք էլ կարող էիք այսքան վճարել։ Բայց որովհետև այս տեսակ գործ միայն ձեզ համար եմ շինել ուրեմն վարձատրելն էլ ձեր կամքից է կախված։

Պ. Ձուկը ընկավ մտատանջության մեջ և երկար ժամամանակ չէր կարողանում որոշել, թե ո՞րքան պետք էր վճարել Միկիթ-բեկին։ Վերջապես նա հանեց ծոցից յուր քսակը. և երկու նոր քսանհինգանոցներ ընտրելով՝ դրեց սեղանի վերա։ Միկիթ֊բեկը ժպտաց։ Խեղճ Ձուկը կարծելով, թե նա ծաղրում է իրեն, երկու քսանհինցանոցներ էլ ավելացրեց և վեր կացավ տեղից։

— Շնորհակալ եմ. աստված հաջողություն տա.— ասաց Միկիթ-բեկը և ճանապարհ դրեց յուր երրորդ բարեկամին, որ արդեն քաջալերվել էր շնորհակալության խոսքերով։

Երեք այցելուներից հետո վերջապես եկավ պարոն Թովմասը։ Նրա դեմքի վերա նշմարվում էր մի տեսակ անհանգըստություն, որ առաջանում էր Միկիթ֊բեկի զեկուցումը շուտով լսելու ցանկությունից։

— Ամեն բան արդեն կարգի դրված է,— սկսավ խոսել Միկիթ֊բեկը.— իմ մարդկերանց հետ ես իմ գործը վերջացրի։ նրանց առաջարկությունների մեջ ես այնպիսի գներ եմ նշանակել, որ եթե ձերինի մեջ համեմատաբար միայն տաս֊տաս կոպեկ պակաս նշանակվի, ահագին գումար կարող եք. շահել մի տարվա մեջ։

Թովմասի դեմքը զվարթացավ և այդ րոպեին նա կարող էր մինչև անգամ Միկիթ-բեկին գրկել։ Բայց, իհարկե, դեռ գործը վերջացած չէր։

— Ուրեմն որո՞նք կլինեն մեր գները,— հարցրեց Թովմասը։

— Մենք կնշանակենք հացի համար 1 ռ. 10 կոպեկ, մսի համար 3 ռ, 80 կոպ., գինու համար 4 ռ. 75 կոպ. և օղիի համար 6 ռ. 65 կոպեկ։

— Օ՜հ, թե այդ գներով կապալը ինձ վերա մնա, Միկիթ-բեկ, երկու տարվա մեջ ես ձեզ կհարստացնեմ,— ոգևորությամբ բացականչեց Թովմասը։ [ 148 ] — Եվ անպատճառ կմնա, բավական է, որ Մելքոն-աղան էլ նույնն է ցանկանում։

Պ. Թովմասը աճուրդին ներկայացվելիք թղթերը Միկիթ-բեկից ստանալով վերադարձավ տուն։

Այդ գիշեր նա գրեթե չկարողացավ քնել։ Հազար և մի մտքեր տանջում էին նրան։ Երբեմն նա հույս էր տածում, որ կապալը անպատճառ իրեն կմնա, որ նրանով ինքը կհարստանա, պատիվ և անուն ձեռք կբերե, Մելքոն-աղայի փառակիցը կդառնա և այլն և երբեմն կասկածում, թե գուցե մի ուրիշը հափշտակե յուր որսը և իրեն միայն անպատվություն և այնքան օրերի նեղությունը մնա։

Վերջապես փորձության օրը հասավ։ Եվ չնայելով, որ աճուրդը նշանակված էր ժամը տասին, սակայն պ. Թովմասը ժամը ութից արդեն անց ու դարձ էր անում գնդապետի տան բակում, ուր գտնվում էր զորանոցի վարչությունը։ Այդտեղ հետզհետե գալիս խռնվում էին ոչ միայն կապալին հետամուտ մարդիկ, այլև այնպիսիները, որոնց մասին Միկիթ-բեկը ոչինչ չէր հիշել և պ. Թովմ ասը երբեք չէր մտածել, թե կարող էին նրանք մի որևէ աճուրդի մասնակցել, բայց որոնք այսուամենայնիվ ծրարներ ունեին բռնած իրենց ձեռքերում։

Այս հանգամանքը շատ անհանգստացնում էր պ. Թովմասին։ Բայց շուտով եկավ Մելքոն-աղան, որ հասկացրեց յուր խնամուն, թե այդ մարդիկը կապալ վերցնողներ չեն, այլ, այսպես ասած, աճուրդի անգղներ, որոնք սովորաբար իրենց համար որս են որոնում ամեն մի աճուրդի ժամանակ։ Նրանք մոտենում են միամիտներին և սպառնում, որ իբր թե իրենք էլ կամենում են մասնակցել աճուրդին. բայց հենց որ մի քանի ռուբլի վարձատրություն են ստանում, իսկույն չքանում են ասպարեզից։ «Թիֆլիսում, մանավանդ, ուր հաճախ աճուրդներ են լինում,— ավելացրեց Մելքոն-աղան,— բազմաթիվ է այդ անգղների թիվը և շատերը հատկապես այդ արհեստով են պարապում և ապրում»։

Եվ իրավ, երբ աճուրդի ժամանակը հասավ, երևացավ, որ նրան մասնակցողները միայն պ. Թովմասը և Միկիթ-բեկի երեք բարեկամներն էին։ Հարկ չկա ասել, որ աճուրդը վերջացնելուց ետ՝ Թովմաս [ 149 ] Մարալյանը հրատարակվեցավ տերունական զորքերի միակ մատակարարը:

Թե ո՜րքան մեծ էր այդ ժամանակ Թովմասի ուրախությունը, դրա մասին ես ոչինչ չեմ ուզում խոսել, ընթերցողները իրենք էլ կարող են նրա չափը երևակայել։ Այսքանը միայն կասեմ, որ զորանոցի վարչությունից դուրս գալուց ետ, պ. Թովմասը, իբրև յուր խոսքը հարգող մարդ, Մելքոն-աղայի հետ միասին դիմեց հեռագրատուն և յուր եղբոր որդուն հեռագրեց հետևյալը.— «Ձեր նամակը ստացա. ուրախ եմ, որ հաջողակ քննությամբ ավարտել եք ձեր ուսման ընթացքը, սակայն Պետերբուրգ գնալուց առաջ անհրաժեշտ է, որ վերադառնաք մեզ մոտ, որովհետև կարևոր և անհետաձգելի նորություն ունիմ ձեզ հաղորդելու. սպասում եմ»։

Վերադառնալով տուն, Թովմասը ուրախությունից չգիտեր ինչ անել, նա վազեց յուր հարսի մոտ, գրկեց նրան, ավետեց յուր հաղթանակը և հայտնեց, որ արդեն հեռագրել է Պետրոսին վերադառնալ շուտով հայրենիք իրենց ուրախությանը մասնակցելու համար։

Տիկին Հռիփսիմեն այս անսպաս նորություններից շփոթված մնացել էր անխոս։ Յուր կյանքում առաջին անգամն Էր, որ նա արաժանանում էր յուր տագեր ողջագուրանքին և առաջին անգամը, որ նրա ճակատի կնճիռները նա անհետացած էր տեսնում։ Ուստի այն բոլորը, ինչ որ նա տեսավ և լսեց, սկզբում դեռ իրեն համար երազ էին թվում, բայց երբ ամեն բան տեղն ու տեղը հասկացավ և մանավանդ հավաստիացավ Պետրոսի վերադառնալուն, խեղճը ուրախությունից սկսեց արտասվել։ Իհարկե մի ճնշված կնոջ ուրախության համար այս բոլոր նորությունները բավական արժանավոր պատճառներ էին։

Ը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՃԱՇԸ

Այժմ դուք պիտի բարեհաճեք ինձ հետ միասին տեղափոխվել Թիֆլիս, ուր մենք ներկա կլինինք ուսանողության մի հացկերույթի։ Ես հավատացած եմ, որ այս տեղափոխությունը [ 150 ] մի առանձին վնաս չի պատճառիլ ձեզ․ ընդհակառակը, գուցե մի փոքր էլ օգուտ ունենաք, որովհետև այդտեղ դուք կպատահեք, անշուշտ, ձեր ծանոթներից շատերին և գուցե նրանցից մի քանի նոր բաներ կսովորեք, եթե դուք արդեն նրանց վարժապետները չեք։

Ուղիղ մի շաբաթ էր անցել այն օրից, երբ գիմնազիոնի ընդարձակ դահլիճում, բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ, յուր ուսման ամբողջական ընթացքը հաջողությամբ ավարտած լինելուն համար—ոսկյա մրցանակով վարձատրվեցավ հայտնի ուսանող Պետրոս Մարալյանը։ Սա մի բարձրահասակ և սիրուն կազմվածքով երիտասարդ էր, գեղեցիկ և գրավիչ դեմքով, քաղցր ու խելոք աչքերով, զվարթադեմ, բարեսիրտ և որ ավելին է, առաքինի։ Գիմնազիոն մտնելու օրից սկսած նա հավասարապես սիրելի դարձավ թե՛ վարժապետին և թե՛ յուր ընկերներին։ Ուսման մեջ, բացի յուր բնական ընդունակությունը, նա չափազանց աշխատասեր էր, պարապ նստելու, կամ անօգուտ զվարճություններով զբաղվելու համար նա երբեք ժամանակ չէր վատնիլ, այդ պատճառով յուրաքանչյուր տարի նա գերազանց մրցանակներով փոխվել էր դասատնից դասատուն։ Եվ այս հաջողությունները ոչ միայն չէին փչացրել նրա բնավորությունը, այլ, ընդհակառակը, առավել մեղմել և անուշացրել էին։ Յուր բոլոր ընկերների հետ նա վարվում էր սիրով և մտերմությամբ, սակայն առանց նրանց շողոքորթելու, քծնելու և ստրկությամբ նրանց առաջ ծալվելու, ինչպես անում են շատերը փոքրոգի երիտասարդներից․ նա, ընդհակառակը, ավելի քան ճշմարտախոս, անկեղծ և անաչառ էր։

Առհասարակ Պետրոսի բոլոր ընկերները ուրախ էին, որ նա ոսկյա պատվավոր մրցանակ ստացավ և նրա այդպիսի բախտավորության ոչ ոք չարասրտությամբ չնախանձեց։ Սակայն այդ մրցանակը այնպիսի մի պարգև էր, որի ստացումր աննշան թողնել չի սիրում ուսանողությունը։ Այդ պատճառով նա պահանջեց Պետրոսից մի հացկերույթ, որպեսզի գինիների ազդեցության տակ ավելի անկեղծությամբ շնորհավորել կարողանա նրան յուր մրցանակի ստացումը։

Պետրոսը, իհարկե, ուրախությամբ ընդունեց։ [ 151 ] Ամառային ամենագեղեցիկ օրերից մեկն էր։ Ժամը տասը դեռ չլրացած, ուսանողները լցվել էին արդեն Պետրոսի փոքրիկ սենյակը։ Այդ օրը նա խնդրել էր յուր տանտիրուհուց զիջանել յուր տան առաջ գտնվող պարտեղը, որ թեպետ ընդարձակ չէր, բայց խնամված էր մեծ ուշադրությամբ, և ուսանողների հացկերույթի համար մի ամենահարմար գեղավայր կարող էր լինել։ Թույլտվության հրամանը դեռ ստացված չլինելով, ուսանողները առժամանակ խառնվել էին Պեսրոսի փոքրիկ բնակարանը և լցրել նրան ծխախոտի թանձր մուխով, որ ամպի պես կանգնել էր առաստաղի վերա և հանդիպակաց պատուհանների թափանցող քամին անգամ չէր կարողանում ցրել նրան։

Ժամը տասնևմեկին թույլտվության հրամանը եկավ, և ուսանողները ուրախությամբ դուրս թափվեցան իրենց վանդակից և երգելով ու կայտոելով ներս խուժեցին տանտիրուհու պարտեզը։

Շուտով որթապատ հովանոցի տակ բացվեցավ երկարաձիգ սեղանը և ուսանողներից մի քանիսը Պետրոսի առաջարկությամբ սկսան կարգավորել նրան։ Մեր ուսանողների ճաշը համադամներից չէր կազմված, հաց, պանիր, կանաչեղեն, երշիկներ և խորոված—այս էր նրա խորտիկների ամբողջ ցուցակը. բայց ուտելյաց համեստության հակառակ գինին շատ առատ էր։ Քսանևչորս հոգու համար պատրաստված էր երեք վեդրո գինի, այսինքն յուրաքանչյուր ուսանողի համար երկու շիշ։ Սա արդեն Հիպոկրատի նշանակած թվի կրկնապատիկն էր, սակայն ուսանողների համար՝ ամենաբնական չափը։

Ժամը մեկն էր, երբ ուսանողները ճաշի նստան։ Չնայելով տեսակների սակավության, սակայն ամեն բան առատ էր։ Հացը բլրակներ էր ներկայացնում սեղանի վերա, պանիրը ձյունակույտ, կանաչեղենը թփիկներ, երշիկներին թիվ չկար. իսկ խորովածի շամփուրները անընդհատ հաջորդում էին միմյանց։ Սրա վրան էլ ավելացրեք քառասունևութ շիշ գինի և ուսանողների միշտ ուրախ տրամադրությունը, նրանց աղմուկն ու ծիծաղը, նրանց կատակներն ու երգերը և դու ճիշտ գաղափար կունենաք ուսանողական ճաշի վերա [ 152 ] Բայց ի՜նչ ախորժակ ուտելու համար, ի՜նչ անկեղծություն խմելու մեջ… Օ՜, եթե գիտենայիր, թե ո՜րչափ երջանիկ ես դու ուսանող աշխարհ… եթե գիտենայիր, թե քանի՜-քանի՜ բախտավորներ, հարստությամբ ու փառքով պերճացած մարդիկ, հասարակության հիացման ու երանության արժանացած ընտանիքներ փափագում են վայելել գոնե մեկը ա՛յն օրից, որոնք քո կյանքը, քո տարիներն են կազմում։

Այո՛, ուսանողնե՛ր, երբ դուք կթողնեք այդ սրբազան տաճարաները, որոնց հարկի տակ տեսականապես սովորեցնում էին ձեզ ապրել, այն ժամանակ դուք կհամոզվեք, որ ապրել ոչ այլ ինչ է, թե ոչ՝ տանջվել, որ ապրել նշանակում է քիչ-քիչ մեռնել: Վայելեցեք, ուրեմն, այդ կյանքը, որքան կարող եք. մի՛ շտապեք դեպի մեր աշխարհը. այստեղ ամեն բան փայլուն և գեղեցիկ է երևում. մինչև անգամ բազեների կտուցները, որոնք թաթախված են ճնճղուկների արյան մեջ… բայց բոլոր այդ փայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ թշվառության ոսկեզօծ կեղևներ։ Աշխատեցեք, ուրեմն, երկար ապրել ձեր գաղափարական աշխարհում, որովհետև իրական կյանքը մի դժոխք է, միայն դևերն են կայտռում…

Բայց մենք շարունակենք մեր պատմությունը։

Երբ սեղանի վերա կենացները սկսան բոլորել և հերթը հասավ օրվան հերոս Պետրոս Մարալյանի կենացին, վերջինս վերցրեց շնորհակալության բաժակը, կանգնեց սեղանի առաջ և սկսավ խոսել.

— «Պարոններ, ես կարծում եմ այս վերջին անգամն է, որ ես բոլորիդ հետ միասին գտնվում եմ ուսանողական սեղանի վերա։ Թեպետ կցանկանայի վայելել այս հաճույքը տարվա մեջ գոնե մի քանի անգամ, որովհետև այժմյանից իսկ զգում եմ, թե որքան ծանր պիտի լինի ինձ համար բաժանվել ձեզանից, ա՛յն ընկերությունից, որի մեջ այնքան երկար ապրել եմ ես, որի մեջ այնքան սեր և անկեղծ բարեկամություն եմ գտել ես… Բայց ճշմարիտ իրողությունը այն է, որ այս բաժանումը տեղի պիտի ունենա և ես ընդմիշտ պիտի զրկվիմ ձեզ բոլորին միանգամ էլ միասին տեսնելու բախտից։ Աշխարհի մեջ հավիտենական քաղցրություն չկա. ամենասերտ միություններն էլ ունին իրենց բաժանումը, [ 153 ] որովհետև ամեն սկիզբ ունի յուր վախճանը։ Եվ որովհետև այս այսպես է, ուրեմն կներեք ինձ օգուտ քաղել ձեր այս օրվա ինձ արած պատվից։ Ես կամենում եմ մի քանի խորհուրդներ հարցնել ձեզանից իմ ապագա ձեռնարկության համար։

— «Խոսեցեք»,— ձայն տվին մի քանի տեղերից։

Պետրոսը շարունակեց։— Դուք լավ գիտեք, պարոններ, որ մենք, միջնակարգ դպրոցների ուսանողներս, մտնում ենք վարժարաններ, ուսումնարաններ, սովորում ենք յոթ-ութ երկար տարիներ, սակայն մեր վերջնական մասնագիտության համար սկսում ենք մտածել հենց այն ժամանակ, երբ պետք է սկսենք այդ մասնագիտության ուսումը։ Այդ անհոգությունը հատուկ է ուսանող երիտասարդության․ միևնույն դրության մեջ եմ և ես։ Մի շաբաթ սրանից առաջ, ես արդեն նամակով հայտնեցի իմ հորեղբորը իմ հաջողակ քննության և ավարտման մասին և նրանից փողի եմ սպասում Պետերբուրգ ճանապարհվելու համար։ Հարկ չկա ասել, որ նրա կողմից մի որևէ արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը։ Բայց ես մինչև այս րոպեին էլ դեռ չեմ որոշել ինձ համար, թե Պետերբուրգ հասնելով ի՞նչ մասնագիտության դասեր պիտի լսեմ համալսարանում։ Ինչպես գիտեք, ես սովորություն ունիմ ոչ միայն ծանրակշիռ, այլև ամենաթեթև գործերում դիմել միշտ իմ բարեկամների խորհրդին։ Իսկ այս գործի համար ես ո՞րտեղ կարող եմ գտնել ձեզանից ավելի լավ բարեկամներ։ Ասացեք ուրեմն, գիտության ո՞ր ճյուղն եք իմ ընդունակությանց հարմար գտնում։ Ձեր միահամուռ կարծիքը շատ թանկ է ինձ համար։ Խոսեցեք, ես որոշել եմ անպատճառ հետևել ձեր խորհրդին։

Թ
ԻՐԱՎԱԲԱ՞Ն, ԵՐԿՐԱՉԱ՞Փ, ԹԵ՞ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ

Ուսանողների մեջ միառժամանակ լռություն տիրեց։ Ոչ ոք չէր վստահանում առաջինը խոսել։ Բայց սեղանապետը, որ մի առաջադեմ երիտասարդ էր Հեթումյան ազգանունով, չկամենալով երկար սպասեցնել Պետրոսին, պատասխանեց. [ 154 ] —«Ինչպես ես, այնպես էլ կարծում եմ իմ ընկերները, չեն կարող մի հաստատ կարծիք հայտնել, թե ո՞ր մասնագիտությունն է, իսկապես, հարմար ձեր ընդունակության, որովհետև մեզանից ոչ ոք, ես կարծում եմ, դեռ ուշի-ուշով չէ ուսումնասիրել ձեզ և չգիտե, թե ձեր ներքին հակումը բացառապես ո՞ր ճյուղի համար է ավելի պիտանի։ Մենք բոլորս էլ ձեզ ճանաչում ենք միայն իբրև առաջադեմ և ընդունակ աշակերտ, սրանից ի զատ ուրիշ կարծիք հայտնել չենք կարող. հետևապես ո՞ր մասնագիտության ավելի հակումն ունիք՝ այդ ձեր գիտենալու գործն է։ Բայց ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր մասնագիտությունն է առհասարակ շահավոր, դրա մասին կարող ենք դրական պատասխան տալ ձեզ:

—Եվ միայն դրա մասին էլ հարկավոր է խոսել,— նկատեց մի կարճահասակ ուսանող, որին ընկերները Եզովպոս էին անվանում։

—Շատ լավ, խոսեցեք դրա մասին,— պատասխանեց Պետրոսը,— առաջին կետի վերա ես ինքս կմտածեմ։

—Իմ կարծիքով շահավոր մասնագիտություններր բազմաթիվ չեն,— խոսեց Հեթումյանը,— մեր ժամանակում ավելի հարգի են՝ իրավաբանությունը, բժշկությունը, երկրաչափությունը և ճարտարապետությունը: Այս չորս մասնագիտություններն էլ կյանք ապահովելու ձիրք ունին. սրանցից որն էլ ընտրելու լինիք, համարձակ կարող եմ ասել, որ չեք զղջալ:

—Դուք մոռացաք մեքենայագիտությունը.— ձայն տվավ ուսանող Կարինյանր։

—Եվ գյուղատնտեսությունը, որ ապրելու համար ամենից խաղաղ և արդյունավոր ճանապարհն է ցույց տալիս,— բացականչեց Մատինյանը։

—Եթե այդպես շարունակելու լինենք՝ այդ ո՞ւր կերթա,— նկատեց Հեթումյանր.— բայց ես ամենից ավիլի նշանավորները հիշեցի։

—Ես իրավաբանության, երկրաչափության և ճարտարապետության կողմն եմ,— խոսեց Եզովպոսը։ [ 155 ] —Իսկ ես միայն բժշկության,— ձայն տվավ պ. Մեհերյանր։

—Ես իմ մեքենայագիտությունր կպաշտպանեմ։

—Իսկ ես իմ գյուղատնտեսությունը,— լսեցրին իրենց ձայները Կարինյանն ու Մատինյանը։

—Ամենից առաջ ես կամենում եմ լսել պ. Եզովպոսին,— խոսեց Պետրոսը,— թողեք, որ նա բացատրե մեզ, թե ինչո՞ւ համար ինքը իրավաբանության կողմն է։

—Շատ պարզ պատճառով,— պատասխանեց Եզովպոսը,— որովհետև նա ամենից նշանավոր է. և ահա ինչպես.

Իրավաբանություն սովորած մարդու համար, մանավանդ մեր երկրում, ապահով և հանգիստ ապրելու ճանապարհներ շատ կան։ Առաջին՝ որ բոլոր դատաստանատները բաց են նրա համար։ Նա կարող է լինել և՛ դատավոր, և՛ քննիչ, և' խորհրդական, և էլ ուրիշ շատ բաներ։ Այդ տեսակ պաշտոնների համար, դուք էլ գիտեք, թե ի՜նչպես փափուկ ռոճիկներ կան, իսկ բացի ռոճիկներր, ո՜րպիսի կողմնակի արդյունքներ… Միթե, օրինակ, դատավորի ընդունակությունից չէ՞ կախված բացատրել օրենքը այնպես, ինչպես ինքն է հասկանում և քննիչի կամքից՝ շարունակել եղեռնագործության քննությունը, թե ոչ։ Սրանք ուշադրության արժանի դրություններ են և սրանց համար առհասարակ վճարում են ավելի, քան որքան արժե ծառայությունը։ Բայց եթե առաջավար չունես, որ օգնե քեզ արդյունավոր պաշտոնով դատարան մտնելու, ավելի հեշտ և ավելի արդյունավոր պաապմունք կա քեզ համար։ Փաստաբան դարձի՛ր, ահա քեզ պատվավոր գործ։

Մի երկի՛ր, ուր ժողովուրդը հասկացողություն չունի ճշմարիտ առաքինության համար և ազնվությունը դեռ գերի է նյութական ուժին, մի երկի'ր, ուր մարդիկ պարտքի և իրավունքի վերա որոշ գաղափար չունին, և ուր դատախազը մտածում է ոչ թե պատվի հատուցման, այլ հակառակորդին կործանելու վերա, այդպիսի երկրում փաստաբանությունը և՛ հեշտ, և՛ արդյունավոր պարապմունք է։ Եթե քաղաքային ուսումնարաններից դուրս եկած ամեն մի համբակը քաջալերված այդ դրություններով, առանց ակնածության, կարողանում [ 156 ] է մեզ մոտ փաստաբան հռչակվիլ և գտնվում են մարդիկ, որոնք խմբերով նրա պաշտպանության են դիմում, ո՛րքան առավել կհաջողվի այդ համալսարանը ավարտող իրավագետին, որից շատ անգամ, ինչպես ասացի, պահանջում են յուր հավատարարները, ո՛չ թե արդարության և իրավանց պաշտպանության, այլ հաղթանակ հակառակորդի դեմ։ Եվ ի՞նչ կա փաստաբանի համար ավելի հեշտ, քան այն, որ նա չէ պարտավորվում օրինական իրավունքները յուր խղճի ձայնի հետ հաշտեցնելու… մանավանդ որ անվամբ, դիրքով և հարստությամբ հռչակված մարդիկ վճարում են նրան ավելի առատ, երբ նա բռնաբարում է յուր խղճի ձայնը, քան այն ժամանակ, երբ նա պաշտպան է կանգնում հարստահարված արդարության…

—Եթե դուք չեք չափազանցում, պարոն,— բացականչեց Պետրոսը,— օ՜ն և օ՜ն ուրեմն, ես գործ չունիմ իրավաբանության հետ, գոնե ձեր նկարագրած պայմաններով ես հաց աշխատել չեմ կարող, որովհետև ավելի գերի եմ իմ խղճի ձայնին, քան իմ նյութական պահանջներին։

—Ուրեմն ուրիշ մասնագիտություն ընտրեցեք, իրավաբանության օգտավետության մասին ես միայն այդ գաղափարն ունիմ։

Երկրաչափության դեմ ի՞նչ ունիք,— հարցրեց Հեթումյանր Եզովպոսին։

—Նույնպես օգտավետ պարապմունք է,— պատասխանեց վերջինս.— մանավանդ մեր երկրում, ուր լեռները ավելի բարձր են, ձորերը ավելի խոր, դաշտերը անհավասար, լավ ճանապարհները սակավաթիվ և որտեղ, իհարկե, առավել պահանջ կա գործ շինելու։ Միայն թե երկրաչափը խելոք լինի, փորձված, մաթեմատիկական հաշիվների մեջ չսխալվող, որովհետև ամեն հաջողություն այդ հաշիվների ճշտությունից է կախված։ Ի՞նչ հարկավոր է, օրինակ, մտածել, թե այս գյուղից մյուս գյուղը տանող ճանապարհը ավելի աժան կնստի, եթե նրան դաշտի միջով անցկացնենք, կամ ավելի աժան, եթե այս ձորի վերա մի կամար կամուրջ հաստատենք։ Չէ. եթե կարծում ես, որ հանդիպակաց բլուրը պատռելով ճանապարհը ավելի կկարճանա, պատռել տուր [ 157 ] բլուրը, ի՞նչ անենք, թե այդտեղ ավելի աշխատանք կա և ծախք ավելի կերթա. դու խո չէի՞ր կարող առաջուց գուշակել, թե բլուրը փորելու համար որքա՞ն մեծ կլինի ծախքը. դու միայն ճանապարհի կարճությունն ունեիր աչքի առաջ և հասար նպատակիդ։ Եթե տասը հազար ռուբլու փոխարեն տասնևհինգ հազար է ծախսվել, մի՞թե դու այդտեղ մեղավոր ես, իհարկե ոչ. դու մեղավոր կլինեիր ա՛յն ժամանակ, եթե տասնևհինգ հազարից հինգ հազարը քո գրպանում գտնվեր, բայց այդպես բան չկա. կարող եք հաշվին նայել. չէ՞ որ այդտեղ ելքի և մուտքի կշիռը հավասար է բոլորովին…

— Դուք մեզ համբերությունից հանում եք, պ. Եզովպոս,— բարկացած բացադանչեց Հեթումյանը.— ճարտարապետության դեմ հո մի բա՞ն չունիք։

— Ոչինչ, ոչինչ, շատ գեղեցիկ պարապմունք է. որտե՞ղ կարող էինք մենք աղոթել, եթե ճարտարապետները եկեղեցիներ չշինեին, կամ որտե՞ղ Պատտիին լսել, Սարա-Բերնարի վերա հիանալ, Օլրիջով ոգևորվել, եթե նրանք մեզ համար թատրոններ չկառուցանեին։ 0՜, ճարտարապետները արժանի են ամեն հարգանքի։ Բայց չեմ կարող չխոստովանել, որ այդ բոլորի համար նրանք մեզանից վերցնում են մի քիչ ավելի, սակայն, իհարկե, այդ ավելին էլ ունի յուր պատճառը. թատրոնի մեջ, օրինակ, կան այնպիսի մանրամասնություններ, որոնց գոյության մասին ժողովուրդը գաղափար անգամ չունի. բայց նրանց գոյությունն անհրաժեշտ է, որովհետև, հակառակ դեպքում, թատրոնը կարող է արձագանքից զուրկ լինել, խախուտ հիմքեր ունենալ և ուրիշ շատ խորհրդավոր պակասություններ, և ահա այս բոլորի համար մի քիչ ավլին անհրաժեշտ է։ Այսուամենայնիվ, ես չեմ կարող չպատմել ձեզ մի փոքրիկ անցք, որի մի գաղտնիքը մինչև այսօր էլ ինձ համար անբացատրելի մնաց։ Մեր քաղաքում մի անգամ հայրս խանութներ էր շինել տալիս յուր սեփական գետնի վերա։ Որմերը մի կանգունաչափ արդեն բարձրացել էին գետնից, երբ շինության մոտ երևեցավ քաղաքային ճարտարապետը։ Ի մեծ ցավ և զարմացումն բոլորիս, նա հայտնեց, որ որմերը անկանոն են դրված և ճանապարհի կողմից բավական տեղ գրաված է. հայրս հետևապես հրամայեց [ 158 ] մինչև առավոտ քանդել բոլոր շինությունը և ինքը թողեց գնաց։ Ես դեռ փոքր էի, և պետք է ասած, որ շատ տխրեցի հորս հասած դժբախտության համար, մանավանդ երբ տեսա, որ նա գլխակոր և անմռունչ հետևում էր ճարտարապետին, յուր խոնարհ խնդիրը նրան լսեցնելու համար։

Մյուս առավոտ որմնադիրները դարձյալ աներկյուղ շարունակում էին խանութների շինությունը։

— Հայրիկ, չե՞ս վախենում երեկվա մեծավորից,— զարմացմամբ հարցրի ես իմ աներկյուղ հորից։

— Ո՛չ, որդի. հիմա էլ չեմ վախենում։

— Ինչո՞ւ չես վախենում. հապա նա քեզ չհրամայե՞ց, որ էլ խանութները շինել չտաս։

— Այդ քո գործը չէ. գնա դասերդ սովորի'ր,— կարճ կտրեց հայրս և հեռացավ։

Այնուհետև պ. ճարտարապետը էլ չերևաց մեր շինության մոտ, բայց թե ինչո՞ւ, այդ բանը մինչև այսօր էլ գաղտնիք մնաց ինձ համար։

Ուսանողների մեջ տիրեց ընդհանուր ծիծաղ։

Ժ

ՄԵՔԵՆԱՅԱԳԵ՞Տ, ԹԵ՞ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍ

Որովհետև Հեթումյանին դուր չեկան պ. Եզովպոսի բացատրությունները, ուստի իբրև սեղանապետ, նա հրամայեց նրան, որ չհամարձակվի այլևս մասնագիտությանց վերա խոսել։

— Բայց ձեր առաջարկած չորս մասնագիտություններից բժշկությունը մնաց, թողեք որ նրա համար էլ Եզովպոսը հայտնե յուր կարծիքը,— թախանձեցին մի քանի ուսաշնողներ, որոնք ավելի ծիծաղելու էին տրամադիր, քան կարծիքներ լսելու։

— Ոչ, անկարելի է,— պատասխանեց անողոք սեղանապետը,— նա միշտ վատ կողմից է նկարագրում ամեն բան:

— Բժշկության համար խոսելու իրավունքը ինձ է պատկանում,— նկատեց Մեհերյանը։ [ 159 ] —Բայց թողեք առաջ ես իմ մեքենայագիտությունը պաշտպանեմ,— շտապով ներս ընկավ Կարինյանը,— հետո դուք կխոսեք ձեր բժշկության վերա։

— Ոչ, հետո ես կխոսեմ իմ գյուղատնտեսության վերա,—ձայն տվավ Մատինյանը։

— Շատ լավ, շատ լավ բոլորդ էլ կխոսեք,— նկատեց սեղանապետը,— բայց խոսքը դեռ պ. Կարինյանինն է։

— Պարոններ, ես մեր Եզովպոսի նման բացարձակապես չեմ դատապարտում ոչ իրավաբանությունը, ոչ երկրաչափությունը և ոչ ճարտարապետությունը,— սկսավ խոսել Կարինյանը։ — Մի մարդ, որ ուղղամիտ և ազնվասիրտ է, որ ճանաչում է յուր պատիվը և պարտքը, որ գիտե հարգել ընկերի իրավունքները, որքան էլ որ կողմնակի շահերի դռներ ճանաչե, այսուամենայնիվ, երբեք թույլ չի տալ իրեն ի չարը գործ դնել յուր գիտությունը և ուրիշների յուր վերա ունեցած վստահությունը։ Բայց որովհետև հին առած է, թե «մարդը սխալական է», իսկ մեր մեջ, մանավանդ, բացակայում է հաստատուն և առաքինի բնավորություններ զարգացնելու հոգսը, այդ պատճառով ես կարծում եմ հիշյալ երեք մասնագիտություններն էլ չկազմակերպված բնավորությունների համար փորձության մի-մի վիհեր են։ Շատ անգամ հենց ինքը՝ ժողովուրդն է սովորեցնում ազնիվ մարդուն դավաճանել յուր սկզբունքներին։ Յուր սեփական գործի օգտի համար նա բանում է նրա առաջ նվերներ ընդունելու հեշտին և գրավիչ ճանապարհը, որ հետո տանում է պաշտոնյային դեպի ստոր կաշառակերությունը, որի ազդեցության տակ ամենազորեղ մարդն էլ շեղվում է ճշմարտության ճանապարհից։

Այդ պատճառով, ես կարծում եմ, ով որ ուժ չունի կրակի հետ խաղալու, նա պետք է հեռու մնա նրանից։ Բայց ինչ վերաբերում է իմ պաշտպանության հանձնված մասնագիտության, նա հավասար օգտավետ է թե՛ զարգացած և թե՛ չզարգացած բնավորությունների համար։ Արհեստները առհասարակ ծնեցնում են մարդու մեջ սեր դեպի աշխատանքը և դեպի գործունեությունը, իսկ այս երկուսը զորացնում են մարդու հոգեկան ուժը, որին մենք կորով ենք անվանում։ Ամենամեծ տաղանդներն անգամ, եթե զուրկ են կորովից. [ 160 ] կանգնում են ճանապարհի կիսում, և նրանց գործունեությունը նմանում է այն ծաղկի կոկոնին, որ չորանում է դեռևս չբացված։ Բոլորը գիտեն, որ կյանքի վշտերն ու դառնությունները քաղցրացնողը հույսն է, իսկ հույսը ապրում է այն մարդկանց մոտ, որոնց սրտում կորով կա։ Հետևապես եթե կորովն է այն մեծ ուժը, որ տաղանդը հանճարի է փոխում, որ ամենածանր գործերին հոգի ու կյանք ներշնչում, որ ազատում է մարդուն մտքեր հիվանդացնող տենչանքներից, որ մղում է նրան դեպի դրական գործունեություն և սովորեցնում է քաջությամբ համբերել և փառքով հաղթանակել, ապա ուրեմն սիրենք այն գործը, այն պարապմունքը, որ զորացնում է մեր մեջ կորովը — հոգեկան ուժը։ Այդ պարապմունքը, պարոններ, արհեստն է, և մեքենայագիտությունը, ինչպես գիտեք, պատկանում է նրա ճյուղերից մինին։ Բայց թե ինչո՞ւ համար եմ ես արհեստի այդ ճյուղը գերադասում, կարծեմ ձեզ համար էլ հասկանալի է։ Մինչև այժմ մեր բոլոր խոսակցությունը պտտում էր շահու և օգտի շուրջը․ հետևապես, այդ տեսակետից նայելով գործի վերա, պետք է ընդունել, որ այսօրվան օրս մեքենայագիտությունը արհեստի բոլոր ճյուղերի մեջ առաջինն է, իբրև շահավոր մասնագիտություն։

Դուք տեսնում եք, թե ինչպե՜ս օրըստօրե բազմանում են շոգենավերը, երկաթուղիները, գործարանները, և մեքենայագիտության վերաբերյալ ուրիշ բազմաթիվ գործերը, իսկ այդ բոլորի համար լապտերով են պտրտում հմուտ մեքենայագետին։ Բացի առատ վարձատրությունը, որ նա ստանում է ամեն տեղ իր աշխատության համար, միևնույն ժամանակ նա վայելում է մի քանի ուրիշ բարիքներ, որոնցից զուրկ են թե՛ իրավաբանը, թե՛ երկրաչափը և թե' ճարտարապետը։ Մեքենայագետը, իբրև արհեստավոր, հոգեպես միշտ առույգ և զվարթ է. նա գոհ է յուր պարապմունքից և աշխատությունից, որոնք երբեք չեն դավաճանում նրա հույսերը. նա գոհ է յուր վիճակից, որովհետև կարոտության երկյուղը անծանոթ է նրան, նրա սիրտը խաղաղ և խիղճը հանգիստ է, որովհետև յուր անձնական օգտի համար չէ խաբում և չէ զրկում մի ուրիշին և կամ յուր գոյությունրը պահպանելու [ 161 ] համար ստիպված չէ գլորել ընկերին։ Յուր գործերի և պարապմանց մեջ նա ազատ և ինքնիշխան է․ ո՛չ անիրավ հրամանների է հպատակվում, ո՛չ անարդարության առաջ է գլուխ ծռում, այդ պատճառով էլ նրա մեջ անարգել զարգանում են ազնվությունը, անկեղծությունը և անաչառությունը, որոնք և նրան ազատ են պահում հասարակաց զրպարտություններից և անվանարկությունից, որոնց, ընդհակառակը, միշտ ենթակա են և՛ իրավաբանները, և՛ երկրաչափները, և՛ ճարտարապետները։

Ահավասիկ այս առավելությունների համար է, որ ես պաշտպանում եմ մեքենայագիտությունը։

— Այդ բոլորը լավ, բայց մեքենայագիտության մի պակասավոր կողմը դուք ուշադրության չեք առնում,— նկատեց Մատինյանը։

— Ո՞րն է այդ։

— Այն, որ մեքենայագետը պարտավորված է լինում շատ անգամ այնպիսի տեղերում գործելու, ուր մահառիթ վտանգներն անխուսափելի են։ Ձեզ օրինակ այն դժբախտությունները, որոնք հաճախ պատահում են շոգենավերի և երկաթուղիների վերա և կամ շոգեշարժ գործարաններում։ Դեռ ոչինչ չեմ ասում այն ապականված ու գարշահոտ մթնոլորտի մասին, որի մեջ ապրում և գործում է խեղճ մեքենայագետը, և որի սպանող ազդեցության շնորհիվ շատ գործավորներ գերեզման են իջնում, թողնելով իրենց գերդաստանը վերջին թշվառության մեջ։

— Զարմանալի դատողություն եք անում դուք, ո՞րն է ուրեմն այն պարապմունքը, որ մարդուն հացի հետ միասին անմահություն է տալիս,— նկատեց Կարինյանր։

— Գյուղատնտեսությունը, պարոն, գյուղատնտեսությունը,— բացականչեց Մատինյանը․— նա՛ է այն պարապմունքը, որ ձեր թված բոլոր բարեմասնությունները յուր մեջ ամփոփելուց ի զատ ունի և այն առավելությունը, որ ապրեցնում է մարդուն աստուծո ստեղծած աշխարհի մեջ, նրա առողջարար օդերում, նրա դալարազվարճ հովիտներում, նրա զովաստվեր անտառներում, նրա ծաղկածին լեռների վերա, որոնց մեջ Հեփեստյան հնոցի փոխարեն վառվում է Ապոլոնի [ 162 ] կենարար կրակը, դժոխային կռահանության փոխարեն լսվում են առվակների մրմունջը, գետակի կարկաչը, ծառերի սոսափյունը, սոխակի մեղեդին… որոնց գիշերվա խավարը մեղմանում է ո՛չ Արամազդա շանթերով, այլ Անահտա լապտերով, որոնց մեջ անուշ մայում են գառները, անհոգ արածում նախիրն ու խաշները, որտեղ տավարածն ու գեղջուկ հովիվը հնչեցնում են ազատ թե՛ երգ, թե՛ սրինգ…

Այո՛, անզուգական է այն կյանքը, որին մենք շինական անուն ենք տալիս, և գերազանց այն պարապմունքը, որ շինական մարդու միակ հարստությունն է կազմում։ Համեմատեցեք մի անգամ քաղաքի ապականված մթնոլորտի մեջ ապրող և գործող մարդկերանց կյանքը խաղաղակյաց գյուղատնտեսի կյանքի հետ և դուք կհամոզվիք, որ վերջինը արդեն գրկախառնված է երջանկության, իսկ առաջինները դեռ խարխափում են նրան գտնելու համար։

Եվ ի՞նչ կա արդյոք աշխարհում ավելի քաղցր, քան արթնանալ ամեն առավոտ մաքուր և առողջարար օդի մեջ, շինական պարզ և խաղաղ մարդկերանց հետ, այցելել այստեղ պարտեզդ, որ գունավորված է երփներանգ պտուղներով, այնտեղ այգեստանդ, ուր խաղողենու ուռերը ծանրաբեռնված են դեղին ու ծիրանի ողկույզներով. մի տեղ մեղվանոցը, ուր բյուրավոր մեղուներ բզզալով ու տզզալով աշխատում են ամբողջ օրը, ինչպես մի լարված մեքենա. մյուս տեղ որդանոցը, ուր շեղջակույտ ոստերի վերա երախտագետ շերամը մետաքս է պատրաստում քեզ համար։ Վերջապես դիտել բարեբեր դաշտերը, ուր արածում են նախիրդ ու խաշներդ, և կամ աջ ու ձախ փռվում, ծածանվում ոսկեփայլ արտերդ: Մի տեղ մշակը խոտ է հարում արոտում, քո անասունների ձմեռվա պաշարը հոգալու համար, մյուս տեղ գեղջկուհին ցորեն է կալսում քո ամբարները լցնելու համար։ Ահա՛ շուտով էլ կգա աշունը. կքաղեն խաղողը, կթափեն հնձան, մեծ տակառներում, խոր չալաներում կեփի, կեռա փրփրոտ շիրան։ Պարտեզից կբերեն լի կողովներով տանձն ու խնձոր, դեղին սերկևիլ, և մեղվանոցից մեղրի խորիսխներ, սպիտակ ու դեղին։ Շերամատնից դուրս կտան բոժոժը, հավաբներից՝ ձուն հազարներով և կաթնատանից՝ յուղն ու պանիրը ուռած [ 163 ] ահա՛ ձեզ ապրուստ, ահա՛ ձեզ ոսկի, միակ նպատակ մարդկային կյանքի։

— Գեղեցիկ է, հրաշալի է,— բացականչեց սեղանապետը,— խմենք շինական հայի և շինական հայուհու կենացր, ապրին նրանք երկար իրենց խաշներով, իրենց արոտներով, իրենց արորներով․․․ ապրին նրանք երկար և բարի օրինակ լինին մեզ։

Ուսանողները սրտաբուխ կեցցեներով ողջունեցին սեղանապետի առաջարկած կենացր և բաժակները դարդակեցին։

ԺԱ
ԲԺԻՇԿ

— Ինչ որ խոսեցին Կարինյանն ու Մատինյանը, բոլորն էլ ճշմարտություններ էին,— սկսավ խոսել պ. Մեհերյանը։ — Կարինյանի տեսակետից մեքենայագիտությունը ավելի շահավոր մասնագիտություն երևացավ, քան Եզովպոսի պաշտպանածները, իսկ Մատինյանի տեսակետից՝ գյուղատնտեսությունը։ Բայց իմ տեսակետից եթե նայելու լինենք գործի վերա, բժշկությունը գերազանց է այդ երկուսիցս էլ, հետևապես և առաջին երեքիցն էլ։ Դուք լավ գիտեք, որ մարդու էության սահմանը որոշելու համար ասում են. «Մարդս ընկերական կենդանի է»։ Այդ ճշմարիտ է. բայց ընկերական բառը զանազան շրջանների համար զանազան նշանակություն ունի։ Իհարկե մի անմարդաբնակ կղզում Ռոբինզոնի համար յուր վայրենի Ուրբաթն էլ մի լավ ընկեր էր. բայց եթե մի մարդաշատ քաղաքի, կամ գյուղի մեջ դրանք առաջին անգամ պատահեին միմյանց, շատ սիրով չէին իրար ընկերակցիլ։ Այսպես էլ օրինակ, մի դարբնի համար ավելի լավ է յուր դարբնոցի ընկերների հետ կենակցիլ և մի շինականի համար՝ յուր տգետ դրացիների հետ, քան երկուսին էլ լուսավորված և ազնվական մարդկանց շրջանում։ Եթե այս այսպես է, ապա ուրեմն, որքա՞ն ավելի ծանր է լուսավորված, մտքով և սրտով ազնվացած, նուրբ ճաշակի [ 164 ] և զգացմանց տիրացած մարդու համար ապրել փոշոտած մարմին, ծխոտած երես, կոշտ բնավորություն և վարմունք ունեցող դարբինների ու մեքենայագործների հետ և կամ խավարամիտ, խելքով ու մտքով աղքատ, զդացմունքների նրբությունից զուրկ և կիսով չափ վայրենի շինականների շրջանում։ Որքան էլ դուք ճառեր խոսեք և այս տեսակ մարդկերանց բախտավորությունը դրվատեք, այսուամենայնիվ ես չեմ կարող համոզվել, թե մի զարգացած մարդ կարող է այդ հակակրական շրջանների մեջ բախտավոր ապրել։ Դեռ ոչինչ չեմ խոսում այն անհայտ և աննշան կյանքի մասին, որ ստիպված են վարելու թե՛ մեքենայագետը և թե՛ գյուղատնտեսը, հեռու, կորած անկյունում, ուր երկար տարիներ չարչարվելով ու տանջվելով, անհայտ ու անծանոթ էլ մեռնում, կորչում են։

Վերջապես մարդու մեջ կա մի որոշ չափով փառասիրություն, որ ցանկանում է ապրել և իբրև ընկերական, իբրև հասարակական մարդ, գործել հասկացող մարդկերանց շրջանում, հարգել ընկերներին և հարգվիլ նրանցից։ Մի՞թե կրթությունը և զարգացումը, հենց նույնիսկ գիմնազիոնական, նրա համար ենք ստանում, որ խավարի և տգիտության սահմաններում նրանց ավելորդ լինելը ողբանք։ Ոչ, ես ընդդեմ եմ ձեր պաշտպանած մասնագիտություններին։ Բժջկաթյուն. ահա՛ և՛ օգտավետ, և՛ պատվավոր մասնագիտություն։ Այդ գործով պարապող մարդը, եթե միայն խղճմտանքով է պարապում, և՛ հարստություն է ձեռք բերում, և՛ անուն, և՛ պատիվ։ Մեքենայագետի չափ նա անկախ և ինքնիշխան է. գյուղատնտեսի չափ՝ ապահովված առողջության կողմից, և երկուսի չափ էլ ազատ զրպարտություններից, անվանարկությունից և կաշառելու ու կաշառվելու երկյուղից։ Եկամուտի մասին էլ խոսել ավելորդ է։ Ո՛չ հարկավոր է նրան երկաթուղու վարչության, կամ գործարանատիրոջ բարեհաճությունը հայցել պաշտոն ստանալու համար և ո՛չ դրամագլուխ դնել՝ այգիներ ու ոչխարներ գնելու համար, որոնց շատ անգամ ոչնչացնում են կարկուտն ու ժանտախտը։

Բժշկին ամեն տեղ էլ կարիք ունին. հիվանդությունները նրանց գործակատարներն են, որոնք մարդկերանց հետ [ 165 ] կատակ չեն անում, իսկ հիվանդ մարդը խնայելու վերա երբեք չէ մտածում, և ահա՛ բժիշկը հայտնվում է ընտանիքի մեջ իբրև բարերար, նա գործում է, նա բժշկում է հիվանդին, ստանում է յուր վարձատրությունը, և դեռ յուր ետևից էլ թողնում է յուր կյանքը օրհնող երախտագետների մի ամբողջ բանակ…

— Երկու խո՛սք, պ․ սեղանապետ,— ձայն տվավ Եզովպոսը,— ների՛ր իմ մեղքերին, և ի սեր այս խելոք ճառախոսին, իրավունք տուր ինձ երկու խոսք ասելու։

Ուսանողները, որոնց զվարճացնում էր մինչև անգամ Եզովպոսի միմիկան, իրենց կողմից էլ խնդրեցին սեղանապետին, որ այդ իրավունքը չմերժե նրան։

— Խոսիր, ա՛նպիտան, բայց զգույշ կաց, հիմար բաներ չխոսաս,— հրամայեց սեղանապետը։

— Ես առաջ մոռացա ասել ձեզ, պարոններ, որ ես բժշկությունն էլ եմ պաշտպանում, և հենց այս րոպեին, երր պ․ Մեհերյանը սկսեց խոսել, իմ գլխում մի քանի նոր մտքեր ծնվեցան։ Արդարև բժշկությունը ամենից շահավոր պարապմունքն է։ Դուք խո գիտեք, որ Եվրոպայում ամենալավ բժիշկները, յուրաքանչյուր այցելության համար 3 կամ 4 ֆրանկ են ստանում, նույնիսկ Ռուսիայում ամենալավ բժիշկը մեկ ռուբլուց ավելի չէ պահանջում յուր հիվանդից, բայց մեզ մոտ 3 կամ 5 ռուբլին ամենասովորական վարձատրությունն է։ Հաշվեցեք, որ պ․ բժիշկը օրվա մեջ ընդունում է յուր մոտ 10 աղքատ և 5 հարուստ հիվանդներ, որոնցից ստանում է տասը անգամ 1 ռուբլի և հինգ անգամ 3 ռուբլի, գումարը 25 ռուբլի։ Հետո միևնույն բժիշկը միևնույն օրը այցելում է 5 աղքատ և 6 հարուստ հիվանդների, որոնցից ստանում է հինգ 3-ական և վեց 5-ական ռուբլի, գումարը 45 ռուբլի ուրեմն մի օրվա մեջ պ․ բժիշկը վարձատրություն է ստանում 70 ռուբլի, իսկ մի տարվա մեջ 365 անգամ 70, որ լինում է… որքա՞ն, հապա հաշվեցեք։

— 25 550 ռուբլի,— ձայն տվավ մի ուսանող, որ մաթեմատիկայի մեջ ամենաառաջադեմն էր։

— Հա՛, 25 550 ռուբլի,— շարունակեց Եզովպոսը բայց ընդունենք, թե 5550 ռուբլու չափով հիվանդներ պակաս [ 166 ] են եղել, ուրեմն պ. բժիշկը, եթե կարողացել է հայտնի դառնալ, կարող է մի տարվա մեջ 20 000 ռուբլի եկամուտ ունենալ, որպիսի գումարը պ. մեքենայագետը յուր բոլոր կյանքում չի կարող խնայել և գյուղատնտեսը՛ մինչև անգամ մյուս կյանքում… (Ծիծաղ ուսանողների մեջ)։

Բայց դեռ մի ուրիշ հանգամանք էլ կա, որ պետք է ուշադրության առնել։ Ահա թե ինչ.— ինչպես որ անշնորհք փաստաբանների շատանալով կռիվն ու ղալմաղալներն են մեզ մոտ շատացել և փաստաբանների առևտուրը կենդանացրել, այնպես էլ անշնորհք բժիշկների շատանալով հիվանդությունները հետզհետե բազմապատկվում են։ Կարելի է երևակայել, թե մի որոշ ժամանակից ետ որպիսի առատ հունձ կարող է ունենալ համալսարանից վերադարձող բժիշկը, որ փոխանակ տասնյակ տարիներով մի հմուտ և փորձառու բժշկապետի ձեռքի տակ յուր փորձերը շարունակելու և հիվանդությունների անխոնջ ուսումնասիրությամբ և բժշկական դրվածքների անընդհատ ընթերցանությամբ յուր գիտությունը կատարելագործելու, գալու օրի էգսը բժշկապետ բարձրահնչյուն բառն է փորագրում յուր դռան տախտակի վերա և երկու ոտքով ման գալն էլ ստորություն համարելով, չորս ոտքերի օգնությանն է դիմում։ Ո՞վ է հարցնում այստեղ, թե պ. բժիշկ, որքա՞ն գիտություն, որքա՞ն փորձառություն ունիք դուք, որ իմ գլխի վերա դալլաքություն եք անում. բավական է, որ պ. բժիշկը սեփական կառքով է շնորհ բերել մեզ մոտ։ Եվ ինչ, մի՞թե իրավունք էլ ունի հիվանդը բժշկին հարցաքննելու։ Բժշկությունը այնպիսի մի գործ է, որի դատավորը ինքը բժիշկն է և դատախազը յուր խիղճը․ մի՞թե թշվառ մահկանացուն կարող է լսել երբևիցե այդ դատախազի ձայնը և բողոքը…

Ահա այսպես, բժշկությունր ամեն կողմից էր արդյունավոր պարապմունք է. դուք, պ. Մարալյան (դարձավ Եզովպոսը Պետրոսին), կարող եք ամենայն վստահությամբ ընտրել ձեզ համար իբրև մասնագիտություն — բժշկությունը և բնավ մի՛ վախենաք ապագայից։ Եթե կգա մի օր, երբ դուք արդեն հասակնիդ առած կլինեք, և երիտասարդ ու նորավարտ բժիշկները ձեզ դուրս կքշեն բժշկության ասպարեզից, դրանից [ 167 ] հետո էլ դուք պետք կգաք հասարակությանը.— Միջնորդ կարող եք լինել ամուսնացող երիտասարդների ու երիտասարդուհիների մեջ, ինչպես անում են ոմանք արդի հնացած բժիշկներից, սա էլ մի բարի գործ է…

Ընդհանուր ծիծաղ ուսանողների մեջ։

ԺԲ

ՔԱՀԱՆԱ

— Պարոններ, դուք բոլորդ էլ բավական շատ խոսեցիք, ինձ էլ իրավունք տվեք մի երկու խոսք ասելու,— շարժվեցավ վերջապես յուր տեղից պ․ Պահլավունին, որ մինչև այն կծկվել էր սեղանի անկյունում և ուշադրությամբ լսում էր յուր ընկերակից ճառախոսներին։

Հեթումյանը լսելով Պահլավունու ձայնը, որին բոլոր ուսանողները հարգում էին իբրև լավ հայ աշակերտի՝ պատասխանեց.

— Ինչպես ինձ, այնպես էլ կարծում եմ իմ բոլոր ընկերակիցներին, սիրելի է ձեր խոսքը։ Խոսեցեք, մենք հոժարությամբ կլսենք ձեզ։

— Պարոններ,— սկսավ խոսել Պահլավունին.— իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ մեզ շատ հարկավոր չեն. մեքենայագետների էլ շատ կարիք չունինք. գյուղատնտեսներ որքան շատ ունենանք, կարծեմ ավելի լավ է․ իսկ բժիշկներ, այսինքն մարմնի բժիշկներ, դրանց թիվն էլ եթե չափավոր լինի, վատ չի լինիր բայց իմ միտքը հայտնելուց առաջ ես մի հարց ունիմ ձեզ անելու։— Արդյոք դուք գնում եք համալսարան ձեր ուսումը կատարելագործելու միայն ա՛յն նպատակով, որ ձեր անձին և ձեր գոյությա՞նը ծառայեք, թե՞ հասարակությանն էլ կամենում եք պիտանի լինել մի բանով։

— Իհարկե, հասարակությանն էլ ենք կամենում ծառայել,— պատասխանեց Պետրոսը։— Մի՞թե իրավունք կունենանք մենք կրթված և լուսավոր մարդ անվանելու մեզ, եթե միայն մեր անձի համար ապրենք, միային մեր գոյությունը ապահովելու վերա մտածենք։ [ 168 ] — Շատ լավ։ Ես էլ չեմ ուզում ավելի խոսել այն բանի համար, թե ինչո՞ւ մեր ընկերները այսքան երկար ճառեր են խոսում այս և այն մասնագիտության շահավորությունը ապացուցանելու համար և ցարդ չգտնվեցավ մեկը, որ մատնացույց աներ նաև մեր բարոյական շահերի վերա։ Սակայն եթե ձեր խոսքը անկեղծ է, ինչպես անկեղծ է եղել մինչև այսօր, եթե դուք ցանկություն ունիք ծառայելու այն հասարակության, այն ազգին, որին սիրում և որին պատկանում եք դուք, ապա ուրեմն ընտրեցեք այն մասնագիտությունը, որը ես կառաջարկեմ։

— Առաջարկեցեք։

— Ո՛չ, առաջ խոստացեք, որ կընդունեք այդ առաջարկությունը։

— Խոստանում եմ, եթե միայն կարող կլինեմ։

— Շատ լավ, ուրեմն ընտրեցեք ձեզ համար իբրև մասնագիտություն բարոյական փիլիսոփայությունը, ուսումնասիրեցեք նրան հիմնավորապես և հայրենիք վերադառնալով քաճանա ձեռնադրվեցեք։

Պետրոսը մնաց լուռ, իսկ ուսանողներից շատերը սկսան ծիծաղել։

Պ. Պահլավունին հառեց յուր կրակոտ աչքերը նախ Պետրոսի վերա, որով կարծես կշտամբում էր նրան յուր լռության համար և ապա դառնալով ուսանողներին, բարկությունից դողացող, բայց ազդու ձայնով խոսեց.

— Պարոններ, ես չեմ վիրավորվում, որ դուք ծիծաղում եք իմ առաջարկության վերա․ իհարկե մի ազգ, մի հասարակություն, որ նյութական ապահովության մեջ է տեսնում յուր փրկությունը, մի ժողովուրդ, որ հոգեկան հարստության վերա գաղափար չունի և չէ հավատում նրա զորության աստվածությանը, հարկավ կարտադրե այնպիսի սերունդ, կծնանի այնպիսի զավակներ, որպիսին դուք եք, որ ամբողջ ժամերով այստեղ նստած խոսում, ճառում եք նյութապես շահվելու՝ հարստանալու մասին, բայց հոգվո հարստության համար, հոգվո, որի զորության, կամ թուլությանն եք պարտական ձեր վերածնությունը կամ անկումը, չեք արտասանում մի բառ… [ 169 ] Ոչ. ես ձեզ չեմ մեղադրում, բայց խղճում եմ… Հետևապես չեմ ուզում միայն իմ դժգոհության արտահայտությամբ բավականանալ։ Ուրեմն լսեցեք ինձ։

Ես ոչնչով ընդդեմ չեմ ձեր հարստանալու ցանկության, դա մի ձգտումն է կյանքի ապահովության համար, իհարկե լավ, է հարուստ լինել, քան աղքատ, մանավանդ մեր ժամանակում, երբ առանց փողի ճշմարիտ արժանիքը ծածկված է մնում, տաղանդը, որ պետք է ոգևորեր մեզ, անհայտության մեջ մեռնում է, հանճարը, որ պետք է տիրապետեր և առաջնորդեր, ոտնակոխ է լինում ամբոխից և փողոցի տղաները ցեխոտում են նրա մեծությունը… Բայց և այնպես ճշմարիտ է Քրիստոսի այն աստվածային խոսքը թե՛ «դյուրին է մալխոյ ընդ ծակ ասղան մտանել, քան հարստին՝ յարքայութիւն Աստուծոյ…»։

Գիտցեք, որ որքան բազմանան մեր մեջ հարուստները, այնքան ավելի պիտի դժվարանա մեր փրկութունը, որովհետև հարուստը արդեն գոհ է յուր կյանքից և հետևապես թշնամի այն ազդարար ձայնին, որ կանչում է նրան մասնակցելու փրկության մեծ գործին։ Մարդիկ առհասարակ զոհում են նրա համար, որ հասնեն ճշմարիտ երջանկության, արդ ի՛նչ հարկավոր է հարստին զոհաբերություն, երբ նա արդեն երջանիկ է զգում իրեն յուր հարստության մեջ։

Այս տեսակետից նայելով գործի վերա, ես կարծում եմ, որ մեզ հարկավոր չեն բազմաթիվ իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ և մեքենայագետներ, եղածները արդեն մեզ համար շատ են։ Մեզ հարկավոր չեն մինչև անգամ բազմաթիվ բժիշկներ, մեր մեջ բավական մեծ քանակությամբ առողջ մարմին և առողջ ստամոքս ունեցողներ կան և հավատացած եմ, որ այսօրվա ճաշից հետո մեզանից ոչ ոք չպետք է հիվանդանա։ Այո՛, մեր բոլորի մարմիններն էլ բավական առողջ և առույգ են. բայց հիվանդ են մեր հոգիները. Հիվանդ մեր սրտերը, հիվանդ մեր զգացմունքները. Ուրեմն տվե՛ք մեզ հոգեկան բժիշկներ, որոնք կարող լինին բուժել այն հոգեկան ախտերը, որոնցով վարակված է մեր ամբողջ գոյությունը… Այո՛, տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաներ [ 170 ] որոնք կարողանային ներշնչել մեր մեջ այն հոգին, որ կտակեցին իրենց հաջորդներին սուրբ Սահակ և սուրբ Մեսրոպ, որ ներշնչեց Վարդանա զորքին սուրբ Ղևոնդ Երեց։

Այո, քահանա, և գիտեք, թե այս բառի մեջ որքա՜ն մեծություն, որքա՜ն սրբություն կա ամփոփված. «Քահանան աստուծո փոխանորդն է երկրի վերա». հաճախ լսել ենք այս խոսքը. բայց մի՞թե հասկացել ենք նաև այդ խոսքի մեծ և խորհրդավոր նշանակությունը։ Իհարկե ոչ. բայց ո՞վ է ա՛յն մարդը, որին հանձնված է մեր հոգեկան ծնունդը, մեր հոգվո դաստիարակությունը. ո՞վ է ա՛յն մարդը, որին քաղցրությամբ հպատակվում է մեր սիրտը, որի առաջ սիրով խոնարհվում են մեր զգացմունքները. ո՞վ է նա, որի մխիթարությունր իբրև բալասան իջնում է մեր հոգեկան վերքերի վերա, որի հայրական հորդորը ամոքում է մեր վշտերի սաստկությունը. ո՞վ է այն զորեղ մարդը, որի պաշտպանության է դիմում հարստահարված այրին, անօգնական որբը, անպատված անմեղությունը, սիրո նահատակը… և վերջապես ո՞վ է նա, որ անողոք և ահավոր է անիրավների դեմ, որ աներկյուղ պաշտպանում է զրկված հոտի իրավունքները և որ յուր անձը զոհում է նրա համար, եթե այդ պահանջում է անիրավ ճակատագիրը…

— Այո, մեծ, այս սուրբ մարդը քահանան է։ Բայց ո՞ւր է նա. ոչ ոք չգիտե։ Պատմում են, որ մի օր նա կար, ապրում էր աշխարհում, բայց նա մեռավ։ Այսուամենայնիվ ես չեմ հուսահատվում, նա դարձյալ հարություն կառնե, եթե դուք, իմ սիրելի ընկերներ, չպաշտեք շահավոր մասնագիտությունները, և հենց այստեղ, մի ժամ, մի րոպե գոնե մտածեք, թե ի՞նչ է պակասում ձեզ և թե դուք ի՞նչ կարող էիք անել ձեր փրկությունը ձեռք բերելու համար։

Իհարկե, եթե դուք, բոլոր զարգացածներդ, քահանայությունից կփախչեք, եթե նրա սրբազան կոչումից խորշելով հարստության, անվան և փառքի ետևից կվազեք, հարկավ ասպարեզը կմնա ա՛յն մարդիկներին, որոնք գետնի վերա ընկածը իրենց սեփականությունը համարելով, կվարվեն նրա հետ ինչպես և կկամենան։ Եվ մի՛թե դուք իրավո՞ւնք ունիք պախարակելու այն անցորդին, որ փողոցի մեջ գտնելով ձեր [ 171 ] մեռած մոր ձեզ հիշատակ թողած ոսկյա մատանին, տանում վաճառում է այն հրեային և նրանից ստացած փողերը վատնում է գինետան մեջ։

Չե, մի՝ խորշեք քահանայությունից, նրա կոչումը ավելի մեծ, նրա պաշտոնը ավելի ակնածելի է, քան մի որևէ իրավաբանի, մեքենայագետի և կամ բժշկի պաշտոնը։ Լսեցեք դուք քահանային այն ժամանակ, երբ նա բեմի վրա արձանացած սեր և խաղաղություն է քարոզում. դա միևնույն քահանան է, որ լռիկ֊մնջիկ, զրկված ընտանիքին հորդոր է խոսում… դա միևնույն քահանան է, որ պատերազմի դաշտում, խաչը ձեռին բռնած՝ զորքին էր առաջնորդում, և ի՞նչ, մի՛թե չէ՞ ոգևորում, չէ՞ հափշտակում ձեզ այդ մեծ պաշտոնը, որի իշխանությունը տարածվում է շինական խրճիթներից սկսած մինչև արքայական պալատները, և որի ձայնին լսում և հպատակում են ամեն տեղ։

Սիրեցեք ուրեմն քահանային, սիրեցեք նրա պաշտոնը և ով որ ձեզանից կոչումն է զգում յուր մեջ հասարակությանը ծառայելու, թող սիրով ստանձնե այդ պաշտոնը, առանց քաշվելու, թե նա պիտի գործե խելքով և մտքով իրենից ստոր մարդկանց շրջանում։ Զինվորը եթե ճշմարիտ քաջություն ունի, չէ վհատում յուր ընկերոջ թուլությունից, այլ ընդհակառակը, նրան էլ ոգևորում է յուր քաջությամբ։ Այս պետք է լինի զարգացած քահանայի կոչումը և այս հոգվով վառված քահանան հնարավոր կարող է դարձնել այն ամենը, ինչ որ անհնարին է թվում կենցաղասեր մարդուն։ Ահա՛, պարոններ, իմ հավանած մասնագիտությունը. նրա վերաբերությամբ ես հայտնեցի իմ կարծիքները և այժմ դուք ազատ եք ինձ հետ համաձայնվելու, կամ ծաղրելու. ես վերջացրի։

Այս խոսքերով Պահլավունին լռեց և այլևս նոր խնդիր հարուցանող չեղավ։ Միայն սեղանապետը ճառախոսին վարձատրելու համար հրամայեց կրկին անգամ խմել նրա կենացը, և ուսանողները սիրով ընդունեցին այդ առաջարկությունը։

Այնուհետ և սկսվեցավ կարծիքների մանրավաճառությունը, տիրող լռությանը հաջորդեց աղմուկը և ամեն ինչ յուր նախկին կերպարանքն առավ։ [ 172 ] Մութն արդեն պատել էր, երբ ուսանողներն առանց մի որոշ եզրակացության գալու Պետրոսի ընտրելիք մասնագիտության վերաբերությամբ, ազատեցին տանտիրուհու պարտեզը իրենց շատախոսությունից և ցրվեցին իրենց տները:

ԺԳ

ԱՆԱԿՆԿԱԼ ՆՈՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Պետրոսը վերադառնալով յուր սենյակը՝ պատրաստվեցավ քնելու։ Թեպետ նա վաղ պառկելու սովորություն չուներ, բայց որովհետև այդ երեկո շատ խմելուց և խոսելուց նրա գլուխը ծանրացած էր և կարդալու էլ տրամադրություն չուներ, ուստի ավելի լավ համարեց այս անգամ մի բացառություն անել։ Բայց հենց սկսեց անկողինը բանալ թե չէ, և ահա՛ սենյակի դուռը բախեցին։

— Ո՞վ եք, ներս մտեք,— ձայն տվավ Պետրոսը։

Դուռը բացվեցավ և հեռագրատան ցրիչը ներս մտավ սենյակ։

— Ա՜, ինձ հեռագիր եք բերել, տվեք տեսնեմ,— ասաց Պետրոսը։

— Այո՛, պարոն, ահա՛—այս ասելով ցրիչը հանեց թղթապանից հեռագիրը և տվավ Պետրոսին։

«Ես սրան չէի սպասում»,— շշնջաց ինքն իրեն Պետրոսը և շտապելով բացավ հեռագիրը։ Նա մի արագ հայացք ձգեց նրա համառոտ տողերի վերա և մնաց շվարած։

Սա պ. Թովմասի հեռագիրն էր, որով նա Պետրոսին հրավիրում է հայրենի քաղաք Ա., բայց թե ինչո՞ւ համար, Պետրոսը չկարողացավ գուշակել։

— «Ես փողի եմ սպասում նրանից Պետերբուրգ ճանապարհվելու համար,— խոսեց նա ինքն իրեն,— բայց իմ պարոն հորեղբայրը դեռ նոր ինձ յուր մոտ է հրավիրում։ Ի՞նչ գաղտնիք է այս և ի՞նչ «կարևոր ու անհետաձգելի նորություն ունի նա ինձ հաղորդելու», որ գրում էլ է թե՝ «սպասում եմ»… Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում»… [ 173 ] —Պարոն, բարեհաճեցեք ստորագրել և վերադարձնել ինձ հեռագրի ստացականը,—խնդրեց Պետրոսին ցրիչը, որ դեռ սենյակում կանգնած սպասում էր նրան։

—0'հ, ներողություն, ես ձեզ մոռացել էի, —ասաց Պետրոսը և ստացականը ստորագրելով տվեց ցրիչին։

Երբ վերջինս դուրս գնաց, նա կրկին վերցրեց հեռագիրը, կրկին կարդաց և գլուխը շարժեց։— «Ահա՛ մի գաղտնիք, որ չես կարող լուծել կամքի ուժով. խելքի բանալին արդեն կորցնում է այստեղ յուր նշանակությունը։ Ի՞նչ կարող է լինել այս կարևոր ու անհետաձգելի նորությունը։ Արդյոք մի դժբախտությո՞ւն պատահեց մեր ընտանիքին, արդյոք մայրս հիվանդացա՞վ, արդյոք նրան… բայց ոչ, նա առողջ էր, դեռ երեք օր չկա, որ նա ինձ նամակ է գրել տվել, ո՞վ գիտե,գուցե մի դժբախտություն հասել է իմ հորեղբոր գործերին, նա միայն նրանց վերաբերյալ նորություններն է կարևոր և անհրաժեշտ անվանում. և գուցե նա սնանկացել է… բայց ոչ, այդ անկարելի է, նա հաշվով մարդ է, նա հեշտությամբ վնասների չի ենթարկվիլ, ո՞ւր մնաց թե սնանկության…»։

Այս մտածմունքները երկար ժամանակ տանջեցին Պետրոսին, բայց վերջ ի վերջո նա տեսնելով, որ մտածելով ոչ մի ուղիղ եզրակացության չէ գալիս, հանվեցավ և պառկեց քնելու։

Առավոտը շատ վաղ զարթնեց Պետրոսը և հագնվելով դուրս գնաց փոքրիկ պարտեզը՝ զբոսնելու։ Այդ միջոցին նրա մտածմունքների առարկան դարձյալ հեռագիրն էր, բայց յուր կարծիքով նա այժմ ավելի հավանական բացատրություն էր տալիս հեռագրին։ —«Իմ հորեղբայրը ժլատ մարդ է,—մտածում էր նա,— ես լավ հիշում եմ, որ իմ և նրա մեջ մինչև այժմ ոչ մի խոսք չէ եղել համալսարան գնալուս համար, չնայելով, որ ես մի քանի ամառ արդեն նրա հետ եմ ապրել։ Հավանական է, ուրեմն, որ իմ համալսարան գնալու համար արածս հայտնությունը նրան անախորժ երևեցած լինիր և նա «կարևոր ու անհրաժեշտ նորություն» հաղորդելու պատրվակով կանչում լինի ինձ հայրենիք, ընդմիշտ ինձ այնտեղ պահելու համար… Այո՛, ճիշտ այսպես է և անկարելի է, որ մի ուրիշ պատճառ ունենար նա այս բանի համար։ [ 174 ] Եվ ես հիմարս պարծենում եմ իմ ընկերների մոտ թե' «իմ հորեղբոր կողմից ոչ մի արգելք չէ կարող հետաձգել իմ ուղևորությունը»։ Հիմա՛ր, հիմա՛ր, դեռ «ջրին հասի՛ր, հետո բոբիկացիր», դեռ ուղևորության հրաման չառած՝ ես մասնադգիտություն ընտրելու վերա եմ մտածում և իզուր տեղը խեղճ ընկերներիս ժամերով խոսեցնում․․. Ահա՛ թե որտեղ է արդարանում ֆրանսիական ասածը «L’homme propose et Dieu dispose»[1]։

Այս միջոցին բակի մեջ երևեցավ հեռագրատան մի ցրիչ, որ տանտիրուհու ծառայից Պետրոս Մարալյանին էր հարցնում, Պետրոսը շտապով դուրս գնաց պարտեզից և դիմավորեց նրան։

— Դուք հեռագիր ունիք,— ասաց ցրիչը և ծրարը հանձնեց Պետրոսին։

Վերջինս ստացականը մատիտով ստորագրելով վերադարձրեց իսկույն ցրիչին և հեռագիրը վերցնելով գնաց յուր սենյակը։

«Շնորհավորում եմ ոսկյա մրցանակդ։ Հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ։

«Քո Աստղիկ»։

Այս էր հեռագրի բովանդակությունը։ Բայց այս երկտողի ընթերցանությամբ Պետրոսի բոլոր տխրությունը անցավ, որովհետև նրա հետ խոսում էր յուր սիրած անձը և նա կարծեց, թե հենց այդ րոպեին յուր ականջին նրա ձայնը հնչեց։

Պետրոսը մի քանի րոպե ուրախ և անթարթ աչքերով սկսեց դիտել հեռագիրը․ հետո նա նրան կրկին կարդաց, բայց կարծես ոչինչ չհասկացավ, նա նրան երրորդ անգամ կարդաց, և կրկին մի փոքր առաջ իրեն տանջող մտածմունքների մեջ ընկավ։

— «Ինձ շնորհավորում է․ հասկանում եմ․ բայց ինչո՞ւ համար է սպասում իմ վերադարձին, այդ չեմ հասկանում․ նա արդեն գիտե, որ ես այս ամառ հայրենիք չպիտի վերադառնամ… [ 175 ] ուրեմն ո՞ր վերադարձի մասին է այստեղ խոսքը… Երևի Պետերբուրգի. բայց ինչու համար այսպես վաղ, չէ՞ որ ես դեռ Թիֆլիսումն եմ, կնշանակե նա Թիֆլիսից վերադառնալու մասին է խոսում. ո՞վ հայտնեց նրան այդ նորությունը այդքան վաղ, չեմ հասկանում. ոչինչ չեմ հասկանում։

— Շատ լավ. ես կարող եմ դեռ մի քանի օր ուշանալ այստեղ. շտապելու հարկ չկա.— վերջապես վճռեց Պետրոսը,— արի հենց հեռագրով ես խնդրեմ Աստղիկից, որ նա մանրամասն նամակով բացատրություն տա ինձ, թե ի՞նչ պատճառով է նա իմ վերադարձին սպասում և թե ինչո՞ւ է ինձ հորեղբայրս կանչում. անշուշտ այս վերջին պատճառն էլ հայտնի կլինի նրան։

Եվ նա նրան հեռագրեց իսկույն այս հարցերը, ավելացնելով նույնպես, որ սպասում է շուտափույթ պատասխանին։ Անցան երեք օրեր, երեք երկար, դժվարատար օրեր։

Մի երեկո, երբ Պետրոսը դեռ նոր էր թեյ առնում, պոստատան ցրիչը բերավ նրան մի նամակ։ Սա օր. Աստղիկիցն էր․ հասցեից արդեն ճանաչեց նրա ձեռքը, ուստի թեյը մի կողմ թողնելով սրտատրոփ ծրարը բացավ։ Օրիորդը նրան գրում էր.

«Սիրեցյալ Պետրե՛

Այս րոպեին ստացա հեռագիրդ և շտապում եմ պատասխանել։ Քn հարցմունքին՝ թե ի՞նչ պատճառով եմ ես քո վերադարձին սպասում և թե ինչու է քեզ հորեղբայրդ կանչում, այնքան միայն կարող եմ պատասխանել, որքան գիտեմ։ Բայց իմ գիտցածն էլ կարծեմ չպիտի գոհացնե քեզ։ Այն օրը, որ քո ավետաբեր նամակը ստացա և քեզ իմ հեռագիրը ուղղեցի, եկել էր մեզ մոտ քո և իմ մայրը, այդ օրը նա անսովոր տրամադրության մեջ էր երևում, նրա աչքերը ծիծաղում էին, դեմքը տխուր չէր և ոչ ժպիտը ճնշված, ինչպես միշտ սովոր էի նրան տեսնելու, նա ուրախ էր և զվարթ։ Եվ ո՛րքան ժամանակ է, որ ես նրան այդպես տեսած չէի. դու հաշվիր այն օրից, երբ վերջին անգամ բաժանվեցիր մեզանից… Ես, ինչպես միշտ, գրկեցի նրան և համբուրեցի. հետո [ 176 ] հարցրի յուր ուրախ տրամադրության պատճառը. ես սպասում էի, որ նա կասեր, թե քո ավարտման լուրը առնելուն համար է ուրախ. բայց նա այդ չգիտեր անգամ։— «Իմ Պետրեն գալիս է, հոգյակս, այսօր Թովմասը հեռագրել է նրան դրա համար», պատասխանեց ինձ մայրդ լի հրճվանքով։ Այդ նորությունը անակնկալ էր ինձ համար։ Ես պատճառը հարցրի, և նա միամտությամբ պատասխանեց, թե Թովմասը առևտրական մեծ հաջողության է հանդիպել և Պետրեին բերել է տալիս այստեղ յուր ուրախությանը մասնակից անելու։ Այս պատճառը, իհարկե, ես հավանական չգտա. սակայն մորդ սրտի մեջ էլ ավելորդ համարեցի կասկած հարուցանել, մանավանդ որ մենք երկուսս դեռ մի ուրիշ մեծ ուրախություն ունեինք վայելելու, այդ քո ոսկյա մրցանակ ստանալդ էր, որ մեզ համար և մանավանդ ինձ համար հավասար էր մի փառավոր հաղթանակի։

«Ես նրա մասին՛ հայտնեցի մորդ և այս լուրը կրկնապատիկ ուրախացրեց նրան։ Բայց եթե գիտենայիր, թե ո՜րպիսի հրճվանք, ո՜րպիսի ուրախություն պատճառեց ինձ քո ավետաբեր նամակը… Ես այդ րոպեին քեզ երևակայեցի իբրև մի քաջ զորական, որ հաղթանակով վերադարձել է պատերազմի դաշտից դափնյա պսակով…

«Օ՜, մի՛ ծիծաղիր իմ խոսքերի վերա. կնոջ երջանկությունը շատ անգամ ամփոփվում է այն պարծանքի մեջ, որը ստեղծում է նրա համար յուր սիրելին։ Հենց այս պատճառով էլ ես չեմ կամենում, որ դու վերադառնայիր այստեղ։ Որքան էլ ինձ համար քաղցր է քեզ հետ տեսնվիլ, խոսել և քեզ լսել, այսուամենայնիվ ես չեմ կամենում, որ դու համալսարան գնալու համար որոշած ժամանակդ զոհես քո հորեղբոր հաճույքին։ Այդ պատճառով ես իմ հեռագրում ավելացրի թե՝ «հուսալիր սպասում եմ արժանավոր վերադարձիդ», որ կնշանակեր թե՝ հուսով եմ, որ դու անհապաղ բարձրագույն ուսմանդ կդիմես, որովհետև ինձ համար միայն համալսարանից վերադառնալդ է արժանավոր վերադարձ. բայց որովհետև հորեղբայրդ, ինչպես քո հեռագրից է երևում, բացատրած չէ քեզ յուր այդ անակնկալ հրավերի պատճառը, այսուհետև քեզ մնում է ինչ անելդ որոշել, ես միայն արտահայտեցի [ 177 ] իմ ցանկությունը, որ իհարկե չի արգելիլ քեզ հանգամանքներին հնազանղելու։

Ջերմաջերմ համբուրում է քեզ քո Աստղիկը»։

ԺԳ

ԴՊՐԱՆՈՑԻ ՎԱՐժՈԻՀԻՆ

Դուք անշուշտ հետաքրքրվեցաք օր. Աստղիկի հեռագրով ու նամակով և երևի շտապում եք իմանալ, թե ով է այս աղջիկը, որ այսքան մտերմական հարաբերություն ունի Պետրոսի հետ, բայց որի մասին իմ բոլոր պատմության ընթացքում ես ոչ մի հիշատակություն չարի։

Ահա՛ հենց նրա մասին էլ ես ուզում եմ խոսել։ Բայց դրա համար մենք մի քանի տարով պիտի ետ գնանք դեպի անցյալը։

Անշուշտ ձեզանից ամեն մեկը, մանավանդ գավառացի երիտասարդները, նկատած կլինեն, թե երկարամյա պանդխտությունից վերադառնալուց ետ, որքան շուտ աչքի են ընկնում այն փոփոխությունները, որոնք մարդու բացակայության միջոցին տեղի են ունեցած լինում յուր հայրենիքում։ Ընդհակառակը, միշտ միևնույն քաղաքում և գյուղում ապրող մարդու համար նշանավոր փոփոխություններն էլ կատարվում են առանց նրա վերա մի զգալի ազդեցություն անելու, ինչպես որ որդիների մեծանալը անզգալի կերպով է կատարվում մի ընթերակա մոր համար։

Պետրոսը յուր հայրենի քաղաքից հեռացավ տասներեք տարեկան հասակում։ Այդ ժամանակ Թիֆլիսը նրա վերա մեծ ազդեցություն արավ։ Առաջին անգամ տեսնելով այդ քաղաքի հոյակապ տները, գեղեցիկ փողոցները, հարյուրավոր կառքերը, յուր համար անսովոր անցուդարձը, կենդանությունը և համեմատելով նրան յուր հայրենի քաղաքի հետ, որը Թիֆլիսի համեմատությամբ արդարև մի աննշան ավան էր, նա մի գաղափարական նշանակություն տվավ Թիֆլիսին։ Բայց, իհարկե, այդ ազդեցությունը երկար չտևեց, մի տարին [ 178 ] արդեն բավական եղավ ամեն ինչ նրա աչքում սովորական դարձնելու։ Բայց ա՛յն, ինչ որ հետզհետե գրավում էր Պետրոսի ուշադրւթյունը, դա Թիֆլիսի մտավոր շարժումն էր, որ գնալով ընդարձակվում և մեծ ծավալ էր ստանում։ Նա այնքան մեծ սեր ուներ դեպի յուր հայրենի քաղաքը, որ յուր այդ մանկության տարիներում անգամ ինչ լավ բան որ տեսնում էր Թիֆլիսում, բացառապես մտավոր կյանքին վերաբերյալ, նա փափագում էր, որ յուր հայրենի քաղաքն էլ ունենար։ Հետզհետե մեծանալով՝ նախանձախնդիր երիտասարդի մեջ այդ զգացմունքը ավելի զարգացավ։ Մի անգամ Գայանյան օրիորդական դպրոցական մի տոնական հանդեսին ներկա գտնվելը այնքան մեծ ազդեցություն արավ նրա վերա, որ նա մինչև անգամ արտասվեց, հիշելով յուր ծննդավայրը, որ զուրկ Էր մինչև անգամ օրիորդական դպրոցից։ Վերջին տարիները նա կարդում էր մեր լրագիրներում, որ Ա. քաղաքը նույնպես բացել է յուր օրիորդական դպրոցը, որ մտավոր շարժումը այդտեղ էլ օրըստօրե առաջ է գնում, որ այդտեղ էլ արդեն երևան են գալիս մտավոր շարժման հառաջավար ուժեր և այլն։ Այս բոլորը, իհարկե, նրան ուրախացնում էին. բայց նա չէր կարողանում հավատալ, թե արդարև այդ հրատարակությունները մի հիմնական արժեք ունեին։ Նա գոհ էր միայն նրանով, որ գործը արդեն սկսվել է, թե չէ ցանկանալ յուր հայրենակիցներին էլ նույնպիսի բարեկարգ դպրոց, նույնպիսի վարժուհիներ ունենային, ինչպես Գայանյան դպրոցը, իհարկե վաղաժամ էր։

Շարունակ վեց տարի Թիֆլիս մնալուց հետո Պետրոսը հորեղբորից թույլտվություն ստանալով վերադարձավ յուր հայրենի քաղաքը ամառվան արձակուրդին։ Այն ժամանակ դեռ շարունակվում էին այդտեղի օրիորդական դպրոցի քննությունները։ Պետրոսը, որ այնքան փափագում էր այդ դպրոցի առաջադիմությանը և այնքան հետաքրքրվում նրա բախտով, իմանալով այդ՝ գալու օրի էգսը այցելեց դպրոցին։

Այդ օրը նրա Վերջին դասատան աշակերտուհիների քննությունն էր հայոց լեզվից և պատմությունից։ Վարժուհին նորատի, գեղեցիկ դեմքով, համեստ նայվածքով և հրապուրիչ ձայնով մի օրիորդ էր, որ առաջին վայրկենից իսկ գրավեց [ 179 ] Պետրոսի ուշադրությունը։ Նրա վարմունքր այնքան քաղցր է աշակերտուհիների հետ, հարցնելու եղանակը այնքան պարզ և դյուրըմբոնելի, բացատրությունները՝ այնպես խելացի և հիմնավոր, որ Պետրոսը էլ չէր զարմանում, թե ինչո՞ւ համար քննություն տվող աշակերտուհիները կարճ ժամանակի ընթացքում այնքան մեծ առաջադիմություն էին արել և այնքան հաջողակ քննություն էին տալիս։ Բայց նա արդար և զարմանում էր, որ յուր հայրենի քաղաքում գոյություն ունի այդքան լավ կազմակերպված մի դպրոց, և հիանում էր մանավանդ, որ այդտեղ գտնվում է այնպիսի հայ վարժուհի, որի նմանը նա տեսած չուներ նույնիսկ Թիֆլիսում։ Պետրոսը, ինչպես հիշեցի, առաջ շատ սահմանափակ գաղափար ուներ յուր հայրենակցուհիների մտավոր շարժման մասին և միևնույն սահմանափակ գաղափարով էլ նա վերադարձել էր հայրենիք։ Սակայն ա՛յն զգալի փոփոխությունը, որ նա այժմ նշմարեց այդտեղ, հոգեկան անսահման հաճույք պատճառեց նրան։ Այդ փոփոխությունը մանավանդ ավելի մեծ և ավելի հսկայական երևաց նրա աչքում, որովհետև յուր ներկայությամբ չէր կատարվել նա։

Վերջապես Պետրոսը մինչև քննության վերջը մնաց դպրոցում։ Երբ վարժուհին վերջացրեց յուր գործը և հանդիսականները սկսան ցրվիլ, նա ցանկացավ մոտենալ վարժուհուն, շնորհակալություն անել նրան յուր արդյունավոր աշխատության համար և այդ առթիվ էլ ծանոթանալ նրա հետ, սակայն նա չվստահացավ, մի ինչ որ գաղտնի զգացմունք կաշկանդեց նրա արիությունը։ Արդյոք հանդիսականների ներկայությունի՞ց էր նա քաշվում, թե՞ օրիորդի հետ անծանոթ լինելուց, ինքը ճիշտը չգիտեր։ Բայց երբ նա դուրս գնաց դպրոցի պատշգամբը, պատահեց այնտեղ յուր ծանոթ Սերոբյանին։ Սա մի տարի առաջ Թիֆլիսի գիմնազիոնը ավարտող աշակերտներից մինն էր, որ յուր նյութական անկարողության պատճառով համալսարան գնալ չկարողանալով, վերադարձել էր հայրենիք և այդտեղ ծառայում էր քննիչի օգնականի պաշտոնով։

Երկու ծանոթները շատ սիրով միմյանց ողջունելուց և իրար առողջություն հարցնելուց ետ, սկսան խոսիլ դպրոցի [ 180 ] հարցաքննության և աշակերտուհիների առաջադիմության վերա։

Երբ խոսքը հասավ վարժուհիներին, Պետրոսը հարցրեց.

— Ո՞վ է այս օրիորդը, ո՞րտեղից է, ես բոլորովին հիացած եմ նրանով, ծանոթացրեք ինձ, կաղաչեմ, նրա անձնավորության հետ և ես շնորհակալ կլինեմ ձեզանից:

— Ի՞նչ, միթե դուք չե՞ք ճանաչում նրան,— զարմացմամբ հարցրեց Սերոբյանը։

— Ոչ, նա այստեղացի՞ է։

— Կատա՞կ եք անում։

— Բոլորովին։

— Ուրեմն դուք չե՞ք ճանաչում ձեր դրացուհուն։

— Իմ դրացուհո՞ւն… չգիտեմ… չեմ հիշում… Ո՞րն է այդ։

Այս միջոցին օր. վարժուհին դուրս եկավ պատշգամբը մի ինչ-որ կնոջ հետ և նրան ճանապարհ դնելով մինչև սանդուղքները, շրջվեցավ դեպի այն կողմը, որտեղ կանգնած խոսում էին երկու ընկերները։

— Արի, ես քեզ կծանոթացնեմ նրա հետ,— ասաց Սերոբյանը և առաջ անցավ դեպի վարժուհին. Պետրոսը հետևեց նրան։

— Դուք ճանաչո՞ւմ եք այս պարոնին, օրիորդ,— ծիծաղելավ հարցրեց Սերոբյանը նորատի վարժուհուն։

— Ա՞, ինչպես չէ, իմ դրացուն, պ. Մարալյանին։

Պետրոսը մնաց շվարած, նա աշխատում էր ժողովել յուր բոլոր հիշողությունը ճանաչելու համար այդ տարօրինակ ծանոթին, բայց իզուր, այդ հիշողությունը էլ չէր հնազանդում նրան և խեղճ երիտասարդը կարմրում էր ամոթից։

Օրիորդը նկատեց այդ և մի քաղցր ժպիտով, որ կրկնապատկում էր նրա գեղեցկությունը, հարցրեց Պետրոսին։

— Ուրեմն դուք ինձ չե՞ք ճանաչում։

— Ձեր հայացքը, արդարև, ինձ ծանոթ է երևում...— Գրեթե վախենալով պատասխանեց Պետրոսը,— բայց ձեր անձնավորությունը…

— Որ բոլորովին նման է ձեր դրացի Սարգսի աղջկան Աստղիկին,— ծիծաղելով ավելացրեց օրիորդը։ [ 181 ] — Աստղիկի՞ն… — զարմացմամբ բացականչեց Պետրոսը։

— Այո՛, ձեր խաղերի ընկերուհուն։

— Այդ անկարելի է…

— Ի՞նչպես թե անկարելի է. ուրեմն անկարելի՞ է, որ ես՝ ես եմ.— ծիծաղելով նկատեց օրիորդը։

— Տեր աստված, ուրեմն դուք այդքան փոխվե՞լ եք, ես բոլորովին չճանաչեցի ձեզ, ինչպե՛ս դուք մեծացել եք…

— Այո՛, հինգ տարին քիչ ժամանակ չէ։ Մեր օրերում նա երկարակյացների կյանքի քառորդն է կազմում,— նկատեց օրիորդը ժպտալով։

— Երբեք, երբեք ես չէի կարող ձեզ ճանաչել, եթե դուք ինձ հիշեցրած չլինեիք Աստղիկ անունը։ Օ՛հ, որքան ուրախ եմ, որ իմ անսահման հարգանքը և համակրությունը գրավող վարժուհու մեջ եմ գտնում իմ ընկերուհի Աստղիկին…

— Ուրեմն գոհ եք ինձանից, որ ես ձեր ընկերուհուն ծանոթացրի ձեզ հետ,— նկատեց Սերոբյանը։

— Օ՜հ, շատ, շատ, դուք ինձ շնորհապարտ կացուցիք ձեզ։

— Նույնպես ինձ…— ծիծաղելով ավելացրեց օրիորդը,— որովհետև ես արդեն վիրավորվել էի, որ Պետրոսը առաջին անգամից իսկ չէր ողջունել ինձ. բայց այժմ, ահա, ձեր շնորհիվ ճշմարտության հասու եղա և ես ներում եմ նրան յուր չգործած հանցանքը…

— Շնորհակալ եմ, օրիորդ, սակայն ինձ մոլորեցնողը իմ հիշողությունը չէր, այլ ձեր արժանյաց բացարձակ առավելությունը, որին ես այսօր ծանոթացա,— նկատեց Պետրոսը։

— Եթե այդ խոսքերը հաճոյախոսություն չլինեին, Պետրե, ես կցանկանայի արժանանալ նրանց։

— Դուք արժանի եք ավելիին, որի համար ես բառեր չունիմ։

— Մի՛ վիճեք, երկուսդ էլ ճշմարտություն եք խոսում մեջ մտավ Սերոբյանը,— տարակուսանքը միայն նրա մեջ է, որ միմյանց չեք հավատում։

Երեք խոսակիցներն էլ ուրախ-ուրախ ծիծաղեցին։ [ 182 ] Հետո Պետրոսը սկսավ դպրոցական գործերի մասին տեղեկություններ հարցնել օրիորդից, որ յուր գիտցածները հետզհետե հաղորդելով մեծ ուրախություն պատճառեց նրան։

Վերջապես Պետրոսը հոգու ուրախ տրամադրությամբ բաժանվեցավ գեղեցիկ վարժուհուց՝ խոստանալով անպատճառ այցելել նրան վաղը իրենց տանը։

ԺԵ

ԱՆԾԱՆՈԹ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ

— Ո՞ւմն եմ տեսել այսօր, մայրիկ, կարո՞ղ ես գուշակել,— վերադառնալով տուն, ուրախ-ուրախ հարցրեց մորից Պետրոսը։

— Չգիտեմ, հոգիս, բարեկամներ շա՜տ, երևի նրանցից մինին։

— Ոչ. հապա՛ իմացիր։

— Ի՞նչպես իմանամ, որդի. գոնե ասա, թե ո՞րտեղ, ո՞ւմ մոտ։

— Աղջկերանց ուսումնարանում։

— Իմացա, Աստղիկի՞ն։

— Այո՛, մայրիկ, և ի՞նչպես մեծացել, ինչպես գեղեցկացել է նա. իսկ նրա ուսո՞ւմը, նրա զարգացո՞ւմը… երևակայիր, ամբողջ ժամերով ես նրա առաջ նստած, նա խոսում է, հարցաքննում է, ես նրան լսում եմ և չեմ ճանաչում։ Հարյուր անգամ ինքս ինձ հարցրել եմ, տե՜ր աստուած, ո՞վ է այս աղջիկը, այսքան երիտասարդ և այսքան զարգացած…

— Հետո ի՞նչպես ճանաչեցիր։

— Մի բարեկամ տղա մեզ ծանոթացրեց միմյանց հետ:

— Ի՞նչպես, Աստղիկն Էլ քե՞զ չէր ճանաչում։

— Ոչ, ընդհակառակը, նա ինձ տեսնելու. րոպեին էր ճանաչել։

— Այո', նա կճանաչեր և ի՞նչպես կարող էր քեզ մոռանալ, Աստղիկը, այո՛, պատվական աղջիկ. նա մի հատ է մեր ամբողջ քաղաքում. երանի այն մորը, որին նա հարս կերթա։ [ 183 ] — ճշմարիտ է, պատվական աղջիկ է. բայց երբեք ես չէի կարող երևակայել, թե այն խեղճ, այն ամաչկոտ Աստղիկր այն աստիճան կառաջադիմեր ուսման մեջ, որ օրիորդական դպրոցի մեջ վարժուհի կարգվեր, և այն էլ այնքան արժանավոր պաշտոնում… Հիշո՞ւմ ես դու, մայրիկ, որ ես նրան զոռով էի մեր տուն բերում ինձ հետ խաղալու, և երբ դու նրան միրգ էիր տալիս, նա ամաչում էր վերցնելու… Տեր աստված, տեր աստված, ի՞նչպես շուտ է անցնում մեր մանկությունը, ես կարծում եմ, թե այն երեկ էր, որ ես նրա հետ վազվզում էի մեր պատշգամբի վերա և կամ խաղում իրենց ծառերի տակ…

— Այո՛, որդի, ամեն բան աշխարհում շուտ է անցնում, բայց աստված պահե ձեզ, դուք դեռ կյանքը վայելելու համար ժամանակ ունիք։

— Աստղիկից խոսի՛ր, մայրիկ, ի՞նչպես պատահեց, որ նա այդպես առաջ գնաց, ախար չէ՞ որ նրա մայրը կարողություն չուներ նրան ուսում տալու։

— ճշմարիտ է, որդի, կարողություն չուներ, բայց յուր մարդու մահվանից հետո մի այգի էր մնացել, տանն էլ ոսկեղեն, արծաթեղեն ունեին, մայրը բոլորը ծախեց և նրանցով յուր աղջկանը ուսում տվեց։

— Մի՞թե, այդ նշանակում է, որ նա խելոք կին է, տեսնո՞ւմ ես, ավելորդ բաները վաճառելով աղջկանը կրթություն է տալիս, նա էլ այսօր փոխարենը վերադարձնում է յուր մորը։

— Եղիսաբե՞թը, իհարկե խելոք կին է. մի ժամանակ ընկեր հարևան շատ խոսեցին նրա վերա, թե ի՞նչ ունի նա, որ աղջիկ է կարդացնում, ի՞նչ լայեղ է նրա ուսում առած աղջիկը և էլ ուրիշ հազար մի բաներ, բայց նա ոչ ոքին չլսեց և այսօր նրան երանի են տալիս հենց նրանք, որոնք մի որ բամբասում էին նրան։

— Օ՜, մեր կանանց բամբասանքի մասին էլ մի՛ խոսիր, դժոխքն էլ մտնելու լինին նրանք, սատանաներին կգժվացնեն… Ես դեռ զարմանում եմ, թե ինչու Եղիսաբեթը յուր խելքը չէ կորցրել և աղջկանը դպրոցից հանել։

— Չէ, նա խելքը կորցնող կին չէ, բայց դու նրան այցելության [ 184 ] չե՞ս գնալ, Պետրե,— հանկարծ փոխեց խոսքը տիկին Հռիփսիմեն,— նա իմ միակ բարեկամուհին է։

— Ի՞նչպես չէ. ես Աստղիկին խոստացա վաղը անպատճառ այցելելու նրանց տուն։

— Լավ կանես, որդի. Եղիսաբեթը կուրախանա, նա էլ ոչ ոք չունի աշխարհում, ինչպես և քո մայրը…

— Օ՜, ես նրան այսուհետև շատ պիտի պատվեմ. մի կին, որ Աստղիկի նման աղջիկ է մեծացրել, արժանի է ամեն հարգանքի։

Հետևյալ առավոտ մի առանձին փութով պատրաստվեցավ Պետրոսը Աստղիկին և նրա մորը այցելելու համար։ Ժամը դեռ ութն էր, նա պետք է այցելեր նրան գոնե տասին։ Եվ այդ երկու ժամերը նրա համար երկու օրի չափ երկարացան։ Այդ միջոցը անզգալի կերպով անցկացնելու համար Պետրոսը ոչինչ չգտավ, որով զբաղվել կարողանար, նա աննդհատ անցուդարձ էր անում իրենց պատշգամբի վերա և ամբողջ ժամանակ զբաղված էր Աստղիկի վերա մտածելով, որի պատճառը ինքն էլ չէր հասկանում։ Երեկվա նրա դիրքը, նրա դեմքը, նրա հայացքը, այդ րոպեին յուր աչքերի առջևն էին, իսկ նրա այնքան քաղցր և դյութական ձայնը կարծես դեռ այժմ էլ հնչում էր յուր ականջին։ Բայց ինչո՞ւ համար նա միայն գեղեցիկ վարժուհու վերա էր մտածում, չէ՞ որ մինչև այն նա հետաքրքրվում էր դպրոցի բախտով, նրա առաջադիմությամբ, նրա զարգացման գործով… Պետրոսը ձեզ կասեր, որ հենց այն րոպեին էլ նա դպրոցի մասին էր մտածում, բայց ի՞նչպես, այդ է հետաքրքիրը։ Նա հիշում էր, թե ինչպե՞ս քաղցր և անուշ ձայնով բացատրում էր վարժուհին յուր աշակերտուհիներին գողթնեցիների գեղեցիկ երգը, «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի և մարգարիտ տեղայր ի հարսնութեան Սաթինկան…»: Բայց մի՞թե դպրոցում ուշադրության արժանի էլ ուրիշ ոչինչ չկար, ի՛նչպես չէ, հապա վարժապետները, աշակերտուհիները, հանդիսատեսները… այսուամենայնիվ նա նրանց մասին ոչինչ չէր հիշում։

Վերջապես ժամը տասը լրացավ, Պետրոսը ուրախությամբ դիմեց յուր մանկական խաղերի ընկերուհու մոտ: [ 185 ] Երբ առաջին անգամ նա ներս մտավ նրանց դռնով, բակի ընդհանուր պատկերը մի քաղցր և սիրախորժ ազդեցություն արավ նրա վերա։ Այդտեղ գրեթե ոչինչ չէր փոխվել։ Նա տեսավ մեծ տանձենին, որի հովանու տակ շատ անգամ նստել խաղացել էր նա փոքրիկ Աստղիկի հետ, որի ճյուղերից երբեմն չվան կապելով ճլորթի էին արել նրանք. տեսավ թավուտ խնձորենին, որ յուր ծուռ բունով թեքված էր ջրհորի վերա և որից արգիլում էին իրենց խնձոր քաղելու. տեսավ վանդակապատ փոքրիկ պարտեզը, որ նույնպես գեղեցիկ, նույնպես կանաչազարդ էր ինչպես առաջ, տեսավ և սիրուն ծաղկածուն, որ դեռ ձգված էր կանաչ վանդակապատի երկարությամբ։ Հասնելով բակի մեջտեղը, Պետրոսը կանգ առավ այստեղ մի քանի րոպե և սկսավ դիտել յուր շուրջը գտնվող ծանոթ առարկաները, որոնք հիշեցնում էին նրան յուր անցած, գնացած մանկությունը, յուր անհոգ խաղերը, յուր անմեղ զվարճությունները… և նրա կրծքից ակամա դուրս թռավ մի հառաչանք։

Այդ րոպեին սանդուղքների փոքրիկ պատշգամբի վերա երևեցավ Աստղիկը, որ տեսնելով Պետրոսին բակի մեջ կանգնած, ձայն տվավ ծիծաղելով։

—Օ՛, բարև ձեզ, բարև ձեզ. այդ ի՞նչ է, դուք արդեն մոռացել եք մեր տան ճանապարհը։

—Ո՛չ, օրիորդ, ես հոգով ու մտքով վերափոխվել եմ դեպի մեր մանկության քաղցր անցյալը և դժվարանում եմ վերադառնալ…— պատասխանեց Պետրոսը և ժպտադեմ բարձրացավ դեպի պատշգամբը։ Բարեկամ և բարեկամուհի սիրով ողջունեցին իրար։

Աստղիկը ներս հրամցրեց Պետրոսին և ներկայացրեց նրան յուր մորը։

—Օ՜, ինչպե՜ս դու մեծացել ես, Պետրոս, սիրուն տղամարդ ես դարձել,— բացականչեց տիկին Եղիսաբեթը և գրկելով նրան՝ համբուրեց ճակատը։

Պետրոսը սաստիկ զգացվեցավ, տիկնոջ համբույրը լցրեց նրան մի անբացատրելի ուրախությամբ և նա որդիական անսահման սիրով համբուրեց նրա ձեռքը ջերմագին։

—Էհ, ի՞նչպես ես, որդի, առո՞ղջ ես, հաջո՞ղ են [ 186 ] գործերդ. Հռիփսիմեն ուրախ է, այնպես չէ՞. իհարկե շատ ուրախ կլինի…— խոսեց տիկին Եղիսաբեթը։

—Շնորհակալ եմ և՛ առողջ եմ, և՛ հաջողակ. իսկ մորս ուրախության, հարկավ, դեռ չափ ու սահման չկա։

—Իհարկե, էլ ուրիշ ինչո՞վ կարող է նա ուրախանալ, աշխարհի մեջ միայն քեզ ունի, ինչպես ես՝ իմ մինուճար Աստղիկին. աստված երկուսիդ էլ պինդ ձեռքով պահե, որդի… դուք եք մեր կյանքի միակ հույսը և ուրախությունը… Սկզբից արդեն դուք քույր ու եղբայր էիք, կուզեմ, որ մինչև վերջն էլ նույն սիրով ապրիք։

Երկու երիտասարդները նայեցին հանկարծ միմյանց՝ կամենալով կարծես հարցնել, թե ի՞նչ կնշանակեն այդ խոսքերը. բայց իսկույն էլ կարծես միմյանց հասկանալով դարձրին՝ աչքերը միմյանցից և խոնարհեցին գետին։

—Բայց գիտես, մայրիկ, երեկ պ. Պետրոսը չկարողացավ ինձ ճանաչել.— յուր ներքին հուզմունքը ծածկելու համար խոսեց Աստղիկը.— նա ստիպված է եղել պ. Սերոբյանին դիմելու ինձ հետ ծանոթանալու համար։

—Մի՞թե, այդքան էլ մոռացկոտություն. հապա ի՞նչպես ես դու քո դասերդ սովորում։

—Է՜, մայրիկ, ընդհակառակը, դասերով շատ է զբաղվել, որ մեզ մոռացել է,— ծիծաղելով նկատեց Աստղիկը։

—Այո՛, օրիորդ, այսօր ես ավելի եմ ճանաչում ձեզ, քան երեկ,— պատասխանեց Պետրոսը,— դրա պատճառը այն է, որ դուք ձեր տան մեջ գրեթե նույնն եք, ինչ որ առաջ, իսկ ուսումնարանում բոլորովին փոխված էիք. այնտեղ ձեզ այնքա՜ն լուրջ, այնքա՜ն ակնածելի գտա ես, որ չկարողացա մտքովս անգամ անցնել, թե երբևիցե բախտ եմ ունեցել ես այսպիսի մի անձնավորության հետ ծանոթ լինելու։

—Բոլորովին ճիշտ է. տեսնո՞ւմ եք, մեր բոլոր արժանիքը հենց նրա մեջ է կայանում, որ կարողանում ենք ցույց տալ մարդկանց ա՛յն՝ ինչ որ չենք իսկապես…

—Օ՜, դուք վիրավորվեցա՞ք իմ խոսքերից, հազար ներողություն. ես ուրեմն չկարողացա ասել ձեզ ա՛յն, ինչ որ ցանկանում էի…

—Ընդհակառակը, դուք մի ճշմարտություն ասեցիք։ [ 187 ] — Ո՛չ, ես կամենում էի ասել, որ դուք այնտեղ ավելի պաշտոնական դիրք, դաստիարակչի լրջություն և կարգապահության նախանձախնդիր նայվածք ունեիք, իսկ այստեղ ես ձեր մեջ գտնում եմ իմ հին բարեկամուհուն յուր ազատ դիրքով, յուր ուրախ բնավորությամբ, յուր սիրելի պարզությամբ…

— Լավ, ուրեմն ներողություն, ես ձեզ չհասկացա, բայց մի՞թե դուք կսխալվեիք, եթե հենց միևնույն կարծիքը հայտնեիք իմ մասին։

— Ա՛յնպիսի մի ժամանակ, երբ ես ձեզանով հիացա՞ծ էի…

— Ինչպես մի խեցիով, որ արեգակի առաջ փայլում է հեռվի՞ց,— ծիծաղելով նկատեց օրիորդը։

— Օրիորդ, համեստությունը յուր ծայրահեղության մեջ ավելի տգեղ է, քան նույն ինքը հանդգնությունը. մի՛ աշխատեք, ուրեմն, ծածկել այն արժանիքը, որով դուք իրավունք ունիք պարծենալու,— լրջությամբ խոսեց Պետրոսը,— նրանք, որոնք շնորհունակ հոգիներից անպայման համեստություն են պահանջում, դրանով կամենում են միայն իրենց անշնորհքությունը ծածկել։— Չե՞ք պատահել արդյոք մի մարդու, որ բախտի քմահաճությամբ դառն աղքատությունից հանկարծ ընկել է մեծ հարստության մեջ. տեսեք, թե նա այսօր ինչպես է դրվատում հարստությունը, որին դեռ երեկ ծաղրում էր անպայման։ Այո՛, համեստության սիրահարը միայն նախանձն է. քիչ է այն մարդկանց թիվը, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը, բայց մայիսյան վարդի ճշմարիտ սիրահարները չեն ախորժում տեսնել նրան ծածկված տերևների տակ. նրանք հիանում են, երբ քնքշության թագուհին յուր հրապուրիչ աչքերով տիրում է ազատ և անկախ ծաղիկների աշխարհին… ինչո՞ւ, ուրեմն, արժանիքը չթագավորե այնտեղ, ուր անշնորհքությունը անամոթաբար այլանդակում է ստեղծագործության գեղեցկությունը։

Օրիորդը քնքշությամբ նայեց Պետրոսի վերա, նրա աչքերը այդ րոպեին վառվում էին և մի մոլար կրակով. նա կամեցավ խոսել, բայց լեզուն չէր հնազանդվում, նա կարծես [ 188 ] վախենում էր ինքն իրենից, թե չլինի մի այնպիսի խոսք թռցրնե բերանից, որ յուր սրտից լիներ բխած և ոչ թե ուղեղից։ Այդ միջոցին տիկին Եղիսաբեթը դուրս գնաց յուր նորեկ հյուրի համար սուրճ բերելու։

—Դուք համաձա՞յն եք իմ կարծիքների հետ,— հարցրեց Պետրոսը օրիորդին։

—Չգիտեմ։

—Ի՞նչպես, դուք չգիտեք, ուրեմն, թե որքան եք ինձ հետ համամիտ։

—Ես համամիտ եմ այն մարդկանց հետ, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը… —Այդ ապացուցանում է ձեր զգացմունքների ազնվությունը, բայց դուք պիտի համոգվիք, որ համեստության ծայրահեղությունը մեռցնում է ճշմարիտ արժանիքը. ծաղիկները շվաքի մեջ չեն աճում, այլ կենարար արեգակի առաջ, այս ճշմարտությունը այնքան հին է, որքան և նոր։

—Այո, բայց կան ճշմարտություններ, որոնց մենք իրավունք չունինք քարոզելու. մեր այդ իրավունքը բռնաբարված է թե՛ բնության և թե՛ մարդկանց ձեռքով։

—Իսկ ես կարծում եմ, որ ճշմարտությունը ամեն բերանով էլ կքարոզվի։

—Բացի կանանց։

—Որ, այսուամենայնիվ, ավելի է ազդում սրտերի վերա։

—Եվ հենց այդ ազդեցությունն է մեր զրկանքի պատճառը…— ծիծաղելով նկատեց օրիորդը։

Պետրոսը լռեց, և անթարթ աչքերով սկսավ նայել օրիորդի վերա։ Նա այդ րոպեին այնքան վեհ, այնքան գեղեցիկ էր երևում նրա աչքում, որ Պետրոսը ավելի լավ էր համարում անընդհատ նայել նրա վերա և նրա գեղեցկությամբ զմայլվել, քան շարունակել յուր փիլիսոփայությունները։ Բայց հանկարծ օրիորդր ծիծաղեց և Պետրոսը սթափվեցավ յուր հափշտակությունից։

—Ինչո՞ւ համար եք ծիծաղում,— հարցրեց նա ժպտալով: [ 189 ] —Ոչինչ։

—Ոչինչ բանի համար չեն ծիծաղում։

—Ընդհակառակը, մինչև անգամ լաց են լինում։

—Բայց դուք անկարելի է, որ մի պատճառ չունենայիք:

—Այո՛, ես հանկարծ մտաբերեցի ձեր և իմ մանկությունը. հիշեցի ձեր չարությունները և թե ինչպես մի անգամ դուք իմ ընկույզները հափշտակելով փախաք ձեր տուն: Լսելով ձեր այժմյան փիլիսոփայությունները, ես հիշեցի այդ փոքրիկ դեպքը և ծիծաղեցի։

—Ես էլ հենց այդ անցյալի վերա էի մտածում և համեմատում էի իմ ընկերուհի Աստղիկին, այն փոքրիկ ամաչկոտ աղջկան այժմյան հրաշալի օրիորդի և վարժուհու հետ, և ո՜րքան տարբերություն, տեր աստված, դուք միացրել եք ձեր մեջ ձեր անվանակցի և Աթենասա ուժերը միասին. այդ հազիվ է հաջողում կանանց…

Օրիորդը շառագունեց և աչքերը խոնարհեց գետին։

Պետրոսը այդ նկատելով զղջաց յուր անտեղի հաճոյախոսության վերա և խոսք դարձրեց ուրիշ առարկաների։

Այդ միջոցին արդեն ներս եկավ տիկին Եղիսաբեթը, որին հետևում էր ծառան սուրճի սկուտեղը ձեռքին։ Խոսակցությունը ընդհանրանալով զգացմունքների լարումը տեղի տվավ զվարճախոսության և կատակների։

Մի կես ժամ ևս խոսելուց ետ, դուրս գնաց Պետրոսը դրացուհու տնից, թողնելով այնտեղ յուր սիրտը, անծանոթ զգացմունքներով լցված։

ԺԶ

ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Կան սրտեր, որոնք ա՛յնքան քնքուշ, և ա՛յնքան ենթակա են ազդեցությունների, որ շատ անգամ րոպեական դեպքերը բավական են լինում նրանց թագավորության մեջ ամենամեծ հեղափոխություններ հարուցանելու։ Օրիորդ Աստղիկը պատկանում էր ա՛յն դասին, որ կրում է յուր մեջ այս [ 190 ] տեսակ սրտեր։ Սկսած ա՛յն րոպեից, որ Պետրոսը դուրս գնաց նրա մոտից, նա դարձավ օրիորդի մտածմանց առարկան։ Ա՛յն աղջիկը, որ րոպե անգամ անգործ նստել չէր սիրում, որ դպրոցական պարապմունքներից ետ՝ անմիջապես տան զբաղմունքներն էր սկսում, որ յուր ուրախությունը և զվարճությունը անխոնջ աշխատության մեջ էր գտնում, այսօր մոռացել էր սովորական զբաղմունքները, դպրոցական պարապմունքների մասին չէր հիշում ոչինչ, տնային գործերը չէին հետաքրքրում նրան․․․ Մտածել ամբողջ ժամերով,— ահա՛ մի բան, որ շատ դուր էր գալիս նրան, բայց ինչո՞ւ անպատճառ Պետրոսի վերա, այդ նա չէր կարողանում բացատրել։ Անցյալից, մանավանդ, նա սկսում էր հիշել գողտրիկ դեպքեր, որոնք վերաբերում էին յուր և Պետրոսի մանկական բարեկամությանը, իրենց խաղերին և զվարճություններին․ նա շատ լավ հիշում էր և այն՝ թե ինչպե՜ս տխրեց, և մինչև անգամ արտասվեց ինքը, երբ յուր մայրը առաջին անգամ հայտնեց իրեն, թե Պետրոսը գնաց Թիֆլիս․․․ Նա տխրեց, որովհետև յուր ընկերը գնացել էր օտար քաղաք առանց իրեն տեսնելու, առանց իրեն հրաժեշտի ողջույնը տալու։ Եվ հենց այդ րոպեից սկսվեցավ յուր մեջ բուռն ցանկություն ուսման մեջ առաջադիմելու։ Ճշմարիտ է, նա Պետրոսի ժամանակ արդեն ուսանում էր, բայց այն չափով, որքան հարկավոր էր մի խեղճ ընտանիքի աղջկա համար և որով, իհարկե, նա շատ բան ձեռք բերել չէր կարող։ Սակայն Պետրոսի գիմնազիոն գնալը վառեց նրան նախանձախնդրության հոգվով․- «Նա գնում է գիմնազիոնում ուսանելու, մի քանի տարուց ետ նա կվերադառնա մեծ ուսումով, մեծ խելքով. նա էլ չի կամենալ ինձ հետ խոսել, ինչպես չկամեցավ վերջին անգամ ինձ տեսնել․․․ իհարկե, նա հարուստի տղա է, նա կարող է գնալ Թիֆլիս, գիմնազիոն, բայց ես էլ կարող եմ սովորել գոնե այնքան, որ նրա հետ մի տեղ պատահած ժամանակ չամաչեմ նրանից․․․»։ Մոտավորապես այս մտքով մի խորհրդածություն արավ այն ժամանակ փոքրիկ Աստղիկը և այս խորհրդածությունը պատճառ դարձավ այն առաջադիմության, որ նա հասավ վեց տարվա անխոնջ և շարունակ աշխատությամբ։ [ 191 ] Անցյալից այս բոլորը հիշելով Աստղիկը գալիս էր այն եզրակացության, որ երևի այդ երիտասարդը վաղ թե ուշ մի մասնակցություն պիտի ունենա յուր բախտի և ապագայի հետ։ Բայց և այնպես նա դեռ վճռապես չէր կարողանում հաշիվ տալ ինքն իրեն, թե ինչո՞ւ ամբողջ ժամերով միայն նրա վերա էր մտածում և այնքան շատ նրա կրկին տեսության փափագում։

Լինում է ժամանակ, երբ քաղաքավարության օրենքները բռնաբարում են մարդու սիրտը և զգացմունքները, ստիպելով նրանց ստել և կեղծավորել. բայց պատահում է նաև, որ այդ օրենքները ծառայում են մարդկային սրտի և զգացմանը, հաճույքներին։ Օրիորդ Աստղիկի ուրախությանը չափ չկար, երբ այն միջոցին, որ նա պատճառներ էր որոնում Պետրոսի հետ տեսնվելու, հանկարծ մտաբերեց, թե քաղաքավարության օրենքը պահանջում էր իրենից վերադարձնել նրան յուր այցելության փոխարենը։

Եվ հետևյալ օրը նա այցելեց նրան։

Պետրոսը հույս չուներ այդպես վաղ Աստղիկին տեսնելու. այդ պատճառով նրա հանկարծ ներս մտնելը մեծ ուրախություն պատճառեց իրեն։

— Եթե ձեր այցելությունը մի պարտքի հատուցումն է, ես նրան չեմ ընդունում,— ծիծաղելով նկատեց Պետրոսը, դիմավորելով օրիորդին։

— Մի՞թե այդ ձեր ցանկությունից չէ կախված ընդունել նրան այն մտքով, ինչ մտքով որ հաճելի է ձեզ։

— Իհարկե ոչ. ենթադրությունները զբաղեցնում են ուղեղը, բայց սրտին ուրախություն չեն պատճառում. ուրախանալու համար մենք պետք է ապացույցներ ունենանք։

— Եթե իմ խոսքը կարող է ձեզ իբրև ապացույց ծառայել, ուրեմն կասեմ, որ ես միայն ձեզ տեսնելու համար եկա:

— Շնորհակալ եմ. ես չէի տարակուսում. ուրեմն նախազգացումը ամփոփում է յուր մեջ ճշմարտության ամբողջությունը…

—Դուք հավատո՞ւմ եք նրան,— ծիծաղելով հարցրեց օրիորդը։

—Այժմ ավելի քան երբեք։ Իսկ դո՞ւք… [ 192 ] — ե՞ս…

— Այո։

— Ես ոչ, չեմ հավատում։

— Ի՞նչպես, դուք չե՞ք հավատում, որ նախազգացումը ապագայի կարապետն է։

— Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ էր չհավատալ նրան։

— Ինչո՞ւ։

— Որովհետև կյանքի մեջ տխրությունները այնքան շատ են, որ նախազգացմանը հավատալով՝ մենք ստիպված պիտի լինինք ամեն օր լաց լինելու, իսկ տխրել ես չեմ սիրում։

— Ուրեմն դուք հավատացեք նրան ա՛յն ժամանակ միայն, երբ նա շշնջում է ձեր ականջին մոտալուտ ուրախության լուրերը։

— Կամ ավելի լավ է ասել, նախազգացումը դուք ինքներդ ստեղծեցեք, որպեսզի նա տխուր լուրեր չհաղորդե ձեզ,— նկատեց օրիորդը և ուրախ֊ուրախ ծիծաղեց, հետո Պետրոսին դառնալով հարցրեց.

— Ի՞նչ նախազգացման մասին էիք խոսում դուք։

— Իմ նախազգացման:

— Այդ գիտեմ, բայց ինչի՞ վերաբերությամբ։

— Դա մի գաղտնիք է, որ շատ ուշ պիտի խոստովանեմ ձեզ,— խորհրդավոր եղանակով պատասխանեց Պետրոսը։

— Եթե այդ գաղտնիքը մի օր պիտի խոստովանեք ինձ, ուրեմն ավելի լավ է հենց այսօր խոստովանել։

— Եթե միայն դուք խոսք կտաք չբարկանալ ինձ վերա, կամ գոնե անքաղաքավար չեք անվանիլ ինձ։

— Երկուսի համար էլ ես իրավունք չունիմ։

— Եթե բանը իրավունքի եկավ, ուրեմն իմ պարտքս էլ չռելն է։

— Ոչ, ոչ, մի՛ նեղանաք, խնդրում եմ, խոստովանեցեք ձեր գաղտնիքը, ես խոստանում եմ ոչ բարկանալ և ոչ անքաղաքավար անվանել ձեզ։

— Շնորհակալ եմ. ուրեմն ես ձեր հետաքրքրությունը կգոհացնեմ. դուք լավ եք ասում. թե մի գաղտնիք, որ մի օր պիտի խոստովանեք ինձ` ավելի լավ է հենց այսօր խոստովնել: [ 193 ] Եվ իրավ, եթե մենք երկու օտարներ լինեինք, դեռ նոր միմյանց հետ ծանոթացած, հարկավ ամենաթեթև մտերմական խոստովանությունն էլ մի հայտնի ժամանակից ետ կարող էինք անել միմյանց. այսինքն երբ արդեն միմյանց բնավորություն բավական ուսումնասիրած կլինեինք։ Բայց մենք, որ մանկությունից արդԵն ճանաչում ենք միմյանց, ապրել մեծացել ենք միասին իբրև քույր և եղբայր—կարծեմ կարիք չունինք մի որևէ խոստովանության համար որոշ ժամանակի սպասելու. ուրեմն լսեցեք ինձ։— Այն օրից սկսած, երբ ես առաջին անգամ տեսա ձեզ ուսումնարանում և իմ երևելի հիշողության շնորհիվ ստիպվեցա Սերոբյանի միջոցով նորոգել ձեզ հետ իմ բարեկամությունը, այդ օրից սկսած դուք դարձաք իմ մտածմունքների միակ առարկան։ Մինչև այն րոպեին, երբ ես կրկին անգամ արժանացա ձեր տեսության, ժամերը օրերի չափ երկարացել էին ինձ համար. իսկ այն րոպեից սկսած, երբ ես դուրս եկա ձեր տնից, ես իմ հանգիստը կորցրի բառի բուն նշանակությամբ։ Ամեն տեղ և ամեն կողմ ես ձեզ էի պտրտում և ձեզ վերա մտածում։ Իսկ այսօր առավոտվանից արդեն ես հաստատապես սպասում էի ձեր գալստյան, որովհետև իմ նախազգացմունքը ասում էր ինձ, որ դուք անպատճառ կգաք ինձ տեսնելու: Իրավունք ունեի՞ արդյոք ձեզ սպասելու, թե ոչ. ճիշտը դուք կարող եք իմանալ, բայց որ նախազգացումը ինձ չխաբեց, դրա ապացույցն ա՛յն է, որ ահա՛ դուք այստեղ, ինձ մոտ եք։ Այս էր իմ խոստովանության գաղտնիքը, որը, ինչպես տեսնում եք, միայն մի քանի հասարակ ճշմարտություններ է պարունակում յուր մեջ…

— Որոնք արտահայտված են բավական համարձակ կերպով,— նկատեց օրիորդը և ապա խոսքը փոխելով հարցրեց.

— Ո՞ւր է ձեր մայրը, ես կամենում էի նրան էլ տեսնել։

— Նա դեռ երկեղեցուց չէ վերադարձել և երևի շատ չի ուշանալ այնտեղ, բայց մի՞թե իմ ներկայությունը ձեզ արդեն ձանձրացրեց։

— Ես այդպես բան չասացի։

— Ուրեմն իմ խոստովանությունը ձեզ վշտացրե՞ց։ [ 194 ] Օրիրոդը ոչինչ չխոսեց. նա լուռ էր և աչքերը ուղղած դեպի սենյակի դուռը, որտեղից կարծես սպասում էր մեկի ներս մտնելուն։

— Դուք ոչինչ չե՞ք պատասխանում,— կրկին հարցրեց Պետրոսը։

— Ահա՛ ձեր մայրը գալիս է, ես նրա ոտնաձայնը լսում եմ,— խոսեց օրիորդը, և դիմավորեց տիկին Հռիփսիմեին, որը նույն րոպեին ներս մտավ սենյակի դռնով։ Տիկնոջ «որողորմի աստված»֊ը վերջ տվեց լարված խոսակցությունը։

Ժէ

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ

Լուսնյակ գիշեր էր. մեղմ և զովաշունչ։ Անցուդարձը արդեն դադարել էր փողոցներում. արծաթափայլ լուսինը, որ կամաց-կամաց դեպի արջնաթյուր երկնակամարն էր բարձրանում, իզուր յուր պայծառ լապտերով լուսավորում էր նրանց․ ոչ ոք չէր կամենում օգուտ քաղել ամառային զովարար գիշերից. քաղաքի բնակիչները, իբրև երդվյալ գավառացիներ, վաղուց արդեն խոր քնով խռմփում էին և գիշերային խորհրդավոր լռությունը ընդհատվում էր միայն շների հաչյունով, որ մերթ ընդ մերթ լսվում էր փակված բակերի մեջ։

Պետրոսը, որ այդ երեկո հրավիրված էր յուր ծանոթներից մեկի տանը, միայնակ և մտախոհ վերադառնում էր տուն։ Նրա մտածմանց առարկան այն ծանր լռությունն էր, որ գիշերվա այդ ժամին տիրում էր ամբողջ քաղաքի մեջ։ Իբրև ուսանող նա սովոր էր լավ երեկոները մի քանի ժամ զբոսնել ընկերակիցների հետ միասին և օգուտ քաղելով ազատ ժամերից, խոսել և դատել օգտավետ խնդիրների մասին։ Այդ լինում էր Թիֆլիսում, ուր կյանքը սկսվում էր նույնիսկ գիշերային ժամերից. բայց ի՞նչ անել այստեղ, յուր հայրենի քաղաքում, ուր կյանքը դադարում էր արևի վերջին [ 195 ] ճառագայթների հետ։ «Ահա այսպես էլ ամեն բանում տիրում է մեռելություն,— կամաց֊կամաց քայլելով մտածում էր նա ինքն իրեն.— գիշերվա ժամերի նման մարդկանց սրտերն էլ քնած են, արևի ջերմությունն է միայն, որ կարող է կյանք ներշնչել նրանց մեջ, բայց ո՞ւր գտնենք այն մարդը, որ արևի գունդը ծածկած ունենա յուր կրծքում… Խեղճ Պետրե, և դու քո տգիտության համար չարաչար պատժվեցար. ի՛նչ հարկավոր էր անկեղծ լինել այնտեղ, ուր անկեղծության մասին գաղափար չունին մարդիկ…»։

Պետրոսը յուր անհաջող խոստովանության մասին էր խոսում, որի պատմությանը նախընթաց գլխից արդեն ծանոթ են մեր ընթերցողները։

Մի տաս րոպեից ետ նա հասավ այն խուլ փողոցին, որի վերա էր գտնվում իրենց տունը, կից Աստղիկենց տան: Հասնելով նրանց պարտեզի ցանկապատին, նա անզգուշաբար կանգ առավ նրա առաջ, նայեց դեպի պարտեզը և զարմացմամբ նշմարեց մի սպիտակազգեստ երևույթ, որ նստած էր ծառերից մեկի տակ, փոքրիկ նստարանի վերա։ Նա նմանում էր մի մարմարիոնե արձանի, որով քանդակագործը կամեցել էր պատկերացնել գիշերային աստվածուհիներից մինին… Երևույթը չէր շարժվում. բայց նրա աչքերը, որոնք ուղղված էին դեպի լուսնի պայծառ շողերը, փայլում էին ինչպես երկու արեգակներ։ Պետրոսը հիացմամբ նայում էր նրանց վերա․ գիշերային խորհրդավոր գեղեցկուհին նրա հոգին դյութել, հափշտակել էր․ և նա չէր համարձակվում ամենափոքր շշունջ անգամ հարուցանել յուր աստվածուհու մենավոր մտածմունքները չխանգարելու համար։

Վերջապես երևույթը, որ նույն ինքը Աստղիկն էր, շարժվեցավ տեղից և մի քանի քայլ առաջացավ դեպի ցանկապատը, կարծես նա զգաց, որ այնտեղ դիտում են իրեն։

Պետրոսը արագությամբ, բայց թեթև քայլերով ետ փախավ դեպի փողոցը՝ չկամենալով յուր գաղտնի ներկայությամբ վախեցնել սիրուհուն, և այնտեղից նորեն լսելի ոտնաձայնով սկսավ առաջանալ դեպի պարտեզը։ Երբ նա հասավ ցանկապատին, նրա ետևում արդեն կանգնած էր սպիտակ երևույթը, որ իսկույն ճանաչեց Պետրոսին։ [ 196 ] — Պետրե, այս դո՞ւ ես, ո՞րտեղից ես գալիս այսքան ուշ.— քնքշաբար և մտերմությամբ հարցրեց նրան Աստղիկը:

—Մի բարեսիրտ ծանոթի տնից, որ խղճալով իմ միիայնությունը, հրավիրել էր ինձ յուր մոտ,— պատասխանեց երիտասարդը,— բայց դուք ի՞նչ ունիք այդտեղ, այս գիշերային ժամուն…

— Ինձ ծանոթները չեն հրավիրում, ուստի փորձում եմ մենավոր կյանքին ընտելանալու, — ժպտալով պատասխանեց օրիորդը։

— Երևի միանձնուհի դառնալու համար։

— Այո՛, երբ աշխարհի մեջ էլ հրապուրիչ ոչինչ չեմ գտնիլ։

— Ուրեմն դուք դեռ աշխարհը չե՞ք ատում։

— Դու այդ սպասո՞ւմ էիր։

— Մի՞թե չպետք է սպասեի. ով որ զգացմունք չունի սիրո համար, նա արդեն աշխարհի սահմաններում չէ ապրում։

— Օ՜, դու ինձ կամենում ես վրեժխնդիր լինել։ Արի այստեղ, Պետրե, ես քեզ ավելի մոտիկից կպատասխանեմ. արի ինձ մոտ, դու երևի ճանապարհը ճանաչում ես։

Պետրոսի սիրտը ուրախությունից թունդ ելավ, էլ ի՞նչ հարկավոր էր նրան ճանապարհներ պտրտել.մի ոստյուն, և նա արդեն պարտեզումն էր։

Երկու երիտասարդները ջերմությամբ սեղմեցին միմյանցձեռք, և Աստղիկը Պետրոսի ձեռքից բռնած տարավ նրան պարտեզի խորը, որտեղ նրանք նստան մի մեծ խնձորենու տակ, որի ստվերաշատ ճյուղերը արգիլում էին լուսնին լուսավորելու նրանց։

— Պետրե, ես կամենում եմ առաջինը խոսել.թո՞ւյլ կտաս դու ինձ այդ,— քնքշաբար հարցրեց օրիորդը։

— Օ՜, եթե միայն դու խոսես, ես պատրաստ եմ հավիտյան լռելու,— ջերմությամբ պատասխանեց երիտասարդը։

— Ուրեմն լսիր ինձ։ Անցյալ օրը երբ ես քեզ այցելության եկա, շատ բաներ ունեի քեզ հայտնելու, շատ բաներ՝ քեզ խոստովանելու… բայց երբ դու քո գաղտնիքը ինձ բացիր, ես ակամա ետ կանգնեցի իմ դիտավորությունից․ մի [ 197 ] գաղտնի երկյուղ թուլացրեց իմ արիությունը, մանավանդ, երբ ձեր տան մեջ ես ինձ հանկարծ միայնակ գտա քեզ հետ։ Որքան էլ կամենում էի խոսել և մի պատասխան տալ քո հարցերին, այսուամենայնիվ լեզուս չէր հնազանդվում ինձ, և ո՜րքան շատ ուրախացա, երբ քո մայրը ներս գալով վերջ տվավ իմ անել դրությանը։ Ես տեսա, որ դու նեղացար, տեսա, թե ինչպես դժգոհությունը պատեց քո դեմքը. բայց ես գոհ էի, որովհետև ազատվեցա հաղթահարվելու երկյուղից։

Այժմ բուն ճշմարտությունը խոստովանելուց առաջ ես մի հարց ունիմ քեզ անելու. խոսի՛ր ուրեմն անկեղծությամբ, առանց ստելու, առանց իմ քեզ վերա ունեցած վստահությունը հարստահարելու. սիրո՞ւմ ես դու ինձ, Պետրե, թե ոչ, ասա՛, ես կամենում եմ կրկին անգամ լսել այդ քո բերանից։

—Սիրո՞ւմ եմ քեզ, հարցնում ես դու ինձ, և ի՞նչ ես կամենում, որ ես պատասխանեմ։

—Ճշմարտությունը, որ անմահ է այս լուսնի նման։

—Եվ որ այդ լուսնի ստեղծողն է.— Այո՛, Աստղիկ, ես քեզ սիրում եմ, սիրում եմ իմ սրտի բոլոր ջերմությամբ, իմ հոգու բոլոր կարողությամբ… Վկա է աստված, որ սիրո արարիչն է, վկա այս լուսինը, որ սիրահարի խորհրդականն է. վկա այս գիշերը, որ սիրող սրտի մտերիմն է, ես քեզ սիրում եմ, և այս միակ խոսքի մեջ է ամփոփվում իմ բոլոր երջանկությունը…

—Ես հավատում եմ, Պետրե, և ես երջանիկ եմ… ահա բոլորը, ինչ որ կարող եմ ասել…

—Աստղիկ, ուրեմն դու ինձ սիրո՞ւմ ես, օ՜հ, խոսի՛ր, խոսի՛ր, աղաչում եմ, դարձյալ մի խոսք, մի բառ… — Այս ասելով երիտասարդը ծունկ չոքեց օրիորդի առաջ և ջերմ համբույրներով սկսավ ծածկել նրա ձեռքը։

—Վեր կաց, Պետրե, դու ավելիին ես արժանի, որովհետև ես հավատում եմ քո ակեղծությանը. վեր կաց և գրկիր ինձ, Աստղիկը քո ստրկուհին է… —շշնջաց օրիորդը և երկու սիրահարները ջերմությամբ գրկախառնվեցին իրար…

—Ինչո՞ւ ուրեմն ամբողջ երկու օր տանջեցիր ինձ, Աստղիկ, — յուր հոգեկան զմայլմունքից սթափվելով հարցրեց Պետրոսը օրիորդին։ [ 198 ] —Ավելի լավ կլիներ հարցնել, թե ինչո՞ւ ինքդ քեզ տանջեցիր…

—Ինքդ քե՞զ։

—Այո՛, ինքս ինձ. որովհետև անցյալ օրվա իմ լռությունով քեզ միայն մի վիշտ պատճառեցի ես, բայց ինձ՝ երկու։

—Ես քեզ չեմ հասկանում։

—Ես շատ պարզ խոսեցի. բայց էլի կբացատրեմ իմ ասածը։ Այն օրից սկսած, որ դու հեռացար այստեղից, իմ սիրտը ու միտքը քեզ հետ էր։ Իհարկե ես դեպի քեզ սեր չէի զգում, որովհետև սերը այն ժամանակ դեռ մի անծանոթ զգացմունք էր ինձ համար, բայց ես միշտ հիշում էի քեզ ինչպես իմ միակ և լավ ընկերին։ Եվ որովհետև դու ճանապարհվելու ժամանակ ինձ հրաժեշտի ողջույն տալու չեկար, հենց այդ պատճառով էլ ես քո վարմունքը չկարողացա մոռանալ։ Ես իմ մտքում դրի սպասել քեզ մինչև այն օրը, երբ դու կվերադառնայիր Թիֆլիսից ավելի խելոք ու մեծացած և ես քեզ կամաչեցնեի հիշեցնելով քեզ քո վարմունքը… Կարող էր պատահել, որ ժամանակի հետ ապրելով ես կամաց-կամաց մոռանայի քեզ. բայց քո գնալուց ետ՝ մայրդ միայնակ մնալով սկսավ ստեպ-ստեպ հաճախել մեզ մոտ։ Նա յուր միակ ուրախությունը գտնում էր իմ մոր ընկերակցության մեջ։ Հետզհետե նա այնքան ազնիվ և այնքան բարի կին երևաց ինձ, որ ես կապվեցա նրա հետ ջերմ, որդիական սիրով. նա նույնպես յուր կողմից սկսավ սիրել ինձ մայրական քնքշությամբ։ Հաճախ նա իմ մոր հետ խոսում էր քո մասին, քո նամակները բերում էր ինձ կարդացնելու. քեզ վերա նամակներ էր գրել տալիս ինձ և շատ անգամ խորհրրդավոր ակնարկություններ էր անում այն երջանիկ միության առթիվ, որ ինքը կամենում էր պատրաստել մեր երկուսի համար։

Այս բոլորը հետզհետե ինձ վերա այն ազդեցությունն արին, որ մի գեղեցիկ օր ես սկսեցի հետաքրքրվել քեզանով ավելի, քան որքան իրավունք ունեի ես։ Քո նամակները ես կարդում էի ուշադրությամբ. քո խոսքերը կշռում էի, քո [ 199 ] բախտի համար ես աղոթում էի… իեչո՞ւ համար էր այս բոլորը, ես ինքս էլ չգիտեի։

Բայց այն օրը, որ դու ներս մտար մեր դպրոցի դռնով, առաջին անգամից իսկ քո հայացքը հանդիպեց իմ աչքերին, իմ սիրտը թունդ ելավ, ես իսկույն ճանաչեցի քեզ քո աչքերից. նրանք նույնպես գեղեցիկ, նույնպես կրակոտ էին ինչպես և առաջ, ես հազիվ կարողացա իմ շփոթությունը զսպել։ Բայց ո՜րքան վշտացա, ո՜րքան վիրավորվեցի, որ դու չողջունեցիր ինձ. ես կարծում էի, թե դու ճանաչեցիր ինձ և դիտմամբ չկամեցար ինձ ողջունել…

Հետո երբ մենք ծանոթացանք, ես արդեն գրավվեցա քեզանով։ Մինչև քո ինձ այցելության գալը, ես անդադար մտածում էի քեզ վերա և խոսում էի մորս հետ միայն քո մասին։ Մեր տուն եկած օրդ իմ ուրախության չափ չկար, իմ սիրտը լցվել էր մի անծանոթ, մի անհանգստացնող, բայց միևնույն ժամանակ մի քաղցր զգացմունքով… ի՞նչ էր այդ զգացմունքի անունը, ես դեռ չգիտեի։ Երբ դուրս գնացիր դու մեր տնից, այն ժամանակ միայն մի կորուստ զգացի իմ սրտի մեջ, որի մասին երկա՜ր, շատ երկա՜ր սկսա մտածել։

Անցյալ օրը ես եկա քեզ մոտ, թե ի՞նչ նպատակով, այդ դու իսկույն գուշակեցիր, և ես իսկույն խոստովանեցի։ Բայց քո այնքան շուտափույթ խոստովանքը քո սիրո զգացմանց մասին՝ ինձ շփոթեցին. ես քեզ լսեցի ոչ աներկյուղ սրտով. իմ ծնկները դողում էին քո խոսելու ժամանակ, այդ պատճառով էլ քո հարցերին ես չկարողացա պատասխանել…

Եվ ի՞նչ, մի՞թե դու վշտացար. մի՞թե դու իրավունք ունեիր պահանջելու ինձանից ավելի, քան ինչ որ ես կարող էի տալ քեզ այն ժամանակ… Այո՛, ես ասացի, որ քո մոր ներս գալով ես ուրախացա, բայց մոռացա նաև ասել, որ ես դուրս գնացի ձեր տնից և՛ շփոթված, և՛ վշտահար. քո հարցերին պատասխանել չկարողանալս ինձ տխրեցնում և հուսահատեցնում էր… որովհետև ես ինքս էի միջոցներ որոնում քեզ իմ սիրտը բանալու և սակայն այդ սրտի մասին ես մի բան անգամ արտասանել չկարողացա։

Երեկ ամբողջ օրը ես մտատանջության մեջ էի. իսկ այս գիշեր հանգստանալ չկարողացա։ Երբ լուսինը հանեց յուր [ 200 ] սկավառակը այս բարձրավանդակի ետևից և յուր պայծառ շողերը թափանցեց ննջարանիս մեջ, ես իսկույն վեր ցատկեցի իմ անկողնից և գիշերային լոդիկով դուրս վազեցի այստեղ, ուր երկար, շատ երկար մտածում էի քեզ վերա և ուր ահա գտնում ես դու ինձ:

Այժմ երբ այլևս մեզ ոչ ոք չէ լսում, ես համարձակ կխոստովանիմ քեզ իմ մեծ գաղտնիքը, Պետրե, ես քեզ սիրում եմ…

Երիտասարդը ոչինչ չկարողացավ պատասխանել. նա տարածեց յուր գիրկը և սիրաշունչ կրծքի վերա ամուր, ամուր սեղմեց յուր սիրուհուն։

Քիչ ժամանակից ետ սիրահարներից յուրաքանչյուրը հանգիստ սրտով պառկած էր յուր ննջարանում։

ԺԳ

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՄ

ՄԻ ԳԼՈՒԽ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎՈՒՄ է

ԸՆԴՀԱՏՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այժմ ավելորդ է շարունակել Պետրոսի և Աստղիկի սիրահարության մանրամասն պատմությունը, նրանց տեսակցությունները, նրանց սիրակցությունները և այլն։ Ով որ մի անգամ սիրել է յուր կյանքում, առանց մեր ասելուն էլ կիմանա, թե ի՞նչ կյանք և ի՞նչ հարաբերություն կարող են ունենալ միմյանց հետ երկու սիրող երիտասարդ սրտեր, իսկ ով որ չէ սիրել, կամ գոնե չգիտե թե ի՛նչ բան է սիրելը, նրա համար մեր բոլոր պատմությունն էլ մի փող չարժե։ Բայց այսքան միայն հարկավոր է հիշել, որ Պետրոսը շատ շուտով հայտնեց մորը յուր և Աստղիկի դեպի միմյանց ունեցած անհուն սերը, պատմեց նրան մանրամասնաբար իրենց բոլոր տեսակացությունները, սիրակցությունները և այլն։ Տիկին Հռիփսիմեն ուրախությունից չգիտեր ի՞նչ աներ: Նա գրկեց [ 201 ] որդուն, համբուրեց ճակատը և ուրախության արտասուքը աչքերում ասաց.

— Սիրելի Պետրե, դու լցրիր իմ բոլոր ակնկալությունները, և ես ուրախ եմ։ Այն օրից սկսած, որ դու հեռացար այստեղից, Աստղիկը իմ սիրելի աղջիկն էր և նա փոխարինում էր Պետրեին։ Նրա մայրը իմ միակ բարեկամուհին էր և ես սիրում էի նրան։ Այն օրից սկսած, որ իմ սիրտը մտերմացավ նրանց հետ, ես իմ մտքումս դրի անպատճառ առնել Աստղիկին քեզ համար, որովհետև նա մի հրեշտակ էր, որ կարող էր քեզ երջանիկ անել… Իմ միտքը ես հայտնեցի Եղիսաբեթին, որ նույնպես չափազանց ուրախացավ։ Շատ անգամ երկու մայր միասին նստած խոսում էինք ձեր ապագա միության և երջանկության համար և մխիթարվում էինք մեր հույսերով։ Բայց երբեմն էլ ես տխուր էի շատ, մտածելով, թե գուցե մի որևէ աղջիկ կգրավեր քեզ Թիֆլիսում և դու էլ չէիր մտածիլ քո մորդ ուրախացնելու վերա… օ՜, ինչպես տխուր էի լինում ես այդպիսի ժամանակ. Աստղիկից զրկվել՝ այդ միևնույն էր, թե քեզանից զրկվել. բայց ես երկուսիդ էլ սիրում էի իմ աչքերի լույսից ավելի… Այժմ իմ ուրախությանը չափ չկա, Պետրե, օրհնյալ լինիս դու, որ այդքան մեծ ուրախություն ես պատճառում քո մորը, որ քեզանից զատ ուրիշ ուրախություն չունի… — Այս ասելով նա կրկին անգամ գրկեց որդուն և ջերմաջերմ համբուրեց նրան:

Պետրոսը, որ այդքան չէր սպասում յուր մորից, ուրախության յոթներորդ երկինքն համբարձավ, նա այժմ ապահովված էր, որ Աստղիկը իրենն է և երկրային ոչ մի ուժ էլ չէր կարող հափշտակել նրան յուր գրկից:

Իսկ Հռիփսիմեն այս ուրախ նորությունը լսելուց ետ էլ տանը նստել չկարողացավ. նա շտապեց յուր սիրելի բարեկամուհու մոտ և հայտնեց նրան ամեն բան մանրամասնաբար։ Տիկին Եղիսաբեթը մի քանի աստիճան ավելի ուրախացավ տ. Հռիփսիմեից. և այդ բնական էր, որովհետև միշտ փորձված է, որ ավելի դժվար է լավ փեսացու ընտրել աղջկա համար, քան լավ հարսնացու՝ փեսացուի համար։ Եղիսաբեթը, իհարկե, շատ պատճառներ ուներ, որոնք պետք է ավելի ուրախացնեին նրան։ Առաջին և գլխավորը այն էր, որ [ 202 ] Աստղիկը սիրում էր Պետրեին, և այդ մի սիրող մոր համար մեծ ուրախություն էր, երկրորդ՝ որ Աստղիկը պիտի հարսնանար մի երիտասարդ, խելոք և զարգացած տղայի, որ կարող էր բախտավորացնել նրան, երրորդ՝ որ Աստղիկի սկեսրը տիկին Հռիփսիմեն էր, մի բարի, ազնիվ և առաքինի կին, որի յուրաքանչյուր խոսքից սեր և քաղցրություն էր բուրում։ Մեր մեջ, մանավանդ, ուր երիտասարդներին չեն թողնում իրենց համար ապրելու և սկեսրները իրենց պառաված ուրախությունը հարսներին ճնշելու մեջ են գտնում, մեծ արժեք ուներ, իհարկե, տ. Հռիփսիմեի բարի և առաքինի սիրտը։ Վերջապես չորրորդ պատճառը այն էր, որ Պետրոսը միակ ժառանգն էր Թովմաս Մարալյանի մեծ հարստության և այս պատճառը ավելի քան հարգելի էր…

Մի ժամից հետո Պետրոսը եկավ յուր ապագա զոքանչի մոտ։ Տիկին Եղիսաբեթը հայտնեց յուր անկեղծ ուրախությունը. այն նորության համար, որ նա հայտնել էր յուր մորը և նրա միջոցով էլ իրեն։ Նա կանչեց Աստղիկին, որ այդ ժամանակ պարապում էր յուր առանձնարանում և չգիտեր, թե ի՞նչ է գործվում իրենց տան մեջ, և քնքշությամբ հանդիմանեց նրան, որ նա ծածկել էր յուր մորից յուր սիրակցությունը Պետրոսի հետ։ Օրիորդը շփոթվեցավ և շառագունեց, նա մեկ Պետրոսի վերա էր նայում, մեկ յուր մոր վերա և չէր կարողանում հասկանալ, թե այս ի՞նչ տարօրինակ հայտարարություն էր, որ արին իրեն։ Բայց տ. Հռիփսիմեն չկարողացավ երկար տանել օրիորդի անհանգստությունը. նա կարճ խոսքերով բացատրեց նրան գործի էությունը և գրկելով յուր հարսնացուին, ջերմագին սեղմեց նրան յուր կրծքի վերա և սիրաշունչ համբույրներով ծածկեց նրա երեսը։

Հետո երբ ամեն ինչ խաղաղ կերպարանք առավ, տիկին Հռիփսիմեն հանեց մի թանկագին մատանի, տվավ այն յուր որդուն և հանդիսավոր եղանակով ասաց.

—Պետրե, այս մատանին առաջին անգամ ես նվեր ըստացա քո հորից. սա նրա սիրո միակ գրավականն է, որ մինչև այսօր մնացել է ինձ մոտ իբրև թանկագին հիշատակ, հանձնի՛ր նրան իմ սիրելի հարսին և թող այդ մատանու հետ [ 203 ] միասին իջնե նրա վերա և քո հոր օրհնությունը, որի հոգին ներկա է այստեղ իբրև մեր ուրախության մասնակից…

Պետրոսր վերցրեց մատանին, համբուրեց նրան ջերմեոանդությամբ, բայց երկու խոշոր արտասուքներ գլորվեցան նրա աչքերից նշանադրության մատանու վերա… նա հիշեց յուր հորը, որին ավա՜ղ նա երբեք չէր ճանաչել…

Երբ նա մատանին հագցրեց յուր հարսնացուի ձեռքը և դրոշմեց նրա շրթունքներին պաշտոնական համբույրը, Աստղիկը սրտաշարժ ձայնով շշնջաց նրա ականջին. «Պետրե, ինչո՞ւ առաջին անգամ արտասուքով լվացիր դու իմ նշանադրության մատանին…»։ Պետրոսը ցնցվեցավ ամբողջ մարմնով և զղջման հայացք ձգեց յուր սիրուհու վերա։ Սակայն շուտով երկու մոր գրկախառնությունն ու համբույրները մոռացնել տվին նրանց տխուր նախազգացմունքի ազդեցությունը և մի ընտանեկան փոքրիկ ուրախություն պսակեց նշանադրության պարզ և անպաճույճ հանդեսը։

Այդ օրից սկսած Պետրոսն ու Աստղիկը գրեթե ամեն օր միմյանց մոտ էին լինում, միասին խոսում, դատում, կամ կարդում էին, ծիծաղում և ուրախանում էին, իսկ շատ անգամ էլ իրենց մայրերի հետ միասին զբոսանքի էին գնում, որի ժամանակ նրանք հաճությամբ զանազան փիլիսոփայություններ էին անում սիրո, կյանքի մասին։ Այս պատճառով էլ երկու երիտասարդ սրտերի մեջ օրըստօրե ավելի աճում ու զորանում էր այդ սիրո նվիրական զգացմունքը։ Մի օր սարսափելով տեսան նրանք, որ էլ միմյանցից անբաժան ապրել չեն կարողանում և չգիտեին ինչ հնար գործ գնել՝ կրակի ջերմությունը մի քանի աստիճան պակասեցնելու համար։

Եվ այդ, իհարկե, անհրաժեշտ էր, որովհետև Պետրոսը պետք է վերադառնար Թիֆլիս. նրան մնում էր դեռ էլի մի երկու տարի գիմնազիոնը՛ ավարտելու համար։ Եվ եթե նրանք աստիճանաբար չվարժեցնեն իրենց միմյանցից անջատ ապրելուն, այդ հանգամանքը կարող էր արգելք լինել Պետրոսի առաջադիմության, մանավանդ որ բացի գիմնազիական կուրսը, Պետրոսը դեռ պետք է համալսարան էլ գնար։ Աստղիկր նրան ասել էր, որ չի ամուսնանալ նրա հետ, մինչև որ համալսարանից ավարտման վկայականը ձեռքին չվերադառնա: [ 204 ] նա հայրենիք։ Այս խոսքը, թեպետ կատակով արտասանված, բայց նա չէր կարող առանց ազդեցության անցնել Պետրոսի նման զգայուն և պատվասեր երիտասարդի համար։ Այս պատճառով նա առաջինը օրինակ տվավ յուր սիրուհուն զգացմունքների ջերմությունը չափավորելու համար։

Որովհետև արձակուրդի ժամանակ մոտենում էր վերջանալուն, ուստի Պետրոսը երբեմն ամբողջ օրով տանից դուրս չէր գալիս և զբաղվում էր դասերի կրկնությամբ.Աստղիկն էլ յուր կողմից զգուշանում էր նրան խանգարելու, այսպիսով երկու սիրահարները հետզհետե վարժվում էին միմյանցից հեռու մնալուն։

Վերջապես հասավ վերջնական բաժանման օրը։ Պետրոսը ջերմությամբ գրկեց յուր սիրուհուն, համբուրեց նրան և հեռացավ, բայց նրա կառքը դեռ չէր անհետացել, երբ երկու սիրահարներն էլ գրեթե միաժամանակ զգացին, թե ո՜րքան ապարդյուն էր արհեստական ճանապարհով զգացմունքների ջերմությունը չափավորելու աշխատանքը։

Առաջիկա ուսումնական տարին Պետրոսը Թիֆլիսում մնալով, ավելի եռանդով սկսավ աշխատել յուր ուսման գործում. և չնայելով, որ նա այժմ սիրահարական կյանքով էր ապրում և յուր Աստղիկին անընդհատ նամակներ գրելը նրանից շատ ժամանակ էր խլում, այսուամենայնիվ քննությունների ժամանակ նա դարձյալ պատվավոր մրցանակով փոխեց դասատունը և կրկնակի ուրախությամբ կրկին վերադարձավ հայրենիք յուր սիրեցյալ Աստղիկի մոտ։

ԺԹ

ԱԿԱՄԱ ՎԵՐԱԴԱՐՁ

Վերջին տարին Պետրոսը եկավ Թիֆլիս մի որոշ ժամանակ հայրենիք չվերադառնալու պայմանավ։ Գիմնազիոնը ավարտելուց ետ նա պիտի ուղևորվեր Պետերբուրգ համալսարան մտնելու համար։ Այս գիտեր Աստղիկը, գիտեր և տ. Հոիփսիմեն, բայց երբ պ. Թովմասը հայտնեց վերջինիս, թե արդեն հեռագրել է Պետրոսին Թիֆլիսից վերադառնալու. [ 205 ] նա ուրախացավ, որովհետև ինքը միայն յուր որդու տեսնելու վերա էր մտածում, բայց Աստղիկը, ինչպես գիտեք, ընդդեմ էր Պետրոսի վերադարձին, որովհետև նա չէր կամենում, որ Պետրոսը համալսարան գնալու համար որոշած ժամանակը զոհեր յուր հորեղբոր հաճույքին, ինչպես գրել էր նա յուր նամակում:

Պետրոսը Աստղիկի նամակը յուր առջև դրած երկար ժամանակ մտածում էր՝ իսկապես նրա մտատանջության գլխավոր պատճառը այն էր, թե ինչո՞ւ համար է հորեղբայրը կանչում իրեն. բայց այդ պատճառի բացատրության մասին մի բառ անգամ չկար Աստղիկի նամակում. նա միայն գրում էր, որ ինքը ընդդեմ է Պետրոսի վերադարձին. բայց թե ի՞նչպես կարելի էր անուշադիր թողնել հորեղբոր հրամանը ևարդյոք մի միջոց կա՞ր դրա համար, այդ մասին նա ոչինչ չէր գրում։ Պետրոսը երկար, շատ երկար մտածեց, սակայն ոչ մի եզրակացության գալ չկարողանալով, յուր թեյը խմեց, գդակը ծածկեց և տանից դուրս եկավ։ Շուտով նա գտավ յուր ընկերակիցներից մի քանիսին, որոնց և պատմեց յուր գլխին եկած անակնկալ փորձանքը։ նրանցից մի քանիսը խորհուրդ տվին նրան հեռագրով բացատրություն խնդրելու յուր հորեղբորից և հայտնել նրան յուր վերադարձի անհնարավորությունը, իսկ ուրիշները, որոնց Պետրոսը ծանոթացրել էր յուր հորեղբոր համառության հետ, խորհուրդ տվին նրան ժամանակ չկորցնելու համար շուտափույթ վերադառնալ հայրենիք, անձամբ տեսնվել հորեղբոր հետ, տեղեկանալ նրա դիտավորության և համոզելով նրան, կրկին վերադառնալ Թիֆլիս և ճանապարհվել Պետերբուրգ։

Այս խորհուրդը ավելի բանավոր թվեցավ Պետրոսին և նա պատրաստվելով՝ ակամա ճանապարհ ընկավ դեպի յուր հայրենիք։

ճանապարհի ամբողջ երկարությամբ նրա միտքը զբաղված էր միշտ միևնույն հարցով. «Ինչո՞ւ համար է ինձ իմ հորեղբայրը կանչում»։ Այդ պատճառով էլ ուշադրության արժանի դեպքերը, հանդիպող ճանապարհորդները, բնության զանազան երևույթները երբեք և ոչ մի պայմանով նրա ուշադրությունը չգրավեցին։ Նույնիսկ պոստային կայարանների [ 206 ] մեջ պատահող անախորժությունները, որոնք միշտ համբերությունից հանում են ճանապարհորդին, դարձյալ չգրգռեցին և չզայրացրին Պետրոսին, և հենց այդ էր պատճառը, որ երեք օրվա ճանապարհը նա ստիպված էր չորս օրվա մեջ գալու։ Կայարաններում ծառայողները թեպետ միշտ անխիղճ, և աներկյուղ են լինում, և ճանապարհորդի բողոքելու միջոցից զուրկ լինելը նրանց ավելի է քաջալերում կոպտությամբ և անքաղաքավարությամբ վարվելու անցորդի հետ, այսուամենայնիվ գոռալու և որոտալու շնորհք ունեցող մարդիկ երբեմն կարողանում են ազդել նրանց վերա։ Բայց որովհետև Պետրոսը այդ շնորհքից զուրկ էր, հետևապես նա պարտավոր էր մի օր ավելի ապրել ճանապարհին։

Մի գեղեցիկ և հովաշունչ առավոտ էր, երբ Պետրոսը մոտեցավ յուր հայրենի քաղաքին։ Առաջին անգամ, որ նա տեսավ հեռվից նրա սպիտակ պարիսպները իրենց բոլորշի աշտարակներով, յուր սիրտը լցվեցավ ակամա ուրախությամբ և նրա հոգին, որ մինչև այն ճնշված էր հոգսերի ծանրության տակ, ազատություն առնելով սլացավ դեպի այն հարկերը, ուր յուր մայրը և Աստղիկն էին բնակվում։ Հասնելով մի փոքրիկ գետակի, որ քաղաքի բարձրավանդակի ստորոտն էր ոռոգում, նա ցած իջավ կառքից, մոտեցավ նրան և չոքելով ջրի ծփանքներով լվացված սալաքարի վերա, ախորժանոք խմեց և լվացվեցավ։ Հետո կանգ առավ մի քանի րոպե գետակի ափում, ուշադրությամբ դիտեց նրա ականակիտ ալիքները և զմայլեցավ նրանցով։ Ամբողջ տասներկու ամիս Քռի պղտոր և տգեղ երեսը տեսնող գավառացու վերա հարկավ գրավիչ և զմայլեցնող ազդեցություն պիտի աներ հարազատ հայրենյաց վճիտ գետակը յուր կարկաչահոս ալիքներով․․․ ով որ ապրել է բնության հարստության մեջ, նա ճանաչում է առվակի մրմունջը, ծառերի շրշյունը, զեփյուռի շունչը. ով որ գիտե, թե ի՞նչ է անտառը, հովիտն ու արոտը, լեռան ստորոտը և գնահատում է ապականությունից ազատ կուսական օրերը, նա կհասկանա, իհարկե, նաև Պետրոսի զմայմունքի պատճառը։

Վերջապես մի ժամից հետո մեր ճանապարհորդը հասավ տուն։ Պ․ Թովմասը առաջինն էր, որ պատահեց եղբոր որդուն [ 207 ] հենց տան բակի մեջ, գրկեց նրան և սիրով համբուրեց։ Բայց որովհետև շտապում էր խանութ, ուստի նորեկով երկար զբաղվել չկարողացավ։ Նա գնաց խանութ, խոստանալով, որ կաշխատե շուտով վերադառնալ։

Տիկին Հռիփսիմեն տան պատշգամբից տեսավ որդուն և քիչ էր մնում, որ շտապելուց գլորվեր սանդուղքների վերա։ Պետրոսը վազեց դեպի նրան և յուր զորեղ բազուկների մեջ առնելով՝ գրկեց մորը, որ արդեն թուլանում էր ուրախությունից։

— «Պետրե, իմ քաղցր, իմ անուշիկ որդի…»— այսքան միայն արտասանեց գորովագութ մայրը և ուրախության արտասուքները հորդեցին նրա աչքերից։

Նրանք ներս մտան տուն։ Մայր և որդի դեմուդեմ նստած դեռ մի քանի րոպե շարունակ նայում էին իրար վերա առանց մի խոսք արտասանելու։ Վերջապես Պետրոսը սկսավ խոսացնել մորը՝ զանազան հարցեր առաջարկելով նրան։ Մինչև որ տ. Հռիփսիմեի հոգեկան հուզմունքը կանցներ, ծիծաղադեմ ներս մտավ նրանց մոտ օրիորդ Աստղիկը, որ նույնպես Պետրոսի գալուստը տեսել էր իրենց պատշգամբից։

Երիտասարդը արագությամբ վեր թռավ տեղից և վազեց դեպի սիրուհին։ Երկու սիրահարները առանց մի րոպե կանգ առնելու գրկախառնվեցան և ջերմաջերմ համբուրեցին իրար։

— Ես բոլորովին չէի սպասում քեզ և հավատացած էի, որ ոչ մի հրավեր չէր կարող քո մտադրությունը խանգարել,— խոսեց օրիորդը առաջին անգամ.— ի՞նչպես եղավ ուրեմն, որ դու որոշեցիր գալ այստեղ։

— Դու չէիր սպասում, ճշմարիտ է, այդպես էլ գրել էիր քո նամակում. բայց դու միևնույն ժամանակ գրել էիր և այն, որ դու չես արգիլում ինձ հանգամանքներին հնազանդելու։

— Ի՞նչ էիր ուրեմն հասկանում դու այդ խոսքից։

— Այն՝ որ ուրեմն կային հանգամանքներ, որոնց ես պետք է հնազանդեի, որովհետև ուրիշ կերպ վարվելու ես ուժ չունեի։

— Ցավալի է… բայց և այնպես ես ուրախ եմ. դու այժմ այստեղ մեզ մոտ ես… [ 208 ] —Բայց ինչո՞ւ համար եմ ես այստեղ. մի՞թե այժմ գոնե չեք կարող ասել ինձ։

—Ես ոչինչ չգիտեմ։

—Դու է՞լ, մայրիկ ոչինչ չգիտե՞ս։

—Ի՞նչ, որդի:

—Թե ինչո՞ւ համար է ինձ հորեղբայրս կանչել։

—Գիտեմ, ի՛նչպես չէ, հոգիս, գիտեմ, հորեղբայրդ մեծ կապալ է վերցրել, ասում է, որ մեծ փողեր է աշխատելու այս գործի մեջ. քեզ էլ կանչել է, որ համ ամառը մեզ մոտ անցնես, համ էլ յուր բախտավորությամբ ուրախանաս։

Պետրոսը մոր միամիտ բացատրությունը լսելով սկսավ ուրախ-ուրախ ծիծաղել։ Աստղիկը, որ երկրորդ անդամ էր այս բացատրությունը լսում, նույնպես ընկերացավ Պետրոսին։ Իսկ տիկին Հռիփսիմեն, որ չէր կարողանում նրանց ծիծաղելու պատճառը հասկանալ, առաջ զարմացմամբ սկսավ նայել նրանց վերա, բայց հետո սիրելիների խաթրը չկոտրելու համար ինքն էլ սկսավ ծիծաղել։

Ուրախությունը ընդհանրացավ, թայց գաղտնիքի լուծումը մնաց անորոշ:

Ի

ԳԱՂՏՆԻՔԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԼՈԻԾՎՈԻՄ Է

Ինչպես գիտեք, պ. Թովմասը առավոտները շատ վաղ էր զարթնում, որպեսզի սովորական ժամանակին դիմե յուր գործին։ Պետրոսը, որ յուր տարտամ և անորոշ վիճակի պատճառով անհանգիստ էր և աշխատում էր ժամ առաջ իմանալ, թե ինչո՞վ պիտի վերջանա յուր վերադարձի խորհրդավոր պատմությունը, հետևյալ օրը նույնպես վաղ զարթնեց, պատրաստվեցավ և դիմեց հորեղբոր մոտ։

Առանց կողմնակի հարցեր շոշափելու՝ նա ուղղակի յուր գործից սկսավ։

—Սիրելի հորեղբայր, ինչպես ձեզ նամակով գրած էի, գիմնազիոնը ավարտելուց ետ ես պետք է գնայի համալսարան։ Դրա համար ես ձեզանից փող խնդրեցի, բայց դուք հեռագրեցիք [ 209 ] ինձ վերադառնալ ձեզ մոտ, որովհետև, ինչպես գրում էիք, «կարևոր և անհետաձգելի նորություն» ունեիք ինձ հաղորդելու, և սպասում էիք ինձ։ Ձեր հրամանր ես կատարեցի․ և այժմ, ինչպես տեսնում եք, ես ահա ձեզ մոտ եմ։ Հայտնեցեք խնդրեմ. ի՞նչ կարևոր և անհետաձգելի նորություն ունիք ինձ հաղորդելու։

Հորեղբայր Թովմասը ծանր կերպով շարժվեցավ բազկաթոռի մեջ, ոլորեց մի անգամ յուր շնորհալի ընչանցքը և ծանրությամբ պատասխանեց.

— Շատ շնորհակալ եմ, Պետրե, որ դու լսել ես իմ հրամանը և վերադարձել այստեղ։ Ես էլ, որդի, միայն քեզանով եմ ուրախ, և այնքան որ չարչարվում, տանջվում եմ, բոլորը քեզ համար է։ Այժմ ես կբացատրեմ, թե ինչո՞ւ համար եմ կանչել քեզ այստեղ։

— Տեսնո՞ւմ ես, որդի, ես արդեն ծերացել եմ․ մազերիս մեծ մասը սպիտակել է, և այսօր կամ վաղը գերեզման պիտի իջնեմ։ Հիսունից ավել տարիք ունեցողը ծեր է համարվում, իսկ ես արդեն վաթսունի մոտ եմ։ Ցանկանալով քանի աչքս բաց է քեզ բախտավոր տեսնել, ես քեզ կանչեցի այստեղ ամուսնացնելու համար…

— Ինչպե՞ս, ամուսնացնելու համա՞ր…— զարմացած հարցրեց Պետրոսը։

— Այո՛, որդի, ամուսնացնելու համար, և ի՞նչ, մի՞թե շնորհակալ չես։

— Ձեզանից ես միշտ եմ շնորհակալ, սիրելի հորեղբայր, բայց ամուսնանալը ինձ համար դեռ շատ վաղ է. ես դեռ երեխա եմ, ես դեռ իմ ուսումը չեմ ավարտել…

— Դրանք դատարկ բաներ են, դու ոչ միայն երեխա չես, այլ մինչև անգամ մի քիչ էլ ավելի ես մեծացել. իսկ շատ ուսում առնելը քո ինչի՞ն է հարկավոր։ Ուսումը թող նրանք առնեն, որոնք ստիպված են ուսման միջոցով փող աշխատելու. իսկ դու, փառք աստուծո, այնպիսի հարստություն ունիս, որ կարող է քեզ առանց ուսման էլ անկարոտ ապրեցնել։ Եվ վերջապես ինչի՞դ է հարկավոր համալսարանը. գիմնազիոնական ուսումն էլ մեծ ուսում է։

— Չէ, հորեղբայր, այդպիսի դիտավորությունը իմ [ 210 ] մասին վաղաժամ է. ես մինչև որ իմ ուսումը չավարտեմ համալսարանում, ամուսնանալ չեմ կարող։

— Անկարելի է, Պետրե, դու պետք է ամուսնանաս, որովհետև ես արդեն աղջիկն ընտրել եմ և աղջկա հորը ամենապատվավոր խոսք եմ տվել, դու չպետք է ստիպես քո հորեղբորը դրժել յուր խոստմանը։

— Ես ամեն բան կանեմ ձեր պատիվը բարձր պահելու համար, բայդ ամուսնանալ այս հասակում, ես չեմ կարող։

— Բայց ես քեզ ասում եմ, թե աղջիկն արդեն ընտրել եմ։

— Ես այդ լսեցի։

— Թե աղջկա հորը պատվավոր խոսք եմ տվել։

— Այդ էլ լսեցի:

— Ուրե՞մն։

— Ես չեմ կարող ձեր առաջարկությունն ընդունել։

— Գժվե՞լ ես, թե՞ կատակ ես անում։

— Շատ լրջությամբ եմ խոսում։

— Չէ, որդի, չէ, դեռ անփորձ ես, դեռ խելքդ բան չէ կտրում, ես ինչ որ կասեմ քեզ, դու էլ այն կանես։

— Տեսնո՞ւմ եք, դուք ինքներդ եք ասում, որ ես անփորձ եմ, որ խելքս բան չէ կտրում, ուրեմն սպասեցեք դեռ մի քանի տարի էլ, երբ իմ ուսումը ես կավարտեմ, այն ժամանակ արեք ինձ հետ, ինչ որ կամենում եք։

— Չէ. որդի, հիմա ամենալավ ժամանակդ է, ես էլ էսօր-էգուց արի, որ այս հասակին հասա․ քանի ջահիլ ես, շուտ արա պսակվիր, թե չէ երկու տարի չի անցնիլ, մեկ էլ կտեսնես, որ ինձ նման վաթսուն տարեկան դարձար… Պսակվելը լավ բան է, որդի, պսակվիր և չես փոշմանիլ։

— Այդ բոլորը ես հասկանում եմ, բայց դեռ իմ ժամանակը չէ, ես ավելի լավ կհամարեմ իմ ամբողջ կյանքում ամուրի մնալ, քան թե ուսումս չավարտած ամուսնանալ։

— Տո՛ մարդ աստծո, դեռ մի հարցրու, թե ի՞նչ մարդու աղջիկ եմ ուզում քեզ համար։

— Այդ միևնույն է, երբ որ ես ամուսնանալու կամք չունիմ, թեկուզ թագավորի աղջիկ լինի ուզածդ։ [ 211 ] — Երեխա-երեխա մի խոսիլ. քո հարսնացուն Մելքոն-աղա Խալաթյանի աղջիկն է, գիտե՞ս, մեր քաղաքի ամենաառաջին հարստի աղջիկը։

— Հավատացեք, սիրելի հորեղբայր, որ այդ էլ ինձ համար նշանակություն չունի։

— Գժվե՞լ ես, ի՞նչ է, հարյուր հազարից ավելի օժիտ կտա աղջկանը։

— Թեկուզ յուր բոլոր կարողությունը տա. ես այս միջոցում աղջիկ չեմ ուզում։

— Բայց գիտե՞ս ինչ աղջիկ է. գեղեցիկ, սիրուն հասակով, մեծ ուսումով, քեզանից տասն անգամ ավելի լավ կխոսի ռուսերեն, ֆրանսերեն, և էլ չգիտեմ ինչերեն։

Պետրոսը ծիծաղեց։

— Հապա, դեռ եթե իմանաս, ի՞նչ խելոք, ի՞նչ բարի աղջիկ է նա։

— Եթե մինչև անգամ երկնքից իջած հրեշտակ լինի նա, հորեղբայր, դարձյալ կրկնում եմ, որ ես ամուսնանալ չեմ կարող։

— Եթե ուսմանդ պատճառով չես ամուսնանում, լավ, ամուսնացիր, հետո գնա՛ էլի շարունակիր քո ուսումը։

— Այդ ավելի ծիծաղելի կլինի։

— Ուրեմն ինչպե՞ս ես ուզում, որ անենք։

— Պիտի գնամ ուսումս շարունակելու, ուրիշ ոչինչ։

— Բայց ես պատվավոր խոսք եմ տվել նրա հորը. ես մինչև անգամ մատանի եմ տվել նրան։

— Բոլորովին իզուր։

— Կնշանակե, ես ոչինչ իրավունք չունեի քեզ վերա, հա՞ կնշանակե ես իզուր էի այսքան ժամանակ փող վատնում. կնշանակե ես մի օ՞ձ էի սնուցանում իմ ծոցում, որ վերջ ի վերջո ինձ պիտի շանթեր և սպաներ։

— Ինչո՞ւ համար եք ինձ այդ աստիճան ստորացնում, սիրելի հորեղբայր, մի՞թե ես մինչև այսօր մի բանում հակառակած եմ ձեզ, կամ մի հանցանք ունիմ գործած ձեր դեմ։

— Ինչ որ այսօր ես անում, դա ամենածանր անպատվությունն է, որ հասցնում ես ինձ։ [ 212 ] — Ինչպե՞ս եք ուրեմն հրամայում, որ ես գործեմ։

— Ամուսնացիր Մելքոն-աղայի աղջկա հետ, նստիր իմ տանը և վայելիր իմ բոլոր կարողությունը. ահա իմ խնդիրը քեզանից։ Մի՞թե սրա կատարելը մի դժվար գործ է։

— Չեմ կարող։

— Եթե այդպես է, ես էլ չեմ կարող պահել ո՛չ քեզ և ո՛չ էլ քո մորը. այսօր ևեթ դուք կարող եք թողնել իմ տունը։

Այս խոսքերը արտասանվեցան այնպիսի մի վճռական ձայնով, որ խեղճ Պետրոսի արյունը սառեցավ երակներում։ Երկու րոպեի մեջ նա պատկերացրեց յուր առաջ այն կործանված դրությունը, որ կարող էր պատրաստել նրանց համար հորեղբոր անողոք վճիռը։ Առանց այդ մարդու օգնության մայր և որդի քաղցությունից կարող էին մեռնել, սա այնպիսի ճշմարտություն էր, որի հետ կատակ անել չէր կարելի։

Այս պատճառով Պետրոսը մտածեց խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսներ, թե բանը ինչո՞վ է վերջանում։

— Եթե մինչև անգամ ես հոժարվիմ ամուսնանալ, դեռ պետք է աղջկանը տեսնեմ, քննեմ նրան և ուսումնասիրեմ,— սկսավ խոսել Պետրոսը.— եթե կարողացա հավանել նրան, ինչ խոսք ունիմ` կամուսնանամ. բայց եթե չհավանեցի, դուք խո չեք կամենալ, որ ես ինձ դժբախտացնեմ։

— Հա՛, ես քեզ կտանեմ Խալաթյանի տունը. կծանոթացնեմ նրանց ընտանիքի հետ. նստիր այն աղջկա մոտ, ժամերով խոսիր նրա հետ, քննիր նրան ինչպես որ դու կամենաս. և ի վերջո եթե կհավանես, խո լավ, եթե չես հավանիլ, ի՞նչ խոսք ունիմ, կարող ես թողնել նրան և դարձյալ քո ուսման ետևից գնալ։

Պետրոսի սիրտը մի փոքր ուրախացավ։ Նա խոստացավ հորեղբորը հետևյալ առավոտ գնալ նրա հետ Խալաթյանի տունը՝ յուր հարսնացուն տեսնելու համար։

Այս համաձայնությունից հետո պ. Թովմասը գնաց յուր գործին, իսկ Պետրոսը վերադարձավ յուր մոր մոտ։ [ 213 ]

ԻԱ

ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈԻՐԴԸ

— Իմացա՞ր, Պետրե, ինչո՞ւ համար է Թովմասը բերել տվել քեզ,— հետաքրքրությամբ հարցրեց տ. Հռիփսիմեն որդուն, երբ վերջինս ներս մտավ յուր սենյակը։

— Իմացա, մայրիկ, իմացա, պատճառը մի տարօրինակ պատճառ է,— տխրությամբ պատասխանեց Պետրոսը։

— Այսինքն ի՞նչ։

— Հորեղբայրս շատ է մտածում իմ մասին, նա բերել է տվել ինձ ամուսնացնելու համար։

— Ի՞նչ ես ասում, երևի քո և Աստղիկի բանը հասել է նրա ականջին,— միամտությամբ հարցրեց Հռիփսիմեն։

— Չյէ, մայրիկ, իմ հորեղբոր ընտրած հարսնացուն Աստղիկի նման խեղճ աղջիկ չէ, նա քաղաքիս ամենահարուստ մարդու աղջիկն է, մեծ փողով, մեծ օժիտով…

— Եվ դու հավանո՞ւմ ես նրա ընտրությանը։

— Ինչո՞ւ չէ, և ո՞վ չի հավանիլ Խալաթյանի աղջկան։

— Որ հարստությունից զատ էլ մի ուրիշ արժանիք չունի՞։

— Եվ դու կարծում ես, թե այդ փո՞քր արժանիք է։

— Պետրե՛, Պետրե՛, այդ ինչե՜ր ես խոսում, հապա իմ Աստղի՞կը, իմ խելոք, իմ գեղեցիկ հարսնացո՞ւն…

— Նա էլ կմնա իրենց տանը։

— Իրենց տա՞նը։

— Կամ ինձանից մի լավ տղայի հետ կամուսնանա։

— Իսկ ես առանց նրան կմեռնեմ, առանց իմ Աստղիկին ես չեմ ապրիլ, դու առաջ քո մորը պիտի սպանես, Պետրե, և ապա թե Աստղիկին թողնես…

Այս խոսքի վերա տ․ Հռիփսիմեի աչքերը արտասուքով լցվեցան։

— Իմ խեղճ, իմ բարի մայր, և դու կարծում ես, թե ես ճշմարտությո՞ւն եմ խոսում… Ո՞վ անմեղություն, որ նույնչափ դժբախտ ես, որչափ և երջանիկ… Չէ, մայրիկ, չէ. [ 214 ] առաջ աշխարհը պիտի փուլ գա և հետո Պետրոսը Աստղիկին թողնե:

— Այդպես խոսի՛ր, Պետրե, ապա թե ոչ, ես կխելագարվիմ:

— Հանգիստ եղիր, մայրիկս, երիտասարդները նրա համար չեն սիրում, որ ծերուկների քմահաճությանը զոհեն իրենց բախտը… Հանգիստ եղիր, այդպիսի հիմարություն ես չեմ անիլ։

Այս խոսքի վերա ներս մտավ Աստղիկը ուրախ և ժպտադեմ։

— Դուք հո չե՞ք բարկանում, որ ես այսպես վաղ ձեր տուն եմ գալիս,— ծիծաղելով հարցրեց օրիորդը և սիրով ողջունեց բարեկամներին։

— Մենք բարկանում ենք, որ դու մի րոպե անգամ համարձակվում ես մեր տնից բացակայելու,— նկատեց Պետրոսը։

— Բայց դու ինչո՞ւ տխուր ես, մայրիկ,— դառնալով տ. Հռիփսիմեին, քնքշությամբ հարցրեց օրիորդը։

— Ես տխուր չեմ, հոգիս, գլուխս է ցավում։

— Անկարելի է, ես չեմ հավատում։

— Ճիշտ այդպես է. մեր մայրը տխուր է, միայն թե ծածկում է քեզանից,— ասաց Պետրոսը ծիծաղելով։

— Պատճա՞ռ։

— Որովհետև ես հայտնեցի նրան, որ էլ Աստղիկին չեմ սիրում, և պիտի թողնեմ նրան։

— Ա՜, միթե արժե՞ այդպիսի չնչին բանի համար տխրել… բայց ճիշտ ասա, խնդրում եմ, ինչո՞ւ համար է տխուր։

— Ես հայտնեցի նրան իմ հորեղբոր ինձ արած առաջարկությունը։

— Այո՛, ես մոռացա, ախար չէ՞ որ միայն այդ բանի համար էի ես եկել։ Վաղուց արդեն ես մեր պատշգամբից դիտում եմ, որ ուրիշ ժամանակները ժամը 7-ին արդեն պ. Թովմասը տնից դուրս եկած է լինում, իսկ այսօր 8-ին դուրս գնաց։ Ես իմացա, որ նա անշուշտ քեզ հետ խոսելու համար է ուշացել և չէի կասկածում, որ քեզ հրավիրելու գաղտնիքն էլ արդեն հայտնած կլինի քեզ, ուստի շտապեցի այդ հետաքրքիր [ 215 ] նորությունը լսելու։ Հապա ասա՛, ի՞նչ երևելի նորություն հաղորդեց նա քեզ։

— Նորությունը արդարև երևելի է և մինչև անգամ ուշադրության արժանի։ Բայց նա, ես կարծում եմ, մի ուրիշ և ավելի արժանավոր նորության հետևանք է, մի նորության, որը հորեղբայրս չէ կամենում ինձ պարզեր:

— Առաջ պարզած նորության մասին խոսիր. հետո նրա շարժառիթը կաշխատենք գտնել,— նկատեց օրիորդը։

Պետրոսը պատմեց բոլորը, ինչ որ յուր հորեղբորից լսել էր, սկսած առաջին ողջույնից, մինչև ամենավերջին խոսքը։ Եվ երբ յուր պատմությունն ավարտեց, հարցրեց Աստղիկից.

— Ի՞նչ ես կարծում այժմ, ի՞նչ կարող է լինել այս նորության շարժառիթը։

Աստղիկը, որի վերա կարծես ոչինչ ազդեցություն չարավ Պետրոսի բոլոր պատմությունը, սառնասրտությամբ պատասխանեց։

— Երևի մի գործ, որի համար հորեղբայրդ ակնկալություն ունի Մելքոն Խալաթյանից և այդ բարեկամության միջոցով նա կամենում է հասնել յուր նպատակին։

— Ես էլ այդ կարծիքին եմ. և եթե մեր ենթադրությունը ուղիղ է, ապա ուրեմն էլ բուն գործով հետքարքրվել՝ ավելորդ է. հարկավոր է միայն մտածել, թե ի՞նչ կերպով ավելի լավ է վարվել այս դեպքում։

— Ով որ չէ կամենում նշանակված գործը կատարել և ուժ չունի բացարձակ դժոգհություն հայտնելու, նա փախչում է այդ գործից։

— Այդ ճշմարիտ է. բայց եթե փախչելու ճանապարհ չկա՞։

— Այդ միայն քո կարծիքն է. իսկ ես ճանապարհ գիտեմ։

— Ո՞րն է այդ։

— Այն, որ քո հորեղբայրը քեզ իրավունք է տալիս առաջ աղջիկը տեսնելու։ Սրանից հետևում է, որ ուրեմն քեզ չեն ստիպիլ ամուսնանալ, եթե աղջկան չհավանես. սա արդեն փախուստի մի ճանապարհ է։

— Իսկ աղջիկը՞… [ 216 ] — О՞, նա այնպիսին է, որ անպատճառ կհավանես,— ծիծաղելով պատասխանեց Աստղիկը։

— Շատ լավ, կփորձենք, եթե փախուստը մեզ չի հաջողվիլ, կաշխատենք ընդդիմանալ։ Անասուններին է, որ զոռով սպանդանոց են քարշ տալիս, մարդկանց հետ, ես կարծում եմ, մի փոքր տարբեր կերպով պիտի վարվին։

— Իհարկե, եթե միայն նրանք անմռունչ սպանդանոց չեն գնում, բայց եթե մարդիկը ոչխարների չափ համեստ են, սպանդարարը տարբերություն չէ դնում չորքոտանիների և նրանց մեջ։

— Եվ դու կարծում ես, որ այսպիսի դեպքում կգտնվի՞ մի մարդ, որ անմռունչ դեպի սպանդանոց գնա։

— Ինչո՞ւ չէ. մի՞թե քիչ կան մարդիկ, որոնք ուժ չունենալով կենդանի կյանքի դառնությունները տանելու, մեռելության հանգստություն են պտրտում…

— Եթե սիրո կյանքն է կենդանի կյանքը, ապա, ուրեմն, նրա ճաշակն առնողը հեշտությամբ չի բաժանվիլ նրանից. սա մի ճշմարտություն է։

— Ինչպես և այն, որ բոլոր մարդիկ Աքիլլեսի սրտով չեն ստեղծվել։

— Իհարկե, բայց Թերսիդեսը խո՛ յուր զենքով չէ պարծենում։

— Այսուամենայնիվ, Թերսիդեսն էլ Տրովադայի պատերազմումն էր,— ծիծաղելով նկատեց օրիորդը։

— Ես չէի մտնիլ կռվի դաշտը, եթե իմ ուժի վերա վստահ չլինեի.— խորհրդավոր լրջությամբ պատասխանեց Պետրոսը և սրանով սիրահարների խորհուրդը վերջացավ։

Բոլոր այս խոսակցության ժամանակ տ. Հռիփսիմեն ոչինչ կարծիք չհայտնեց. նա ուշադրությամբ լսում էր յուր որդուն և հարսնացուին, բայց որովհետև նրանց այլաբանություններից շատ բան չէր հասկանում, ուստի գործի մասին հոգալն էլ նրանց թողեց, հավատացած լինելով, որ երկու սիրահարները յուր սրտի ցանկությունը կատարելու համար ավելի կարող են անել, քան թե ինքը տկար ուժով… [ 217 ]
ԻԲ
ՄԵԼՔՈՆ-ԱՂԱ ԽԱԼԱԹՑԱՆԻ ՏԱՆԸ

Պ. Թովմասը Պետրոսի եկած օրի էգսը արդեն հայտնել էր Մելքոն-աղային յուր փեսացուի գալը և խոստացել հետևյալ օրը, որ կիրակի էր, տանել նրան յուր մոտ։

Յուր խոստման համաձայն, Թովմասը վերցրեց Պետրոսին և գնաց։

Մտնելով Մելքոն-աղայի բակը, որ զարդարված էր բազմազան վարդենիների և հազվագյուտ ծաղիկների թփերով, Թովմասը ցույց տվավ նրանց եղբոր որդուն, հետո մատնացույց արավ դրախտանման պարտեզի և հոյակապ ապարանքի վերա, որոնք յուր աչքում շատ մեծ նշանակություն ունեին և հարցրեց.

— Քու ամբողջ Թիֆլիսումդ էլ այսպես տուն տեսած ունի՞ս։

— Սրանից շատ լավերն էլ կան այնտեղ, այնքան լավերը, որ եթե դու տեսնես նրանց, այս տունը մի շատ հասարակ բան կերևա քո աչքում։

— Անկարելի է,— բացականչեց Թովմասը.— այս տունը մի հատ է մեր ամբողջ քաղաքում…

— Գիտեմ, բայց ոչ բոլոր աշխարհում։

— Շատ լավ. բայց խո՛ մեծ բան է այսպիսի տան աղջիկը ուզել. այնպես չէ՞։

— Ի՞նչ եմ ասում, ճաշակի խնդիր է, կան մարդիկ, որոնք տան հետ են ամուսնանում և մարդիկ, որոնք տան աղջկա հետ…

— Տես, ահա՛ Մելքոն-աղան գալիս է, չհամարձակվես նրա մոտ այդպես բաներ խոսելու, թե չէ՝ ինձ կխայտառակես,— կամացուկ շշնջաց պ. Թովմասը և Պետրոսի հետ միասին առաջացավ դեպի Մելքոնը։

— Ահա ձեր փեսացուն. ես նրան հանձնում եմ ձեզ, մնացածը դուք գիտեք,— ծիծաղելով ասաց Թովմասը յուր խնամուն և ծանոթացրեց նրան Պետրոսի հետ։

— Օ՜, բարով, հազա՜ր բարով. բարի լինի գալուստդ, [ 218 ] յուղուրով լինի ոտքդ, ոչ պակաս լինիս մեր տանից.— սրտագին բարեկամությամբ ողջունեց Մելքոնը երիտասարդին և ձեռքից բռնելով առաջնորդեց նրան դեպի տուն։

— Ի՞նչ գեղեցիկ եղբոր որդի ունեք դուք, պ. Թովմաս,— հարցրեց Մելքոնը խնամուն, երբ նրանք ներս մտան տուն։

— Ձեր աղջիկն էլ պակաս գեղեցիկ չէ, երկուսին էլ աստված իրար համար է ստեղծել,— պատասխանեց Թովմասը կատարյալ անկեղծությամբ։

— Այո՛, ճշմարիտ է. բայց Պետրոսը մի քիչ ավելի է։

— Ո՛չ. իմ հարսնացուն ավելի գեղեցիկ է,— նկատեց Թովմասը, կարծելով, թե մի մեծ ճշմարտություն է պաշտպանում։

Թովմասն այն մարդկանցից էր, որոնք կարծում են, թե իրենցից փոքրերը ատամներ չունին։ Նա առանց քաշվելու գովում էր Խալաթյանի աղջկան այն կույր հավատով, թե՝ «Պետրոսը հո չի կարող նրա տգեղությունը տեսնել, ես յուր հորեղբայրն եմ և իրենից մեծը ու խելոքը, ուրեմն ինչ որ ես ասում եմ, կնշանակե ճշմարիտ եմ ասում և ինքն էլ պարտավոր է հավատալ»։ Այս տեսակ խելքի ու հասկացողության տեր մարդիկ շատ կան աշխարհում, որոնք հասակով, կամ նյութական կարողությամբ իրենցից նվաստ մարդիկների մեջ ոչ մի սեփական արժանավորություն չեն ուզում ճանաչել ո՛չ ճաշակի և ո՛չ կարծիքների վերաբերությամբ. և հենց այս սահմանափակ համոզմունքն է պատճառը, որ ի սկզբանե մինչև այսօր հնությունն ու նորությունը անվերջ պատերազմ են մղում իրար դեմ և երիտասարդ ուժը միշտ հաղթող է հանդիսանում, չնայելով որ ծերացած ուժը մինչև յուր վերջին շունչն էլ չէ խոստովանում յուր անկանգնելի պարտությունը…

Բայց Մելքոն Խալաթյանը բոլորովին ուրիշ մարդ էր. նա ավելի խորագետ և փորձված էր, քան ուրիշ շատ խելոք մարդիկ, որոնք առհասարակ հռչակված են լինում հասարակության մեջ։ Նա երեսի միմիկայից արդեն կարողանում էր ճանաչել յուր հետ խոսող մարդուն, և թափանցում էր նրա հոգու մեջ՝ ինչպես մի երևելի դիմագետ, և ըստ այնմ էլ հարմարեցնում էր յուր խոսքը խոսակցի, կամ ունկնդիրների հետ։ Պետրոսի դժգոհ դեմքից արդեն նա գուշակել էր, որ [ 219 ] երիտասարդը սիրով չէ այցելել յուր տունը և որ այդ գործի մեջ տեղի է ունեցել մի բռնություն։ Այդ պատճառով նա աշխատեց գրավել երիտասարդին։

— Է՜, ասա տեսնեմ, սիրելի փեսա, ինչպե՞ս է առողջությունդ, ինչպե՞ս են գործերդ. լսեցի, որ ոսկե մեդալով ես ավարտել ուսումդ, դա մեծ պատիվ է թե՛ քեզ համար և թե՛ հորեղբորդ համար, ապրիս, աստված էլ ավելի շնորհք տա: Բայց տե՛ս, որ շատ չկարդաս, որքան որ ուսում ես առել, բավական է։ Այժմ հասակդ առել ես, ժամանակ է, որ ամուսնանաս և ուրախացնես թե՛ մորդ ե թե՛ հորեղբորդ, որ հարազատ հոր երախտիք է տվել քեզ։

— Շնորհակալ եմ ձեր բարի խորհուրդների համար, պարոն, կաշխատեմ կատարել նրանց, եթե իմ ուժերս կներեն։

— Ուժերի գործադրությունը մեր կամքից ու կորովից է կախված,— նկատեց Խալաթյանը։— Անցան այն ժամանակները, երբ մարդիկ անգործ նստած աղոթում էին, որ այս կամ այն բարի հոգին հաջողե իրենց գործը կամ ձեռնարկությունը։ Այսօր բոլորն էլ հավատում են, որ մի գործ հաջողեցնելու համար ոչ թե հոգիների օգնության պետք է դիմել, այլ հաստատուն կամքին, հոգեկան կորովին, որոնք կարող են հաղթահարել ամենազորեղ արգելքներն անգամ։

— Այդ ճշմարիտ, է. բայց կա և մի փոքրիկ բացառություն, որ քանդում է այդ տեսության ճշմարտությունը։

— Այդպիսի բացառություն ես չեմ ճանաչում։

— Բայց նա գոյություն ունի։ Երբ մի գործի հաջողության դիմադրում է սիրտը, այն ժամանակ կամքը չէ կարողանում հաղթահարել նրան։

— Բայց մի՞թե բազմաթիվ են մեր մեջ այդ տեսակ սրտերը։

— Չգիտեմ, ես միայն իմ ճանաչած սրտերի մասին կարող եմ վկայել։

— Որոնցից մինը երևի ձերն է։

— Իհարկե, մարդիկ շատ անգամ այն բանի վերա են շատախոսում, ինչ որ իրենք ունին։

— Կեցջիք. ես սիրում եմ ձեզ նման ճշմարտախոս երիտասարդներին. և եթե ձեր սիրտը կամենա ինձ հետ բարեկամանալ [ 220 ] ես ինձ շատ բախտավոր կհամարեմ… — խորհրդավոր ժպիտով նկատեց Մելքոն-աղան։

— Բայց գիտե՞ք, որ ես ձեր խոսքերից շատ բան չեմ հասկանում,— ծիծաղելով մեջ մտավ հորեղբայր Թովմասը։

— Ավելի լավ, որքան քիչ բան իմանաք, այնքան ուշ կծերանաք,— նույնպես ծիծաղելով պատասխանեց Մելքոն-աղան.— ես էլ հազիվ եմ ձեր եղբորորդու խորհրդավոր ակնարկությունները հասկանում։

— Չէ, իմ եղբորորդին վատ բան չի ասիլ,— լրջությամբ նկատեց Թովմասը, կարծելով, թե Մելքոն-աղան վատ բան ասելու մասին է խոսում։

Խալաթյանը քթի տակ ծիծաղեց և ակնարկեց Պետրոսին։ Վերջինս ձևացրեց, որ իբր թե չտեսավ Խալաթյանի ակնարկությունը, որովհետև ինքն յուր մեջ վիրավորվեցավ, որ նա ծիծաղում էր յուր հորեղբոր միամտության վերա։

Վերջապես ներս եկան տիկին Անիչկան և օրիորդ Նատալիան. երկուսն էլ փառավոր և շքեղ հագնված, իբրև թե կյուրակեի առթիվ։

Տիկինը ուներ մետաքսյա, մոխրագույն շրջազգեստ, երկայնատուտ և գեղածուփ, զարդարված ամենանուրբ կկոցներով։ Գլուխը, որ ազատ էր վարշամակից, կապված էր գեղեցիկ և ամենախիստ ուշադրությամբ։ Հինգ բթաչափ լայնություն ունեցող և մի գեղեցիկ հյուսկեն եզերում էր նրա թափանցիկ քողը, որ ըստ երևույթին առաջին անգամն էր ազատվել յուր ծալքերից և գեղեցիկ կերպով սքողում էր նրա մազերի երկու փայլուն ոլորները, որոնք խաղում էին նրա քունքերի վերա։

ճակատի կապը, որ հասարակ կանանց մոտ գույնզգույն թելերով է լինում կարված, տիկին Անիչկայինը կերտված էր զուտ ոսկուց և զարդարված մարգարտով։ Նրա մեջ վառվում էին երկու մեծ ադամանդներ, որոնք ամրացրած էին երկու՝ ոսկեղեն քորոցների վերա։

Նույնպիսի ադամանդներով զարդարված մի աստղ էլ հանգչում էր տիկնոջ կրծքի վերա, իսկ երկու շքեղ ապարանջաններ պատում էին նրա փափուկ և սպիտակ բազուկները։ [ 221 ] Օրիորդ Նատալիան հագնված էր առավել մանկական քնքշությամբ։ Նա ուներ բաց վարդագույն, բայց նույնպես մետաքսյա շրջազգեստ, զարդարված սպիտակ հյուսկեններով, բայց ավելի կարճ տարազով, որի տակից երևում էին նրա փոքրիկ սոլերիկները` կարած սպիտակ ատլասից և զարդարված վարդագույն կոճակներով։ Նրա գլուխը սանդրված և հարդարված էր նույնպիսի խնամքով, ինչպես և յուր մորը։ Մի քանի դեղձան հյուսեր գեղեցիկ գանգուրներով իջնում էին նրա ուսերի վերա, իսկ փոքրիկ խոպոպիկները, որոնց շաղապատում էր մարգարտյա մի շարոց, հովանավորում էին նրա ճակատը ինչպես մի արվեստական պսակ։ Համաչափ մեծությամբ մի քանի ադամանդներ, որոնցից երկուսը փայլում էին օրիորդի ականջների մեջ, երկուսը աջ բազկի և մնացածները կուրծքի վերա, լրացնում էին օրիորդի գեղեցիկ զարդարանքը։

Միով բանիվ մայր և աղջիկ, ինչպես բուն գավառացիներ, պճրված էին կարծես մի շքեղ պարահանդեսի համար, որի մեջ դժբախտաբար միակ ասպետը խեղճ Պետրոսն էր:

Մելքոն-աղան յուր շնորհալի պերճախոսությամբ ծանոթացրեց Պետրոսին յուր կնոջ և աղջկա հետ, հայտնելով միևնույն ժամանակ յուր անսահման ուրախությունը այն թանկագին բարեկամության համար, որ պիտի սկսվեր այդ արժանավոր ծանոթությամբ։

Շուտով տիկին Անիչկան, ինչպես ուշադիր տանտիկին, միջոցներ գտավ խոսակցությունը հետաքրքիր անելու։ Յուր փեսացուի ողջությունը հարցնելուց հետո նա ցանկություն հայտնեց լսելու նրանից Թիֆլիսի կանանց կենցաղավարության վերաբերյալ զանազան տեղեկություններ։

Պետրոսը, որ տիկին և օրիորդ Խալաթյաններին տեսնելու րոպեից արդեն, առանց մի որոշ պատճառի, մի տեսակ անզգայության մեջ էր մտել և յուր շուրջ պտտող ամեն երևույթ երազ և ցնորք էր համարում, վերջապես սթափվեցավ յուր թմրությունից և զգալով յուր անբնական դրության տգեղությունը, հավաքեց յուր ուժերը և սկսավ տիկնոջ հետաքրքրությունը գոհացնելու վերա ուշադրություն դարձնել։

— Ինչպիսի՞ տեղեկություններ եք կամենում, որ ես [ 222 ] հաղորդեմ ձեզ Թիֆլիսի կանանց վերաբերյալ,— հարցրեց Պետրոսը տ. Անիչկային։

— Ինչ որ առհասարակ գիտեք։

— Ես շատ բան գիտեմ. բայց թե ո՞ր բանով դուք ավելի կհետաքրքրվեք՝ այդ ես չգիտեմ։

— Այ, զորօրինակ ես կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս են հագնվում այնտեղ հարուստ դասի կանայքն ու աղջիկները, ինչ տեղեր են ավելի հաճախում, կլուբները գնո՞ւմ են, թե ոչ, պարահանդեսներ շա՞տ են սարքվում և այլ այսպիսի բաներ։

— Ձեր այդ տեսակ հետաքրքրությունը, տիկին, ես հազիվ թե կարողանամ գոհացնել,— պատասխանեց Պետրոսը,— այն շրջաններում, ուր կանայք հետաքրքրվում են ավելի հագուստներով, այցելություններով, կլուբներով ու պարահանդեսներով, ես շատ քիչ եմ գտնվել. ուրեմն իմ տված տեղեկություններն էլ շատ հարուստ լինել չեն կարող։

— Բայց էլի ասացեք մի քանի բան։

— Եթե կամենում եք՝ շատ լավ։ Այն կանայք, տիկին, և այն աղջիկները, որոնք երբեք չեն հետաքրքրվում տնային գործերով, որոնք փախչում են խոհանոցից, ինչպես դժոխքից, որոնք չգիտեն, թե ծառան օրական որքանի՞ պաշար է. առնում իրենց համար, և որքա՞ն է գողանում յուր համար, որոնք կարելն ու գործելը ստոր պարապմունք են համարում, որոնք երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կամ աղախիններին են թողնում և կամ վարձկան ու օտար վարժապետներին, այն կանայք, որոնք զբոսանքի ու զվարճության համար են միայն ապրում, իսկ ամուսին, մայր և տանտիկին լինելու ոչ շնորհք և ոչ ձգտումն ունին, այդպես կանայք, տիկին, ինչպես այստեղ, այնպես էլ Թիֆլիսում, միշտ իրենցով են զբաղված. հագուստի վերջին տարազները դեռ ճանապարհին՝ իրենք հագնում են Թիֆլիսում. այդ հագուստներով այցելում են բարեկամներին, հաճախում են կլուբներ, կոնցերտներ, պարահանդեսներ…

— Օ՜հ, այդ ինչպես լավ է. դուք ասում եք, որ հագուստի տարազները դեռ ճանապարհին՝ իրենք նրանց ձևով հագնում են, հա՞: [ 223 ] — Այո՛, այո՛. հագնում են։

— Տեսա՞ր, մայրիկ, հապա ես որ նո՞ւյնն էի ասում,— խոսեց վերջապես և օր. Նատալիան, որին այսօր իրավունք էին տվել դրա համար։

— Ոչ, սիրելիս, դու ասում էիր, որ հենց որ տարազները ստացվում են Թիֆլիսում, իսկույն դերձակուհիները կարում են նրանց ձևով, բայց պ. Պետրոսը բոլորովին ուրիշ բան է ասում և միանգամայն զարմանալի բան. նա ասում է, որ հագուստի տարազները դեռ ճանապարհին՝ նրանց ձևով կարում են Թիֆլիսում, սա գեղեցիկ, սա հրաշալի բան է։

— Բայց ի՞նչ կտորներից են կարում առհասարակ,— հարցրեց կրկին տ. Անիչկան,— մետաքսից, այնպես չէ՞։

— Այո՛, և մետաքսից, և քիշմիրից… Բայց դուք շա՞տ եք սիրում հագնվել։

— Այո՛, բայց իհարկե գեղեցիկ հագնվել, շատ գեղեցիկ, եթե հագուստը գեղեցիկ չէ, չարժե մինչև անգամ նրան հագնել:

— Դուք է՞լ նույն կարծիքին եք, օրիորդ,— հարցրեց Պետրոսը ներքին ծաղրածությամբ։

— Այո՛, պարոն, գեղեցիկ հագուստը մարդուն ավելի շնորհք է տալիս։

— Իսկ եթե այդ մարդը շնորհք չունի՞։

— Այն ժամանակ… այն ժամանակ, իհարկե… կարելի է չհագնել… — շառագունած պատասխանեց օրիորդը, ինքն էլ չիմանալով, թե ինչ է ասում։

— Բայց ես շատ չեմ սիրում գեղեցիկ հագուստները,— գթալով խեղճ օրիորդին՝ ընդհատեց նրան Պետրոսը։

— Դուք չե՞ք սիրում, մի՞թե կարելի է,— բացականչեց տիկինը.— հապա էլ ինչո՞ւ համար ենք ապրում։

— Ինչո՞ւ համար… շատ բան կա, տիկին, որի համար ապրում ենք։

— Ես այդ չգիտեմ, բայց դուք ինչո՞ւ համար եք ընդդեմ գեղեցիկ հագուստներին։

— Անշուշտ հագուստների դեմ ես ոչինչ չունիմ, ես ընդդեմ եմ նրանց հագնողներին։

— Ինչո՞ւ համար։ [ 224 ] — Որովհետև ա՛յն կինը, որ յուր բոլոր հոգսն ու մտածմությունը իրեն զուգելու ու զարգարելու մեջ է կենտրոնացնում, նա անպետք է յուր բուն, կանացիական պարտավորությունների համար։

— Ես այդ չգիտեմ, բայց մի՞թե դուք ոսկեղեն ու քարեղեն զարդարանքներին էլ ընդդեմ եք։

Պետրոսը զարմացած նայեց տիկնոջ երեսին, մի րոպե կարծելով, թե նա ցնորված է. բայց հանկարծ մտաբերելով, որ լուսավորված աշխարհը միլիոնավորները ունի դրանցից, լավ համարեց շարունակել.

— Այո՛, տիկին, ես ընդդեմ եմ և ոսկեղեն ու քարեղեն զարդարանքներին։

— Օ՜, մի՞թե կարելի է, հապա աշխարհում նրանցից ավելի գեղեցիկ էլ ուրիշ ի՞նչ կա։

— Ակունքների մասին դուք իրավունք չունիք խոսելու, որովհետև աշխարհի մեջ ամենաթանկագին բաները նրանք են,— հայտնեց յուր կարծիքը և օրիորդ Նատալիան։

Պետրոսը ծիծաղեց։

— Մի՞թե չեք հավատում,— աչքերը մեծացնելով հարցրեց օրիորդը։

— Հավատում եմ, օրիորդ, բայց գիտե՞ք ինչ կա…

— Ոչ։

— Ուրեմն լսեցեք. ես իմացել եմ, որ դուք ռուսերեն ու ֆրանսերեն կարդացած եք, երևի կարդացած կլինեք և այն, որ աշխարհի զանազան մասերում վայրենի մարզիկներ կան, այնքան վայրենի, որ մինչև անգամ իրենց նման մարդիկներին ուտում են. բայց նրանք էլ զարդարանքների վերա ուշադրություն են դարձնում։ Կա՛ն վայրենիներ, որոնք իրենց երեսը, ճակատը, կամ մարմինը զանազան գույներով նախշում են. կան վայրենիներ էլ, որոնք ծակում են իրենց քիթը և ականջները ու նրանց մեջ գունավոր փետուրներ են խցկում և այլն, սրանից ես եզրակացնում եմ, որ ա՛յն կինը, որ յուր ականջների, կրծքի կամ բազուկների վերա զարդարանքներ է կախում, ոչնչով չի տարբերվում այդ վայրենիներից. զանազանությունը միայն զարդարանքների գնի մեջ է, այսինքն, [ 225 ] որ վայրենիները թռչունների փետուրներն են խցկում իրենց ականջները, իսկ մեր կանայք՝ ոսկի ու ադամանդ…

— Չգիտեմ. ես այդպես բաներ չեմ կարդացել,— խոսեց օրիորդը,— «Մարգոյի» մեջ լավ պատմություններ շատ կան, բայց վայրենիների մասին բան չկա գրած։

— Երևի այդ տեսակ բաները հայոց գրքերումն է գրած,— նկատեց տիկինը օրիորդին։

— Շատ կարելի է, ես հայերեն գրքեր չեմ կարդացել։

— Դուք հայերեն չե՞ք կարդացել,— զարմանք կեղծեչով հարցրեց Պետրոսը։

— Ոչ,— ժպտալով պատասխանեց օրիորդը։

— Մի՞թե, բայց ինչո՞ւ համար չեք կարդացել։

— Որովհետև հայերենը ոչ մի բանի պետք չէ գալիս։

— Ինչպե՞ս թե ոչ մի բանի պետք չէ գալիս։

— Այնպես էլի, պետք չէ գալիս։

— Բայց մենք այժմ այստեղ հայերեն չե՞նք խոսում:

— Ի՞նչ դուրս եկավ դրանից։ Հապա եթե մի խնջույքում, կամ պարահանդեսում կամենաք ասել այս տիկնոջ շլեյֆը երկար է, կամ այս օրիորդի կրուժիաները գեղեցիկ են, ինչպես կարող եք ասել։

— Հենց այդպես, ինչպես որ ասացիք։

— Ներողություն, այդպես չէ կարելի. շլեյֆ և կրուժիաներ բառերն էլ հայերեն պետք է ասել. բայց հայերեն լեզուն այնքան աղքատ և ողորմելի է, որ այսպիսի երևելի անունների համար բառեր չունի։

— Հա՞. տեսնո՞ւմ եք, հապա պատասխանեցեք իմ Նատաշին,— պարծենալով խոսեց տիկին Անիչկան, կարծելով, թե յուր աղջիկը յուր երևելի փիլիսոփայություններով Պետրոսի ձեռքն ու ոտքը կապեց:

Պետրոսը մի կարեկցական հայացք ձգեց տգետ մոր և աղջկա վերա և շշնջաց Շիլլերի գեղեցիկ խոսքը. «Հիմարության դեմ աստվածներն անգամ իզուր են կռվում…»։

Բայց խոսակցությունը կարճ կտրելու համար հարկավոր էր, որ նա մի պատասխան տար տիկնոջը։

— Ձեր աղջիկը այնպես գեղեցիկ օրինակ բերավ, որ ես նրան պատասխան տալ չեմ կարող. ես արդարև հաղթված [ 226 ] եմ,— ասաց նա և մայր ու աղջիկ ուրախ-ուրախ սկսան ծիծաղել։

Մելքոն-աղան, որ դիտմամբ Թովմասի հետ առանձնացել էր սենյակի մի անկյունը, որպեսզի յուր կնոջը ավելի ժամանակ տա Պետրոսին գրավելու, տիկնոջ բարձր ծիծաղի վերա մոտեցավ հետաքրքիր խմբին և մեծ հաճությամբ լսեց յուր կնոջ զեկուցումը, թե ինչպես Նատաշան հաղթեց պ. Պետրոսին մի երևելի վիճաբանության մեջ։

— Հապա՛, հապա՛. ես իզուր չեմ հազարներ վատնել իմ Նատաշային կրթության տալու համար, — հպարտանալով խոսեց Մելքոն-աղան,— նա այժմ այնքան բան գիտե, որ կարող է դաս տալ մինչև անգամ մեր աղջեկերանց դպրոցի վարժուհուն։

— Օրիորդ Աստղիկի՞ն, նա ի՞նչ գիտե. դու էլ աղջկա անուն տվիր,— արհամարհական եղանակով նկատեց տիկինը։

Աստղիկի անունը ամբողջ մարմնով ցնցեց երիտասարդին. նրան թվաց, թե ինքը մասնակցում է մի մեծ հանցանքի, որովհետև յուր աչքի առաջ մի անարժան բերանով սրբապղծվում էր յուր առաքինի սիրուհու անունը։

— Կարծեմ ժամանակ է, որ մենք գնանք, սիրելի հորեղբայր. արդեն բավական ձանձրացրինք մենք մեր բարեկամներին,— տեղից վեր կենալով խոսեց Պետրոսը։

— Գնանք, այո՛, ժամանակ է,— պատասխանեց Թովմասը նույնպես տեղից վերկենալով, բայց խիստ դժգոհ եղբորորդու վարմունքից, որովհետև ինքը դեռ նոր էր գեղեցիկ տանտիկնոջ հանդեպը նստել և դեռ միտք ուներ մի փոքր ժամանակ նրա գեղեցիկ ժպիտներով հիանալու։

— Դեռ ի՞նչ գնալու ժամանակ է,— խոսեց տիկինը,— մի փոքր սպասեցեք, որ սուրճ վայելեք, մոռացա հրամայել, որ սուրճ պատրաստեն, սպասեցեք մի փոքր, այս րոպեին կպատրաստվի։

— Պետք է շնորհակալ լինել ուրեմն, որ դուք մոռացեք եք,— դժգոհությամբ նկատեց Մելքոն-աղան։

— Խնդրեմ, խնդրեմ, մի նեղանաք,— թախանձեց Պետրոսը.— գեղեցիկ հագուստներն ու քարեղենները մեզ այնքան [ 227 ] զբաղեցրին, որ տիկինը իրավունք ուներ այդքան փոքր բանի վերա ուշադրություն չդարձնելու։

— Շնորհակալ եմ, դուք ինձ հասկանում եք,— ասաց տիկինը.— բայց էլի մի փոքր եթե մնայիք՝ շատ ուրախ կլինեի։

— Ոչ, ոչ, մեծապես շնորհակալ եմ ես, մանավանդ ուրիշ տեղ այցելության պիտի գնամ, խոստացել եմ,— վճռաբար հայտնեց Պետրոսը և ձեռքը պարզեց տիկնոջը։

Վերջինս էլ չընդդիմացավ և քնքշաբար սեղմեց յուր ապագա փեսացուի ձեռքը։

Պետրոսը նույնպես ողջունեց օրիորդին, նրա հորը ու դուրս գնաց։

Բայց Թովմասը մի քանի րոպե ուշացավ բարեկամների մոտ։

Մելքոն-աղան հետաքրքրվեցավ իմանալու, թե արդյոք հավանե՞ց Պետրոսը յուր Նատաշին և կամ ե՞րբ կլինի պաշտոնական նշանադրությունը։

Թովմասը, որ առաջին հարցին որոշ պատասխան տալ չէր կարող, երկրորդի մասին էլ ոչինչ չասաց. միայն խոստացավ հետևյալ օրը վերջնական պատասխան բերել երկու հարցի համար էլ։

ԻԳ

ՄԻԱԿ ԱՊԱՎԵՆԸ

Վերադառնալով տուն, Թովմասը տարավ եղբորորդուն յուր առանձնարանը և սկսեց հարցուփորձել նրան։

— Ի՞նչպես գտար հարսնացուդ, Պետրե, կարծեմ շա՛տ հավանեցիր, այնպես չէ՞։

— Ինչո՞ւ չէ. լավ աղջիկ էր,— պատասխանեց Պետրոսը, կամենալով նախընթաց ավուր որոշման համաձայն գործել. այսինքն միառժամանակ խորամանկություն բանեցնել, մինչև որ տեսնե, թե բանը ինչո՞վ է վերջանում։

— Լավ աղջիկ լինելուն խոսք չկա. բայց դու ա՛յն ասա, հավանեցի՞ր նրան, թե ոչ։ [ 228 ] — Հավանեցի։

— Ա՜հ, փառք աստուծո. հապա որ ես գովո՞ւմ էի… Տեսա՞ր նրա հասակը, նրա շնորհքը, նրա խոսելը. դեռ մի մտածի՛ր թե ո՞ւմ աղջիկն է. Մելքոն-աղա Խալաթյւսնի. քաղաքի ամենաառաջին հարստի. և ո՜րքան օժիտ կբերե և ի՜նչ ապահովություն է քո ապագայի համար այդպիսի հարուստ աներ ունենալը: Օ՜ , գիտես, թէ քանի՜—քանի՜ երիտասարդներ պիտի նախանձեն քո բախտին։

— Այդ բոլորը գիտեմ։

— Իհարկե կիմանաս. երեխա հո չե՞ս։ Բայց ասա տեսնեմ, ե՞րբ ես ուզում, որ նշանադրությունն ու հարսանիքը լինի, այդ մեկը ես ուզում եմ, որ անպատճառ քո կամքով լինի։

— Դեռ շատ ուշ։

— Այսինքն քանի՞ օրից ետ։

— Oր չէ՛, հորեղբայր. տարիներից խոսիր։

— Ի՞նչպես։

— Այո՛, առնվազն մի չորս տարի դեռ պետք է սպասել, մինչև որ ես համալսարան կերթամ, ուսումս կավարտեմ և կվերադառնամ։

— Ինչե՜ր ես խոսում. աղջիկն արդեն տասնևութ տարեկան է. նրան ի՞նչպես կարելի է այդքան ժամանակ պահել. այդ հասակի աղջկանը մեր քաղաքում արդեն պառաված են համարում, իսկ դու դեռ նրան չորս տարի էլ ես ուզում սպասել տալ։

— Քսաներկու տարին աղջկա ամուսնության ամենալավ ժամանակն է։

— Դատարկ բաներ մի՛ խոսար. որքան էլ որ այս գործը ուշանա, մի կամ երկու շաբաթից ավելի չի կարող ուշանալ, կարող ես պսակվել և հետո, ինչպես ես քեզ խոստացա, էլի գնալ ուսմանդ ետևից։ Քո հարսնացուն ես ու մայրդ մեր աչքի լույսի պես կպահենք։

— Բայց այդ անկարելի է, ամուսնանալ և հետո գնալ համալսարան. դա շատ ծաղրելի բան է։

— Ծաղրելի ոչինչ չկա. կամուսնանաս, կինդ կթողնես մեզ մոտ ու դու կերթաս քո ուսմանդ։ [ 229 ] — Ոչ, հորեղբայր, այդ բանում դուք չպիտի բռնադատեք ինձ․ ամուսնանալուց ետ անկարելի է ուսում շարունակել․ իսկ ես չեմ ապրիլ եթե ինձ միջոց չտաք իմ ուսումս ավարտելու։

— Չէ, որդի, ավելի խոսել հարկավոր չէ. դու այն արա, ինչ որ քո հորեղբայրդ խորհուրդ է տալիս քեզ. դու գիտես, որ նա քո թշնամին չէ։ Երկու կամ երեք օրից ետ հանդիսավոր նշանադրություն կանենք, և մի շաբաթից, կամ տասն օրից հետո փառավոր հարսանիք։ Եվ դեռ տես, թե ինչ հարսանիք եմ անում քեզ համար. ամբողջ քաղաքը պետք է ոտի վերա լինի քո պսակի գիշերը։

— Այդ բոլորը լավ, հորեղբայր, բայց ես ասացի ձեզ, որ անկարելի է ինձ այդպես շուտ ամուսնանալ։

— Ես էլ ասացի, որ ավելի խոսել հարկավոր չէ. տասն օրից ավելի չպիտի ուշանա այս գործը։

Պետրոսը պարզ տեսավ, որ յուր խորամանկությունը մի հաջող նպատակի չհասցրեց իրեն, ուստի լավ համարեց ճշմարիտ խոսակցությամբ ավարտել գործը։

— Սիրելի հորեղբայր,— ասաց նա,— ես կամենում եմ անպատճառ ավարտել իմ ուսումս. սա կարծեմ մի հանցանք չէ ինձ համար։

— Իհարկե։

— Ուրեմն եթե այս նպատակիս համար էլ ես աշխատում եմ ձեզ չգրգռել, այս էլ մի հանցանք չէ։

— Ի՞նչպես, չեմ հասկանում։

— Այո՛, ես Խալաթյանի աղջկան չեմ հավանում և երբեք էլ չեմ ամուսնանալ նրա հետ. ավելի լավ է այժմյանից ճշմարտությունը ասել և ապագայում ցավ չպատրաստել ոչ ինձ և ոչ ձեզ համար։

Թովմասը կարծես քնից զարթնած վեր թռավ յուր աթոռից։

— Ինչե՜ր ես խոսում, Պետրե. գժվե՞լ ես դու։

— Հանգստացեք, հորեղբայր, ես չեմ գժվել և միայն ճշմարտությունն եմ խոսում։

— Դու չասացիր, թե հավանում եմ աղջկան։

— Ներեցեք ինձ, ես այդ ասացի միայն ձեզ չգրգռելու [ 230 ] համար․ և ես այժմ տեսնում եմ, որ սխալվեցա. որովհետև քանի որ դուք ձեր մտքում դրել եք անպատճառ ամուսնացնել ինձ այն աղջկա հետ, և ես որոշել եմ ամենևին չամուսնանալ նրա հետ, կնշանակե մենք երբեք չենք հաշտվիլ այս խնդրում և ուրեմն ավելի լավ է բուն ճշմարտությունը խոստովանվել։

— Եթե ա՛յն է ճշմարտությունը, որ դու Խալաթյանի աղջկան չես հավանում ուրեմն չես ամուսնանալ նրա հետ, կնշանակե դու երբեք էլ համալսարան չես տեսնիլ և ուսումդ չես ավարտիլ,— վճռաբար ասաց Թովմասը։

— Բայց չէ՞ որ դուք ասացիք ինձ, թե տես աղջկան, եթե կհավանես, լավ, եթե չէ, կարող ես էլի քո ուսման ետևից գնալ։

— Ասացի, բայց այժմ այդպես չեմ կամենում, դու պետք է անպատճառ ամուսնանաս այն աղջկա հետ։

— Բայց ինչո՞ւ համար անպատճառ, ի՞նչ գաղտնիք է այդ, վերջապես, որ դուք բերել եք տալիս Թիֆլիսից, արգիլում եք ինձ իմ ուսումս շարունակել և ստիպում եք, որ ես ամուսնանամ, պարզեցեք ինձ այդ գաղտնիքը, գուցե դրանով դուք կարողանում եք համոզել ինձ…

— Ոչինչ գաղտնիք չկա։

— Անկարելի է, այդ գաղտնիքը գոյություն ունի, բայց դուք ծածկում եք ինձանից։

Թովմասը մի րոպե լռեց և սկսավ մտածել, «Պատմենք սրան բանի էությունը, գուցե, իրավ, համոզվում է նա․ ամուսնանալու գործը իրեն է պատկանում, լավ է, որ իմ ստիպելու պատճառն էլ ինքը իմանա»-մտածեց Թովմասը և պատմեց նրան Մելքոն-աղա Խալաթյանի շնորհիվ յուր վերցրած կապալի բոլոր պատմությունը, սկսելով դրացի Սիգոյի հայտարարությունից և վերջացնելով յուր Թիֆլիս քաշած հեռագրով։

Պետրոսը, որ հորեղբոր պատմությունը լսելով հետզհետե կատաղում էր, վերջում արդեն յուր համբերությունը կորցրեց։

— Ուրեմն դուք ինձ վաճառե՞լ եք Մելքոն Խալաթյանին,— դառնացած բացականչեց երիտասարդը։— և ի՞նչ [ 231 ] իրավունքով էիք այդքան անխիղճ կերպով իմ բախտի հետ խաղում…

— Այդպես բաներ մի՛ խոսիր, Պետրե, չէ՞ որ ես էլ քո բախտավորության համար եմ մտածում, ո՞ւմ պիտի մնան իմ աշխատած փողերը․ դու չե՞ս արդյոք իմ միակ ժառանգը աշխարհում։

— Որին այսուամենայնիվ դուք վաճառել եք մի կապալով…

— Դարձյալ նո՞ւյն խոսքերը։

— Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։

Ուրեմն քեզ ամուսնացնելը՝ քեզ վաճառե՞լ կնշանակե։

— Բայց ո՞ւմ հետ եք ամուսնացնում։

— Մի հարուստ, մի պատվական աղջկա հետ։

— Ավելի լավ է ասացեք մի հրեշի։

— Ինչո՞ւ համար այդպես անխիղճ ես դու, Պետրե, մի՞թե այն աղջիկը այդքան էլ տգեղ է, որ դու նրան հրեշ ես անվանում։

— Տգե՞ղ․ մի՛թե տգեղության մասին է խոսքը, աղջիկը տգեղ չէ երբեք, եթե տգեղությունը նրա դեմքի վերա է նշմարվում, ի՞նչ բան է հենց նույն ինքը գեղեցկությունը— մի փայլ, որ անհետանում է խորշակի առաջին հարվածից, կամ մի ծաղիկ, որ մի ժամվա մեջ թառամում է արևի կիզիչ ճառագայթների առաջ։ Կնոջ արտաքին գեղեցկությունը նույն նշանակությունն ունի յուր ամուսնու համար, ինչ որ նրա պսակի փայլուն հանդերձանքը, որոնք մի օրից հետո էլ չեն գրավում նրան, որովհետև կորցնում են իրենց հանդիսական նշանակությունը։ Մի կին հավիտյան գեղեցիկ և հավիտյան գրավիչ լինելու համար պետք է փայլի ներքին, հոգեկան գեղեցկությամբ։ Ի՞նչ հարկավոր է ամուսնուն այն կինը, որ հրեշտակի կերպարանք ունի, բայց սատանայի սիրտ, միթե գրավիչ հայացքը կարո՞ղ է բուժել այն վերքը, որ բանում է ամուսնու սրտի մեջ թունավոր լեզուն… Չէ, աղջկա արտաքին գեղեցկությունը չէ կարող գրավել ինձ, ո՜րքան գեղեցկություններ կան, որոնք թափառում են հասարակաց սրահներում և որոնց ամեն մի անցորդ կարող է գնել մի քանի [ 232 ] փողով… Ես պտրում եմ աղջկա մեջ ներքին, հոգեկան գեղեցկություն, մի արժանիք, որին չեն կարող թառամեցնել ոչ խորշակի հարվածները և ոչ արևի ճառագայթները. մի արժանիք, որ չէ հնանում և չէ ժանգոտում, այլ գործող արորի նման օրըստօրե հղկվում, փայլում է և տեսնողների աչքերն է խտտղում… Ահա՛ իմ պաշտած գեղեցկությունը, ես սրա հետ միայն կարող եմ ամուսնանալ…

— Ապրիս, շատ ապրիս,— բացականչեց Թովմասը,— ես էլ ճիշտ քո գաղափարն ունիմ արտաքին գեղեցկության վերա և հենց առաջին անգամ որ Մելքոն-աղայի աղջկա անունը լսեցի, ճիշտ այդպիսի մի խորհրդածություն էլ ես արի։ Ուրեմն մենք համամիտ ենք մի բանում, որ աղջկա արտաքին գեղեցկությունը մեծ բան չէ, աղջիկը ներքին գեղեցկություն պիտի ունենա։ Է՜հ, Մելքոն-աղայի աղջիկն էլ հենց մեր ուզածն է։ Ճշմարիտ է, նա արտաքին գեղեցկություն չունի, բայց ներքին գեղեցկությո՞ւն… o՛, երևելի է, երևելի. դու հո՛ տեսար, թե ի՞նչպես հաղթեց քեզ վիճաբանության մեջ։ Պետրոսը, որքան էլ դառնացած, այսուամենայնիվ չկարողացավ յուր ծիծաղը զսպել։

— Դու ծիծաղո՞ւմ ես․ բայց մենք հո՛ լսում էինք ձեզ թեկուզ ձեզանից հեռու նստած,— նկատեց Թովմասը։

— Ո՞ւմ մասին եք խոսում, հորեղբայր․ Խալաթյանի աղջկա և նրա մեջ եք դուք ներքին գեղեցկություն գտել։

— Հա՛, ի՞նչ է։

— Շատ ուրախ եմ, որ դուք գնահատում եք ներքին գեղեցկությունը, բայց ցավում եմ, որ երբեք չեք ճանաչում նրան։

— Ինչպե՞ս թե չեմ ճանաչում, քո կարծիքով Խալաթյանի աղջիկը ոչինչ ներքին գեղեցկություն չունի՞։

— Այո՛, հորեղբայր, այո՛, նրա արտաքին կերպարանքից ավելի տգեղ է նրա ներքին կերպարանքը, նրա միտքը, սիրտը և հոգին։ Ի՞նչ է նա, մի տիկնիկ, մի խաղալիք, որի վերայի զարդարանքը ավելի փող արժե, քան յուր ամբողջ գոյությունը։ Եվ մի աղջիկ, որ այնպիսի մայր ունի, որպիսին [ 233 ] Խալաթյանի կինն է, մի՞թե ավելի արժանիք կարող էր ունենալ, քան ինչ որ ունի։

— Խալաթյանի կնոջ մասին արդեն դու իրավունք չունիս վատ կարծիք հայտնելու, նա այնպիսի մի կին է, որի նմանները շատ չեն գտնվում մեր ժամանակում, ես հիացած եմ։

— Դուք կարող եք նրանով հիանալ, այդ ձեր իրավունքն է, բայց որ նա ոչնչություն է, այդ ճիշտ է։

— Դու արդեն չափազանցում ես։

— Բոլորովին։

Այդ կինը ստեղծված է միայն նրա համար, որ ուտի, խմի, հագնվի, զարդարվի և առանց մի օգտավետ գործի վերա մտածելու, կամ մի արժանավոր գործով պարապելու, սպանե յուր ժամանակը զբոսանքներով, զվարճություններով և այցելություններով։

— Էլ ուրիշ ի՞նչ ունի անելու։

Փառք աստուծո, նա այնքան հարուստ է, որ ոչ մի բանի վերա մտածելու կարիք չունի։

— Չէ, հորեղբայր, դեռ չէ ստեղծվել այն կինը, որ խելք ունենա և յուր բոլոր ժամանակը անօգուտ զվարճություններով անցնե։ Խելոք կինը, որքան էլ հարուստ լինի նա, դարձյալ շատ գործ ունի շինելու։ Արդեն տանտիկին և մայր լինելը, որից չի հրաժարվել ոչ մի խելացի կին, ինքնըստինքյան մեծ գործ է կնոջ համար։ Որովհետև ոչ մի ծառա, ոչ մի աղախին չեն կարող այնպես հոգալ մի տան օգտի և շինության համար, ինչպես հոգածու և շրջահայաց տանտիկինը․ ոչ մի վարժապետ, ոչ մի վարժուհի չեն կարող այնպես խնամել և դաստիարակել մանուկներին, ինչպես որդեսեր մայրը, որ սովորել է կրթության գործը և անընդհատ պարապում է նրանով։ Հետևապես մի կին, որ այնքան ուշադրություն է դարձնում զարդարվելու ու պչրվելու վերա, որքան Խալաթյանի կինը, նա չէ կարող լավ տանտիկին լինել, մի կին, որ նրա չափ այցելությունների ու զվարճությունների սիրահար է, չէ կարող արժանավոր և ոչ էլ օրինակելի որդիներ դաստիարակել. որովհետև «ոչ ոք չէ կարող երկու տիրոջ ծառայել», ինչպես ասում է Քրիստոսը։ Պարզ է, ուրեմն, որ Խալաթյանի [ 234 ] կինը այսպիսի մի չնչին արարած լինելով, յուր աղջկանից էլ յուր նման մի ոչնչություն պիտի ստեղծեր։

—Թեպետ ես դեռ չեմ համոզվում, որ տ. Անիչկան այնքան չնչին արարած է, որպիսին դու ես ներկայացնում, այսուամենայնիվ մի վայրկյան ընդունենք, թե քո նրա մասին հայտնած կարծիքը ճշմարիտ է և թե նա արդար և մի անպետք կին է. բայց ինչո՞ւ համար աղջիկն էլ նրա նման պիտի լինի, քի՞չ վատ մայրեր կան, որոնք լավ աղջիկներ ունին և լավ մայրեր, որոնք վատ աղջիկներ ունին։

—Դրանք բացառություններ են. բուն ճշմարտությունը այն է, որ չար ծառը բարի պտուղ չի բերիլ։ Բայց եթե ենթադրենք, թե այս կարծիքն էլ սխալ է, այսուամենայնիվ ես տեսա այն աղջկան նա այնքան հասարակ փայտից է տաշված, որ ամենատգետ հյուսնը անգամ կարող է նրան ճանաչել։

—Ի՞նչ պակասություն տեսար դու այն աղջկա մեջ։

—Որտեղ ոչ մի առավելություն չկա, այնտեղ արդեն ամեն ինչ պակասավոր է։

—Ես քո գրաբար մտքերը չեմ հասկանում, պարզ խոսիր տեսնեմ, թե ի՞նչ պակասություն գտար այն աղջկա մեջ:

—Ես ո՞ր մեկը թվեմ. առաջինը՝ նա հայ չէ…

—Լռի՛ր, լռի՛ր, ինչպե՜ս թե հայ չէ. նա ինքն էլ է հայ, ծնողներն էլ են հայ, պապերն էլ են հայ… — շտապով ընդհատեց Թովմասը Պետրոսին.— եթե որ բոլոր մեղադրանքներն էլ այդտեսակ են, վա՜յ քո հոգուն։

—Ես այդքան տգետ չեմ, սիրելի հորեղբայր, ինձ դուք չեք հասկանում. ես գիտեմ, որ նա հայ ծնողներից է ծնվել, հայ եկեղեցում է մկրտվել. բայց քանի որ նա հայ հոգով չէ մեծացել, հայերեն չէ կարդացել, հայություն չէ սիրել, նա ինձ համար հայ չէ։ Իմ ապագա ամուսինը չպիտի համարձակվի իմ առաջ իմ մայրենի լեզուն ծաղրել. բայց այդ աղջիկը այդպես արավ. եթե նա ուրիշ շատ թանկագին արժանավորություններ էլ ունենար, այսուամենայնիվ նրա այդ միակ վարմունքը բավական էր, որ ես նրան իբրև իմ սատանային՝ ատեի, ինչպես մի փանաքի որդն արհամարհեի… Բայց նա ոչ մի ուրիշ արժանավորություն էլ չունի. տգետ է վերին աստիճանի. ամենահասարակ նյութի մասին անգամ [ 235 ] խոսել ու դատել չգիտե և սովորած է միայն հագնվելու ու զուգվելու։ Ինչի՞ս է հարկավոր, ուրեմն, այդպիսի մի աղջիկ, որ յուր գոյությամբ ապացուցանում է միայն ոչնչության գոյությունը…

Հորեղբայր Թովմասը շարժեց գլուխը, ձգվեցավ յուր աթոռի մեջ և մի քանի րոպե Պետրոսի վերա լուռ ու մունջ նայելուց ետ ծանր և լուրջ ձայնով հարցրեց։

— Ուրեմն դու քո մտքում դրել ես, որ անպատճառ անպատվե՞ս ինձ։

— Քավլիցի՛ քո պատիվը իմ անվան պատիվն է ինչո՞ւ պետք է ես անպատվեմ քեզ։

— Բայց խո չե՞ս կամենում Խալաթյանի աղջկա հետ ամուսնանալ։

— Ո՛չ. մեռնելս ավելի կգերադասեմ։

— Շատ լավ, այդ նշանակում է, որ դու ինձ անպատվում ես. որովհետև ես քեզ ասացի, որ այն մարդուն ազնիվ ու պատվավոր խոսք եմ տվել, ուրեմն եթե ես չեմ կարողանում իմ պատվավոր խոստումը կատարել, կնշանակե ես անպատիվ եմ դառնում և ինձ անպատվողը իմ հարազատ եղբոր որդին է, որին ես պահել, մեծացրել և ուսում եմ տվել, որի վերա ես հարազատ հորից ավելի երախտիք ունիմ… Այսպես է, թե ոչ։

՝— Շատ եմ ցավում, որ այդպես է։

— Քո ցավելուն էլ այսուհետև կարիք չունիմ ես, այս րոպեին մենք մեր հաշիվը կվերջացնենք։

Այս ասելով Թովմասը դիմեց դեպի գրասեղանը և ամուր զանգահարեց։

Ծառան իսկույն ներս եկավ։

— Կանչի՛ր այստեղ իմ հարսին,— հրամայեց նա։

Մի քանի րոպեից ներս մտավ տիկին Հռիփսիմեն տխուր և երկչոտ դեմքով, կարծես գուշակելով յուր որդու գլխին գալիք չարիքը։

— Քո որդին հայտնած կլինի քեզ իմ ցանկությունը, որ էր՝ ամուսնացնել նրան Մելքոն-աղա Խալաթյանի հարուստ դստեր հետ և բախտավորացնել թե իրեն և թե՛ քեզ։

— Այո՛, հայտնել է։ [ 236 ] — Շատ լավ. բայց չնայելով երկու օր շարունակ իմ նրա գլխին կարդացած քարոզներին, այսուամենայնիվ քո պարոն որդին մնում է յուր համառության մեջ, և այդպիսով չարաչար անպատվում է ինձ։ Իմ վերջնական վճիռը հայտնելուց առաջ, ես կամենում եմ քո միտքն էլ իմանալ. ասա՛ ինձ, արդյոք այս բանում դու էլ համաձա՞յն ես քո որդու հետ, թե՞ ոչ։

— Ամուսնացողը Պետրոսը ինքն է. եթե նա չի հավանում աղջկան, ես ի՞նչ կարող եմ ասել նրան։

— Ուրեմն դուք երկուսդ էլ, մայր և որդի, միացել եք ինձ դեմ, ինձ խայտառակելո՞ւ համար։ Եթե այդպես է, ես կամա-ակամա պիտի պաշտպանեմ ինձ։ Թշնամուն ոչ ոք յուր տան մեջ չէ պահում. այդ պատճառով ես անհրաժեշտ եմ համարում հայտնել ձեզ, որ այսօր ևեթ թողնեք դուք իմ տունը՝ երբեք էլ այստեղ ոտք չդնելու պայմանով։ Ես կամենում եմ մխիթարվել գոնե նրանով, որ տան մեջ ես թշնամիներ չեմ պահում…

Այս խոսքերը Թովմասն արտասանեց այնքան լուրջ և վճռական ձայնով, որ տիկին Հռիփսիմեի մեջ էլ կասկած չմնաց, որ յուր անողոք տագրը վերջնականապես արտաքսում է իրենց յուր տնից։ Իսկույն նրա աչքերը արտասուքով լցվեցավ և նա սկսավ լալ։

Պետրոսը տեսնելով մոր արտասուքները, մի արհամարհական ակնարկ ձգեց յուր անսիրտ հորեղբոր վերա և դիմելով դեպի մայրը, գրկեց նրան և սրտառուչ ձայնով ասաց.

— Մի՛ լար, իմ անգին մայրիկ, քո Պետրոսը դեռ կենդանի է. նրա սրտում այնքան ուժ կա, որ կարող է մշակություն անել և ազատ ապրեցնել քեզ քո ազատ տան մեջ. գնանք, գնանք այստեղից, ուր անսիրտ և դաժան բռնությունից զատ ոչինչ չես տեսել դու…

Այս ասելով երիտասարդը բռնեց արտասվող մոր թևից և դուրս հանեց նրան սենյակից։

Երբ նրանք իջնում էին սանդուղքներով, տ. Հռիփսիմեն հարցրեց.

— Ո՞ւր ես տանում ինձ, որդի, ո՞ւմ կարող ենք մենք այժմ դիմել… [ 237 ] — Իմ Աստղիկի մոտ, մայրիկ, իմ Աստղիկի մոտ, նա է այժմ մեր միակ ապավենը…

Այս ասելով նա իջավ մոր հետ սանդուղքներից և դիմեց դեպի սիրուհու տունը:

ԻԴ

ՍԻՐՈՒՀԻՆ ՍՓՈՓՈՒՄ է

Այն միջոցին, որ Պետրոսն ու Հռիփսիմեն ներս մտան Աստղիկենց բակը, օրիորդը պարտեզի մեջ զբաղված էր յուր ծաղիկներով։ Տեսնելով սիրելիներին, նա թողեց յուր գործը և ուրախ ու ժպտադեմ դիմավորեց նրանց։ Բայց որքա՜ն եղավ նրա զարմանքն ու երկյուղը, երբ նա նկատեց մոր և որդու անսովոր տխրությունը և մանավանդ Հռիփսիմեին` արտասվաթոր աչքերով։

— Ի՞նչ է պատահել ձեզ, մայրիկ, ինչո՞ւ տխուր եք դուք, փառք աստուծո, երկուսիդ էլ առողջ եմ տեսնում. ո՞ւմ հետ է, ուրեմն, մի դժբախտություն պատահել, ասացեք, աղաչում եմ.— սրտատրոփ հարցրեց օրիորդը։

Հռիփսիմեն տխրությամբ նայեց մի րոպե որդու վշտահար դեմքի վերա և ապա դառնալով դեպի Աստղիկը, առանց մի բառ արտասանել կարողանալու, հեկեկաց և նրա պարանոցով փարելով սկսավ դառնապես լալ։

— Մայրիկ, մայրիկ, ի՞նչ պատահեց ձեզ. ինչո՜ւ եք իմ սիրտը կտրտում,— ջերմությամբ գրկելով նրան, բացականչեց օրիորդը.— ասացեք ինձ, աղաչում եմ, ի՞նչ է պատահել ձեզ, դու ասա ինձ գոնե, Պետրե, ի՞նչ դժբախտություն է հասել ձեզ…

— Ոչինչ, սիրելիս, մի հասարակ դժբախտություն, որին ես ամեն օր սպասում էի։

— Բայց ի՞նչ դժբախտություն է այդ վերջապես։

— Իմ հորեղբայրը մեզ արտաքսեց յուր տնից քեզ հայտնի գործի պատճառով, և այժմ մենք քեզ ենք դիմել իբրև մեր միակ ապավենին՝ այս ընդարձակ աշխարհի մեջ… [ 238 ] — Օ՜հ, եկեք, եկեք, իմ ազնիվ, իմ թանկագին բարեկամներ. եկեք մեզ մոտ. մեր տունը ձեր սեփականությունն է, մեր կամքը ձեր ծառան, մեր սիրտը ձեր գերին… Որքա՜ն շնորհակալ եմ աստվածանից, որ մեր միակ սիրելիներին առաջնորդում է մեզ մոտ, միշտ միասին և ուրախ ապրելու համար։ Եկեք մեզ մոտ, սիրելիներս, և մի տխրեք բնավ. ալս հարկը, որի տակ ապրում ենք մենք, բավական կլինի չորս միաշունչ սրտերի բնակության համար։ Այստեղ ոչ ոք չի խանգարիլ մեր ուրախությունը, ոչ ոք չի դառնացնիլ մեր երջանիկ կյանքը. եկեք, սիրելիներս, եկեք. թող մեզանից յուրաքանչյուրը երկու հարազատ մայրեր ունենա այսուհետև և մեր մայրերը՝ երկու հարազատ զավակներ…

Այս ասելով բռնեց օրիորդը տ. Հռիփսիմեի և Պետրոսի ձեռքից և տարավ նրանց տուն։

Տ. Եղիսաբեթը, որ տան մեջ յուր գործով էր զբաղված և հետևապես պատահած նորության մասին ոչինչ չգիտեր, սարսափելով լսեց Պետրոսի բոլոր պատմությունը և հազիվ էր կարողանում հավատալ նրա ճշմարտության։ Բայց վերջում հուսալիր խոսքերով մխիթարեց թե՛ մորը և թե՛ որդուն և հայտնեց յուր անկեղծ և կատարյալ ուրախությունը՝ նրանց յուր տունը ապավինելուն համար։

Քիչ ժամանակից ետ, երբ Պետրոսի և նրա մոր հուզմունքն անցավ, Աստղիկը սկսավ զանազան խոսակցություններով զբաղեցնել բարեկամներին, որպեսզի տխրելու ժամանակ չտա նրանց։

— Մեզ մոտ ամեն բան այսպես է, Պետրե, և դեռ երկար այս դրությունը կշարունակվի,— խոսում էր օրիորդը.— ճշմարիտ բարերարությունը անծանոթ է դեռ մեր երկրին և բացառապես մեր ազգին. այդ պատճառով մեր բարերարները ամեն տեղ էլ կամ բռնավորներ են, կամ փառամոլներ։

— Դրանցից ոմանք բարերարությունը անում են նույն հաշվով, ինչ հաշվով որ վաշխառուն փող է տալիս յուր խնդրարկուին։ Ինչպես որ վերջինս ձեռք չի վերցնում պարտապանից, մինչև որ սահմանյալ տոկոսներով յուր վերջին ստակը չէ ստանում, այնպես էլ մեր բարերարները խեղճ բարերարյալի օձիքը չեն թողնում, մինչև որ նա յուր վայելած [ 239 ] բարյաց փոխարեն արժանավոր ստրկություն չէ անում իրենց: Իհարկե, երբ որ ազգի մեջ գոյություն ունեցող մի բարեգործական հաստատություն, մինչև անգամ հրապարակային կանոնագրությամբ, պարտք է դնում իրենից բարերարված և երիտասարդների վերա` մի որոշ ժամանակ ծառայել յուր հրամաններին, իբրև թե վայելած բարյաց փոխարենր հատուցանելու համար, և այսպիսով սրբապղծում է ճշմարիտ բարեգործության նշանակությունը, էլ ի՞նչ իրավունք ունինք մենք ավելին պահանջել մասնավոր անհատներից, որոնցից յուրաքանչյուրը յուր խելոք գլխի տերն բայց ավելի անբարոյականացնում է ժողովրդին մեր բարեկամների մի ուրիշ դասը, որ գլխավորապես կազմված է փառամոլ և սնապարծ անհատներից: Մեկ էլ տեսնում ես լրագրի ճակատին մեծ-մեծ տառերով արձանագրվեցավ պարոն կամ տիկին Մանսուրյանի մեծ բարեգործության պատմությունը Ի՞նչ է պատահել. հետաքրքրությամբ կարդում ես ներբողը. և դուրս է գալիս, որ պարոնը բարեհաճել է հինգ ռուբլի նվիրել Օձուն գյուղի ուսումնարանին, իսկ տիկինը` յոթանասուն կոպեկ` Հայրիկի սովյալներին… Եվ ի՞նչ, կարծում եք թե այս զոհաբերությունները առանց արժանավոր վարձատրությա՞ն են մնում։ Ոչ. իսկույն միևնույն լրագրում Օձուն գյուղի հասարակությունը յոթանասուն մարդու ստորագրությամբ շնորհակալության ուղերձ է հրատարակում, իսկ Հայրիկը բազկատարած, Վանի մայր եկեղեցում, Մանսուրյանի գովության քարոզն է խոսում… Իհարկե, քանի որ մի երկրում թզուկ նվիրատուները այսքան հեշտությամբ մեծ բարեգործներ են հռչակվում, և կա ժողովուրդ, որ առանց քննության, փառաբանում է նրանց, ի՛նչ զարմանք, ուրեմն, որ այս ու այն անկյունում, անհայտության դատապարտված փառամոլներ, որոնք զլանում են իրենց քաղցած ու մերկանդամ ազգականին հինգ սև փողի բարերարություն անելու, իրենց ողորմելի գոյությունը աշխարհին հայտնի անելու համար, հանկարծ ազգի բարերարներ կամ մեկենասներ են հռչակվում. ոմանք ներսես Պատրիարքին բացառիկ նվերներ ղրկելով, այլք Վանի խեղկատակներին դրամական օժանդակություններ անելով, իսկ ուրիշները Սահակ Բագրատունու, Դավիթ Մամիկոնյանի [ 240 ] և այլ մեկենասների փառքը նսեմացնելու և շողոքորթ հեղինակների ներբողականին արժանանալու համար, գրքերի ճակատին իրենց պայծառ անունն ու ազգանունը արձանագրելով…

Բայց ո՞ւր, է ճշմարիտ բարեգործությունը, որ բխում է առաքինի մարդու սրտից, որ կատարում է աջ ձեռքը — առանց ձախի գիտության… Ո՞ւր է ա՛յն բարեգործը, որ բարերարում է ոչ նրա համար, որ յուր առաջ խոնարհեն, որ իրեն փառաբանեն, այլ որ այրին անօգնական չմնա, որ որբը փողոցներում չմուրա, որ ուսումնածարավ երիտասարդը տգետ չմնար, որ կարոտ ընտանիքի մեջ հուսահատություն չտիրե…

Այդպիսի բարերարներ մենք չունենք և գուցե երկար էլ չենք ունենալ, քանի որ նույնիսկ հրապարակախոսի ձայնը խեղկատակ փառամոլների դատն է պաշտպանում…

Այո՛, Պետրե, չպետք է տխրել, ուրեմն, որ հորեղբայր Թովմասը արտաքսում է քեզ յուր տնից՝ յուր անիրավ հրամանին չհնազանդելուդ համար։ Այո՛, նա քեզ պահել, մեծացրել և ուսում է տվել, նա քեզ վերա փողեր է ծախսել, և այդ այն նպատակով, որ դու նրա համար ապրես, նրա՛ խելքով դատես, նրա՛ կամքով գործես։ Իսկ երբ դու համարձակվում ես ապրել իբրև ազատ մարդ, մի՞թե շատ խիստ է երևում քեզ որ նա արտաքսում է ձեզ յուր տնից։ Չէ, սիրելիս, եթե նրա տեսակետով նայես գործի վերա, անշուշտ շատ բնական կգտնես նրա վարմունքը։ Ուրեմն ձեզ մնում է մխիթարվել նրանով,որ գոնե այսուհետև իրավունք ունիք դուք ապրելու և գործելու իբրև ազատ մարդիկ. այս էլ մի բարիք է, որ չպետք է արհամարհել։

— Ես չեմ վշտանում նրա համար, որ հորեղբայրս յուր արած երախտաց փոխարեն անիրավ զոհաբերություն էր պահանջում ինձանից,— պատասխանեց Պետրոսը,— և չեմ էլ տխրում, որ նա իմ ընդդիմության պատճառով արտաքսեց մեզ յուր տնից, նրա վարմունքը շատ բնական էր։ Այսուհետև ինչպես որ էլ լինի, ես կարող եմ ապրել և ապրեցնել ինձ հետ մորս. բայց ես վշտանում և տխրում եմ նրա համար, որ չկարողացա իմ նպատակին հասնել… Այժմ ես զրկված եմ համալսարան գնալու ամեն միջոցներից, որովհետև ունեցած [ 241 ] ժամանակս ստիպված պիտի լինիմ զոհել իմ և մորս գոյությունը պահպանելու համար… Բայց ես ի՜նչ հույսեր չէի տածում իմ ապագայի համար… Այո՛, կորա՜ վ ամեն բան, կորա՜վ անդառնալի…— Այս խոսքի հետ միասին կարծես Պետրոսը պատրաստվում էր արտասվել, բայց օրիորդի ձայնը կանգնեցրեց նրա արտասուքները։

— Մի՞թե դու այնքան մեծ նշանակություն ես տալիս համալսարանական ուսմանը, որ նրանից զրկված լինելը քեզ համար դժբախտությո՞ւն ես համարում,— հարցրեց Աստղիկը Պետրոսին։

— Իհարկե, քանի՞ փող արժե այն կյանքը, որ գերի է տգիտության… — Շատ անգամ մի ամբողջ հարստություն։

— Ինչպե՞ս. ես չեմ հասկանում։

— Բնական է, որ չհասկանաս, որովհետև դու չես կամենում ապրել այնտեղ, որտեղ հասարակաստեղծ մարդիկն են ապրում: — Դարձյալ չեմ հասկանում, մի՜թե այդքան էլ հպարտ եմ ես։

— Ոչ, դու հպարտ չես, բայց սարսափում ես իրական կյանքին մոտենալ։ Ի՞նչ են անում այն մարդիկը, որոնք ոչ միայն համալսարանական, այլ մինչև անգամ տարրական կրթություն չունին առած, և մի՞թե կարծում ես, թե նրանք շատ դժբախտ են ապրում։

—Ընդհակառակը, հենց տգիտությունն է, որ նրանց կյանքը քաղցրացնում է։

— Ահա՛, դու ինքդ բացատրեցիր իմ խոսքի միտքը, ուրեմն տգիտությունը շատ անգամ մի ամբողջ հարստություն արժե։

— Իհարկե, բայց այն կույրերի համար, որոնք լույսի վերա գաղափար չունին։

— Ով որ մի աչք ունի, նա էլ բավական առատ վայելում է աստուծո ստեղծած լույսը։ Ուրեմն չպետք է դժգոհ լինել բախտից եթե նա երկու աչքից չէ զրկում մարդուն։

— Դու ինձ մեղադրում ես նրա համա՞ր որ ես ավելին եմ պահանջում, քան ինչ որ ունի՞ մ։ [ 242 ] — Այո՛, Պետրե, դժգոհությունը դժոխքի բանալին է ով որ գոհ լինել չգիտե, նա միշտ կարոտ կմնա երջանկության. աշխատի՛ր սովորել ունեցածովդ շատանալ և կյանքը կծիծաղե քեզ։ Նրանք, որոնք աշխատում են միշտ ավելին և կատարելագույնը ձեռք բերել, կմեռնին աշխատության ճանապարհի վերա, անծանոթ՛ կյանքի քաղցրություններին… Սովորիր հաշտվել ա՛յն ճակատագրի հետ, որ բախտը սահմանել է քեզ համար, և եթե այդ ճակատագիրը չէ դառնացնում քո կյանքը, մի՛ կռվիր դու նրա հետ…

—Ուրեմն ի՞նչ անեմ ես այսուհետև։

—Ապրի՛ր, ահա՛ բոլորը։

—Բայց մի՞թե ես դրա համար բավական հարստություն ունիմ…

—Այնքան, որ կարող է բավականանալ և նրանց, որոնց դու կկամենաս երջանկացնել քեզ հետ…

—Ես չեմ տեսնում այդ հարստությունը։

—Իսկ նա իմ առջևն է. — երիտասարդ և առույգ հասակ, սրտի և հոգվո կենդանություն, մտքի բավականաչափ զարգացում և այս բոլորին պաշտող մի սիրտ, որ պատրաստ է քեզ համար ամեն զոհաբերության. մի՛թե էլ ուրիշ բան պակասում է քեզ…

Գորովվելով այս խոսքերից, նայեց Պետրոսը յուր սիրուհու աչքերին, որոնք այդ ժամանակ վառվում էին կրկնակի կրակով և նրանց մեջ կարծես յուր մի նոր կյանքի արշալույսը նշմարելով,— ուրախությամբ բացականչեց.

—Այո՛, Աստղիկ, դու ճշմարիտ ես խոսում, ես հարուստ եմ և ինձ կարող են նախանձել մարդիկ, որովհետև դու սիրում ես ինձ և քեզ չեն կարող խլել ինձանից…

—Եթե այդ մեկ հարստությամբը գոնե դու գոհ ես, ուրեմն խոստացիր ինձ այս օրվանից արդեն ամեն բան մոռանալ և ապրել քեզ սիրող սրտերի համար…

Պետրոսը, որ բավական սփոփվել էր սիրուհու խոսքերով, մոտեցավ նրան և խանդաղատանոք նրա ձեռքը բռնելով ասաց.

—Որովհետև իմ այս թշվառ չքավորության մեջ անգամ դու սիրում ես ինձ, ուրեմն էլ ոչ մի ցավ չէ մնում ինձ աշխարհում. [ 243 ] հենց այս րոպեից սկսած ես մոռանում եմ թե՛ ինձ հասած անպատվությունը և թե՛ իմ համալսարանական ցնորքները։ Այս օրվանից արդեն ես կմտնեմ դրական կյանքի մեջ և կապրեմ քեզ համար և քեզ հետ միասին՛ մեր ծնողաց համար․․․

Աստղիկը ի նշան շնորհակալության, ջերմագին սեղմեց, սիրելվո ձեռքը և ամբողջ օրը անցուցին նրանք ուրախ տրամադրության մեջ, ուրախացնելով և իրենց մայրերին։

ԻԵ

ԳՈՅՈԻԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈԻԹՅՈԻՆ

Թեպետ Աստղիկը շատ էր աշխատում Պետրոսին և նրա մորը շարունակ զբաղեցնելու, որպեսզի տխուր անցքի ազդեցությունը կարելույն չափ թեթև անցներ նրանց համար, բայց Պետրոսը չկարողացավ երկար ժամանակ արհեստական ճանապարհով ուրախանալ։ Երկրորդ օրվանից արդեն նա զգաց յուր վիճակի ծանրությունը և մտածում էր ինքն իրեն,— «Արտաքսված մեր հարազատ տնից, մայր ու որդի ապավինել ենք մի օտար աղջկան։ Որքան էլ անուշադիր թողնենք մենք բամբասասեր հասարակության խոսքն ու զրույցը, դարձյալ կա մի հարգելի պատճառ, որ պիտի ստիպե մեզ ազատել այս մարդկանց մեր անկոչ ներկայությունից։ Աստղիկը մի խեղճ վարժուհի է, և նրա ստացած համեստ ռոճիկը հազիվ կարող է բավականանալ իրենց անպաճույճ սեղանին։ Մեր այս տան մեջ ապրելը կրկնակի վնաս կարող է հասցնել մեր բարեկամուհիներին․ առաջին՛ որ նրանք ստիպված կլինեն սովորականից ավել ծախսելու և երկրորդ՝ որ իմ ներկայությունը, իբրև մի օտար երիտասարդի, արատ կարող է բերել այս առաքինի աղջկա անվանը։ Բամբասասեր մարդիկ, որոնք իրենց հոգու հանգստությունը զրպարտելու և անվանարկելու մեջ են գտնում, բավական համոզիչ փաստ կարող են ունենալ իրենց ձեռքում խեղճ Աստղիկիս արատավորելու համար։ Եվ մեր դպրոցական վարչությունը, որ երևի [ 244 ] յուր պաշտոնակից մյուս վարչությունների նման խիստ նախանձախնդիր է յուր իրավասության տակ գործող անձանց բարոյական համարման, հեշտությամբ հավատ կընծայե տարածված լուրերին և կարձակե դպրոցից յուր աննման աշխատավորին… Այս երկուսն էլ ուշադրության արժանի խնդիրներ են։ Մյուս կարևորագույն խնդիրն այն է, որ ինձ հարկավոր է այսօրվանից արդեն մտածել իմ ապագայի վերա։ Ի՞նչ իրավունք ունիմ ես մի րոպե անգամ այս հրեշտակին սիրելու և նրան իմ ապագայի ընկեր անվանելու, քանի որ ես մի կատարյալ ոչնչություն եմ այժմ և մի սև փող անգամ չունիմ իմ գրպանում մի կտոր հաց գնելու համար… Սա մի չափազանց ստոր դրություն է. լինել երիտասարդ, ունենալ առողջ ու առույգ կազմվածք, խելք ու բանականություն և անգործ նստել մի տան մեջ, որի հացը մի տկար աղջիկ է հայթայթում… o՜, սա անտանելի է, բոլորվին անտանելի… Թող կորչի՜ համալսարանը, թող կորչի՜ն գիտությունները․ հեռո՜ւ ինձանից գաղափարական ցնորքներ, ես այսուհետև դրական գործունեություն եմ ուզում. ցնորքներով թող հարուստ մարդիկ զբաղվին…»։

Այս մտածմունքներով դուրս գնաց Պետրոսը սիրուհու տնից, յուր մտքում հաստատապես որոշելով՝ չվերադառնալ այդտեղ, մինչև որ յուր համար մի արդյունավոր պարապմունք չգտնե։

Ով որ ամբողջ ամիսներով անգործ թափառել է փողոցներում, նա միայն կարող է հասկանալ, թե ո՛ր աստիճան հանդուգն որոշում էր անում Պետրոսը յուր համար, մանավանդ այնպիսի մի քաղաքում, ուր ո՛չ առևտրական մեծ տներ կային, ո՛չ հաշվարարական գրասենյակներ, ո՛չ արտադրող գործարաններ և ոչ գործավորի կարոտ մասնավոր մարդիկ։ Գոնե դպրոցական արձակուրդների ժամանակը չլիներ, դարձյալ կարելի էր վարժապետական պաշտոն ձեռք բերել մի տեղ. բայց հուսո այդ ճանապարհն էլ փակված էր նրա առաջ։

Այսուամենայնիվ բախտը երբեմն կյանքին անծանոթ միամիտներին օգնում է իրենց ցանկության չափով։

Պետրոսը դեռ նոր էր մտել շուկայի հրապարակը, երբ [ 245 ] նրան պատահեց յուր հին ծանոթ Սերոբյանը, որի անունը մենք առիթ ունեցանք նախընթաց գլուխներում հիշատակելու։ Նա այժմ բավական փոխվել էր նույնիսկ արտաքին կերպարանքով. երկու տարի առաջ տեսած այն նիհար և նվազ Սերոբյանը, այժմ մեծացել, գիրացել և գեղեցկացել էր, որովհետև նա արդեն քննիչի պաշտոն ուներ և յուր արդյունավոր եկամուտը ներքին ուրախությունից զատ արտաքին առույգություն և զվարճություն էլ էր տվել նրան։ Սովորական հարց ու բարովից ետ, Սերոբյանը հետաքրքրվեցավ իմանալու, թե ինչո՞ւ Պետրոսը Թիֆլիսից ուղղակի համալսարան չէր գնացել և ի՞նչ հարկ կար ժամանակ վատնել հայրենիք վերադառնալու համար։

— Ես իմ ցանկությամբ չեկա այստեղ, ինձ բերել տվին,— պատասխանեց Պետրոսը։

— Ի՞նչպես, ո՞վ։

— Իմ հորեղբայրը։

—Եվ ի՞նչ պատճառով։

— Շատ կարևոր պատճառով։

— Այսի՞նքն։

Պետրոսը համառոտ պատմեց ընկերին յուր հորեղբոր կապալի և Խալաթյանի աղջկա պատմությունը։

Սերոբյանը մնաց զարմացած, այդպիսի նորություն առաջին անգամ էր նա լսում յուր կյանքում։ Բայց ավելի զարմացավ և մանավանդ սրտմտեց, երբ իմացավ, թե հորեղբայրը արտաքսել է Պետրոսին յուր տնից, նրա ընդդիմության պատճառով։

— Տեր աստված, ի՜նչ չարություններ չեն ծածկվում այդ սուտ ճգնավորների սրտերում,— զայրացած բացականչեց Սերոբյանը,— հեռվից նայողը այնպես կկարծեր, թե քո հորեղբոր բերանում լեզու չկա. թե նա մի մարմնացյալ բարություն, մի մարմնացյալ առաքինություն է։ Եվ ո՞վ կհավատա քո պատմածների ճշմարտության։

— Եվ ես ոչ ոքին էլ չեմ պատմիլ. եթե քո սիրտն էլ վաղուց չճանաչեի, գուցե քեզանից էլ ծածկեի այս բանը, որովհետև իմ հորեղբոր վարմունքը ա՜յնքան ամոթալի է, [ 246 ] որ ես ինքս նրա մասին խոսել ամաչում եմ, և կցանկանայի է որ ոչ ոք քաղաքում չիմանար այդ բանը։

— Եղբա՛յր, երբ տեսար, թե գործը այդպիսի խայտառակությամբ է վերջանում, ինչո՞ւ չհամաձայնվեցար ամուսնանալու։ Մելքոն-աղան քաղաքիս առաջին հարուստն է, նրա աղջիկն էլ այնքան շատ տգեղ չէ։ Շատ երիտասարդներ կան, որոնք տենչանոք կփափագեին այդ բախտին հանդիպել. բայց դու անպայման մերժել ես նրան։ Մի՞թե կարծում ես, թե ապագայում չե՞ս զղջալ այդ մերժման համար։

— Երբեք, էլ չեմ զղջալ,— պատասխանեց Պետրոսը և ապա հայտնեց ընկերին յուր մերժման բուն պատճառը, որ էր օրիորդ Աստղիկի հետ ունեզած սերը։ նա պատմեց նրան նույնպես այդ սիրո մանրամասն պատմությունը, կցելով ընդնմին և յուր արդի դրության տխուր նկարագիրը։

Սերոբյանը, որ ի բնե ազնիվ և դյուրազգաց սիրտ ուներ, շատ գորովվեցավ Պետրոսի պատմությամբ։

— Քո այսպիսի դրության մեջ, Պետրե, դու կարոտում ես անշուշտ մի անձնվեր բարեկամի օգնության,— կարեկցաբար ասաց նա ընկերոջը,— ի՞նչ բանում կարող եմ ես ծառայել քեզ, ասա անկեղծությամբ, ես կաշխատեմ օգնել քեզ։

— Որովհետև իմ համալսարան գնալու հույսը կորավ ուրեմն ինձ հարկավոր է մի պարապմունք, որով իմ և մորս գոյությունը պահպանել կարողանամ. եթե կարող ես, մի գործ գտիր ինձ համար, ահա՛ այս է իմ խնդիրը։

— Մի գո՞րծ, շատ լավ, բայց ի՞նչ գործ ես կամենում։

— Այժմ գործի տեսակը ինձ համար նշանակություն չունի. անցա՜ն գաղափարական կյանքի ցնորքները։ Այժմ ես կանգնած եմ տխուր իրականության հողի վերա, տո՛ւր ինձ մի գործ, ի՞նչ տեսակից էլ որ ուզում է լինի, միայն թե ապրելու փող տա նա ինձ։

Uերոբյանը մի փոքր ժամանակ սկսավ մտածել և հետո կարծես մի գյուտ անելով ուրախությամբ հարցրեց.

—Պետրե, կկամենա՞ դու դատարան մտնել։

—Թեկուզ մի դարբնոց երկաթ ծեծելու համար…

—Շատ լավ, ուրեմն պաշտոնը արդեն պատրաստ է։

— Ի՞նչ պաշտոն,— սրտատրոփ հարցրեց Պետրոսը։ [ 247 ] — Բավական արդյունավոր։

— Բայց ո՞րտեղ։

— Դատարանում։

— Կատակ չե՞ս անում։

— Իհարկե ոչ։ Դու անշուշտ հիշում ես, որ այստեղ հաշտարար դատարանում մի հին գայլ կար, որ ատենադպրի պաշտոն էր վարում։

— Այո՛, հիշում եմ, Միկիթ-բեկը, որ իմ հորեղբոր բարեկամն էր։

— Քո հորեղրոր բարեկա՞մը։

— Այո՛, նա նրա իդեալն էր։

— Հասկանալի է, ագռավի խնամին կաչաղակն է լինում․ բայց ինչ որ է, այդ պարոնը յուր մի քանի բարեկամների համար մի ինչ որ կապալի առաջարկության թղթեր պատրաստելում խարդախություն է արել, որի մասին այդ բարեկամները գանգատ են տվել դատարանին, ներկայացնելով ընդնմին նրա ձեռքով պատրաստած թղթերը. գործը հանձնված է այժմ իմ քննության, իսկ պ. ատենադպիրը արդեն հրաժարեցրած է յուր պաշտոնից։ Հետևապես այդ պաշտոնը պարապ լինելով, նրան առայժմ վարում է սեղանապետը։ Հաշտարար դատավորը, որ մի երիտասարդ, ազնիվ սրտով և զգացմունքներով համալսարանական է, շատ սրտակից բարեկամ է ինձ հետ։ Ես կխնդրեմ նրանից այդ պաշտոնը քեզ համար, և հույս ունիմ, որ նա չի մերժիլ իմ խնդիրը։

Պետրոսի դեմքի վերա փայլեց մի ուրախության ժպիտ. նա բռնեց Սերոբյանի ձեռքը և ջերմությամբ սեղմելով նրան ասաց․

— Սիրելի բարեկամ, այդ շնորհը, որ անում ես դու, ամենաթանկագինն է ինձ համար աշխարհում. բայց աղաչում եմ, եթե հնար է, այսօր ևեթ վերջացրու գործը, որովհետև ես երդվել եմ չվերադառնալ իմ Աստղիկի մոտ, մինչև որ հաստատուն պարապմունք չգտնեմ ինձ համար։

— Եթե այդպես է, շատ լավ․ այս րոպեին իսկ կարելի է դիմել իմ բարեկամին,— պատասխանեց Սերոբյանր,— նա այնքան բարի է, որ ժամանակի խտրություն չէ ճանաչում․ գնանք միասին, ես նրան կծանոթացնեմ քեզ հետ և մինչև [ 248 ] անգամ քո համառոտ կենսագրության և արդի գրության հետ. և քաջահույս եմ, որ այսօր ևեթ այս գործը կվերջանա։

Եվ երկու բարեկամները դիմեցին ուղղակի դեպի դատարան, որովհետև օրվա այդ ժամին դատավորը միշտ այնտեղ էր գտնվում։

Ատյանը բացված չէր․ Սերոբյանը տեղեկացավ, որ դատավորը դեռ յուր առանձնարանումն է և Պետրոսի հետ միասին դիմեց նրա մոտ։

Դատավորը արդարև մի երիտասարդ, ազնվական կերպարանքով և քաղցր բնավորությամբ պարոն էր, որ շատ մտերմաբար ողջունեց Սերոբյանին և սիրով ընդունեց Պետրոսի ծանոթությունը, աթոռ առաջարկելով նրանց, որ նստեն։

— Ֆերդինանդ Անտո՛նովիչ, ես ձեզանից մի շնորհ խնդրելու եկա,— սկսավ խոսել Սերոբյանը,— և հուսով եմ, որ դուք չպիտի մերժեք ինձ։

— Եթե մի բանով կարող եմ ծառայել ձեզ, հրամայեցեք, ես ձեր խոնարհ ծառան եմ,— քաղաքավարությամբ պատասխանեց դատավորը։

— Որքան ինձ հայտնի է, այստեղ ատենադպրության պաշտոնը պարապ է և աչքի առաջ կարծեմ դեռ ոչ ոք չկա. ես եկա ձեզ խնդրելու, որ այդ պաշտոնը բարեհաճեք իմ այս բարեկամին հանձնելու, որը թե՛ ամեն հարմարություն ունի այդ գործի մեջ ազնվաբար ծառայելու և թե՛ մանավանդ կարոտություն՝ շուտափույտ օգնության։ Դուք զարգացած երիտասարդ եք և ընդունակ կարեկցելու. ես կբացատրեմ ձեզ այն հարգելի պատճառը, որ ստիպել է այս պարոնին իմ միջնորդությամբ ձեր օգնությանը դիմելու և հուսով եմ, որ դուք ձեր կողմից կփութացնեք այդ օգնությունը։ Եվ Սերոբյանը համառոտ, բայց ամփոփ կերպով պատմեց դատավորին Պետրոսի ո՞վ լինելը, ո՞րտեղ և ի՞նչպես ուսում ավարտելը, հորեղբոր ձեռքով նրան հասած դժբախտությունը, այդ դժբախտության գլխավոր պատճառները, նրա սիրահարությունը օրիորդ վարժուհու հետ և վերջապես նրա անել դրությունը վերջին անցքերից ետ։

Այս բոլորը նա պատմեց այնքան շնորհալի պերճախախոսությամբ, [ 249 ] որ դատավորի կարեկցությունը շարժեց Պետրոսի վերա։

— Եթե մեր ծերուկները այդքան անողորմ են վարվում նորածիլ երիտասարդության հետ,— նկատեց դատավորը,—մեր երիտասարդներիս պարտավորությունն է թև և թիկունք լինել նրան, որպեսզի երիտասարդության ձգտումները չվտանգվին և ապագան մեծ մարդիկներից չզրկվի: Շնորհակալ եմ, որ այդ բանի համար դիմել եք ինձ։ Թեպետ ձեր հիշած պաշտոնի համար աչքի առաջ մի երկու ուրիշ պարոններ էլ կային, բայց ինձ համար ուրախություն է օգնել նրան, ով որ ավելի է կարոտում. այդ պատճառով ինչ որ կարող եմ անել պ. Մարալյանի համար, ես կանեմ։ Վաղվանից արդեն պարոնը մեր դատարանի ատենադպիրը կարող է լինել: Ես կպատվիրեմ սեղանապետին, որ կարևոր ծանոթությունները տա նրան, իսկ մյուս օրվանից պարոնի վկայականները և հաստատության թուղթը կառաջարկեմ ուր որ անկ է։

— Դուք այնքան մեծ շնորհ եք անում ինձ, մեծապատիվ պարոն,— զգացված խոսեց Պետրոսը,— որ ես բառեր չեմ գտնում իմ ամենաանկեղծ շնորհակալիքը ձեզ հայտնելու. միայն խոստանում եմ, իբրև ազնիվ մարդ, ծառայել ձեզ այնքան անձնվիրվածությամբ, որքան վայել է մի ամբողջ կյանքով շնորհապարտ մարդուն…

— Ես ավելի չեմ անում, քան ինչ որ իմ պարտքն է,—նկատեց դատավորը.— թող մեզանից յուրաքանչյուրը բարիք գործե այնքա՛ն, որքան կարող է, և մենք թշվառներով շրջապատված չենք լինի ամեն օր։

Պետրոսը և Սերոբյանը կրկին և կրկին անգամ շնորհակալություն արին ազնիվ դատավորին և ուրախությամբ դուրս գնացին դատարանից։

Երբ նրանք արդեն փողոցումն էին, Պետրոսը դարձավ բարեկամին.

— Սիրելիս, դու ինձ կատարելապես պարտավորեցրիր։ Հուսահատությունը, որի մոտենալը առավոտվանից արդեն ես զգում էի (թեպետ ինքս ինձ աշխատում էի արիացնել), կարող էր ինձ ընկճել, եթե ես այսօր չպատահեի քեզ։ Ի՞նչ են անում արդյոք ա՜յն ողորմելիները, որոնց ինձ նման հալածում [ 250 ] է բախտը, բայց որոնք ինձ նման հառաջավար բարեկամ չեն գտնում աշխարհում․․․ Ասա՛ ինձ, սիրելիս, ինչո՞վ կարող եմ ես երբևիցե վարձահատույց լինել քեզ։

— Երբ կգա ա՛յն երջանիկ օրը, որ դու կպսակվես օրիորդ Աստղիկի հետ, այն ժամանակ դու ինձ քեզ խաչեղբայր կկարգես,— ահա՛ այս կլինի քո ինձ անելիք հատուցումը,— ծիծաղելով պատասխանեց Սերոբյանը։

— Օ՜, դու կամենում ես քո մշտական բարեկամությա՞մբ ինձ բախտավորեցնել,— բացա կանչեց Պետրոսը․— շնորհակալ եմ, թող այդպես լինի, տուր քո ձեռը քո ստորագրության փոխարեն։

Սերոբյանր պարզեց յուր աջը Պետրոսին և երկու բարեկամները ջերմագին միմյանց ձեռք սեղմեցին ի նշան հաստատուն բարեկամության։

Վերադառնալով տուն, Պետրոսը անհանգիստ գրության մեջ գտավ թե՛ սիրուհուն և թե՛ մայրերին, որովհետև տնից դուրս գալու ժամանակ նա ոչ ոքին ոչինչ չէր՝ հայտնել։

—Այս ի՞նչ արիր դու մեզ հետ, Պետրե,— առաջինը բացականչեց օրիորդը,— դու գաղտնի դուրս եկար տնից մեղ երկյուղով և անձկությամբ տանջելո՞ւ համար․․․

— Ընդհակառակը, ձեզ հաստատուն ուրախություն բերելու համար,— ծիծաղելով պատասխանեց Պետրոսը և մանրամասնաբար պատմեց նրանց յուր անսպաս հաջողության պատմությունը։

Մի րոպեի մեջ բոլոր տունը ուրախությամբ լցվեցավ. Աստղիկը սեղմեց Պետրոսի ձեռքը ի նշան անհուն շնորհակալության, տ․ Եղիսաբեթը համբուրեց նրա ճակատը, իսկ մայր Հռիփսիմեն միայն կարողացավ ուրախությունից արտասվել։

Երկու սիրահարների համար այս բախտավոր օրը տոնական նշանակություն ստացավ և նրանք ուխտեցին երբեք չմոռանալ նրան։ [ 251 ]

ԻԶ

ԺԱՄԱՆԱԿ է ՊՍԱԿՎԵԼՈՒ

Հետևյալ առավոտվանից Պետրոսը յուր պարապմունքը սկսավ հաշտարար դատարանում և մի քանի օրվա մեջ արդեն յուր բնածին ընդունակությամբ ծանոթացավ բոլոր դատարանական գործերին և սկսավ ուշի ուշով օրինաց գրքերր ուսումնասիրել, որպեսզի յուր պաշտոնին ըստ ամենայնի բարեխղճությամբ ծառայել կարողանա։ Շատ ժամանակ չանցավ նույնպես, որ դատարանի բոլոր ծառայողները պաշտելու չափ սկսան սիրել երիտասարդ ատենադպրին։ Նա բոլորի հետ էլ այնքան քաղցր և քաղաքավարի էր, որ ծառայողներից յուրաքանչյուրը մի առանձին հաճույք էր զգում յուր մեջ նրա պատվերները և հանձնած գործերը ժամանակին և ճշտությամբ կատարելու։ Դատարանի շատ գործեր, որոնք հին ատենադպրի ժամանակից արդեն խառնափնթոր դրության մեջ էին գտնվում (ըստ որում Միկիթ-բեկը վերջին ժամանակներում ավելի հարստանալու ետևից ընկնելով, յուր պաշտոնը գրեթե աչքից թողել էր), Պետրոսի աչալուրջ հսկողությամբ շուտով կարգի բերվեցան և դատարանի վարչական մասը, որ յուր անմիջական հսկողության էր հանձնված, սկսավ լարած ժամացույցի պես գործել կանոնավոր և ճշտությամբ։ Այս բոլորը Ֆերդինանդ Անտոնովիչը նկատելով ուրախանում էր և հաճախակի յուր անկեղծ շնորհակալությունը հայտնում երիտասարդ ատենադպրին։

Պետրոսի գործերը հետզհետե լավանում էին, ժողովուրդը ծանոթանում էր նրան, և ամեն կողմից նա սկսում էր վայելել անկեղծ սեր և հարգանք, մանավանդ յուր ուղղամիտ և անաչառ բնավորության համար, որը, իհարկե, նա ուրիշների նման չէր համեմում անհամբույր կոպտությամբ։

Հորեղբայր Թովմասի տխրության չափ չկար, երբ հանկարծ լսեց նա, թե Միկիթ-բեկը արձակված է պաշտոնից, ա՜յն մարդը, որ յուր աչքում ա՛յնքան հանճարեղ, ա՛յնքան զորեղ և այնքան ամենակարող էր երևում… Եվ ո՞վ կարող էր արձակել նրան պաշտոնից։ Բայց և այնպես իրողությունը [ 252 ] անհերքելի էր, նա այլևս ատենադպիր չէր... Բայց որքա՜ն մեծ եղավ Թովմասի զարմանքը, երբ նա իմացավ, թե Միկիթ֊բեկի այն մեծ և փառավոր պաշտոնը, որով հին գայլը այնչափ պարծենում էր և այնչափ սարսափեցնում էր ժողովուրդին, հանձնված է յուր եղբորորդուն, այն խեղճ, անօգնական Պետրոսին, որին ինքը յուր տանից այնքա՜ն անպատվությամբ արտաքսեց... Պետրոսը, որին այժմ ժողովուրդը բեկ տիտղոսով էր պատվում, այնպիսի մի խորհրդավոր անձնավորություն դարձավ հորեղբայր Թովմասի համար և այնքան մեծ համարում ստացավ նրա աչքում, որ նա մոռացավ Միկիթ-բեկին, և այժմ տանջվում էր ա՛յն անբուժելի ցավով, թե ինչո՞ւ համար այդպիսի մեծ մարդը, որ յուր եղբորորդին էր և յուր անվանը մեծ փառք կարող էր լինել, արտաքսված է այսօր յուր տանից։ Թովմասը այժմ պատրաստ էր Պետրոսի հետ հաշտվելու. նա կզոհեր մինչև անգամ յուր սիրելի ռուբլիներից մի քանի հարյուրը, եթե գտնվեր մի մարդ, որ հաշտեցներ նրանց միմյանց հետ։

Այս հաշտության պետքը զգալի էր լինում նրան մանավանդ այն ժամանակ, երբ յուր ծանոթները շնորհավորում էին նրան յուր եղբորորդու հաջողությունները, անտեղյակ յուր դատապարտելի վարմունքին։

Բայց Պետրոսը բնավ չէր մտածում այդպիսի հաշտության վերա։ Նրա դրությունը այժմ այնքան ապահոված, և ինքը այնքան գոհ էր յուր վիճակից, որ երկրորդական խնդիրներով զբաղվելու կարիք չէր զգում յուր մեջ։ Ամեն անգամ էլ առավոտը վաղ զարթնելով, նա պատրաստվում և դիմում էր ընդհանուր սեղանատունը, որտեղ նրան ուրախությամբ սպասում էին յուր սիրուհին և երկու մայրերը։ Նա նրանց հետ միասին թեյ էր առնում, նախաճաշ էր անում և մի քանի վայրկյան էլ սիրախոսությամբ, կամ կատակներով զվարճանալով, դիմում էր դատարան։

Ճաշին նա վերադառնում էր տուն ուրախ յուր դրությամբ և գոհ յուր պարապմունքից։ Աստղիկը, որ յուր պատուհանից դիտում էր միշտ նրա գալուստը, դիմավորում էր նրան անպատճառ բակի դռան մոտ, ժպտադեմ ողջունում [ 253 ] Էր նրան և ջերմությամբ սեղմում նրա ձեռքը. հետո նրանք միասին բարձրանում էին դեպի վեր և դիմում ուղղակի սեղանատուն, ուր արդեն պատրաստ էր լինում ճաշի սեղանը։ Երկու սիրահարներ և երկու սիրող մայրեր բոլորում էին համեստ սեղանը։ Նրանց ճաշը թեպետ ոչ փարթամ, բայց համեմված էր լինում սննդարար սիրով և կազդուրիչ ուրախությամբ։ Ոչ մի տխուր մտածություն չէր խանգարում նրանց ախորժակը, և ոչ մի մաշող հոգս չէր զբաղեցնում զվարճանալու տրամադիր ընտանիքին։ Երկու սիրահարները նստում էին միշտ միասին և երկու մայրերը նրանց դեմուդեմ։ Սեղանի վերա մատռվակը միշտ Պետրոսն էր։ Ամենից առաջ նա խմում էր երկու մայրերի կենացը, ամեն անգամ էլ գեղեցիկ բարեմաղթություններ անելով նրանց համար․ Պետրոսին ընկերանում էր Աստղիկը յուր համառոտ, բայց իմաստալից ճառերով։ Հետո մայրերը իրենց անզուգական սիրելիների կենացն էին խմում, օրհնելով նրանց կյանքը սրտաբուխ և սրտաշարժ օրհնություններով։ Ճաշից հետո Պետրոսն ու Աստղիկը զբաղվում էին երբեմն օգտավետ խոսակցությամբ, երբեմն զվարճախոսությամբ և շատ անգամ կատակներով։ Երկու մայրերը ուշադրությամբ լսում էին նրանց, երբ որդիները լրջությամբ տրամաբանում էին, բայց երբ վերջիններս զվարճախոսում կամ կատակներ էին անում, իրենք էլ նրանց հետ ուրախանում և զվարճանում էին։

Միով բանիվ այս միասիրտ և սիրաշունչ ընտանիքի համար կյանքը անցնում էր կատարյալ երջանկությամբ. ո՛չ անցյալի դառնություններն էին հիշվում, և ո՛չ ապագայի ցավերը գուշակվում։

— Տեսնո՞ւմ ես, Պետրե, դժբախտությունից դեպի բախտավորություն անցնելը նույնչափ հեշտ է, որքան լացից դեպի ծիծաղը,— ասում էր Աստղիկը սիրելուն.— հարկավոր է միայն, որ մարդ կորով ունենա յուր սրտում, կյանքի բնական դժվարությունների առաջ կանգնած չմնա, որպեսզի հուսահատությունը չտիրե նրա հոգուն։ «Որ հայցէ՛ գտանէ, որ բաղխէ' բացցի նմա»․ այս խոսքերը այնպիսի մեծ խորհուրդ և ա՛յնքան շատ ճշմարտություններ են պարունակում [ 254 ] իրենց մեջ, որ մեզանից յուրաքանչյուրը, կյանքի ամեն փորձությանց ժամանակ, պարտավոր է անպատճառ նրանցով առաջնորդվել։ Արդարև օրինակ չէ պատահել, որ հայցողը չգտներ և բախողին չբանային․ հարկավոր է, միայն, որ հայցելու, կամ բախելու ժամանակ բավական երկայնամիտ լինի մարդ և առաջին անհաջողությունները չվախեցնեն նրան․

— Այդ բոլորը ճշմարիտ է, սիրելիս, բայց պատահում է ժամանակ, երբ հայցողը չէ գտնում և բախողին չեն բանում: Եթե կյանքը առանց բացառությունների անցներ, այն ժամանակ զգալու համար էլ հարկավոր կլիներ օրենքներ սահմանել․ բայց բացառությունները նույնքան հին են, որքան և մարդու գոյությունը։ Մի՛թե կարծում ես, թե պակա՞ս երկայնամիտ և պակա՞ս հաստատակամ մարդ են գտնվում նրանց մեջ, որոնք կարևոր են համարում կախվել, կամ ատրճանակի օգնությամբ կյանքի դառնություններից ազատվել։

— Ես չեմ կամենում ոչ կախվողների պատմությունը լսել և ոչ նրանց իրավունքները քննել, բոլոր անձնասպաններին էլ ես միօրինակ փոքրոգի եմ ճանաչում,— նկատեց Աստղիկը— իմ խոսքը միայն քո հաջողության մասին էր։ Եվ ի՞նչ, չգտա՞ր, երբ հայցեցիր և չբացեցի՞ն քեզ, երբ բախեցի՚ր։

— Ես այդ չեմ ուրանում։

— ինչպես և չես ուրանալ այն, որ մեզ մոտ եկած առաջին օրն արդեն դու սկսում էիր հուսահատվիր։

— Որովհետև ես համոզված էի, որ ամեն մարդու բախտը չէ ծիծաղում։

— Ավելի լավ էր համոզվել, թե գործելու շնորհք ունեցող մարդիկ չպետք է բախտի զորությանը հավատան։

— Ես փորձում եմ արդեն այդ հանգանակը ընդունել, տեսնենք, թե ապագան ո՞րքան պիտի մեր կարծիքը արդարացնե։

Այսպիսի մի փիլիսոփայական վիճաբանության ժամանակ էր, երբ մի երեկո տիկին Հռիփսիմեն և յուր խնամին ներկայացան միասին փիլիսոփա սիրահարներին։ [ 255 ] — Դուք ամեն օր վիճաբանում եք միմյանց հետ, սիրելիներս,— խոսել սկսավ տ. Հոիփսիմեն. բայց երբեք չեք խոսում մեր ամենաանհրաժեշտ մի գործի մասին։ Մենք եկանք հիշեցնելու ձեզ ձեր պարտավորությունը։

— Ի՞նչ բան է, մայրիկ, խոսիր տեսնենք,— պատասխանեց Պետրեն։

— Որդի, քո գործն ու դրությունը արդեն որոշվեցավ,— ասաց տ. Հոիփսիմեն,— այժմ փառք աստուծո, դու կարող ես ապրել իբրև ազատ մարդ. այսուհետև ոչ Թովմասը կարող է խանգարել քեզ և ոչ էլ մի ուրիշ արգելք ունիս դու քո առջև։ Երկու տարին անցավ, ինչ դուք նշանված եք և հիմա ժամանակն է, որ դուք պսակվեք։ Որովհետև մենք էլ միայն ձեզնով ենք ուրախ և այսքան ժամանակ չարաչար ձեր ուրախության էինք սպասում, ուստի այժմ եկանք ձեզ հրամայելու, որ վաղվանից արդեն հարկավոր պատրաստությունները տեսնեք և երկու օրից ետ անպատճառ պսակվեք։

Այս հայտարարությունը շատ ախորժալի ազդեցություն արավ երկու սիրահարների վերա էլ, միայն ա՛յն զանազանությամբ, որ Աստղիկը շառագունելով լսեց Հռիփսիմեի առաջարկությունը, իսկ Պետրոսը` ազատ ծիծաղով։

— Իմ կողմից ես պատրաստ եմ,— պատասխանեց իսկույն վերջինս,— Աստղիկի կամքը պետք է հարցնել։

— Աստղիկի կամքը իմ կամքն է,— լրջորեն նկատեց տիկին Եղիսաբեթը. նրա փոխարեն ես տալիս եմ իմ համաձայնությունը։

— Օ՜, դուք քաղցած մարդուն հաց եք առաջարկում. իսկ կույրին` երկու աչք, ի՞նչ հարկավոր է երկար ձևապաշտություն. մենք հենց այս երեկո կարող ենք գնալ եկեղեցի։

— Ոչ․ ես կամենում եմ արժանավայել հարսանիք տեսնել.— նկատեց տ․ Հռիփսիմեն,— աշխարհում միայն մի ուրախություն ունիմ, այն էլ չպետք է թերի ու կիսատ կատարեմ։

— Ես նույնպես համաձայն եմ քեզ հետ,— հարեց տ. Եղիսաբեթը։— Ուրախությունն էլ շնորհքով պետք է կատարել, [ 256 ] որ բարեկամները լավ ուրախանան, իսկ թշնամիները լավ ու խիստ տխրեն։

Եվ այդ երեկո միաձայն հավանությամբ որոշվեցավ, որ Վաղվանից արդեն կարևոր պատրաստությունները տեսնվին և մի քանի օրից ետ պսակը կատարվի։

ԻԷ

ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ ԼԱՐՎՈԻՄ ԵՆ

Պ. Թովմասը յուր ժամանակին հայտնել էր Մելքոն- աղային, որ յուր եղբորորդին չէ հոժարում օր. Նատալիայի հետ ամուսնանալու, պատճառ բերելով իբր թե նրա տգեղությունը։ Հայտնել էր նրան նույնպես, որ անհնազանդ տղային պատմելու համար նա արտաքսել էր նրան յուր տնից մոր հետ ի միասին։ Մելքոն-աղան, իհարկե, սիրով չլսեց այդ պատմությունը և հանդիմանեց Թովմասին յուր ստախոսության համար, ըստ որում նա խոստացել և պատվավոր խոսք էր տվել անպատճառ հաջողացնել այդ գործը և սակայն չէր կարողացել։

Բայց ի՞նչ շահ կար Թովմասին հանդիմանելուց. քաղաքի մեջ արդեն աննպաստ լուրեր էին տարածվել խեղճ Նատալիայի համար։ Պատմում էին, թե Մելքոն-աղան խնդրանքով տարել է յուր մոտ Թովմասի եղբորորդուն, ցույց է տվել նրան յուր աղջիկը, խնդրել է ամուսնանալ նրա հետ, բայց երիտասարդը չհավանելով աղջկանը, բացեիբաց մերժել է Խալաթյանի առաջարկությունը։

Սա այնպիսի հարված էր Մելքոն-աղայի պատվին, և այնպիսի անվանարկություն նրա աղջկա համար, որ կամ պետք էր մի կերպով կրկին գործը գլուխ բերել և վերջ տալ բամբասասեր ժողովրդի խոսք ու զրույցին և կամ արժանավոր վրեժխնդրությամբ պատմել հանցավոր երիտասարդին։ Եթե առաջին փորձը չհաջողվեր, երկրորդի համար Մելքոն-աղան բավական ուժ և կարողություն ուներ։ Այդ պատճառով նա չդանդաղեց իսկույն ևեթ գործին ձեռք զարնելու։ [ 257 ] Մելքոն-աղայի տանու քահանան տեր Սարգիս Ալքոյանն էր: Սա շատ երիտասարդ չէր, բայց ծերության կնճիռներ էլ չուներ դեմքի վերա։ Մյուս բոլոր քահանաներից նա տարբերվում էր նրանով, որ արտաքուստ շատ համեստ էր երևում թե՛ գործելու, թե՛ խոսելու և թե՛ մինչև անգամ քայլելու մեջ։ Թեպետ շատ մարդիկ նրա ծուխին չէին պատկանում, բայց շատերը ցանկանում էին նրան իրենց տանու քահանա ունենալ, որովհետև նրա կերպարանքի, հայացքի, ձայնի և նույնիսկ նրա երկար սպիտակախառն մորուքի մեջ ամեն ոք գտնում էր յուր համար մի գրավիշ և դյութիչ բան։ Տեր Սարգիսը բոլորի սիրելին էր, այդ պատճառով տեղական դպրոցների վարչությունն անգամ նրան մշտական կրոնուսույց կարգեց երկսեռ դպրոցների մեջ, իսկ հոգևոր վարչությունը՝ Կոնսիստորիայի անդամ։ Թեպետ տեր հայրը ամեն տեսակ փառքերից փախչող էր, այնուամենայնիվ ս. Սինոդը արժան համարեց նրան, կամիլաֆկայով վարձատրելու յուր հավատարիմ ծառայության համար։ Բայց նա այդ պարգևն էլ ազատ-համարձակ յուր վերա ձգել չէր կարողանում, որովհետև տիրացու Հակոբը զրպարտել էր նրան մի քանի տեղ՝ թե այդ կամիլաֆկան ստանալու համար տեր Սարգիսը ինքը ավելի էր աշխատել, քան թե Կոնսիստորը… Բայց ինչ որ է, մենք իրավունք չունինք մարդկանց գաղտնիքների մեջ թափանցելու. մենք կխոսենք այն բոլորի մասին, ինչ որ հաստատապես գիտենք։

Մի առավոտ Մելքոն-աղան կանչեց տեր Սարգսին յուր մոտ և հայտնելով նրան յուր աղջկա մասին տարածված լուրերի առթիվ մի քանի ճշմարտություններ, պատվիրեց նրան գնալ Պետրոսի մոտ, գործ դնել յուր բոլոր խելքը և ազդեցությունը և համոզել նրան, որ զիջանե յուր հորեղբոր խոստումը կատարելու և Մելքոնի անհուն հարստության պարգևները վայելելու։ Հակառակ դեպքի համար նա պատվիրեց տեր հորը սպառնալ նրան անողոքելի վրեժխնդրությամբ։

Տեր Սարգիսը մտավ Պետրոսի մոտ հենց այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր յուր ծխատեր քահանային դիմելու՝ պսակի հրամանագիրը ստանալու համար։ [ 258 ] Տեր հայրը հայտնեց նրան յուր պատգամավորության պատճառը. հետո քաղցր խոսքերով և հայրական իշխանությամբ սկսավ հանդիմանել նրա վարմունքը, ասելով, որ ինքը շատ անարդար և դատապարտելի է գտնում նրան, ըստ որում դրանով Պետրոսը անբախտացնում էր մի պատվավոր ընտանիքի աղջկան, իսկ վերջում նա սկսավ համոզկեր խոսքերով խորհուրդ տալ նրան թողնել յուր համառությունը և ամուսնանալ յուր օրինավոր նշանածի հետ և վայելել Մելքոն Խալաթյանի թե՛ հարուստ նվերները, և թե՛ նրա աղջկա փարթամ օժիտը։ «Հակառակ դեպքում,— ավելացրեց տեր հայրը,— դուք ոչ միայն այդ մեծ բախտից կզրկվեք, այլև կհրավիրեք ձեր դեմ Խալաթյանի անողոք վրեժխնդրությունը, որի նյութած չարիքները կարող են ձեզ կատարելապես թշվառացնել»։

Կատարյալ համբերությամբ տեր Սարգսի բոլոր հայտնությունները ու խորհուրդները լսելուց ետ, Պետրոսը պատասխանեց.

—Տեր հայր, դուք խոսում եք ա՛յն՝ ինչ որ լսել եք, կամ այն՝ ինչ պատվիրել են ձեզ. բայց բուն ճշմարտության մասին դեռ ոչինչ չգիտեք, ուրեմն լսեցեք ինձ։ Այդ գործի մեջ ես հանցավոր չեմ. իմ հորեղբայրը յուր հիմար հաշիվների համար այդպիսի մի խոստում է արել Խալաթյանին, առանց իմ գիտության, առանց իմ համաձայնության։ Մելքոն Խալաթյանը, հորեղբորս խոստումը հալած յուղի տեղ ընդունելով, զանազան զիջումներ է արել նրան, որոնց մասին անշուշտ նա հարկ եղածը պատմած կինի ձեզ։ Այդ փոխադարձ առևտրի զոհը եղել եմ ես։ Ինձ բերել տվին Թիֆլիսից, զրկեցին բարձրագույն ուսում ստանալու միջոցներից. և ստիպում էին ամուսնանալ այդ աղջկա հետ։ Ես իմ կամաց հակառակ գնացի Խալաթյանի աղջկանը տեսնելու և այդ այն նպատակով միայն, որ կարողանայի հորեղբորս սիրտը ամոքել կրկին իմ ուսմանս վերադառնալու համար։ Իմ փորձը անհաջող անցավ, հորեղբայրս պնդեց յուր առաջարկության վրա և ես բացեիբաց մերժեցի նրան, որի համար մորս հետ միասին արտաքսվեցա յուր տնից։ Ամենակարող աստվածը գթաց ինձ [ 259 ] վերա և միջոց տվավ ինձ իմ գոյությունը շարունակելու իմ ազատ կամքով ու ցանկությամբ։ Այսուհետև ես ո՛չ Խալաթյանի հարստությանն եմ կարոտ և ո՛չ նրա վրեժխնդրությունից եմ վախենում։ Թող այդ պարոնը նվիրե յուր հարստությունը ում որ կամենում է և լարե իմ դեմ ինչ որոգայթներ էլ կարողանում է. ես արհամարհում եմ երկուսն էլ։

— Բայց ինչո՞ւ համար է այդ կոպիտ ընդդիմությունը, միթե մի օր չպիտի՞ ամուսնանաս դու. ահա քեզ աղջիկ և հարստություն. ինչո՞ւ չես ժառանգում նրանց։

— Այո՛, ես մոռացա իմ ընդդիմության բուն պատճառը ձեզ ասել,— խոսեց կրկին Պետրոսը.— եթե Խալաթյանի աղջիկը մինչև անգամ մի հրեշտակ լիներ, իսկ նրա օժիտը կազմված լինեն մի քանի միլիոններից, ես դարձյալ չէի հոժարիլ նրա հետ ամուսնանալու…

— Ինչո՞ւ համար,— զարմացմամբ բացականչեց տեր Սարգիսը ընդհատելով Պետրոսին։

— Որովհետև ես սիրում եմ մի ուրիշին։

— Դուք մի ուրիշի՞ն եք սիրում,— խորհրդավոր ձայնով հարցրեց տեր հայրը։

— Այո՛։

— Եվ ո՞վ է նա։

— Դուք քահանա եք, ձեզ կարելի է ամեն բան խոստովանել, նա ձեր դպրոցի վարժուհին է, օրիորդ Աստղիկը։

— Օ՜, մի՜թե… այդ շատ մեծ նորություն է…— բոլորովին զարմացած բացականչեց տեր Սարգիսը։— Մի՞թե օրիորդ Աստղիկը որոշել է ամուսնանալ, այդ շատ մեծ նորություն է…— Այո, որոշել է, և մենք այսօրվանից արդեն մեր պսակի պատրաստությունը տեսնում ենք։

— Շնորհավորում եմ, բարեկամ. դուք ընտրել եք արժանավորագույն ամուսին և նա կբախտավորեցնե ձեղ։ Այժմ էլ իրավունք չունիմ ես հարցնելու, թե ինչո՞ւ Խալաթյանի աղջիկն ու հարստությունը մերժում եք դուք։

Այս ասելով տեր Սարգիսը վեր կացավ տեղից, ողջունեց [ 260 ] Պետրոսին և տխրադեմ դուրս գնաց սենյակից, իսկ Պետրոսը դիմեց յուր ծխատեր քահանայի մոտ։

Տեր Սարգիսը Մելքոն-աղայի մոտ վերադառնալով պատմեց նրան մի առ մի Պետրոսից լսածները, ավելացնելով վերջում, որ իզուր է այլևս հետամուտ լինել նրան, ըստ որում երիտասարդը արդեն պատրաստվում է պսակվել յուր ընտրած աղջկա հետ։

Տեր հոր բերած նորությունները չափազանց գրգռեցին Մելքոն-աղայի զայրույթը. նա պատրաստ էր այդ րոպեին զոհել ամեն ինչ, միայն թե կարողանար պատմել յուր անունը անպատվող երիտասարդի հանդգնությունը։ Բայց ավա՜ղ. անցել էին այն տարիները, երբ հարուստ մարդիկ փողով իրավունք էին գնում և անարգել ծեծել էին տալիս անհնազանդ աղքատներին։ Ի՞նչ կարող էր այժմ անել Խալաթյանը Պետրոսին, մի երիտասարդի, որ իրենից ավելի զարգացած էր և որ գտնվում էր այնպիսի պատվավոր պաշտոնում, որի դեմ հասարակ մարդիկ չեն համարձակվում կռվել։ Նրան մնում էր մտնել ճարպիկ դավադրության մութ ճանապարհները...

— Ի՞նչ, մի՞թե այդ տղան կարող է առնել օրիորդ Աստղիկին, կարծեմ նրանք մոտիկ ազգականներ են,— խորհրդավոր ակնարկությամբ հարցրեց Մելքոն-աղան, չնայելով որ ինքը այդ զույգի ազգակցական կապերից ոչ մի տեղեկություն չուներ։

Տեր Սարգիսը իսկույն հասկացավ աղայի միտքը և շտապեց հաճելի լինել նրան։

— Այո՛, նրանք ազգականներ են և եկեղեցական օրենքով անկարող միմյանց հետ ամուսնանալու։

— Ճշմարի՞տ, այդ հաստա՞տ գիտեք դուք,— անհանգիստ ուրախությամբ հարցրեց Մելքոն-աղան։

— Այո՛, գիտեմ, որ նրանց մեջ ազգակցություն կա, բայց թե մինչև քանի՞ երրորդ սերունդը, այդ հաստատ չգիտեմ ։

— Ես խոստանում եմ ամենալավ վարձատրությունը նրան, ով այդ մասին մի ուրախ լուր կբերե ինձ։ [ 261 ] Նրանց մեջ ազգակցություն կա, միամիտ եղեք, մանրամասն ճյուղագրությունը ես ինքս կբերեմ ձեզ։

—Բայց եթե այնքան եղավ ազգակցությունը, որ օրենքը չարգելե՞ց նրանց ամուսնանալու...

— Այդ անկարելի է. նրանք պետք է իրարից հեռու լինին մինչև յոթ սերունդ, որ կարողանան իրար հետ ամուսնանալ. այդպես է հրամայում մեզ մեր եկեղեցական կանոնադրությունը. իսկ այդքան հեռավորություն նրանց մեջ չկա, այդ մեկը ես հաստատ գիտեմ։

— Իսկ եթե վե՞ց սերունդ լինի։

— Դարձյալ անկարելի է, որ նրանք ամուսնանան, եկեղեցական կանոնադրության մեջ ուղղակի ասված է յոթ սերունդ, և այս հրամանից իրավունք չունի շեղվելու ոչ մի հոգևորական։

— Օ՜հ, ի՞նչպես արդար և խելացի է այդ օրենքը, ահա թե ինչով կարելի է պահպանել մի ազգի մեջ ճշմարիտ բարոյականությունը...— հիացում կեղծելով բացականչեց Մելքոն-աղան։

— Այո՛, հենց այդ տեսակետից էլ նայել են գործի վերա մեր սուրբ նախահայրերը,— նկատեց լրջությամբ տեր Սարգիսը։

— Իսկ դուք շո՞ւտ կտեղեկանաք այդ բանի մասին,— հարցրեց Մելքոն-աղան։

— Այսօր ևեթ։

— Բայց գուցե նրանք արդեն պսակի հրամանագիր ստացե՞լ են։

—Առանց Կոնսիստորի անդամի գիտության անկարելի է։

Մելքոն-աղայի աչքերը կենդանացան վրեժխնդրության կրակով. այն հույսը, թե նա կարող է խանգարել յուր աղջկանը անպատվող երիտասարդի ամուսնությունը, լցնում էր նրա սիրտը դժոխային ուրախությամբ։

Նա խնդրեց տեր Սարգսին՝ ժամանակ չկորցնելու համար դիմեք շուտով ուր որ հարկավոր է, երիտասարդ Մարաքյանի [ 262 ] և օրիորդ Աստղիկի ազգակցական կապերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու։

Տեր հայրը ուրախությամբ հնազանդվեցավ և ողջունելով աղա Խալաթյանին, շտապեց դեպի գործ։


ԻԸ

ՀԱ՞Ս է, ԹԵ՞ ՉՀԱՍ

Քաղաքի Վարի թաղ կոչված մասում, ուր ապրում էր Պետրոսը յուրայիններով, գտնվում էր մի հինավուրց պառավ Մարիջան անունով։ Սա երևելի էր այն բոլոր գիտություններով, որոնցով կարելի է լինում մարդկային ամեն տեսակ ցավերը դարմանել։ Օրինակ՝ նա դեղեր ուներ հիվանդությանց դեմ. հնարքներ՝ վախի և խելագարության դեմ. մարգարեության ձիրք՝ ապագայի չարն ու բարին գուշակելու և վերջապես ամենաճիշտ ծանոթություն՝ բոլոր թաղի բնակիչների ազգակցական կապերի վերաբերմամբ։

Մարիջանի տունը ամեն օր գրեթե այցելուներով լցված էր լինում։ Ոմանք գալիս էին նրանից դեղեր ստանալու իրենց հիվանդությունների համար, ոմանք վախ չափել տալու, գարի գցելու, կամ թե սրտերին մոմ հալել տալու, այլք խելագար հիվանդի դևերը հանելու, իսկ շատերը իրենց հայտնի և անհայտ տենչանքների համար նրանից գուշակություններ լսելու։ Բոլոր գավառի մեջ չկար մի ուխտատեղի, որ այնքան բազմաթիվ այցելուներ ունենար, որքան Մարիջանի տունը, որ, իհարկե, այցելուների համեմատ էլ եկամուտ էր տալիս յուր պառավ տիրուհուն։

Տեր Սարգիսը թեպետ Մելքոն-աղային հաճոյանալու համար հաստատապես ասաց նրան, թե Պետրոսի և նրա հարսնացուի մեջ ազգակցական մերձավորություն կա, բայց իսկապես չգիտեր, թե այդպիսի մերձավորություն գույություն ունի՞ նրանց մեջ, թե՞ ոչ։ Հետևապես Խալաթյանի առաջ չխայտառակվելու համար հարկավոր էր այդ մասին ճիշտ տեղեկություններ հավաքել: Եվ ահա այդ առթիվ նա դիմեց ամենագետ Մարիջանին։ [ 263 ] Պետք է ասել, որ շատ անգամ արգելված պսակները և նրանցից առաջացած անթիվ և անհամար թշվառությունները, մեծ մասամբ և գրեթե ամեն քաղաքում տեղի են ունենում մի քանի չար պառավների շնորհիվ։

Քահանաները, որոնք ամենից ավելի պետք է զբաղվեին իրենց ժողովրդի ազգակցական կապերի ուսումնասիրությամբ, որպեսզի մերձավոր խնամությանց պատճառով տեղի ունեցող բազմաթիվ գժտությունների առաջը կանխավ առնեին, շատ քիչ են ուշադրություն դարձնում այդ կարևոր կետի վերա։ Ահա հենց այդ պատճառով շատ անգամ հրապարակական նշանագրությունները քահանաների համաձայնությամբ կատարվելուց ետ, երբ մի դժգոհ պառավ լույս աշխարհ է հանում վաղուց մոռացված ազգակցական մերձավորության գոյությունը, իսկույն խափանվում է պսակի գործը, և երկու կողմի բարեկամները, որոնք միմյանց հետ կապված են լինում արդեն անբաժանելի սրտակցությամբ և ամենաքնքուշ սիրով, ստիպված բաժանվում են միմյանցից։ Ավելի զգայուն սրտերի մեջ, իհարկե, այդ բաժանումը տեղի է ունենում շատ անգամ ողբերգական վախճանով, որ ձգում, բերում է յուր ետևից թշվառությունների մի ամբողջ շարք:

— Դու ամեն բանի տեղյակ ես, Մարի,— ասաց տեր հայրը պառավին, երբ վերջինս հրավիրեց քահանային յուր առանձնարանը,— հարկավ տեղյակ էլ կլինես օրիորդ Աստղիկի և Պետրոս Մարալյանի ազգակցական մերձավորությանը։ Հապա ասա ինձ, ի՞նչ ազգակցություն ունին նրանք իրար հետ։ Սրբազանը այդ տեղեկությունը պահանջել է ինձանից, բայց ես այդ մասին հաստատ բան չգիտեմ. այդ պատճառով դիմել եմ քեզ։

— Օր. Աստղիկի մասին ես մի բառ անգամ չեմ խոսիլ. իմ լեզուն նրա համար չպետք է խոսե...

— Ինչո՞ւ,— զարմացմամբ հարցրեց տեր Սարգիսը։

— Օ՜, ես ատում եմ այն աղջկանը, ատում եմ ինչպես իմ սատանային...

Տեր Սարգիսը մի նոր բարեկամ վաստակեց։ [ 264 ] — Բայց ինչո՞ւ համար, Մարի,— ուրախ ժպիտով հարցրեց նա պառավին։

— Օ՜, չեմ ասիլ, չեմ ասիլ...

— Բայց չէ՞ որ ես քահանա եմ և քահանային ամեն բան կարելի է խոստովանել։

— Այո՛, այդ ճշմարիտ է, ներեցեք ինձ, ես սխալվեցա, ուրեմն ես ձեզ կասեմ իմ ատելության պատճառը։ Այդ աղջիկը ամեն տեղ և ամեն շրջաններում ծաղրում է իմ գիտությունը, ծիծաղում է իմ տունը հաճախող կանանց վերա, և քարոզում է բոլորին՝ չհավատալ իմ դեղերին, իմ օրհնություններին. նա ինձ խաբեբա և սատանաների թագուհի է անվանում... օ, ես ատում եմ նրան, ատում եմ իմ բոլոր սրտով...

— Եվ նա այդ աստիճան համարձակվո՞ւմ է լրբանալ։

— Այո՛, տեր Սարգիս, նա լիրբ է, անառակ է, անզգամ է... օ՜հ, ես ատում եմ նրան, և ինչպե՜ս կկամենայի պատժել...

— Լավ ուրեմն, ահա՛ նրան պատժելու միջոցը։ Նա կամենում է ամուսնանալ Պետրոս Մարալյանի հետ, եթե կարողանաս մի ազգակցություն գտնել նրանց մեջ, դրանով էլ կպատժես քո թշնամուն. չհասության պատճառով պսակը կլուծվի և առանց քո կամենալուն չարը ինքն իրեն կպատժվի:

— Ազգակցությո՞ւն, ի՞նչ եք ասում.նրանք մոտիկ ազգականներ են,— ուրախությամբ բացականչեց Մարիջանը։

— Հապա ասա՛, ի՞նչպես, ո՞ր կողմից,— սրտատրոփ հարցրեց տեր Սարգիսը։

— Մարալ-Օսեփի քույրը Հացիկենց Ջավին է. Օսեփի տղան՝ զարգար Անտոնը. Անտոնի տղան՝ ձեր այդ Պետրոսը։ Մյուս կողմից, Հացիկենց հարսի աղջիկը Եղիսաբեթն է, ու նրա աղջիկը՝ էդ սև սատանան։

— Օ՜, այդ հազիվ վեց պորտ է դառնում. սպասի'ր, սպասի'ր հաշվեմ։ Մարալ-Օսեփը մեկ, Հացիկենց Ջավին՝ երկու, զարգար Անտոնը՝ երեք, տիկին Եղիսաբեթը՝ չորս, Պետրոսը՝ հինգ, Աստղիկը՝ վեց։ Չէ՛, չի՜ հասնիլ. սաղ աշխարհն էլ որ ոտի կանգնի, էլի չի հասնիլ. ուղիղ վեց պորտ է։ [ 265 ] — Ուրեմ չհա՞ս կանեք,— ուրախությամբ հարցրեց պառավը։

— Անպատճառ, անպատճառ, ոչ ոք չէ կարող նրանց պսակել։

— Շատ ուրախ եմ. ահա՛ թե աստված ի՞նչպես է պատժում անզգամներին։

— Բայց դու հաստա՞տ գիտես, որ ճիշտ այդ է երիտասարդի և աղջկա ծագումը։

— Հաստատ, հաստատ, ինչպես որ սուրբ Գևորգի ինձ բժշկության շնորհք տալը հաստատ է։

Տեր Սարգիսը գրի վերա առավ Մարիջանից ստացած տեղեկությունները և շնորհակալություն անելով նրան՝ ուրախությամբ դուրս գնաց պառավի տնակից։

Տեր Գարեգինը, որ Պետրոսի տան քահանան էր և որին դիմել էր նա պսակի հրամանագիրը ստանալու, երիտասարդ, զարգացած, սրտով և զգացմունքներով ազնիվ, յուր կոչմանը հավատարիմ և կատարելապես նրան նվիրված մի անձնավորություն էր։ Նա այն հազվագյուտ քահանաներից էր, որոնք իրենց կոչմանը հավատալով՝ ապրում են միայն իրենց հոտի բարոյական կարիքը լցուցանելու և նրա ճշմարիտ բարեկեցությանը ծառայելու համար: Թեպետ հասարակ ժողովրդի մեջ դեռ շատերը չէին ճանաչում նրան, բայց զգոն և խոհական մարդիկ, որոնք արժանիք ճանաչելու ընդունակություն և ընտրողականի կիրթ ճաշակ ունեին, հարգում և մեծարում էին նրան։ Տեր Գարեգինը յուր անաչառ և անկեղծ բնավորությամբ ակնածելի և մինչև անգամ ահավոր էր նույնիսկ յուր պաշտոնակիցների աչքում։ Նրա ներկայությունը ամեն տգեղ երևույթ չքացնում և ամեն շփոթություն կարգի էր բերում. թեպետ, օրինակ, չէր պատահել, որ այդ բոլորի համար նա գործ դներ երբևիցե անհամեստ լեզու, կամ անքաղաքավարի միջոց։ Նա միակ անձն էր յուր ընկերակիցների մեջ, որ հոգվով չափ տխրում էր, տեսնելով քահանային այն աստիճանի վերա կանգնած, որը միանգամ փոքրոգի և շողոքորթ ստրուկների միակ հենարանն էր։ Նրա մեջ վիրքավորվում էր քահանայական մեծությունը, երբ տեսնում էր ժողովրդի [ 266 ] անհամեստ մտերմությամբ քահանաներին մոտենալը և կամ առանց ակնածության նրա գլխին դատավոր և իշխան կանգնելը։

Բայց նա խոստովանում էր և այն, որ այդ անախորժ դրությունների ստեղծողները նույնիսկ իրենք քահանաներն են, որոնք երբեք էլ չեն ձգտում իրենց հին փառքը և բարձրությունը վերականգնելու։ Այդ պատճառով նա ինքը մինակ աշխատում էր այդ ծանր գործի վերա, հավատալով, թե մի օր պիտի կարողանա մեղմել ադամանդի կարծրությունը…

Ահա այս մարդն էր տեր Գարեգինը, որին յուր մոտ հրավիրել չհամարձակվեցավ Պետրոսը, այլ ինքը գնաց նրան յուր խնդիրը հայտնելու։

Երիտասարդ քահանան շատ ուրախացավ, երբ Պետրոսի խնդիրը լսեց։ Նա բռնեց նրա ձեռը և ջերմությամբ սեղմելով նրան, շնորհավորեց յուր արժանավոր ընտրությունը։

— Օրիորդ Աստղիկը միակ աղջիկն է մեր քաղաքի մեջ,— ասաց տեր Գարեգինը,— եթե ամուսնության երջանկությունը կայանում է նրանում, որ կինը լինի կատարյալ ամուսին, մայր և տանտիկին, ապա ուրեմն երջանիկ է այն անձը, որ ամուսնանում է օրիորդ Աստղիկի հետ. նա այդ երեք կատարելություններն էլ ամփոփում է յուր մեջ, պսակելով նրանց յուր անարատ գեղեցկությամբ։

Պետրոսը համեստությամբ շնորհակալություն արավ քահանային յուր հայտնած կարծիքների համար։

Հետո տեր Գարեգինը խոստացավ նրան նույն օրը ևեթ ներկայանալ հոգևոր ատենին և անհրաժեշտ կարգադրությունները անել պսակի հրամանագիրը ստանալու համար։

Պետրոսը շնորհակալություն անելով դուրս գնաց տեր հոր սենյակից։

Տեր Սարգիսը արդեն հոգևոր ատյանումն էր, երբ տեր Գարեգինը ներս մտնելով՝ առաջարկեց ատենին երիտասարդ Պետրոս Մարալյանի առաջարկությունը, և հրամանագիր խնդրեց նրա պսակի համար։

Ատենից բացակա էին նախագահը և նախանդամը, բայց տեր Սարգսից զատ այդտեղ գտնվում էին և մյուս երկու անդամները: [ 267 ] Սրանք հայտնեցին իրենց հոժարությունը տեր Գարեգինի հայտարարության վերաբերմամբ և ընտանեբար առաջարկեցին ատենադպրին հրամանագիրը պատրաստել է:

Տեր Սարգիսը ընդդիմացավ։

— Այդպես թեթևությամբ չէ կարելի գործ վճռել,— նկատեց նա լրջությամբ.— ամենից առաջ պսակվողների ծագման ճյուղագրությունը պահանջեցեք ծխատեր քահանայից և ապա ըստ այնմ տվեք ձեր հոժարությունը։

— Տեր Գարեգինի վերաբերմամբ իզուր է ձեր խստությունը,— նկատեց անդամներից մինը,— եթե պսակվողների մեջ մի մերձավորություն լինի, նա չէր էլ առաջարկիլ մեր ատենին երիտասարդի խնդիրը։

— Ի՞նչ խոսք ունիմ դրա դեմ. բայց օրենքը պետք է կետ առ կետ գործադրել։

Տեր Գարեգինը, որ այդ բանի մասին չէր մտածել, մի րոպե շփոթվեցավ, բայց որովհետև սովորություն չուներ սոփեստությամբ իրեն արդարացնելու, ուստի առանց քաշվելու պատասխանեց.

— Ներեցեք ինձ, արժանապատիվ հարք, ես պսակվողների ազգակցական մերձավորության մասին չեմ մտածել. և այդ առթիվ էլ ոչ մի հաշիվ չեմ արել։ Բայց այդ գործը շատ էլ ծանր չէ. այս րոպեին իսկ կարելի է վերջացնել նրան, որովհետև իմ ծուխի ամեն մի ընտանիքի ազգակցական կապերի մասին ես լի ու լի տեղեկություններ ունիմ։

Եվ նա վերցնելով մի կտոր թուղթ, սկսավ հաշվել.

— Մարալ—Հովսեփ Խոսրովյան.
քույր ունի Ջավի Հացիկյանց.
Անտոն—որդի Հովսեփի.
Եղիսաբեթ—դուստր Ջավիի.
Պետրոս—որդի Անտոնի՝ խնդրե
զԱստղիկ—դուստր Եղիսաբեթի…

— Բայց ո՛չ կարէ առնուլ, զի ո՛չ հասանէ նմա…— կարծես մի մեծ հաղթություն անելով բացականչեց տեր Սարգիսը։ [ 268 ] — Վեցերորդ ճյուղն է և ծանր չհասություն չէ այս,— մեղմով խոսեց տեր Գարեգինը.— եթե օրենքը մեզ խստություն է հրամայում, այդ հրամայում է ամեն դեպքի առթիվ և ամեն անձնավորության համար, բայց դուք չեք կարող ուրանալ, որ ոչ թե վեց, այլ երրորդ և չորրորդ ճյուղի մեջ անգամ պսակներ ունիք կատարած…

— Ահա՛ ձեզ նորություն, տեր Գարեգինը մեզ օրինազանցություն է քարոզում հոգևոր ամեն ի մեջ.— գրեթե գոռալով խոսեց տեր Սարգիսը,— և սա այն քահանան չէ՞, որ մեր գործերի քննիչ և դատավոր է կանգնում ամեն տեղ, եկեղեցում, թե եկեղեցուց դուրս…

— Հենց այստեղ էլ ես ձեր դատավորն եմ. իզուր եք դուք օրենքի անվան տակ ձեր ներքին զգացմունքները թաքցնում, որոնք ոչինչ կապ չունին արդարասիրության հետ։

— Դուք ինձ կամենում եք զրպարտել նրա՞ համար, որ ես քո կամքով չեմ կուրանում հա՞։

— Երանի՜ թե այնքան լուսավոր լինեիք, որ ձեզանից դուրս ցայտող լուսո ճառագայթները իմ աչքերը խտտղեին. մի՞թե ես այդ չէի՞ կամենալ։

— Հապա ինչո՞ւ համար եք ատենի մեջ ինձ անպատվում նրա համար, որ ես պաշտպանում եմ օրենքը:

— Այդ մի զրպարտություն է։

— Բոլորովին։ Ես պնդում եմ, որ ձեր առաջարկած զույգի միությունը անկարելի է, իսկ դուք փոխանակ նրա կարելությունը ապացուցանելու, ասում եք, որ ես հանցավոր զգացմունքներից դրդված եմ օրենքը պաշտպանում:

— Ես այդ չեմ ուրանում։

— Եվ չեք կարող ուրանալ, որովհետև այստեղ վկաներ կան նստած։

— Խնդրեմ, խնդրեմ, ինձ չխառնեք ձեր կռվի մեջ,— ինքն իրենից վախենալով խոսեց անգամ տեր Օհանեսը և առանց ուշանալու դուրս գնաց ատենից դեպի գրագիրների սենյակը։

— Իսկ ես խորհուրդ եմ տալիս ձեզ հաշտվել միմյանց հետ,— ծանրությամբ նկատեց տեր Հովսեփը, — կռվելուց շահ [ 269 ] չեք ունենալ և իզուր տեղ գործը կփչացնեք, մի քիչ դու զիջում արա նրան մի քիչ էլ թող նա զիջանե քեզ, այսպիսով երկուսիդ պահանջն էլ գոհացում կստանա։

— Ես ոչինչ պահանջ չունիմ. բացի այն, որ հայտնեմ աշխարհին, թե ինչպես արժանապատիվ տեր Գարեգինը, որ միշտ մեզ կարգապահություն և օրինաց հնազանդություն է քարոզում, ինքը այսօր պաշտպան է կանգնել ապօրինության և ցանկանում է յուր ծուխի մի չճաս պսակը հաս անել տար:

— Օրենքի անունով նրանք են որոտում, որոնք իրենց մեջ օրենքը հարգոդ զգացմունքներ չունին,— դառնությամբ նկատեց տեր Գարեգինը,— չարախոսեցեք իմ մասին որտեզ և որչափ կամենում եք. գաճաճները ուրախության տոն են կատարում, երբ հաջողվում է նրանց հսկային գետնի վերա պառկած տեսնել… Եթե իմ այս առաջարկությունը դուք իբրե մի զենք եք ուզում գործածել ինձ վնասել կարողանալու համար, պինդ պահեցեք դրան, ես ամեն տեղ էլ պիտի պաշտպանեմ իմ ծուխի դատը, ուրեմն դուք ամեն տեղ էլ առիթ կունենաք ինձ հարվածելու։ Այո', ես կրկնում եմ, Պետրոս Մարալյանը պիտի ամուսնանա վարժուհի Աստղիկի հետ, ն այդ միության մեջ ես չհասություն չեմ գտնում։

— Դուք այդ ճշմարտությունը կպաշտպանեք անշուշտ և քահանայական ժողովի առաջ, որը ես այդ առթիվ գումարել պիտի տամ,— սպաոնացող ձայնով հարցրեց տեր Սար-գիսը:

— Մինչև անգամ աստուծո առաջ,— հակիրճ պատասխանեց տեր Գարեգինը և վշտացած դուրս գնաց ատենից։

ԻԹ

ՍՐԲԱԶԱՆԻ ՄՈՏ

Տեր Գարեգինը հոգևոր ատյանից դուրս գալուց ետ, ուղղակի դիմեց Պետրոսի տունը։ ճանապարհին նա զբաղված էր տեր Սարգսի վերաբերությամբ խորհրդածություններ անելով։ «Աոաջին, անգամն եմ տեսնում այդ քահանային այդ աստիճանի [ 270 ] անհամեստ,— խոսում էր ինքն իրեն տեր հայրը.— նրա ծանոթներից ոչ ոք չի հավատալ, եթե ասեմ նրան, թե այսօր տեր Սարգիսը հոգևոր ատենում գոռում-գոչում էր իմ դեմ և այդ՝ մի ամենաչնչին խնդրի համար։ Երևում է, որ այդ քահանան մի առանձին հաշիվ ունի Պետրոսի հետ և կամ գուցե նա ծառայում է ուրիշների հաշվին, տեսնենք, երևի Պետրոսը կպարզե այս հանելուկը…»։

Երբ տեր Գարեգինը մտավ Պետրոսի մոտ, նա յուր հարսնացուի և զույգ մայրերի հետ նստած ուրախ. զրուցատրություն էր անում։ Տեր հոր գալուստը տեսնելով, բոլորն էլ հետաքրքրությամբ հարցրին, «Տեր հայր, բարի լինի գալուստդ, պսակի հրամանագիրը բերի՞ր»։ Տեր Գարեգինը տատանվեցավ և բարի ընտանիքի ուրախ տրամադրությունը չխանգարելու համար չգիտեր, թե ինչ պատասխանե։

Տեր հայրը որչափ անկեղծ և ճշմարտախոս, այնչափ խորագետ և լրջահայաց էր, նա երբեք չէր շտապում հայտնել ճշմարտությունը այնտեղ, ուր կարիք չկար և ուր այդ ճշմարտության վաղաժամ հայտնությունը միայն ցավ և տխրություն պիտի բերեր։

— Պսակի հրամանագիրը այդպես վաղ չեն տալիս, — պատասխանեց նա հետաքրքիր ընտանիքին։ - Ես եկա դեռ Պետրոսից մի քանի տեղեկություններ ստանալու, որովհետև նրանք անհրաժեշտ են այդ հրամանագրի համար, և բացի այդ՝ Պետրոսին՝ ինձ հետ Կոնսիստոր տանելու, որովհետև նրանից բերանացի հարցմունքներ պիտի անեն այնտեղ։

— Եթե ես ձեզ հարկավոր եմ այնտեղ, գնանք ուրեմն առանց ժամանակ կորցնելու,— նկատեց Պետրոսը,— ես կամենում եմ, որ այդ հրամանագրի գործը ամենից շուտ վերջանա։

— Շատ բարի, գնանք,— ասաց տեր հայրը և երկուսը միասին դուրս եկան իսկույն։

— Տխուր նորություն պիտի հայտնեմ քեզ, Պետրե,— ասաց երիտասարդին տեր Գարեգինը, երբ նրանք արդեն ճանապարհին էին։ [ 271 ] — Ի՞նչ տխուր նորություն,- անհանգստությամբ հարցրեց Պետրոսը։

— Քո պսակի համար հրամանագիր չեն ուզում տալ։

— Պատճա՞ռ։

— Չհասություն կա ձեր մեջ:

— Ի՞նչ չհասություն, ես դրա մասին մինչև անգամ ոչինչ չգիտեմ։

Տեր Գարեգինը բացատրեց Պետրոսին նրա ազգակցական մերձավորությունը օր. Աստղիկի հետ, որ վեց ճյուղից չէր անցնում։

— Եվ այդ չնչին մերաձավորության համա՞ր են ուզում չհաս անել մեզ։

— Այո:

— Եթե ձեր բոլոր քահանաները ի մի շունչ և ի մի հոգի հաստատեն, որ այդ մերձավորությունը չհասություն է, դարձյալ ես նրանց հետ չեմ կարող համաձայնիլ։

— Ես նույնպես չեմ համաձայնում, բայց քահանաները եթե կամենան, կարող են այդ պատրվակով բաժանել ձեզ միմյանցից։

— Բաժանե՞լ, մե՞զ, միմյանցի՞ց… հա՛, հա՛, հա՛, հա՛…

— Այո՛, կարող են. մի՛ ծիծաղիլ դու, Պետրե. ամեն բան կարող են անել նրանք, եթե միայն կամենան:

— Դժոխքն անգամ եթե փոխագրվի նրանց մեջ, դարձյալ նրանք մեզ միմյանցից բաժանել չեն կարող,— ջերմությամբ բացականչեց երիտասարդը։

Տեր Գարեգինը ժպտաց, բայց այդ ժպիտը տխուր զգացմանց արտահայտություն էր. նա, երիտասարդի անփորձությունը տեսնելով, խղճում էր նրան, բայց յուր խոսքերի բուն միտքը բացատրել նա առայժմ ավելորդ համարեց։

— Դու մի որևէ հակառակություն ունի՞ս տեր Սարգսի հետ,— հարցրեց տեր հայրը Պետրոսին։

— Ո՛չ մի հակառակություն, բայց ինչո՞ւ համար եք հարցնում մի գուցե նա՞ է չհասության մասին խոսողը։

— Այո՛։

— Հասկանում եմ այժմ, նա Մելքոն-աղայի տան քահանան [ 272 ] է, երևի նրա հրամանով է մեր մեջ չհասություն ստեղծում։

— Բայց ի՞նչ թշնամություն ունի քեզ հետ Մելքոն-աղան։

Պետրոսը պատմեց նրան բոլոր պատմությունը։

Տեր Գարեգինը զարմանքից մնաց ապշած։

— Այո՛, այդպես արավ ինձ հետ իմ հորեղբայրը, բայց այդ անգթության պատմությունը ես միայն իմ երկու բարեկամներին հայտնեցի և այժմ դուք երրորդն եք,— այս խոսքերով վերջացրեց Պետրոսը յուր պատմությունը։

— Եթե այդպես է, ուրեմն տեր Սարգիսը պինդ պետք է բռնե յուր կռվանից, մեզ մնում է դիմել ավելի բարձր իշխանության,— ասաց Պետրոսին տեր Գարեգինը։

— Այսինքն ո՞ւմ։

— Առաջնորդին։

— Գնանք ուրեմն. ես հենց ա՛յս րոպեին կներկայանամ նորին սրբազանության։ Ես հույս ունիմ, որ նա ավելի բարի կգտնվի և չի մերժիլ իմ խնդիրը։

— Փորձենք, — ասաց տեր Գարեգինը անվստահ ձայնով և երկուսը միասին դիմեցին դեպի առաջնորդարան։

Երբ նրանք ներս մտան Սրբազանի մոտ, տեր Սարգիսը բարեկարգչի հետ միասին արդեն կանգնած էր նրա առաջ: Սրբազանը շատ սիրով ընդունեց Պետրոսին, հայտնելով յուր պատրաստակամությունը նրա խնդիրը լսելու համար, և առաջարկեց նրան նստել։ Բայց Պետրոսը մնաց կանգնած որովհետև քահանաները նույնպես ոտքի վերա էին:

— Ինչո՞ւ չեք նստում, որդի.— քաղցրությամբ հարցրեց Սրբազանը։

Պետրոսը, որ մեր հոգևոր իշխանների մոտ ընդունված խոհեմ քաղաքականության անծանոթ էր, իբրև պարզ ուսանող, պատասխանեց.

— Ինչպե՞ս համարձակվեմ ես նստել, քանի որ ինձանից ավելի արժանավոր անձինք կանգնած են ձեր սրրազանության առաջ։

Սրբազանը գրեթե շառագունեց: [ 273 ] — Մեզ մոտ այսպես է ընդունված, որդի, բայց նրանք էլ կարող են նստել.— Նստեցեք արժանապատիվ հայրեր, — դարձավ նա քահանաներին և վերջիններս անմիջապես շարվեցան աթոռների վերա։

«Ահա՛ թե որտեղից են սովորում աշխարհականները իրենց հոգևոր տերերի վերա արհամարհանքով նայելը,— մտածեց ինքն իրեն Պետրոսը,— երբ մի եպիսկոպոս այսքան գգալի կերպով ստորացնում է յուր քահանային մի սինլքոր աշխարհականի առաջ, ի՞նչ պիտի անեն նրան նույնիսկ իրենք աշխարհականները, որոնք մեծ մասամբ տգետ և անկիրթ մարդիկ են լինում և անսովոր արժանավորությունը հարգելու։ Ինչո՞ւ համար ես պիտի համարձակվիմ քահանայից առաջ նստելու, կամ նրան ինձ հավասար ընկեր ընդունելու։ Բայց ես չեմ քաշվում այդպես վարվելու, որովհետև այդպես պահանջում են մեզանից նույնիսկ իրենք հոգևոր իշխանները և մեզ մնում է միայն ցավել քահանայի թշվառ դրության վերա»…

— Է՜հ, ինչի՞ վերա եք մտածում Պետրոս-բեկ,— հարցրեց Սրբազանը ժպտալով.— հայտնեցեք ձեր խնդիրը, տեսնենք թե ինչո՞վ կարող ենք ծառայել ձեզ։

— Ես եկա խնդրելու ձեզանից, Սրբազան հայր, որ հրաման տայիք ինձ պսակվելու մեր դպրանոցի վարժուհի օր. Աստղիկի հետ։

— Ա՜, երևի այս պսակի մասին էր ձեր խոսքը, տեր հայր,— հարցրեց Սրբազանը տեր Սարգսից, դառնալով դեպի նրան։

— Այո՛, Սրբազան հայր, հենց այդ միևնույն պսակի համար, — պատասխանեց տեր հայրը այնպիսի համեստությամբ, որ կարծես նորահարսն էր խոսում յուր սկեսրի հետ:

— Դուք շատ արժանավոր ընտրություն եք արել. Պետրոս-բեկ,— դարձավ Սրբազանը երիտասարդին,— բայց շատ ցավում եմ, որ ձեր ընտրությունը ձեր ազգականուհու վերա է ընկել։ Ձեր մեջ չհասություն կա. հենց այս րոպեին էլ տեր Սարգիսն ու բարեկարգիչը այդ բանի վերա էին խոսում, երբ դուք եկաք։ Նրանք խնդրում էին ինձ քահանայական ժողով [ 274 ] գումարել այդ խնդիրը քննելու համար, որովհետև, ինչպես տեր Սարգիսը ասաց, մեր ամենից հարգված տեր Գարեգին քահանան հակառակում է օրենքին։

— Ես երբեք չեմ հակառակել օրենքին և չեմ կարող հակառակել մինչև անգամ եթե իմ իշխանավորը ինձ հրամայե այդ,— նկատեց տեր Գարեգինը։— Բայց ես գերադասել եմ չվիրավորել իմ խիղճը, քանի, որ ակնհայտնի տեսնում եմ, թե օրենքը դրանով ոչ մի զրկանք չէ կրում։

— Այդ դեռ հետո կապացուցվի,— խորհրդավոր ակնարկությամբ նկատեց Սրբազանը, չկամենալով վեճի բռնվել յուր ստորադրյալի հետ,— ես արդեն հրամայեցի բարեկարգչին, որ այս երեկո անպատճառ կազմե այդ ժողովը, քննել տա վեճի առարկա դարձված խնդիրը և վաղ առավոտյան բերե ինձ ժողովի վճիռը։

— Ուրեմն մի վերջնական պատասխան ստանալու համար ես պիտի ներկայանամ ձեզ մի օրից ետ,— հարցրեց Պետրոսը Սրբազանին։

— Այո՛, որդի, ձեր գործը այնպիսի մի գործ է, որ մի ժամվա մեջ ավարտել չենք կարող. մի փոքր շտապելը մեծ պատասխանատվության կարող է ենթարկել թե ձեզ, թե՝ ձեր քահանային և թե՝ մեր հոգևոր ատյանը։ Հետևապես որքան զգուշությամբ ավարտենք նրան, այնքան ավելի ազատ կլինենք պատասխանատվությունից, մանավանդ այժմ, երբ էջմիածնից խիստ հրամաններ են ստացված։

— Թող ձեր սրբազանության հրամանը կատարվի, մենք դրա դեմ ոչինչ չունինք,— համեստությամբ պատասխանեց Պետրոսը և տեր Գարեգինի հետ միասին դուրս գնաց առաջնորդական ընդունարանից։

Լ

ԺՈՂՈՎԻ ՎՃԻՌԸ

Տեր Սարգիսն ու բարեկարգիչը Սրբազանի մոտից դուրս գալով, մի փոքրիկ խորհուրդ արին, որ ըստ երևույթին հետևանք [ 275 ] էր մի ավելի մեծ խորհուրդի, որ տեղի էր ունեցեք նախընթաց ավուր երեկոյան։

— Այս լավ է. Սրբազանը այնպես խոսեց, ինչպես որ մեզ ձեռնտու էր.— կամացուկ ասում էր տեր Սարգիսը բարեկարգչին։— Գործի հաջողությունը այժմ քեզանից է կախված։ Դու պետք է մեր եկեղեցու չորս քահանաներից յուրաքանչյուրին կանչել տաս քեզ մոտ և առանձին-առանձին խոսես նրանց հետ, ինչ որ հարկն է։

— Բայց ես մի բան լսեցի, տեր Սարգիս, ասում են, որ Պետրոսը բաժանվել է հորեղբորից և ոչինչ կարողություն չունի։

— Սուտ բան է. հապա ինչո՞վ է այնպես լավ ապրում։

— Յուր ռոճիկով։

— Սուտ է, չհավատաս։ Տես ինչ անիծածն է. երիտասարդ տղա, ինքն էլ հորեղբոր պես ժլատություն է անում։ Սուտ է. այդ լուրը դիտմամբ է նա տարածել, որ մենք ծանր պահանջ չանենք իրենից։ Հապա պարոն Թովմասի հարյուր հազարները ո՞ւմն են, եթե նա միայն յուր ռոճիկովն է ապրում։

— Ուրեմն մի բան ասեմ. ես պետք է Պետրոսին մոտենամ, թող նա ինձ ավելի յուր բարեկամ ճանաչե, քան թե հակառակորդ, կարևոր դեպքում այս բանը մեզ օգուտ կարող է բերել։

— Շատ լավ կլինի, ես այդ մտքին ընդդեմ չեմ։

— Բայց տես, տեր Սարգիս. եթե ճիշտ դուրս գա, որ Պետրոսը հեռացած է հորեղբորից, մենք պետք է անգթություն չանենք, ես, ճշմարիտ է, Պետրոսին չեմ ճանաչում, բայց վարժուհի Աստղիկին շատ հարգում եմ, ես չեմ կամենալ, որ այդ օրիորդը մեր ձեռքով անբախտանա։

— Իհարկե, դու ավելի երիտասարդ ես և հանցանք չէ, որ հարգես օրիորդին, բայց Պետրոսի հորեղբորից հեռու լինելը սուտ է, այդ ես կարող եմ հաստատել։

— Ուրեմն ես կխոսեմ մեր քահանաների հետ, և ինչ որ խոսեմ, Սրբազանի անունով պիտի խոսեմ, դու զգույշ կաց, որ չհակասես ինձ։ [ 276 ] — Մի՞թե ես երեխա եմ. անհոգ եղի՛ր:

Այս խոսքերով արժանապատիվ հայրերը բաժանվեցան միմյանցից։

Օրը սկսում էր տարաժամել։ Վարի-թաղի եկեղեցու քահանաները արդեն երեկոյան ժամերգությունը ավարտած երկերկու դիմում էին դեպի հոգևոր ատյանը, ծանր ու բարակ միմյանց հետ խոսելով։

— Տեր Խաչատուր, այս տեսակ հանդգնություն ես ոչ մի քահանայի մեջ չեմ տեսել,— խոսում էր անգամ տեր Հովհաննեսը յուր ընկերի հետ.— տեր Գարեգինը զոռով ուզում է օրենքը քանդել, ո՞վ է տեսել, որ վեցերորդ ճյուղի մեջ պսակ կատարվի։

— Եղբայր, ես հո բոլորովին շվարած եմ մնացել: Էս օր էլ բարեկարգիչը ինձ հրամայում է թե՝ «Տես հա՛, տեր Խաչատուր, չհամարձակվես տեր Գարեգինի խոսքերին համաձայնություն տալու, թե չէ Սրբազանը փիլոնդ կվերցնե»: Մի հարցնես, թե ա՛յ տնաքանդ, ես գի՞ժ եմ, ի՞նչ է, մի՞թե չեմ իմանում, որ վեց պորտի մեջ պսակ չի հասնիլ:

— Ասենք հասցնողը հասցնում է. էն օրը տեր Գարեգինը խեղճն էլ ճիշտ էր ասում, թե մի՞թե, օրինակ, չէ՞ պատահեր, որ երրորդ և չորրորդ ճյուղի մեջ էլ պսակ եք կատարել, բայց մեր ինչի՞ն է պետք այդպես բաներ գիտենալը։ Հրամայողը՝ Սրբազանը, կատարողը՝ բարեկարգիչը։ Թե թուղթը կբերեն ու կասեն՝ ստորագրեցեք, կստորագրենք, չե՞ն ասիլ՝ չենք ստորագրիլ:

— Իհարկե, տեր Օհանես, խոնարհ քահանայի պարտավորությունն էլ այդ է։ Այ, հիմի կերթանք ժողով մտիկ կտանք մեզանից մեծերին ու խելոքներին, թե՝ նրանք «այո՛» կասենք, մենք Էլ «այո՛» կասենք, թե «ո՛չ» կասենք մենք էլ «ո՛չ» կասենք։ Այսպես լավ է, չէ՞:

— Իհարկե, իհարկե։

Բայց անգամ տեր Հոսեփը բոլորովին ուրիշ բան էր խոսում տեր Ստեփանի հետ։

— Զգույշ կաց, հա՞, տեր Ստեփան, այս գործի մեջ մեծ գումարներ են խաղալու. չլինի թե տեր Սարգսին, կամ բարեկարգչին [ 277 ] միայնակ թողնենք։ Հենց որ նրանք պ. Թովմասի հետ տեսնվեցան, էլ մեր բանը շլոր է. պետք է առաջուց պայման դնենք նրանց հետ, հետո մեր ստորագրությունր տանք։

— Օհո՛, դուն էլ խելք ես սովորեցնում տեր Ստեփանին, մազերս այդ տեսակի խաղերի մեջ է սպիտակել ու դու ասում ես առաջուց պայման դնենք ու հետո մեր ստորագրությունը տանք։

— Բայց գիտե՞ս, տեր Գարեգինին լա՛վ վարձատրություն կլինին խոստացած, որ նա այդքան ջերմեռանդությամբ է աշխատում։

— Իհարկե, դու չգիտես, թե նա ի՞նչ ճիզվիտն է. արտաքուստ այնպես է պահում իրեն, որ կարծես թե մարմնացյալ առաքինությունը ինքն է, և մենք շատ անգամ հիմարաբար քաշվում ենք նրանից։ Տես թե այս գործի մեջ դիմակը ի՞նչպես պիտի մերկանա։

— Չէ, ասենք տեր Գարեգինը այդքան էլ խորամանկ չէ, բայց ա՛յն քահանան էլ չէ, ինչ որ երևում է։

— Այս երեկո ամեն բան կպարզվի։

Մի կես ժամից հետո քահանայական ժողովը գումարված էր հոգևոր ատենի սենյակներից մինում։ Նախագահում էր բարեկարգիչը. նրա աջ կողքին նստած էր անդամ տեր Սարգիսը, հետո տեր Հոսեփ և տեր Օհաննես անդամները։ Չախ կողքին նստել էր տեր Ստեփանը, հետո տեր Խաչատուրը և նրանցից վերջը տեր Գարեգինը։

Նախագահը մի փոքրիկ ճառով ժողովը բանալով՝ առաջարկեց ժողովին տեր Գարեգինի ձեռքով կազմած ճյուղագրությունը և հարցրեց նրանից.— Կարելի՞ եք համարում արդյոք այս ճյուղագրությամբ ազգակցություն ունեցող զույգերի մեջ ամուսնություն. հայտնեցեք յուրաքանչյուրդ ձեր կարծիքը։

— Ես անկարելի և անհնարին եմ համարում,— առաջինը խոսեց տեր Սարգիսը.— որովհետև մենք ունինք եկեղեցական կանոնադրություն, որ սրբագործված է Ներսես Շնորհալու ձեռքով և որի մեջ սրբազնասուրբ հայրապետը ասում [ 278 ] Է. «Մի՛ ոք ի համազգեաց, որոնց արեան մերձավորութիւն իցէ, պսակ օրհնության տիցէ. այլ մինչև ի յերկուց կողմանց զչորրորդ ազգին գլխավորութիւն կատարեալ ունիցին…», որ կնշանակե, թե երկու կողմից չորս սերնդի հեռավորություն ունենալով՝ ութերորդ ճյուղի մեջ պիտի ամուսնանան թե՛ աղջիկը և թե՛ երիտասարդը։

— Այդ օրենքը գրել է Ներսես Շնորհալին, ճշմարիտ է,—պատասխանեց տեր Գարեգինը,— բայց նրան կատարել են դարձյալ Շնորհալիներ։ Այդ կարո՞ղ եք դուք թվել, թե քանի՞ այդպիսի Շնորհալիներ ենք ունեցել։

— Մենք ձեզ չենք հասկանում, —նկատեց նախագահը։

— Թեպետ ես մեղավոր չեմ, որ դուք ինձ չեք հասկանում, այսուամենայնիվ ես կբացատրեմ իմ միտքը։ Այդ օրենքը այն հոգևորականներն են կատարել, որոնք Շնորհալու չափ օրինասեր, անաչառ, եկեղեցու պատվին նախանձախնդիր և անձնական շահը ոտնահարող են եղել։ Մեր արդի հոգևորականությունը մանավանդ չէ կարող պարծենալ յուր պարտաճանաչ անդամներով։ Դուք չեք կարող ուրանալ, որ ձեր ձեռնադրության օրից սկսած մինչև այժմ հարյուրավոր չհասներ հաս եք արել և այդ ոչ թե նրա համար, որ օրենքն է ձեզ թույլատրել, այլ որովհետև դուք այդպես եք կամեցեք։

— Այդ խոսքերը մենք երեկ էլ լսեցինք ձեզանից,— նկատեց տեր Սարգիսը.— ուրեմն եթե այդպիսի վարմունքը դուք մի հանցանք եք համարում, ինչո՞ւ դուք ինքներդ կրկին մեզ նույնպիսի հանցանք գործելու եք դրդում։

— Ընդհակառակը, ես ձեզ հորդորում եմ փախչեք հանցանքից։

— Ի՞նչպես,— հարցրեց նախագահը։

— Ամեն ծայրահեղություն ինքնըստինքյան մի մոլություն է,— պատասխանեց տեր Գարեգինը.— ամուսնական խնդրի մեջ ոչ արյան սահմանները պետք է պղտորել, ոչ էլ ցամաքած երակների մեջ զոռով արյուն ստեղծել։ Այդ անում են նրանք, որոնք իրենց անձնական շահը զոռով ուրիշների բարեկեցության հետ են կամենում կապել, սակայն քահանայի համար դա մի դատապարտելի հանցանք է։ Եթե դուք [ 279 ] կուրանաք, որ այսպիսի օրինազանցություններ չեք գործել, այն ժամանակ ես կթվեմ կենդանի ապացույցները։

Նախագահը, չկամենալով առիթ տալ տեր Գարեգինին զանազան մերկացումներ անելու, նկատեց.

— Մինչև այժմ ինչ որ կատարվել է, կատարվել է, անցյալի մասին էլ ավելորդ է խոսել։ Բայց այժմ նոր և խիստ հրաման կա Սինոդից չօրհնել ոչ մի պսակ, մինչև որ ամուսնացող զույգերը յոթ պորտ հեռավորություն չունենան իրարից։ Եվ որովհետև ես այս քաղաքի եկեղեցիների բարեկարգիչն եմ և Սրբազանի հրամանով հսկող եկեղեցական օրինաց արդար գործադրության, հետևապես ես իմ կողմից արգիլում եմ Պետրոս Մարալյանի և օր. Աստղիկի ամուսնության պսակադրությունը, իբրև արյունառու ազգականների։ Այժմ դուք, արժանապատիվ հայրեր, կարող եք ձեր ազատ կարծիքները հայտնել։

Տեր Սարգիս,— Ես համաձայն եմ օրինաց հետ ապա ուրեմն և ձեզ հետ։

Տեր Հոսեփ.— Ես նույնպես համամիտ եմ արժանապատիվ բարեկարգչի հետ։

Տեր Օհանես.— Ես նույնպես համաձայն եմ բարեկարգիչ հոր հետ։

Տեր Խաչատուր.— Ինչ որ արժանապատիվ բարեկարգիչն ասաց, նույնը և իմ համոզմունքն է։

Տեր Ստեփան.— Ես էլ ձեզ հետ համամիտ և համակարծիք եմ։

Տեր Գարեգին.— Իսկ ես ոչ համաձայն եմ ձեզ հետ և ոչ էլ համակարծիք։ Այո՛, հավատում եմ, որ եկեղեցական օրենք ունինք, հավատում եմ, որ սուրբ Սինոդից նոր և խիստ հրամաններ կան, բայց երբեք չեմ կարող հավատալ, թե արդարություն է բաժանել միմյանցից երկու սիրող սրտեր, որոնք արյան մերձավորություն ունին վեցերորդ սերունդի մեջ։ Հրաման արձակողները ապրում են ժողովրդից հեռու և մեծ մասամբ անծանոթ են նրա ներքին դրության, շատ անգամ էլ այդ հրամանները արձակում են նրա համար, որ ծայրահեղ դիպվածներում առատության եղջյուրը անհայտ անկյուններուն [ 280 ] չթափե յուր բարիքը… Բայց մենք, որ ապրում ենք ժողովրդի մեջ, մենք, որ ամեն օր մասնակից ենք նրանց տրտմությանն ու ուրախությանը, և այդ պատճառով ավելի լավ ենք ճանաչում ժողովրդի ցավերը և դրանց դարմանները, մենք պարտավոր ենք ավելի մեղմ և ավելի զիջանող լիներ: Օրենքը մի սուր է, որի մի կողմը բութ և մյուսը հատու է. եթե մենք ժողովրդի չարը չենք կամենում, ուրեմն պետք է սրի ա՛յն կողմովը հարվածենք նրան, որ ցավը զգալի է անում մարմնին, բայց կենդանությունը նվազեցնող արյուն չէ հանում նրանից։

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես հետզհետե նվազում է ամուսնացող երիտասարդների թիվը. աղջիկները բազմանում են օրեցօր, անբարոյականությունը վարակում է ժողովրդի կազմը… Ամեն երկրներում հնարներ են մտածում ընտանեկան կյանքի մեջ կենդանություն և ուժ ներշնչելու համար՝ ամուսնությունը դյուրին պայմանների մեջ դնելու, մինչև անգամ կաթոլիկ եկեղեցին, որ հայտնի է յուր ավանդական խստությամբ, ամուսնությունը սկսեց թույլատրել երկրորդ և ամենահեռուն՝ երրորդ սերունդից։ Բայց մեզ մոտ դեռ նոր են յոթերորդ սերնդի համար հրամաններ խմբագրում։ Ես ինքս ձեզանից ավելի նախանձախնդիր եմ հայ եկեղեցու ավանդական սովորությունների պահպանության, և այդ դուք ինքներդ կարող եք վկայել, սակայն ինչ ամուսնական խնդրին է վերաբերում, այդտեղ ես մի փոքր տարբեր կարծիք ունիմ. պետք է դյուրացնել երիտասարդների ամուսնական գործը. որովհետև նա արդեն խանգարման և քայքայման է մոտենում…

— Այդ բոլորը լավ. այսուամենայնիվ դուք օրինաց հակառակ եք խոսում,—նկատեց նախագահը.— մենք օրենք խմբագրողներ չենք, այլ գործադրողներ։

— Ճշմարիտ է խոսում բարեկարգիչ հայրը. մենք ձեզ հետ համաձայնել չենք կարող,— հարեց տեր Սարգիսը։

— Այո՛, այո՛, մենք չենք կարող համաձայնիլ ձեզ հետ,— ձայն տվին մյուս քահանաները և բոլորը միասին վեր կացան աթոռներից։ [ 281 ] — Ուրեմն ժողովը մերժում է տեր Գարեգինի հոգևոր ատենին ներկայացրած խնդիրը և Պետրոս Մարալյանին հրամանագիր չէ տրվում օր. Աստղիկի հետ պսակվելու,—ամփոփեց նախագահը ժողովի վճիռը և վեր կացավ տեղից:

—«Դժվարին է ընձու փոխել զխայտուց և Եթովպացւոյ՝ զսևութիւն»,— դառնությամբ նկատեց տեր Գարեգինը և զայրացած դուրս գնաց ժողովից:

ԼԱ

ՕՐ. ԱՍՏՂԻԿԻ ՀԱՄՈԶՄՈԻՆՔԸ

Հետևյալ առավոտ տեր Գարեգինը գնաց Պետրոսի մոտ: Վերջինս, որ պատշգամբի վերա մտախոհ անցուդարձ էր անում, հեռվից նկատելով յուր քահանային, անհանգստությամբ ձայն տվեց. —«Հա՛, ի՞նչ լուր ես բերում, տեր հայր, ընդունե՞ց ժողովը մեր խնդիրը…»։

Տեր Գարեգինը հեռվից չխոսեց. երբ բարձրացավ պատշգամբ. ողջունեց Պետրոսին և տխրությամբ պատասխանեց.

— Դու հետաքրքրվում ես, երևի մի ուրախ լուր առնելու հույսով, բայց ես ուրախ լուր չպիտի հաղորդեմ ձեզ։

— Ի՞նչ, մերժե՞ց ժողովը իմ խնդիրը,— սրտատրոփ հարցրեց Պետրոսը։

— Այո՛, մերժեց. բոլորովին մերժեց։

Երիտասարդի գույնը թռավ և գլուխը սկսավ պտտիլ։

— Ներս գնանք, տեր հայր, ես ինձ վատ եմ զգում,— ասաց նա քահանային և երկուսը միասին մտան տուն։

— Այդ ի՞նչ պատահեց քեզ, Պետրե…— ճչաց իսկույն Աստղիկը տեսնելով սիրելուն գունաթափ։

Պետրոսը ոչինչ չպատասխանեց և լուռ ու անձայն նստեց բազկաթոռի վերա:

— Պետրե, երիտասարդ մարդուն վայել չէ այդ թուլությունը, մի՞թե առաջին խոսքից արդեն դու հուսահատվեցիր: [ 282 ] — Բայց ի՞նչ կա վերջապես, ի՞նչ պատահեց սրան, ասացեք տեսնեմ,— վրդովված հարցրեց Աստղիկը։

— Մի դատարկ լուր, որ այս պարոնը քաջություն չունեցավ լսելու։

— Բայց ի՞նչ լուր է այդ։

— Մեզ պսակելու հրաման չեն տալիս, Աստղի՛կ, մեզ չհաս են անում,— նվաղած ձայնով պատասխանեց Պետրոսը։

—Չհա՞ս… և ի՞նչ կողմից,— զարմացմամբ հարցրեց օրիորդը։ Այս խոսքի վերա ներս եկան Եղիսաբեթը և Հռիփսիմեն, ողջունեցին տեր հորը և նկատելով հանկարծ Պետրոսի ու Աստղիկի շփոթությունը, վախեցած հարցրին.— «Ի՞նչ է պատահել սրանց…»։

— Մեզ պսակվելու հրաման չեն տալիս, ահա՛ թե ինչ,— պատասխանեց Աստղիկը։

— Ինչո՞ւ համար, ի՞նչ պատճառով,— գրեթե միաբերան հարցրին երկու տիկինները։

— Ասում են, որ ազգականություն կա սրանց մեջ. ահա՛ թե ինչ պատճառով,— պատասխանեց տեր Գարեգինը։

Երկու մայրերը խորհրդավոր հայացքով նայեցին միմյանց վերա և մնացին լուռ։

— Մայրիկ, դուք երևի գիտեք, թե ի՞նչ ազգականություն ունինք մենք իրար հետ,— նկատեց Աստղիկը.— հապա ասացեք, ես անհանգստությունից տանջվում եմ։

— Ես էլ նրանց չափ տեղեկություն ունիմ ձեր ազգակցության վերա.— ասաց տեր Գարեգինը.— դու և Պետրոսը եղբոր և քրոջ թոռներ եք:

— Բայց մի՞թե դա այնպիսի մերձավորություն է, որ կարողանա արգիլել սրանց միությունը,— հարցրեց տ. Եղիսաբեթը։

— Այո՛, եկեղեցական օրենքով կարող է արգիլել։

— Բայց որքա՛ն այդ տեսակ պսակներ են կատարել մինչև այսօր, ինչո՞ւ եկեղեցական օրենքը չէ արգելել նրանց,— հարցրեց տ. Հռիփսիմեն։

—Նրանց էլ օրենքը արգիլել է, բայց պսակողները քանդել են այդ օրենքը։ [ 283 ] — Մերոնց էլ պսակողը դուք չե՞ք, դուք էլ քանդեցեք արգելքը։

— Օ՜, եթե իրավունքը միայն իմ ձեռքում լիներ, այն ժամանակ ես կիմանայի, թե ո՞ր օրենքով գործը կավարտեի. բայց դժբախտաբար այստեղ թշնամիները ավելի զենք ունին, քան թե ես, որ ձեր միակ բարեկամն եմ։

— Ուրեմն պետք է անմռունչ հնազանդի՞նք ձեր ժողովի վճռին,— հարցրեց վերջապես Պետրոսը տեր Գարեգինից։

— Գոնե առայժմ ուրիշ ելք չկա։ Բոլոր քահանաները միաբերան վճռեցին չհաս անել ձեզ։

— Բոլոր քահանանե՞րը… Բայց ովքե՞ր են դրանք, միթե իմ սիրտը նրանց կամքո՞վ է սիրել այս հրեշտակին և նրանց հրամանով պիտի ատե՞ սրան…

— Ի՞նչ ժողով, ի՞նչ քահանաներ, այդ ի՞նչ բաներ են անցել, և դուք մեզ ոչինչ չեք հայտնել,— զարմացմամբ և երկյուղով հարցրեց Աստղիկը։

— Այո՛, Սրբազանի հրամանով երեկ երեկոյան քահանաների ժողով կար հոգևոր ատյանում, որ պիտի քններ ձեր պսակի խնդիրը, նրա հաս կամ չհաս լինելու մասին,— ասաց տեր Գարեգինը.— և ահա այդ ժողովն էլ մերժեց երեկ` ինձ հրամանագիր տալու համար իմ առաջարկած խնդիրը։

— Մերժե՞ց… և հրամայում է ուրեմն, որ մենք բաժանվի՞նք…- դառը ժպիտով հարցրեց օրիորդը։

— Մերժումը այդ է նշանակում։

— Բաժանվի՜լ… և ո՞ւմնից, իմ Պետրոսի՞ց, օ՜, օ՞… և ինչպե՜ս շուտ, ինչպե՜ս հեշտ վճռում են այդ հոգևոր հայրերը…— դողացող ձայնով բացականչեց օրիորդը և ապա մոտենալով երիտասարդին, քնքշաբար պատեց նրա վզով յուր բազուկները և յուր սիրալիր հայացքը նրա աչքերին ուղղելով, գրեթե ինքն իրեն մոռացած սկսավ խոսել.

— Տեսնո՞ւմ ես, սիրելիս, թե ի՞նչ են հրամայում մեզ… բաժանվել, և ի՞նչ կարող ենք անել, իհարկե պիտի բաժանվինք, այնպես չէ՞… պիտի մոռանանք միմյանց, պիտի էլ չտեսնենք իրար… Այո, էլ չպիտի սիրես դու ինձ և ես չպիտի պաշտեմ քեզ… օ՜, ինչպես անագորույն վճիռներ են կարդում մեր գլխին, և ինչպե՞ս բախտավոր են նրանք, որոնք [ 284 ] սիրտ չունին, որոնք զգալ չգիտեն, որոնք երբեք չեն սիրել… Իսկ դուք, տեր Գարեգին, դուք ի՞նչ եք ասում,— դարձավ օրիորդը քահանային,— դուք, որ զարգացած երիտասարդ եք, դուք, որ գիտեք անշուշտ, թե ինչ ասել է սիրո բաժանում, մի՞թե դուք էլ համաձայն եք ձեր ժողովի վճռին, մի՞թե դուք է՞լ եք հրամայում մեզ բաժանվել միմյանցից…

— Ես գազան չեմ, օրիորդ, ոչ էլ մարդկային դժբախտություններին սառնությամբ նայելու ընդունակ. ես էլ իմ սրտում կրում եմ մի զգայուն սիրտ, որ մորմոքվում է ձեր այդ խոսքերով, որ դողում է ձեր ապագայի վերա… ես խոսեցի ձեզ ուրիշների համոզմունքի մասին և ոչ իմ. այն ժողովը, որ գումարվել էր ձեր բախտը որոշելու համար, ես նրան դատապարտեցի դեռևս չգումարված։

— Ուրեմն դուք համաձայն չեք մյուս քահանաների հետ,— կարծես ուրախանալով հարցրեց տ. Հռիփսիմեն:

— Իհարկե ոչ։

— էհ, ուրեմն դուք կարող եք պսակել մեր որդիներին,— միամտաբար նկատեց տիկինը։

— Բայց ինձ պետք է հրաման տան դրա համար… հակառակ դեպքում ինձ կարգալուծ կանեն, իսկ ձեր որդիների պսակը կլուծեն։

— Տեր հայր, որ ես սիրում եմ այս աղջկանը, այս հաստատ է,— լրջորեն խոսեց Պետրոսը,— որ ես չեմ բաժանվիլ սրանից, թեկուզ ամբողջ դժոխքը զինվի իմ դեմ, այս ավելի հաստատ է. ուրեմն ձեզ մնում է հասկացնել ձեր պաշտոնակիցներին, որ նրանք պետք է ինձ հրաման տան պսակվելու առանց հապաղման, ես այդ չեմ խնդրում նրանցից իբրև շնորհ, այլ պահանջում եմ իբրև իրավունք, որովհետև երբ ես սիրում եմ մի աղջկա, որ իմ հարազատ արենառուն չէ ոչ մոր, ոչ հոր, ոչ եղբոր և ոչ քրոջ կողմից, և երբ այդ աղջիկն էլ ինձ է սիրում, երբ մենք երկուսս միասին մեր կյանքը, մեր բախտը և երջանկությունը մեր միության մեջ ենք գտնում, մենք պետք է ամուսնանանք. սա մի արդար և բնական օրենք է։ Հետևապես ոչ մի դեպքում և ոչ մի պայմանով ես չպիտի հնազանդեմ այդ քահանաների քմահաճ վճռին։ Թող նրանք իրենք որոշեն, թե ո՞րն են գերադասում. հրաման տալ ինձ [ 285 ] պսակվելու, թե՞ ստիպել ինձ օտար եկեղեցու գիրկը դիմելու, որովհետև ես իմ հարսնացուից բաժանվելու միտք չունիմ։

-Պետրե, Պետրե, այդ ի՞նչ ասացիր դու, միթե հավատամ ես իմ ականջներին…— կարծես քնից սթափվելով բացականչեց օրիորդը.— այդ դո՞ւ ասացիր, թե օտար եկեղեցու գիրկ կդիմես… ետ առ խոսքդ, ետ առ, ապա թե ոչ ես այս րոպեից արդեն կարհամարհեմ քեզ…

— Էլ ուրիշ ի՞նչ ելք է մնում ինձ, Աստղիկ, մի՞թե կարող եմ ես բաժանվել քեզանից…

— Դու ինքդ մոռացել ես քեզ, Պետրե, այդքան թուլություն ես քեզ չեմ ներում,— կրկնեց օրիորդը,— եթե դու չես կարող բաժանվել մի աղջկանից, որին սիրում ես, ի՞նչպես կարող ես ուրեմն բաժանվել այն եկեղեցուց, որ քեզ ծնել և սնուցել է, ի՞նչպես կհամարձակվես անարգել այն եկեղեցին, որ քո ազգի միակ հույսը և ապավենն է, միակ հարստությունը և պարծանքն է, որին պահպանելու համար քո նախահայրերը արյուն են թափել, ընտանիքներ են զոհել, իսկ դու, օ՜հ, ամաչում եմ ասել, դու մի աղջկա սերն անգամ դժվարանում ես զոհել… Եվ ի՞նչ, դու կարծում ես, թե ես այնքան ստոր կլինեմ, որ դարձյալ կշարունակեմ սիրել քեզ, երբ կտեսնեմ քեզ հայ եկեղեցուց օտարացած։ Մի՛ սխալվիլ, Պետրե. կանայք դյուցազներին են սիրում, գաճաճների համար նրանք սիրտ չունին…

— Բայց ի՞նչ ես հրամայում ինձ որ անեմ, Աստղիկ, այն օրը, որ կվճռվի իմ և քո բաժանումը, այն օրը էլ ես չպիտի շնչեմ այս աշխարհի օդը…

— Ես դեռ իմ հույսը չեմ կտրում, իսկ դու որ տղամարդ ես, ինձանից ավելի քաջություն պիտի ունենաս։ Մենք դեռ կաշխատենք անիրավ ճակատագրի դեմ մաքառելու. եթե մեզ բախտը չի հաջողիլ, այն ժամանակ կմտածենք, թե ինչ պիտի անենք, եկեղեցուց վրեժ առնելու իրավունք չունինք։ Ի՞նչ կլինի մեր դրությունը, եթե ամեն մի դժգոհը օտար եկեղեցու գիրկը վազե։ Մի՞թե հայ եկեղեցին պատասխանատու է յուր պաշտոնյայի անիրավություններին։ Եթե մենք զարգացածներս քաջություն չունինք փորձությունների ժամանակ [ 286 ] մեր եկեղեցուն հավատարիմ մնալու, ի՞նչ իրավունքով ենք մենք սինլքոր խուժանը դատապարտում… Եթե քո եկեղեցու օրենքը հրամայում է քեզ մեռնել, մեռի՛ր, և ամոթ՛ մի բերիլ նրան, այս է դյուցազնական ազնվությունը և այս բարեմասնության տիրապետը միայն իրավունք ունի սիրելու… Պետրոսը գլխիկոր լսում էր սիրուհուն, և երբ նա ավարտեց, բարձրացրեց աչքերը, նայեց նրա դեմքին, որ այդ րոպեին վառվում էր վարդագույն կրակով և մեղմ ձայնով ասաց.

— Քո հանդիմանությունները իրավացի են, Աստղիկ, իմ խոսածները արդարև հիմարություններ էին. ես ներողություն եմ խնդրում։ Երբ մարդ անձնատուր է լինում բարկության, շատ հազիվ է պատահում, որ նա իմաստուն վճիռներ դնե։ Իհարկե, ես այդ խոսքերը ասացի միայն ասելու համար, ապա թե ոչ խոսքից մինչև գործը անցնելը բավական ճանապարհ կա և քիչ է պատահում, որ զայրույթի սաստկությունից անզգայացած խոհականությունը չզարթնի այդ ճանապարհի վերա։ Մի՞թե հավատում ես, թե ես կստորանայի՞ այդ աստիճան, քանի որ ստորանալուց առաջ կարելի է պատվով հրաժեշտ տալ աշխարհին… Ուրեմն թող բուժվին քո զգացմունքները, եթե ես անխոհեմաբար վիրավորել եմ նրանց։

—Դու միշտ նույն սիրտն ունիս, Պետրե, մի վայրկյան անգամ ես իրավունք չունեի նրա ազնվության վերա կասկածելու. ուրեմն դու էլ ինձ նեիիր, որ ես սառնությամբ հանդիմանեցի քեզ։

— Աստված ձեզ երկուսին միմյանց համար է ստեղծել,— խոսեց վերջապես և տեր Գարեգինը, որ մինչև այն լուռ նստած լսում էր երկու սիրահարների խոսակցությունը.— մարդիկ իզուր են աշխատում բաժանել ձեզ միմյանցից։ Ես հոժարությամբ կզոհեի ձեր բախտավորության համար իմ քահանայական կոչումը, եթե գիտենայի, թե չարասիրտ մարդիկ դարձյալ չեն խանգարիլ ձեր երջանկությունը։

— Ո՛չ, ով որ նշանակված է զոհվելու, նա ինքն էլ կզոհվի,— նկատեց Աստղիկը.— դուք պարտավոր եք անկորուստ պահել այն հարստությունը, ինչ որ ձեր սեփականությունը [ 287 ] չէ, այլ ձեր ընտանիքի. մենք ձեր բարյացակամությամբն էլ գոհ ենք արդեն։

— Այսուամենայնիվ ես իմ բոլոր ուժս գործ կդնեմ, որ այս արժանավոր միությունը չխափանվի,— ասաց տեր Գարեգինը տեղից վեր կենալով,— իսկ եթե իմ ուժս չի բավականանալ, այն ժամանակ արդեն…

— Ա՛յն ժամանակ մենք կհանձնենք մեզ ճակատագրի կամքին… վճռական ձայնով ավելացրեց Պետրոսը և տեր Գարեգինի հետ միասին դուրս եկավ տնից։

ԼԲ

ԲԱՐԵԿԱՐԳՉԻ ՏՎԱԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Պետրոսը տեր Գարեգինի հետ միասին տնից դուրս գալով մտադիր էր ուղղակի առաջնորդին դիմելու՝ նրանից վերջնական պատասխան առնելու համար, որովհետև Սրբազան հայրը խոստացել էր նրան այդ առավոտը ևեթ յուր վճիռը տալու:

— Իմ կարծիքով քո՝ Սրբազանի մոտ գնալը զուր աշխատանք է. ինչ որ բարեկարգիչն է ցանկանում, նույնն էլ Սրբազանը պիտի որոշե,— ասաց տեր Գարեգինը Պետրոսին, երբ նրանք մի քանի քայլ տանից հեռացան.— ավելի լավ է բարեկարգչի հետ տեսնվել և նրա հետ համաձայնություն կայացնել:

— Չեմ հասկանում ձեզ, ի՞նչ կնշանակե, թե Սրբազանը բարեկարգչի ցանկության համաձայն պիտի իմ գործը որոշե, մի թե առաջնորդն ու բարեկարգիչը փոխե՞լ են իրենց դերերը, թե իշխանավորի կամքը յուր ստորադրյալ ծառան է կառավարում։

—Այդ հարցին ես բացորոշ պատասխան տալ չեմ կարող. այսքանը միայն կասեմ, որ քո պսակի հրամանագիրը ուշանում է և ոչ թե մերժվում, և ուշանում է փողի պատճառով. իսկ փողը որչափ բարեկարգչի մոտ է հարգի, նույնքան էլ առաջնորդի մոտ… [ 288 ] — Փողի պատճառո՞ վ. մի՞թե. դրա վերա ես մինչև անգամ չեմ մտածել։

— Իսկ ես մտածել եմ. պսակի գործերը միշտ կապ ունին դրամական հաշիվների հետ:

— Հասկանում եմ ձեզ. բայց մի՞թե ես այդ աստիճան կստորացնեմ ինձ… մի՞թե այդ ճանապարհով պսակի հրամանագիրը կստանամ ես.— երբեք, եթե մեր միությունը փողով կարող է հաս լինել, ուրեմն առանց փողի էլ նա հաս պիտի լինի, ի՞նչ կնշանակե օրը ցերեկով հարստահարել այն մարդուն, որ տգետ ամբոխի անդամը չէ և կամավ կուրանալ չէ կարող. տեր աստված, «եթե ընդ դալար փայտ զա՞յս առնեն չորն զի՞նչ լինիցի…»։

— Դու առաջինը չես, որ այդպես ես խոսում, Պետրե, քեզ նման շատերն են խոսացել, բայց ի վերջո՝ բոլորն էլ «կակղել կերել են»։ Ես ինքս, որ ամեն գաղտնիքների հետ ծանոթ եմ, շատ եմ աշխատել արմատախիլ անելու այդ ախտը մեր քահանաների միջից, երբեմն քաղցրությամբ քարոզելով, երբեմն խստությամբ հանդիմանելով, բայց իմ բոլոր աշխատանքը, իմ քարոզներն ու հանդիմանությունները եղել են «ձայն բարբառոյ յանապատի…»։ Հոգևորականությունը այս հիվանդությունից ազատելու համար շատ քիչ են մասնավոր մարդկանց բարի ցանկությունները, խրատներն ու քարոզները, որովհետև գետակը ակունքների մոտ է պղտորված…

— Բայց ես չեմ կամենում շատերի ընկերը լինել, ես կամ պիտի ստանամ իմ պսակի հրամանագիրը առանց կողմնակի վարձատրությունների, և կամ պիտի դատվիմ հրապարակի վերա իմ բոլոր հակառակորդների հետ միասին։

— Անփորձ ես, Պետրե, անփորձ ես, արա ա՛յն, ինչ որ ես քեզ խորհուրդ եմ տալիս. ապա թե ոչ, ամեն տեղ էլ դու քո դատը կկորցնես։

— Թո՛ղ ուրեմն այս խնդրում փորձվիմ,— պատասխանեց Պետրոսը և ողջունելով տեր հորը ուղղեց քայլերը դեպի առաջնորդարան։

Դեռ նոր էր նա առաջնորդարանի բակը մտնում, երբ նրան պատահեց հայր բարեկարգիչը: [ 289 ] — Ողջույն ձեզ, Պետրոս-բեկ, ո՞ւր եք շնորհ տանում,-հարցրեց նա Պետրոսին, գրեթե նրա առաջը առնելով։

— Սրբազանի մոտ։

— Ինչո՞ւ համար, երևի համաձայն Սրբազանի խոստման, գնում եք ձեր պսակի հրամանագրի մասին նրա վճիռը լսելու։

— Այո՛, հենց դրա համար եմ գնում։

— Սրբազանը տկար է և ոչ ոքին չէ ընդունում յուր մոտ, բայց ձեր գործի մասին նա արդեն յուր գրավոր հրամանը ուղարկել է ինձ. ահա՛ այդ հրամանը, կարող եք կարդալ,— այս ասելով նա հանեց ծոցից Սրբազանի հրամանագիրը և տվեց Պետրոսին։

Երիտասարդը արագությամբ աչքի անցրեց բոլոր գրվածքը և զայրույթից գույնը նետեց։ Սրբազանը, ի միջի այլոց, գրում էր բարեկարգչին, «Խստագոյնս հրամայեմք ոչ թոյլատրել ումէք ի քահանայից պսակել զՊետրոս Մարալեան ընդ Աստղկան Սարգսեան, վասն մերձաւորագոյն ազգականութեանն՝ որ ի նոսա…»։

— Եվ սրանով ամեն բան վերջանո՞ւմ է,— զայրացած հարցրեց Պետրոսը բարեկարգչին, երբ հրամանագրի ընթերցումը ավարտեց։

— Գրեթե ամեն բան։

— Եվ ես չպե՞տք է պսակվիմ իմ հարսնացուի հետ։

— Իհարկե ոչ։

— Եվ այդ դուք հնարավո՞ր եք համարում։

— Եթե այդպես չլիներ, Սրբազանը այդ հրամանը չէր գրիլ:

Պետրոսը լռեց, նա բարկությունից դողում էր ամբողջ մարմնով, բայց ի՞նչ կարող էր անել, ո՞ւմ կարող էր բողոքել։ Եվ մի՞թե նա ուժ և ժամանակ ուներ դրա համար. կամ կարո՞ղ էր արդյոք հուսալ, թե յուր այդ բողոքով դատը կվաստակի։ Նա հիշեց տեր Գարեգինի խոսքը. «Քո պսակի հրամանագիրը ուշանում է և ոչ թե մերժվում…» և համոզվեցավ, որ պետք է բարեկարգչի հետ համաձայնություն կայացնել. «Անտեղի ճշմարտությունն էլ շատ անգամ գործի խանգարման պատճառ է դառնում,— մտածեց նա ինքն իրեն.— [ 290 ] բայց ո՞րտեղից էր նրան նույնիսկ նյութական կարողություն, որ նրա շնորհիվ յուր հակառակորդների սիրտը ամոքել կարողանար նա։ Այս էլ ուշադրության արժանի խնդիր էր։ Այսուամենայնիվ երիտասարդը որոշեց տեր Գարեգինի խորհրդին հետևել, գոնե հակառակորդների բուն դիտավորությունը հասկանալու համար։

— Տե՜ր հայր, դուք երևի չեք ուրանալ, որ մեր քահանաները մինչև այժմ հարյուրավոր չհաս պսակներ են կատարել և այսուհետև էլ կկատարեն, եթե հարկը պահանջե,— դարձավ Պետրոսը բարեկարգչին. դուք չեք ուրանալ նույնպես, որ իմ պսակի առթիվ քահանաների ցույց տված ընդդիմությունը ջերմեռանդ օրինասիրությունից չէ բխում, ուրեմն հայտնեցեք ինձ անկեղծությամբ, ինչո՞ւ համար են նրանք մեր միությանը ընդդիմանում, և ինչո՞վ կարող եմ ես այդ ընդդիմությունը վանել։

Բարեկարգիչը զգուշությամբ նայեց չորս կողմը, բռնեց Պետրոսի ձեռքից և տանելով նրան դեպի բակի անկյունը, խորհրդավոր եղանակով ասաց.

— Ես ձեզ հետ մոտիկ ծանոթ չեմ, Պետրոս-բեկ, որովհետև դուք միշտ այստեղ չեք եղել, բայց շատ լավ ծանոթ եմ օրիորդ Աստղիկի հետ և բոլոր սրտով հարգում ու պաշտում եմ նրան, իբրև մեր դպրանոցի մի աննման աշխատավորին, իբրև մի ընտիր վարժուհու և իբրև ընտրելագույն դաստիարակչի։ Նրան բախտավորացնելու համար, ես ոչ իբրև մասնավոր անձն, այլ իբրև քահանա և հասարակաց գործիչ, հանձն կառնեի ամեն զոհաբերություն, որպեսզի մեր մանուկների այդ պահպանման հրեշտակը' կարելվույն չափ ուրախ ապրելով` ավելի սիրտ և ժամանակ ունենար յուր սիրած գործին անձնվիրաբար ծառայելու։ Եվ ահա՛ հենց այդ պատճառով ես չէի ցանկանալ, որ ձեր ամուսնությունը խախտվեր, որովհետև դրանով խեղճ օրիորդի սիրտը կխոցոտվեր և այդպիսով նա յուր արդյունաշատ գործունեության ասպարեզը կլքաներ…

— Եթե դուք այդ բոլորր գիտեք, արժանապատիվ հայր, ինչո՞ւ ուրեմն չեք օգնում այդ օրիորդին յուր սիրելի նպատակին [ 291 ] հասնելու,— ջերմությամբ ընդհատեց քահանային Պետրոսը։

— Չեմ օգնու՞մ, և մի՞թե այդպես բան ասել են ձեզ:

— Ձեր մասին ես վատ բան լսած չեմ բայց և այնպես հետաքրքիր է ինձ համար իմանալ, թե արդյոք աշխատել եք դուք երբևիցե հօգուտ մեր այս գործին:

— Այո՛, բարեկամ, աշխատել եմ, և այժմ էլ աշխատում եմ անդադար, բայց իմ աշխատանքը վատնվում է իզուր, որովհետև Սրբազանը խիստ անողոք է օրինասիրության մեջ. նա մի անգամ լսել է քահանաների զեկուցումը և պահանջում է համաձայն այդ զեկուցման օրենքը պահպանվի։

— Ուրեմն պետք է կորցնել ամեն հույս. ուրեմն էլ չպիտի՞ կարողանանք մենք պսակվել։

— Ոչ, դեռ հույս կա, հարկավոր է միայն այս անսիրտ քահանաների ձեռքը յուղոտել…

— Կաշառե՞լ, մի՞թե դուք ինձ այդ բանին ընդունակ եք համարում։

— Այդ բառը շատ կոշտ է հնչում, բայց նրա գործադրությունը ինքնըստինքյան դժվարություններ չէ ներկայացնում. մի՛ խորշեք դուք այդ բառից, ամեն երկրում, ամեն շրջաններում կաշառքը ապրել է. պետք է ցավել, իհարկե, որ նա մուտ է գործում և այն դասակարգի մեջ, որը իսկապես արդարության պաշտպանը պիտի լիներ, բայց ի՞նչ կարող ենք անել, քանի որ այդ սրբազան կոչումը ստանձնողները երբեք պարտուպատշաճ պատրաստությամբ չեն մոտենում նրան։ Կամա-ակամա մենք պիտի հնազանդինք ճակատագրին, քանի որ նրան մեզ հնազանդեցնել չենք կարող։ Մյուս կողմից էլ մեր քահանաների նյութական վիճակը շատ աննախանձելի է. նրան բարվոքելու համար մտածող ու հոգացող չկա. այդ պատճառով իրենք քահանաները աշխատում են հարմար առիթից օգուտ քաղել։ Մի դատապարտեք նրանց, գոյության խնդիրը ուշադրության արժանի խնդիր է. ինչո՞վ կարող ես գոհացնել հաց խնդրող մանուկին, և ինչո՞վ ցրտի առաջ դողացող մերկանդամ որբուկին…

— Ուրեմն ի՞նչ պիտի անեմ ես ձեր կարծիքով։ [ 292 ] — Առնվազն մի հազար ռուբլու նվեր պիտի անես այդ անօգնական թշվառներին։

— Հազա՞ր ռուբլու, բայց ո՞րտեղից է ինձ այդքան գումար։

Բարեկարգիչը ծիծաղեց։

— Դուք երևի չէք հավատում ինձ։

— Ներեցեք, իհարկե ոչ։

— Բայց ես նույն չափ աղքատ եմ, որչափ ձեր քահանաներից յուրաքանչյուրը. ես էլ իմ ողորմելի ռոճիկով եմ ապրում։

— Բայց չէ՞ որ դուք հարուստ հորեղբայր ունիք։

— Այո՛, ես հո այդ չեմ կարող թաքցնել, բայց նա արտաքսեց ինձ յուր տնից, որովհետև ես չընդունեցի նրա առաջարկությունը՝ Խալաթյանի աղջկա հետ ամուսնանալու։

— Ճշմարի՞տ։

— Միթե կարո՞ղ եմ ես այդքան անամոթաբար ստել։

— Բայց քահանաները այդ չգիտեն։

— Դուք կարող եք նրանց հայտնել։

— Անկարելի է, չեն հավատալ։

— Բայց մի բան, որ ճշմարիտ իրողությո՞ւն Է:

— Չես կարող հավատացնել. նրանք կկարծեն, թե դիտմամբ ենք այդ բանը հնարել։

— Բայց չե՞ն տեսնիլ, որ ես իմ հորեղբոր տանը չեմ ապրում։

— Այդ դեռ չէ կարող ապացուցանել, որ հորեղբայրդ արտաքսել է ձեզ յուր տնից։

— Ի՞նչ պետք է անեմ ես ուրեմն։

— Եթե օր. Աստղիկի ընկերությունը թանկ է ձեզ համար, դուք պետք է իմ խորհրդին հետևեք։

— Բայց ես հնար չունիմ, ասացի։

— Անկարելի է, սիրելի բարեկամ. դուք գոնե ի սեր ձեր ապագա երջանկության՝ պիտի աշխատեք այդ գործը գլուխ բերելու։ Գնացեք ձեր հորեղբոր մոտ, ներողություն խնդրեցեք նրանից, հաշտվեցեք նրա հետ և նա անշուշտ կօգնե ձեզ։

— Իմ հորեղբոր մո՞տ… ավելի շուտով ես դժոխք կերթամ, [ 293 ] — զայրացած պատասխանեց Պետրոսը և առանց յուր խոսակցին ողջունելու հեռացավ նրանից։

— Չմոռանաք իմ խորհուրդը, Պետրոս֊բեկ, չմոռանաք իմ խորհուրդը — ձայն տվեց երիտասարդի հետևից բարեկարգիչը և վերադարձավ առաջնորդարան։

ԼԳ

ՍՐԲԱԶԱՆԻ ԲԱՌԱՐԱՆԸ

Վերադառնալով տուն` Պետրոսը հայտնեց յուրայիններրին, որ առաջնորդը արդեն վերջնական հրաման է արձակել իրենց պսակը արգիլելու համար և պատմեց բարեկարգիչ հոր խոստովանաբար իրեն հետ խոսածները և նրա տված խորհուրդները։

Երկու լուրերն էլ հուսահատեցնելու չափ տխրեցրին Աստղիկին։ Մինչև այն, նա հույս էր տածում յուր սրտում, թե գուցե դեռ կհաջողվի տեր Գարեգինին հրաման ստանալ օրինական ճանապարհով, որովհետև վերջին անգամ նա ասաց, թե` «ես իմ բոլոր ուժս գործ կդնեմ, որ այս արժանավոր միությունը չխափանվի բայց այժմ այլևս հույս չմնաց, թե նա կկարողանար օգնել գործի հաջողությանը, որովհետև առաջնորդը արձակել էր արդեն յուր անդարձ հրամանը։ Բարեկարգչի տված խորհուրդը, ճշմարիտ է, աներկևան էր կացուցանում գործի հաջողությունը, բայց օրիորդը մի վայրկյան անգամ չէր կարողանում հավատալ, թե Պետրոսը թույլ կտար իրեն երբևիցե այդ ճանապարհով հաջողություն ձեռք բերելու, մանավանդ որ մեջտեղ հորեղբայր Թովմասի հետ հաշտվելու խնդիրը կար, որ ինքըստինքյան մի անիրագործելի առաջարկություն էր։

Բայց տիկին Հռիփսիմեի վերա բոլորովին հակառակ ազդեցություն արավ Պետրոսի հայտնությունը. նա շատ ուրախացավ լսելով բարեկարգչի տված խորհուրդը։

— Այդ մի շատ խելոք առաջարկություն է, Պետրե, ասաց տիկինը որդուն,— դու պետք է անպատճառ հաշտվես [ 294 ] քո հորեղբոր հետ։ Ես վաղուց գիտեի, որ այս գործը փողի պատճառով է ուշանում։ Տեսնո՞ւմ ես բարեկարգիչը ինքն էլ չէ քաշվել քեզ յուր միտքը բացարձակ հայտնելու, ուրեմն այժմ քեզ ուրիշ ոչինչ չէ մնում, բայց եթե ուղղակի գնալ Թովմասի մոտ, հայտնել նրան քո դրությունը և օգնություն խնդրել նրանից։ Թովմասը, ճշմարիտ է, բարկացկոտ մարդ է, բայց նա միևնույն ժամանակ շուտ զղջացող է: Մեր մի քանի բարեկամներին արդեն նա խոստովանել է, որ շատ է ցավում յուր անսիրտ արարմունքի վերա և պատրաստ է մեզ հետ կրկին հաշտվելու, եթե միայն մենք կդիմենք նրան։

— Հաշտվե՞լ Թովմասի հետ, այդ ի՞նչ խորհուրդ ես տալիս ինձ, մայրիկ,— վշտացած խոսեց Պետրոսը.— միթե կարո՞ղ եմ ես այս աստիճան ստորացնել ինձ, դու երևի մոռացել ես քո տագեր կոպիտ խոսքերը.— «Այսօր ևեթ թողեցեք դուք իմ տունը՝ երբեք էլ այստեղ ոտք չդնելու պայմանով». այսպես հրամայեց նա մեզ և անխղճաբար դուրս արավ նա յուր տնից. և այդ ա՛յն ժամանակ, երբ մենք մի օգնական և ապավեն չունեինք, երբ ես իմ գրպանում մի հատիկ սև փող չունեի… Այժմ դու կամենում ես, որ ես հաշտվի՞մ նրա հետ, մի՞թե ամոթ չկա իմ երեսին, թե՞ իմ պատվասիրությունը վաճառե՞լ եմ ես փողոցում… Չէ, մայրիկ, չէ, ես Թովմասի հետ հաշտվող չեմ. ուրիշ օգտավետ խորհուրդ թե գիտես. տուր, ես կլսեմ քեզ, բայց հաշտվել իմ հորեղբոր հետ, երբե՛ք։

— Ի՞նչ պիտի անես ուրեմն, պիտի բաժանվե՞ս քո հարսնացուից,— հարցրեց տ. Հռիփսիմեն։

— Իհարկե ոչ։

— Բայց որ հրամայում են քեզ բաժանվել։

— Հրամայում են, բայց չեն ստիպում. ուրեմն քանի որ դեռ ուժ ունիմ ես կմաքառեմ իմ հակառակորդների դեմ. երբ այդ ուժը կսպառի և հակառակորդները կստիպեն ինձ իմ հարսնացուից բաժանվելու, այն ժամանակ կմտածեմ ինձ ստորացնելու վերա։

— Հռիփսիմեն վատ խուրհուրդ չէ տալիս քեզ, Պետրե, լսի՛ր նրան, — նկատեց տ. Եղիսաբեթը.— քո հորեղբոր հետ հաշտվելով, դու բոլորովին չես ստորացնում քեզ, որովհետև [ 295 ] հորեղբայրը օտար չէ և եթե մինչև անգամ ներողություն խնդրելով ձեռք բերես դու այդ հաշտությունը, դարձյալ դու քեզ ոչնչով ստորացրած չես լինիլ:

— Չէ, մայրիկ, երբ մեջտեղ փող խնդրելու հարց կա, անկարելի է արդեն, որ այդ հաշտությունը տեղի ունենա,— նկատեց Աստղիկը ,— ես ինքս անգամ խորհուրդ չեմ տալ Պետրոսին հաշտվելու այդ դեպքում յուր հորեղբոր հետ. ինչ լինելու է, թող լինի, մուրանալով բախտավորվիլ հավասար է մի դժբախտության…

— Շնորհակալ եմ, Աստղիկ,— զգացված պատասխանեց Պետրոսը,— դու խոսում ես ա՛յն՝ ինչ որ իմ հոգին է մրմնջում. այս անել դրության ժամանակ, երբ մոտալուտ թշվառության երկյուղը ապառնում է սրտիս մեջ հուսո վերջին նշույլները, քո այդ խոսքերը մխիթարում են ինձ։ Ես էլ չեմ վախենում ապագա դատապարտությունից, որովհետև դու արդեն ներում ես ինձ, որ ես անսիրտ մարդիկներից բախտ չեմ մուրանում…

— Ես մինչև անգամ գովում եմ այդ քո վարմունքը,— նկատեց օրիորդը.— պատվասիրությունն էլ մի առաքինություն է, մանավանդ եթե մարդ յուր ընկերին վնասելու գնով չէ ապահովում նրան։

— Եվ դու, ես կարծում եմ, քեզ ինձանից բաժանված մի ընկեր չես ընդունում, այնպես չէ՞։

— Քավ լիցի. այդ զոհաբերությամբ դու պահպանում ես նաև իմ պատիվը։

— Ուրեմն վճռված է. ես իմ հորեղբոր հետ նոր հաշիվ չպիտի ունենամ…

Այս որոշումից ետ անցան մի քանի օրեր։ Պետրոսը տեր Գարեգինի խորհրդով կրկին անգամ դիմեց Սրբազան առաջնորդին, խնդրելով նրան հետս կոչել յուր վճիռը և հրաման տալ իրեն պսակվելու։ Սրբազանը բացեիբաց մերժեց նրա խնդիրը, առարկելով, թե մի անգամ արդեն հրաման արձակելուց ետ՝ այլևս չէ կարող հակառակ կարգադրություն անել։ Բայց խորհուրդ տվեց Պետրոսին առանձին—առանձին համոզել քահանաներին և նամանավանդ բարեկարգչին, որ նոր համախոսություն կայացնեն իրենց մեջ և առաջարկեն [ 296 ] այն իրեն՝ Սրբազանին. «Այս ճանապարհով գուցե կարողանամ նորեն շտկել գործը»,— խորհրդավոր ակնարկությամբ ասաց նրան Սրբազանը։

Բայց Պետրոսը այս խորհրդի բուն միտքը չհասկանալով, բավականացավ միայն քահանաներին նորեն հին խնդիրը կրկնելով։ Եվ որքա՜ն մեծ եղավ նրա ուրախությունն ու զարմանքը, որ քահանաներից ոչ ոք ընդդեմ չցույց տվեց իրեն Պետրոսի ցանկությանը։

Տեր Հովսեփը մեծ պատվով ընդունելով Պետրոսին, ասաց, որ ինքը առաջին օրն իսկ հորդորել է տեր Սարգսին ու տեր Գարեգինին մասնավոր զիջումներ անել իրար և գործը գլուխ բերել մի կերպ, և այժմ շատ ցավում է, որ տեր Սարգսի համառությունը դժվարացրել է գործի դրությունը։ Այսուամենայնիվ՝ «Ես պատրաստ եմ իմ ստորագորւթյունը դնել համախոսական թղթի վերա,— ասաց նա,— եթե մյուս քահանաներն էլ կհամաձայնվեն ինձ ընկերանալու»։

— Տեր Օհանեսը հայտնեց, որ ինքը ոչ միայն դատապարտում է քահանայական ժողովի վճիռը, այլ մինչև անգամ զարմանում է Սրբազանի միամտության վերա, որ նա տեր Սարգսի սուտ օրինասիրությանը համակերպելով, վեցերորդ սերնդի մեջ չհասություն է որոնում և համաձայն այդ մերժման հրաման արձակում։ «Մի րոպե անգամ ես չեմ դանդաղիլ իմ ստորագրությունը տալու,— ասաց նա վճռական եղանակով,— եթե մյուս քահանաներն էլ կհամաձայնվեն ինձ հետ»։

Տեր Խաչատուրը, որ Պետրոս-բեկին ընդունելու համար մինչև սանդուղքի վերջին աստիճանն էր իջել, անկեղծաբար խոստովանեց, որ ինքը պատրաստ է մինչև անգամ Վեհափառի առաջ Պետրոս-բեկի իրավունքը պաշտպանելու, ըստ որում եկեղեցական պատմությունից անգամ օրինակներ գիտեր, որ հայոց եկեղեցին վեցերորդ սերնդի մեջ չհասություն չէ ճանաչում և որ տեր Սարգսի արածը թշնամական մի գործ է ընդունում։ «Բայց և այնպես, դժվար է առաջնորդի հրամանին ընդդիմանալ,— ասաց նա,— որովհետև այս Սրբազանը մի քիչ խիստ և մի քիչ էլ բարկացկոտ է։ Այսուամնայնիվ, եթե մյուս քահանաները կհոժարին նոր համախոսական [ 297 ] թուղթ ստորագրելու, ես իմ ստորագրությունը երկու ձեռքով կտամ նրանց»,— ավելացրեց տեր հայրը։

Տեր Ստեփանը մինչև անգամ հայտնեց, թե այս բոլոր դժվարությունները փող կորզելու նպատակով են առաջ բերում քահանաները և թե այսքան անողոք չէին լինիլ Պետրոսի վերաբերությամբ, եթե նա հարուստ հորեղբայր չունենար, «Բայց ես մասնակից չեմ դրանց մեղքերին,— ասաց նա մի անշահասեր քահանայի անկեղծությամբ.— ո՜ւմ ինչ կամենում ես, տուր, որդի, ես պահանջող մարդ չեմ. և չեմ էլ վարանիլ իմ սեփական ձեռքով ձեր պսակի հրամանագիրը ստորագրելու, միայն թե այդ հրամանագիրը ինձանից առաջ ստորագրած լինին գոնե չորս կամ հինգ քահանաներ»։

Սակայն հայր բարեկարգիչը հասկացրեց Պետրոսին, որ քահանաները միայն իրեն հաճոյանալու համար են այդպիսի պատասխաններ տվել և թե նրանք երբեք էլ չեն ժողովվիլ միասին համախոսական թուղթ ստորագրելու.— «Մինչև անգամ եթե այդ չորս քահանաները համաձայնվին,— ավելացրեց բարեկարգիչը.— այսուամենայնիվ տեր Սարգիսը, որ գլխավոր հակառակորդն է, երբեք չպիտի համաձայնի, որովհետև նա այդ հակառակության մեջ մյուս քահանաներից ավելի ընդարձակ շահեր ունի»:

— Ի՞նչ ընդարձակ շահեր,— հետաքրքրությամբ հարցրեց Պետրոսը։

— Այդ մի գաղտնիք է, որ ես այսօր ձեզ բանալ չեմ կարող։

— Բայց եթե ձեզ ազնիվ խոսք տայի ոչ ոքին այդ մասին ոչինչ չխոսելու։

— Այն ժամանակ դարձյալ ես չէի կարող ձեր հետաքրրքրությունը գոհացնել։

— Ի՞նչ է պատճառը, որ դուք այդ աստիճան պաշտպանում եք նրան։

— Պաշտպանե՞լ՝ երբեք, թայց մենք վախենում ենք նրանից, որովհետև նրա համեստ կերպարանքի տակ դևերն են գործում։ Եվ եթե դուք կարողանայիք միմիայն նրան համոզել չհակառակել ինձ, այն ժամանակ ես կխոստանայի [ 298 ] ավարտել այս գործը մինչև անգամ առանց ձեզանից մի սև փող խնդրելու։

— Եթե այդպես է, ես խոստանում եմ նրա գրավոր համաձայնությունը բերելու ձեզ։

— Այն ժամանակ ես էլ ձեր պսակի հրամանագիրը անհապաղ կհանձնեմ ձեզ։

Պետրոսը ուրախացավ բարեկարգչի այս նոր խոստմունքով և դիմեց տեր Գարեգինին, այս նորության համար նրանից խորհուրդ հարցնելու։

— Բարեկարգիչը շատ ճշմարիտ խոսք է ասել քեզ,— նկատեց տեր հայրը Պետրոսին, երբ սա հաղորդեց նրան յուր նորությունը.— տեր Սարգիսը այն քահանաներից մինն է, որոնք օրենքը գործ են ածում իբրև զենք, ոչ թե հանցավորները պատմելու, այլ անձնական շահերը պաշտպանելու համար։ Նրա համար նշանակություն չունի, թե ո՞վ ինչպես է դժբախատնում, կամ թե՝ յուր ժողովրդականներից մինը ինչպես կարող էր յուրմով բախտավորվիլ. նա հետազոտում է միայն եկամտի ճանապարհները և նրանց մեջ թակարդներ լարելով է զբաղված։ Այսուամենայնիվ փորձիր նրա սիրտը ամոքել,— ավելացրեց տեր հայրը,— գուցե մի անգամ նա հաշտվում է յուր խղճի հետ։

Պետրոսը յուր քահանայի խոսքերից չհուսահատվեցավ և որոշեց վերջին անգամ տեսնվել տեր Սարգսի հետ։ Միևնույն խորհուրդը տվին նրան և տ. Եղիսաբեթն ու Աստղիկը, որոնք սկզբից լավ համարում ունեին այդ քահանայի վերա և չէին կամենում վերջին դեպքերի առթիվ հեշտությամբ փոխել դրա մասին ունեցած իրենց համոզումը։

Բայց ճանապարհին պատահեց Պետրոսին Վարի-թաղի եկեղեցու հին սպասավոր և տեր Սարգսի մշտական թշնամի տիրացու Հակոբը, որի անունը մի անգամ առիթ ունեցանք հիշելու և որը Պետրոսին մի քանի կարևոր նորություններ պատմեց։

Տիրացու Հակոբը հայտնի էր յուր անողոք ճշմարտասիրությամբ, այդ պատճառով էլ բոլոր քահանաներից ավելի տեր Սարգիսն էր նրան ատում։ Նույնիսկ առաջնորդը չէր սիրում նրան և հենց նրա ճշմարտախոսությունն էր պատճառը, [ 299 ] որ ուղիղ երեսուն տարի նա տիրացություն էր անում Վարի-Թաղի եկեղեցում և քահանա ձեռնադրվելու մասին յուր ղրկած բոլոր խնդիրները, որոնք միշտ ոչինչ խոստացող բնավորություն էին ունենում, մնում էին անպատասխան:

Բայց տեր Գարեգինը սիրում էր տիրացուին ինչպես ճշմարտախոս մարդու, այդ պատճառով էլ Պետրոսը մեծ հետաքրքրությամբ լսեց նրա պատմածները։

«Ես հիսունևհինգ տարեկան եմ, բարեկամ, բայց անիրավության քայլերը ճանաչելու համար դեռ չեմ կորցրել երիտասարդական ուշիմությունս,-այսպես սկսավ տիրացուն յուր ողջույնը։-Ամբողջ քաղաքի մեջ խոսում են մի շատ մերձավոր խնամության մասին, որը իբր թե ջերմեռանդ օրինասիրությունից դրդված արգելում է արժանապատիվ տեր Սարգիսը։ Այդ զրույցը, իհարկե, վերաբերում է ձեր և օր. Աստղիկի ամուսնության։ Բայց հիմար գլուխներն են միայն տեր Սարգսին օրինասեր մարդ ճանաչում։ Տիրացու Հակոբը ամեն բան դիտում և ամեն բան տեսնում է։ Ես թեպետ դեռ չեմ կորցրել քահանայանալու հույսս, այսուամենայնիվ բացարձակ կքարոզեմ այն, ինչ որ հաստատ գիտեմ։ Տեր Սարգիսը ընդդեմ էր ձեր ամուսնության երկու գլխավոր պատճառներով, որոնք վերաբերում էին յուր անձնական հաշիվներին։ Դրանցից առաջինը զուտ շահասիրական էր, իսկ երկրորդը՝ վրեժխնդրական։ Շահասիրականը այն էր, որ Մելքոն Խալաթյանը հինգ հարյուր ռուբլու գրավիչ վարձատրություն է խոստացել նրան այն մերժման հրամանագրի մասին, որը արձակել է արդեն Սրաբազանը ձեր պսակը արգիլելու համար։ Այդ հրամանի պատճենը անցյալ օրը արժանապատիվ հայրը տարավ Խալաթյանին և ինչպես իմ մի մտերմից իմացա, ստացավ յուր արդար վարձատրությունը։ Վրեժխնդրականը այն էր, որ դեռ երկու տարի առաջ տեր Սարգիսը մի անգամ յուր կես-ապուշ որդուն ղրկել էր օր. Աստղիկի տունը՝ օրիորդին տեսնելու և նրան հավանելու համար։ Կես-ապուշին ընդունել էին իբրև այցելու և այնպես էլ ճանապարհ դրել։ Բայց հետո երբ տեր Սարգիսը անձամբ ներկայացել էր տ. Եղիսաբեթին և պաշտոնապես խնդրել նրա դստեր ձեռքը յուր խելոք որդու համար, նրան փառավորապես [ 300 ] մերժել էին։ Տեր Սարգիսը, իհարկե, ոչինչ դժգոհություն չէր ցույց տվել չհաջողված խնամուն ու հարսնացուին, մինչև այսօր էլ նա առերես նրանց բարեկամն է, բայց ուղտի ոխը նա պահել էր յուր սրտում։ Եվ այսօր ահա՛ հարմար առիթից օգուտ քաղելով նա վրեժխնդիր է լինում յուր ստացած վիրավորանքին։

«Ահա՛, սրանք են տեր Սարգսի օրինասիրության պատճառները, և ոչ թե օրենքը, որին նա երբեք հարգող չէ եղել»:

— Առաջին պատճառը ես գուշակում էի, երկրորդի մասին հիմա եմ լսում. այսուամենայնիվ ես էլի դիմում եմ նրա օգնությանը,— պատասխանեց Պետրոսը։

— Ո՞ւմ, տեր Սարգսի՞։

— Այո՛, որովհետև ես տեսնում եմ, որ բոլորը նրա հաճության են սպասում իրենց համաձայնությունը տալու համար։

— Ի՞նչ հաճություն, ի՞նչ համաձայնություն. Սրբազանը արդեն արձակել է մերժման հրամանը։

— Գիտեմ, կարդացել եմ, բայց ես կրկին գնացի Սրբազանի մոտ և նա ինձ ասաց, որ եթե աշխատեմ ամոքել քահանաների սրտերը և մանավանդ բարեկարգչինը, նոր համախոսական թուղթ ստորագրելու, ինքը կաշխատե կրկին գործը շտկելու։

— Եվ դուք ուրեմն բոլորի սրտերը ամոքել եք, մնացել է տեր Սարգսի՞նը։

— Այո՛, բոլորն էլ համաձայն են իմ պսակի հրամանը ստորագրելու, միայն նրա համաձայնության են սպասում:

Տիրացու Հակոբը ծիծաղից թուլացավ։

— Ինչո՞ւ համար եք ծիծաղում, տիրացու,— զարմացմամբ հարցրեց Պետրոսը։

— Նրա համար, որ դուք այդքան միամիտ եք։

— Բայց ի՞նչ բանի մեջ է իմ միամտությունը։

— Ի՞նչ բանի մեջ և դեռ հարցնում եք… Մարդ աստուծո, Սրբազանը քեզ յուր բերանով ասում է. գնա՛ ամոքիր քահանաների սրտերը և մանավանդ բարեկարգչինը, իսկ դուք խոսքով եք կամենում նրանց սրտերը ամոքելու, չծիծաղե՞մ, հապա ի՞նչ անեմ։

— Ինչո՞վ ուրեմն պիտի ամոքեի։ [ 301 ] — Փողով, հասկանո՞ւմ եք, փողով. քահանաների ինչի՞ն են պետք ձեր խոսքերը։

— Ամոքել, ուրեմն փող տա՞լ կնշանակե։

— Իհարկե, դեռ նո՞ր եք իմանում այդ։

— Խոստովանում եմ․ այդպիսի բացատրություն իմ բառարանում չկա։

— Սրբազանի բառարանումն էլ ձեր հասկացածը չկա։

Պետրոսը մնաց շվարած, տիրացուի բացատրությունները մի նոր և անծանոթ աշխարհ բացին նրա առաջ, որտեղ առաջին անգամ ևս պատահեց յուր աշակերտակից Պահլավունուն․ այդ րոպեին կարծես կրկին անգամ հնչեցին նրա ականջներին երիտասարդ ճառախոսի խոսքերը. — «Մեզ հարկավոր չեն իրավաբաններ, երկրաչափներ, և ճարտարապետներ… Տվեք մեզ քահանաներ, իրենց կոչումը, իրենց պարտքը և իրավունքը ճանաչող քահանաներ». Պետրոսի առաջ կենդանացավ անցյալը, նա հիշեց յուր ուսանողական ճաշը, հիշեց Պահլավունու՝ հայ քահանայի և հոգևորականի մասին խոսած ճառը և խորը հառաչելով հեռացավ խոսակցից։ Նա այժմ չգիտեր, թե ո՞ւր և ո՞ւմ է դիմում․ Հուսո աղբյուրները ցամաքել էին նրա համար…

ԼԴ
ՄԻՄՅԱՆՑ ՉՀԱՍԿԱՑԱՆ

Ինչպես տեսաք, գործերի դրությունը արդեն որոշ կերպարանք էր առել։ Մեր սիրահարների բախտը կաշկանդողը այլևս օրենքի շղթաները չէին, այլ դրամական վարձատրության խնդիրը, որից պինդ բռնել էր բարեկարգիչը օգնական անդամներովը հանդերձ։ Պետրոսը փող չուներ, յուր ինքնասիրությունն էլ թույլ չէր տալիս հորեղբորը դիմելու․ Թեպետ դեռ հարց էր, թե հորեղբայրը կզիջանե՞ր նրան այնպիսի մի մեծ գումար, որպիսին արժանապատիվ հայրերն էին պահանջում։ Հազար ռուբլի՝ սա կատակ չէր. սա մի քանի օրվա ընթացքում ձեռք բերելու գումար չէր։ Եվ մի՞թե հենց գումարի մեծությունը չպիտի ստիպեր Թովմասին եղբորորդու խնդիրը մերժելու։ [ 302 ] Խեղճ երիտասարդը մնացել էր շվարած։

Օրերը հաջորդում էին միմյանց, շաբաթները լրացնում էին ամիսը, և սիրահարների գործը դեռ մազաչափ դեպի լավը չէր առաջանում։ Իրերի այս տարտամ դրությունը խիստ վատ ներգործություն արավ ամբողջ գերդաստանի վերա: Հռիփսիմեն և Եղիսաբեթը միշտ տխուր էին, որդիների դժբախտ դրությունը մի բանով բարվոքել չկարողանալով, նրանք հաճախ լաց էին լինում միմյանցից և որդիներից ծածուկ։ Աստղիկը օր-օրի վերա մաշվում էր, նրա անուշ ժպիտը, որ այնքան քնքուշ գեղեցկություն էր տալիս յուր դեմքին, էլ չէր խաղում նուրբ շրթունքների վերա, նրա մեծ-մեծ և սևորակ աչքերը, որոնցից այնքան կրակ և կենդանություն էին ցոլանում, այժմ գրեթե հանգած՝ հազիվ էին թավալում գունատ կապիճների մեջ։ Պետրոսի ուրախ և զվարթ բնավորությանը հաջորդել էր մի մելամաղձային մտախոհություն, որ մոռացնել էր տվել նրան այն ամենը, ինչ որ մի քանի շաբաթ առաջ յուր և յուր ընտանիքի ուրախությունն ու կյանքն էին կազմում…

Նախկին զրույցները, զվարճաբանությունները և կատակները տեղի էին տվել այժմ լուրջ և տխուր խոսակցության, հառաչանքների և արտասուքի…

Երբ Պետրոսը դուրս էր գնում տանից, Աստղիկը ժամերով փակվում էր յուր սենյակում, կամ առանձնանում էր պարտեզի մի անկյունում և տանջում էր իրեն տխուր մտածմունքներով։ —«Ի՞նչ պիտի լինի մեր վախճանը, ո՞ւր պիտի հանգի այս դժբախտության ճանապարհը, — մտածում էր նա։— Ամբողջ քաղաքը խոսում է ինձ վերա, ամենքը բամբասում են ինձ, ես այլևս ա՛յն պատվավոր վարժուհին չեմ, որին ամենքը գովում ու փառաբանում էին, որի առաջ հարգանքով գլուխ էին խոնարհում, որի հետ ծանոթանալ, նստել, խոսել ամեն մարդ յուր համար ուրախություն էր համարում… Այժմ ես մի անպատիվ աղջիկ եմ. թողված, լքված ամենքից, որովհետև ես համարձակություն եմ ունեցել սիրել մի երիտասարդ, և այդ բավական չէ, ես հանդգնել եմ ընդունել նրան իմ տան մեջ ա՛յն ժամանակ, երբ նրա հարազատ հորեղբայրը արտաքսել էր նրան յուր տնից… [ 303 ] Այո՛, իմ արածները աններելի հանցանքներ են. մի՞թե հասարակությունը կարո՞ղ է քննել մեր սրտի խորքերը, և գիտե՞ արդյոք, թե որպիսի՞ սրբությամբ են ապրում միմյանց հետ այդ դժբախտ սրտերը. իհարկե ոչ. բայց նա դատապարտում է մեզ, այդ նրա անբռնաբարելի իրավունքն է…»։

— Այսպես շարունակել անկարելի է, Պետրե,— ասաց մի օր Աստղիկը երիտասարդին,— երևի աստված մեզ միմյանց համար չէ ստեղծել, որ նա թույլ է տալիս անսիրտ մարդկանց մեր ուրախությունը խանգարելու, մտածենք ուրեմն մի նոր հնար այս տխուր դրությունը բարեփոխելու: Տեսնո՞ւմ ես, մեր պատճառով տանջվում են նաև մեր մայրերը, բայց նրանք այսուհետև գոնե իրավունք ունեին կյանք վայելելու, որովհետև երկար ժամանակ դժբախտ են ապրել.

— Ինչո՞վ կարող ենք այս տխուր դրությունը բարեփոխել, չգիտեմ, մտածելու ընդունակությունս էլ ես կորցրել եմ. խոսիր դու ինքդ, առաջարկիր ի՛նչ կամենում ես, ես դիմադրելու էլ ուժ չունիմ այժմ,— տխրությամբ պատասխանեց Պետրոսը։

— Մենք պետք է հեռանանք միմյանցից. խոհեմությունը այդ է պահանջում…

— Հեռանա՞նք… մե՞նք, միմյանցից… օ՜հ, Աստղիկ, այդ դո՞ւ ես ասում, հեռանալ… մի՞թե այդ բառը կարողանո՞ւմ են քո շրթունքները արտասանել…

— Ուրիշ ի՞նչ ելք է մնում մեզ, Պետրե։ Քանի որ ժողովրդի բարօրության մասին մտածողները, իրենք են նրանց դժբախտացնելու համար ճանապարհ հարթում, ի՞նչ կարող է անել այդ բռնության դեմ մասնավոր անհատը, որի ուժը շատ անգամ յուր գոյությունը պահպանելու համար էլ չէ բավականանում…

— Ի՞նչ գործ ունինք մենք ժողովրդի բախտը կառավարող անձանց հետ. թող մեռյալները իրենց մեռելները թաղեն. ո՞վ կարող է և ո՞վ իրավունք ունի մեզ խանգարելու. ապրենք միասին, ապրենք միմյանց համար…

— Ես քեզ հասկանում եմ, Պետրե, բայց այդ անկարելի է։

— Անկարելի՞. և ինչո՞ւ համար։ [ 304 ] — Ի՞նչ կասե մեզ այն հասարակությունը, որի մեջ պիտի ապրենք մենք։

— Ի՞նչ կարող է ասել, մի՞թե նա իրավունք ունի մեզ դատապարտելու, քանի որ նա ինքն է սնուցանում յուր մեջ այն տարրը, որ այսօր դժբախտացնում է մեզ։

— Ամեն հասարակության մեջ էլ գտնվում են չարասիրտ մարդիկ, որոնք ժողովրդի հավատը ենթարկում են փորձության. բայց դրանց վարմունքով մոլորվել կարող է միայն ամբոխի մարդը, նա՛, որ տգետ է, նա՛, որ ապրում է անասնական բնազդմամբ, բայց ով որ խելք և զարգացում ունի, ով որ հասկանում է, թե ի՜նչ բարձր, ի՜նչ վսեմ ստեղծված է հասարակական բարոյականությունը, ով որ գիտե, թե այդ բարոյականության դեմ գիտակցաբար մեղանչելը ստորագույն վատություն է, նա իրավունք չունի նրա դեմ մեղանչելու։ Մի՞թե դու հանգիստ սրտով կկարողանայի՞ր փայփայել ինձ, եթե ես հասարակական բարոյականության վերա կոխելով ընկնեի քո գիրկը…

— Հասարակությունը, Աստղիկ, նման է մի երեխայի, որ շատ փայփայելուց երես է առնում և յուր խաղալիքները շատ անգամ տան թանկագին գարդերից է ընտրում, ինչ հոգս է նրան մտածել, թե փառավոր բյուրեղյա լամպարը պիտի ծառայե սենյակը լուսավորելու համար. նա ավելի զվարճություն է զգում, երբ գետին խփելով փշրում է նրան, քան երբ նրա զորեղ լույսն է վայելում, որին ինքը ոչինչ գին չէ կարող տալ։ Ուրեմն չպետք է երես տալ այդ հասարակություն կոչված երեխային։ Ես գիտեմ մարդիկ, որոնք և՛ ուսում են առել, և՛ զարգացել են, և՛ կրթված հասարակության մեջ են ապրել, բայց այսօր ավելորդ են համարում հասարակության քմահաճությանը ծառայել, որովհետև իրենք էլ են կամենում ապրել…

— Շատ հարմար անուն տվիր հասարակությանը, Պետրե, ճմշարիտ է, նա նման է մի երեխայի, նրա կազմը շատ անգամ թույլ է և անզարգացած. բայց ի՞նչպես են վարվում դաստիարակները երեխաների հետ։ Մի՞թե նրանք երբևիցե տգեղ օրինակներով մոլորեցնում են նրանը մատաղ սրտերը… Եթե հասարակությունը մի երեխա է, ապա ուրեմն ավելի [ 305 ] զգույշ պետք է վարվել նրա հետ։ Այն մարդիկ, որոնք իրենց զվարճության և զգայական կյանքի համար գիտակցաբար ոտնակոխ են անում հասարակության սրբություններր և անպատկառ վարմունքով ծաղրում են նրա բարոյականությունը. նրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ մարդկային ցեղի մարմնացյալ ապականություններ, որոնց յուր մեջ ապրեցնել չի հոժարիլ ոչ մի պատվասեր հասարակություն։

— Բայց մեզ մոտ այդպիսիները ոչ միայն ապրում են, այլև առաջնորդում են ժողովրդին, ուրեմն չարժե այդքան էլ նշանակություն տալ այս հասարակության կարծիքներին։

— Չէ, Պետրե, հասարակության անտարբերությունը չպետք է խրախուսե մեզ նրա օրենքները անպատվելու։ Երկյուղած մարդու համար սրբության բեկորները պաշտելի են նույնիսկ անարժան վայրերում։ Մենք պետք է հարգենք հասարակական օրենքները ոչ թե նրա համար, որ նրանք հասարակությանն են պատկանում, այլ որովհետև նրանք այդ հասարակությանը բարոյականություն են քարոզում։ Այդ օրենքներին ենք պարտական, որ մարդիկ գազանների հետ չեն ապրում անտառներում… Այդ օրենքներին ենք պարտական, որ ընտանիքի պատիվը զենքերով չենք պաշտպանում…

— Ուրեմն, մենք մեր ձեռքով մեր արևը խավարեցնե՞նք։

— Ավելի լավ է այդպես անել, քան թե հասարակական բարոյականությունը խախտել, ես չեմ կարող ստորացնել ինձ մինչև այն աստիճան, որ փողոցի անցորդներն անգամ իրավունք ունենան ինձ ծաղրելու։

— Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է ապրել, քան թե ծաղրելուց վախենալ։

— Իսկ ես, ընդհակառակը, ավելի լավ եմ համարում մեռնել, քան թե ծաղրելի դառնալ։

— Ա՞յդ է քո համոզմունքը։

— Այո՛, այս է և իմ վերջին վճիռը…

Պետրոսը լռեց և գլուխը կրծքի վերա կախելով ընկավ մտածմունքների մեջ։ Աստղիկը նույնպես հետևեց նրա օրինակին։ Երկար ժամանակ մնացին սիրահարները այդ դրության մեջ։ Վերջապես վերկացավ տեղից Պետրոսը և վճռական ձայնով բացականչեց. [ 306 ] — Չէ, Աստղիկ, այլևս անկարելի է այս կյանքը տանել, ես դրա համար ուժ չունիմ, ես կամենում եմ վերջ տալ նրան. օ՜ն ուրեմն, հեռի՜ ինձանից փոքրոգություն… Սիրել և չժառանգել, այդ ես չեմ կարող. քաջ մարդը մեռնում է, երբ չէ կարողանում հաղթել…

— Այո՛, Պետրե, այո՛, մինչև այսօր մեր սերը մենք անարատ պահեցինք, թող ուրեմն անարատ էլ գերեզման տանենք նրան։ Մի օր ես փոքրոգի էի անվանում նրանց, որոնք ուժ չունենալով կյանքի դառնությունները տանելու, անձնասպանությամբ վերջ են տալիս իրենց կյանքին։ Բայց այժմ հավատում եմ, որ կա՛ն գրություններ, որոնք կերպարանափոխում են ամենազորեղ հոգիների բնավորությունը, որոնք հպարտ Հերակլեսից Լյուդիայի թագուհու համար աղախին են պատրաստում… Չէ, որքան էլ անհաղթելի ուժ ունենա մարդու հոգին, այսուամենայնիվ, քանի որ նա ապրում է մսից և արյունից կազմված մարմնի մեջ, դարձյալ նա կհաղթվի, մանավանդ եթե հասած թշվառության մեծությունը գերակշռում է նրա կարողությանը…

— Ուրեմն վճռված է, Աստղիկ, դու ինձ չես դատապարտիլ, եթե ես մի հուսահատ ձեռնարկության դիմեմ…

— Արա՛ ինչ որ հաճելի է քեզ. ես չեմ կարողանում քո տանջանքը տեսնել։

— Ուրեմն մնաս բարով։

— Բայց դու ո՞ւր ես գնում,— երկյուղով հարցրեց օրիորդը։

— Չգիտեմ, իբրև մարդ ոչնչանալու…

Այս ասելով շտապով դուրս գնաց Պետրոսը սիրուհու սենյակից, առանց ուշք դարձնելու նրա ձայնին, որ կանչում էր յուր ետևից։

ԼԵ

ԱՐԴԵՆ ՈՒՇ ԷՐ

Պետրոսի հանկարծ հեռանալը խելագարացնելու չափ ցնցեց օրիորդին։

— Ո՞ւր գնաց նա, տեր աստված,— շփոթված հարցրեց [ 307 ] նա ինքն իրեն,— ի՞նչ ասաց նա ինձ, ի՞նչ պատասխանեցի նրան, չգիտեմ, չեմ հիշում… նա կարծեմ ասաց, թե ես գնում եմ ինձ ոչնչացնելու…

Այո՛, հիշում եմ, նա ասաց. «Քաջ մարդը մեռնում է, երբ չէ կարողանում հաղթել…»։ Սա մի գեղեցիկ խոսք է, այո՛, շատ գեղեցիկ խոսք… բայց Պետրեն, տեր աստված, նա մեռնի՞, մի՞թե այդ կարելի է… և ես կենդանի ականջներ ունենամ նրա մահը լսելո՞ւ, օ՜հ, ոչ, ոչ, ես նրանից շուտ կմեռնեմ. մեր հոգիները թող պատահեն միմյանց երկնքի ճանապարհի վերա, այնտեղ միասին թող գրկախառնվին նրանք, առանց մարդիկներից քաշվելու, առանց նրանցից վախենալու… և այնպես գրկախառնված թող դիմեն նրանք այն աստուծո մոտ, որ սերը ստեղծեց, սերը քարոզեց, սիրո համար մեռավ… Բայց ի՞նչ եմ խոսում ես, մի՞թե ես խելագարված եմ…— կարծես զգալով յուր անբնական այլայլությունը, ինքն իրենից սարսափեց նա։ Հետո նա այլայլված դուրս փախավ յուր սենյակից. դահլիճի մեջ ոչ ոք չկար. դիմեց մոր սենյակը, այնտեղ էլ դատարկ էր… «Այս ի՞նչ է, բոլորն էլ ինձ միայնակ են թողել. բայց ո՞ւր են նրանք…»։

Այդ րոպեին մի ոտնաձայն լսվեցավ պատշգամբի վերա. օրիորդը շտապով դուրս գնաց։

— Օ՛հ, Ղազար, այս դո՞ւն ես. ի՞նչ ես բերել ինձ,— հարցրեց նա եկվորին, որ դպրանոցի սպասավորն էր։

— Մի ծրար ունիմ ձեզ հանձնելու, օրիորդ,— պատասխանեց ծառան, և թևի տակ բռնած տետրակի միջից հանելով ծրարը հանձնեց օրիորդին։

— Այս ումնի՞ց է, հոդաբարձությունի՞ց:

— Այո՛, օրիորդ, բարեհաճեցեք ստացումը ստորագրել։

Աստղիկը ներս տարավ տետրակը, ծրարի ստացումը ստորագրեց և տետրակը սպասավորին հանձնելով, կրկին վերադարձավ յուր սենյակը։ Այս անգամ նա մի փոքր սթափվել էր։ «Արձակուրդների ժամանակը լրացավ, հոգաբարձուները երևի մեր պարտավորությունն են հիշեցնում մեզ».— մտածեց օրիորդը և ծրարը բացավ։ Բայց մի քանի, տող կարդաց թե չէ, գույնը նետեց, ծնկները դոդացին և նա թուլացած ընկավ աթոռի վերա։ [ 308 ] Հոգաբարձությունը գրում էր օրիորդին հետևյալը.

«Ազնիվ օրիորդ.

Ձեր արժանիքը մենք միշտ գնահատել ենք և երբեք էլ չենք կարող ուրանալ այդ, որովհետև մեր դպրոցի համար դուք շատ եք աշխատել և անձնվիրությամբ էլ ծառայել եք նրան։ Դուք արժանի եք ամեն հարգանքի։ Բայց ձեզ հայտնի հանգամանքի պատճառով քաղաքում շատ են խոսում ձեր մասին։ Մենք, իհարկե, ոչ մի զրպարտության հավատալու տրամադիր չենք, բայց ստիպված ենք դպրոցի օգտի համար խնդրել ձեզ, որ բարեհաճեք ներկայացնել ձեր հրաժարականը, ըստ որում ծնողներից շատերը որոշել են իրենց աղջկերանց դպրոց չուղարկել, եթե դուք այստեղ պաշտոն կունենաք։ Հույս ունինք մեր խնդիրը ձեզ չի վշտացնիլ, որովհետև մենք ակամա ենք առաջարկում նրան»։

Մի քանի րոպե գրեթե անզգայացած դրության մեջ մնալով՝ օրիորդը կրկին ձեռքն առավ հոգաբարձության գրությունը և սկսեց մտադրությամբ կարդալ նրան։ Երբ ընթերցումը ավարտեց, նա վեր կացավ աթոռից, դեն ձգեց գրությունը և վճռական ձայնով բացականչեց.

— «Ժամանակը հասավ, էլ ավելորդ է ապրել. սա է վերջին հարվածը, որ հասցնում է ինձ անիրավ ճակատագիրը. ես չեմ կարող նրա դեմ կռվել, ես մի թույլ, անօգնական կին եմ. իմ դժբախտ մահը թող բողոքե այսուհետև անարդար բռնության դեմ…

Եվ նա շտապով դիմեց դեպի մոր պահարանը. բացավ նրան և ուշադրությամբ սկսավ քրքրել մի փոքրիկ գզրոց։ Երկար պտրտելուց ետ վերջապես նա հանեց այնտեղից մի փոքրիկ փաթեթ և մի առանձին ուրախությամբ սեղմելով նրան յուր ձեռքի մեջ, դիմեց դեպի յուր առանձնարանը։

Բայց ո՞ւր գնաց Պետրոսը։

Աստղիկի հուսահատ դրությունը վերջապես ճնշեց նրա համառությունը. նա որոշեց դիմել յուր հորեղբորը և օգնություն խնդրել նրանից։

Թովմասը դահլիճի մեջ միայնակ անցուդարձ էր անում, երբ ներս մտավ Պետրոսը։ [ 309 ] Երիտասարդի երևալը մի հանկարծական ուրախություն պատճառեց հորեղբորը։

— Պետրե, սիրելի որդի, վերջապես դու հիշեցիր ինձ,— բացականչելով Թովմասը դիմեց դեպի եղբորորդին և ջերմությամբ գրկեց նրան։

Պետրոսը զբացվեցավ հորեղբոր սրտագին ընդունելությամբ և սիրով համբուրվեցավ նրա հետ։

— Ի՞նչպես պատահեց այս, Պետրե, որ դու հիշեցիր քո հորեղբորր,— հարցրեց Թովմասը եղբորորդուն, նստեցնելով նրան յուր կողքին։

— Կարիքը ստիպեց ինձ ձեզ դիմելու,— անկեղծությամբ պատասխանեց Պետրոսը

— Իմ բոլոր կարողությունը քոնն է, որդի, քանի որ դու եկել ես ինձ մոտ, ես էլ ոչինչ ցավ չունիմ ասա ինձ, ինչո՞վ կարող եմ ես օգնել քեզ։

Պետրոսը պատմեց հորեղբորը յուր երկրորդ դժբախտության մանրամասն պատմությունը, սկսած այն օրից, որ նա թողեց հորեղբոր տունը մինչև այն րոպեն, որ նա կրկին ներս մտավ այդ տան դռնով։

— Պետրե, Պետրե, դու այդպիսի ցավ ես ունեցել և հորեղբորդ չե՞ս հայտնել զգացված բացականչեց Թովմասը.— միթե ես այնքան անգո՞ւթ կլինեի, որ մերժեի քեզ այդ չնչին գումարը. հապա ո՞ւմ համար եմ ես պահում իմ հարստությունը։

— Ների՛ր, հորեղբայր. այժմ էլ իմ նեղ դրությունն է ստիպել ինձ, որ մի անգամ քո հրամանով այս տանից արտաքսվելուց ետ ես դարձյալ դիմել եմ ձեզ…

— Իրավունք ունիս, որդի, իրավունք ունիս, ես մի անիծված մարդ եմ, բայց և այնպես դու պիտի ներես քո հորեղբորը. նրա սիրտը այնքան էլ անողորմ չէ, որքան երևում է… բայց ինչ որ է, դու շտապիր այսօր ևեթ քո պսակի հրամանագիրը առնելու. ես խղճում եմ այն օրիորդին. նա պատվական աղջիկ է.- Այս ասելով նա բռնեց Պետրոսի ձեռքից, տարավ նրան յուր առանձնարանը, և բանալով մեծ, երկաթյա պահարանը, հանեց նրա միջից տասը հատ նոր հարյուրանոցներ և տալով Պետրոսին ասաց. [ 310 ] — Վճարիր, ում որ հարկավոր է։ Գործդ վերջացնելուց ետ վերադարձիր այստեղ Հոիփսիմեի հետ։ Վաղվանից ես հարկավոր պատրաստությունը կտեսնեմ, և իմ ու քո անվան վայել հարսանիք կանեմ ձեզ համար։

Պետրոսը ջերմաջերմ համբուրեց հորեղբոր ձեռքը և բյուր շնորհակալություններ անելով, հազար ռուբլու հետ միասին դուրս թռավ փողոց։

Նա գտավ բարեկարգչին հոգևոր ատյանում, կանչեց նրան մի ծածուկ անկյուն և հանձնելով նրան տասը հարյուրանոցները, ասաց նրան։

— «Ես սպասում եմ այստեղ. միչև մի ժամը պատրաստիր պսակի հրամանագիրը և հանձնիր ինձ»։

— «Մինչև կես ժամը պատրաստ կլինի»,— ասաց նա խորհրդավոր ձայնով և ներս մտավ ատյանը։

Հազիվ Պետրոսը մի քանի անց ու դարձ էր արել առաջնորդարանի պարտիզում, և մի քանի ծրագիրներ կազմել յուր հարսանիքի համար, և ահա բարեկարգիչը մոտեցավ նրան, հանձնեց երիտասարդին պսակի հրամանագիրը և սեղմելով նրա ձեռքը, շնորհավորեց նրա բախտավորությունը։

— «Վերջապես…»— բացականչեց երիտասարդը և հրամանագիրը մի անգամ կարդալուց ետ դրավ ծոցի մեջ և շտապ-շտապ քայլերով դիմեց Աստղիկի մոտ։

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա սարսափն ու հուսահատությունը, երբ նա յուր սիրուհուն գտավ մահճի մեջ պառկած նրան շրջապատել էին դժբախտ մայրերն ու դրացուհիները հրավիրված բժիշկը հուսահատ կանգնած էր մի անկյունում գեղեցիկ Աստղիկը մահվան տագնապի մեջ էր…

— Աստղիկ, այդ ի՞նչ արի՛ր դու. ես մեր պսակի հրամանագիրն եմ բերել, իսկ դու…

— Պսակի… հրամանագի՞րը… արդեն ուշ է… Պետրե, շատ ուշ է…— մահվան ժպիտով շշնջաց օրիորդը և գլուխը կքեց…

Թշվառ աղջիկը թունավորել էր իրեն մկնդեղով. երկու ժամից ետ նա հոգին ավանդեց…

  1. Մարդը մտադրվում է, աստված տնօրինում: (Ծանոթ. խմբ.)